ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2017 թվականի մայիսի 10-ին,
քննարկելով Եսայի Պողոսի Չախչախյանի ներկայացուցիչ Արամ Հովսեփյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.12.2016 թվականի որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Եսայի Պողոսի Չախչախյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Եսայի Հրանտի Չախչախյանի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին։
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Մկրտչյան) 22.07.2016 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Մ. Հարթենյան) 09.09.2016 թվականի որոշմամբ Եսայի Պողոսի Չախչախյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 22.07.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 17.10.2016 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.12.2016 թվականի որոշմամբ Եսայի Պողոսի Չախչախյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.10.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Եսայի Պողոսի Չախչախյանի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Եսայի Հրանտի Չախչախյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը և Դատարանի 17.10.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնելով օրինական ուժի մեջ, հաշվի չի առել, որ տվյալ դեպքում առկա չեն նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, քանի որ նախորդ բոլոր դատական ակտերով քննվել են հողամասի՝ հավասար մասերի բաժանման պահանջներ, և եթե թիվ ԵՄԴ/0934/02/11 և թիվ ԵՄԴ/0697/02/12 քաղաքացիական գործերով կողմերը և հայցի առարկան նույնն են եղել, ապա սույն գործով հայցի առարկան և հիմքը տարբեր են:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 01.12.2016 թվականի որոշումը և վերացնել Դատարանի 17.10.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին մասին» որոշումը»:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, քանի որ ակնհայտ է, որ սույն գործի փաստերի համաձայն` բողոքաբերի կողմից վկայակոչված հայցի հիմքի տարբերությունն ընդամենը մի բառախաղի մեջ է: Եթե նախկին հայցադիմումներում հայցվորը հայցապահանջը հիմնավորող պատճառաբանությունների մեջ նշում էր, որ իբր իր հողամասը հավասար չի բաժանվել և <<խախտվել է իր սեփականության իրավունքը>>, ապա սույն գործով ներկայացված հայցադիմումում հայցապահանջի մեջ պարզապես ավելացրել է <<սեփականության իրավունքի խախտումը վերացնելու>> բառակապակցությունը, որպիսի պայմաններում հայցվորի սուբյեկտիվ պատճառաբանությունն այն մասին, որ իր կողմից ներկայացված հայցի հիմքն այլ է, մտացածին է և հիմնազուրկ: Վերոգրյալի հիման վրա հարկ է նշել, որ թիվ ԵՄԴ/0934/02/11 և թիվ ԵՄԴ/0697/02/12 քաղաքացիական գործերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն արգելք են հանդիսանում սույն քաղաքացիական գործի հարուցման համար և հիմք են հայցադիմումի ընդունումը մերժելու համար:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մաuին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճիռ։
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով հայցի տարրերին` հայցի առարկային և հիմքին, արձանագրել է, որ հայցի տարրերը նրա բաղկացուցիչ մասերն են, որոնք որոշում են նրա բովանդակությունը, նրա իրավական բնույթը և հնարավորություն են տալիս անհատականացնել հայցը, այն տարբերել նույնական հայցերից, հետևաբար և լուծել նույն կողմերի միջև, նույն տարրերով հարուցվող հայցերը կրկին անգամ վարույթ չընդունելու հարցը (տե՛ս, Անիկ Մնացականյանն ընդդեմ Ռուբիկ Ասատրյանի թիվ ԵԷԴ/0466/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.10.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը, գտել է, որ նույն առարկայի մասին օրենսդրական եզրույթը վերաբերում է հայցի առարկային, իսկ հայցի առարկան հայցվորի պահանջն է` ուղղված պատասխանողին կամ պատասխանողներին (տե՛ս, Լարիսա Բաբասյանն ընդդեմ Ալբերտ Հունանյանի թիվ ԵԷԴ/1373/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.05.2011 թվականի որոշումը):
Նախկինում կայացված որոշումներում անդրադարձ կատարելով «հայցի հիմք» օրենսդրական եզրույթին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն անմիջականորեն չի սահմանում հայցի փաստական և իրավական հիմքերի տարբերակիչ հատկանիշները, այնուամենայնիվ, այն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի այլ նորմերից:
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը:
Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: Միաժամանակ հայցի փաստական հիմքը վերջնականորեն որոշում է դատարանը` հիմնվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի վրա:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերի համակցությունն է, որ կարգավորում է վիճելի իրավահարաբերությունը: Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ, հայցվորը, բացի փաստական հանգամանքներից, կարող է հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց հիման վրա կողմերի միջև ծագել են համապատասխան իրավահարաբերություններ, և որը վերջինիս հիմք է տալիս առկա փաստական հանգամանքների հետ միասին ներկայացնել համապատասխան պահանջ (տե՛ս, Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ Եսայի Պողոսի Չախչախյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Եսայի Հրանտի Չախչախյանի՝ պահանջելով պարտավորեցնել պատասխանողին վերացնել սեփականության իրավունքի խախտումը՝ քանդել տան մուտքի կիսակառույց բաժանարար պատը և այն կառուցել հողամասերը հավասար բաժանող գծի վրա՝ համաձայն փորձագիտական եզրակացության (հատոր 1-ին, գ.թ. 17):
Դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Եսայի Պողոսի Չախչախյանի և Եսայի Հրանտի Չախչախյանի միջև նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա են թիվ ԵՄԴ/1055/02/08, թիվ ԵՄԴ/0934/02/11 և թիվ ԵՄԴ/0697/02/12 քաղաքացիական գործերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը (հատոր 1-ին, գ.թ. 102-109):
Վերաքննիչ դատարանը, Դատարանի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումն օրինական ուժի մեջ թողնելով, պատճառաբանել է, որ ինչպես թիվ ԵՄԴ/1055/02/08, թիվ ԵՄԴ/0934/02/11 և թիվ ԵՄԴ/0697/02/12 քաղաքացիական գործերով, այնպես էլ սույն քաղաքացիական գործով կողմերն են Եսայի Հրանտի Չախչախյանն ու Եսայի Պողոսի Չախչախյանը: Թիվ ԵՄԴ/0934/02/11, թիվ ԵՄԴ/0697/02/12 քաղաքացիական գործերով և սույն քաղաքացիական գործով հայցերի առարկան նույնն է, այն է՝ բաժնային սեփականություն հանդիսացող գույքը հավասար բաժիններով բաժանելուն պարտավորեցնելու պահանջը: Անդրադառնալով հայցերի հիմքերին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «թիվ ԵՄԴ/0934/02/11, թիվ ԵՄԴ/0697/02/12 քաղաքացիական գործերով և սույն քաղաքացիական գործով որպես հայցի փաստական հիմք նշվել է նույն՝ ընդհանուր հողամասը կամայական, անհավասար բաժանված լինելու հանգամանքը, իսկ սույն գործով միայն փոխվել է այդ փաստական հիմքը հիմնավորող ապացույցը՝ «Էքսպերտ լաբորատորիա» ՍՊԸ-ի 2014 թվականի թիվ 131215 եզրակացությունը՝ կատարված թիվ ԵՄԴ/0697/02/12 քաղաքացիական գործի շրջանակներում», և գտել է, որ տվյալ դեպքում առկա են նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որպիսի պայմաններում հայցադիմումի ընդունումը մերժելու մասին Դատարանի կողմից որոշում կայացնելն իրավաչափ է (հատոր 2-րդ, գ.թ. 90-104):
Սույն գործով հայցի առարկան սեփականության իրավունքի խախտման վերացման պահանջն է, մասնավորապես, տան մուտքի կիսակառույց բաժանարար պատը քանդելու և այն հողամասերը հավասար բաժանող գծի վրա կառուցելու պահանջը:
Ըստ հայցի Եսայի Հրանտի Չախչախյանի ընդդեմ Եսայի Պողոսի Չախչախյանի՝ ժառանգական գույքից բաժնեմասը (հողամասը) փաստացի առանձնացնելու պահանջի մասին թիվ ԵՄԴ/1055/02/08 քաղաքացիական գործով Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը 20.02.2009 թվականի վճռով հաստատել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որի համաձայն՝ կողմերի կողմից համատեղ օգտագործվող հողամասը պետք է բաժանվի հավասար բաժիններով, որից 1/2 բաժինը պետք է առանձնացվի պատ շարելու միջոցով, որպիսի աշխատանքները պետք է կատարի Եսայի Հրանտի Չախչախյանը, իսկ Եսայի Պողսի Չախչախյանը պետք է իր տան մուտքը ձևափոխի և այն բացի իրեն պատկանող հողամասից: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 23.03.2009 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 72-74): Հետևաբար նշված գործով հայցի առարկան եղել է հողամասերը փաստացի առանձնացնելու պահանջը, որի կապակցությամբ կողմերը կնքել են հաշտության համաձայնություն:
Ըստ հայցի Եսայի Պողոսի Չախչախյանի ընդդեմ Եսայի Հրանտի Չախչախյանի՝ բաժնային սեփականություն հանդիսացող գույքից 1/2 բաժնեմասն առանձնացնելու, ապօրինի հիմքով բացված պատուհանները փակելու պահանջի մասին թիվ ԵՄԴ/0934/02/11 քաղաքացիական գործով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 23.12.2011 թվականի վճռով Եսայի Պողոսի Չախչախյանի հայցը մերժել է (հատոր 1-ին, գ.թ. 78-81): Այսինքն՝ նշված գործով հայցի առարկան է եղել բաժնեմասն առանձնացնելու և պատուհանները փակելու պահանջը:
Ըստ հայցի Եսայի Պողոսի Չախչախյանի ընդդեմ Եսայի Հրանտի Չախչախյանի՝ կողմերի միջև կնքված և Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 20.02.2009 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ որոշված ձևով Երևանի Պ. Տիչինայի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 18 հասցեում գտնվող հողամասը հավասար բաժիններով բաժանելը պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին թիվ ԵՄԴ/0697/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 24.02.2016 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կարճել է՝ նկատի ունենալով կողմերի միջև թիվ ԵՄԴ/1055/02/08 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը (հատոր 1-ին, գ.թ. 67-71):
Այսինքն` թեև ըստ թիվ ԵՄԴ/1055/02/08, թիվ ԵՄԴ/0934/02/11 և թիվ ԵՄԴ/0697/02/12 քաղաքացիական գործերով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի՝ վեճերը եղել են նույն անձանց` Եսայի Պողոսի Չախչախյանի և Եսայի Հրանտի Չախչախյանի միջև, այնուամենայնիվ վերը նշված քաղաքացիական գործերի և սույն քաղաքացիական գործով հայցի առարկան և հայցի հիմքը նույնական չեն, քանի որ նշված գործերը վերաբերել են համապատասխանաբար ժառանգական գույքից բաժնեմասը (հողամասը) փաստացի առանձնացնելուն, բաժնային սեփականություն հանդիսացող գույքից 1/2 բաժնեմասն առանձնացնելուն և ապօրինի հիմքով բացված պատուհանները փակելուն, կողմերի միջև կնքված և Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 20.02.2009 թվականին կայացված և 23.03.2009 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ որոշված ձևով Երևանի Պ. Տիչինայի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 18 հասցեում գտնվող հողամասը հավասար բաժիններով բաժանելուն Եսայի Հրանտի Չախչախյանին պարտավորեցնելուն: Սույն գործով ներկայացված հայցադիմումից հետևում է, որ հայցի առարկան է Եսայի Պողոսի Չախչախյանի սեփականության իրավունքի խախտման վերացման՝ տան մուտքի կիսակառույց բաժանարար պատը քանդելու վերաբերյալ պահանջը, որն առնչվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵՄԴ/1055/02/08 քաղաքացիական գործով 20.02.2009 թվականին կայացված և 23.03.2009 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությամբ վիճելի հողամասի` պատի միջոցով հավասար բաժինների բաժանված չլինելուն: Այլ կերպ ասած` սույն գործով ըստ հայցվորի փաստարկների՝ պատասխանողի կողմից կառուցված պատը ենթադրաբար խախտում է կողմերի միջև կնքված և Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ իր կողմից ակնկալվող իրավունքները:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Եսայի Պողոսի Չախչախյանը, Եսայի Հրանտի Չախչախյանի դեմ սեփականության իրավունքի խախտման վերացման պահանջ ներկայացնելով, հստակ մատնանշել է, թե ինչի կապակցությամբ, ինչ հիմքերով է դիմում դատարան և ինչ է ակնկալում պատասխանողից` միաժամանակ ներկայացված պահանջով մատնանշելով այն խախտումները, որոնք առկա են պատասխանողի գործողությունների հետևանքով, և որոնք չեն նույնանում նախկինում քննված գործերով առկա հանգամանքների հետ:
Ինչ վերաբերում է թիվ ԵՄԴ/1055/02/08 քաղաքացիական գործի շրջանակներում կողմերի միջև կնքված և Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությանը, ապա հարկ է նշել, որ նշված գործով Եսայի Հրանտի Չախչախյանը Եսայի Պողոսի Չախչախյանին ներկայացրել է ժառանգական գույքից բաժնեմասը (հողամասը) փաստացի առանձնացնելու պահանջ, և կողմերը, արտահայտելով իրենց կամքը, կնքել են հաշտության համաձայնություն ժառանգական զանգվածի մասին: Ուստի ժառանգական զանգվածի մասին կողմերի կնքած և Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի վճռով հաստատված հաշտության համաձայնությունը չէր կարող խոչընդոտ հանդիսանալ կողմերի համար այլ հիմքերով վեճ հարուցելուն:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացրած հայցի և ստորադաս դատարանների կողմից մատնանշված գործերով հայցերի առարկան ու հիմքը տարբեր են, այսինքն` տվյալ դեպքում բացակայում է նույն անձանց միջև, նույն առարկայի մաuին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքը։
Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի 17.10.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին մասին» որոշումը, թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում, որը հիմք է հանդիսանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.12.2016 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 17.10.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ռ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան | ||
Ն. Տավարացյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|