Գլխավոր տեղեկություն
Համար
N 430-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.04.2019-25.07.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.04.23/33(1391).1 Հոդ.582.8
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2018 թվականի N 430-Ն

 

ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԵՎ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած քաղաքացիներին նպատակային ուսումնառության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորող քաղաքացիներին նպատակային ուսումնառության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝

1) մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ գնահատման և թեստավորման կենտրոն) հետ համատեղ մշակել ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու դիմում ներկայացրած քաղաքացիների ընտրության թեստերը՝ դրանց նմուշները հրապարակելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով.

2) մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը ապահովել տվյալ ուսումնական տարվա շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար անհրաժեշտ՝ ըստ զինվորական մասնագիտացումների կրտսեր սպայական կազմի պաշտոնների համալրման նպատակով պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելության տեղերի թվի ներկայացնելը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, ինչպես նաև դրա հրապարակումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝

1) ապահովել յուրաքանչյուր ուսումնական տարվա շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված ընդունելության տեղերի ներառումը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելության տեղերի ընդհանուր թվում.

2) մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ը կամ դեկտեմբերի 15-ը ապահովել Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորող այն քաղաքացիների անվանացուցակի ներկայացնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, ովքեր 18 տարին լրանալու օրվա դրությամբ չեն ավարտել հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով ուսումնառությունը և հայտարարված համապատասխան զորակոչի շրջանակներում ենթակա են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 16

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 430-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿԱՄ ԴԻՊԼՈՄԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԿԱՄ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՎԱՅՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԵՎ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն պայմաններով կարգավորում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող (կամ դիմորդ հանդիսացող) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու, ինչպես նաև տրված տարկետումը դադարելու հետ կապված հարաբերությունները:

2. Օրենքով սահմանված կարգով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացին (այսուհետ՝ քաղաքացի) ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունենալու դեպքում կարող է զորակոչի նախապատրաստական փուլի ժամանակ, սակայն ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը (իսկ 2018 թվականի համար` նաև մինչև նոյեմբերի 15-ը) դիմում (ձև N 1) ներկայացնել իր զինվորական հաշվառման վայրի տարածքային զինվորական կոմիսարիատ: Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու անձը և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորելու (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսանալու) հանգամանքը հաստատող փաստաթղթերի պատճենները, գնահատման և թեստավորման կենտրոնի համապատասխան հաշվի համարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագիրը: Ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը սահմանված կարգով հաշվառվում են տարածքային զինվորական կոմիսարիատում և դրա վերաբերյալ քաղաքացուն տրվում է ստացական: Սույն կետում նախատեսված ժամկետից հետո ներկայացված դիմումները ենթակա չեն ընթացքավորման և մերժվում են՝ մերժման գրությունում նշելով մերժման հիմքը: Դիմում ներկայացրած քաղաքացիների առողջական վիճակի փորձաքննությունն իրականացվում է ռազմաուսումնական հաստատությունների դիմորդների համար սահմանած կարգով: Առողջական վիճակի պատճառով ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու համար ոչ պիտանի ճանաչվելու, ինչպես նաև ուսումնառությունը 26 տարին լրանալուց հետո ավարտելու դեպքերում քաղաքացու դիմումը տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից մերժվում է՝ նշելով մերժման հիմքը:

(2-րդ կետը լրաց. 08.11.18 N 1264-Ն)

3. Ներկայացված դիմումների հիման վրա և քաղաքացիների առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից կազմվում է հաշվառված անձանց անվանացուցակ (ձև N 2), որը ոչ ուշ, քան տվյալ տարվա հունիսի 10-ը (իսկ 2018 թվականի համար` նաև մինչև նոյեմբերի 25-ը) ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանում: Անվանացուցակի հետ ներկայացվում են նաև քաղաքացու դիմումն ու կից փաստաթղթերը:

(3-րդ կետը լրաց. 08.11.18 N 1264-Ն)

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանումը տարածքային զինվորական կոմիսարիատներից ստացված անվանացուցակների հիման վրա կազմում է դիմում ներկայացրած քաղաքացիների ամփոփ անվանացուցակները և մինչև տվյալ տարվա հունիսի 15-ը (իսկ 2018 թվականի համար` նաև մինչև նոյեմբերի 30-ը) ներկայացնում է գնահատման և թեստավորման կենտրոն՝ դիմում ներկայացրած քաղաքացիների ընտրության թեստավորումն իրականացնելու համար:

(4-րդ կետը լրաց. 08.11.18 N 1264-Ն)

5. Յուրաքանչյուր ուսումնական տարվա շրջանակներում գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից թեստավորումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված՝ ըստ զինվորական մասնագիտացումների կրտսեր սպայական կազմի պաշտոնների համալրման համար անհրաժեշտ ընդունելության տեղերի թվի շրջանակներում: Թեստավորումն անցկացվում է հետևյալ զինվորական մասնագիտական պատրաստություն անցնելու հիմքով՝

1) դասակի հրամանատարների պաշտոնների համալրման պատրաստություն՝ ուսումնառության ավարտից և պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո 3 տարի ժամկետով կրտսեր սպայական կազմի պայմանագրային ծառայություն անցնելու համար.

2) բժշկական մասնագիտացում պահանջող պաշտոնների համալրման պատրաստություն՝ ուսումնառության ավարտից և պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո 1 տարի ժամկետով կլինիկական ռեզիդենտուրայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով ուսումնառություն և հետուսումնական 4 տարի ժամկետով կրտսեր սպայական կազմի պայմանագրային ծառայություն անցնելու համար:

(5-րդ կետը փոփ. 08.11.18 N 1264-Ն)

6. Թեստավորումն անցկացվում է թեստային առաջադրանքների կատարման ձևով՝ սույն պայմանների 5-րդ կետի 1-ին ենթակետի շրջանակներում՝ ընդհանուր զարգացվածության աստիճանը, իսկ 2-րդ ենթակետի շրջանակներում՝ մասնագիտական առարկայական (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) գիտելիքները որոշող՝ յուրաքանչյուրն 80 առաջադրանքից բաղկացած համակցված թեստերի լրացման միջոցով: Թեստավորումն անցկացվում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի կողմից սահմանված օրերին և թեստավորման կենտրոններում: Թեստավորման անցկացման շրջանակներում՝

1) գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով նշանակվում են թեստավորման կենտրոնի ղեկավար և գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ: Թեստավորման կենտրոնի քննասենյակներում թեստավորումն անցկացնելիս կարող են ներկա լինել միայն թեստավորման կենտրոնի ղեկավարը և գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչները.

2) թեստավորման անցկացման ընթացքում քաղաքացիներին արգելվում է այլ քաղաքացիների հետ խոսելը, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխելը, թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, արտագրելը, բջջային հեռախոսներ կամ այլ կապի միջոցներ քննասենյակ բերելը.

3) թեստավորման անցկացման ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող թեստերն ու պատասխանների ձևաթղթերը փոխարինվում են նորերով՝ արձանագրելով այդ փաստը: Թերություններ ունեցող պատասխանների ձևաթղթերի և թեստերի վրա գրվում է «Խոտանված է».

4) քննասենյակում թեստի բովանդակության վերաբերյալ քաղաքացիների հարցերը չեն քննարկվում.

5) գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչն իրավունք ունի թեստավորման ընթացքում մեկ անգամ նախազգուշացնելու քաղաքացուն, արձանագրելու նախազգուշացումը, կրկնվելու դեպքում՝ հեռացնելու թեստավորումից, եթե նա առանց թույլտվության թեստավորման ընթացքում դուրս է եկել քննասենյակից, խոսել է այլ քաղաքացիների հետ, փոխել է տեղը: Եթե թեստավորման ընթացքում քաղաքացին արտագրել է կամ նրա մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս կամ այլ կապի միջոց, ապա նա հեռացվում է: Հեռացվող քաղաքացուց վերցվում է թեստը, պատասխանների ձևաթղթի վրա գրվում է «Հեռացված է թեստավորումից», տվյալ խմբի և քննասենյակի արձանագրությունների մեջ գրանցվում է այդ փաստը, հեռացվողի անունը, ազգանունը, հեռացման պատճառը.

6) թեստավորման տևողությունը 150 րոպե է: Թեստավորման ավարտից 20 րոպե առաջ քննասենյակի գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը քաղաքացիների ուշադրությունն է հրավիրում ժամանակի վրա և հիշեցնում առաջադրանքների պատասխանները թեստերից պատասխանների ձևաթղթերում անցկացնելու մասին.

7) թեստավորումն ավարտած քաղաքացու ձևաթուղթը գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը պատճենահանում է, այնուհետև քաղաքացին թեստը և ձևաթուղթը գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչին է հանձնում` ստորագրելով քաղաքացիների ցուցակի համապատասխան սյունակում: Քաղաքացին ձևաթղթի պատճենահանված օրինակը պահում է իր մոտ.

8) թեստը չի ստուգվում և չի գնահատվում, ստուգվում և գնահատվում է միայն ձևաթուղթը՝ էլեկտրոնային եղանակով՝ 20-միավորանոց համակարգով և հարյուրերորդական մասի պահպանմամբ.

9) թեստավորման ձևաթղթերի ստուգումը, արդյունքների բողոքարկման քննարկումը և հրապարակումն իրականացնում է գնահատման և թեստավորման կենտրոնը.

10) թեստավորման արդյունքները հրապարակվում են թեստավորումից հետո երրորդ օրը.

11) թեստավորման արդյունքի հետ անհամաձայնության դեպքում քաղաքացին արդյունքների հրապարակման հաջորդ օրը ժամը 9:00-18:00 կարող է բողոքարկել այն թեստավորման կենտրոնում, որտեղ կազմակերպվել է թեստավորումը.

12) թեստավորման արդյունքների բողոքարկման համար գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով ստեղծվում է բողոքարկման հանձնաժողով, որը քվեարկությամբ որոշում է կայացնում թեստավորման արդյունքի բարձրացման կամ իջեցման կամ նույնը թողնելու մասին:

7. Թեստավորման արդյունքներով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված անհրաժեշտ տեղերի թվի շրջանակներում թեստավորումից՝ առավելագույն միավորից նվազման կարգով մինչև անհրաժեշտ թիվը լրանալը, համապատասխան միավորներ հավաքած քաղաքացիները համարվում են հաղթող ճանաչված: Ընդ որում, անկախ թեստավորման արդյունքներից, բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ չսովորող (չընդունված) քաղաքացիները չեն կարող համարվել հաղթող ճանաչված: Թեստավորման արդյունքներով գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից կազմվում են թեստավորմանը մասնակցած և հաղթող ճանաչված ու հաղթող չճանաչված քաղաքացիների, ինչպես նաև թեստավորմանը չմասնակցած քաղաքացիների անվանացուցակներ, որոնք մինչև տվյալ տարվա հուլիսի 15-ը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Թեստավորման արդյունքներով հաղթող չճանաչված և (կամ) թեստավորմանը չմասնակցած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից ուղարկվում է համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ՝ այդ քաղաքացիների զորակոչն օրենքով սահմանված կարգով իրականացնելու համար:

8. Թեստավորման արդյունքներով հաղթող ճանաչված քաղաքացու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև կնքվում է ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր (ձև N 3): Եթե սույն պայմանների 5-րդ կետում նշված համապատասխան պատրաստության շրջանակներում իրականացված թեստավորման արդյունքներով առավելագույն միավորից նվազման կարգով վերջին տեղի համար առկա են հաղթող ճանաչված (հավասար միավորներ հավաքած) մեկից ավելի քաղաքացիներ, ապա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից իրականացվում է նշված քաղաքացիների վիճակահանություն, որի արդյունքներով պայմանագիր չկնքվող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից ուղարկվում է համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ՝ այդ քաղաքացու (քաղաքացիների) զորակոչն օրենքով սահմանված կարգով իրականացնելու համար:

9. Պայմանագիր կնքած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից ուղարկվում է համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ՝ քաղաքացիների տարկետումն օրենքով սահմանված կարգով ձևակերպելու համար: Պայմանագիր կնքած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացվում է նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում այդ քաղաքացիների մասով պետական պատվեր տեղադրելու համար: Պայմանագիր կնքած քաղաքացիների ուսումնառությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվում է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, բարձրագույն ուսումնական հաստատության կողմից համապատասխան մասնագիտության համար սահմանված տարեկան վարձի չափով, սակայն ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 163-Ն որոշմամբ սահմանված՝ ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների ուսման վարձի առավելագույն չափը: Սույն կետի համաձայն ստացված տեղեկատվության հիման վրա համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության և քաղաքացու միջև օրենքով սահմանված կարգով կնքվող ուսումնառության պայմանագրում պարտադիր նշվում է քաղաքացու ուսումնառությունը սույն կարգի և պայմանների համաձայն իրականացվելու վերաբերյալ՝ ներառյալ սույն պայմանների 13-րդ կետում նախատեսված դրույթները: Եթե մինչև սույն կետի համաձայն ստացված տեղեկատվությունը համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության և քաղաքացու միջև արդեն իսկ կնքված է ուսումնառության պայմանագիր, ապա պայմանագրում կատարվում են սույն կետում նշված փոփոխությունները և լրացումները:

(9-րդ կետը խմբ. 08.11.18 N 1264-Ն, 11.04.19 N 408-Ն)

10. Տարածքային զինվորական կոմիսարիատները պայմանագիր կնքած քաղաքացիների տարկետումը ձևակերպում են օրենքով սահմանված կարգով՝ համապատասխան ուսումնական հաստատության կողմից քաղաքացու ուսումնառության ժամկետի վերաբերյալ տրված տեղեկանքի հիման վրա:

11. Տրված տարկետման ժամկետի ընթացքում տարկետման իրավունքը դադարում է քաղաքացու կողմից՝

1) իր հետ կնքած պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դիմում ներկայացվելիս,

2) բարձրագույն ուսումնական հաստատությունից կամ զինվորական պատրաստությունից անկախ պատճառներից ազատվելիս և (կամ) հեռացվելիս: Սույն ենթակետի իմաստով բարձրագույն ուսումնական հաստատությունից ազատում է համարվում նաև քաղաքացուն տրված ակադեմիական արձակուրդը և (կամ) առկա ուսուցման ձևը փոխելը:

12. Քաղաքացուն բարձրագույն ուսումնական հաստատությունից ազատելու և (կամ) հեռացնելու մասին հրամանը՝ դրա տալու օրվանից հետո ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բարձրագույն ուսումնական հաստատության կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն և քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային զինվորական կոմիսարիատ: Իր հետ կնքած պայմանագիրը լուծելու դիմում ներկայացնելու կամ քաղաքացուն բարձրագույն ուսումնական հաստատությունից կամ զինվորական պատրաստությունից ազատելու և (կամ) հեռացնելու հիման վրա քաղաքացու հետ կնքված պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվում է, որի մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից ուղարկվում է քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային զինվորական կոմիսարիատ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն և համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն: Սույն պայմանների 11-րդ կետի համաձայն տարկետման իրավունքը դադարած քաղաքացուն տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից տրվում է ծանուցագիր՝ հայտարարված զորակոչի շրջանակներում զորակոչին մասնակցելու վերաբերյալ:

13. Սույն պայմանների 12-րդ կետի համաձայն պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելու դեպքում քաղաքացիները, պայմանագրում նախատեսված ժամկետում, բարձրագույն ուսումնական հաստատությանը միանվագ վճարում են այդ հաստատության վճարովի համակարգում տվյալ մասնագիտության գծով ուսումնառության տարիների համար սահմանված ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկը (այսուհետ՝ հրաժարագին), որի հաշվարկը քաղաքացուն ներկայացնում է համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունը: Պայմանագրում նախատեսված ժամկետում քաղաքացու կողմից հրաժարագինը չվճարվելու դեպքում դրա բռնագանձումն իրականացվում է դատական կարգով՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից: Սույն կետում սահմանված գործընթացի նկատմամբ հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից: Սույն կետում սահմանված հրաժարագինը վճարելու պարտավորությունը չի կարող ծագել քաղաքացու` առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու և (կամ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու հիման վրա պատիժ կրելու պատճառով պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվելու դեպքերում:

(13-րդ կետը լրաց. 08.11.18 N 1264-Ն)

14. Քաղաքացու կողմից համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությանը վճարված հրաժարագնի 50 տոկոսը բարձրագույն ուսումնական հաստատությունը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 10 տոկոսը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության արտաբյուջետային հաշվին, իսկ 40 տոկոսը տնօրինում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Ձև N 1

 

----------------------------------------------------------------

(զինվորական կոմիսարի կոչումը, անունը, ազգանունը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Հայտնում եմ Ձեզ, որ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն նպատակային ուսումնառության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով ցանկություն ունեմ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքելու ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր:

Կից ներկայացնում եմ անձը հաստատող և սովորելու (կամ դիմորդ հանդիսանալու) հանգամանքը հաստատող փաստաթղթերի պատճեններն ու գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվի համարին փոխանցված վճարի անդորրագիրը:

 

 Դիմող

 ________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

  _____________________

 (ստորագրությունը)

 

____ ____________________ 20_____թ.

 

Ձև N 2

 

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՎԱՅՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

 

NN
ը/կ

Քաղաքացու ազգանունը,
անունը, հայրանունը

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Զինվորական կոմիսարիատը

Դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը

Բարձրագույն ուսումնական հաստատությունը, ֆակուլտետը, կուրսը, մասնագիտացումը

Պիտանիությունը զինվորական ծառայության համար

             
             

 

Ձև N 3

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N -----

 

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՎԱՅՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղ. Երևան

  ------ --------------20  թ.

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. ՀՀ պաշտպանության նախարարությունը, ի դեմս

---------------------------------------------------

(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)

--------------------------------------------------------------------------------------------------------------------------ի,

(այսուհետ նախարարություն), մի կողմից, և քաղաքացի

---------------------------------------------------

(անունը, հայրանունը, ազգանունը,

------------------------------------------------------------------------------------------------------------------------- -ը

 անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տալու ամսաթիվը և մարմինը)

 

(այսուհետ` քաղաքացի (այսուհետ նաև՝ կողմեր), մյուս կողմից, կնքեցին սույն քաղաքացիաիրավական պայմանագիրն այն մասին, որ քաղաքացին պարտավորվում է ուսումնառության ընթացքում անցնել զինվորական պատրաստություն և ուսումնառության ավարտից ու պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով անցնել կրտսեր սպայական կազմի պայմանագրային զինվորական ծառայություն (այսուհետ՝ ծառայություն)՝ դասակի հրամանատարի պաշտոնի համալրման զինվորական պատրաստություն անցած լինելու դեպքում՝ 3 տարի ժամկետով, իսկ բժշկական մասնագիտացում պահանջող պաշտոնների համալրման պատրաստություն անցած լինելու դեպքում՝ 1 տարի ժամկետով կլինիկական ռեզիդենտուրայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով ուսումնառության և հետուսումնական 4 տարի ժամկետով:

(1.1-ին կետը փոփ. 08.11.18 N 1264-Ն)

 

 2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Քաղաքացու իրավունքներն են`

2.1.1. բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետի ընթացքում ստանալ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում,

2.1.2. բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորել պետական բյուջեի միջոցների հաշվին՝ այն ուսումնական տարվանից սկսած, որի շրջանակներում կնքվել է սույն պայմանագիրը,

(2.1.2-րդ կետը խմբ. 08.11.18 N 1264-Ն)

2.1.3. դասակի հրամանատարի պաշտոնի համալրման զինվորական պատրաստություն անցած լինելու դեպքում բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտից ու պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո նախարարությունից պահանջելու իր հետ կնքել պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր՝ իրեն նշանակելով ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող պաշտոնի և շնորհելով «լեյտենանտ» սպայական կոչում,

2.1.4. բժշկական մասնագիտացում պահանջող պաշտոնների համալրման պատրաստություն անցած լինելու դեպքում բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտից ու պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո նախարարությունից պահանջելու իր հետ կնքել պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր՝ իրեն ուսումնառության գործուղելով կլինիկական ռեզիդենտուրա և դրա ավարտից հետո իրեն նշանակելով բժշկական մասնագիտացմանը համապատասխանող պաշտոնի և շնորհելով «լեյտենանտ» սպայական կոչում,

2.1.5. պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակվելուց հետո 2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրա ընդունվելու դեպքում սովորել անվճար՝ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցման իրավունքով,

2.1.6. սույն պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում հրաժարվելու պայմանագրից:

2.2. Քաղաքացու պարտականություններն են`

2.2.1. բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում նախարարության ռազմաուսումնական հաստատությունում անցնել զինվորական պատրաստություն՝ հաստատված ծրագրի համաձայն, ինչպես նաև յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտից հետո նախարարության ռազմաբժշկական հաստատությունում անցնել բժշկական հետազոտություն և փորձաքննություն,

2.2.2. զինվորական պատրաստություն անցնելու ժամանակ պահպանել ռազմաուսումնական հաստատության ներքին կարգ ու կանոնը,

2.2.3. բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտից ու պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո նախարարության հետ կնքել պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր՝ 1.1-ին կետում նախատեսված համապատասխան ժամկետներով,

2.2.4. սույն պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում պայմանագրից հրաժարվելու կամ բարձրագույն ուսումնական հաստատությունից կամ զինվորական պատրաստությունից ազատվելու և (կամ) հեռացվելու դեպքում, բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դեպքերի, 1 ամսվա ընթացքում բարձրագույն ուսումնական հաստատությանը միանվագ վճարել այդ հաստատության վճարովի համակարգում իր մասնագիտության գծով ուսումնառության տարիների համար սահմանված ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկը (այսուհետ՝ հրաժարագին)՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից ներկայացված հաշվարկի հիման վրա:

(2.2.4-րդ կետը փոփ., լրաց. 08.11.18 N 1264-Ն)

2.3. Նախարարության իրավունքներն են`

2.3.1. քաղաքացուց պահանջելու նախարարության ռազմաուսումնական հաստատությունում անցնել զինվորական պատրաստություն՝ հաստատված ծրագրի համաձայն, ինչպես նաև յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտից հետո նախարարության ռազմաբժշկական հաստատությունում անցնել բժշկական հետազոտություն և փորձաքննություն.

2.3.2. քաղաքացու կողմից զինվորական պատրաստության ծրագիրը չապահովելու դեպքում քաղաքացուն հեռացնելու զինվորական պատրաստությունից, ինչպես նաև նախարարության ռազմաբժշկական հաստատությունում բժշկական հետազոտության և փորձաքննության արդյունքներով քաղաքացու՝ ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում քաղաքացուն ազատելու զինվորական պատրաստությունից.

2.3.3. սույն պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում քաղաքացու կողմից պայմանագրից հրաժարվելու կամ բարձրագույն ուսումնական հաստատությունից կամ զինվորական պատրաստությունից անկախ պատճառներից ազատվելու և (կամ) հեռացվելու դեպքում վաղաժամկետ լուծելու պայմանագիրը և դադարեցնելու քաղաքացուն տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումը:

2.4. Նախարարության պարտականություններն են`

2.4.1. ապահովել քաղաքացու զինվորական պատրաստությունը՝ հաստատված ծրագրի համաձայն, ինչպես նաև յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտից հետո նախարարության ռազմաբժշկական հաստատությունում քաղաքացու բժշկական հետազոտությունը և փորձաքննությունը.

2.4.2. քաղաքացուն ապահովել զինվորական համազգեստով և զինվորական պատրաստության ներգրավման օրերին մեկանգամյա սննդով՝ համապատասխան ռազմաուսումնական հաստատության կուրսանտների համար նախատեսված կարգով.

2.4.3. նախարարության մասով ապահովել սույն պայմանագրի 2.1.1-ին, 2.1.3-րդ և 2.1.4-րդ կետերի կատարումը:

 

3. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

3.1. Նախարարության կողմից սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները խախտելու դեպքում քաղաքացին իրավունք ունի իր խախտված իրավունքներն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կամ դատարան:

3.2. Սույն պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում քաղաքացու կողմից պայմանագրից հրաժարվելու կամ բարձրագույն ուսումնական հաստատությունից կամ զինվորական պատրաստությունից անկախ պատճառներից ազատվելու և (կամ) հեռացվելու դեպքում քաղաքացին կորցնում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով:

3.3. Սույն պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում քաղաքացու կողմից պայմանագրից հրաժարվելու կամ բարձրագույն ուսումնական հաստատությունից կամ զինվորական պատրաստությունից ազատվելու և (կամ) հեռացվելու դեպքում, բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դեպքերի, քաղաքացին պարտավոր է 1 ամսվա ընթացքում բարձրագույն ուսումնական հաստատությանը միանվագ վճարել սույն պայմանագրի 2.2.4-րդ կետում սահմանված հրաժարագինը:

(3.3-րդ կետը փոփ., լրաց. 08.11.18 N 1264-Ն)

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից և գործում է բարձրագույն ուսումնական հաստատությունում քաղաքացու ուսումնառության և (կամ) Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունում զինվորական պատրաստություն անցնելու ամբողջ ժամկետով:

4.2. Պայմանագիրը լուծվում է պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիման վրա կամ վաղաժամկետ՝ սույն պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում քաղաքացու կողմից պայմանագրից հրաժարվելու կամ բարձրագույն ուսումնական հաստատությունից կամ զինվորական պատրաստությունից անկախ պատճառներից ազատվելու և (կամ) հեռացվելու հիմքով:

4.3. Պայմանագիրը կնքվում է երկու օրինակից, որոնցից յուրաքանչյուրն ունի հավասար իրավաբանական ուժ: Պայմանագրի մեկ օրինակը տրվում է քաղաքացուն, իսկ մյուս օրինակը պահվում է նախարարությունում:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ 

 

ՔԱՂԱՔԱՑԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

----------------------------------------------

(անվան ու հայրանվան սկզբնատառերը, ազգանունը)

----------------------------------------------------------

(պաշտոնատար անձի կոչումը, անվան ու
հայրանվան սկզբնատառերը, ազգանունը)

--------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը)

 

------------------------------------------------

ստորագրությունը)

----------------------------------------------------------

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

------- ---------------- 20  թ.

------- ---------------- 20  թ.

 

(ձևը փոփ., խմբ., լրաց. 08.11.18 N 1264-Ն)

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 08.11.18 N 1264-Ն, խմբ. 11.04.19 N 408-Ն)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 430-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԻ ՎՐԱ ԱՌԱՆՑ ԸՆԴՀԱՏՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՍՈՎՈՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԵՎ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն պայմաններով կարգավորում են Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորող քաղաքացիներին նպատակային ուսումնառության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու, ինչպես նաև տրված տարկետումը դադարելու հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորող, 18 տարին լրանալու օրվա դրությամբ հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով ուսումնառությունը չավարտած և հայտարարված համապատասխան զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիների քանակը հստակեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը համապատասխանաբար մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը կամ նոյեմբերի 1-ը հարցում է կատարում Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական, ինչպես նաև նախնական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին:

3. Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և նախնական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ուսումնական հաստատությունները Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հարցումը ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն են ներկայացնում տվյալ ուսումնական հաստատությունում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորող, 18 տարին լրանալու օրվա դրությամբ համապատասխան կրթական ծրագրերով ուսումնառությունը չավարտած և հայտարարված զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիների անվանացուցակներ՝ դրանում նշելով քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, զինվորական կոմիսարիատը, համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության սկզբի և ավարտի օրը, ամիսը, տարեթիվը: Անվանացուցակների հետ միասին ներկայացվում են նաև քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի, դրանց բացակայության դեպքում՝ անձը հաստատող այլ փաստաթղթի, իսկ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով սովորողների մասով՝ նաև հիմնական հանրակրթական ծրագիր անցած լինելու ավարտական վկայականի պատճենները:

4. Օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորող, 18 տարին լրանալու օրվա դրությամբ հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով ուսումնառությունը չավարտած և հայտարարված զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիները դիմում են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն պայմանների 5-րդ կետում նախատեսված ամփոփ անվանացուցակներում ընդգրկվելու համար: Դիմումին կից ներկայացվում են նաև քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի, դրանց բացակայության դեպքում՝ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը, ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը՝ կրթական ծրագրի տեսակի և համապատասխան կրթական ծրագրով քաղաքացու ուսումնառության սկզբի և ավարտի ժամկետների վերաբերյալ տեղեկատվությամբ, իսկ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով սովորողների մասով՝ նաև հիմնական հանրակրթական ծրագիր անցած լինելու ավարտական վկայականի պատճենը: Օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատությունների կողմից տրված փաստաթղթերը պետք է վավերացված՝ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը ճշգրտում է ստացված անվանացուցակները և դիմումները, որի հիման վրա ըստ տարածքային զինվորական կոմիսարիատների և սույն պայմանների 2-րդ և 4-րդ կետերում նշված տեղեկությունների համաձայն կազմած քաղաքացիների ամփոփ անվանացուցակներն ու քաղաքացիների դիմումները և այլ փաստաթղթեր, մինչև յուրաքանչյուր տարվա համապատասխանաբար հունիսի 15-ը կամ դեկտեմբերի 15-ը, ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:

6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից անվանացուցակները, քաղաքացիների դիմումները և այլ փաստաթղթեր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից մինչև յուրաքանչյուր տարվա համապատասխանաբար հունիսի 30-ը կամ դեկտեմբերի 30-ը ուղարկվում են համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ՝ քաղաքացիների տարկետումն օրենքով սահմանված կարգով ձևակերպելու համար: Տարածքային զինվորական կոմիսարիատները քաղաքացիների տարկետումը սահմանված կարգով ձևակերպում են մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան քաղաքացու 19 տարին լրանալու օրը:

7. Տրված տարկետման ժամկետի ընթացքում տարկետման իրավունքը դադարում է քաղաքացուն համապատասխան ուսումնական հաստատությունից անկախ պատճառներից ազատելու և (կամ) հեռացնելու դեպքում: Քաղաքացուն Հայաստանի Հանրապետության համապատասխան ուսումնական հաստատությունից ազատելու և (կամ) հեռացնելու մասին հրամանը՝ դրա տալու օրվանից հետո ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան ուսումնական հաստատության կողմից ներկայացվում է քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային զինվորական կոմիսարիատ: Տարկետման իրավունքը դադարած քաղաքացուն տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից տրվում է ծանուցագիր՝ հայտարարված զորակոչի շրջանակներում զորակոչին մասնակցելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան