ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ռ. Հակոբյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2017 թվականի դեկտեմբերի 15-ին
քննարկելով Վարտգես (Վարտգեզ) Լիվանի Գասպարիի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի, Գենյա Պետրոսյանի և Լուսինե Հակոբյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի Աիդա Դեմիրխանյանի ընդդեմ Վարտգես (Վարտգեզ) Լիվանի Գասպարիի՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար հրապարակավ ներողություն խնդրելու և վնասի հատուցման պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.07.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Աիդա Դեմիրխանյանը պահանջել է պարտավորեցնել Վարտգես (Վարտգեզ) Լիվանի Գասպարիին հրապարակավ ներողություն խնդրել, ինչպես նաև որպես վնասի հատուցում` բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով գումար` բռնագանձումը տարածելով Վարտգես (Վարտգեզ) Լիվանի Գասպարիի սեփականությունը հանդիսացող գույքի վրա, բաժնային կամ համատեղ սեփականություն ունենալու դեպքում` ընդհանուր գույքից առանձնացնել վերջինիս պատկանող բաժնեմասը և բռնագանձումը տարածել բաժնեմասի վրա:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 19.12.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Վարտգես (Վարտգեզ) Լիվանի Գասպարիին պարտավորեցնել ներողություն խնդրել Աիդա Դեմիրխանյանից և ներողության տեքստը հրապարակել 1.000 տպաքանակից ավել հրատարակվող ՀՀ օրաթերթում և Վարտգես (Վարտգեզ) Լիվանի Գասպարիի՝ համացանցում առկա կայք-էջերում, ինչպես նաև վճարել փոխհատուցում՝ 200.000 ՀՀ դրամի չափով: Քաղաքացիական գործի վարույթը` մնացած մասերով, կարճվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Մ. Հարթենյան, Լ. Գրիգորյան, Հ. Ենոքյան) 12.02.2015 թվականի որոշմամբ Վարտգես (Վարտգեզ) Լիվանի Գասպարիի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.04.2015 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ‹‹Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին›› 12.02.2015 թվականի որոշման դեմ Վարտգես (Վարտգեզ) Լիվանի Գասպարիի ներկայացուցիչների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Մ. Հարթենյան, Կ. Չիլինգարյան, Հ. Ենոքյան) (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 18.05.2015 թվականի որոշմամբ Վարտգես (Վարտգեզ) Լիվանի Գասպարիի ներկայացրած վճռի բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այդ ժամկետը վերականգնելու, ինչպես նաև պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունները մերժվել են և վերաքննիչ բողոքը կրկին վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.07.2015 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 18.05.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Վարտգես (Վարտգեզ) Լիվանի Գասպարիի ներկայացուցիչների վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Վարտգես (Վարտգեզ) Լիվանի Գասպարիի ներկայացուցիչները։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք։
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վարտգես (Վարտգեզ) Լիվանի Գասպարիի կողմից ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումի հիման վրա 28.06.2016 թվականին կայացված թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետը ճանաչվել է (2015 թվականի փոփոխություններով) ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 78-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որ չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն:
ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշումը հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի 08.07.2015 թվականի թիվ ԵԿԴ/3368/02/13 որոշումը վերանայելու համար, քանի որ այն ուղղակի ազդեցություն ունի վերը նշված քաղաքացիական գործի ելքի վրա: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով Վարտգես (Վարտգեզ) Գասպարիի վերաքննիչ բողոքը, նշել է, որ վերաքննիչ բողոք բերած անձը չի կարող օգտվել երկշաբաթյա ժամկետում բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» 08.07.2015 թվականի որոշումը և վերացնել Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 18.05.2015 թվականի որոշումը։
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք, ինչը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն՝ Վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`
1) չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները.
2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:
Սույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ‹‹Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին›› 12.02.2015 թվականի որոշմամբ Դատարանի 19.12.2014 թվականի վճռի դեմ Վարդգես (Վարտգեզ) Գասպարիի անունից բերված վերաքննիչ բողոքն առանց ժամկետի տրամադրման վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ Դատարանի 19.12.2014 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 26.01.2015 թվականին` օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո և ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի՝ չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն: Միաժամանակ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է, որ Դատարանի 19.12.2014 թվականի վճիռը բողոքաբերի կողմից չի կարող բողոքարկվել այլ կերպ, քան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջներին և թիվ ԱՐԱԴ2/0169/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 28.11.2014 թվականին կայացված որոշման իրավական հիմնավորումներին համապատասխանող նոր բողոք ներկայացնելու միջոցով:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի ‹‹Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին›› 01.04.2015 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 12.02.2015 թվականի որոշման դեմ Վարտգես (Վարտգեզ) Լիվանի Գասպարիի ներկայացուցիչների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Դատարանի 19.12.2014 թվականի վճռի դեմ Վարտգես (Վարտգեզ) Լիվանի Գասպարիի ներկայացուցիչների կողմից 05.03.2015 թվականին կրկին բերված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 18.05.2015 թվականի որոշմամբ կրկին վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիմքով: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը մերժել է վճռի բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին բողոքաբերի միջնորդությունն այն պատճառաբանությամբ, որ Դատարանի 19.12.2014 թվականի վճռի դեմ բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել միայն վճռի հրապարակումից մինչև դրա օրինակը բողոք բերած անձին հանձնվելու օրն ընկած ժամանակահատվածի մասով` 19.12.2014 թվականից մինչև 24.12.2014 թվականը, այնինչ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 05.03.2015 թվականին, որպիսի պայմաններում վճռի բողոքարկման ժամկետը բաց է թողնված նաև (25.01.2015 թվականը ոչ աշխատանքային օր է, հաջորդ աշխատանքային օրը 26.01.2015 թվականն է) 26.01.2015 թվականից մինչև 05.03.2015 թվականն ընկած ժամանակահատվածի մասով, իսկ այդ մասով առկա չեն ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու և այդ ժամկետը վերականգնելու հիմքեր, այդ մասով ժամկետը բաց է թողնվել բողոքաբերի մեղքով, քանի որ առաջին բողոքը ներկայացվել է ժամկետի բացթողումով և առանց այն վերականգնելու վերաբերյալ միջնորդության:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը ‹‹Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 18.05.2015 թվականի որոշմամբ մերժել է նաև բողոք բերած անձի՝ պետական տուրքը հետաձգելու մասին միջնորդությունն այն պատճառաբանությամբ, որ վերջինս չի ներկայացրել իր գույքային դրության մասին որևէ ապացույց, ինչի պատճառով չի կարող վճարել օրենքով սահմանված պետական տուրքի գումարը:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի ‹‹Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին›› 08.07.2015 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 18.05.2015 թվականի որոշման դեմ Վարտգես (Վարտգեզ) Լիվանի Գասպարիի ներկայացուցիչների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Վարտգես (Վարտգեզ) Գասպարիի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի, 207-րդ հոդվածի 1-ին կետի և 213-րդ հոդվածի 3-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ արձանագրել է. «ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով (2015 թվականի խմբագրությամբ) նախատեսված՝ դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, ի թիվս այլնի, կարող է ապահովվել այն դեպքերում, երբ առկա են բաց թողնված ժամկետի վերականգնման մասին միջնորդությունը վերադաս դատարանի կողմից պարտադիր քննության առարկա դարձնելու օրենսդրական երաշխիքներ: ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածը (2015 թվականի խմբագրությամբ) սահմանում է. «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»: Սահմանադրության հիշատակված դրույթների համատեքստում վիճարկվող նորմի սահմանադրականությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու հնարավորություն թույլ չտալու հանգամանքը: Այդ իմաստով` Սահմանադրական դատարանը հիմնավոր է համարում դիմող և պատասխանող կողմերի մոտեցումն այն հարցում, որ [ՀՀ քաղաքացիական դատավարության] օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված իրավակարգավորումն անձանց համար ստեղծում է դատարանի մատչելիության իրավունքի պաշտպանության խոչընդոտներ և չի հետապնդում որևէ իրավաչափ ողջամիտ նպատակ: Նման սահմանափակման անհամաչափությունն առավել ակնհայտ է դառնում [ՀՀ քաղաքացիական դատավարության] օրենսգրքի 210-րդ հոդվածով նախատեսված այլ հիմքերի հետ (օրինակ` բողոքաբերի կողմից պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելը, վերաքննիչ բողոքում նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումներ չներկայացնելը, բողոքաբերի պահանջը չներկայացնելը, վերաքննիչ բողոքը չստորագրելը) համադրման պարագայում, որոնց դեպքում նախատեսվում է թույլ տրված խախտումը շտկելու և վերաքննիչ բողոքը վերստին ներկայացնելու հնարավորություն: Կարևորելով քաղաքացիական գործերով դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը, համապատասխան օրենսդրական համալիր կանոնակարգումը, բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունների համար պատշաճ իրավակարգավորված ընթացակարգ նախատեսելու անհրաժեշտությունը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման բացով պայմանավորված՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու հնարավորության բացառումն իրավակիրառ պրակտիկայում կարող է հանգեցնել անձի՝ արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքների խախտման»:
Վերոգրյալի արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը որոշել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետը ճանաչել (2015 թվականի փոփոխություններով) ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 78-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որ չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն:
Հիմք ընդունելով վերը շարադրվածը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետն այն մասով, որ չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն, 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի ‹‹Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին›› 08.07.2015 թվականի որոշման վերանայման հիմք:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ նոր հանգամանքը հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» 08.07.2015 թվականի որոշումը մասնակիորեն վերանայելու՝ Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 18.05.2015 թվականի որոշումը մասնակիորեն՝ բողոք բերած անձի միջնորդությունը՝ վճռի բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ, մերժելու մասով վերացնելու համար, քանի որ նշված միջնորդության մերժումը, ըստ էության, պայմանավորված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 12.02.2015 թվականի որոշմամբ Վարտգես (Վարտգեզ) Լիվանի Գասպարիի անունից ներկայացված առաջին վերաքննիչ բողոքն առանց թույլ տրված խախտումը շտկելու համար ժամկետի տրամադրման վերադարձնելու հանգամանքով:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 18.05.2015 թվականի որոշմամբ արձանագրված երկրորդ հիմքին, այն է՝ բողոքաբերի կողմից ներկայացված պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը մերժելուն, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 18.05.2015 թվականի որոշմամբ Վարտգես (Վարտգեզ) Լիվանի Գասպարիի վերաքննիչ բողոքն առանց ժամկետի տրամադրման վերադարձվել է երկու հիմքով՝
1. Վերաքննիչ դատարանի կողմից մերժվել է բողոքաբերի՝ վճռի բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այդ ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը,
2. Վերաքննիչ դատարանի կողմից մերժվել է նաև բողոքաբերի՝ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին միջնորդությունն այն պատճառաբանությամբ, որ չեն ներկայացվել Վարտգես (Վարտգեզ) Լիվանի Գասպարիի գույքային դրությունը հիմնավորող ապացույցներ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:
Վերոգրյալ հոդվածների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերաքննիչ բողոքը պետք է վերադարձնի, եթե պետական տուրքը վճարված չէ՝ դրան չի կցվել պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց: Ընդ որում, այդ թերությունը կարող է շտկվել հետևյալ երկու եղանակներից որևէ մեկով՝
1. պետական տուրքը վճարելու և դա հավաստող ապացույցը կրկին ներկայացված բողոքին կցելու միջոցով,
2. պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն օրենքով նախատեսված լինելու դեպքում, դրա վերաբերյալ միջնորդությունը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցելով կամ դրանում ներառելով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի համար բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ տրամադրելու ուղղակի արգելք է սահմանում:
Սույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ‹‹Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին›› 12.02.2015 թվականի որոշմամբ Դատարանի 19.12.2014 թվականի վճռի դեմ Վարդգես (Վարտգեզ) Գասպարիի անունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն հիմքով, որ բողոքաբերը չի վճարել օրենքով սահմանված պետական տուրքի գումարը:
Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 18.05.2015 թվականի որոշմամբ Վարտգես (Վարտգեզ) Լիվանի Գասպարիի վերաքննիչ բողոքը վերադարձվել է նաև այն հիմքով, որ բողոքաբերի կողմից ներկայացված պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը մերժվել է:
Վերոգրյալ իրավական վերլուծությունների և սույն գործի փաստերի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարտգես (Վարտգեզ) Լիվանի Գասպարիի վերաքննիչ բողոքն առաջին անգամ վերադարձնելուց հետո, վերջինս թույլ է տվել նոր սխալ, մասնավորապես՝ կրկին ներկայացված բողոքով միջնորդել է հետաձգել պետական տուրքի վճարումն այն պատճառաբանությամբ, որ գտնվում է գույքային ծանր կացության մեջ, սակայն իր գույքային դրության վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանի կատարած իրավական վերլուծություններից բխում է, որ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրամադրվում: Հետևաբար Վերաքննիչ դատարանի 18.05.2015 թվականի որոշմամբ Վարտգես (Վարտգեզ) Լիվանի Գասպարիի վերաքննիչ բողոքն առանց ժամկետի տրամադրման վերադարձնելու համար բավարար էր այն, որ վերջինս, կրկին ներկայացնելով վերաքննիչ բողոքը, թույլ է տվել նոր սխալ, որի պատճառով պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ վերջինիս ներկայացրած միջնորդությունը մերժվել է:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ սահմանադրական դատարանի 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշումը նոր հանգամանք է միայն Վերաքննիչ դատարանի 18.05.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը՝ վճռի բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այդ ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու մասով: Այսինքն՝ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմի կիրառման արդյունքում Վարտգես (Վարտգեզ) Լիվանի Գասպարիի խախտված սահմանադրական իրավունքը հնարավոր է վերականգնել վերջինիս ներկայացրած միջնորդությունը՝ Դատարանի 19.12.2014 թվականի վճռի բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այդ ժամկետը վերականգնելու մասին, բավարարելու միջոցով: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից 18.05.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված երկրորդ հիմքին, այն է՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը մերժելուն, ապա այդ մասով նոր հանգամանք սույն գործով առկա չէ: Ընդ որում, Վերաքննիչ դատարանի 18.05.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Վարտգես (Վարտգեզ) Լիվանի Գասպարիի բողոքն առանց ժամկետի տրամադրման վերադարձնելու համար միայն այդ հիմքի առկայությունն արդեն բավարար էր: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 18.05.2015 թվականի որոշումը ենթակա է վերացման մասնակիորեն՝ միայն վճռի բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այդ ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու մասով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.07.2015 թվականի որոշումը վերանայելու, այն մասնակիորեն վերացնելու, արդյունքում նաև Վերաքննիչ դատարանի 18.05.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը մասնակիորեն վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.07.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:
2. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.07.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը մասնակիորեն՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.05.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի սխալ մեկնաբանման և կիրառման հիմքով Վարտգես (Վարտգեզ) Լիվանի Գասպարիի վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելու մասով, վերացնել և այդ մասով կայացնել նոր դատական ակտ՝ մասնակիորեն՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.12.2014 թվականի վճռի բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ Վարտգես (Վարտգեզ) Լիվանի Գասպարիի միջնորդությունը մերժելու մասով, վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.05.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.07.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.05.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 21-րդ և 31-րդ հոդվածների սխալ մեկնաբանման և կիրառման հիմքով Վարտգես (Վարտգեզ) Լիվանի Գասպարիի վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելու մասով, թողնել օրինական ուժի մեջ։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ռ. Հակոբյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան | ||
Ն. Տավարացյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|