Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.04.03/23(1476) Հոդ.276
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.09.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱՆԴ/0030/01/17

Նախագահող դատավոր՝ Մ. Արղամանյան

Դատավորներ՝

Ռ. Մխիթարյան

Ս. Չիչոյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

մասնակցությամբ` դատախազ

Մ. Արամյանի

2018 թվականի սեպտեմբերի 20-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Հովհաննես Մանվելի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի որոշման դեմ Հ.Ղազարյանի պաշտպան Ռ.Սիրեկանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 17104917 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ Հովհաննես Ղազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:

2017 թվականի ապրիլի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 10-ի դատավճռով ամբաստանյալ Հ.Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 3 (երեք) տարի ժամկետով։

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 10-ի դատավճիռը բեկանել և փոփոխել, Հ.Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը` վերացրել:

4. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ամբաստանյալ Հ.Ղազարյանի պաշտպան Ռ.Սիրեկանյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մայիսի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել մեղադրող Մ.Արամյանը` խնդրելով վճռաբեկ բողոքը մերժել` օրինական ուժի մեջ թողնելով Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի որոշումը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Հ.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Ն2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով այցելել է Երևան քաղաքի, Միկոյան փողոցի 4/2 հասցեում տեղակայված համար 159 դպրոցի տարածքում գործող թիվ 2/19 տարածքային ընտրական տեղամաս, որտեղ ժամը 09:14-ին ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին է ներկայացրել իր՝ 004889846 համարի նույնականացման քարտը, ապա սահմանված կարգով քվեարկելուց հետո հեռացել է տեղամասից: Դրանից հետո Հ.Ղազարյանը մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ վերադարձել է նույն ընտրատեղամաս և ժամը 09:29-ին ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին է կրկին ներկայացրել իր նույնականացման քարտը, սակայն Հ.Ղազարյանն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ ընտրողների գրանցման տեխնիկական սարքը արձանագրել է վերջինիս կողմից ընտրություններին մասնակցելու համար կրկնակի գրանցվելու փորձ կատարելու փաստը (…)»1:

6. Առաջին ատյանի դատարանը, դատաքննության արագացված կարգ կիրառելով, Հ.Ղազարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը կատարելու մեջ և, անդրադառնալով վերջինիս նկատմամբ պատիժ նշանակելու հարցին, փաստել է. «(...) [Առաջին ատյանի] դատարանը ամբաստանյալ Հովհաննես Ղազարյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում այն, որ նա նախկինում դատված չի եղել, իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, ըստ բնակության և աշխատանքի վայրերի բնութագրվում է դրական, շնորհակալագրերի է արժանացել ՀՀ ՊՆ թիվ 21127 զորամասի հրամանատարության կողմից, խնամքին է գտնվում առաջին կարգի հաշմանդամ թոշակառու տատը:

Դատարանն ամբաստանյալ Հ.Ղազարյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրում: 

Հաշվի առնելով Հ.Ղազարյանի կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, ինչպես նաև այն, որ վերջինիս մեղսագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով նախատեսված միջին ծանրության հանցագործություն, որի համար որպես հիմնական պատիժ է նախատեսված բացառապես ազատազրկման ձևով, [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ նրան ուղղելու, նոր հանցագործությունները կանխելու, ինչպես նաև սոցիալական արդարությունը վերականգնելու համար նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով, ինչպես նաև սահմանել հոդվածի սանկցիայով նախատեսված լրացուցիչ պատիժ:

Միաժամանակ [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ հիմնական պատժի մասով կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը (...):

(...)

[Առաջին ատյանի] դատարանը արձանագրում է, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանի անձը դրական բնութագրող տվյալների, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը էականորեն նվազեցնում են նրա կողմից կատարած հանցագործության և նրա անձի հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչը հիմք է տալիս հանգելու հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու (...)2:

7. Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, փաստել է. «(...) Հաշվի առնելով ամբաստանյալ Հովհաննես Ղազարյանի կողմից կատարված հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք իրենց համակցությամբ բավարար չեն հանգելու հետևության, որ Հովհաննես Ղազարյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու:

Մասնավորապես, Հովհաննես Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, [Ա]ռաջին ատյանի դատարանն անտեսել է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները, և դատավճռում նշված փաստարկները սույն գործի շրջանակներում չեն կարող բավարար հիմք հանդիսանալ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար:

(...)

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործի փաստական հանգամանքները, Հովհաննես Ղազարյանի կողմից կատարված հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանը և հանցավորի անձը բնութագրող վերոնշյալ տվյալներն իրենց համակցությամբ բավարար չեն հանգելու այն հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու և նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելու պայմաններում հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին, ինչը բխում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից (...)3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, որի պարագայում կայացված դատական ակտը ենթակա է բեկանման։

Մասնավորապես, ըստ բողոք բերած անձի` Վերաքննիչ դատարանը չպետք է բավարարեր մեղադրողի բողոքը, քանի որ Առաջին ատյանի դատարանը, Հ.Ղազարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով հանգել էր ճիշտ հետևության: Բողոքաբերը, մատնանշելով Առաջին ատյանի դատարանի դատավճռի հիմնավորումները, նշել է, որ դատարանը կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ, և այն բեկանելու ու փոփոխելու հիմքեր չկան:

9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի դատական ակտը` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն`

«1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մաuին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիu դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:

Վերոնշյալ իրավադրույթը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության է ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև, պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված, ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա4` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն5:

12. Նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քաղաքական իրավունքների և ազատությունների, մասնավորապես` ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների դեպքում պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս էական նշանակություն ունի խախտված հասարակական հարաբերությունների բնույթի, կատարած հանցանքի հանրային վտանգավորության աստիճանի, հանցանքի կատարման եղանակի պատշաճ գնահատումը։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ընտրական իրավունքի պատշաճ իրացման հետ կապված հանցագործությունների համար նշանակված պատիժն առանց հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը նվազեցնող փաստական հանգամանքների առկայության պայմանականորեն չկիրառելը չի կարող ապահովել պատժի նպատակների արդյունավետ կենսագործումը և իր բացասական ազդեցությունը կունենա երկրում ընտրական գործընթացների կազմակերպման ու անցկացման բնականոն ընթացքի վրա։

13.  Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Հ.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով այցելել է Երևան քաղաքի Միկոյան փողոցի 4/2 հասցեում տեղակայված համար 159 դպրոցի տարածքում գործող թիվ 2/19 տարածքային ընտրական տեղամաս և փորձել է մեկից ավելի անգամ կատարել քվեարկություն6:

Գնահատելով կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, Հ.Ղազարյանի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքի բացակայության փաստը՝ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Հ.Ղազարյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը նրա կողմից կրելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթների կիրառման միջոցով7:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը չհամաձայնելով Առաջին ատյանի դատարանի հետ, նշել է, որ հաշվի առնելով Հազարյանի կողմից կատարված հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և պահպանվող հասարակական հարաբերության բնույթը` Առաջին ատյանի դատարանի կողմից մատնանշված հանգամանքներն իրենց համակցությամբ բավարար չեն հանգելու հետևության, որ Հ.Ղազարյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Հ.Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով` Առաջին ատյանի դատարանն անտեսել է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները։ Ուստի դատավճռում նշված փաստարկները սույն գործի շրջանակներում, Վերաքննիչ դատարանի համոզմամբ, չեն կարող բավարար հիմք հանդիսանալ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար8:

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հ.Ղազարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավաչափությունը ստուգելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման է ենթարկել ոչ միայն ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, այլ նաև խախտված հասարակական հարաբերությունների բնույթը, կատարված հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը, հանցանքի կատարման եղանակը, մասնավորապես այն, որ Հ.Ղազարյանի կողմից խախտվել են ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության՝ օրենքով սահմանված կարգի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները, որն արտահայտվել է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելով։ Այսպես` ամբաստանյալը ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով այցելել է Երևան քաղաքի Միկոյան փողոցի 4/2 հասցեում տեղակայված համար 159 դպրոցի տարածքում գործող թիվ 2/19 տարածքային ընտրական տեղամաս, որտեղ ժամը 09:14-ին ներկայացնելով իր նույնականացման քարտը` կատարել է քվեարկություն և հեռացել տեղամասից: Այնուհետև, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ վերադարձել է նույն ընտրատեղամաս և ժամը 09:29-ին ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին է կրկին ներկայացրել իր նույնականացման քարտը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ ընտրողների գրանցման տեխնիկական սարքն արձանագրել է կրկնակի գրանցվելու փորձ կատարելու փաստը9։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված փաստական հանգամանքների առկայության պայմաններում Առաջին ատյանի դատարանը համակողմանի գնահատման չի ենթարկել խախտված հասարակական հարաբերությունների բնույթը, կատարված հանցանքի վտանգավորության աստիճանը, հանցանքի կատարման եղանակը։ Արդյունքում` ընտրական իրավունքի պատշաճ իրացման դեմ ուղղված հանցագործության համար Հ.Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` առանց մատնանշելու որևէ փաստական հանգամանք, որը, նվազեցնելով կատարված հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը, հնարավորություն կտար եզրահանգելու, որ տվյալ պարագայում արդարացված կլինի նշանակված պատիժը Հ.Ղազարյանի կողմից պայմանականորեն չկրելը։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր են: Այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, որը պետք է թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը 

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ Ամբաստանյալ Հովհաննես Մանվելի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

________________

1 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 46:

2 Տե'ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 120-121:

3 Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 39-40:

4 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները։

6 Մանրամասն տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

8 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:

9 Տե'ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Նախագահող`

 

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

  Հ. Ասատրյան
    Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

Հատուկ կարծիք հայտնած դատավոր`

  Ե. Դանիելյան

ԵԱՆԴ/0030/01/17  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ԴԱՏԱՎՈՐ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

2018 թվականի սեպտեմբերի 20-ին

ք. Երևանում

 

Ամբաստանյալ Հովհաննես Մանվելի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի (այսուհետ` Վճռաբեկ դատարան)` 2018 թվականի սեպտեմբերի 20-ի որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 17104917 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ Հ.Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ Հովհաննես Ղազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:

2017 թվականի ապրիլի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 10-ի դատավճռով ամբաստանյալ Հ.Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 3 (երեք) տարի ժամկետով։

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 10-ի դատավճիռը բեկանել և փոփոխել, Հ.Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացրել:

4. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ամբաստանյալ Հ.Ղազարյանի պաշտպան Ռ.Սիրեկանյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մայիսի 7-ի  որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել մեղադրող Մ.Արամյանը` խնդրելով վճռաբեկ բողոքը մերժել` օրինական ուժի մեջ թողնելով Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի որոշումը:

Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը մերժվել է, ամբաստանյալ Հ.Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները:

 

Հատուկ կարծիքի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

5. Հ.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) նա 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով այցելել է Երևան քաղաքի, Միկոյան փողոցի 4/2 հասցեում տեղակայված համար 159 դպրոցի տարածքում գործող թիվ 2/19 տարածքային ընտրական տեղամաս, որտեղ ժամը 09:14-ին ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին է ներկայացրել իր՝ 004889846 համարի նույնականացման քարտը, ապա սահմանված կարգով քվեարկելուց հետո հեռացել է տեղամասից: Դրանից հետո Հ.Ղազարյանը մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ վերադարձել է նույն ընտրատեղամաս և ժամը 09:29-ին ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին է կրկին ներկայացրել իր նույնականացման քարտը, սակայն Հ.Ղազարյանն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ ընտրողների գրանցման տեխնիկական սարքը արձանագրել է վերջինիս կողմից ընտրություններին մասնակցելու համար կրկնակի գրանցվելու փորձ կատարելու փաստը (…)»1:

6. Առաջին ատյանի դատարանը, դատաքննության արագացված կարգ կիրառելով, Հ.Ղազարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը կատարելու մեջ և, անդրադառնալով վերջինիս նկատմամբ պատիժ նշանակելու հարցին, փաստել է. «(...) [Առաջին ատյանի] դատարանը ամբաստանյալ Հովհաննես Ղազարյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում այն, որ նա նախկինում դատված չի եղել, իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, ըստ բնակության և աշխատանքի վայրերի բնութագրվում է դրական, շնորհակալագրերի է արժանացել ՀՀ ՊՆ թիվ 21127 զորամասի հրամանատարության կողմից, խնամքին է գտնվում առաջին կարգի հաշմանդամ թոշակառու տատը:

Դատարանն ամբաստանյալ Հ.Ղազարյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրում: 

Հաշվի առնելով Հ.Ղազարյանի կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, ինչպես նաև այն, որ վերջինիս մեղսագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով նախատեսված միջին ծանրության հանցագործություն, որի համար որպես հիմնական պատիժ է նախատեսված բացառապես ազատազրկման ձևով, [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ նրան ուղղելու, նոր հանցագործությունները կանխելու, ինչպես նաև սոցիալական արդարությունը վերականգնելու համար նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով, ինչպես նաև սահմանել հոդվածի սանկցիայով նախատեսված լրացուցիչ պատիժ:

Միաժամանակ [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ հիմնական պատժի մասով կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը (...):

(...)

[Առաջին ատյանի] դատարանը արձանագրում է, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանի անձը դրական բնութագրող տվյալների, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը էականորեն նվազեցնում են նրա կողմից կատարած հանցագործության և նրա անձի հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչը հիմք է տալիս հանգելու հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու (...)»2:

7. Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, փաստել է. «(...) Հաշվի առնելով ամբաստանյալ Հովհաննես Ղազարյանի կողմից կատարված հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք իրենց համակցությամբ բավարար չեն հանգելու հետևության, որ Հովհաննես Ղազարյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու:

Մասնավորապես, Հովհաննես Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, [Ա]ռաջին ատյանի դատարանն անտեսել է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները, և դատավճռում նշված փաստարկները սույն գործի շրջանակներում չեն կարող բավարար հիմք հանդիսանալ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար:

(...)

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործի փաստական հանգամանքները, Հովհաննես Ղազարյանի կողմից կատարված հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանը և հանցավորի անձը բնութագրող վերոնշյալ տվյալներն իրենց համակցությամբ բավարար չեն հանգելու այն հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու և նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելու պայմաններում հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին, ինչը բխում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից (...)»3:

8. Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի որոշման համաձայն՝ «(...) Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հ.Ղազարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավաչափությունը ստուգելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման է ենթարկել ոչ միայն ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, այլ նաև խախտված հասարակական հարաբերությունների բնույթը, կատարված հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը, հանցանքի կատարման եղանակը, մասնավորապես այն, որ Հ.Ղազարյանի կողմից խախտվել են ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության՝ օրենքով սահմանված կարգի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները, որն արտահայտվել է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելով։

(...)

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված փաստական հանգամանքների առկայության պայմաններում Առաջին ատյանի դատարանը համակողմանի գնահատման չի ենթարկել խախտված հասարակական հարաբերությունների բնույթը, կատարված հանցանքի վտանգավորության աստիճանը, հանցանքի կատարման եղանակը։ Արդյունքում` ընտրական իրավունքի պատշաճ իրացման դեմ ուղղված հանցագործության համար Հ.Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` առանց մատնանշելու որևէ փաստական հանգամանք, որը, նվազեցնելով կատարված հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը, հնարավորություն կտար եզրահանգելու, որ տվյալ պարագայում արդարացված կլինի նշանակված պատիժը Հ.Ղազարյանի կողմից պայմանականորեն չկրելը (...)»

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, որի պարագայում կայացված դատական ակտը ենթակա է բեկանման։

Մասնավորապես, ըստ բողոք բերած անձի` Վերաքննիչ դատարանը չպետք է բավարարեր մեղադրողի բողոքը, քանի որ Առաջին ատյանի դատարանը Հ.Ղազարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով հանգել էր ճիշտ հետևության: Բողոքաբերը, մատնանշելով Առաջին ատյանի դատարանի դատավճռի հիմնավորումները` նշել է, որ դատարանը կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ և այն բեկանելու ու փոփոխելու հիմքեր չկան:

9. Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ին դատական ակտը` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

 

Դատավոր Ե.Դանիելյանի իրավական դիրքորոշումը.

10. Ուսումնասիրելով Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ամբաստանյալ Հ.Ղազարյանի պաշտպան Ռ.Սիրեկանյանի վճռաբեկ բողոքը, ծանոթանալով քրեական գործի նյութերին և վճռաբեկ բողոքը մերժելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի փաստարկներին և հիմնավորումներին` համաձայն չեմ Հովհաննես Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 20-ի որոշման (այսուհետ` Որոշում) պատճառաբանական մասի առանձին դրույթների և եզրափակիչ մասի հետ: Գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանը պետք է բավարարեր ամբաստանյալ Հ.Ղազարյանի պաշտպան Ռ.Սիրեկանյանի բողոքը և, բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը, օրինական ուժ տար Առաջին ատյանի դատարանի դատավճռին հետևյալ պատճառաբանություններով: 

11. Վճռաբեկ դատարանն արձանագրել է. որ սույն գործով բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:

12.  Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ անհրաժեշտ չի համարել վերլուծության ենթարկել սույն գործով ամբաստանյալ Հովհաննես Ղազարյանին մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, և հիմնականում, բավարարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումների մեջբերմամբ, դրանք համադրելով գործով հաստատված և թե΄ Առաջին ատյանի դատարանում և թե΄ Վերաքննիչ դատարանում անփոփոխ թողնված փաստական հանգամանքների հետ գտել է, որ Առաջին ատյանի դատարանն համակողմանի գնահատման չի ենթարկել խախտված հասարակական հարաբերությունների բնույթը, կատարված հանցանքի վտանգավորության աստիճանը, հանցանքի կատարման եղանակը։ Արդյունքում` ընտրական իրավունքի պատշաճ իրացման դեմ ուղղված հանցագործության համար Հ.Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել։

13. Մինչդեռ, ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու իրավաչափության մասին կարծիք ձևավորելուց առաջ , անհրաժեշտ եմ համարում վերլուծել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը:

Այսպես, քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածով պաշտպանվում են հասարակական այն հարաբերությունները, որոնք ապահովում են մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքները ու ազատությունները, ավելի կոնկրետ՝ քվեարկության գործընթացն իրականացնելու օրենքով սահմանված կարգը:       

Օբյեկտիվ կողմից նշված արարքը դրսևորվում է հանրաքվեի կամ ընտրությունների անցկացման ընթացքում մեկից ավելի անգամ կամ մեկ այլ անձի փոխարեն քվեարկելով: ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի դիսպոզիցիայից բխում է, որ նշված հանցագործության կատարման եղանակներն հետևյալն են.

ա. կեղծ տվյալներ հայտնելը,

բ. կեղծ փաստաթուղթ ներկայացնելը

գ. որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը:

Կեղծ տվյալներ հայտնելը դրսևորվում է հանցագործի կողմից իրականությանը չհամապատասխանող, աղճատված տեղեկություններ հաղորդելով, որը մոլորության մեջ է գցում համապատասխան պատասխանատու անձին՝ ընտրողների ցուցակում գրանցվելու և քվեարկությանը մասնակցելու նպատակով:

Կեղծ փաստաթուղթ ներկայացնելը որպես հիշյալ հանցագործության կատարման եղանակ կատարվում է իրականությանը չհամապատասխանող փաստաթղթի օգտագործմամբ ընտրողների ցուցակում գրանցվելու և ընտրելու նպատակով:

Որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը դրսևորվում է «ա» և «բ» կետերում նշվածից տարբերվող ցանկացած այլ եղանակով հիշյալ հանցանքը կատարելու մեջ:

Սուբյեկտիվ կողմից տվյալ հանցագործությունը բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ կատարված լինելով: Այսինքն՝ հանցագործը պետք է գիտակցի մեկից ավելի կամ այլ անձի փոխարեն քվեարկելու հանգամանքը:

Իսկ քննարկվող հանցագործության սուբյեկտը՝ տասնվեց տարին լրացած յուրաքանչյուր մեղսունակ ֆիզիկական անձն է, որ կատարել է նկարագրված արարքը:

14. Այս վերլուծության լույսի ներքո հարկ եմ համարում անդրադառնալ հանցագործության օբյեկտիվ կողմի կատարման փորձի եղանակին: Այսպես՝ Հ.Ղազարյանն ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին է ներկայացրել իր նույնականացման քարտը, ապա սահմանված կարգով քվեարկելուց հետո կրկին անգամ նույն ընտրատեղամասում, նույն փաստաթղթով փորձել է նորից քվեարկել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ ընտրողների գրանցման տեխնիկական սարքը արձանագրել է վերջինիս կողմից ընտրություններին մասնակցելու համար կրկնակի գրանցվելու փորձ կատարելու փաստը:

Այսինքն Կարծիքի 13-րդ կետում ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի նկարագրության բացահայտված եղանակներից ամբաստանյալն ընտրել է իր հասարակական վտանգավորությամբ ամենանվազը, և ակնհայտ է, որ ընտրատեղամասերում ընտրողների գրանցման տեխնիկական սարքերի գործարկման պարագայում նույն փաստաթղթով կրկին անգամ քվեարկելը անհնար է և հանգեցնում է հանցագործության փորձի մեխանիկորեն բացահայտմանը:

Այս առումով չեմ կարող համաձայնվել Վճռաբեկ դատարանի մեծամասնության այն կարծիքի հետ, որ առաջին ատյանի դատարանը համակողմանի գնահատման չի ենթարկել հանցանքի կատարման եղանակը, քանի որ, ինչպես նշվեց, ընտրված եղանակն ըստ էության ի համեմատ մյուսների առավել նվազ է իր վտանգավորության աստիճանով:

15. Ամբաստանյալ Հովհաննես Ղազարյանը դատապարտվել է հիշյալ հանցագործությունը կատարելու փորձի համար, այսինքն, ձեռնամուխ է եղել հանցագործության օբյեկտիվ կողմի իրականացմանը, սակայն այն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ այնպիսի օբյեկտիվ հանգամանքներով, որոնք նա չէր նախատեսել կամ չէր կարողացել հաղթահարել։ Հետևաբար, Հ.Ղազարյանին չի հաջողվել ավարտել հանցագործությունը, ուստի այս դեպքում վրա չեն հասել նրա համար ցանկալի հանրորեն վտանգավոր հետևանքները:

16. Անդրադառնալով ամբաստանյալ Հ.Ղազարյանի անձը դրական բնութագրող տվյալներին, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներին, հարկ է նշել, որ Վերաքննիչ դատարանը փաստել է Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված այդ հանգամանքների առկայությունը, սակայն միևնույն ժամանակ գտել է, որ դրանք բավարար չեն պատժի նպատակներին հասնելու համար: Իսկ Վճռաբեկ դատարանն իր հերթին համաձայնել է Վերաքննիչ դատարանի այդ դատողությունների հետ:

17. Մինչդեռ կարևոր է նշել, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանը դատապարտվել է միջին ծանրության հանցագործության փորձի համար, ինչն էականորեն նվազեցնում է կատարված հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը, թեկուզ այն պատճառով, որ վրա չեն հասել հանցավորի համար ցանկալի հանրորեն վտանգավոր հետևանքները, այսինքն տեղի չի ունեցել կրկնակի քվեարկություն:

Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես, այն որ Հ.Ղազարյանը նախկինում դատված չի եղել, իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, ըստ բնակության և աշխատանքի վայրերի բնութագրվում է դրական, շնորհակալագրերի է արժանացել ՀՀ ՊՆ թիվ 21127 զորամասի հրամանատարության կողմից, խնամքին է գտնվում առաջին կարգի հաշմանդամ թոշակառու տատը, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը վկայում են հանցավորի անձի նվազ վտանգավոր լինելու մասին:

18. Վերը նշված իրավական և փաստական հանգամանքների վերլուծության լույսի ներքո, հաշվի առնելով Հովհաննես Ղազարյանի կատարած արարքի բնույթը, հանրորեն վտանգավոր հետևանքների բացակայությունը, հանցագործությունը կատարելու ընտրված եղանակը, անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը, ինչպես նաև հանրորոեն վտանգավոր հետևանքների բացակայությունը, հանցագործությունը կատարելու ընտրված եղանակը, անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը գտնում եմ, որ նման պայմաններում մատնանշված հանգամանքներն իրենց համակցությամբ բավարար էին հանգելու այն հետևության, որ Հ.Ղազարյանի ուղղվելը հնարավոր էր առանց պատիժը կրելու: Այս դեպքում Հ.Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, հնարավոր կլիներ իրագործել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները։

19. Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 40-րդ, 361.1-րդ, 415-րդ, 419-րդ և 422-րդ հոդվածներով, չհամաձայնելով դատավորների մեծամասնության հետ` մնում եմ

 

հատուկ կարծիքի` 

 

Ամբաստանյալ Հ.Ղազարյանի պաշտպան Ռ.Սիրեկանյանի բողոքը պետք է բավարարվեր` ամբաստանյալ Հովհաննես Մանվելի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2018 թվականի փետրվարի 1-ի որոշումը բեկանվեր և ուժ տրվեր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի հոկտեմբերի 10-ի դատավճռին:

 

__________________________

1 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 46:

2 Տե'ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 120-121:

3 Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 39-40:

 

 Դատավոր`

Ե. Դանիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան