Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
15.12.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2017

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/1384/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/1384/02/14

2017թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան

Դատավորներ՝

Կ. Հակոբյան

Ա. Հունանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 15-ին

քննարկելով ըստ հայցի «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Արմեն Աբրահամյանի, Գագիկ Մելքոնյանի և Արմեն Հովսեփյանի`գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.04.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Թադևոսյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Արմեն Աբրահամյանից, Գագիկ Մելքոնյանից, Արմեն Հովսեփյանից բռնագանձել 5.613.020 ՀՀ դրամ 

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Սահակյան) (այսուհետ` Դատարան) 09.02.2017 թվականի վճռով հայցը մերժվել է: 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.04.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Ընկերության միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու մասին մերժվել է, և Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Իրավական ակտերի մասին»
ՀՀ օրենքի 84-րդ հոդվածը
, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ, 207-րդ և 213-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի 09.02.2017 թվականի վճիռն Ընկերությունը ստացել է 17.02.2017 թվականին, որպիսի պայմաններում Ընկերությունը վերաքննիչ բողոքը ներկայացրել է 17.03.2017 թվականին:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունն իրենից անկախ պատճառներով է բաց թողել վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը, որպիսի պայմաններում ներկայացրել է բաց թողնված ժամկետի պատճառը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն: Մասնավորապես՝ Ընկերությունը, Դատարանի վճիռը ստանալով 17.02.2017 թվականին, վերաքննիչ բողոքը կապի կազմակերպությանը հանձնել է 17.03.2017 թվականին, որն էլ 20.03.2017 թվականին մուտք է եղել դատարան: Տվյալ դեպքում Ընկերությունը վերաքննիչ բողոքը ներկայացրել է Դատարանի վճիռը ստանալուց մեկամսյա ժամկետի պահպանմամբ, որպիսի պայմաններում Ընկերության կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա էր բավարարման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 06.04.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի և 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի խախտման արդյունքում առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարանի) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե´ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 22083/93 22095/93 գանգատով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր  51, 55):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ և 213-րդ հոդվածները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է uահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մաuին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետներում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է դատարանի վճիռն օրենսդրությամբ սահմանված ժամկետում անձին չհանձնելու և բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճիռը հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնելու դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը  վերաքննիչ  դատարանը  պարտավոր  է  իրականացնել`  հաշվի  առնելով նաև  անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական  պաշտպանության  արդյունավետ  միջոցների  իրավունքները  (տե´ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով:

Ընդ որում, այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ արձանագրել է, որ նախ` պետք է երաշխավորվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, ինչպես նաև այն, որ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) պետք է ճանաչվի հարգելի: Միայն այս պայմաններում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձի համար երաշխավորված կլինեն ողջամիտ ժամկետներում հիմնավոր բողոք բերելու, դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները։

  Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատել է 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)՝ համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև վերաքննության կարգով բողոքարկման իրավակարգավորումների նկատմամբ:

ՀՀ սահմանադրական դատարանի վկայակոչված դիրքորոշումների համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ նշել է, որ բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը և ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը և բողոքը ներկայացվել է դատական ակտը ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բացթողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure) (տե´ս, Դոնարա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի թիվ ԵԿԴ/2791/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանի վճիռը հրապարակվել է 09.02.2017 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 104), որն Ընկերությանն ուղարկվել է 15.02.2017 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 16): Համաձայն գործում առկա՝ Ընկերության կողմից վճիռը ստանալու հետադարձ ծանուցման անդորրագրի՝ Ընկերությունն այն ստացել է 17.02.2017 թվականին (հատոր 2-րդ գ.թ. 121): Ընկերությունը Դատարանի 09.02.2017 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացրել է 17.03.2017 թվականին՝ փոստային ծառայությանը հանձնելու եղանակով (հատոր 3-րդ, գ.թ. 19), և միաժամանակ միջնորդություն է ներկայացրել հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը` նշելով, որ Դատարանի 09.02.2017 թվականի վճիռն Ընկերությունը ստացել է միայն 17.02.2017 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 6):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու մասին Ընկերության միջնորդությունը և վերադարձնելով Ընկերության վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Դատարանի վճիռը հրապարակվել է 09.02.2017 թվականին, որի դեմ վերաքննիչ բողոք կարող էր բերվել մինչև 10.03.2017 թվականը ներառյալ, մինչդեռ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 20.03.2017 թվականին՝ օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «միջնորդության բովանդակությունից պարզ է դառնում, որ բողոքաբերն ընդունել է Դատարանի 09.02.2017 թվականի վճիռը հենց նույն օրը ստանալու փաստը, ավելին Դատարանի վճիռը փաստացի ստանալու պահից, այն է՝ 17.02.2017 թվականից, բողոքարկման մեկամսյա ժամկետը հաշվարկելու պայմաններում ևս, բողոքաբերը բաց է թողել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը` այն ներկայացնելով 20.03.2017 թվականին» (հատոր 3-րդ, գ.թ. 39-40):

 

Մինչդեռ սույն գործի փաստերը համադրելով վերը նշված իրավական դիրքորոշումների հետ և անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանի վճիռը հրապարակվել է 09.02.2017 թվականին, իսկ Ընկերությանն ուղարկվել է 15.02.2017 թվականին, որն Ընկերությունը ստացել է 17.02.2017 թվականին: Դատարանի 09.02.2017 թվականի վճռի դեմ Ընկերությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատական ակտն իրեն հասու լինելու պահից մեկամսյա ժամկետում` 17.03.2017 թվականին փոստային ծառայությանը հանձնելու եղանակով:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ միջնորդության բովանդակությունից հետևում է, որ բողոքաբերն ընդունել է Դատարանի 09.02.2017 թվականի վճիռը հենց նույն օրը ստանալու փաստը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն գործով վճռի հրապարակման փուլին Ընկերության ներկայացած չլինելու (հատոր 2-րդ, գ.թ. 103) և Դատարանի կողմից Ընկերությանը 09.02.2017 թվականի վճիռը 15.02.2017 թվականին ուղարկելու վերաբերյալ ապացույցի առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումն անհիմն է ու առարկայազուրկ և արդյունք է գործի փաստական հանգամանքների ոչ լրիվ ու բազմակողմանի հետազոտության:

Միաժամանակ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 20.03.2017 թվականին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 20.03.2017 թվականին Ընկերության վերաքննիչ բողոքը մուտքագրվել է դատարան (հատոր 3-րդ, գ.թ. 6), սակայն սույն գործում առկա՝ փոստային ծրարի վրա առկա կնիքով հիմնավորվում է, որ վերաքննիչ բողոքը հանձնվել է փոստային ծառայությանը 17.03.2017 թվականին, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը տրված փաստաթղթերը համարվում են ժամկետին տրված, հետևաբար Վերաքննիչ դատարանի նշված եզրահանգումը ևս անհիմն է:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա է բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում բաց թողնված ժամկետը համապատասխան միջնորդության և վերը նշված ապացույցների առկայության դեպքում ենթակա է վերականգման իրավունքի ուժով (ex jure): Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ նաև Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ «բողոքաբերի կողմից նշված պատճառաբանությունները վերաբերելի չեն բաց թողնված ժամանակահատվածին և դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի չեն դարձնում»:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.04.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան