Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1452
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.04.17/25(1478) Հոդ.297
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
02.04.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

2 ապրիլի  2019 թ.

 

ՔԱՋԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ, ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԴԱՎԹՅԱՆԻ, ԷԴԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 401-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողների՝ Ք. Կարապետյանի, Հ. Դավթյանի, Է. Հակոբյանի, նրանց ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Կ. Տոնոյանի, Ա. Ղազարյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ Ա. Քոչարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-րդ և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաջիկ Կարապետյանի, Համբարձում Դավթյանի, Էդիկ Հակոբյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից:

Օրենսգրքի՝ «Վճռաբեկ դատարանում բողոքի քննության կարգը» վերտառությամբ 401-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ Վճռաբեկ դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում»:

Գործի քննության առիթը Քաջիկ Կարապետյանի, Համբարձում Դավթյանի, Էդիկ Հակոբյանի՝ համապատասխանաբար 2019 թվականի հունվարի 8-ին և 11-ին Սահմանադրական դատարան մուտքագրված երեք դիմումներն են, որոնց հիման վրա, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի, մինչև դատաքննությունն սկսվելը գործերը միավորվել են Սահմանադրական դատարանի նույն նիստում քննվելու համար:

Ուսումնասիրելով դիմումները և կից ներկայացված փաստաթղթերը, պատասխանողի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև վերլուծելով Օրենսգրքի համապատասխան դրույթը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Դիմողների դիրքորոշումները

Դիմողները գտնում են, որ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու արդյունքում խախտվել է իրենց գործի հրապարակային քննության իրավունքը, մասնավորապես, հրապարակային քննություն չիրականացնելը զրկել է վերջիններիս հրապարակային դատաքննության միջոցով իրենց կարծիքն ազատ արտահայտելու, իրենց փաստարկներն ու դիրքորոշումները ներկայացնելու, իրենց դատավարական հակառակորդին հակադրվելու և նրա պնդումները վիճարկելու հնարավորությունից:

Միաժամանակ, դիմողների պնդմամբ օրենսդիրը չի սահմանել, թե ո՛ր դեպքերում է Վճռաբեկ դատարանը բացառության կարգով գործի քննությունն իրականացնում դատական նիստի միջոցով, որի հանգամանքում Վճռաբեկ դատարանի հայեցողությունն անորոշ է, իրավական որոշակիությունից զուրկ և, որպես այդպիսին, չի ապահովում կանխատեսելիություն դատավարության մասնակիցների, այդ թվում՝ նաև լայն հանրության համար: Բացի դրանից, դատավարության մասնակիցները զրկված են Վճռաբեկ դատարանին բանավոր քննություն իրականացնելու մասին միջնորդություն ներկայացնելու իրավական հնարավորությունից:

Ըստ դիմողների՝ օրենքով սահմանված չէ, որ այն դեպքերում, երբ Վճռաբեկ դատարանը գործը քննում է գրավոր ընթացակարգով և իրականացնում է փաստի քննություն, ապա չպետք է ունենա դատական ակտը բեկանելու և փոփոխելու լիազորություն:

Դիմող Ք. Կարապետյանի եզրահանգմամբ՝ իր գործով Վճռաբեկ դատարանն անդրադարձել է վերաքննիչ դատարանի կողմից ապացույցների սխալ գնահատման հարցին և այդ հիմքով է քննել գործը: Հետևաբար՝ Վճռաբեկ դատարանը բողոքի քննության ընթացքում անդրադարձել է այնպիսի փաստական հանգամանքների, որոնք մինչ այդ չեն հանդիսացել դատական քննության առարկա, և դատավարության մասնակիցը դրանց վերաբերյալ փաստարկներ ներկայացնելու հնարավորություն չի ունեցել, կամ որոնք էական նշանակություն ունեին գործի լուծման համար, ուստի պետք էր ապահովել բանավոր ընթացակարգի կիրառումը:

Իսկ դիմող Է. Հակոբյանի կարծիքով՝ գործերի գրավոր քննության վարույթներում ուշադրության է արժանի այն, թե Վճռաբեկ դատարանն իրականացնում է փաստի, թե՞ իրավունքի քննություն, և բոլոր այն դեպքերում, երբ Վճռաբեկ դատարանն իրականացնում է փաստի վերաբերյալ քննություն, ապա չպետք է իրավունք ունենա գրավոր քննություն իրականացնելու, քանի որ դրանով կողմերին զրկում է գնահատվող փաստի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու իրավունքից:

Ինչ վերաբերում է դիմող Հ. Դավթյանի պնդմանը, որ իր գործով անդրադարձ է կատարվել փաստական, մասնավորապես՝ կնքված գործարքին մասնակից լինելու հանգամանքին, որին անդրադառնալու պարագայում անհրաժեշտ էր ապահովել գործի բանավոր քննության ընթացակարգ՝ հնարավորություն տալով դիմողներին ներկայացնելու իրենց դիրքորոշումները վերոնշյալ փաստի առնչությամբ:

Իրենց տեսակետները հիմնավորելով Սահմանադրական դատարանի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումներով՝ դիմողները եկել են այն եզրակացության, որ այնպիսի հանգամանքներում, երբ վերադաս դատական ատյանը իր որոշման հիմքում դրել է իրավունքի և (կամ) փաստի մասին այնպիսի հարց, որը մինչ այդ չի հանդիսացել դատական քննության առարկա, որին հակադրվելու և դրա առնչությամբ փաստարկներ ներկայացնելու հնարավորություն չի ունեցել դատավարության մասնակիցը, որը շրջադարձային նշանակություն է ունեցել դատական գործի լուծման համար և փաստորեն հանդիսացել է վերջնական դատական ակտ, ապա նման հանգամանքներում գրավոր դատական քննության անցնելու մասին դատարանի որոշումը հրապարակային դատական քննության իրավունքը անհամաչափորեն սահմանափակող որոշում է:

Ամփոփելով իրենց եզրահանգումները՝ դիմողները խնդրում են վիճարկվող դրույթն այնքանով, որքանով Վճռաբեկ դատարանին տալիս է անսահմանափակ և անվերահսկելի հայեցողություն, չի ապահովում կանխատեսելիություն, հանրային և մասնավոր շահի փոխհավասարակշռություն, ինչի արդյունքում սահմանափակում է անձի հրապարակային դատաքննության իրավունքը, ճանաչել Սահմանադրության 63-րդ հոդվածին հակասող և անվավեր:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույթը համահունչ է Սահմանադրության պահանջներին՝ ներկայացնելով, մասնավորապես, հետևյալ դիրքորոշումները:

Օրենսդիրը վիճարկվող դրույթով ամրագրված՝ բողոքների վերաբերյալ գրավոր ընթացակարգը համապատասխան իրավական պատշաճ մեխանիզմներով ապահովելու նպատակով Օրենսգրքի 403-րդ հոդվածով ամրագրել է, որ վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, հետևաբար, գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում գործին մասնակցող անձինք տեղեկացվում են միայն բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրվա մասին:

Միաժամանակ, օրենսդիրն Օրենսգրքի 404-րդ հոդվածով հստակ սահմանագծել է վճռաբեկության կարգով բողոքի քննության շրջանակները, համաձայն որի՝ վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Վճռաբեկ դատարանը կաշկանդված չէ բողոք բերած անձի պահանջով, և վերջինս կաշկանդված չէ վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձի փաստական կամ իրավական դիրքորոշմամբ:

Շարունակելով իր դիրքորոշումները՝ պատասխանողը նշում է, որ օրենսդիրը, եռաստիճան դատական համակարգում՝ արդար դատաքննության իրավունքից բխող՝ «փաստի քննության» և «իրավունքի քննության» հավասարակշիռ ապահովում իրականացնելու նպատակով, հստակ ամրագրել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում վարույթ ընդունված հայցի (դիմումի) քննության սահմանների և վերաքննիչ դատարանի կողմից գործերի վերաքննության սահմանների կանոնակարգումներ, մասնավորապես՝ ի տարբերություն Վճռաբեկ դատարանի՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, ինչպես նաև վերաքննիչ դատարանում գործերի նկատմամբ կիրառվում է հրապարակային քննություն՝ անդրադառնալով գործերի փաստական կողմերին:

Պատասխանողը նշում է նաև, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածը նախատեսում է դատական քննության հրապարակային բնույթն ապահովող երկու ինքնուրույն երաշխիք՝ դռնբաց դատական քննություն և դատավճռի հրապարակում:

Իր տեսակետները հիմնավորելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք դիրքորոշումներով՝ պատասխանողը նշում է, որ օրենսդիրն Օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումներով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում և վերաքննիչ դատարանում գործերի քննության համար, ընդհանուր առմամբ, սահմանել է հրապարակային դատական քննության պարտադիր բաղադրատարր, մինչդեռ Վճռաբեկ դատարանի դեպքում սահմանել է վճռաբեկ բողոքներն ըստ էության քննելու և դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու գրավոր ընթացակարգ, սակայն չբացառելով, նաև այն դեպքերը, երբ Վճռաբեկ դատարանը կարող է գալ եզրահանգման, որ անհրաժեշտ է վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում հրապարակային ընթացակարգով՝ «բացառապես միտված լինելով ապահովելու ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի կողմից բաց թողնված հրապարակային դատական քննությամբ փաստական իրողությունների գնահատման անհրաժեշտությունը»:

Ամփոփելով իր դատողությունները՝ պատասխանողը գտնում է, որ սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված են բավարար իրավական կառուցակարգեր և ընթացակարգեր Սահմանադրությամբ (63-րդ և 75-րդ հոդվածներ) ամրագրված՝ մարդու հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման սկզբունքից բխող արդար դատաքննության իրավունքի կարևորագույն բաղադրատարր հանդիսացող՝ հրապարակային քննության իրավունքի իրացումն ապահովելու համար:

 

3. Գործի շրջանակներում պարզաբանման ենթակա հարցադրումները

Սույն գործով վիճարկվող նորմի սահմանադրականությունը որոշելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

1) խախտու՞մ է արդյոք վիճարկվող դրույթը արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող հրապարակային դատաքննության իրավունքն այնքանով, որքանով Վճռաբեկ դատարանում գործի բանավոր քննությունը դիտարկվում է որպես բացառություն ընդհանուր կանոնից, որի իրացումը թողած է դատարանի հայեցողությանը,

2) վիճարկվող դրույթը համահու՞նչ է արդյոք իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքին՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենսդրությամբ սահմանված չէ, թե կոնկրետ ո՞ր դեպքերում է վճռաբեկ բողոքի քննությունն իրականացվում դատական նիստում:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սահմանադրության «Արդար դատաքննության իրավունքը» վերտառությամբ 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Արդար դատաքննության իրավունքը ենթադրում է ինչպես դատարան դիմելու հնարավորությունը, այնպես էլ գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքը, ինչը նշանակում է, որ գործը հրապարակայնության սկզբունքի պահպանմամբ քննելու պահանջ ներկայացնելու հնարավորությունն արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրատարր է: Ինչպես նշել է Սահմանադրական դատարանն իր՝ 11.04.2012թ. ՍԴՈ-1020 որոշմամբ` «…այդ իրավունքի իրացման նվազագույն և կարևոր երաշխիքներն են՝ հրապարակային դատաքննությունը (մասնավորապես` գործը քննող դատարանի, քննության առարկա գործի, քննության վայրի, ժամանակի, դատաքննության կարգի և այլնի մասին հրապարակային տեղեկությունները), ինչպես նաև դատական ակտի պարտադիր հրապարակումը»:

Անդրադառնալով հրապարակայնության սկզբունքին՝ Սահմանադրական դատարանը նույն որոշմամբ նշել է. «…դատավարության հրապարակայնությունն առաջին հերթին նշանակում է հասարակական վերահսկողության իրականացման հնարավորություն դատավարության և դատարանի ընդունած ակտերի նկատմամբ»:

Հրապարակային դատաքննության պահանջի սահմանադրական կարգավորման հետ միասին Սահմանադրությունը հիշյալ հոդվածով ամրագրում է նաև այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում հնարավոր է հրապարակային դատաքննության սահմանափակում: Մասնավորապես, Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ դատական վարույթը կամ դրա մի մասը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հրապարակայնության սկզբունքը ենթադրում է, նախ և առաջ, դռնբաց դատաքննություն և դատական ակտի հրապարակում:

Անդրադառնալով դիմողների այն դիրքորոշմանը, որ գրավոր ընթացակարգի կիրառումը համարվում է հրապարակային քննության իրավունքի խախտում, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հիշյալ սահմանադրական դրույթի տրամաբանության համատեքստում հրապարակային դատաքննությունը ենթադրում է դռնբաց դատական նիստի առկայություն և(կամ) դատական ակտի հրապարակում, ինչը նշանակում է, որ դռնբաց դատական նիստը կարող է իրականացվել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր ընթացակարգի կիրառմամբ: Ավելին, դռնփակ դատական նիստը, որը հրապարակայնության սկզբունքի սահմանափակում է, կարող է անցկացվել նաև բանավոր ընթացակարգով: Ուստի՝ գործի քննության բանավոր կամ գրավոր ընթացակարգը չեն նույնանում գործը դռնբաց կամ դռնփակ քննելու հետ, և որ նույնն է՝ հրապարակայնության սկզբունքի հետ:

Այս առումով վերահաստատելով ՍԴՈ-1020 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները գործերի քննության բանավոր և գրավոր ընթացակարգերի և հրապարակայնության սկզբունքի հետ դրանց համադրության վերաբերյալ` Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել հետևյալը.

1) հրապարակայնության սկզբունքը թե' Սահմանադրության, թե' միջազգային իրավական ակտերի, թե' դատավարական օրենսդրության շրջանակներում դատավարական իրավունքների իրացման կարևորագույն և անխախտելի սկզբունք է, որը ենթադրում է ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր ընթացակարգի կիրառում` պայմանավորված կոնկրետ դատավարական առանձնահատկություններով,

2) պետք է առավելությունը տալ բանավոր քննությանը բոլոր այն դեպքերում, երբ գործի բանավոր քննությունն անհրաժեշտ է՝ պայմանավորված տվյալ գործի առանձնահատկություններով, որի շրջանակներում պետք է անդրադառնալ այնպիսի փաստական տվյալների, որոնք ունեն էական նշանակություն գործի լուծման համար,

3) հրապարակայնության սկզբունքը կարող է սահմանափակվել միայն Սահմանադրությամբ հստակ նախատեսված հանգամանքների առկայության դեպքում, իսկ սահմանափակումն օրենքով նախատեսված կարգին համապատասխան իրացվելու պայմաններում ևս չի կարող խոսք լինել հրապարակայնության սկզբունքի խախտման մասին:

Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ գրավոր ընթացակարգի կիրառումն ինքնին չի կարող դիտարկվել որպես հրապարակայնության սկզբունքի խախտում, եթե իրականացվում է Սահմանադրությամբ և օրենքով հստակ նախանշված սկզբունքներին ու կարգին համապատասխան: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Սահմանադրության 28, 29, 63-69-րդ և այլ հոդվածներով ամրագրված մարդու և քաղաքացու այն իրավունքներին, որոնք կարող են կիրառելի լինել կոնկրետ դատավարական ընթացակարգի շրջանակներում, ինչպես նաև Օրենսգրքի 2-րդ գլխով ամրագրված քաղաքացիական դատավարության սկզբունքներին, 15-րդ գլխով ամրագրված դատական նիստի ընդհանուր կանոններին, առանձին հատուկ վարույթներին ներկայացվող պահանջներին, դրանց լուծման առանձնահատկություններին և այլն:

Սահմանադրության և օրենքների շրջանակներում դատավարական ընթացակարգի ընտրությունը կոնկրետ գործը քննող դատարանի իրավասությունն է: Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործի քննության գրավոր ընթացակարգի ընտրությունը կարող է արդարացված լինել, մասնավորապես, բոլոր այն դեպքերում, երբ խոսքը բացառապես իրավունքի հարցերին է վերաբերում, կամ երբ գործի փաստական հանգամանքները վիճահարույց չեն:

Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատավարական ձևի՝ գործի քննության ընթացակարգի, ընտրությունը դատարանի բացարձակ հայեցողությունը չէ, ուստի այն պետք է պայմանավորված լինի արդար դատաքննության բոլոր երաշխիքների, ներառյալ՝ դատավարության կողմերի լսվելու իրավունքի իրացման համար պատշաճ նախադրյալների ապահովմամբ, ինչը, իր հերթին, հնարավորություն կտա դատավարության կողմերին զերծ պահել դատարանի կողմից գործի քննության ընթացքում չհետազոտված փաստերի վրա հիմնված և (կամ) առանց իրենց դիրքորոշումը լսելու կայացված «անակնկալ» որոշումներից:

Վերոնշյալ մոտեցումները համադրելով Վճռաբեկ դատարանի սահմանադրական կարգավիճակի հետ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքների քննության ընթացակարգերի հիմքում դրված է հետևյալ տրամաբանությունը.

ա) թեև օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովումը Վճռաբեկ դատարանի հիմնական սահմանադրական գործառույթներից է, այնուամենայնիվ, Սահմանադրությամբ կանխորոշված այդ գործառույթները դատարանն իրականացնում է արդարադատություն իրականացնելու միջոցով,

բ) քաղաքացիական դատավարության շրջանակներում Վճռաբեկ դատարանը չի իրականացնում փաստերի անմիջական հաստատման լիազորություն և գործը վերանայում է նախորդ ատյանների դատարաններում հաստատված փաստերի շրջանակներում,

գ) փաստերի հաստատման լիազորության բացակայությունը, վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը, քաղաքացիական դատավարության ընդհանուր կանոններով միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը և այլ դատավարական կանոններ կոչված են ապահովելու Վճռաբեկ դատարանում գրավոր ընթացակարգով քննվող գործերի կանխատեսելիությունը,

դ) Վճռաբեկ դատարանի կարգավիճակը կանխորոշում է, որ այս ատյանում առավելապես կիրառելի է գրավոր ընթացակարգը։

Պարզ է նաև, որ թե՛ օրենսդրորեն, թե՛ գործնականում չի կարող բացառվել, որ նշված ատյանում ևս անհրաժեշտություն առաջանա իրականացնել բանավոր քննություն՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, այդ թվում նաև՝ դատավարության կողմերի համար նախորդող դատական ատյաններում արդար դատաքննության երաշխիքների, հատկապես՝ լսվելու իրավունքի փաստացի ապահովման հանգամանքով:

Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանում թեև գործի քննության գրավոր ընթացակարգի կիրառումն ինքնին իրավաչափ է, այդուհանդերձ, նաև այս ատյանում այն կիրառելու հայեցությունը բացարձակ չի կարող լինել:

4.2. Սահմանադրական դատարանը հարկ է համարում հրապարակայնության, ինչպես նաև գործերի բանավոր և գրավոր քննության ընթացակարգերի առնչությամբ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք, մասնավորապես, հանգում են հետևյալին.

- հրապարակային դատաքննության (անկախ իրականացման ընթացակարգային ձևից) առաջնահերթ բաղադրիչներն են գործի հանգամանքների քննության (կամ «բանավոր լսումների») անցկացումը և որոշման հրապարակումը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշման համաձայն՝ «ԵԽ անդամ բոլոր պետությունները ճանաչում են հրապարակայնության սկզբունքը, սակայն նրանց օրենսդրական համակարգերը և դատական պրակտիկան ունեն որոշակի տարբերություններ ինչպես դրա ծավալի, այնպես էլ իրականացման եղանակի առումով` կապված լսումների անցկացման և դատական որոշումների հրապարակման հետ: Հարցի ձևական կողմը, այնուամենայնիվ, 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հրապարակայնության պահանջների հիմքում ընկած նպատակի համեմատությամբ ունի երկրորդական նշանակություն» (Sutter v. Switzerland Judgment of 22 February 1984, p. 27, Adolf v. Austria Judgment of 26 March 1982, para. 30, Pretto and others v. Italy Judgment of 8 December 1983, para. 23, and Axen v. Germany Judgment of 8 December 1983, para. 25)»,

- «…Կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված` գործի հրապարակային քննության իրավունքն անհրաժեշտաբար ներառում է «բանավոր լսման» իրավունքը: Այնուամենայնիվ, նման լսումներ անցկացնելու պարտավորությունը բացարձակ չէ: Այսպես, բանավոր քննության բացակայությունը կարող է համատեղելի լինել 6-րդ հոդվածի պահանջների հետ, երբ քննության ենթակա հարցը չի բարձրացնում փաստի կամ իրավունքի հետ կապված այնպիսի հարց, որը կարող է պատշաճ ձևով լուծվել գործի նյութերի հիման վրա` առանց կողմերի բանավոր դիտարկումների (Elsholz v. Germany, Judgment of 13 July 2000, p.66, Fredin v. Sweden (no. 2), Judgmeut of 23 February 1994, pp. 21-22; Fischer v. Austria, Judgment of 26 April 1995, p. 44)»,

- Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով գրավոր դատաքննությունը գնահատվում է որպես արդար և հրապարակային, եթե՝ ա) պայմանավորված է բացառիկ հանգամանքներով, բ) իրականացվում է ողջամիտ ժամկետներում, ինչպես նաև արագ դատաքննություն ապահովելու նկատառումներով, գ) պայմանավորված է քննվող գործի առանձնահատկությամբ, դ) սկզբունքորեն կիրառվում է իրավունքի վերաբերյալ հարցեր լուծելիս, ինչպես նաև փաստական այնպիսի հանգամանքներ քննելիս, որոնք արդարացված են գրավոր ընթացակարգի պայմաններում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում նշել է նաև, որ այն դեպքում, երբ դատարանը քննում է փաստի վերաբերյալ հարց, և պետք է լսել դատաքննության կողմի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ, ապա դատաքննությունն անհրաժեշտ է իրականացնել բանավոր ընթացակարգով (Ֆիշերն ընդդեմ Ավստրիայի (Fischer v. Austria) գործով 2001 թվականի օգոստոսի 29-ի վճիռը, գանգատ թիվ 37950/97, կետ 44, Մալհուսն ընդդեմ Չեխիայի (Malhous v. the Czech Republic) գործով 2001 թվականի հուլիսի 12-ի վճիռը, գանգատ թիվ 33071/96, կետ 60, Միլլերն ընդդեմ Շվեդիայի (Miller v. Sweden) գործով 2005 թվականի փետրվարի 8-ի վճիռը, գանգատ թիվ 55853/00, կետ 34):

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործերի քննության բանավոր և գրավոր ընթացակարգերի կիրառումը կախված է ինչպես դատական ատյանի գործունեության, այնպես էլ կոնկրետ գործի առանձնահատկություններից: Միևնույն ժամանակ օրենսդրությամբ նախատեսված են այն հիմնական սկզբունքները, որոնք անհրաժեշտության դեպքում ապահովում են բանավոր քննության իրականացումը, մնացած դեպքերում գործի քննության գրավոր ընթացակարգը հրապարակայնության հետ կապված խնդիրներ չի հարուցում:

4.3. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող դրույթին անդրադառնալ նաև իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից՝ հաշվի առնելով, մասնավորապես.

ա) բանավոր ընթացակարգին անցնելու պայմանների հստակությունը,

բ) բողոք բերողի համար բանավոր ընթացակարգին անցնելու կանխատեսելիությունը:

Իրավական որոշակիության սկզբունքն ընկած է Սահմանադրության անփոփոխելի 1-ին հոդվածի հիմքում, որով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Իրավական պետությունը ենթադրում է իրավական օրենքի առկայություն, որը պետք է լինի հնարավորինս հստակ ու որոշակի և հնարավորություն տա դրա հասցեատերերին ձևավորելու և դրսևորելու համապատասխան վարքագիծ: Վերոնշյալ դիրքորոշումը հաստատվում է Սահմանադրական դատարանի 08.04.2008թ. ՍԴՈ-753 որոշմամբ, որում, մասնավորապես, նշվում է. «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն։ Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում։ Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը»:

Անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին` Սահմանադրական դատարանն իր մեկ այլ` ՍԴՈ-1176 որոշմամբ կարևորել է նաև օրենսդրության մեջ կիրառվող հասկացությունների հստակությունը, նշելով, որ «…իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության»:

Վերոգրյալով պայմանավորված՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է ինչպես հնարավորինս հստակ իրավակարգավորման առկայություն, այնպես էլ դրա կանխատեսելիության ապահովում: Մասնավորապես, իրավակարգավորման ձևակերպումը պետք է հնարավորություն տա անձին ոչ միայն դրան համապատասխան ձևավորելու իր վարքագիծը, այլև կանխատեսելու, թե ինչպիսի՞ն կարող են լինել հանրային իշխանության գործողությունները, և ի՞նչ հետևանքներ կառաջանան տվյալ իրավակարգավորման կիրառման արդյունքում:

Հիշյալ վերլուծությունները կիրառելով սույն գործով վիճարկվող դրույթի նկատմամբ` Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

1) վիճարկվող դրույթը սահմանում է Վճռաբեկ դատարանում բողոքի քննության կարգը, որի բովանդակությունից հետևում է, որ վարույթ ընդունված բողոքները քննվում և դրանց վերաբերյալ որոշումները կայացվում են գրավոր ընթացակարգով, միաժամանակ նախատեսելով բացառություն, երբ բողոքի քննությունը կարող է իրականացվել դատական նիստում, եթե Վճռաբեկ դատարանը գալիս է նման եզրահանգման: Այսինքն, վճռաբեկ բողոքների քննության ընդհանուր կանոնը գրավոր ընթացակարգն է, որից բացառություններ կատարվում են այն դեպքերում, երբ Վճռաբեկ դատարանը գործի բանավոր քննությունը համարում է անհրաժեշտ,

2) օրենսդիրը վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստով իրականացնելու վերաբերյալ որոշում կայացնելու իրավասությունն արդարացիորեն թողել է Վճռաբեկ դատարանի հայեցողությանը, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ յուրաքանչյուր գործ բնորոշվում է իրեն ներհատուկ առանձնահատկություններով, ուստի միայն գործի ուսումնասիրման արդյունքում է հնարավոր պարզել այդ գործի բանավոր քննության անհրաժեշտության առկայության կամ բացակայության հարցը,

3) անդրադառնալով դիմողների այն դիրքորոշմանը, որ վիճարկվող դրույթով սահմանված չէ, թե որ դեպքերում է բողոքի քննությունն իրականացվում դատական նիստում, Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքի որոշակիության պահանջ նախատեսելով հանդերձ՝ հնարավոր չէ բոլոր հարցերի կարգավորումը նախատեսել բացառապես օրենքով, այդ պատճառով այս հարցում կարևորվում է հատկապես դատական ատյանների կողմից օրենքի հստակ մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր՝ 03.05.2016թ. ՍԴՈ-1270 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ՝ «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով»: Վերոգրյալը հաստատվում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով, մասնավորապես, Բուսույոկն ընդդեմ Մոլդովայի (Case of Busuioc v. Moldova, application no. 61513/00, 21/12/2004) վճռում դատարանը գտել է. «...որ թեև օրենքում որոշակիությունը մեծապես ցանկալի է, սակայն դա կարող է հանգեցնել չափազանց կոշտության, և օրենքը պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին։ Հետևաբար, շատ օրենքներ անխուսափելիորեն ձևակերպվում են այնպիսի հասկացություններով, որոնք քիչ թե շատ անորոշ են, և որոնց մեկնաբանությունը և կիրառումը պրակտիկայի խնդիր է»:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

2 ապրիլի 2019 թվականի

ՍԴՈ-1452

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան