ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/1585/05/10 Վարչական գործ թիվ ՎԴ/1585/05/10 Դատավորներ՝ Լ. Սոսյան Ա. Սարգսյան
Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2011 թվականի փետրվարի 02-ին,
քննարկելով ՀՀ վարչական դատարանի 25.06.2010 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Աշոտ Սաֆարյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Աշոտ Սաֆարյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն), երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության` ստուգման հանձնարարականի, ստուգման արդյունքում վարչական տուգանքի ենթարկելու մասին վարչական ակտի և նույն ակտի բողոքարկման արդյունքում ընդունված որոշման նկատմամբ ամբողջությամբ անվավերության հետևանք կիրառելու և անհիմն վարչական տուգանքը վերացնելու պահանջների մասին:
ՀՀ վարչական դատարանի 18.05.2010 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքերով:
ՀՀ վարչական դատարանի 10.06.2010 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերի հիմքերով:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 25.06.2010 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 10.06.2010 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Աշոտ Սաֆարյանի բերած բողոքը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Սաֆարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 5-րդ, 14.1-րդ, 18-րդ, 19-րդ, 27-րդ հոդվածները, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 7-րդ, 8-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 13-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետը, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ, 8-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ հոդվածները, 15-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 65-րդ, 66-րդ, 72-րդ, 78-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանն Աշոտ Սաֆարյանի հայցադիմումի վարույթ ընդունելը մերժել է այն պատճառաբանությամբ, որ իբրև պարզ չէ, թե դրանով վերջինս ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ գլխով նախատեսված որ հայցատեսակներն է ի նկատի ունեցել: Մինչդեռ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ և 78-րդ հոդվածներով հայցատեսակի անհասկանալի լինելը նախատեսված չէ որպես հայցադիմումը վերադարձնելու նախապայման: Բացի այդ, Դատարանը չի մատնանշել, թե Աշոտ Սաֆարյանը նշված հոդվածների կոնկրետ որ պահանջն է խախտել: Միաժամանակ, եթե որևէ հայցապահանջի բնույթը հստակ չէ, սակայն այդ գործն ընդդատյա է ՀՀ վարչական դատարանին, ապա վերջինս իրավասու է հայցապահանջի կոնկրետ տեսակը հստակեցնել գործով նախնական լսումների ժամանակ: Մասնավորապես` այդ նպատակով կողմին տրված է բացատրություններ տալու իրավունք, իսկ տվյալ դեպքում Դատարանն Աշոտ Սաֆարյանին դիրքորոշում հայտնելու համար չի տրամադրել լիարժեք հնարավորություն:
Նշվածի հետևանքով Դատարանը խախտել է Աշոտ Սաֆարյանի` խախտված իրավունքները վերականգնելու համար անկախ և անաչառ դատարանի կողմից արդարացի և հրապարակային քննության հիմնարար իրավունքը:
Դատարանն անտեսել է, որ անվավերության հետևանքի կիրառմամբ վարչական ակտի վիճարկումն ուղղակիորեն հանդիսանում է վիճարկման հայցատեսակ: Այսինքն` անվավերության հետևանքի կիրառման մասին պահանջը կիրառվում է վիճահարույց դեպքում և իրենից ներկայացնում է վիճարկում: Նմանապես վարչական ակտը վերացնող նոր վարչական ակտի ընդունում պահանջելը հանդիսանում է պարտավորեցման հայցատեսակ:
Դատարանը հաշվի չի առել, որ դեռևս 18.05.2010 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանն արդեն մեկ անգամ վերադարձրել էր Աշոտ Սաֆարյանի հայցադիմումը` պատճառաբանելով նաև, որ չի ներկայացվել պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական տուրքի վճարումը հետաձգելու, տարաժամկետելու կամ նվազեցնելու մասին միջնորդություն: Մինչդեռ, Աշոտ Սաֆարյանի ներկայացրած հայցադիմումին կցված էր պետական տուրքի վճարումը հետաձգելու և գործի քննության արդյունքում հայցապահանջները բավարարելու դեպքում պետական տուրքի գումարը Տեսչությունից բռնագանձելու մասին միջնորդությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Դատարանի 25.06.2010 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք …:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ կարող է ներկայացվել պահանջ այն հետևանքները վերացնելու մասին, որոնք առաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե`
հայցը ենթակա չէ վարչական դատարանում քննության.
նույն օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի թերությունները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վարչական դատարան դիմելու, հետևաբար նաև վարչական-դատավարական կարգով խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանություն իրականացնելու անձի իրավունքը բացարձակ բնույթ չունի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով այն կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այնպիսին, որոնցով խաթարվի այդ իրավունքի, հետևաբար նաև արդարադատության բուն էությունը, քանի որ որևէ սահմանափակում անհամատեղելի է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե այդ նպատակի և գործադրվող միջոցների միջև առկա չէ ողջամիտ հավասարակշռված կապ:
Սույն գործով Դատարանը բողոքը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Աշոտ Սաֆարյանը չի պահանջում ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը, այլ պահանջում է որոշման նկատմամբ ամբողջությամբ կիրառել անվավերության հետևանք, որպիսի պահանջը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի իմաստով չի հանդիսանում վիճարկման հայց, իսկ ներկայացված մյուս պահանջով ոչ թե պահանջում է ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից կամ որը նա չի ընդունել, այլ` վերացնել անհիմն վարչական տուգանքը, որպիսի պահանջը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի իմաստով չի հանդիսանում պարտավորեցման հայց: Այսպիսով, Աշոտ Սաֆարյանը չի վերացրել ՀՀ վարչական դատարանի 18.05.2010 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ նշված` պահանջին վերաբերող հայցադիմումի թերությունները, իսկ նշված թերությունները չվերացնելն արգելք է գործի քննության համար:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանության հետևանքով Աշոտ Սաֆարյանը զրկվել է արդարության բոլոր պահանջների պահպանմամբ անկախ և անկողմնակալ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության սահմանադրական իրավունքից:
Այսպես, Աշոտ Սաֆարյանը, դիմելով դատարան, պահանջել է ստուգման հանձնարարականի, ստուգման արդյունքում վարչական տուգանքի ենթարկելու մասին վարչական ակտի և նույն ակտի բողոքարկման արդյունքում ընդունված որոշման նկատմամբ ամբողջությամբ կիրառել անվավերության հետևանք և վերացնել անհիմն վարչական տուգանքը:
Այսինքն` Աշոտ Սաֆարյանն ըստ էության վիճարկել է վարչական մարմնի կողմից վարչական ակտով առաջադրված պարտավորության իրավաչափությունը, որպիսի պահանջը համապատասխանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցի հատկանիշներին, ինչպես նաև ներկայացրել է հետևանքների վերացման ածանցյալ պահանջ, որպիսի իրավունքից վերջինս օգտվում է նույն օրենսգրքի 70-րդ հոդվածով:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Դատարանի այն հետևությունը, որ Աշոտ Սաֆարյանի հայցադիմումի թերությունները չվերացնելն արգելք է գործի քննության համար:
Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ դեռևս 18.05.2010 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանն արդեն մեկ անգամ վերադարձրել էր Աշոտ Սաֆարյանի հայցադիմումը` պատճառաբանելով նաև, որ չի ներկայացվել պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական տուրքի վճարումը հետաձգելու, տարաժամկետելու կամ նվազեցնելու մասին միջնորդություն, մինչդեռ, Աշոտ Սաֆարյանի ներկայացրած հայցադիմումին կցված էր պետական տուրքի վճարումը հետաձգելու և գործի քննության արդյունքում հայցապահանջները բավարարելու դեպքում պետական տուրքի գումարը Տեսչությունից բռնագանձելու մասին միջնորդությունը, ապա Վճռաբեկ դատարանը նշված փաստարկը չի քննարկում, քանի որ սույն գործով վճռաբեկության կարգով բողոքարկվել է Դատարանի 25.06.2010 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը, որով ՀՀ վարչական դատարանի 10.06.2010 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Աշոտ Սաֆարյանի բերած բողոքը մերժվել է, իսկ ՀՀ վարչական դատարանի 10.06.2010 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերի հիմքերով: Բացի այդ, Աշոտ Սաֆարյանը, ՀՀ վարչական դատարանի 18.05.2010 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը ստանալուց հետո կրկին ներկայացնելով հայցադիմում, դրա համար արդեն իսկ վճարել էր 4.000 ՀՀ դրամ պետական տուրք:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական դատարանի 25.06.2010 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 10.06.2010 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Ե. Սողոմոնյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Գ. Հակոբյան Է. Հայրիյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Տ. Պետրոսյան