ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1262/02/17 Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1262/02/17 Դատավորներ՝ Գ. Խանդանյան Հ. Ենոքյան
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Միքայելյան | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2018 թվականի նոյեմբերի 08-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Երեմիա Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.04.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ «Սամվել Ավագյան և Որդիներ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), Սամվել, Արամ, Արթուր Ավագյանների, Սեդա Մկրտիչյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությունից, Սամվել, Արթուր և Արամ Ավագյաններից համապարտության կարգով բռնագանձել 20.406,95 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պարտավորության ընդհանուր գումար, որից որպես վարկի մնացորդ` 19.465,87 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, հաշվեգրված տոկոս` 815,55 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և տույժ` 125,53 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Վարկի մնացորդին` 19.465,87 ԱՄՆ դոլարին, հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ պայմանագրի 1.2 կետով նախատեսված տարեկան 13%-ի չափով` սկսած 08.03.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ, վարկի ժամկետանց գումարների չմարված մնացորդներին, ինչպես նաև ժամկետներում չվճարված տոկոսագումարներին` սկսած 08.03.2017 թվականից մինչև ժամկետանց գումարների և տոկոսագումարների փաստացի վճարման օրը, հաշվեգրել և բռնագանձել պայմանագրի 1.4 կետով նախատեսված 0,2 տոկոսի չափով տուժանք կետանցի յուրաքանչյուր օրվա համար, բռնագանձումը տարածել գրավադրված գույքերի` ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Անդրանիկի փողոց, 1 կրպակաշար 1/5, ք. Երևան, Շենգավիթ, Աէրացիա փողոց 1/1 շենք, թիվ 9 և ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Անդրանիկի փողոց, 1 կրպակաշար 1/3 հասցեներում գտնվող անշարժ գույքերի վրա:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 22.02.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.04.2018 թվականի որոշմամբ Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Վահե Արմենակյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է` տրամադրվելով ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արթուր Ավագյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 144-րդ և 213-րդ հոդվածները, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Սույն գործով Վերաքննիչ դատարանը չի իրականացրել բողոքին կից ներկայացված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, իսկ նրա եզրահանգումները և դատողությունները չեն բխում գործում առկա ապացույցներից: Մասնավորապես` սույն գործով բողոք բերած անձը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է միջնորդություն, որով խնդրել է հետաձգել պետական տուրքի վճարումը և դրան անդրադառնալ վերջնական դատական ակտով: Միջնորդության հետ ներկայացվել է զբաղվածության կենտրոնի կողմից տրված տեղեկանք առ այն, որ բողոք բերած անձը հաշվառված է որպես գործազուրկ: Այսինքն` բողոք բերած անձն ըստ էության չի հրաժարվել պետական տուրքի վճարումից, այլ ելնելով գույքային դրությունից` օրենքով սահմանված կարգով ներկայացրել է միջնորդություն և այն հիմնավորող ապացույց, որը, սակայն, Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չի առնվել: Ավելին` Վերաքննիչ դատարանը 11.04.2018 թվականի որոշման մեջ որևէ կերպ չի անդրադարձել նշված ապացույցին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 11.04.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի և իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի խախտման հետևանքով բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից (...):
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` պետական տուրքը վճարվում է դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դիմումների և միջնորդությունների քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` (...) դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում (...):
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:
ՀՀ սահմանադրական դատարանը, 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետը դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորություն է երաշխավորում ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար: Ընդ որում, համապատասխան արտոնությունները, ի թիվս այլոց, ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման խնդրին, արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից, և այդ արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հարցին, նշել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե´ս, «Կոնվերս Բանկ›» ՓԲԸ-ն ընդդեմ Հասմիկ Ափինյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0536/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռել է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն ելնելով կողմերի գույքային դրությունից` անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե´ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):
Ի հավելումն վերոգրյալի` ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նաև նշել, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, Խաչատուր Շահինյանն ընդդեմ Հայկ Մելքոնյանի թիվ ԵՄԴ/3578/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Արթուր Ավագյանի ներկայացուցիչը 30.03.2018 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 22.02.2018 թվականի վճռի դեմ (գ.թ. 169-171): Միաժամանակ վերաքննիչ բողոքին կից ներկայացվել են վերաքննիչ բողոքի համար բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություններ (գ.թ. 172-174): Ընդ որում, պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը ներկայացվել է այն պատճառաբանությամբ, որ Արթուր Ավագյանը գտնվում է նյութական ծանր կացության մեջ, որևէ տեղ չի աշխատում, հաշվառված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության կենտրոնում` որպես գործազուրկ: Միջնորդությանը կից ներկայացվել է նաև 28.03.2018 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Մալաթիա-Սեբաստիայի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տրված տեղեկանքը (գ.թ. 175)։
Վերաքննիչ դատարանը, 11.04.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ մերժելով պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին Արթուր Ավագյանի ներկայացուցչի միջնորդությունը, պատճառաբանել է, որ բողոք բերած անձը չի ներկայացրել միջնորդությունը հիմնավորող համապատասխան ապացույցներ այն մասին, որ պատասխանողի գույքային դրությունը տուրքի վճարման համար արտոնություններ կիրառելու հիմքեր է առաջացնում, մինչդեռ պետական տուրքի գծով արտոնությունները, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն, դատարանը կարող է կիրառել միայն անձի գույքային դրության հաշվառմամբ: Նշված որոշմամբ Արթուր Ավագյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է և սահմանվել է ժամկետ` բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերը նշված որոշման պատճառաբանական մասում բացակայում է տվյալ միջնորդությանը կից ներկայացված ապացույցի վերաբերյալ որևէ դիրքորոշում կամ փաստարկված եզրահանգում, ինչպես նաև առկա չէ որևէ անդրադարձ վերաքննիչ բողոք բերած անձի մյուս միջնորդությանը` վերաքննիչ բողոքի համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ (գ.թ. 177)։
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` Դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ` հավանական եզրակացություններ (...) (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):
Վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանության հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը արձանագրում է հետևյալը.
«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` «գործազուրկ»-ը տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած` աշխատանք փնտրող և նույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով չզբաղված անձն է, որն աշխատանք գտնելու նպատակով հաշվառված է լիազորված մարմնում, պատրաստակամ է անցնելու հարմար աշխատանքի և ստացել է գործազուրկի կարգավիճակ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված նորմի իրավական վերլուծությանը, արձանագրել է, որ գործազուրկի կարգավիճակ ձեռք բերելու հանգամանքը վկայում է անձի` որոշակի սոցիալական աջակցության անհրաժեշտության մասին, որպիսի փաստական հանգամանքի առկայությունը, գործում հակառակը հավաստող ապացույցների բացակայության պայմաններում, ևս կարող է վկայել պետական տուրքի գծով արտոնություն հայցող անձի` գույքային ծանր դրության վերաբերյալ (տե´ս, Խաչատուր Շահինյանն ընդդեմ Հայկ Մելքոնյանի թիվ ԵՄԴ/3578/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պետական տուրքի գծով արտոնությունները, այդ թվում` դրա տարաժամկետումը կամ վճարման հետաձգումը, նպատակ են հետապնդում վերացնել արդարադատության մատչելիության այնպիսի խոչընդոտները, որոնք պայմանավորում են անձի մոտ համապատասխան միջոցների բացակայության պատճառով դատարան դիմելու, վերադաս ատյան բողոք ներկայացնելու անհնարինությունը: Այդ նպատակից ելնելով` օրենսդիրը, ի տարբերություն պետական տուրքի վճարումից ազատելու ձևով արտոնություն սահմանելուն, դատարանի համար առավել լայն հայեցողական լիազորություն է սահմանել պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ հետաձգելու հարցում: Վերջինս պայմանավորված է դատարանի դերով` որպես արդարադատություն իրականացնող մարմնի, որը միաժամանակ պետք է ապահովի անձի արդարադատության մատչելիության իրավունքը (տե'ս, Դավիթ Սաակյանն ընդդեմ Լյուսա Սահակյանի և մյուսների թիվ ԵՔԴ/0820/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2009 թվականի որոշումը):
Սույն գործով Արթուր Ավագյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքին կից ներկայացված միջնորդությամբ խնդրել է հետաձգել պետական տուրքի վճարումը և որպես իր միջնորդության հիմնավորում նշել է գործազուրկ լինելու հանգամանքը, ի հաստատում որի` ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Մալաթիա-Սեբաստիայի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից 28.03.2018 թվականին տրված թիվ 04/33 տեղեկանքը, ըստ որի` Արթուր Ավագյանը 28.03.2018 թվականից ունի գործազուրկի կարգավիճակ:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում հակառակը հավաստող ապացույցների բացակայության պայմաններում Արթուր Ավագյանի գործազուրկ լինելու փաստն ինքնին վկայում է բողոք բերած անձի գույքային ծանր դրությունը: Հետևաբար Վճռաբեկ դատարանի դիտարկմամբ Վերաքննիչ դատարանը սույն գործով առաջին հերթին պետք է առաջնորդվեր անձի արդարադատության մատչելիության ապահովման սկզբունքով և ելներ այդ իրավունքը ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում ապահովելու նպատակից: Նշված հանգամանքը պարտավորեցնում է դատարանին իր հայեցողական լիազորություններն իրականացնել` ելնելով անձի հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման գերակայությունից:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ակտը, որով ըստ էության չի լուծվում գործը, կայացվում է որոշման ձևով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն`
1) դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու ամսաթիվը, վեճի առարկան.
2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը).
3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում.
4) շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքներ և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.
5) եզրահանգումը քննարկվող հարցով.
6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանը, նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ակտը, որով ըստ էության չի լուծվում գործը, կայացվում է որոշման ձևով, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվի եզրահանգումը քննարկվող հարցով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով վերոգրյալ իրավանորմերը, արձանագրել է, որ գործն ըստ էության չլուծող և առանձին դատական ակտի ձևով կայացվող դատական ակտի եզրափակիչ մասում ձևակերպվում է դատարանի վերջնական եզրահանգումն այն հարցի շուրջ, որի քննարկման արդյունքում կայացվում է այդ որոշումը: Ընդ որում, միջանկյալ դատական ակտի եզրափակիչ մասում դատարանի կողմից կատարվող եզրահանգումը պետք է ունենա հստակ, միանշանակ, անպայմանական, հրամայական, կատեգորիկ բնույթ և բացառի որոշումը մեկնաբանելու անհրաժեշտությունը: Այսինքն` գործն ըստ էության չլուծող դատական ակտի եզրափակիչ մասը պետք է լրիվ և սպառիչ կերպով պատասխանի դատարանի առջև բարձրացած այն բոլոր հարցերին, որոնց լուծման նպատակով կայացվում է այդ դատական ակտ (տե´ս, Խաչատուր Շահինյանն ընդդեմ Հայկ Մելքոնյանի թիվ ԵՄԴ/3578/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված այս կամ այն միջնորդության քննարկման արդյունքում կայացվող որոշման եզրափակիչ մասում, մասնավորապես, դատարանը պարտավոր է նախևառաջ անդրադառնալ այդ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու հարցին, այնուհետև՝ այդ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու դատավարական հետևանքներին: Այլ կերպ ասած՝ դատարանը պարտավոր է խնդրո առարկա միջանկյալ դատական ակտերի եզրափակիչ մասում արտացոլել դատավարության մասնակիցների կողմից ներկայացված միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին իր եզրահանգումը, որը պետք է ունենա հստակ, միանշանակ և հրամայական բնույթ: Համապատասխան միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին դատարանի եզրահանգումը որոշման եզրափակիչ մասում հստակ, միանշանակ և հրամայական կերպով ձևակերպելուց հետո միայն դատարանը կարող է անցնել իր որոշման եզրափակիչ մասում այդ եզրահանգման դատավարական հետևանքի ամրագրմանը, որը ևս պետք է համապատասխանի վերոգրյալ չափանիշներին (տե՛ս, ըստ Մարուսյա Խոջումյանի դիմումի թիվ ԵԿԴ/1324/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.01.2016 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ շահագրգիռ անձը, իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը, հետևաբար, այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը: Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարված չլինելու հանգամանքը և պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդության բացակայությունը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի կողմից պետական տուրքը վճարված չլինելու դեպքում պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդության մերժումը հանդիսանում են վերաքննիչ բողոքի վերադարձման հիմք: Հետևաբար այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքին կցված է կամ բողոքում ներառված է պետական տուրքի վճարման արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդություն, վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ այդ միջնորդությանը և դրա քննարկման արդյունքում որոշում կայացնելուց հետո միայն որոշել վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ վարույթ ընդունելու հարցը (տե´ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Վերաքննիչ դատարանը 11.04.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման պատճառաբանական մասում անդրադարձել է վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Արթուր Ավագյանի ներկայացուցչի միջնորդությանը` նշելով, որ այն ենթակա է մերժման` անհիմն լինելու պատճառաբանությամբ: Մինչդեռ 11.04.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման եզրափակիչ մասում միջնորդությունը մերժելու կամ բավարարելու և դրա արդյունքում պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ չհետաձգելու վերաբերյալ որևէ եզրահանգում չի կատարել:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված է եղել նաև վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, որին Վերաքննիչ դատարանն իր 11.04.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ (ինչպես պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասերում) որևէ անդրադարձ չի կատարել:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արթուր Ավագյանի ներկայացուցչի` վերաքննիչ բողոք բերելու համար պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդության կապակցությամբ, ինչպես նաև վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությանն անդրադառնալու և Վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելու համար սույն գործը ենթակա է նոր քննության, և միջնորդությունների քննարկումից ու լուծումից հետո միայն Վերաքննիչ դատարանը պետք է որոշի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանի դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.04.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Ս. Միքայելյան Ե. Խունդկարյան Գ. Հակոբյան Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|