Գլխավոր տեղեկություն
Համար
N 243-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.03.2019-30.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.03.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 2017 թվականի N 243-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, 13-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 355-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ, 32-րդ, 33-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրել գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ (այսուհետ՝ հիմնադրամ):

2. Սահմանել, որ հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն է:

3. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

4. Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Գեղամ Վարդանի Գևորգյանին (նույնականացման քարտ՝ 008936155, տրված՝ 19.12.2016 թ., 011-ի կողմից), պետական գրանցման պահից հիմնադրամի գործադիր տնօրեն նշանակել Գեղամ Վարդանի Գևորգյանին (նույնականացման քարտ՝ 008936155, տրված՝ 19.12.2016 թ., 011-ի կողմից):

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ նախաձեռնել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին թվագրված վարկային համաձայնագրի (վարկ ՀՄ. 8374-AM), ֆինանսավորման համաձայնագրերի (փոխառություն ՀՄ. 5504-AM և 5505-AM)ուղղ. համապատասխան փոփոխություններ՝ այդ համաձայնագրերի իրականացումը վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

(5-րդ կետը փոփ. 21.03.19 N 283-Ա)

6. Սույն որոշման 5-րդ կետով սահմանված համապատասխան փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ՝ ԳԾԻԳ) գործունեությունը:

7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հիմնադրամի պետական գրանցումը և դրա հիմնադրի՝ օրենքով սահմանված մյուս լիազորությունների իրականացումը.

2) ԳԾԻԳ-ի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշման 5-րդ կետով սահմանված համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին.

 3) սույն որոշման 5-րդ կետով սահմանված համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ավարտել ԳԾԻԳ-ի գործունեության դադարեցման աշխատանքները.

4) սույն որոշման 5-րդ կետով սահմանված համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հաշվեկշում առկա և ԳԾԻԳ-ին ժամանակավոր օգտագործման տրված, ինչպես նաև ԳԾԻԳ-ի հաշվեկշռում առկա գույքը հետ վերցնել և նվիրաբերել հիմնադրամին՝ գույքի նպատակային նշանակության օգտագործման պայմանով:

8. Սահմանել, որ ԳԾԻԳ-ի պարտատերերի հետ հաշվարկներն ավարտվելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

9. Հիմնադրամի գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 16

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

մարտի 9-ի N 243-Ա որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Հիմնադրամն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ու «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի լիազորած մարմինը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն է:

4. Հիմնադրամի անվանումն է`

1) հայերեն լրիվ` Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ.

2) հայերեն կրճատ` ԳԶՀ.

3) ռուսերեն լրիվ` Фонд развития сельского хозяйства.

4) ռուսերեն կրճատ` ФРСХ.

5) անգլերեն լրիվ` Agriculture development fund.

6) անգլերեն կրճատ` ADF:

5. Հիմնադրամի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:

6. Հիմնադրամի գործունեությունն անժամկետ է:

7. Հիմնադրամի շահառուներն են գյուղատնտեսության բնագավառի միջազգային կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունները, ֆիզիկական անձինքուղղ.:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

8. Հիմնադրամի առաքելությունն է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման խթանումը: Հիմնադրամն իր առաքելության իրագործմանը ձգտում է հետևյալ նպատակների իրականացման միջոցով`

1) գյուղատնտեսության մրցունակության բարձրացում.

2) գյուղատնտեսության ոլորտի ներդրումների ներգրավում.

3) գյուղատնտեսական արտադրանքի արտահանման խթանում.

4) գյուղատնտեսության ոլորտի կարողությունների զարգացում.

5) գյուղատնտեսության բնագավառում ռազմավարական ծրագրերի մշակում:

9. Հիմնադրամի հիմնական գործառույթներն են`

1) երկրի վարկանիշի ձևավորմանը, բարձրացմանը և խթանմանը նպաստելը.

2) տնտեսական միջավայրը, ներդրումները, գյուղատնտեսության ոլորտը կարգավորող բարենպաստ օրենսդրական դաշտի ձևավորման ու վարչարարական խոչընդոտների վերացման միջոցառումների մշակմանն աջակցելը և մասնակցությունը դրա իրականացմանը.

3) պետական մարմինների և գործարարների միջև համագործակցությանը նպաստելը, գյուղատնտեսության ոլորտին առնչվող համատեղ ծրագրերի իրականացումը.

4) իր իրավասությունների սահմաններում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցումը և համատեղ ծրագրերի իրականացումը.

5) գյուղատնտեսության ոլորտին առնչվող ծրագրերի մշակմանը մասնակցությունը, իրականացումը և համակարգումը, առանձին դեպքերում՝ ծրագրերում ներդրումներ իրականացնելու միջոցով.

6) գյուղատնտեսության ներդրումային վարկանիշի ձևավորմանը նպաստելը.

7) գյուղատնտեսության ոլորտում ներդրողների միջև պոտենցիալ գործարար գործընկերության խթանումն ու համակարգումը.

8) մասնավոր հատվածի հետ համատեղ գյուղատնտեսական ներդրումային ծրագրերի մշակումը, կառավարումը, ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության գործիքների կիրառումը, ծրագրերի իրականացմանը շարունակական աջակցությունը.

9) Հայաստանի գյուղատնտեսության մրցակցային առավելությունների խթանումը.

10) կազմակերպությունների և (կամ) ֆիզիկական անձանց` ցուցահանդեսներին, տոնավաճառներին, համտեսներին, համաժողովներին, սեմինարներին և այլ համանման միջոցառումներին մասնակցությանն աջակցելը, ինչպես նաև դրանց կազմակերպումը.

11) մասնագետների պատրաստման և վերապատրաստման ծրագրերի մշակումն ու իրականացումը, տեղեկատվական ցանցի ստեղծումը.

12) գիտական սեմինարների, համաժողովների անցկացումը և ցուցահանդեսների կազմակերպումը.

13) գյուղատնտեսության բնագավառի գիտական հետազոտությունների արդյունքների օգտագործմանը, առանձին գիտահետազոտական ծրագրերի իրականացման և դրանց արդյունքների ներդրմանն աջակցությունը.

 14) ոլորտային միավորումների և առանձին կազմակերպությունների միջև համագործակցության խթանումը.

15) գիտական արդյունքի առևտրայնացմանն ու տեխնոլոգիաների փոխանցմանն աջակցելը.

16) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և հիմնադրամի նպատակից բխող այլ գործառույթներ:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

10. Հիմնադրամը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:

11. Հիմնադրամն օգտվում է իրավաբանական անձի համար օրենքով սահմանված բոլոր իրավունքներից և կրում է համապատասխան պարտականություններ:

12. Հիմնադրամն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում հաշվարկային ու այլ հաշիվներ, իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և այլ անհատականացման միջոցներ:

13. Հիմնադրամն իր անունից կարող է ձեռք բերել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով:

14. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

15. Հիմնադրամն իր կանոնադրության նպատակներին համապատասխան իրավունք ունի՝

1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.

2) հիմնադրելու մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

3) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.

4) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու նրանց մասնակիցը.

5) ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքելու պայմանագրեր.

6) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:

16. Հիմնադրամը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ միայն այն դեպքում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար ստեղծվել է հիմնադրամը և համապատասխանում է այդ նպատակներին:

17. Հիմնադրամը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`

1) հրատարակչական գործ.

2) խորհրդատվական ծառայությունների մատուցում.

3) տեղեկատվության տրամադրում.

4) ուսուցման կազմակերպում.

5) գյուղացիական տնտեսություններին սերմնանյութի, տնկանյութի տրամադրման կազմակերպում:

18. Իր առջև դրված նպատակների արդյունավետ կատարումն ապահովելու համար հիմնադրամը`

1) ներգրավում է միջոցներ՝ իր կանոնադրական նպատակների իրականացման համար.

2) համագործակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, միջազգային տնտեսական ու ֆինանսական կառույցների, գործակալությունների և հիմնադրամների հետ:

19. Հիմնադրամը պարտավոր է՝

1) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

2) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

3) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

20. Հիմնադրի` հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:

21. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում ու տնօրինում է իրեն պատկանող և իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

22. Հիմնադրամը որպես սեփականություն կարող է ունենալ շարժական և անշարժ գույք, դրամական միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք:

23. Հիմնադրամի գույքի` ներառյալ ֆինանսական միջոցները, գոյացման աղբյուրը կարող են լինել`

1) հիմնադրի կամավոր ներդրումները.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը.

3) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվություններն ու նվիրաբերությունները.

4) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

5) դրամաշնորհները.

6) Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ աղբյուրներ:

24. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների՝ բացառությամբ աշխատողների աշխատավարձի և, հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված, փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադրամի հիմնադիրը, հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները սույն կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

25. Հիմնադրամի մարմիններն են`

1) հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը` հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` խորհուրդ).

2) հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարող կառավարիչը` հիմնադրամի գործադիր տնօրենը:

26. Խորհուրդը բաղկացած է 5 անդամից: Ի պաշտոնե խորհրդի նախագահն է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը: Խորհրդի մեկական անդամ նշանակվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից: Խորհրդի անհատական կազմը ձևավորվում է խորհրդի նախագահի իրավական ակտով:

27. Խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին գործադիր տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում:

28. Խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրենը տեղեկացնում է հիմնադրին, խորհրդի անդամներին ներկայացրած և նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:

29. Խորհրդի իրավասությանն են պատկանում`

1) հիմնադրամի ռազմավարական և տարեկան ծրագրերի հաստատումը.

2) հիմնադրամի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.

3) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

4) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.

5) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

6) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.

7) խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

8) հիմնադրամի գործադիր տնօրենի և սույն կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության ու նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

9) սույն կանոնադրությամբ նախատեսված հիմնադրամի այլ մարմինների ձևավորումը.

10) սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխությունը, կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին որոշումների ընդունումը.

11) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.

12) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

13) տարեկան մեկ անգամ գործադիր տնօրենի հաշվետվությունները լսելը.

14) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

15) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.

16) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.

17) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.

18) գործադիր տնօրենի աշխատանքային պայմանների և գործադիր տնօրենի թեկնածուի նկատմամբ պահանջների սահմանումը.

19) իր կազմից խորհրդի քարտուղարի ընտրությունը.

20) «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

30. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները, կարող է կազմավորել հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր.

2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք.

3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.

4) գործադիր տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր.

5) օրենքով նախատեսված դեպքերում խորհրդի քննարկմանն է ներկայացնում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ:

31. Հիմնադրամի գործադիր տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարման բոլոր հարցերը:

32. Հիմնադրամի գործադիր տնօրենը`

1) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.

2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

3) գործում է առանց լիազորագրի.

4) տալիս է լիազորագրեր.

5) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

6) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

7) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.

8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

9) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է հիմնադրամի աշխատողներին.

10) հիմնադրամի աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

11) հաշվետու է խորհրդին:

33. Հիմնադրամի գործադիր տնօրենն այլ կազմակերպություններում կարող է զբաղեցնել վճարովի պաշտոններ՝ միայն խորհրդի համաձայնությամբ:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

34. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է տարեկան 2 անգամ գումարվող հերթական նիստերի միջոցով: Խորհրդի արտահերթ նիստ գումարում է խորհրդի նախագահը` իր կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Խորհրդի քարտուղարը 3 աշխատանքային օրվա ընթացքում խորհրդի արտահերթ նիստի օրակարգի և ժամկետի մասին գրավոր տեղեկացնում է խորհրդի անդամներին:

35. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Խորհրդի որոշումներն ստորագրվում են կողմ քվեարկած անդամների կողմից, իսկ հավելավծները` խորհրդի նախագահի կողմից:

36. Եթե խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

37. Հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ հաստատման մասին որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

38. Խորհրդի անդամները կարող են նիստերին մասնակցել նաև ուղիղ հեռակապի միջոցով:

39. Խորհրդի որոշմամբ նիստերը կարող են կազմակերպվել հարցումների միջոցով` օգտվելով համացանցի (ինտերնետ) հնարավորություններից: Այդ դեպքում խորհրդի որոշումներն ընդունվում են նիստի օրակարգի մասին համացանցի միջոցով առնվազն 3 օր առաջ տեղեկացված և իրենց դիրքորոշումը ներկայացրած անդամների քվեարկությամբ:

40. Խորհրդի նիստերին պարտադիր մասնակցում է հիմնադրամի գործադիր տնօրենը` խորհրդակցական ձայնի իրավունքով:

41. Հիմնադրամի գործադիր տնօրենը որոշումներն ընդունում է ինքնուրույն` ելնելով խորհրդի որոշումներից և հիմնադրամի շահերից:

42. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:

43. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրում են տվյալ նիստին մասնակցող հիմնադրամի մարմնի բոլոր անդամները:

 

VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

44. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է հիմնադրի որոշմամբ կամ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ:

45. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը՝ շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա:

46. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե՝

1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) հիմնադրամն իր գործունեությամբ շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.

4) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.

5) հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

6) հիմնադրամն ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ.

7) «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում:

47. Հիմնադրամի լուծարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

48. Հիմնադրամի լուծարմամբ պայմանավորված՝ պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, հիմնադրամի մնացած գույքն ուղղվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

49. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գործունեությունը՝ դադարած՝ պետական գրանցման պահից:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան