Գլխավոր տեղեկություն
Համար
N 289-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.05.08/29(1482) Հոդ.287
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մարտի 2019 թվականի N 289-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 461-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ նախաձեռնել Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) միջև համապատասխանաբար «Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարման ծրագիր (ԱԱՀԿԿ) – Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ - Դրամաշնորհ 2000001401» ֆինանսավորման համաձայնագրերի, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի (ՄԶՕՀ) միջև 2015 թվականի սեպտեմբերի 3-ին կնքված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր-1673P» վարկային համաձայնագրի Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) միջև համապատասխանաբար 2014 թվականի նոյեմբերի 12-ին և 2016 թվականի հունիսի 15-ին կնքված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր (ԵԳՖԱԾ) - Վարկ 2000000779, Դրամաշնորհ 2000000780», 2005 թվականի հունվարի 28-ին կնքված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր»-վարկ 653 AM և 2013 թվականի նոյեմբերի 29-ին կնքված «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր» - Դրամաշնորհ COFIN-DK-817-AM համաձայնագրերի համապատասխան փոփոխություններ՝ այդ համաձայնագրի իրականացումը վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ՝ հիմնարկ) գործունեության ընթացքում կնքված պայմանագրերի (բացառությամբ աշխատանքային պայմանագրերի) իրավահաջորդ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.

2) դադարեցվում է հիմնարկի գործունեությունը.

3) ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության և գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 461-Ն որոշումը։

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում առաջարկություն ներկայացնել հիմնարկի Գյուղական ֆինանսավորման կառույցի, «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամների գործառույթների մեկտեղման վերաբերյալ։

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝

1) սույն որոշման 1-ին կետով սահմանված համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում՝ հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին.

2) հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնարկի գործունեության դադարեցման արդյունքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում այն հաշվառումից հանելու գործընթացը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնարկի գործունեության դադարեցման պահից վերջինիս ամրացված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, իսկ դեբիտորական և կրեդիտորական պարտքերը փոխանցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 2

Երևան