Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
21.12.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0084/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0084/02/11
2011թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան

Դատավորներ՝

Գ. Մատինյան

Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. Աբելյանի

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

2011 թվականի դեկտեմբերի 21-ին,

քննարկելով ըստ դիմումի Էմին Երիցյանի` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.08.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Թալինի տարածքային բաժնի (այսուհետ` Գործակալություն) բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Էմին Երիցյանը պահանջել է հաստատել իր` 26.12.1976 թվականին ծնված լինելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Մարգարյան) (այսուհետ` Դատարան) 11.04.2011 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.08.2011 թվականի որոշմամբ Դատարանի 11.04.2011 թվականի վճռի դեմ գործին մասնակից չդարձված անձ Գործակալության բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գործակալությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը        

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 14-23-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 207-րդ հոդվածի 5-րդ կետը, 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում Էմին Երիցյանը Գործակալություն է դիմել 16.05.2011 թվականին, և այդ պահից սկսած էլ հաշվվում է վերաքննիչ բողոք բերելու ժամկետը, քանի որ Գործակալությունը դատական քննությանը մասնակից չի դարձվել, սակայն դատական ակտն ուղղակիորեն առնչվում է վերջինիս իրավունքներին և պարտականություններին:

Մասնավորապես` Դատարանի կողմից որպես ապացույց հաշվի առնված բոլոր փաստաթղթերը` անձնագիր, զինվորական գրքույկ, տրվում են ծննդյան վկայականի հիման վրա, իր հերթին ծննդյան վկայականն էլ տրվում է ծննդյան ակտում գրառված տվյալների հիման վրա, իսկ տվյալ դեպքում Էմին Երիցյանի ծննդյան գրանցումը կատարվել է ծննդյան ակտային գրանցումների 1975 թվականի գրքում, ինչը նշանակում է, որ 1976 թվականին ծնված երեխայի գրանցումը 1975 թվականի գրքում կատարվել չէր կարող:

Ինչ վերաբերում է Դատարանի կողմից հաշվի առնված այնպիսի ապացույցներին, ինչպիսիք են վկաների ցուցմունքները կամ համայնքի ղեկավարի տեղեկանքը, ապա դրանք երեխայի ծննդյան ամսաթիվը որոշելու համար պատշաճ ապացույցներ համարվել չեն կարող և սույն գործի համար որևէ նշանակություն չունեն:

Նշվածից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավորեցնում է Գործակալությանը ոչ իրավաչափ վճռի հիման վրա կատարել օրենքի խախտում և ոչ իրավաչափ գործողություն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.08.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք ...:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, ով ստորադաս դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքով կարգավորվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրառումներն ուղղելու, լրացնելու, փոփոխելու, վերականգնելու և չեղյալ հայտարարելու, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանները (ակտային գրքերը) կազմելու և պահպանելու կարգի ու ժամկետների և դրանց հետ կապված այլ հարաբերություններ, ինչպես նաև սահմանվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ իրականացնող մարմինների իրավասությունները:

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` Հայաստանի Հանրապետությունում նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները, ինչպես նաև դրանցում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելը, այդ գրանցումները չեղյալ հայտարարելը, կորած գրանցումները վերականգնելը, քաղաքացիական կացության ակտերի մատյանները վարելը կամ պահպանելը և վկայականների կրկնօրինակներ ու քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթեր տալը նույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով իրականացնում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինները (այսուհետ` ՔԿԱԳ մարմին):

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ճշտության և քաղաքացիական կացության ակտերի գրառումները կազմելու որակի համար պատասխանատու են ՔԿԱԳ մարմնի ղեկավարը և գրանցում կատարող աշխատողը:

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն` քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ՔԿԱԳ մարմինը ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարում է նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության և շահագրգիռ անձանց միջև վեճի բացակայության դեպքում:

Նույն օրենքի 70-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու համար ՔԿԱԳ մարմինը պետք է ստանա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թույլտվությունը: ՔԿԱԳ մարմինը, ստանալով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու վերաբերյալ եզրակացություն է կազմում ոչ ուշ, քան դիմումն ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, և գործի մյուս փաստաթղթերի հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` թույլտվություն ստանալու համար:

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարում է ուղղման, լրացման կամ փոփոխման ենթակա գրառման պահպանման վայրի ՔԿԱԳ մարմինը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիական կացության ակտի ուղղված, լրացված կամ փոփոխված գրառման հիման վրա տալիս է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման նոր վկայական:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման, գրառումներն ուղղելու, լրացնելու, փոփոխելու, վերականգնելու և չեղյալ հայտարարելու, պետական գրանցման մատյանները (ակտային գրքերը) կազմելու և պահպանելու կարգի ու ժամկետների և դրանց հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ իրականացնող մարմինների իրավունքները և պարտականությունները սահմանվում են «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես` նույն օրենքով քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ճշտության և գրառումները կազմելու որակի համար պատասխանատվություն է կրում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ իրականացնող մարմնի ղեկավարը և գրանցում կատարող աշխատողը: Հետևաբար, քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու վերաբերյալ կամ ուղղակիորեն դրան հանգեցնող գործն ըստ էության լուծող դատական ակտն առնչվում է նաև քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ իրականացնող մարմնի իրավունքներին և պարտականություններին:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը և վերադարձնելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Դատարանի վճիռը բողոք բերած անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացված լինելու փաստը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացվել:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի ուժով քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ճշտության և գրառումները կազմելու որակի համար անմիջական պատասխանատվություն է կրում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ իրականացնող մարմինը, իսկ տվյալ դեպքում այդպիսի գրառմանն ուղղակիորեն հանգեցնող Դատարանի վճիռն առնչվում է նաև Գործակալության պարտականություններին:

 

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից Գործակալության` գործի քննությանը մասնակից չդարձվելու պայմաններում դրանք սույն որոշման շրջանակներում չունեն որևէ իրավական նշանակություն:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.08.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան