Գլխավոր տեղեկություն
Տիպ
Վճիռ
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.07.1989-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
07.07.1989
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.07.1989

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՍՈԵՐԻՆԳՆ ԸՆԴԴԵՄ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

Վ Ճ Ի Ռ

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

7 հուլիսի 1989 թ.

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Դատարանի կանոնակարգի 50-րդ կանոնի համաձայն լիագումար նիստում կայացրեց իր որոշումը հետևյալ կազմով.

 Ռ. Ռիսսդալ, նախագահ,

 Ջ. Կրեմոնա,

 Թհոր Վիլհյալմսսոն,

 Ֆ. Գոլչուկլու,

 Ֆ. Մատշեր,

 Լ.-Ի. Պետիտի,

 Բ. Ուոլշ,

 Վինսենտ Եվանս,

 Ռ. Մակդոնալդ,

 Կ. Ռուսսո,

 Ռ. Բեռնհարդտ,

 Ա. Շպիելմանն,

 Ջ. Դե Մեյեր,

 Ջ.Ա. Կառռիլլո Սալսիդո,

 Ն. Վալտիկոս,

 Ս.Կ. Մարտենս,

 Ի. Պալմ,

 Ի. Ֆոիխել,

և նաև Մ.-Ա. Եիսսեն, քարտուղար,

և Հ. Պետզոլդ, քարտուղարի տեղակալ,

 

Դռնփակ խորհրդակցելով 1989 թվականի ապրիլի 27-ին և հունիսի 26-ին՝ կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց վերջինը հիշատակված օրը:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (,Կոնվենցիա) 32-րդ հոդվածի 1-ին մասով և 47-րդ հոդվածով (հոդվ. 32-1, հոդվ. 47) սահմանված 3-ամսյա ժամկետում Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի («Հանձնաժողով») կողմից գործը Դատարանին է ներկայացվել 1989 թվականի հունվարի 25-ին, 1989 թվականի հունվարի 30-ին` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից, իսկ 1989 թվականի փետրվարի 3-ին` Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կառավարության կողմից: 25-րդ հոդվածի ներքո (հոդվ. 25) գործը սկիզբ է առել Հանձնաժողովում Գերմանիայի քաղաքացի պրն Յենս Սոերինգի կողմից Միացյալ Թագավորության դեմ 1988 թվականի հուլիսի 8-ին բերված գանգատի (թիվ 14038/88) հիման վրա:

Հանձնաժողովի միջնորդությունը հղում էր տալիս 44-րդ և 48-րդ հոդվածներին (հոդվ. 44, հոդվ. 48) ու այն հռչակագրին, որով Միացյալ Թագավորությունը ճանաչել էր Դատարանի պարտադիր իրավասությունը: Միջնորդության ու 2 կառավարական գանգատների նպատակը Դատարանից որոշում ստանալն էր, թե արդյոք գործի փաստական հանգամանքները բացահայտում են պատասխանող պետության կողմից Կոնվենցիայի 3-րդ, 6-րդ և 13-րդ հոդվածների (հոդվ. 3, հոդվ. 6, հոդվ. 13) ներքո ստանձնած պարտավորությունների խախտման մասին, թե` ոչ:

2. Դատարանի կանոնակարգի 33-րդ կանոնի 3-րդ մասի (դ) կետին համապատասխան ներկայացված հարցմանն ի պատասխան` դիմողը հայտարարեց, որ ցանկանում է մասնակցել Դատարանի կողմից իրականացվող քննությանը և նշանակեց պաշտպաններ, ովքեր պետք է ներկայացնեին իրեն (Կանոն 30):

3. Պալատը կազմավորվեց 1989 թվականի հունվարի 26-ին: Այն ի պաշտոնե (ex officio) ներառում էր Տեր Վինսենտ Եվանսին` Բրիտանիայից ընտրված դատավորին, (Կոնվենցիայի 43-րդ հոդված) (հոդվ. 43), Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունն այդ փուլում դատավարության կողմ չէր, և պրն Ռ. Ռիսսդալին` Դատարանի նախագահին (21-րդ կանոնի 3-րդ մասի (բ)): Մյուս 5 անդամների անունները, մասնավորապես` պրն Ջ. Կրեմոնա, տկն Դ. Բինդշեդլեռ-Ռոբերտ, պրն Ռ. Բեռնհարդտ, պրն Ն. Վալտիկոս և տկն Ե. Պալմ, որոշվել էին Քարտուղարի ներկայությամբ Նախագահի կողմից անցկացված վիճակահանության արդյունքում:

Նույն օրը Պալատը հրաժարվեց իր իրավասությունից հօգուտ Դատարանի լիագումար նիստի (Կանոն 50):

4. Նույն օրը Հանձնաժողովի ու դիմողի կողմից գանգատի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելուց հետո Դատարանը Միացյալ Թագավորության կառավարությանը հայտնեց, որ նախքան Դատարանում գործով վերջնական որոշման կայացումը նպատակահարմար չէ դիմողին Ամերիկայի Միացյալ Նահանգներին հանձնելը (Կանոն 36):

5. Քարտուղարի միջոցով Դատարանի նախագահը խորհրդակցեց երկու կառավարությունների գործակալների, Հանձնաժողովի պատվիրակության և դիմողի ներկայացուցիչների հետ գրավոր ընթացակարգի անհրաժեշտության մասին (37-րդ կանոնի 1-ին մաս և 50-րդ կանոնի

 3-րդ մաս): Դրանից հետո Նախագահի հրամաններին ու ցուցումներին համաձայն` հետևյալ փաստաթղթերը ներկայացվեցին Քարտուղարություն.

- 1989 թվականի մարտի 28-ին` Միացյալ Թագավորության կառավարության և դիմողի հուշաթերթիկը,

- 1989 թվականի մարտի 31-ին` Գերմանիայի Կառավարության հուշաթերթիկը,

- 1989 թվականի ապրիլի 17-ին` դիմողի պատասխանը,

- 1989 թվականի ապրիլի 18-ին` Միացյալ Թագավորության կառավարության գրավոր դիրքորոշումը,

- 1989 թվականի ապրիլի 20-ին դիմողի կողմից ներկայացվեցին մյուս ապացույցները:

1989 թվականի ապրիլի 7-ին Հանձնաժողովի քարտուղարությունը Գրասենյակին տեղեկացրեց, որ Պատվիրակությունը չի պատրաստվում գրավոր պատասխանել հուշաթերթիկներին:

6. Գրասենյակի միջոցով խորհրդակցելով նրանց հետ, ովքեր Դատարան էին ներկայանալու, Նախագահը 1989 թվականի փետրվարի 3-ին հայտնեց, որ բանավոր դատավարությունները սկսվելու են 1989 թվականի ապրիլի 24-ին (Կանոն 38):

7. 1989 թվականի փետրվարի 17-ին, բավարարելով դիմողի միջնորդությունը, Նախագահը Հանձնաժողովին միջնորդեց Դատարանին ներկայացնել Հանձնաժողովի կողմից իրականացված գրավոր և բանավոր լսումների բոլոր նյութերը: Փետրվարի 22-ին Հանձնաժողովը բավարարեց այս միջնորդությունը:

8. 1989 թվականի մարտի 28-ին ստացված նամակով Amnesty International-ը, Լոնդոն, հայտնեց, որ ցանկանում է ներկայացնել գրավոր մեկնաբանություններ (37-րդ կանոնի 2-րդ մաս): Մարտի 30-ին Նախագահը թույլատրեց մեկնաբանություններ թողնել կոնկրետ պայմանների պահպանմամբ: Ապրիլի 13-ին մեկնաբանությունները ներկայացվեցին գրասենյակ:

9. Դռնբաց դատական նիստը նշանակված օրը տեղի ունեցավ Ստրասբուրգում` Մարդու իրավունքների մասնաշենքում: Դատարանը դրանից անմիջապես առաջ նախապատրաստական նիստ գումարեց:

Դատարան էին ներկայացել.

- Միացյալ Թագավորության կառավարության կողմից

պրն Մ. Ուոդը, իրավախորհրդատու,

 Արտաքին գործերի և Համագործակցության հարցերով նախարարություն, Գործակալ,

տեր Պատրիկ Մայհյուն, Ք.Ս., Մ.Պ., Գլխավոր փաստաբան,

պրն Մ. Բեյքերը, Բարձրագույն ատյաններում հանդես գալու իրավասություն ունեցող փաստաբան, Խորհրդատու,

տկն Ե. Ուիլմսհարստը, Փաստաբանների իրավաբանական քարտուղարություն,

պրն Դ. Բենտլին, Ներքին գործերի նախարարություն,

պրն Տ. Կոբլին, Ներքին գործերի նախարարություն, Խորհրդատու.

- Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կառավարության կողմից

պրն Ջ. Մեյեր-Լադեվիգը, Բաժնի պետ,

Արդարադատության դաշնային նախարարություն, Գործակալ,

պրն Մ. Գրոց, Պաշտոնյա,

 Արդարադատության դաշնային նախարարություն,

տկն Ս. Վերներ, Richterin am Amtsgericht,

 Արդարադատության դաշնային նախարարություն, Խորհրդատուներ.

- Հանձնաժողովի կողմից

պրն Ե. Բուսուտտիլ, Պատվիրակ.

- դիմողի կողմից

պրն Կոլին Նիկհոլլս, Ք.Ս., Իրավախորհրդատու,

պրն Ռ. Սպենսեր, Փաստաբան,

պրն Ֆ. Գարդներ, Փաստաբան, Խորհրդատուներ:

Միացյալ Թագավորության կառավարության կողմից դատական նիստի ընթացքում հանդես եկավ տեր Պատրիկ Մայհյուն, Գերմանիայի կառավարության կողմից` Մեյեր-Լադեվիգը, Հանձնաժողովի կողմից` Բուսուտտիլը և պրն Նիկհոլլսը` դիմողի կողմից:

10. Դռնբաց դատական նիստի ընթացքում և 1989 թվականի ապրիլի 26-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Միացյալ Թագավորության կառավարության, Գերմանիայի կառավարության և դիմողի կողմից տարբեր փաստաթղթեր ներկայացվեցին:

 

ՓԱՍՏԵՐ

 

I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

11. Դիմողը` պրն Յենս Սոերինգը, Գերմանիայի քաղաքացի է, ով ծնվել է 1966 թվականի օգոստոսի 1-ին: Ներկայումս նա Անգլիայում գտնվում է կալանքի տակ և սպասում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ հանձնմանը Վիրջինիայում կատարված սպանությունների մեղադրանքներով:

12. Քննարկվող սպանությունները կատարվել էին 1985 թվականի մարտին Վիրջինիայի Բեդֆորդի շրջանում: Տուժողները` Ուիլիամ Ռեժինալդ Հայսոմը (72 տարեկան) և Նենսի Աստոր Հայսոմը (53 տարեկան), դիմողի ընկերուհու` Էլիզաբեթ Հայսոմի, ով Կանադայի քաղաքացի է, ծնողներն էին: Յուրաքանչյուր դեպքում մահվան պատճառները բազմաթիվ և ուժգին ծակող-կտրող վնասվածքներն էին հասցված պարանոցին, կոկորդին և մարմնին: Այդ ժամանակ դիմողն ու Էլիզաբեթ Հայսոմը, համապատասխանաբար 18 և 20 տարեկան, Վիրջինիայի համալսարանի ուսանողներ էին: Նրանք միասին Վիրջինիայից անհետացել էին 1985 թվականի հոկտեմբերին, սակայն 1986 թվականի ապրիլին չեկերի խարդախության գործով ձերբակալվել էին Անգլիայում:

13. 1986 թվականի հունիսի 5-ից 8-ի ընթացքում դիմողը Բեդֆորդի շրջանի շերիֆի գրասենյակի ոստիկանական քննիչի կողմից հարցաքննվել էր: 1986 թվականի հուլիսի 24-ին երդման ներքո տված հարցաքննության ընթացքում դիմողը քննիչի և Միացյալ Թագավորության ոստիկանության 2 ներկայացուցիչների ներկայությամբ խոստովանել է սպանությունները: Դիմողը հայտարարել էր, որ սիրում էր օրիորդ Հայսոմին, բայց նրա ծնողները դեմ էին այդ հարաբերություններին: Հետևաբար ինքն ու օրիորդ Հայսոմը պլանավորել էին սպանել նրանց: Նրանք մեքենա էին վարձել Շառլոտտեսվիլում և մեկնել էին Վաշինգտոն, որտեղ նրանք պատրաստել էին իրենց այլուրեքությունը: Դիմողն այնուհետև գնացել էր ծնողների բնակարան, իրենց հարաբերությունները նրանց հետ քննարկելու համար և երբ նրանք ասել էին, որ ամեն ինչ անելու են դրան խոչընդոտելու համար, վեճ էր բռնվել, որի ընթացքում նա դանակով սպանել էր նրանց:

1986 թվականի հունիսի 13-ին Բեդֆորդի շրջանի շրջիկ դատարանի բարձրագույն դատարանը նրան մեղադրանք է առաջադրել Հայսոմի ծնողների սպանության համար: Նրանց 2-ի սպանության համար առաջադրված մեղադրանքով նրան սպառնում էր մահապատիժ, սակայն առանձին սպանությունների համար մահապատիժ չէր սպառնում:

14. 1986 թվականի օգոստոսի 11-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը հայցել է դիմողի ու օրիորդ Հայսոմի հանձնումը ԱՄՆ և Միացյալ Թագավորության միջև հանձնման մասին 1972 թվականի պայմանագրի պայմաններով սահմանված կարգով (տե՛ս ստորև` կետ 30): Սեպտեմբերի 12-ին Ներքին գործերի նախարարը միջնորդեց Բոու-Փողոցի մագիստրատների դատարանին Հանձնման մասին 1870 թվականի ակտի 8-րդ բաժնի հիման վրա թույլատրելու դիմողի ձերբակալումը (տե՛ս ստորև` կետ 32): Հաջորդիվ` դեկտեմբերի 30-ին, դիմողը Չելմսֆորդի բանտում, որտեղ իր պատիժն էր կրում չեկերի խարդախության համար, ձերբակալվեց:

15. 1986 թվականի հոկտեմբերի 29-ին Վաշինգտոնում Բրիտանիայի դեսպանատունը միջնորդություն ներկայացրեց ԱՄՆ իշխանություններին` հետևյալ բովանդակությամբ.

«Քանի որ Մեծ Բրիտանիայում մահապատիժը վերացվել է, դեսպանատանը հանձնարարվել է Հանձնման մասին պայմանագրի համաձայն հավաստիացումներ պահանջել, որ պրն Սոերինգին նրան մեղսագրվող արարքներում մեղավոր ճանաչելու ու դատապարտելու դեպքում ... մահապատիժը, եթե նշանակվի, ի կատար չի ածվելու:

Եթե ԱՄՆ կառավարության սահմանադրական լիազորությունների մեջ չի մտնում նման հավաստիացումների ներկայացումը, ապա Միացյալ Թագավորության իշխանությունները խնդրում են ԱՄՆ կառավարությանը ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ իրավասու իշխանություններին հանձնարարելու, որ մահապատիժ չնշանակվի կամ ի կատար չածվի նշանակվելու դեպքում»:

16. 1986 թվականի դեկտեմբերի 30-ին դիմողին բանտում հարցաքննեց Բոննից գերմանացի դատախազը (Staatsanwalt): Երդման ներքո տված հարցաքննության արձանագրությունում դատախազն արձանագրել էր, որ դիմողը, inter alia, հայտնել էր, որ «նա երբեք մտադրություն չի ունեցել սպանելու տեր և տիկին Հայսոմներին և ... միայն հիշում է, որ վնասվածքներ է հասցրել տեր և տիկին Հայսոմների պարանոցինե. իսկ դրան անմիջապես նախորդող օրերին «իր և Էլիզբեթի Հայսոմի միջև Էլիզաբեթի ծնողների սպանության մասին խոսակցություն չի եղել»: Դատախազը նաև հղում է տվել փաստաթղթերին, որոնք իր տրամադրության ներքո էին գտնվում, օրինակ` դիմողի կողմից Ամերիկայի ոստիկանության քննիչին տրված հայտարարությունը, դիահերձման արձանագրությունը և դիմողի վերաբերյալ 2 դատահոգեբուժական փորձաքննությունների եզրակացությունները (տե՛ս ստորև՝ կետ 21):

1987 թվականի փետրվարի 11-ին Բոննի տեղական դատարանը նրան մեղսագրվող արարքների համար արձակեց ձերբակալման մասին հրաման: Մարտի 11-ին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կառավարությունը հայցեց նրա հանձնումը` հիմք ընդունելով նրա և Միացյալ Թագավորության միջև Հանձնման մասին 1872 թվականի համաձայնագիրը (տե՛ս ստորև կետ 31): Գլխավոր դատախազն այնուհետև խորհուրդ տվեց Պետքարտուղարությանը, որ, թեև Գերմանիայի միջնորդությունը պարունակում է ապացույց, որ Գերմանիայի դատարաններն իրավասու են դատելու դիմողին, սակայն քանի որ ներկայացված ապացույցը բաղկացած է միայն դիմողի կողմից Բոննի դատախազին տրված ինքնախոստովանությունից` առանց սուտ ցուցմունք տալու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու նախազգուշացման, ապա դա չի կարող բավարար հիմք հանդիսանալ նրա դեմ վարույթ հարուցելու համար և հետևաբար նման հանգամանքներում ձեռք բերված ապացույցների ուժով դատավորը Հանձնման մասին 1870 թվականի ակտի (տե՛ս ստորև` կետ 32) հիման վրա չի կարող պահել նրան անազատության մեջ Գերմանիային հանձնելու համար:

17. Արտաքին հարաբերությունների գրասենյակի տնօրենին, Քրեական բաժնին, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտին, Վիրջինիայի Բեդֆորդ շրջանի դատախազին (պրն Ջեյմս Ու. Ապդայկ կրտսեր) 1987 թվականի ապրիլի 20-ին ուղղված նամակում նշված էր, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ միայն խոստովանությունների հիմքով դիմողը չի կարող դատվել Գերմանիայում, որևէ միջոց չկա ապահովելու ԱՄՆ-ի վկաների ներկայությունը Գերմանիայի քրեական դատարաններում: Ապրիլի 23-ին ԱՄՆ դիվանագիտական նոտայով պահանջեց հանձնման մասին ԱՄՆ հայցմանը նախապատվություն տալ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության միջնորդությունից:

18. 1987 թվականի մայիսի 8-ին Էլիզաբեթ Հայսոմը հանձնվեց ԱՄՆ-ին: Իր ծնողների սպանությանն օժանդակելու համար օգոստոսի 22-ին իրեն մեղավոր ճանաչելուց հետո նա դատապարտվեց 90 տարվա ազատազրկման (45 տարի յուրաքանչյուր սպանության համար):

19. 1987 թվականի մայիսի 20-ին Միացյալ Թագավորության կառավարությունը Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությանը տեղեկացրեց, որ ավելի վաղ ԱՄՆ «ներկայացրել է պրն Սոերինգին հանձնելու մասին ակնհայտ բավարար ապացույցով հիմնավորված միջնորդություն»: Միացյալ Թագավորության կառավարությունը տեղեկացրեց Ֆեդերատիվ Հանրապետությանը, որ «նրանք, հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները, որոշել են շարունակել քննել ԱՄՆ միջնորդությունը»: Այնուհետև նրանք մատնանշեցին, որ նրանք սպասում են մահապատժի խնդրի վերաբերյալ ԱՄՆ իշխանությունների հավաստիացումներին և որ «այն դեպքում, երբ դատարանը որոշի բավարարել ԱՄՆ-ին հանձնելու մասին միջնորդությունը, այս դեպքում իշխանությունները պետք է ստանան բավարարող հավաստիացումներ»:

20. 1987 թվականի հունիսի 1-ին պրն Ապդայկը` որպես Բեդֆորդի շրջանի դատախազ, իր իրավասության սահմաններում երդվեց հետևյալի մասին.

«Ես սույնով հավաստիացնում եմ, որ եթե Վիրջինիայի Բեդֆորդ նահանգում Յենս Սոերինգը մեղավոր ճանաչվի մահապատիժ նախատեսող արարքի համար ... ապա դատապարտումը կիրականացվի Միացյալ Թագավորության դատավորի անունից և Միացյալ Թագավորության կամքը կլինի, որ մահապատիժ չնշանակվի կամ ի կատար չածվի»:

Այս հավաստիացումը հունիսի 8-ին Միացյալ Թագավորությանը փոխանցվեց դիվանագիտական նոտայի ներքո: Այն նույն ձևակերպմամբ կրկնվեց 1988 թվականի փետրվարի 16-ին պրն Ապդայկի մյուս երդման մեջ և դիվանագիտական նոտայով փոխանցվեց Միացյալ Թագավորությանը 1988 թվականի մայիսի 17-ին: Նույն դիվանագիտական նոտայում ԱՄՆ դաշնային կառավարությունը երաշխավորեց, որ Միացյալ Թագավորության անունից ներկայացուցչության ապահովման մասին Վիրջինիայի իշխանությունների պարտավորությունն արժանահավատ է:

Այս դատավարությունների ընթացքում Վիրջինիայի իշխանությունները Միացյալ Թագավորության կառավարությանը տեղեկացրեցին, որ պրն Ապդայկը չի պատրաստվում տրամադրելու հետագա հավաստիացումներ և նպատակադրվել է մահապատիժ պահանջել պրն Սոերինգի գործով, քանի որ ապացույցները հիմնավորում են դրա անհրաժեշտությունը:

21. 1987 թվականի հունիսի 16-ին Բոու-Փողոցի մագիստրատների դատարանում Գլխավոր մագիստրանտի ներկայությամբ տեղի ունեցավ դատական նիստը:

ԱՄՆ կառավարությունն ապացույց ներկայացրեց, որ 1985 թվականի մարտի 30-ի գիշերը դիմողը սպանել է Ուիլիամ և Նենսի Հայսոմներին Վիրջինիայի Բեդֆորդի շրջանի նրանց տանը: Մասնավորապես, ապացույցը ներկայացվեց դիմողի ինքնախոստովանական ցուցմունքից` արձանագրված Բեդֆորդի շրջանի ոստիկանության քննիչի կողմից (տե՛ս վերը` կետ 13):

Դիմողի հոգեբանական վիճակի վերաբերյալ ներկայացվեց դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը (ստորագրված 1986 թվականի դեկտեմբերի 15-ին բժիշկ Հենրիետտա Բուլլարդի կողմից), որ նա թերհաս ու անփորձ է և կորցրել է իր ինքնությունը ընկերուհու հետ սիմբիոտիկ հարաբերություններում, ով ուժեղ, համոզիչ և հոգեպես խանգարված երիտասարդ աղջիկ է: Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը նշում էր.

«Օրիորդ Հայսոմի և Սոերինգի միջև առկա է եղել «folieՈdeux», որում ամենախանգարված կողակիցը եղել է օրիորդ Հայսոմը...:

Իմ կարծիքով հանցագործության կատարման ժամանակ Յենս Սոերինգը հոգեկան խնդիրների պատճառով տառապել է մտավոր հետամնացությանը բնորոշ հիվանդությամբ: Հոգեբանական համախտանիշը բնորոշվում է որպես «folieՈdeux», որն առավել հայտնի է որպես հոգեբանական վիճակ, որում մի զուգընկերը ներշնչվում է մյուս զուգընկերոջ հոգեբանական հալյուցինացիաներից: Օրիորդ Հայսոմի խանգարվածության աստիճանը մոտ է հոգեբանականի և նա ունակ է եղել մի քանի ամիսների ընթացքում ներազդելու պրն Սոերինգի վրա, որ նրա ու նրանց` որպես զույգի փրկության համար նա պետք է սպանի իր ծնողներին...: Օրիորդ Հայսոմը բթացնող ու հիպնոսացնող ազդեցություն է Սոերինգի վրա, որը հանգեցրել է աննորմալ հոգեբանական վիճակի, որում նա ռացիոնալ մտածել կամ օրիորդ Հայսոմի կյանքի վերաբերյալ պատկերացումները կասկածի տակ դնել չի կարողացել...:

Իմ կարծիքով արդյունքում հանցագործության կատարման ժամանակ Սոերինգը տառապել է մտավոր հետամնացությունից, որի պայմաններում նա մեղավոր չէ դիտավորյալ սպանության համար, սակայն մեղավոր է անզգույշ մահ պատճառելու մեջ»:

Բժիշկ Բուլլարդի եզրակացությունները հիմնականում նույնական էին նրանց հետ, որոնք առկա են վաղ հոգեբանական փորձաքննությունների եզրակացություններում (բժիշկ Ջոն Ռ. Համիլտոնի` Բրոադմուրի հիվանդանոցի բժշկական տնօրենի կողմից 1986 թվականի դեկտեմբերի 11-ին տրված եզրակացության հետ), որը, այնուհանդերձ, չէր ներկայացվել Մագիստրանտների դատարանին:

Գլխավոր մագիստրանտը գտավ, որ բժիշկ Բուլլարդի ապացույցը չի վերաբերում նրան ներկայացված հարցերին և որոշեց, որ դիմողը պետք է սպասի Պետքարտուղարության որոշմանը ԱՄՆ վերադառնալու համար:

22. 1987 թվականի հունիսի 29-ին պրն Սոերինգը դիմեց Արդարադատության բարձրագույն դատարանի վերաքննիչ ատյանին իր ձերբակալման օրինականությունը ստուգելու ու դատական վերանայում անցկացնելը թույլատրելու համար: Դեկտեմբերի 11-ին Արդարադատության բարձրագույն դատարանի վերաքննիչ ատյանի կողմից երկու դիմումները մերժվեցին (Վերաքննիչ դատարանի դատավորներ լորդ Լլոյդի և պրն Մաչպերսոնի կողմից):

Ի պաշտպանություն իր դիմումի թույլատրելու անցկացնել դատական ստուգում` պրն Սոերինգը հայտնեց, որ ԱՄՆ իշխանությունների կողմից ստացված հավաստիացումներն այնքան չնչին են, որ ողջամիտ չէ, որ Պետքարտուղարը կարող է դրանք բավարար համարել ԱՄՆ և Միացյալ Թագավորության միջև կնքված հանձնման մասին ակտի 4-րդ հոդվածի ներքո (տե՛ս ստորև` կետ 36): Իր վճռում Վերաքննիչ դատարանի դատավոր լորդ Լլոյդը համաձայնեց, որ «հավաստիացումները թողնում են հուսալ ավելին».

«Համաձայնագրի 4-րդ հոդվածը սահմանում է, որ հավաստիացումը նշանակում է, որ մահապատիժը չպետք է ի կատար ածվի: Դա ենթադրաբար նշանակում է Կառավարության գործադիր իշխանության ճյուղի կողմից կամ նրա անունից տրված հավաստիացում, որը տվյալ դեպքում Վիրջինիա նահանգն է: Պրն Ապդայկի երդումը հեռու է Գործադիրի անունից հավաստիացում լինելուց և ոչ այլ ինչ է, քան Միացյալ Թագավորության անունից նրա դատավորի ներկայացուցչությունն ապահովելու միջոց: Ես չեմ հավատում, որ սա այն է, ինչ նկատի են ունեցել համաձայնագիրը ստորագրելիս: Բայց միևնույն ժամանակ ես կարող եմ հասկանալ, որ հավաստիացումների միջոցով ավելին ձեռք բերելու հարցում կարող են լինել դժվարություններ հաշվի առնելով ԱՄՆ Սահմանադրության դաշնային բնույթը»:

Դատական վերանայում անցկացնելը թույլատրելու մասին հայցը մերժվեց, քանի որ ժամկետանց էր: Վերաքննիչ դատարանի դատավոր լորդ Լլոյդը սահմանեց.

«Պետքարտուղարը դեռ չի որոշել, թե արդյոք ընդունի հավաստիացումները որպես բավարարող, թե` ոչ, և դեռևս հստակ չի որոշել թույլատրել Սոերինգի հանձնումը, թե` ոչ: Ժամանակ առ ժամանակ կարող են այլ հանգամանքներ միջամտեն: Այս դատարանը երբեք թույլ չի տա իրեն այնպիսի վիճակում դնել, որ վերանայի վարչական որոշումն ընդդեմ կայացված որոշման»:

Որպես լրացուցիչ պատճառ նա հավելել է.

«Երկրորդ, եթե նույնիսկ Պետքարտուղարի կողմից հավաստիացումների վերաբերյալ կայացվել է որոշում այն մասին, որ դրանք բավարար են, ապա ես հակված չեմ կարծելու, որ նման որոշումը համաչափ կլինի Ուեդնեսբերի իմաստով (Ինչ վերաբերում է Ուեդնեսբերի իմաստով համաչափությանը, ապա տես ստորև` կետ 35)»:

23. 1988 թվականի հունիսի 30-ին Լորդերի պալատը մերժեց դիմողի պահանջը թույլատրելու վերաքննիչ բողոք ներկայացնել Արդարադատության բարձրագույն դատարանի վերաքննիչ ատյանին:

24. 1988 թվականի հուլիսի 14-ին դիմողը միջնորդեց Պետքարտուղարին` խնդրելով վերանայել Հանձնման մասին 1870 թվականի ակտի 11-րդ բաժնի ներքո իրեն հանձնելը հայցելու մասին որոշումը (տե՛ս ստորև` կետ 34):

Այս միջնորդությունը մերժվեց և 1988 թվականի օգոստոսի 3-ին Պետքարտուղարը ստորագրեց դիմողին ԱՄՆ իշխանություններին հանձնումը պահանջելու մասին որոշում: Այնուամենայնիվ, դիմողը չհանձնվեց ԱՄՆ-ին նախ Եվրոպական Հանձնաժողովի, ապա Եվրոպական դատարանի կիրառած ապահովման միջոցի ուժով (տե՛ս վերը` կետ 4 և ստորև` կետ 77):

25. 1988 թվականի օգոստոսի 5-ին դիմողը տեղափոխվեց դատապարտյալների հիվանդանոց, որտեղ նա մնաց մինչև 1988 թվականի նոյեմբերի սկիզբը, ուր պահվում էր հատուկ ռեժիմի հսկողության ներքո կիրառելի ինքնասպանություն գործել ցանկացող դատապարտյալների նկատմամբ:

Դիմողի անունից ներկայացված դատահոգեբանական փորձաքննության եզրակացության համաձայն (եզրակացությունը թվագրված էր 1989 թվականի մարտի 16-ով բժիշկ Դ. Սոմեխի կողմից)` Վիրջինիայում մահապատժի դատապարտված մյուս բանտարկյալների կողմից սեռական ոտնձգության կամ ֆիզիկական բռնության ենթարկվելու դիմողի վախը մեծ հոգեբանական ազդեցություն է ունեցել նրա վրա: Փորձագիտական եզրակացությունն արձանագրել է դիմողի հուսահատությունն օբյեկտիվ վախերի հետ, որոնք կարող են հանգեցնել ինքնասպանության:

26. Այս դատարանին ներկայացված 1989 թվականի մարտի 20-ի հայտարարության մեջ դիմողը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունից պետք է պահանջել իրեն հանձնել Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությանը և ինքը համաձայն է նման պահանջի հետ ու փաստացի ու իրավական խոչընդոտներ չի ստեղծի նման պահանջի դեմ:

 

II. ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊՐԱԿՏԻԿԱՆ

 

A. Քրեական իրավունք

 

27. Անգլիայում սպանությունը որակվում է որպես դիտավորությամբ մարդուն ապօրինի կյանքից զրկել: Պատիժը ցմահ ազատազրկումն է: Սպանության համար մահապատիժ չի կարող սահմանվել (Սպանության մասին Murder (Մահապատժի վերացման մասին) 1965 թվականի ակտ, բաժին 1): Անզգուշությամբ մահ պատճառելու մասին 1957 թվականի ակտի բաժին 2-ը սահմանում է, որ եթե որևէ մեկը սպանում է մեկ այլ անձի, ապա նա չպետք է դատապարտվի սպանության համար, եթե նա տառապում է այնպիսի մտավոր հետամնացությամբ (անկախ նրանից, թե դրա պատճառը մտավոր զարգացվածության մեջ հետ մնալն է կամ ժառանգական պատճառները կամ վնասվածքը կամ հիվանդությունը), որի արդյունքում թուլացել է նրա մտավոր պատասխանատվությունն իր գործողությունների համար: Բացի այս բաժնով նախատեսված անձանցից, այն անձինք, ովքեր մեղսունակ են, պետք է դատապարտվեն անուղղակի դիտավորության սպանության համար:

28. Անգլիայի դատարանների քրեական իրավասությունը չի տարածվում Անգլիայի տարածքից դուրս օտարերկրացիների կողմից կատարված գործողությունների վրա բացառությամբ առանձնահատուկ դեպքերի: Հետևաբար, ո՛չ դիմողը` որպես Գերմանիայի քաղաքացի, ո՛չ Էլիզբեթ Հայսոմը` որպես Կանադայի քաղաքացի, Միացյալ Թագավորության դատարանին ընդդատյա չեն:

 

B. Հանձնում

 

29. Հանձնման վերաբերյալ համապատասխան համընդհանուր կանոնները նախատեսված են Հանձնման մասին 1870-1935 թվականների ակտերում:

30. Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հանձնման մասին ընթացակարգերը կարգավորվում են երկու կառավարությունների միջև 1972 թվականի հունիսի 8-ին ստորագրված Հանձնման մասին համաձայնագրով, 1982 թվականի հունիսի 25-ին ստորագրված Լրացուցիչ արձանագրությամբ և Լրացուցիչ արձանագրությունը փոփոխող նոտաների փոխանակմամբ` ստորագրված 1986 թվականի օգոստոսի 19-ին և 20-ին: Այս համաձայնությունները Հրամանով (Անգլիայի թագուհու անունից ընդունվող օրենքներ, որոնք Պառլամենտում քննարկման կարիք չունեն) ներառվեցին Միացյալ Թագավորության օրենսդրության մեջ (Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Հանձնում) Հրաման 1976, S.I. 1976/2144 և Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Հանձնում) (Փոփոխություն) Հրաման 1986, S.I. 1986/2020):

Հանձնման մասին համաձայնագրի 1-ին հոդվածի ուժով «յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ այս Համաձայնագրով սահմանված հանգամանքներին ու պայմաններին համապատասխան միջոցներ է ձեռնարկում մյուս կողմին հանձնելու իր տարածքում հայտնաբերված այն անձին, ով մեղադրվում է կամ դատապարտվել է այնպիսի հանցագործության համար (նախատեսված Համաձայնագրով, այդ թվում` սպանությունը), որը կատարել է մյուս կողմի իրավազորության ներքո»:

31. Միացյալ Թագավորության և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության միջև հանձնումը կարգավորվում է 1872 թվականի մայիսի 14-ին Գերմանիայի և Միացյալ Թագավորության միջև ստորագրված Արդարադատությունից թաքնված հանցագործներին հանձնելու մասին պայմանագրով, որը փոփոխության է ենթարկվել Բոննում 1960 թվականի փետրվարի 23-ին ստորագրված համաձայնագրով և հետագայում փոփոխվել է 1978 թվականի սեպտեմբերի 25-ի և 27-ի նոտաների փոխանակմամբ: Այս համաձայնությունները Հրամանով (Անգլիայի թագուհու անունից ընդունվող օրենքներ, որոնք Պառլամենտում քննարկման կարիք չունեն) ինկորպորացվեցին Միացյալ Թագավորության օրենսդրության մեջ (Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության (Հանձնում) Հրաման 1960, S.I. 1960/1375 և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության (Հանձնում) (Փոփոխություն) հրաման 1978, S.I. 1978/1403):

32. Հանձնում իրականացնելու մասին միջնորդությունը ստանալուց հետո Պետքարտուղարը սահմանված կարգով կարող է խնդրել մագիստրանտից թույլատրել արդարադատությունից թաքնվող հանցագործին ձերբակալել (Հանձնման մասին 1870 թվականի ակտ, բաժիններ 7 և 8):

Միացյալ Թագավորությունում հանձնման վերաբերյալ վարույթները բաղկացած են մագիստրանտների կողմից իրականացվող լսումներից: Հանձնման մասին 1870 թվականի ակտի բաժին 10-ը սահմանում է, որ եթե «Անգլիայի օրենսդրությանը համապատասխան ներկայացված նման ապացույցը (այս Ակտի դրույթների առարկայի ոլորտում ընդգրկված) արդարացնում է անձի նկատմամբ դատավարության նախաձեռնումն Անգլիայում կատարված այն հանցանքի համար, որում նա մեղադրվում է, ապա ... մագիստրանտը պետք է նրան կալանավորի կամ այլապես նա պետք է ազատ արձակվի,: Մագիստրանտը պետք է հիմք ընդունի բավարար ապացույցի առկայությունն անձին կալանավորելու համար: «Թեստը, թե արդյոք միայն մեկ ապացույցը բավարար է, թե՝ ոչ, պետք է որոշվի երդվյալ ատենակալների կողմից, որոնք կարող են վերդիկտով նրան մեղավոր ճանաչել» (տե՛ս Schtraks v. Government of Israel [1964 թվական] Վերաքննիչ գործեր 556):

33. Հանձնման մասին 1870 թվականի բաժին 11-ը սահմանում է, որ այս դատավարություններում կայացված որոշումները կարող են վերադասության կարգով բողոքարկվել հաբեաս կորպուսի միջոցով: Գործնականում նման բողոքները ներկայացվում են արդարադատության բարձրագույն դատարանի վերաքննիչ ատյանին կամ Լորդերի պալատին: Հաբեաս կորպուս դատավարությունները հիմնականում վերաբերում են նրան, թե արդյոք մագիստրանտը գործը քննելու իրավասություն ունեցել է, հանձնման համար հայցված հանցագործությունն արդյոք քաղաքական բնույթ ունի, թե՝ ոչ, ինչպես նաև՝ արդյոք առկա չեն կալանավորումը բացառող արգելքներ կամ այլ հիմքեր: 1870 թվականի ակտի բաժին 12-ը սահմանում է, որ հանձնման ենթակա անձը նման դատավարության արդյունքում պետք է ազատ արձակվի կամ դատավարությունը սկսելուց հետո 2 ամսվա ընթացքում, եթե հակառակը հիմնավորող ապացույց առկա չէ:

34. Բացի այդ, 1870 թվականի ակտի բաժին 11-ի ներքո Պետքարտուղարն օգտվում է կալանավորման թույլտվությունը չստորագրելու հայեցողությամբ (տե՛ս Atkinson v. United States [1971 թվական] վերաքննիչ գործեր 197): Այս հայեցողությունը կարող է վերացնել դատարանի որոշումն անձին կալանավորելու մասին և այս հայեցողությունը կիրառելի է բոլոր բանտարկյալների համար, ովքեր սպառել են հաբեաս կորպուսի միջոցով իրենց պաշտպանության միջոցները: Նման որոշում կայացնելիս Պետքարտուղարը պետք է հաշվի առնի նոր ի հայտ եկած ապացույցը, որը չի ներկայացվել մագիստրանտին (տե՛ս նույն տեղում Schtraks v. Government of Israel):

35. Բացի այդ, կալանավորները կարող են վիճարկել ինչպես իրենց միջնորդությունը մերժելու մասին Պետքարտուղարի որոշումը, այնպես էլ դատական վերանայման արդյունքում կայացված որոշումները: Նման դեպքերում դատարանը կարող է վերանայել Պետքարտուղարի հայեցողության իրականացումն այն հիմքով, որ այն խախտում է օրինականությունը, համաչափությունը կամ ընթացակարգային անհամապատասխանությունը (Քաղծառայողների արհմիությունների խորհուրդն ու այլոք ընդդեմ Քաղծառայության նախարարության [1984 թվական] 3 Անգլիայի պաշտոնական տեղեկագիր 935):

Անհամաչափությունը որոշվում է վարչական իրավունքի սկզբունքների հիման վրա սահմանված Associated Provincial Picture Houses Ltd v. Wednesbury Corporation [1948 թվական] 1 Թագավորական օթյակի դատարանի տեղեկագրեր 223-ով (այսպես կոչված՝ հիմնավորման վերաբերյալ «Ուեդնեսբերյան սկզբունքներ»): Այս սկզբունքը կիրառելի է ինչպես դատարանների, այնպես էլ Պետքարտուղարի կողմից: Ըստ Միացյալ Թագավորության կառավարության` այդ նույն հիմքով դատարանն իրավասու է բեկանելու վիճարկվող որոշումը, եթե հիմնավորվում է, որ հայցվող պետությունում վատ վերաբերմունքի ենթարկվելու իրական վտանգ է առկա (տե՛ս վերը՝ կետ 22):

R v. Home Secretary, ի օգուտ Bugdaycay-ի [1987 թվական] 1 Անգլիայի պաշտոնական տեղեկագիր 940-րդը 952-ից, որով Լորդերի պալատը հրաժարվեց ապաստան տրամադրել, լորդ Բրիջը, հաշվի առնելով «Ուեդնեսբերյան սկզբունքների» սահմանափակումների վաղեմության ժամկետների սպառվելը, բացատրեց, որ դատարաններն այդ սկզբունքները պետք է ուղղակի կիրառեն ընդդեմ Պետքարտուղարի այն դեպքում, երբ դիմողի կյանքը վտանգի տակ է.

«Կարծում եմ, որ այս սահմանափակումների շրջանակում դատարանը պետք է իրավասու լինի մանրակրկիտ քննության ենթարկելու վարչական որոշումը` համոզվելու, որ որևէ բացթողում առկա չէ: Մարդու իրավունքներից ամենահիմնարարը կյանքի իրավունքն է և երբ վիճարկվող վարչական որոշումն անձի կյանքը կարող է վտանգի տակ դնել, այն պետք է մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվի,:

Լորդ Տեմպլեմանն ավելացրեց (956 էջում).

«Իմ կարծիքով, եթե բողոքարկվող որոշումը կարող է վտանգի ենթարկել անձի ազատությունը կամ կյանքը, ապա դատարանի վրա հատուկ պատասխանատվություն է ընկնում քննելու նաև որոշման կայացման ընթացակարգը»:

Այնուամենայնիվ, դատարանները չեն կարող վերանայել Պետքարտուղարի որևէ որոշում միայն այն հանգամանքով, որ նա չի որոշել, թե արդյոք տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում (R v. Secretary of State, ի օգուտ Կիրկուդի [1984 թվական] 1 Շաբաթական տեղեկագիր 913):

Բացի դրանից, դատարաններն իրավասություն չունեն դատական վերանայման վարույթներով ժամանակավոր արգելք դնել Թագավորական որոշումների դեմ (տե՛ս Kirkwood, ibid., և R v. Secretary of State for Transport, ի օգուտ «Factortame» ՍՊԸ-ի ու այլոց, «The Times», 1989 թվականի մայիսի 19):

36. Հանձնման մասին ակտերում մահապատժի վերաբերյալ դրույթ չկա, սակայն Հանձնման մասին Միացյալ Թագավորության և ԱՄՆ պայմանագրի հոդված IV սահմանում է, որ.

«Եթե հայցող պետության օրենսդրության համաձայն հայցող հանցագործության համար նախատեսված է մահապատիժ, սակայն նույն հանցագործության համար հայցվող պետության օրենսդրությունը մահապատիժ չի նախատեսում, ապա հանձնումը կարող է մերժվել, քանի դեռ հայցող կողմը չի տվել հայցվող կողմին բավարարող հավաստիացումներ, որ մահապատիժն ի կատար չի ածվի,:

37. ԱՄՆ կողմից ներկայացվող այն միջնորդությունների համար, որոնցով սպառնում է մահապատիժ, Պետքարտուղարության ձևավորած պրակտիկան է, որ Հանձնման մասին Միացյալ Թագավորության և ԱՄՆ պայմանագրի հոդված IV-ի ուժով հավաստիացումները տալիս է համապատասխան պետության դատախազությունը, դատապարտման ժամանակ ապահովվում է դատավորի ներկայացուցչությունը և Միացյալ Թագավորության ցանկությունն է, որ մահապատիժ չնշանակվի կամ ի կատար չածվի: Այս պրակտիկան նկարագրվել է պրն Դավիթ Մելլորի՝ Ներքին գործերի նախարարի կողմից հետևյալ կերպ.

«Մահապատժի վերաբերյալ Պետքարտուղարի ստանձնած պարտավորությունը հավասարազոր է Միացյալ Թագավորության կողմից ստանձնած պարտավորությանը, որի կատարումն ապահովում է Միացյալ Թագավորության դատավորի ներկայության ապահովմամբ: Դատապարտման ժամանակ նա տեղյակ կպահվի, որ Միացյալ Թագավորությունը չի ցանկանում, որ մահապատիժ նշանակվի կամ ի կատար ածվի: Դա նշանակում է, որ Ամերիկայի դատարանին Միացյալ Թագավորության իշխանությունները հանձնում են կամ պատրաստվում են հանձնել հանցագործին այն հստակ գիտակցությամբ, որ մահապատիժն ի կատար չի ածվելու, որը նման դեպքերում երբեք ի կատար չի ածվել: Դա հիմնարար հարված կլինի երկու պետությունների միջև կնքված հանձնման մասին համաձայնություններին, եթե մահապատիժ կիրառվի այն անձի նկատմամբ, ով հանձնվել է այս հանգամանքներում» (Հանսարդ, 1987 թվականի մարտի 10, սյունակ 955):

Այնուամենայնիվ, նման դեպք չի եղել, որ նման պարտավորության արդյունավետությունը ստուգվի:

38. Երկու տարբեր պետությունների կողմից միևնույն հանցագործության վերաբերյալ ներկայացված միաժամանակյա միջնորդությունները հաճախ չեն հանդիպում: Եթե երկու միջնորդություններն էլ միաժամանակ են ստացվել, ապա Պետքարտուղարը, հաշվի առնելով գործի հանգամանքները, այդ թվում՝ հանցավորի անձնավորությունը և հանցանքի կատարման վայրը, որոշում է, թե ում միջնորդությունը պետք է ի կատար ածվի:

Այս կապակցությամբ Միացյալ Թագավորության և ԱՄՆ միջև Հանձնման մասին պայմանագրի Հոդված X սահմանում է հետևյալը.

«Եթե միևնույն հանցագործության կամ տարբեր հանցագործությունների համար անձի հանձնումը միաժամանակ պահանջվում է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի կամ այլ Պետության կամ Պետությունների կողմից, ապա հայցվող կողմն իր օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է որոշում կայացնի հաշվի առնելով բոլոր հանգամանքները, այդ թվում՝ հայցող և հայցվող կողմերի միջև գործող համաձայնագրերի կիրառելի բոլոր դրույթները, համեմատական ծանրությունը, հանցանքի կատարման վայրը, միջնորդությունների ամսաթվերը, հայցվող անձի քաղաքացիությունն ու այլ պետությանը հանձնելու հնարավորությունը»:

 

III. ՎԻՐՋԻՆԻԱ ՆԱՀԱՆԳԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊՐԱԿՏԻԿԱՆ

 

A. Սպանությանը վերաբերող օրենքը

 

39. Սպանության համապատասխան սահմանումն ու դասակարգումը և սպանության համար դատապարտումը կարգավորվում են 1950 թվականի Վիրջինիայի օրենսգրքով, դրա փոփոխություններով և Նահանգային և ֆեդերալ դատարանների քննված գործերով:

40. Վիրջինիայի օրենսգրքի բաժին 18.2-31-ը սահմանում է, որ ութ տեսակի սպանություններ կազմում են առանձնապես ծանր սպանությունը, որը պատժելի է որպես 1-ին կարգի հանցագործություն, որը ներառում է «1-ից ավելի անձանց կամային, դիտավորյալ և կանխամտածված սպանությունը որպես միևնույն արարքի կամ գործողության մաս» (է ենթաբաժին): 1-ին կարգի հանցագործության համար նախատեսվում է պատիժ «մահապատժի կամ ցմահ ազատազրկման» տեսքով (Վիրջինիայի օրենսգրքի բաժին 18.2-10ա): Բացառությամբ պատվերով սպանության՝ միայն «կրակողը», որ իրական հանցագործն է, կարող է մեղադրվել առանձնապես ծանր սպանության համար (տե՛ս Johnston v. Commonwealth, 220 Վիրջինիայի Զեկույցներ (Va.) 146, 255 Հարավ-արևելյան զեկուցող, 2-րդ սերիա (S.E.2d) 525 (1979)):

Առանձնապես ծանր սպանությունից զատ սպանությունները դասակարգվում են 1-ին կամ 2-րդ աստիճանի սպանությունների, որոնց համար պատիժ է նշանակվում տարբեր ժամկետով ազատազրկման տեսքով (Վիրջինիայի օրենսգիրք, բաժիններ 18.2-10(բ), (գ) և 18.2-32):

41. Հանցագործությունների մեծամասնության համար տարվող դատաքննությունների ընթացքում, ներառյալ` առանձնապես ծանր սպանությունները, մեղադրյալի համար երաշխավորվում է ատենակալների մասնակցությամբ դատաքննություն: Մեղադրյալը կարող է հրաժարվել իր այս իրավունքից, սակայն դա հաճախակի չի արվում:

 

B. Դատապարտման ընթացակարգը

 

42. Վիրջինիայում առանձնապես ծանր սպանության գործերով պատիժ նշանակելու վարույթն առանձին է մեղավորությունը որոշելու վարույթից: Առանձնապես ծանր սպանությունների գործերով մեղավորությունը որոշելու վարույթից հետո միևնույն ատենակալը կամ դատավորը, որը գործը քննել է առանց ատենակալի անմիջապես անցնում է պատժին առնչվող ապացույցների հետազոտմանը: Հանցանքին և մեղադրյալին առնչվող վերաբերելի բոլոր ապացույցները համարվում են ընդունելի: Մեղմացնող ապացույցները գրեթե սահմանափակման ենթակա չեն, մինչդեռ ծանրացնող ապացույցները սահմանափակվում են ստատուտով (Վիրջինիայի օրենսգիրք, բաժիններ 19.2-264.4):

43. Քանի դեռ դատախազը ողջամիտ կասկածի պայմաններում չի ապացուցել օրենսդրությամբ նախատեսված առնվազն երկու ծանրացնող հանգամանքների` հետագա վտանգավորություն ու վիրավորանք, առկայությունը, պատիժ նշանակողը չի կարող մահապատիժն ընտրել որպես պատժատեսակ:

«Հետագա վտանգավորություն» առկա է այն դեպքում, երբ մեղադրյալի կողմից ապագայում այնպիսի «բռնության քրեական արարք» կատարելու հավանականություն կա, որը «հասարակության համար շարունակվող լուրջ վտանգ» կներկայացներ (Վիրջինիայի օրենսգիրք, բաժիններ 19.2-264.2):

«Վիրավորանք» առկա է, երբ հանցագործությունը «վիրավորական կամ չարամիտ (առանց պատճառի կամ մոտիվի) հանցանք է կամ անմարդկային է այն իմաստով, որ պարունակում է խոշտանգում, մտքի անբարոյականություն կամ տուժողին առանձնապես ծանր վնաս պատճառելը (ինչպես մարմնական վնաս պատճառելը, սեռական անձեռնմխելիությունը խախտելը, այնպես էլ արհամարհական վերաբերմունքով անձին դիպչելը)», (Վիրջինիայի օրենսգիրք, ibid.): «Մտքի անբարոյականություն» բառերը նշանակում են «բարոյականության դեմ ոտնձգության աստիճանը և ֆիզիկական նվաստացումը, որը գերազանցում է վնաս պատճառելու մտադրությունը և կանխամտածվածությունը սովորական իրավական ենթատեքստում»: «Առանձնապես ծանր վնաս պատճառել» հասկացությունը նշանակում է այնպիսի վնաս պատճառելը, որը «մեղավորության չափանիշով որակապես և քանակապես առավել է, քան այն նվազագույն չափանիշը, որն անհրաժեշտ է արարքը որպես սպանություն որակելու համար» (տե՛ս Smith v. Commonwealth, 219 Va. 455, 248 S.E.2d 135 (1978), ինչը մերժվել է 441 ԱՄՆ Գերագույն դատարանի զեկույցներում (ԱՄՆ) 967 (1979 թվական)): Տուժողի կրած բազմակի վնասվածքների ապացույցը, մասնավորապես` պարանոցի վնասվածքը, ինչն անգամ համարվում է մեկ վնասվածք, համարվում է առանձնապես ծանր վնաս՝ դաժանության, կատարման եղանակի, տուժողին մինչև մահվան վրա հասնելը հոգեվարքի մեջ թողնելու լույսի ներքո, համարվում է «վիրավորանքի» համար գործող թեստը բավարարող (տե՛ս Edmonds v. Commonwealth, 229 Va. 303, 329 S.E.2d 807, գանգատը մերժվել է, 106 Գերագույն դատարանի զեկուցող (S.Ct.) 339, 88 ԱՄՆ գերագույն դատարանի տեղեկագիր, Իրավաբանի տեղեկագիր, 2-րդ սերիա (L.Ed.2d) 324 (1985)):

44. Չափահասության տարիքի՝ 18 տարեկան չհասած անձի նկատմամբ մահապատիժ նշանակելը չի արգելված Վիրջինիայի օրենսդրությամբ: Տարիքը գնահատվում է ատենակալների կողմից (տե՛ս Peterson v. Commonwealth, 225 Va. 289, 302 S.E.2d 520, գանգատը մերժվել է 464 U.S. 865, 104 S.Ct. 202, 78 L.Ed.2d 176 (1983)) որոշմամբ:

45. Մեղմացնող փաստերը սահմանված են ստատուտով, սակայն սպառիչ չեն: Դրանք հետևյալներն են.

«(i) մեղադրյալը նախկինում հանցագործություն չի կատարել, կամ (ii) մեղադրյալն առանձնապես ծանր հանցագործություն կատարել է ծայրահեղ մտավոր կամ հուզական խանգարման վիճակում, կամ (iii) տուժողը մասնակցել է մեղադրյալի գործողություններին կամ համաձայնել է դրանց հետ, կամ (iv) առանձնապես ծանր հանցանք կատարելու պահին մեղադրյալի՝ իր գործողությունների հանցավորությունը գնահատելու կամ իր գործողությունները օրենքի պահանջներին համապատասխանեցնելու ունակությունը զգալի կերպով խաթարված է եղել, կամ (v) առանձնապես ծանր հանցանք կատարելու պահին մեղադրյալի տարիքը» (Վիրջինիայի օրենսգիրք, բաժին 19.2-264.4Բ):

46. Այն դեպքում, երբ գործի դատաքննությունն իրականացվում է ատենակալի մասնակցությամբ, առանձնապես ծանր սպանության գործով ատենակալը նախքան պատիժը նշանակելը պարտավոր է հաշվի առնել դատապարտման համար բոլոր վերաբերելի ապացույցները՝ և՛ հօգուտ, և՛ ի վնաս մեղադրյալի ապացույցները: Մասնավորապես, ատենակալը կարող է մահապատիժ նշանակել միայն հանցագործությունը մեղմացնող ապացույցներն ուսումնասիրելուց հետո (տե՛ս Watkins v. Commonwealth, 229 Va. 469, 331 S.E.2d 422 (1985), գանգատը մերժվել է, 475 U.S. 1099, 106 S.Ct. 1503, 89 L.Ed.2d 903 (1986)) գործով: Այնուհետև, մահապատիժը կարող է նշանակվել միայն եթե ատենակալները միաձայն այդպես են որոշում, հակառակ դեպքում պետք է նշանակվի ցմահ ազատազրկում (Վիրջինիայի օրենսգիրք, բաժին 19.2-264.4): Նույնիսկ եթե օրենսդրությամբ նախատեսված ծանրացնող հանգամանքներից մեկը կամ մի քանիսն են առկա, մեղմացնող հանգամանքի լույսի ներքո կամ պատիժ նշանակողի գթության հաշվին՝ առանց պատճառի, պատիժ նշանակողը մահապատժի փոխարեն ազատության հետ կապված պատիժ է նշանակում (տե՛ս նույն տեղում Smith v. Commonwealth):

47. Մահապատիժ նշանակելուց հետո դատական քննություն վարած դատավորը պետք է կարգադրի պատրաստել նախնական քննության զեկույց՝ մանրամասնելով մեղադրյալի պատմությունը և «ցանկացած ու բոլոր վերաբերելի փաստերն այնպես, որ դատարանը լիարժեք տեղեկացված լինի արդյոք մահապատիժը պատշաճ և արդարացի պատժատեսակ է, և այդ զեկույցն ուսումնասիրելուց հետո և լավ պատճառաբանության դեպքում դատավորը կարող է վերացնել մահապատիժը և նշանակել ցմահ ազատազրկում (Վիրջինիայի օրենսգիրք, բաժին 19.2-264.5):

48. ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումով սահմանված համաներումից հետո, (տե՛ս Furman v. Georgia գործով, 92 S.Ct. 2726 (1972)), մահապատիժը Վիրջինիայում վերսկսվել է կիրառվել 1977 թվականից, և մինչ այժմ յոթ անձ ենթարկվել է մահապատժի: Մահապատժի կատարման եղանակը էլեկտրական աթոռն է:

Վիրջինիայի մահապատժի օրենսդրական ընթացակարգը, ներառյալ պատժի պարտադիր վերանայման պահանջը (տե՛ս ստորև` կետ 52), դատական կարգով քննվել է՝ սահմանադրականությունը պարզելու նպատակով: Որոշվել է կանխել մահապատժի կամայական կամ քմահաճ կերպով նշանակման դեպքերը և նեղացնել այն նշանակողի հայեցողությունը (տե՛ս նույն տեղում Smith v. Commonwealth, Turnver v. Bass, 753 Դաշնային զեկուցող, 2-րդ Սերիա (F.2d) 342 (4-րդ շրջան, 1985 թվական), Briley v. Bass, 750 F.2d 1238 (4-րդ շրջան, 1984 թվական)): Ըստ առանձնապես ծանր սպանության մասին Վիրջինիայի օրենսդրության՝ մահապատիժը չի համարվում դաժան կամ անսովոր պատժատեսակ կամ մեղադրյալին հավասար պաշտպանությունից զրկում կամ դատաքննության մերժում (տե՛ս Stamper v. Commonwealth, 220 Va. 260, 257 S.E.2d 808 (1979), գանգատը մերժվել է, 445 ԱՄՆ 972, 100 S.Ct. 1666, 64 L.Ed.2d 249 (1980)): Վիրջինիայի Գերագույն դատարանը մերժել է այն բողոքը, որ էլեկտրահարման միջոցով մահապատիժը պատճառում է «անօգուտ ցավ մահվանից առաջ և հուզական տառապանք մինչ սպասում է պատժի կատարմանը» (ibid.):

 

C. Անմեղսունակություն, հոգեկան խանգարումներ և սահմանափակ պատասխանատվություն

 

49. Վիրջինիայի օրենսդրությունը չի ճանաչում սահմանափակ մեղսունակության վրա հիմնված պաշտպանությունը (տե՛ս Stamper v. Commonwealth, 228 Va. 707, 324 S.E.2d 682 (1985)):

50. Վիրջինիայում հանցանքի կատարման պահին անմեղսունակության վիճակում լինելու մասին հայտարարությունը ճանաչված է որպես պաշտպանություն և հաջողության դեպքում արգելափակում է դատապարտումը: Այդպիսի հայտարարությունը կկիրառվի այն դեպքում, երբ մեղադրյալը գիտի, որ իր կատարած արարքն անօրինական է, սակայն այն կատարել է անդիմադրելի ազդակի ազդեցությամբ, որը ծագել է մտավոր հիվանդությունից, ինչն ազդում է կամքի ուժի վրա (տե՛ս Thompson v. Commonwealth, 193 Va. 704, 70 S.E.2d 284 (1952) և Godley v. Commonwealth, 2 Վիրջինիայի վերաքննիչ դատարանների զեկույցներ (Va. App.) 249 (1986)) կամ երբ մեղադրյալը չի հասկանում իր արարքի էությունը, բնույթը և հետևանքները կամ ի վիճակի չէ տարբերելու ճիշտը սխալից (տե՛ս Price v. Commonwealth, 228 Va. 452, 323 S.E.2d 106 (1984)): Երբ պաշտպանությունն անմեղսունակության հիման վրա չի կառուցվում, մեղադրյալի մտավոր վիճակը պատշաճ է միայն մեղքի մակարդակում, քանի որ այն քննարկվող փաստարկի համար ապացուցողական նշանակություն կարող է ունենալ, օրինակ՝ սպանության պահին կանխամտածվածությունը (տե՛ս Le Vasseur v. Commonwealth, 225 Va. 564, 304 S.E.2d 644 (1983), գանգատը մերժվել է, 464 U.S. 1063, 104 S.Ct 744, 79 L.Ed.2d 202 (1984)):

51. Առանձնապես ծանր սպանության գործով դատական քննության ընթացքում մեղադրյալի մտավոր վիճակը հանցանքի կատարման պահին, ներառյալ` մտավոր հիվանդության ցանկացած մակարդակ, կարող է համարվել պատիժը մեղմացնող հանգամանք: Սրա վերաբերյալ ապացույցները կարող են ներառել, բայց չսահմանափակվել, ցույց տալ, որ մեղադրյալը հանցանքի կատարման պահին եղել է մտավոր կամ հուզական խանգարման ազդեցության տակ կամ հանցանքի կատարման պահին իր արարքի հանցավորությունը գնահատելու ունակությունը զգալի կերպով խաթարված է եղել (Վիրջինիայի օրենսգիրք, բաժին 19.2-264.4B – տես վերը՝ կետ 45):

Ի հավելումն սրա` ըստ օրենսդրության՝ առանձնապես ծանր սպանության գործով չքավոր մեղադրյալի համար նշանակվում է հոգեկան առողջության փորձագետ, որպեսզի օժանդակի մեղադրյալի պատմության, բնավորության և հոգեկան վիճակի մասին տեղեկատվության պատրաստմանը և ներկայացմանը՝ մեղմացնող հանգամանքներ հաստատելու տեսանկյունից (Վիրջինիայի օրենսգիրք, բաժին 19.2-264.3:1):

Մեղադրյալի հոգեկան վիճակի մասին ապացույցների ներկայացման ընթացքում պատիժ նշանակողը կարող է ընտրել ցմահ ազատազրկում, այլ ոչ թե մահապատիժ:

 

D. Մահապատիժ նախատեսող գործերով վերաքննիչ բողոքները

 

52. Վիրջինիայի Գերագույն դատարանը մեխանիկորեն վերանայում է յուրաքանչյուր գործ, որով առանձնապես ծանր պատժատեսակ է նշանակվել, անկախ այն հանգամանքից, թե մեղադրյալը դատաքննության փուլում բողոքարկել է, թե՝ ոչ: Ի լրումն վերաքննիչ բողոքում մեղադրյալի կողմից նշված «դատաքննության փուլում թույլ տրված սխալների»` Գերագույն դատարանը վերանայում է մահապատիժը՝ որոշելու համար արդյոք «այն նշանակվել է ցասման, կանխակալ կամ այլ կամայական հանգամանքի ազդեցության տակ» և արդյոք այն չափազանցրած կամ անհամաչափ է «նմանատիպ գործերով նշանակված պատժին» (Վիրջինիայի օրենսգիրք, բաժին 17-110.1):

Այսպիսի ուղղակի, մեխանիկական վերանայումը կարգավորվում է Գերագույն դատարանի Կանոններով և ներառում է բողոքի ներկայացման զանազան ժամկետներ: Բացի այդ,նախապատվությունը տրվում է մահապատժով գործերի վերանայմանը, նախքան որևէ այլ գործի անդրադառնալը (Կանոն 5.23, տե՛ս նաև Վիրջինիայի օրենսգիրք, բաժին 17-110.2): Սովորաբար այսպիսի գործերի վերանայման համար ժամկետը չի գերազանցում վեց ամիսը:

Վերանայման գործընթացն ավարտվելուց հետո մահապատիժը կկատարվի, եթե այն չհետաձգվի: Գործնականում հետաձգվում է, երբ դատապարտյալը հետագա գործընթացներ է նախաձեռնում:

1977 թվականից ի վեր միայն մեկ գործ է եղել, երբ Վիրջինիայի Գերագույն դատարանն ինքն է փոխարինել մահապատիժը ցմահ ազատազրկմամբ:

53. Դատապարտյալն իրավունք ունի դիմելու ԱՄՆ Գերագույն դատարան՝ Վիրջինիայի գերագույն դատարանի որոշումը վերանայելու նպատակով: Անհաջողության դեպքում նա կարող է զուգահեռ բողոքարկել դատավճիռը և պատիժը հաբեաս կորպուս ընթացակարգով Նահանգային և ֆեդերալ դատարաններում:

Դատապարտյալը կարող է հաբեաս կորպուս բողոք ներկայացնել Վիրջինիայի Գերագույն դատարան կամ գործը քննող դատարան՝ միաժամանակ վերաքննիչ բողոք ներկայացնելով Վիրջինիայի Գերագույն դատարան: Դրանից հետ նա կարող է ևս մեկ անգամ բողոք ներկայացնել ԱՄՆ Գերագույն դատարան՝ Նահանգային հաբեաս կորպուս որոշումը վերանայելու պահանջով:

Այդ դեպքում նա կարող է Ֆեդերալ շրջանային դատարան միջնորդություն ներկայացնել՝ հաբեաս կորպուս հանձնարարական ստանալու նպատակով: Շրջանային դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Ֆեդերալ վերաքննիչ դատարան, մեղմացում չլինելու դեպքում` հետագայում վերանայման նպատակով դիմել ԱՄՆ Գերագույն դատարան:

Այս զուգահեռ բողոքների յուրաքանչյուր փուլում դատապարտյալը կարող է պահանջել մահապատժի կատարման հետաձգում՝ սպասելով իր դիմումներով վերջնական որոշման կայացմանը:

54. Վիրջինիայի և Ֆեդերալ օրենսդրություններն ու դատարանի կանոնները սահմանում են ժամկետներ՝ բողոքը դատապարտումից հետո ներկայացնելու կամ հաբեաս կորպուս որոշումները բողոքարկելու համար: Սակայն ժամկետ սահմանված չէ սկզբնական հաբեաս կորպուս միջնորդությունը Նահանգային և Ֆեդերալ դատարաններ ներկայացնելու համար:

55. Հիմքերը, որոնք կարող են ներկայացվել և վիճարկվել վերաքննիչ և հաբեաս կորպուս վարույթներում սահմանափակված են «ժամանակին առարկելու կանոնով», որոնք կարող են ներկայացվել դատաքննության ընթացքում (տե՛ս Վիրջինիայի գերագույն դատարանի կանոնագրքի կանոն 5.25): Այս կանոնը հիմնված է այն սկզբունքի վրա, որ դատաքննությունն ինքնին «հիմնական իրադարձությունն է», այնպես, որ իրական խնդիրները կողմերի միջև պետք է քննարկվեն և որոշվեն դատաքննության փուլում, այլ ոչ թե վերաքննիչ բողոքի փուլում կամ այլ հետագա վերանայման վարույթներում: Արգելվում է դատական քննություն անցկացնող դատարանի համար ծուղակներ կիրառել (տե՛ս Keeney v. Commonwealth, 147 Va. 678, 137 Հարավարևելյան զեկուցող (S.E.) 478 (1927)), և այնպես, որ դատաքննությունը վարող դատավորը հնարավորություն ունենա խելամիտ վճիռներ կայացնել և խուսափել բողոքարկումից, որոշումները վերացնելուց կամ դատական սխալներից (տե՛ս Woodson v. Commonwealth, 211 Va. 285, 176 S.E.2d 818 (1970): Այս կանոնը հավասարապես կիրառվում է առանձնապես ծանր հանցագործության գործերով և ճանաչվում է Դաշնային դատարանների կողմից (տե՛ս Briley v. Bass, 584 Դաշնային դատարանների տեղեկագիր (F. Supp.) 807 (Վիրջինիայի Արևելյան շրջան), aff’d, 742 F.2d 155 (4-րդ շրջան 1984)):

Այս կանոնից բացառություն անելու միջոցով այն սխալների համար, որոնց կապակցությամբ դատաքննության փուլում առարկություն չի ներկայացվել, դրանք կարող են ներկայացվել վերաքննության կարգով բողոքարկման փուլում, երբ դա անհրաժեշտ է արդարություն հաստատելու համար կամ երբ լավ պատճառաբանություն է բերվում: Այս բացառությունը կիրառվել է Վիրջինիայի Գերագույն դատարանի կողմից՝ բեկանելու համար սպանության դատավճիռը (տե՛ս Ball v. Commonwealth, 221 Va. 754, 273 S.E.2d 790 (1981)): Մահապատժի գործերով պատժի և այն հարցի համաչափությունն արդյոք այն նշանակվել է ցասման, նախատրամադրվածության կամ այլ կամայական հանգամանքի ազդեցության տակ, վերանայվում է անկախ այն հանգամանքից, թե առարկություն ներկայացվել է դատաքննության փուլում (տե՛ս Briley v. Bass, տես նույն տեղում):

56. Վիրջինիայում դատաքննության և կատարման փուլի միջև ընկած միջին ժամանակը, որը հաշվարկվել է 1977 թվականից ի վեր կատարված 7 մահապատիժների գործերի հիման վրա, 6-8 տարի է: Ուշացումները հիմնականում եղել են դատապարտյալների ռազմավարության շնորհիվ՝ հնարավորինս ձգձգելու բողոքարկման վարույթները: ԱՄՆ Գերագույն դատարանը դեռևս «մահապատժի կատարմանը սպասելու» երևույթին չի անդրադարձել և մասնավորապես` արդյոք այն հակասում է ԱՄՆ Սահմանադրության 8-րդ փոփոխությամբ նախատեսված «դաժան և անսովոր պատժի» արգելման պահանջին:

 

E. Բողոքաբերների համար իրավաբանական օգնությունը

 

57. Բոլոր բանտարկյալները, ովքեր դատապարտվել են մահապատժի, ունեն իրենց շահերը ներկայացնող պաշտպաններ, ովքեր ընտրվում են կամ նշանակվում դատարանի կողմից: Մյուս կողմից` առկա չէ օրենսդրական հստակ նորմ, որը կպարտավորեցնի իրավական օգնություն տրամադրել հաբեաս կորպուս բողոքների համար: Այնուամենայնիվ, վերջերս ԱՄՆ վերաքննիչ դատարանը հաստատեց, որ Վիրջինիայի համայնքը պահանջում է, որ մահապատժի դատապարտված դատապարտյալներին տրամադրեն պաշտպաններ, որպիսի վերջիններս հաբեաս կորպուս գործողություններով կարողանան վիճարկել իրենց դատապարտումը (տե՛ս Giarratano v. Murray գործ, 847 F.2d 1118 (4-րդ դատական շրջան 1988 թվական) (լիագումար նիստ) – գործը ներկայումս գտնվում է ԱՄՆ գերագույն դատարանի վարույթում): Դաշնային մակարդակում կայացված նախադեպային իրավունքը նման պահանջ չի ներկայացնում:

Վիրջինիայի դատապարտյալները մուտք ունեն նաև իրավական տեղեկատվությանն ու օգնությանն իրավաբանական գրադարանների ու հանրային պաշտպանների միջոցով: Հանրային պաշտպանները կոչված են օժանդակելու ազատությունից զրկելու յուրաքանչյուր գործով (Վիրջինիայի օրենսգիրք, բաժին 53.1-40), այդ թվում՝ օժանդակում են հաբեաս կորպուս միջնորդությունների նախագծերի կազմմանն ու հանդիպումների նշանակմանը:

Դատապարտյալը պարտավոր չէ դատավարությանը ներկայանալ պաշտպանով և կարող է Նահանգային ու դաշնային դատարաններում դատվել ինքնուրույն: Այնուամենայնիվ, մահվան դատապարտված որևէ անձ նոր ժամանակներում իր դատավարության, վերաքննիչ վարույթների կամ հաբեաս կորպուս դատավարությունների ընթացքում առանց ներկայացուցչության չի թողնվել: Որևէ դատապարտյալ առանց պաշտպանի մահվան չի դատապարտվել:

 

F.Մահապատժի դատավարություններում ընդգրկված իշխանությունները

 

58. Վիրջինիայի յուրաքանչյուր շրջանի նահանգային դատախազ ընտրվում է 4 տարին 1 (Վիրջինիայի Սահմանադրության հոդված VII(4)): Նրա հիմնական պարտավորությունն իր տարածքում բոլոր քրեական գործերի քննություն է (տե՛ս Վիրջինիայի օրենսգիրք, բաժին 15.1-18.1): Նա հայեցողություն ունի, թե որ ծանրության սպանությունով մեղադրանք ներկայացնի, սակայն նրա հայեցողությունը սահմանափակված է դատախազական էթիկայի նկատառումներով և ընդհանուր օրենսդրության սկզբունքների ներքո ստանձնած պարտավորություններով և հանրային շահով, մասնավորապես՝ նա պարտավոր է մեղադրանք առաջադրել բոլոր այն գործերով, որոնցով առկա են հիմնավոր ապացույցներ: Նա պարտականությունները կատարելիս ազատ է և չի կարող ենթարկվել որևէ ցուցումների կամ որևէ այլ կերպ կախվածություն չունի, այդ թվում՝ Վիրջինիայի գլխավոր դատախազի (տե՛ս Վիրջինիայի օրենսգիրք, բաժին 2.1-124) կամ Վիրջինիայի նահանգապետից կամ որևէ այլ անձի կողմից տրված հավաստիացումներից: Շրջանային դատախազը կարող է ներգրավվել հանձնման մասին բանակցություններին, սակայն դատարանը կաշկանդված չէ ձեռք բերված համաձայնագրով (Վիրջինիայի գերագույն դատարանի կանոնագրքի Կանոն 3Ա.8):

59. Վիրջինիա նահանգի շրջանային և բարձր ատյանների դատարանների դատավորները չեն ընտրվում այլ նշանակվում են խորհրդի կողմից: Նրանց վարքագիծը կանոնակարգվում է Դատավորների վարքագծի կանոններով, որն ընդունվել է Վիրջինիա գերագույն դատարանի կողմից որպես Գերագույն դատարանի կանոնագիրք: Դատական իշխանության միասնականությունն ու անկախությունն ապահովելու նպատակով Վարքագծի բարձր չափորոշիչներին հետևելու պարտականությունը նախատեսված է 1-ին կանոնում:

60. Վիրջինիա նահանգի նահանգապետը «մահապատիժը փոխարինելու» անսահմանափակ իշխանություն ունի (Վիրջինիայի Սահմանադրության հոդված V, բաժին 12): Սակայն նահանգապետը նախքան դատապարտումը չի խոստանում, որ նա հետագայում կօգտագործի ներում շնորհելու իր իշխանությունը: Սկսած 1977 թվականից որևէ գործ չի եղել, որ նահանգապետը կիրառել է իր այս իշխանությունը:

 

G. Բանտային պայմանները Մեկլենբուրգի քրեակատարողական հիմնարկում

 

61. Վիրջինիայում այժմ կա 40 բանտարկյալ, ովքեր դատապարտվել են մահապատժի: Նրանց մեծամասնությունը կալանավորված է Մեկլենբուրգի քրեակատարողական հիմնարկում, որը ժամանակակից բարձր անվտանգությամբ հաստատություն է ընդհանուր 335 բանտարկյալներով: Շահագործման վերաբերյալ ինստիտուցիոնալ կարգերը (IOP 821.1) Մեկլենբուրգի վարչակազմի, անվտանգության, հսկողության և մահապատժի դատապարտված բանտարկյալներին ծառայությունների մատուցման համար սահմանում էին մեկ միասնական կարգ: Բացի դրանից, ազատությունից զրկելու պայմանները սահմանվում են որոշմամբ` ընդունված ԱՄՆ Ռիչմոնդի շրջանային դատարանի կողմից Ալան Բրաունն ու այլոք ընդդեմ Ալին Ռ. Շիելաֆնն ու այլոց գործով (1985 թվականի ապրիլի 5): Ե՛վ քրեակատարողական հիմնարկների վարչությունը և՛ Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միավորումը հսկում են այդ որոշման իրականացման գործընթացը: ԱՄՆ շրջանային դատարանը նույնպես իրավասություն ունի ապահովելու այդ որոշման կատարումը:

62. Մեխանիզմները, որոնցով գանգատները կարող են ներկայացվել և արդյունավետ պաշտպանության միջոց են ապահովում ընդգրկում են. (1) Դաշնային դատարանի օգտագործումը հաստատելու բանտարկյալների աշխատանքային վեճերի լուծման ընթացակարգը Վիրջինիայի ուղղիչ հիմնարկների վարչության կողմից, որը ներառում է Վարդենը, Շրջանային վարչակազմին և Բանտերի տնօրենին ու Շրջանային Օմբուդսմենին, (2) բանտարկյալների խորհրդի ու բանտի անձնակազմի միջև ֆորմալ ու ոչ ֆորմալ կապը, (3) դատարանի այդ որոշումը խախտելու դեմ ներկայացված գանգատները, և (4) դաշնային կամ նահանգային դելիկտային օրենսդրության ներքո իրավական ընթացակարգերի ինստիտուտը:

63. Մահապատժի դատապարտված դատապարտյալների բանտախուցի չափսերն են 3 մ-ը 2.2 մ-ի վրա: Դատապարտյալներն ամռանն ունեն շաբաթական մոտ 7զ ժամի հանգստի իրավունք, իսկ ձմռանը՝ շաբաթական 6 ժամ հանգստի իրավունք, եթե եղանակային պայմանները թույլ են տալիս: Մահապատժի դատապարտված անձանց գոտին ունի հանգստի 2 տարածքներ, որոնցից յուրաքանչյուրն ունի բասկետբոլի մարզադաշտ, իսկ մեկը՝ ծանրաձողեր: Դատապարտյալներին թույլատրվում է լքել իրենց խուցը նաև այլ դեպքերում, ինչպես օրինակ՝ այցելուներին ընդունելու, գրադարան կամ բանտային հիվանդանոց այցելելու համար: Բացի դրանից, մահապատժի դատապարտված դատապարտյալներին ընդհանուր գոտում առավոտյան մեկ ժամ է տրամադրվում: Մահապատժի դատապարտված յուրաքանչյուր դատապարտյալ ունի աշխատանքային հանձնարարություններ կատարելու իրավունք, ինչպես օրինակ՝ սանմաքրման պարտականություններ: Երբ բանտարկյալները շրջում են տարածքում, նրանք կրում են հատուկ ձեռնաշղթաներ:

Անկարգությունների կամ բանտարկյալների կողմից միմյանց վրա հարձակվելու դեպքում պահակախումբը չի միջամտում, քանի դեռ նման կարգադրություն չի ստացել ավելի բարձր աստիճան ունեցող սպայից:

64. Դիմողը բազմաթիվ ապացույցներ է ներկայացրել քրեակատարողական հիմնարկներում, այդ թվում՝ Մեկլենբուրգի քրեակատարողական հիմնարկում ծայրահեղ սթրեսի, հոգեկան խանգարման և հոմոսեքսուալ սեռական ոտնձգության ու ֆիզիկական բռնության ենթարկվելու վտանգի մասին: Այս ապացույցն ուղղակիորեն հերքվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից՝ հիմք ընդունելով Վիրջինիայի քրեակատարողական հիմնարկի վարչակազմի երդումը:

65. Մահապատժի դատապարտված դատապարտյալները ստանում են նույն բժշկական ծառայությունները, ինչ որ ընդհանուր բանտարկյալները: Դատապարտյալների հիվանդանոցն ապահովված է պատշաճ դեղորայքով, սարքավորումներով, իսկ անձնակազմն ապահովում է 24-ժամյա հոգատարություն, իսկ շտապ օգնության հնարավորությունն առկա է յուրաքանչյուր մասնաշենքում: Մեկլենբուրգի հիմնարկն ապահովում է նաև հոգեբանական ու հոգեբուժական ծառայություններ մահապատժի դատապարտված դատապարտյալների համար: ԱՄՆ շրջանային դատարանը (Վիրջինիայի արևելյան շրջան) վերջերս գտել է, որ մահապատժի դատապարտված դատապարտյալներին Մեկլենբուրգում տրամադրվող բժշկական օգնությունը պատշաճ է (տե՛ս Stamper et al. v. Blair et al. գործով 1988 թվականի հուլիսի 14-ի որոշում):

66. Դատապարտյալներին շաբաթ, կիրակի և հանգստյան օրերին ժամը 830-ից մինչև 1530 թույլատրվում է առանց կոնտակտի այցելուներ ունենալ այցելուների սենյակում: Պաշտպանները մուտք ունեն իրենց հաճախորդների մոտ բնականոն աշխատանքային ժամերին, ինչպես նաև գրաֆիկով նշված ժամանակահատվածում: Մահապատժի դատապարտված այն դատապարտյալները, ովքեր լավ վարք են դրսևորել ունեն իրենց ընտանիքի անդամների հետ կոնտակտային այցելության իրավունք շաբաթական 2 անգամ:

67. Անվտանգության նկատառումներից ելնելով` բանտախցերի խուզարկությունն այդ կանոններին համապատասխան իրականացվում է քառամսյակային կտրվածքով: Նման դեպքերում դատապարտյալներին դուրս են բերում բանտախցերից, նրանք լողանում են, ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, թույլատրում են հաճախել գրադարան և այլն:

Նման դեպքեր գրանցվում են նաև այն ժամանակ, եթե օպերատիվ տեղեկություն կա, որ անկարգություններ կամ փախուստ է կազմակերպվում:

68. Մահապատժի դատապարտված դատապարտյալը մահապատիժն ի կատար ածելուց 15 օր առաջ տեղափոխվում է հատուկ բանտախուց` մահապատիժն ի կատար ածելու համար: Այդ հատուկ բանտախուցը գտնվում է այն սենյակի հարևանությամբ, որտեղ գտնվում է էլեկտրական աթոռը: Այդ ընթացքում դատապարտյալը գտնվում է 24-ժամյա հսկողության ներքո: Նա մեկուսացվում է ու պահվում մութ սենյակում: Դատապարտյալը, ով դիմում է բողոքարկման վարույթների, կարող է այդ բանտախուց տեղափոխվել մի քանի անգամ:

 

H. Մահապատժի վերաբերյալ տրված հավաստիացումների ազդեցությունը

 

69. Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հանձնման վերաբերյալ հարաբերությունները կարգավորվում են Դաշնային իշխանությունների կողմից և նրանց հետ, այլ ոչ թե Նահանգի իշխանությունների հետ: Այնուամենայնիվ, Նահանգի դեմ ուղղված հանցագործություններով հանձնման գործերով Դաշնային իշխանություններն իրավական առումով սահմանափակված իշխանություն չունեն հավաստիացում տալու, որ մահապատիժն ի կատար չի ածվի կամ չի նշանակվի: Նման դեպքերում այդ իշխանությունը պատկանում է Նահանգին: Եթե Նահանգը որոշում է մահապատժի վերաբերյալ խոստում տալ, ապա ԱՄՆ Կառավարությունն իրավասություն է ստանում հավաստիացում տալու հայցվող Պետությանը, որ Նահանգի խոստումը հարգվելու է:

Ըստ Վիրջինիա նահանգի իշխանությունների ապացույցի՝ մահապատժի վերաբերյալ դատավարություններում (տե՛ս վերը՝ կետ 47) դատավորը թույլատրում է Միացյալ Թագավորության կառավարության անունից ներկայացուցչության ապահովումը ի կատարում Բեդֆորդ շրջանի դատախազի կողմից տրված խոստման (տե՛ս վերը՝ կետ 20): Բացի դրանից, նահանգապետը միշտ իրավասություն ունի հաշվի առնելու Միացյալ Թագավորության ցանկությունները ներում կիրառելու վերաբերյալ (տե՛ս վերը՝ կետ 60):

 

I. Քրեական գործերով փոխադարձ իրավական օգնությունը

 

70. Որևէ միջոց չկա շահագրգռելու Ամերիկայի վկաներին ցուցմունք տալ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության դատարանում ընթացող դատավարության ընթացքում: Այնուամենայնիվ, նման վկաները սովորաբար, եթե ձերբակալված չեն, կարող են կամավոր ներկայանալ Գերմանիայի դատարան ու Գերմանիայի իշխանություններին, եթե վերջիններս փոխհատուցեն նրանց ծախսերը: Բացի դրանից, ԱՄՆ դաշնային դատարանն օտարերկրյա տրիբունալի հարցմանը կամ միջնորդությանը համապատասխան կարող է կարգադրել անձին ցուցմունք կամ հայտարարություն տալ կամ փաստաթուղթ ներկայացնել կամ որևէ այլ բան, որը կարող է օգտագործվել օտարերկրյա տրիբունալի կողմից (ԱՄՆ օրենսգիրք 28, բաժին 1782): Բացի դրանից, հանրային փաստաթղթերը, օրինակ՝ քրեական դատավարության արձանագրությունը, հասանելի է օտարերկրյա իշխանություններին:

 

IV. ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՖԵԴԵՐԱՏԻՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊՐԱԿՏԻԿԱՆ

 

71. Գերմանիայի քրեական օրենսդրությունը կիրառելի է Գերմանիայի սահմաններից դուրս Գերմանիայի քաղաքացիների կողմից կատարված արարքների նկատմամբ, եթե դրա կատարման վայրի օրենսդրությամբ այդ արարքը պատժելի է (Քրեական օրենսգիրք, բաժին 7(2)):

72. Քրեական օրենսգրքի 211(2) բաժնով սպանությունը բնութագրվում է հետևյալ կերպ.

«Մարդասպան է համարվում այն անձը, ով սպանելու կամ իր սեռական բնազդները բավարարելու, այլ անձի կողմից հանցանքի կատարմանն օժանդակելու կամ թաքցնելու նպատակով, շահադիտական կամ այլ շարժառիթով, դաժանորեն կամ հասարակական վտանգ ներկայացնող այլ միջոցներով սպանում է մեկ այլ անձի»:

Սպանությունը պատժելի է ցմահ ազատազրկմամբ (Քրեական օրենսգիրք, բաժին 211(1)), մահապատիժը վերացվել է Սահմանադրությամբ (Սահմանադրության 102-րդ հոդված, 1949 թվական):

73. Անչափահասների գործերով դատարանի մասին (1953 թվական) ակտի իմաստով, եթե երիտասարդը՝ այն անձը, ում 18 տարին լրացել է հանցանքը կատարելու պահին, սակայն դեռևս 21 տարեկան չէ (բաժին 1(3)), հանցանք է գործել, ապա դատավորը կիրառում է անչափահասների (այն անձը, ում տարիքը հանցանքը կատարելու պահին նվազագույնը 14 տարեկան է, սակայն 18 տարին չի լրացել (ibid.)), եթ», inter alia, «մեղադրյալի անձնավորության վերաբերյալ ընդհանուր գնահատականը, հաշվի առնելով նաև գործի առանձնահատկությունները, վկայում է այն մասին, որ ըստ նրա բարոյական և հոգեբանական զարգացվածության` հանցանքի կատարման պահին նա դեռևս հավասար է եղել անչափահասի» (բաժին 105(1)): Այս բաժնում ընդգրկված երիտասարդների համար նախատեսված ազատազրկման ժամկետը 6 ամսից մինչև 10 տարի է կամ առանձնահատուկ դեպքերում սահմանվում է անորոշ ժամանակահատված (բաժիններ 18, 19 և 105(3)):

Եթ», մյուս կողմից, երիտասարդ հանցագործի անձնային զարգացվածությունը համապատասխանում է նրա տարիքին, ապա կիրառվում է քրեական ընդհանուր օրենսդրությունը, սակայն դատավորը ցմահ ազատազրկման փոխարեն պետք է կիրառի ազատազրկում 10-ից մինչև 15 տարի ժամկետով (բաժին 106(1)):

74. Եթե հանցագործը հանցանքը կատարելու պահին հոգեկան խանգարման կամ մտավոր հետամնացության կամ գիտակցության ակնհայտ կորստի կամ որևէ այլ հոգեկան կամ էմոցիոնալ խանգարման պատճառով ունակ չէ գնահատելու արարքի կամ հանցագործության հակաօրինականությունը, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության և չի կարող պատժվել (Քրեական օրենսգիրք, բաժին 20): Նման դեպքում, այնուամենայնիվ, հնարավոր է անորոշ ժամկետով անձին տեղավորել հոգեբուժական հաստատություն (Քրեական օրենսգիրք, բաժին 63):

Սահմանափակ պատասխանատվության դեպքում, մասնավորապես, երբ հանցանքը կատարելու ժամանակ առկա է հանցանքի կամ արարքի հակաօրինականությունը բաժին 20-ում նշված պատճառներից որևէ մեկով պատշաճ գնահատելու ունակության էական խանգարում (Քրեական օրենսգիրք, բաժին 21), պատիժը կարող է կրճատվել և հատկապես սպանության դեպքերում մահապատիժը պետք է փոխարինվի 3 տարի ժամկետով ազատազրկմամբ (Քրեական օրենսգիրք, բաժին 49(1)(2)): Որպես այլընտրանք Դատարանը կարող է պահանջել տեղավորել հոգեբուժական հաստատություն:

75. Եթե առկա է մահապատժի դատապարտվելու վտանգ, Դաշնային կառավարությունը կթույլատրի հանձնումը միայն, եթե առկա է հայցող Պետության աներկիմաստ հավաստիացումը, որ մահապատիժ չի նշանակվի կամ ի կատար չի ածվի: Հանձնման մասին Գերմանիայի և ԱՄՆ 1978 թվականի հունիսի 20-ի պայմանագիրը, ուժի մեջ մտած 1980 թվականի օգոստոսի 29-ին, պարունակում է դրույթ (Հոդված 12), որը, ըստ էության, համապատասխանում է Հանձնման մասին Միացյալ Թագավորության և ԱՄՆ պայմանագրի Հոդված IV (տե՛ս վերը` կետ 36): Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կառավարությունը հայտարարեց, որ սույն գործով նրանք ԱՄՆ կողմից տրված հավաստիացումը չեն համարում պատշաճ և հետևաբար մերժելու են հանձնումը: Ըստ վերջին դատական որոշումների` հարցը, թե արդյոք պատշաճ հավաստիացումներ են տրվել, թե՝ ոչ, պետք է քննարկվի բարձրագույն դատական ատյանների կողմից:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ

 

76. Պրն Սոերինգի գանգատը (թիվ 14038/88) Հանձնաժողովին ներկայացվել է 1988 թվականի հուլիսի 8-ին: Իր գանգատի մեջ պարոն Սոերինգը հայտարարել է, որ չնայած Միացյալ Թագավորության կողմից տրված հավաստիացումներին, նա վստահ է եղել, որ եթե հանձնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ապա ամենայն հավանականությամբ մահապատժի է դատապարտվելու: Նա մատնանշել է, որ նման հանգամանքներում և հատկապես մահապարտների բանտախցում հայտնվելու դեպքում, նա ենթարկվելու է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին (հոդվ. 3) հակասող անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի: Այնուհետև հայտնել է, որ ԱՄՆ իր հանձնումը հանգեցնելու է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի (գ) կետի (հոդվ. 6-3-գ) խախտման Վիրջինիա նահանգում իրավաբանական օգնության բացակայության պատճառով: Վերջապես, նա հայտնել է, որ ի խախտումն 13-րդ հոդվածի (հոդվ. 13)` Միացյալ Թագավորության օրենսդրության ներքո 3-րդ հոդվածի (հոդվ. 3) խախտման վերաբերյալ իր գանգատի պաշտպանության արդյունավետ միջոց առկա չէ:

77. 1988 թվականի օգոստոսի 11-ին Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի կանոնակարգի 36-րդ կանոնին համապատասխան Միացյալ Թագավորության կառավարությանը մատնացույց է արել, որ կողմերի ու քննության շահերից բխում է, որ դիմողը չհանձնվի ԱՄՆ-ին, քանի դեռ Հանձնաժողովը հնարավորություն չի ունեցել քննելու գանգատը: Այս պահանջը մի քանի անգամ երկարացվել է մինչև գործը փոխանցվել է Դատարանին:

78. 1988 թվականի նոյեմբերի 10-ին Հանձնաժողովը գանգատն ընդունելի է հայտարարել:

1989 թվականի հունվարի 19-ին ընդունված իր զեկույցում (Հոդված 31) (հոդվ. 31) Հանձնաժողովը կարծիք է հայտնել, որ տեղի է ունեցել 13-րդ հոդվածի (հոդվ. 13) (7 ձայնն ընդդեմ 4-ի) խախտում, սակայն 3-րդ հոդվածի (հոդվ. 3) (6 ձայնն ընդդեմ 5-ի) կամ 6-րդ հոդվածի 3-րդ մասի (գ) կետի (հոդվ. 6-3-գ) (միաձայն) խախտում չի եղել:

Հանձնաժողովի կարծիքի ամբողջական տեքստն ու զեկույցում ներառված հատուկ կարծիքները կցված են այս վճռին` որպես հավելված*:

 

ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

79. 1989 թվականի ապրիլի 24-ի դռնբաց դատական նիստի ընթացքում Միացյալ Թագավորության կառավարությունը պնդել է իր պատասխանում նշված եզրափակիչ դիրքորոշումները, որոնց միջոցով այն Դատարանին միջնորդել է գտնել, որ.

«1. Միացյալ Թագավորության Կառավարության կողմից կայացված՝ դիմողին հանձնելու մասին որոշումը կամ նրա վերաբերյալ կայացված որևէ այլ ակտ կամ այլ որոշում չի պարունակում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (հոդվ. 3).

2. Միացյալ Թագավորության Կառավարության կողմից կայացված՝ դիմողին հանձնելու մասին որոշումը կամ նրա վերաբերյալ կայացված որևէ այլ ակտ կամ այլ որոշում չի պարունակում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի (գ) խախտում (հոդվ. 6-3-գ).

3. Կոնվենցիայի 13-րդ հոդվածի (հոդվ. 13) խախտում չի եղել.

4. Կոնվենցիայի 50-րդ հոդվածի (հոդվ. 50) ներքո այնպիսի հարց չի ծագում, որը Դատարանի քննարկման առարկա լինի»:

Նրանք հայտնել են նաև, որ դիմողի կողմից 6-րդ հոդվածի (հոդվ. 6) ներքո Դատարանին ներկայացված հետագա գանգատները գործի շրջանակներում ներառված չեն, թեև Հանձնաժողովի կողմից հայտարարվել են ընդունելի:

 

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ

 

I. 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ (հոդվ. 3)

 

80. Դիմողը պնդում է, որ եթե ի կատար ածվի Ներքին գործերի նախարարի պետքարտուղարի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանություններին իրեն հանձնելու մասին որոշումը, ապա դա կհանգեցնի Միացյալ Թագավորության կողմից Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (հոդվ. 3) խախտմանը, որը սահմանում է.

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի»:

 

A. Հանձնման գործերով 3-րդ հոդվածի (հոդվ. 3) կիրառումը

 

81. Ենթադրյալ խախտումը բխում է դիմողի` այսպես կոչված «մահվան դատապարտվածների հոգեվիճակում» հայտնվելու հանգամանքից։ Այս երևույթը կարելի է նկարագրել որպես հանգամանքներ, որոնցում դիմողը կարող է հայտնվել, եթե Վիրջինիա հանձնվելուց հետո նրա նկատմամբ կիրառվի մահապատիժ դատապարտվելուց հետո:

82. Հանձնաժողովն իր զեկույցում (կետ 94-ում) վերահաստատեց «իր նախադեպային որոշումը, որ անձի արտաքսումը կամ հանձնումը կարող է հանգեցնել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (հոդվ. 3) խնդրի, եթե լուրջ պատճառներ կան հավատալու, որ անձն ընդունող պետության տարածքում կենթարկվի այդ հոդվածին (հոդվ. 3) հակասող վերաբերմունքի»:

Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կառավարությունը պաշտպանում է Հանձնաժողովի մոտեցումը` մատնանշելով գերմանական դատարանների նախադեպային իրավունքի նմանատիպ մոտեցումը։

Դիմողը նաև հայտնել է, որ 3-րդ հոդվածը (հոդվ. 3) ոչ միայն արգելում է Պայմանավորվող կողմին իրենց իրավասության ներքո ցուցաբերել անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք կամ պատժել, այլ ներառում է այլ երկրներում անձին նմանատիպ վիճակի մեջ չդնելու պարտավորություն։ Դիմողի համար, համենայն դեպս այնքանով, որքանով առնչվում է 3-րդ հոդվածին (հոդվ. 3), անհատին չի կարելի հանել Կոնվենցիայով պաշտպանվող տարածքից դուրս` առանց համոզման, որ այն երաշխիքները, որոնցից նա օգտվելու է, այնքան արդյունավետ են, որքան Կոնվենցիայով նախատեսված չափանիշներն են:

83. Միացյալ Թագավորության կառավարությունը, մյուս կողմից, պնդում է, որ 3-րդ հոդվածը (հոդվ. 3) չի կարելի մեկնաբանվել այնպես, որ Պայմանավորվող կողմին պարտադրի գործել նրա իրավասությունից դուրս։ Մասնավորապես, իրենց պատկերացմամբ հանձնումը չի ներառում հանձնող պետության պատասխանատվությունը նրա համար, որ հանձնված անձը հանձնող պետության իրավասությունից դուրս կարող է ենթարկվել անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի։ Առաջին հերթին նրանք հաստատում են, որ դա միանշանակ կխեղաթյուրի 3-րդ հոդվածի (հոդվ. 3) էությունը, որ փախստական հանցագործին հանձնելով` հանձնող կողմը կենթարկի նրան ցանկացած վերաբերմունքի կամ պատժի, որին նա կարժանանա ընդունող երկրում դատապարտումից հետո։ Հանձնաժողովի մոտեցման դեմ հետագա փաստարկներն այն են, որ այս մոտեցումը միջամտում է միջազգային պայմանագրի իրավունքներին, հանգեցնում է միջազգային դատարանի ընթացակարգային նորմերի կոնֆլիկտին, քանի որ ըստ էության նշանակում է միջամտություն Կոնվենցիայի մաս չկազմող պետությունների ներքին գործերին կամ Կոնվենցիայի մաս կազմող հաստատությունների որոշումներին, պարունակում է գնահատման և ապացուցման լուրջ բարդություններ, որոնք անհրաժեշտ են այլ պետությունների իրավական համակարգերի և պրակտիկայի ուսումնասիրության համար, ողջամիտ չէ ներպետական դատարանների և միջազգային համայնքի պրակտիկային կոչ անել պաշտպանելու այս մոտեցումը, քանի որ այն կարող է լրջորեն վտանգել Պայմանավորվող կողմին, ով պարտավորված է ապաստան տալ պաշտպանության ներքո գտնվող անձին և հանցագործներին չդատել, թողնել ազատության մեջ ու չպատժել:

Որպես այլընտրանք` Միացյալ Թագավորության կառավարությունը հայտնեց, որ հանձնման գործերով 3-րդ հոդվածի կիրառությունը (հոդվ. 3) պետք է սահմանափակվի այն դեպքերի համար, որոնցում վերաբերմունքը կամ պատիժը արտասահմանում որոշված է, անխուսափելի է ու ծանր։ Իրենց կարծիքով այն փաստը, որ բողոքարկվող հարցերը ենթադրյալ են, հանցագործին արդարադատությանը հանձնելու բոլոր պետությունների ընդհանուր և իրավական շահերից ելնելով, պահանջում է բարձր աստիճանի ռիսկ, որը ողջամիտ կասկածից վեր է, իրականում կհանգեցնի բացասական վերաբերմունքի։

84. Դատարանը խնդրին կմոտենա հետևյալ դիտարկումների հիման վրա:

85. Ինչպես բխում է 5-րդ հոդվածի 1-ին մասի «զ» (հոդվ. 5-1-զ) կետից, որը «թույլատրում է կալանավորումն անձին հանձնելու նպատակով», վերջինս Կոնվենցիայով պաշտպանվող չհանձնվելու իրավունք որպես այդպիսին չի տալիս: Այնուհանդերձ, եթե հանձնումն ունենում է այնպիսի բացասական հետևանքներ, որոնք ազդում են Կոնվենցիայի իրավունքից օգտվելու վրա, եթե հետևանքները երկար սպասեցնել չեն տա, ապա այն կարող է իր ազդեցությունն ունենալ Պայմանավորվող կողմի՝ Կոնվենցիայի ներքո ստանձնած պարտավորության վրա (տե՛ս, mutatis mutandis, the Abdulaziz, Cabales and Balkandali գործով 1985 թվականի մայիսի 25-ի վճիռը, Ա սերիա թիվ 94, էջեր 31-32, կետ 59-60 էմիգրացիայի հետ կապված իրավունքներ): Այս գործով խնդիրն այն է, թե արդյոք 3-րդ հոդվածը (հոդվ. 3) կիրառելի է այն դեպքում, երբ հանձնման բացասական հետևանքներն ազդում են կամ կարող են ազդել հանձնող երկրի իրավասությունից դուրս հանձնվող պետությունում ցուցաբերված վերաբերմունքի կամ կիրառված պատժի արդյունքում:

86. Կոնվենցիայի 1-ին հոդվածը (հոդվ. 1), որը սահմանում է, որ «Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի I բաժնում», Կոնվենցիայի կիրառության նկատմամբ տարածքային սահմանափակում է դնում։ Մասնավորապես, Պայմանավորվող կողմից ստանձնած պարտավորությունը սահմանափակվում է նրա իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքները և ազատություններն «ապահովելով» (ֆրանսերեն տեքստում` ճանաչումով): Բացի դրանից, Կոնվենցիան չի տարածվում Պայմանավորվող կողմ չհանդիսացող պետությունների գործողությունների վրա, ինչպես նաև՝ այն միտում չունի Պայմանավորվող կողմ հանդիսացող պետություններին կոնվենցիայի նորմերն այլ երկրներին պարտադրելու միջոց հանդիսանալ։ 1-ին հոդվածը (հոդվ. 1) չի կարելի մեկնաբանել որպես ընդհանուր սկզբունք այն մասին, որ, չնայած հետապնդվող անձին հանձնելու իր պարտավորությանը, Պայմանավորվող կողմը կարող է չհանձնել անձին մինչև համոզված չլինի, որ այն պայմանները, որոնցում նա կհայտնվի հանձնվող պետությունում, լիովին համապատասխանում են Կոնվենցիայի երաշխիքներին։ Իսկապես, ինչպես Միացյալ Թագավորության կառավարությունն է շեշտում, հանձնման նպատակն է արդարադատությունից խուսափող հետախուզվող հանցագործներին խոչընդոտելը, ինչը չի կարելի անտեսել Կոնվենցիայի, մասնավորապես՝ 3-րդ հոդվածի (հոդվ. 3) կիրառման ոլորտը սահմանելիս։

Տվյալ դեպքում ընդունվում է, որ Միացյալ Թագավորությունն իշխանություն չունի Վիրջինիայի իշխանությունների գործողությունների վրա, որոնք դիմողի գանգատների առարկան են: Ճիշտ է նաև այն, որ միջազգային այլ փաստաթղթերը, որոնք Միացյալ Թագավորության կառավարությունը մեջբերում է. օրինակ` Փախստականների մասին 1951 թվականի ՄԱԿ-ի Կոնվենցիան (հոդված 33), Հանձնման վերաբերյալ 1957 թվականի եվրոպական կոնվենցիան (հոդված 11) և Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ-ի 1984 թվականի կոնվենցիան (հոդված 3), անձին այլ իրավասության հանձնելու խնդիրները, որտեղ անցանկալի հետևանքներ կարող են հաջորդել, կոնկրետ և առանձնահատուկ կերպով են անդրադառնում։

Այս դիտարկումները, այնուամենայնիվ, Պայմանավորվող կողմին չեն ազատում 3-րդ հոդվածով (հոդվ. 3) սահմանված պատասխանատվությունից, եթե իրենց իրավասությունից դուրս հանձնման արդյունքում բոլոր կամ որևէ կանխատեսելի հետևանքից անձը կտառապի:

87. Կոնվենցիան մեկնաբանելիս ուշադրություն պետք է դարձնել դրա առանձնահատուկ բնույթին՝ որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոլեկտիվ պայմանագրի (տե՛ս the Ireland v. the United Kingdom գործով 1978 թվականի հունվարի 18-ի վճիռը, Ա Սերիա, թիվ 25, էջ 90, կետ 239): Այսպիսով, Կոնվենցիայի խնդիրն ու նպատակը` որպես անհատների պաշտպանության փաստաթղթի, պահանջում է, որ դրա դրույթները մեկնաբանվեն և կիրառվեն այնպես, որ դրա երաշխիքները գործնականում արդյունավետ լինեն (տե՛ս մասնավորապես` Artico-ի գործով 1980 թվականի մայիսի 13-ի վճիռը, Ա Սերիա, թիվ 37, էջ 16, կետ 33): Բացի դրանից, իրավունքների կամ ազատությունների ցանկացած երաշխավորված մեկնաբանություն պետք է համապատասխանի «Կոնվենցիայի ընդհանուր ոգուն, մի փաստաթուղթ, որը ստեղծված է ժողովրդավարական հասարակության գաղափարներն ու արժեքները պահպանելու և խթանելու նպատակով» (տե՛ս the Kjeldsen, Busk Madsen and Pedersen գործով 1976 թվականի դեկտեմբերի 7-ի վճիռը, Ա Սերիա, թիվ 23, էջ 27, կետ 53):

88. 3-րդ հոդվածը (հոդվ. 3) որևէ բացառություն կամ վերապահում չի նախատեսում պատերազմի կամ այլ արտակարգ իրավիճակի համար սահմանված 15-րդ հոդվածի (հոդվ. 15) ներքո: Կոնվենցիայի համաձայն՝ խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի բացարձակ արգելքը վկայում է այն մասին, որ 3-րդ հոդվածը (հոդվ. 3) պահպանում է Եվրոպայի Խորհրդի ժողովրդավարական հասարակությունների ամենահիմնարար արժեքներից մեկը։ Նմանատիպ պայմաններ հանդիպում են նաև միջազգային այլ փաստաթղթերում, ինչպիսիք են 1966 թվականի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և 1969 թվականի Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիան, և ընդհանուր առմամբ այն ընդունվում է որպես միջազգայնորեն ճանաչված չափանիշ:

Բաց է մնում միայն այն հարցը, թե արդյոք փախստականի հանձնումը մեկ այլ պետության, որտեղ նա կենթարկվի կամ հավանաբար կենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, կհանգեցնի Պայմանավորվող կողմի պատասխանատվությանը 3-րդ հոդվածի (հոդվ. 3) ներքո: Այն, որ խոշտանգումները նողկալի են, ճանաչված է և ընդունվում է ՄԱԿ-ի խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի վերաբերյալ կոնվենցիայի 3-րդ հոդվածով, որը սահմանում է «ոչ մի անդամ-պետություն անձին չի հանձնի այնպիսի վայր, որտեղ կան լուրջ հիմքեր հավատալու, որ նա անապահով կլինի և կենթարկվի խոշտանգումների»: Այն փաստը, որ մասնագիտացված պայմանագիրն ամենայն մանրամասնությամբ պետք է բացատրի խոշտանգումների արգելքից բխող պարտավորության էությունը, չի նշանակում, որ սկզբունքորեն նման պարտավորություն ամրագրված չէ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածում (հոդվ. 3): Այն հազիվ թե համատեղելի լինի ներքոհիշյալ Կոնվենցիայի արժեքների՝ գաղափարների, ազատության և օրենքի գերակայության ընդհանուր ժառանգության հետ, որին հղում է տալիս Ներածությունը, որ Պայմանավորվող կողմը գիտակցաբար փախստականին հանձնի մեկ այլ պետության, որտեղ կան էական հիմքեր հավատալու, որ անհատը կենթարկվի խոշտանգումների կամ վտանգված կլինի, որքան սարսափելի հանցանք էլ նա գործած լինի։ Նման հանգամանքներում հանձնումը, թեև ակնհայտորեն չի բխում 3-րդ հոդվածի (հոդվ. 3) ձևակերպումից, սակայն կհակասի 3-րդ հոդվածի ոգուն ու նպատակին, և Դատարանի կարծիքով չհանձնելու այս պարտավորությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, որտեղ փախստականը ընդունող երկրում կհայտնվի իրական վտանգի ենթարկվելու անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, որը 3-րդ հոդվածով (հոդվ. 3) արգելված է:

89. «Անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքը կամ պատիժը» որոշվում է հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները (տե՛ս ստորև` կետ 100): Ավելին, Կոնվենցիային հատուկ է արդարացի հավասարակշռություն փնտրել հանրության ընդհանուր շահերի պահանջների և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև։ Քանզի աշխարհով շրջագայելը գնալով հեշտանում է և հանցավորությունը գնալով ավելի մեծ միջազգային տարածում է գտնում, բոլոր ազգերի շահերից է բխում, որ կասկածյալ հանցագործները, ովքեր փախուստի են դիմում արտերկիր, կանգնեն արդարադատության առաջ։ Եվ, ընդհակառակը, փախստականների համար ապահով ապաստանների հաստատումը ոչ միայն վտանգավոր կլինի ապաստան տրամադրող պետության համար, այլ նաև միտում ունի քայքայելու հանձնման հիմքերը։ Այս քննարկումներն ու մտորումները ևս պիտի ներառվեն այն չափանիշների մեջ, որոնք հաշվի են առնվում հանձնման դեպքերում անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի մասին հասկացությունների մեկնաբանությունների ու կիրառման դեպքում։

90. Կոնվենցիայի ինստիտուտների համար սովորական չէ Կոնվենցիայի պոտենցիալ խախտումների վերաբերյալ բարձրաձայնելը։ Այնուամենայնիվ, այնտեղ, որտեղ դիմողը պնդում է, որ հանձնման մասին որոշման իրականացումը կհակասի 3-րդ հոդվածին (հոդվ. 3) պահանջող կողմի կանխատեսելի հետևանքների պատճառով, այս սկզբունքի շրջանցումն անհրաժեշտություն է, ենթադրյալ տանջանքների լուրջ և անդառնալի լինելու տեսանկյունից, որպեսզի ապահովվեն 3-րդ հոդվածով (հոդվ. 3) նախատեսված երաշխիքները (տե՛ս վերը՝ կետ 87):

91. Որպես եզրահանգում`Պայմանավորվող կողմի որոշմամբ փախստականին հանձնելը կարող է 3-րդ հոդվածի (հոդվ. 3) ներքո խնդիր առաջացնել և հանգեցնել այդ պետության պատասխանատվությանը, եթե հայցող պետությանը հանձնելով, նրան կենթարկի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացուցիչ այլ վերաբերմունքի կամ պատժի: Նման պատասխանատվության հաստատումը անխուսափելիորեն ներառում է հայցող պետությունում այն պայմանների գնահատումը, որը դեմ է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին (հոդվ. 3): Այնուամենայնիվ, խնդիրը հայցող պետության պատասխանատվությունն ըստ միջազգային իրավունքի կամ կոնվենցիայի կամ որևէ այլ գործիքի հաստատման մեջ չէ: Պատասխանատվություն կրում է Պայմանավորվող կողմն այնքանով, որքանով նա գործել է այնպես, որ ուղղակիորեն ազդել է անհատի դեմ արգելված վատ վերաբերմունքի իրագործմանը։

 

B. Սույն գործի առանձնահատուկ հանգամանքների նկատմամբ 3-րդ հոդվածի (հոդվ. 3) կիրառումը

 

92. Միացյալ Թագավորությունում դիմողի նկատմամբ հանձնման վարույթն ավարտվել է, քանի որ Պետքարտուղարը ստորագրել է ԱՄՆ իշխանություններին հանձնելու որոշում (տե՛ս վերը՝ կետ 24), որը թեև դեռևս կիրառված չէ, սակայն ուղղակիորեն ազդում է նրա վրա։ Վերոնշյալ սկզբունքների հիման վրա պետք է սահմանել, թե արդյոք պրն Սոերինգի ԱՄՆ վերադարձի դեպքում կանխատեսելի հետևանքներն այնպիսին են, որ 3-րդ հոդվածը (հոդվ. 3) կիրառվի։ Այս հարցն առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնի այն փաստին, թե արդյոք պրն Սոերինգն իսկապես ենթարկվում է մահապատժի դատապարտվելու ռիսկին, եթե գնա Վիրջինիա, քանզի անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի ենթադրյալ աղբյուրը, մասնավորապես` մահապատժի դատապարտված հոգեվիճակը, կայանում է մահապատժի իրականացման մեջ։ Միայն այս հարցի դրական պատասխանի դեպքում Դատարանը կարիք կունենա ուսումնասիրելու, թե արդյոք հայցվորի դեպքում մահապատժի դատապարտվածի հոգեվիճակին ենթարկվելը կներառի 3-րդ հոդվածին (հոդվ. 3) հակասող վերաբերմունք կամ պատիժ։

1. Արդյոք դիմողն ենթարկվու՞մ է մահապատժի դատապարտվելու իրական վտանգի և հետևաբար` մահապատժի դատապարտվածի հոգեվիճակում հայտնվելու վտանգին

93. Միացյալ Թագավորության կառավարությունը, հակառակ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կառավարության, Հանձնաժողովի և դիմողի դիրքորոշման, չի ընդունում, որ մահապատժի ռիսկը համապատասխան մակարդակի է, որ գործի դրվի 3-րդ հոդվածը (հոդվ. 3)։ Պատճառները քառապատիկ էին։

Առաջին հերթին, ինչպես երևում է գերմանացի դատախազի հարցաքննությունից, որտեղ նա բացառում է սպանելու որևէ մտադրությունը (տե՛ս վերը` կետ 16), դիմողը չի ընդունել իր մեղքը մարդասպանության մեջ որպես այդպիսին։

Երկրորդ, միայն առերեսման մի դեպք է կիրառվել նրա հանդեպ։ Մասնավորապես, Միացյալ Թագավորության կառավարության տեսակետից հոգեբուժական վկայությունը (տե՛ս վերը` կետ 21) կասկածելի է այն առումով, թե արդյոք պրն Սոերինգը տառապում էր հոգեկան այնպիսի հիվանդությամբ, որպիսին հիմք կհանդիսանար խելացնորության վարկածի պաշտպանության համար համաձայն Վիրջինիայի օրենքի (տե՛ս վերը` կետ 50):

Երրորդ, նույնիսկ եթե պրն Սոերինգը մահվան դատապարտվի, չի կարելի ենթադրել, որ իրենց ընդհանուր հայեցողությամբ երդվյալ ատենակալները խորհուրդ կտան, դատավորը կհաստատի և Վիրջինիայի Գերագույն դատարանը կպաշտպանի մահապատժի կիրառումը (տե՛ս վերը` կետեր 42-47 և 52):

Միացյալ Թագավորության Կառավարությունը նշել է մի շարք կարևոր մեղմացուցիչ հանգամանքների առկայության մասին, ինչպիսիք են դիմողի տարիքը, հոգեկան վիճակը հանցանքը կատարելու պահին և նախկինում նրա հանցավոր գործունեության բացակայությունը, ինչը պետք է հաշվի առնվի երդվյալ ատենակալների այնուհետև դատավորի կողմից դատապարտման առանձին վարույթներում (տե՛ս վերը` կետեր 44-47 և 51):

Չորրորդ, Միացյալ Նահանգներից ստացված հավաստիացումը պետք է առնվազն զգալիորեն նվազեցնի մահապատժի վճիռ կայացնելու կամ կիրառելու ռիսկը (տե՛ս վերը` կետ 20, 37 և 69):

Հանրային լսումների ժամանակ Գլխավոր դատախազը, այնուամենայնիվ, հստակ հասկացրեց իր Կառավարության դիրքորոշումը, որ եթե պրն Սոերինգը հանձնվի Միացյալ Նահանգներին, կա «որոշակի ռիսկ», որն է՝ «ավելին քան հնարավոր է», որ մահապատժի վճիռ կկայացվի:

94. Ինչպես դիմողն ինքն է նշել, նա խոստովանել է ամերիկացի և բրիտանացի ոստիկաններին ու երկու հոգեբույժներին Հայսոմի ծնողների սպանության մեջ իր մասնակցությունը, չնայած, որ նա որոշ չափով հրաժարվել է այդ խոստովանություններից գերմանացի դատախազի կողմից հարցաքննվելու ժամանակ (տե՛ս վերը` կետեր 13, 16 և 21): Եվրոպական դատարանը չպետք է զավթի Վիրջինիայի դատարանների գործառույթը՝ վճռելով արդյոք անմեղսունակ լինելու վրա հիմնված պաշտպանությունը կարող է կամ չի կարող հանդես գալ որպես հոգեբուժական ապացույց իր ներկայիս վիճակով։ Միացյալ Թագավորության կառավարությունն արդարացի է իր պնդումներում, որ չեն կարող արվել ենթադրություններ արդյոք պրն Սոերինգն անպայման կամ նույնիսկ, հնարավոր է, որ դատապարտվի մահապատիժը որպես պատիժ նախատեսող սպանության համար, ինչի համար նրան մեղադրանք է առաջադրվել (տե՛ս վերը` կետեր 13-րդի վերջում և 40): Այնուամենայնիվ, ինչպես գլխավոր դատախազը հանրային լսումների ժամանակ ընդունել է, առկա է «նշանակալի ռիսկ», որ դիմողն այդպես կդատապարտվի։

95. Ըստ Վիրջինիայի օրենքի՝ եթե մահապատիժն ի կատար ածվի, մեղադրող կողմը ողջամիտ կասկածից վեր պետք է ապացուցի օրենքով նախատեսված երկու ծանրացուցիչ հանգամանքներից առնվազն մեկի առկայությունը, մասնավորապես` հետագա վտանգավորությունը կամ ստորությունը (տե՛ս վերը` կետ 43): Այս կապակցությամբ, սպանությունների սարսափելի ու դաժան հանգամանքները (տե՛ս վերը` կետ 12) ենթադրաբար կխոսեն ընդդեմ դիմողի` հաշվի առնելով հանցագործության «ստորությունը» հաստատելու համար հիմք ծառայող նախադեպային որոշումը (տե՛ս վերը` կետ 43):

Պետք է ընդունել, որ մեղմացուցիչ հանգամանքներն առանձին վերցրած նվազեցնում են մահվան դատավճռի պարտադրման հավանականությունը։ Հինգ մեղմացուցիչ հանգամանքներից գոնե չորսը հստակորեն նշված են Վիրջինիայի օրենսգրքում և թերևս կարող են կիրառվել պրն Սոերինգի գործում։ Դրանք են՝ մեղադրյալի մոտ նախկինում որևէ հանցավոր գործունեության բացակայությունը, այն փաստը, որ հանցանքը կատարվել է այն պահին, այն ժամանակ, երբ մեղադրյալը գտնվել է ծայրահեղ հոգեկան կամ հուզական խանգարման վիճակում, այն փաստը, որ հանցանքի կատարման պահին մեղադրյալի՝ իր վարքագծի հանցավորությունը գնահատելու կամ իր վարքը՝ օրենքի պահանջներին համապատասխանեցնելու կարողությունը զգալիորեն նվազել է, և մեղադրյալի տարիքը (տե՛ս վերը` կետ 45):

96. Այս տարբեր մասնիկները, հանդես գալով մահապատժի կիրառմանը կողմ կամ դեմ, պետք է դիտարկվեն՝ հաշվի առնելով մեղադրանքը ներկայացնող իշխանությունների վերաբերմունքը:

97. Բեդֆորդ շրջանի դատախազ պրն Ապդայկը, ով պատասխանատու է դիմողի դեմ մեղադրանքի պաշտպանության համար, հաստատել է, որ «եթե Յենս Սոերինգը դատապարտվի այն սպանության համար, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել և որի համար որպես պատիժ նախատեսված է մահապատիժ, ապա … դատավճիռը կայացնելու ժամանակ Միացյալ Թագավորության կողմից առարկություն կներկայացվի դատավորին, որ Միացյալ Թագավորությունը ցանկանում է, որ մահապատիժն ի կատար չածվի (տե՛ս վերը` կետ 20): Ինչպես Վերաքննիչ դատարանի դատավոր լորդ Լլոյդը, (տե՛ս վերը` կետ 22) այնպես էլ Դատարանը նշում է, որ այս պարտավորությունը հեռու է Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների միջև 1972 թվականին կնքված Հանձնման մասին պայմանագրի 4-րդ հոդվածի ձևակերպումն արտահայտելուց, որտեղ խոսվում է «հայցվող Կողմի համար բավարար երաշխիքների մասին, որ մահապատիժը չի իրականացվի» (տե՛ս վերը` կետ 36): Այնուամենայնիվ, առաջադրված մեղադրանքը, լինելով պետական, այլ ոչ թե դաշնային, գտնվում է Վիրջինիայի նահանգի իրավասության ներքո, ինչի արդյունքում պետական կամ դաշնային որևէ մարմնի կողմից ոչ մի ցուցում չի կարող տրվել նահանգի դատախազին ավելին խոստանալու համար, քանի որ Վիրջինիայի դատարանները, որպես դատական մարմիններ, չեն կարող նախօրոք ասել, թե իրենք ինչ որոշման կհանգեն՝ կախված ապացույցներից, իսկ Վիրջինիայի նահանգապետը, որպես քաղաքական գործիչ, չի խոստանում, որ ինքը հետագայում կկիրառի իր գործադիր իշխանությունը մահապատիժը մեղմացնելու համար (տե՛ս վերը` կետեր 58-60):

Այս հանգամանքներում պրն Ապդայկի կողմից պարտավորություն ստանձնելը, կարող է լավագույն «երաշխավորումը» լինել, որը կարելի էր ստանալ Միացյալ Նահանգների դաշնային կառավարության կողմից։ Համաձայն ներքին գործերի նախարարի կողմից 1987 թվականին Պառլամենտին ուղղված հայտարարության՝ նման պայմաններում պարտավորությունների ստանձնումը «նշանակում է, որ Միացյալ Թագավորության իշխանությունները հանձնում են փախստականի կամ պատրաստ են ուղարկել քաղաքացուն առերեսվել ամերիկյան դատարանում՝ քաջ գիտակցելով, որ մահապատիժը չի իրականացվի …. Հիմնարար հարված կլինի մեր երկու պետությունների միջև հանձնման մասին պայմանավորվածություններին, եթե մահապատիժ կիրառվի մի անհատի նկատմամբ, ով հանձնվել է նման պայմաններում» (տե՛ս վերը` կետ 37): Այդուհանդերձ, նման պարտավորության արդյունավետությունը դեռևս չի դրվել քննություն:

98. Դիմողը պնդում էր, որ ըստ Վիրջինիայի օրենսգրքի` օտար կառավարության ցանկությունների վերաբերյալ առարկությունները ընդունելի չեն լինի օրենքի կողմից կամ, եթե ընդունելի լինեն, ոչ մի ազդեցություն չեն ունենա գործը քննող դատավորի վրա։

Չնայած Վիրջինիայի օրենքի և պրակտիկայի մոտեցման (այն մասին, թե որոնք են տե՛ս վերը` կետեր 42, 46, 47 և 69) և Միացյալ Թագավորության ու Միացյալ Նահանգների միջև հանձնման հարաբերությունների դիվանագիտական համատեքստի՝ օբյեկտիվորեն չի կարելի ասել, որ դատավճռի կայացման փուլում դատավորին Միացյալ Թագավորության ցանկությունների մասին տեղյակ պահելու պարտավորությունը վերացնում է մահապատժի վճիռ կայացնելու ռիսկը։ Անկախ իր որոշման կայացման պահից` Նահանգի դատախազը որոշում է կայացնել համառորեն պնդել մահապատժի վրա, քանի որ ըստ իրեն՝ ապացույցները բավարարում են նման պահանջը (տե՛ս վերը` կետ 20-ի վերջում): Եթե հանցագործությունը հետաքննող պետական ատյաններն ունեն նման հաստատուն դիրքորոշում, հազիվ թե հնարավոր է Դատարանի համար պնդել, որ չկան էական հիմքեր հավատալու, որ դիմողը կանգնած է մահվան դատապարտվելու իրական վտանգի առջև և հետևաբար հայտնվելու է մահապատժի դատապարտվելու հոգեվիճակում:

99. Դատարանի եզրահանգումը հետևաբար այն է, որ դիմողի՝ մահապատժի դատապարտվելու հոգեվիճակում հայտնվելու հավանականությունն այնպիսինն է, որ պետք է կիրառվի 3-րդ հոդվածը (հոդվ. 3):

2. Արդյո՞ք նման հանգամանքներում մահապատժի դատապարտվելու հոգեվիճակում հայտնվելու վտանգը հանձնումը կդարձնի 3-րդ հոդվածի (հոդվ. 3) խախտում

(a) Ընդհանուր մոտեցումները

100. Ինչպես սահմանված է Դատարանի նախադեպային իրավունքով, վատ վերաբերմունքը, այդ թվում նաև պատիժը, պետք է հասնի խստության նվազագույն մակարդակի, որպեսզի ընկնի 3-րդ հոդվածի (հոդվ. 3) իրավասության ներքո։ Այս նվազագույնի գնահատումը նման պայմաններում հարաբերական է, այն կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են վերաբերմունքի կամ պատժի բնույթը և համատեքստը, դրա իրականացման մեթոդն ու ձևը, դրա տևողությունը, դրա ֆիզիկական կամ հոգեկան ազդեցությունը և, որոշ դեպքերում, տուժողի սեռը, տարիքը և առողջական վիճակը (տե՛ս վերոհիշյալ Ireland v. the United Kingdom գործով վճիռը, Սերիա Ա, թիվ 25, էջ 65, կետ 162 և 1978 թվականի ապրիլի 25-ի Tyrer-ի վճիռը, Սերիա Ա, թիվ 26, էջեր 14-15, կետեր 29 և 30):

Ըստ Դատարանի՝ վերաբերմունքը «անմարդկային» է եղել, քանի որ կանխամտածված է եղել, կիրառվել է ժամեր անընդմեջ և «պատճառել է, եթե ոչ մարմնական վնասվածքներ, ապա առնվազն ուժգին ֆիզիկական և հոգեկան տառապանք», նաև այն եղել է «արժանապատվությունը նվաստացնող», քանի որ այնպիսինն էր, որ «տուժողների մոտ առաջացնի վախի, տառապանքի և նմաստացման զգացում, որը կարող է վիրավորել և ստորացնել նրանց ու հնարավոր է կոտրի նրանց ֆիզիկական կամ բարոյական դիմադրությունը» (տե՛ս վերոհիշյալ Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճիռը, էջ 66, կետ 167): Դրա հետ կապված պատժի կամ վերաբերմունքի «անմարդկային» կամ «արժանապատվությունը նվաստացնող» լինելու համար տեղի ունեցած տառապանքը կամ նվաստացումը ցանկացած դեպքում պետք է ավել լինեն անխուսափելի տառապանքից կամ նվաստացումից, որոնք առկա են տվյալ օրինական պատժի ձևում (տե՛ս Tyrer-ի վճռում նշված տեղում): Այս կապակցությամբ պետք է հաշվի առնվի ոչ միայն զգացած ֆիզիկական ցավը, այլ նաև արդյոք եղել է զգալի ուշացում պատիժն իրականացնելուց առաջ, դատապարտյալի հոգեկան տառապանքը կապված իր դեմ կիրառվելիք բռնության սպասումի հետ։

101. Մահապատիժը թույլատրելի է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի որոշակի պայմանների ներքո, որը սահմանում է հետևյալը.

«Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանված է օրենքով։ Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի` այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը»:

Հաշվի առնելով այս ձևակերպումը՝ դիմողը չի ենթադրում, որ մահապատիժը, որպես այդպիսին, խախտել է 3-րդ հոդվածը։ Նա, ինչպես Կառավարության երկու կողմերը, համաձայնել է Հանձնաժողովի հետ, որ անձի հանձնումը երկրին, որտեղ նրան մահապատժի վտանգ է սպառնում, ինքնին 2-րդ (հոդվ. 2) և 3-րդ հոդվածների (հոդվ. 3) շրջանակներում հարց չի բարձրացնում։ Մյուս կողմից, Amnesty International-ն իր գրավոր մեկնաբանություններում (տե՛ս վերը` կետ 8) պնդում է, որ Արևելյան Եվրոպայում մահապատժի գոյության և օգտագործման վերաբերյալ զարգացող չափանիշները պահանջում են, որ մահապատիժն այժմ դիտարկվի որպես անմարդկային և նվաստացնող պատիժ 3-րդ հոդվածի (հոդվ. 3) իմաստով:

102. Անշուշտ, «Կոնվենցիան կենդանի գործիք է, որը ... պետք է մեկնաբանվի արդի պայմանների համաձայն» և գնահատման ժամանակ, որ արդյոք իրականացված վերաբերմունքը կամ պատիժը պետք է համարել անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող 3-րդ հոդվածի (հոդվ. 3) նպատակների համար, «Դատարանի վրա չեն կարող չազդել այս ոլորտում Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների քրեական քաղաքականության զարգացումներն ու համընդհանուր չափանիշները» (տե՛ս վերը նշված Tyrer-ի վճիռը, Սերիա Ա, թիվ 26, էջեր 15-16, կետ 31): Փաստացի, մահապատիժն այլևս գոյություն չունի Կոնվենցիայի անդամ պետություններում խաղաղության պայմաններում: Անդամ պետություններից քչերը, որոնք դեռ օրենքով պահպանում են մահապատիժը խաղաղ ժամանակ կատարված որոշ հանցագործությունների համար, մահապատիժները եթե անգամ նշանակվում են, ներկայումս չեն իրականացնում։ Օգտագործելով Amnesty International-ի խոսքերը, որ «այս փաստացի համաձայնությունն Արևմտյան Եվրոպայի իրավական համակարգերում այն մասին, որ մահապատիժն այս պայմաններում այլևս չի համապատասխանում արդարադատության տարածաշրջանային ստանդարտներին», ինչն արտացոլված է Կոնվենցիայի թիվ 6 արձանագրության (Ա6) մեջ, որը հնարավորություն է տալիս խաղաղ պայմաններում մահապատժի չեղարկման համար։ Թիվ 6 արձանագրությունը (Ա6) բացվել է ստորագրման համար 1983 թվականի ապրիլին, ինչը Եվրոպայի Խորհրդի պրակտիկայում ցույց է տալիս կազմակերպության անդամ պետություններից ցանկացածի կողմից առարկությունների բացակայությունը, այն ուժի մեջ է մտել 1985 թվականի մարտին և մինչ օրս վավերացվել է Կոնվենցիայի անդամ 13 պետությունների կողմից, սակայն այդ թվում չընդգրկելով Միացյալ Թագավորությանը։

Արդյոք այս նշված փոփոխությունների արդյունքում մահապատիժը, որպես այդպիսին, կմտնի դաժան վերաբերմունքի արգելքի մեջ՝ համաձայն 3-րդ հոդվածի (հոդվ. 3), պետք է որոշվի Կոնվենցիայի մեկնաբանությունը կարգավորող սկզբունքների հիման վրա։

103. Կոնվենցիան պետք է ընկալի որպես ամբողջություն և 3-րդ հոդվածը (հոդվ. 3), հետևաբար, պետք է ընթերցվի 2-րդ հոդվածի (հոդվ. 2) դրույթների հետ ներդաշնակության մեջ (տե՛ս, mutatis mutandis, the Klass and Others գործով 1978 թվականի սեպտեմբերի 6-ի վճիռը, Սերիա Ա, թիվ 28, էջ 31, կետ 68): Սրա հիման վրա 3-րդ հոդվածը (հոդվ. 3), ակնհայտորեն, չէր կարող նախատեսված լինել Կոնվենցիան կազմողների կողմից, որ ներառի մահապատժի ընդհանուր արգելք, քանի որ դա կչեղարկեր 2-րդ հոդվածի 1-ին (հոդվ. 2-1) պարբերության հստակ ձևակերպումը։

Ազգային քրեական քաղաքականության հետագա պրակտիկան՝ որպես մահապատժի համընդհանուր վերացում, կարող է համարվել 2-րդ հոդվածի 1-ին (հոդվ. 2-1) պարբերությամբ նախատեսված բացառության չեղարկելու մասին անդամ պետությունների համաձայնության հաստատում և, հետևաբար, վերացնել 3-րդ հոդվածի (հոդվ. 3) էվոլուցիոն մեկնաբանության շրջանակի տեքստային սահմանափակումը։ Ինչևէ, թիվ 6 արձանագրությունը (Ա6)՝ որպես հետագայում գրված համաձայնություն, 1983 թվականի դրությամբ ցույց է տալիս պայմանագրի կողմերի մտադրությունը՝ ընդունելու տեքստի փոփոխության բնականոն մեթոդը, որպեսզի ներկայացնի մի նոր պարտավորություն՝ խաղաղ պայմաններում մահապատիժը չեղարկելու համար և, դեռ ավելին, այդպես անել կամընտիր գործիքի միջոցով, որը թույլ կտա ամեն պետությանը ընտրել այն պահը, երբ որ իրենք ցանկանում են ստանձնել նման պարտավորություն։ Այս պայմաններում, չնայած Կոնվենցիայի հատուկ բնույթին (տե՛ս վերը` կետ 87), 3-րդ հոդվածը (հոդվ. 3) չի կարող մեկնաբանվել որպես մահապատիժն ընդհանրապես արգելող նորմ։

104. Այնուհանդերձ դա չի նշանակում, որ մահապատժին վերաբերող հանգամանքները չեն կարող հանգեցնել խնդրի 3-րդ հոդվածի (հոդվ. 3) ներքո։ Այն ձևը, որով կայացվում կամ իրականացվում է վճիռը, դատապարտյալի անհատական հանգամանքները և կատարված հանցանքի ծանրության անհամապատասխանությունը, ինչպես նաև դատավճռի իրականացմանը սպասելու պայմաններն այն գործոնների օրինակներ են, որոնք կարող են դատապարտյալի նկատմամբ կիրառված վերաբերմունքն ու պատիժն արգելել 3-րդ հոդվածով (հոդվ. 3)։ Պայմանագրի կողմերի՝ մահապատժի վերաբերյալ ներկայիս վերաբերմունքը պետք է գնահատելու համար, թե արդյոք տառապանքի և արժանապատվության նվաստացման ընդունելի շեմը չի գերազանցվել:

(b) Առանձնահատուկ հանգամանքները

105. Դիմողը պնդեց, որ հանգամանքները, որոնց ինքը կենթարկվի իրեն Միացյալ Նահանգներ հանձնելու մասին Պետքարտուղարի որոշման իրականացման արդյունքում, մասնավորապես` «մահապատժի դատապարտվելու հոգեվիճակը» ընդհանուր կազմել են այնքան լուրջ վերաբերմունք, որ իր հանձնումը կհակասի 3-րդ հոդվածին (հոդվ. 3)։ Նա, մասնավորապես, նշել է մահվան դատավճռից հետո բողոքարկման և վերանայման ընթացակարգերի ձգձգումը, ինչի ժամանակ նա ենթարկվել է աճող լարվածության և կրել է հոգեբանական վնասվածք, այն փաստը, ինչպես, որ ինքն ասում է, որ դատավորը կամ երդվյալ ատենակալները վճիռ կայացնելուց պարտավոր չեն հաշվի առնել ամբաստանյալի տարիքը և հոգեկան վիճակը հանցանքը կատարելու պահին, իր ապագա կալանքի ծայրահեղ պայմանները Մակլենբուրգի քրեակատարողական հիմնարկի մահվան դատապարտվածների բանտախցում, որտեղ նա ակնկալում է, որ իր տարիքի, գույնի և ազգության պատճառով կլինի բռնության և սեռական ոտնձգությունների զոհ, առկա կլինի մահապատժի մշտապես առկա ուրվականը` ներառյալ հենց կատարման արարողակարգը։ Նա նաև ապավինում է հանձնման Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն իր արտաքսման հնարավորության վրա, որին նա չի հակառակվի՝ ընդգծելով Պետքարտուղարի որոշման անհամապատասխանությունը։

Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կառավարությունը կարծիք է արտահայտել, որ բոլոր հանգամանքները միասին վերցրած` Վիրջինիայում դիմողի սպասող վերաբերմունքը այնքան դուրս է մահվան դատավճռի վերաբերյալ որոշման կայացման և իրականացման հետ անխուսափելիորեն կապված վերաբերմունքի սահմաններից, որ համարվում է «անմարդկային»՝ 3-րդ հոդվածի (հոդվ. 3) իմաստով։

Մյուս կողմից, Հանձնաժողովի կողմից արտահայտած եզրակացության համաձայն՝ այն 3-րդ հոդվածով (հոդվ. 3) նախատեսված ծանրության աստիճանին չի հասնի։

Միացյալ Թագավորության կառավարությունը կիսում է այս կարծիքը։ Մասնավորապես նրանք վիճարկում էին դիմողի փաստացի պնդումները Մակլենբուրգի քրեակատարողական հիմնարկի մահվան դատապարտվածների բանտախցի պայմանների և այնտեղ իր սպասվելիք ճակատագրի վերաբերյալ։

i. Հանձնմանը նախորդող կալանավորման տևողությունը

106. Այն ժամանակահատվածը, որն ակնկալվում է, որ դատապարտյալը կանցկացնի Վիրջինիայում՝ մահվան դատապարտվածների բանտախցում` մինչև մահապատժի ի կատար ածումը, միջինը վեցից ութ տարի է (տե՛ս վերը` կետ 56): Մահվան սպասելու ժամանակի երկարությունը, ինչպես Հանձնաժողովն ու Միացյալ Թագավորության կառավարությունը նշել են, որոշ չափով, հիմնականում կալանավորի որոշմամբ, Վիրջինիայի օրենքով սահմանված կարգով վերջինս օգտագործում է բողոքարկման ընթացակարգերը։ Վիրջինիայի Գերագույն դատարանին մեխանիկորեն կերպով ուղղված բողոքարկումը տևում է վեց շաբաթից ոչ ավել (տե՛ս վերը` կետ 52): Մնացած ժամանակը հաշվարկված է հաբեաս կորպուս լսումների, պետական և դաշնային դատարաններում բանտարկյալի կողմից դատավճիռների բողոքարկումների վիճարկումների և Միացյալ Նահանգների Գերագույն դատարանին գանգատ ներկայացնելու համար և բանտարկյալը յուրաքանչյուր փուլում հնարավորություն ունի պահանջել վճռի հետաձգում (տե՛ս վերը` կետեր 53-54): Վիրջինիայի օրենքով թույլատրելի իրավական պաշտպանության միջոցները ապահովում են, որ մահապատիժն ապօրինաբար կամ կամայականորեն չկիրառվի:

Այնուամենայնիվ, այնպես, ինչպես անխուսափելի է դատավճռի և վերջինիս կատարման միջև ընկած որոշակի ժամանակահատվածը, եթե բողոքարկման երաշխիքները պետք է տրամադրվեն դատապարտված անձին, այնպես էլ դա հավասարապես մարդկային բնույթի դրսևորում է, երբ անձը կառչում է կյանքից` լիարժեք օգտագործելով այդ երաշխիքները։ Սակայն, լավ մղումներից ելնելով, նույնիսկ հնարավորինս ձեռնտու է Վիրջինիայում դատավճռից հետո ընթացակարգերի տրամադրումը, դրա հետևանքն այն է, որ դատապարտված բանտարկյալը երկար տարիներ պետք է դիմակայի մահապատժի դատապարտված անձանց խցի պայմաններին և տառապանքին, մշտապես առկա մահվան ստվերի աճող լարվածությանը։

ii. Մահապատժի դատապարտված անձանց խցի պայմանները

107. Ինչ վերաբերում է Մեկլենբուրգի քրեակատարողական հիմնարկին, ուր դիմողը կարող է ակնկալել, որ իրեն կպահեն, եթե դատապարտվի մահվան, ապա Դատարանը հիմնվում է այն փաստերի վրա, որոնք անվիճելի են համարվել Միացյալ Թագավորության կառավարության կողմից` առանց հարկ համարելու ստուգել դիմողի կողմից տրամադրված հավելյալ ապացույցների հավաստիությունը, հատկապես խոսքը գնում է միասեռական չարաշահման և ֆիզիկական բռնության մասին, որոնց ենթարկվում են բանտարկյալները մահվան դատապարտված անձանց խցում (տե՛ս վերը` կետ 64):

Մեկլենբուրգի քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ պահելու ռեժիմի խստությունը, ինչպես նաև ծառայությունները (բժշկական, իրավական և սոցիալական) և կալանավորների համար նախատեսված վերահսկումը (օրենսդիր, դատական և վարչական), որոշ մանրամասներով նկարագրված են վերևում (տե՛ս վերը` կետեր 61-63 և 65-68): Այս կապակցությամբ Միացյալ Թագավորության կառավարությունն ուշադրությունը հրավիրեց սպանության համար մահվան դատապարտված բանտարկյալների անվտանգ բանտարկության համար անհրաժեշտ լրացուցիչ անվտանգության պահանջին։ Մինչդեռ սկզբունքորեն դա կարող է արդարացվել։ Հատուկ ռեժիմի խստությունը, որ օրինակ կիրառվում է Մեկլենբուրգի մահվան դատապարտված անձանց խցում բարդացվում է նրանով, որ կալանավորները ենթարկվում են դրան տևական ժամանակահատվածով, որ կարող է ձգվել միջինը վեցից ութ տարի։

iii. Դիմողի տարիքը և հոգեկան վիճակը

108. Սպանության ժամանակ դիմողն ընդամենը 18 տարեկան էր, և առկա է որոշակի հոգեբանական ապացույց, որը, որպես այդպիսին, չի վիճարկվել, որ նա տառապում է հոգեկան նման շեղումով, քանի որ զգալիորեն խախտված է արարքների համար պատասխանատվության զգացումը (տե՛ս վերը` կետեր 11, 12 և 21):

Ի տարբերություն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (հոդվ. 2), «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» 1966 թվականի միջազգային դաշնագրի 6-րդ հոդվածը և 1969 թվականի Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիայի 4-րդ հոդվածն արգելում են կիրառել մահապատիժ հանցանքը կատարելու պահին 18 տարին չլրացած անձանց նկատմամբ։ Անկախ նրանից, թե այդպիսի արգելքը բնորոշ է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (հոդվ. 2) համառոտ և ընդհանուր լեզվին, դրա հստակ նշումն այլ հետագա միջազգային փաստաթղթերում, որոնցից նախկինը վավերացվել է Եվրոպական կոնվենցիայի մեծ թվով անդամ պետությունների կողմից, առնվազն ցույց է տալիս, որ որպես հիմնական սկզբունք անձի երիտասարդ լինելը մյուս հանգամանքների հետ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է համարվում, մահվան դատավճռի հետ կապված միջոցառումները 3-րդ հոդվածի (հոդվ. 3) հետ համատեղելի դարձնելու համար։

Այն համապատասխանում է դատարանի նախադեպային իրավունքին (ինչպես ամփոփված է վերը` կետ 100) բուժելու խանգարված հոգեկան առողջությունը, որ ունենա 3-րդ հոդվածի (հոդվ. 3) կիրառման նույն ազդեցությունը:

109. Վիրջինիայի օրենսդրությունը, ինչպես ընդգծել են Միացյալ Թագավորության կառավարությունը և Հանձնաժողովը, չի անտեսում այդ երկու գործոնները: Ըստ Վիրջինիայի օրենսգրքի՝ պետք է հաշվի առնել մեղադրյալի հոգեկան խանգարումը, որը կարող է դատելու համար հանդիսանալ որպես բացարձակ խոչընդոտ, եթե բավարար է անմեղսունակ ճանաչելու համար կամ ինչպես տարիքը՝ որպես մեղմացուցիչ հանգամանք դատավճռի կայացման փուլում (տե՛ս վերը` կետեր 44-47 և 50-51): Բացի դրանից, աղքատ ամբաստանյալներն իրավունք ունեն նշանակվելու որակավորված փորձագետ-հոգեբույժի մոտ, որպեսզի վերջինս օգնի առանձին դատավճռի կայացման վարույթում նախապատրաստել իրենց փաստարկները (տե՛ս վերը` կետ 51): Վիրջինիայի օրենսգրքի այս դրույթներն անկասկած ծառայում են, ինչպես հայտարարել են ամերիկյան դատարանները, կանխելու մահապատժի կիրառման կամայական կամ ինքնակամ դրսևորումը և իր հայեցողությամբ պատիժ նշանակելու հավանականությունը (տե՛ս վերը` կետ 48): Նրանք, այնուամենայնիվ, չեն հերքում տարիքի և հոգեկան վիճակի կարևորությունը մահվան դատապարտված տվյալ անձի համար, ով առնչվում է մահվան դատապարտված անձանց խուց կոչվող երևույթին (հոդվ. 3):

Չնայած նրան, որ սա այս Դատարանի հարցը չէ կանխորոշելու քրեական պատասխանատվության և պատշաճ դատապարտման հարցերը, սակայն հանցագործության կատարման ժամանակ դիմողի տարիքը և հետագայում նրա հոգեկան վիճակը, ինչպես ասվում է հոգեբուժական ապացույցի մեջ, պետք է հաշվի առնվեն այս գործով մահապատժի դատապարտված անձանց խցում նրա նկատմամբ վերաբերմունքը 3-րդ հոդվածի (հոդվ. 3) դրույթների ներքո դիտարկելու համար։

iv. Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությանը հանձնելու հնարավորությունը

110. Միացյալ Թագավորության կառավարության և Հանձնաժողովի մեծամասնության համար դատավարությունը Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում անցկացնելու համար դիմողին հանձնելու կամ արտաքսելու հնարավորությունը (տե՛ս վերը` կետեր 16, 19, 26, 38 և 71-74), ուր մահապատիժը վերացվել է Սահմանադրությամբ (տե՛ս վերը` պարագրաֆ 72), առկա նպատակների համատեքստում էական չէ: Ցանկացած այլ մոտեցում, որ Միացյալ Թագավորության կառավարությունը կներկայացնի, արդյունքում կբերի «երկակի ստանդարտների» կիրառման, որի արդյունքում Կոնվենցիան կպաշտպանի հանձնվող այն անձանց, ովքեր այնքան բախտավոր են, որ ունեն այլընտրանքային ուղղությամբ գնալու հնարավորություն, բայց չի կիրառի այն անձանց նկատմամբ, ովքեր այդքան հաջողակ չեն:

Այս փաստարկն անհիմն չէ։ Բացի այդ, Դատարանը չի կարող հաշվի չառնել սպանությունների սարսափելի բնույթը, որոնց համար պրն Սոերինգը մեղադրվում է կամ հանցավորության դեմ պայքարում հանձնման պայմանավորվածությունների օրինական և շահավետ դերը։ Նպատակ փնտրելը, որի համար նրան պետք է տեղափոխեին ԱՄՆ` համաձայն Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Հանձնման մասին պայմանագրի, անկասկած, իրավաչափ է: Սակայն, ուղարկելով պրն Սոերինգին դատվելու իր սեփական երկրում, կհանի փախստական հանցագործին անպատիժ թողնելու վտանգը, ինչպես նաև մահապատժի դատապարտված անձանց խցում ուժգին և երկարատև տառապանքի վտանգը։ Հետևաբար, սա կարևոր է 3-րդ հոդվածի (հոդվ. 3) ընդհանուր գնահատման համար, քանի որ այն փնտրում է շահերի համար անհրաժեշտ արդար հավասարակշռություն և վիճարկվող արտահանձնման որոշման համամասնություն տվյալ դեպքում (տե՛ս վերը` կետ 89 և 104):

(c) Եզրակացություն

111. Մահվան դատապարտված յուրաքանչյուր բանտարկյալի համար անխուսափելի է դատավճռի կայացման և կիրառման միջև ընկած որոշակի ժամանակահատվածի ձգձգումը և խիստ բանտարկության համար անհրաժեշտ պայմաններում դաժան սթրեսի ենթարկվելը։ Ընդհանուր առմամբ Վիրջինիայի իրավական համակարգի ժողովրդավարական բնույթը և Վիրջինիայի դատավարության, դատավճռի կայացման և բողոքարկման ընթացակարգերը, անկասկած, ունեն դրական հատկանիշներ։ Դատարանը համաձայնվում է Հանձնաժողովի հետ, որ արդարադատության մեխանիզմը, որի առարկան ԱՄՆ-ում հանդիսանալու է դիմողը, ինքնին ո՛չ կամայական է, ո՛չ անտրամաբանական, ավելի հարգում է օրենքի գերակայությունը և ամբաստանյալին տալիս է ոչ փոքր դատավարական երաշխիքներ մահապատժի դատավճռով դատավարության ժամանակ։ Մահապատժի դատապարտված անձանց խցում կան հարմարություններ բանտարկյալներին աջակցելու համար, մասնավորապես` հոգեբանական և հոգեբուժական ծառայություններ տրամադրելու տեսքով (տե՛ս վերը` կետ 65):

Սակայն, Դատարանի կարծիքով, հաշվի առնելով, որ շատ երկար ժամանակահատված անցնում է մահապատժի դատապարտված անձանց խցում այդպիսի ծայրահեղ պայմաններում, մահապատժի իրականացմանը սպասելու առկա և աճող տառապանքին զուգահեռ դիմողի անհատական հանգամանքները, հատկապես` նրա տարիքը և հոգեկան վիճակը, հանցագործության կատարման ժամանակ դիմողի հանձնումը Միացյալ Նահանգներ կկանգնեցնի նրան իրական վտանգի առջև, որը դուրս է 3-րդ հոդվածով (հոդվ. 3) սահմանված շրջանակից: Հետագա քննարկման կարևորությունն այն է, որ հանձնման օրինական նպատակին կոնկրետ դեպքում կարել է հասնել այլ միջոցներով, որոնց մեջ չի լինի նման բացառիկ տառապանք կամ չի ունենա նման տևողություն։

Համապատասխանաբար, դիմողին ԱՄՆ հանձնելու Պետքարտուղարի որոշումը, եթե կիրառվի, կհանգեցնի 3-րդ հոդվածի (հոդվ. 3) խախտմանը։

Այս բացահայտումը ոչ մի կերպ հարցականի տակ չի դնում Միացյալ Թագավորության կառավարության բարեխղճությունը, որ սույն դատավարության ամենասկզբից փորձել է հետևել Կոնվենցիայի իրենց պարտավորություններին` առաջին հերթին թողնելով դիմողի հանձնումը ԱՄՆ-ի իշխանություններին Կոնվենցիայի հաստատությունների կողմից նշված ժամանակավոր միջոցների համաձայն և երկրորդ հերթին` դատավճռի կայացման համար իրենց կողմից գործի հանձնումը Դատարանին (տե՛ս վերը` կետ 1, 4, 24 և 77):

 

II. 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ (հոդվ. 6) ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

A. ԱՄՆ քրեական դատավարությունները

 

112. Դիմողը հայտնել է, որ Վիրջինիայում Դաշնային դատարանների առաջ ծագող լրացուցիչ խնդիրների լուծման համար բացակայում է իրավական օգնությունը, և ԱՄՆ վերադառնալիս նա չի կարողանա պաշտպանել իր օրինական ներկայացուցչությունն ինչպես պահանջում է 6-րդ հոդվածի 3-րդ մասի (գ) կետը (հոդվ. 6-3-գ), որը սահմանում է.

«Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

...

գ) պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը.»:

Հանձնաժողովը կարծիք է հայտնել, որ դիմողի ենթադրվող հանձնումը չի կարող հանգեցնել Միացյալ Թագավորության կառավարության պատասխանատվությանը 6-րդ հոդվածի 3-րդ մասի (գ) կետի (հոդվ. 6-3-գ) ներքո: Միացյալ Թագավորության կառավարությունը համակարծիք է այս վերլուծության հետ և որպես այլընտրանք հաստատեց, որ դիմողի մեղադրանքներն անհիմն են։

113. Քրեական դատավարությունների ժամանակ արդար դատաքննության իրավունքը, ինչպես ամրագրված է 6-րդ հոդվածում (հոդվ. 6), կարևոր տեղ է զբաղեցնում ժողովրդավարական հասարակության մեջ (տե՛ս, inter alia, Colozza-ի գործով 1985 թվականի փետրվարի 12-ի վճիռը, Սերիա Ա թիվ 89, էջ 16, կետ 32): Դատարանը չի բացառում, որ հարցը կարող է բարձրացվել բացառապես 6-րդ հոդվածով (հոդվ. 6)` կապված հանձնման որոշման հետ այն պայմաններում, երբ արդարադատությունից խուսափողը տուժել է կամ կա վտանգ, որ հայցող երկրում նա կարող է բախվել արդար դատավարության կոպիտ խախտման հետ։ Այնուամենայնիվ, սույն գործով փաստերը չեն հանգեցնում նման վտանգի։

Համապատասխանաբար, այս առումով որևէ խնդիր չի ծագում` կապված 6-րդ հոդվածի 3-րդ մասի (գ) կետի (հոդվ. 6-3-c) հետ

 

B. Հանձնման դատավարություններն Անգլիայում

 

114. Դիմողն այնուհետև նշեց, որ հանձնելու վերաբերյալ դատավարության ընթացքում Մագիստրանտի կողմից իր հոգեկան վիճակին վերաբերող ապացույցը հաշվի չառնելը (տե՛ս վերը` կետ 21) խախտել է 6-րդ հոդվածի 1-ին մասն ու 3-րդ մասի (դ) կետը (հոդվ. 6-1, հոդվ. 6-3-դ), որոնք համապատասխանաբար սահմանում են.

,1. Յուրաքանչյուր ոք ... նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի ... արդարացի ... դատաքննության իրավունք:

3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

...

դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու՝ իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները»:

115. Ինչպես նշեց Հանձնաժողովի պատվիրակությունը, այս գանգատը Հանձնաժողովին չի ներկայացվել։ Նման պահանջները, որոնք դիմողը դրել էր, ինչպիսին էր հոգեկան առողջության վերաբերյալ ապացույցների պատշաճ կերպով չուսումնասիրելը, վերաբերում էին 3-րդ հոդվածին (հոդվ. 3) և սահմանափակում էին նրան Միացյալ Նահանգներ հանձնելու ԱՄՆ Պետքարտուղարի կայացրած վերջնական որոշումը։ Նա 6-րդ (հոդվ. 6), 3-րդ (հոդվ. 3) կամ 13-րդ (հոդվ. 13) հոդվածների ներքո որպես այդպիսին որևէ բողոք չի ձևակերպել Մագիստրանտների դատարանում ընթացող դատավարության վերաբերյալ: Եթե դա այդպես է, ապա 6-րդ հոդվածի (հոդվ. 6) խախտման մասին նոր պնդումը հանդիսանում է ոչ միայն լրացուցիչ իրավական փաստարկ կամ ապացույց, այլ նոր և առանձին գանգատ, որը դուրս է գործի շրջանակներից, և թույլատրելիության աստիճանը սահմանազատված է Հանձնաժողովի որոշմամբ (տե՛ս մասնավորապես` Schiesser-ի գործով 1979 թվականի դեկտեմբերի 4-ի վճիռը, Սերիա Ա թիվ 34, էջ 17, կետ 41 և Johnston and Others գործով 1986 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռը, Սերիա Ա, թիվ 112, էջ 23, կետ 48):

Հետևաբար Դատարանը գործը քննելու իրավասություն չունի։

 

III. 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ (հոդվ. 13) ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

116. Վերջապես, դիմողը պնդել է 13-րդ հոդվածի (հոդվ. 13) ենթադրյալ խախտման վրա, որը սահմանում է հետևյալը.

,Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

Ներկայացված իր դիրքորոշման մեջ նա հայտնել է, որ իր գանգատի կապակցությամբ Միացյալ Թագավորությունում 3-րդ հոդվածի (հոդվ. 3) լույսի ներքո նա իրավական պաշտպանության արդյունավետ միջոց չի ունեցել: Հանձնաժողովի մեծամասնությունը հանգել էր նույն հետևությանը: Սակայն Միացյալ Թագավորության կառավարությունը չհամաձայնվեց` պատճառաբանելով, որ 13-րդ հոդվածը (հոդվ. 13) կիրառելի չէ սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ, իսկ ներպետական օրենսդրությամբ որպես այլընտրանքային տարբերակ տրամադրված ընդհանուր իրավական պաշտպանության միջոցները համարժեք էին։

117. Հաշվի առնելով Դատարանի եզրակացությունը 3-րդ հոդվածի (հոդվ. 3) վերաբերյալ (տե՛ս վերը` կետ 111)՝ ըստ դիմողի գանգատը չի կարող դիտվել որպես Կոնվենցիայի դրույթների հետ անհամատեղելի կամ ըստ էության որպես ոչ «վիճելի» (տե՛ս մասնավորապես` Boyle and Rice գործով 1998 թվականի ապրիլի 27-ի վճիռը, Սերիա Ա, թիվ 131, էջ 23, կետ 52):

Միացյալ Թագավորության կառավարությունը պնդեց, որ, այնուամենայնիվ, 13-րդ հոդվածը (հոդվ. 13) չի կարող կիրառվել այս գործի հանգամանքներում, քանի որ խնդիրը ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության միջև պայմանագրի պայմանների կատարման մեջ է և հիմնական դրույթի ենթադրյալ խախտումը կանխարգելիչ բնույթ է կրում։

Դատարանն անհրաժեշտ չի համարում հատուկ կերպով անդրադառնալ այս երկու առարկություններին, քանի որ եկել է այն եզրակացության, որ ամեն դեպքում 13-րդ հոդվածը (հոդվ. 13) չի խախտվել:

118. Միացյալ Թագավորության կառավարությունն ապավինեց ընդհանուր իրավական պաշտպանության միջոցներին, որոնք տրամադրվում են Մագիստրանտների դատարանի կողմից դատավարության, հաբեաս կորպուսի և դատական վերանայման ընթացքում (տե՛ս վերը` կետ 21-23, 32-33 և 35):

119. Դատարանն իր քննությունը կսկսի դատական վերանայման դատավարություններից, քանի որ դրանք հանդիսանում են հանձնելու մասին որոշումը բողոքարկելու հիմնական միջոցները սկսած այն պահից, երբ այդ որոշումն ընդունվել է:

Ե՛վ դիմողը, և՛ Հանձնաժողովը համակարծիք են, որ դատական վերանայման շրջանակը խիստ նեղ էր, որպեսզի հնարավորություն տար դատարաններին քննելու գանգատի առարկան, որը դիմողը ներկայացրել էր 3-րդ հոդվածի (հոդվ. 3) ներքո:

Դիմողն այնուհետև փաստարկեց, որ կալանավորման մասին Գերագույն դատարանի կարճաժամկետ որոշումների դեմ դատական արգելքներ կիրառելու դատարանների իրավասության բացակայությունը լրացուցիչ պատճառ է դատական վերանայումն անարդյունավետ պաշտպանության միջոց դիտարկելու համար:

120. 13-րդ հոդվածը (հոդվ. 13) երաշխավորում է պետական մակարդակով իրավական պաշտպանության միջոց՝ ամեն դեպքում Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները ներպետական համակարգում ապահովելու նպատակով (տե՛ս վերոհիշյալ Boyle and Rice գործով վճիռը, Սերիա Ա, թիվ 131, էջ 23, կետ 52): Այսպիսով 13-րդ հոդվածի (հոդվ. 3) կիրառումը պահանջում է ներպետական իրավական պաշտպանության միջոցի վերաբերյալ դրույթ, որը թույլ է տալիս իրավասու «պետական մարմնին» առնչվել Կոնվենցիայի վերաբերյալ համապատասխան գանգատի բովանդակության հետ, ինչպես նաև ցուցաբերել անհրաժեշտ օգնություն (տե՛ս մասնավորապես` the Silver and Others գործով 1983 թվականի մարտի 25-ի վճիռը, Սերիա Ա, թիվ 61, էջ 242, կետ 113 (ա)):

121. Դատարանը դատական վերանայման վարույթում գործադիր մարմնի հայեցողական լիազորության իրագործումը կարող է համարել անհիմն՝ անօրինականությամբ, չպատճառաբանվածությամբ կամ դատավարական իրավունքի խախտմամբ կայացված լինելու հիմնավորմամբ (տե՛ս վերը` կետ 35): Հանձնման դեպքում «չպատճառաբանվածության» ստուգումը, հիմնվելով այսպես կոչված «Վենսբերիի սկզբունքների» վրա` այն է, որ ողջամիտ չէ Պետքարտուղարի կողմից այդ հանգամանքներում հանձման կարգադրություն տալը (ibid.): Չնայած Կոնվենցիան չի համարվում Միացյալ Թագավորության օրենսդրության մաս (ibid.), Դատարանը բավարարված է նրանով, որ անգլիական դատարանները կարող են վերանայել հանձնման վերաբերյալ ընդունվող որոշումների «ողջամտությունն» այնպիսի գործոնների լույսի ներքո, որոնց վրա հիմնվել է պրն Սոերինգը Կոնվենցիայի հաստատություններին 3-րդ հոդվածի (հոդվ. 3) ներքո ներկայացված գանգատում:

122. Պրն Սոերինգն իր հաբեաս կորպուսի դիմումի հետ համատեղ դատական ակտի վերանայման համար ներկայացրել է նաև բողոք և դատավոր լորդ Լոյդից «չպատճառաբանվածության» հարցի վերաբերյալ ոչ գոհացնող պատասխան ստացել (տե՛ս վերը` կետ 22): Այնուամենայնիվ, ինչպես դատավոր լորդ Լոյդը բացատրեց, բողոքը չբավարարվեց, քանի որ այն ժամկետանց էր, իսկ դատարաններն իրավասու են միայն այն դեպքում, երբ նախարարը փաստացի կայացրել է իր որոշումը (ibid.): Ընդ որում` պրն Սոերինգի կողմից բերված փաստարկները նույնը չէին, ինչ այն փաստարկները, որոնք հիմնված էին հիմնավորելու 3-րդ հոդվածի (հոդվ. 3) հետ կապված իր գանգատը ներկայացված Կոնվենցիայի ինստիտուտներին: Վերաքննիչ ատյանում նրա պաշտպանը հայտնել է, որ Միացյալ Նահանգների իշխանությունների հավաստիացումներն այնքան չնչին են, որ ողջամիտ չէ Պետքարտուղարի կողմից դրանք բավարար համարելը Պայմանագրի ներքո:

Ոչինչ չէր կարող կանգնեցնել պրն Սոերինգին պատշաճ պահին դատական ակտի վերանայման համար բողոք ներկայացնելուց՝ հիմնվելով «Վենսբերիի» սկզբունքների ու այն նույն նյութերի վրա, որը նա ներկայացրել էր Կոնվենցիայի հաստատություններին «մահապատժի դատապարտվածների հոգեվիճակի» կապակցությամբ: Այս գանգատի կապակցությամբ իրականացվել է ամենաանհանգստացնող ուսումնասիրությունը (տե՛ս վերը` կետ 35): 13-րդ հոդվածի (հոդվ. 13) կիրառման նպատակով իրավական պաշտպանության միջոցի արդյունավետությունը կախված չէ պրն Սոերինգի համար ցանկալի արդյունքից (տե՛ս the Swedish Engine Drivers’ Union գործով 1976 թվականի փետրվարի 6-ի վճիռը, Սերիա Ա, թիվ 20, էջ 18, կետ 50) և ամեն պարագայում այս գործի նպատակը չէ որոշելու, թե ինչպիսին կլիներ անգլիական դատարանների որոշումը:

123. Կալանավորման մասին Գերագույն դատարանի կարճաժամկետ որոշումների դեմ դատական արգելքներ կիրառելու դատարանների իրավասության բացակայությունը (տե՛ս վերը կետ 35) Դատարանի կարծիքով չի նվազեցնում դատական վերանայման արդյունավետությունը:

124. Դատարանը եզրակացնում է, որ պրն Սոերինգն ըստ անգլիական օրենքի` իր տրամադրության տակ չի ունեցել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց 3-րդ հոդվածի (հոդվ. 3) ներքո ներկայացված իր բողոքի կապակցությամբ։ Այսպիսով կարիք չկա ուսումնասիրելու Միացյալ Թագավորության կառավարության կողմից նշված մյուս երկու իրավական պաշտպանության միջոցները։

Հետևաբար, 13-րդ հոդվածի (հոդվ. 13) խախտում առկա չէ:

 

IV. 50-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ (հոդվ. 50) ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

125. 50-րդ հոդվածի (հոդվ. 50) դրույթների ներքո.

«Եթե դատարանը կարծում է, որ իրավական մարմնի կամ Բարձր պայմանավորվող կողմի հանրային իշխանության որևէ այլ մարմնի կողմից կայացված որոշումը կամ ընտրված միջոցն ամբողջությամբ կամ մասամբ հակասում է Կոնվենցիայից բխող պարտավորություններին, և եթե նշված կողմի ներպետական օրենսդրությունը թույլ է տալիս միայն մասնակի հատուցում կատարել այդ որոշման կամ միջոցի հետևանքների համար, Դատարանի որոշմամբ, եթե առկա է դրա անհրաժեշտությունը, կարող է տուժող կողմին ուղղակի փոխհատուցում տրամադրվել»:

Պրն Սոերինգը հայտարարեց, որ քանի որ իր գանգատի խնդրո առարկան Կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքների իրականացման ապահովումն էր, իր պահանջները կբավարարվեին Դատարանի որոշման արդյունավետ կիրառման արդյունքում: Նա խնդրեց Դատարանին աջակցություն ցուցաբերել գործով անդամ պետությունների և իրեն ուղղություն տալ վճռի իրագործման կապակցությամբ:

Բացի դրանից, նա պահանջեց վարույթ նախաձեռնելու արդյունքում իր ներկայացուցչության ապահովման ծախսերը, որոնք առաջացել են Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից Միացյալ Թագավորության կառավարությունից իր հանձնումը պահանջելու հետևանքով։ Նա հաշվարկել է այս ծախսերն ու ծախքերը, մասնավորապես` 1500 և 21000 ֆունտ ստերլինգ իր իրավաբանների վարձատրության գումարը` համապատասխանաբար կապված ներպետական և Ստրասբուրգում վարույթ հարուցելու հետ, ինչպես նաև Կոնվենցիայի հաստատությունների առաջ ներկայացուցչության ապահովման 2067 և 4885,60 ֆունտ ստերլինգ՝ նախատեսված իր իրավաբանների ճամփորդության և իջևանման ծախսերի համար, ու 2185,80 և 145 ֆունտ ստերլինգ նախատեսված տարբեր տեսակի ծախսերի համար, ընդհանուր՝ 26752,80 և 5030,60 ֆունտ ստերլինգ:

126. 3-րդ հոդվածի (հոդվ. 3) ոչ մի խախտում դեռևս չի արձանագրվել։ Այնուամենայնիվ Դատարանը, կարծելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներ հանձնելու Պետքարտուղարի որոշումը, եթե իրագործվի, կբերի 3-րդ հոդվածի (հոդվ. 3) խախտմանը, ուստի տվյալ գործի փաստերի առնչությամբ պետք է կիրառել 50-րդ հոդվածը (հոդվ. 50):

127. Դատարանը կարծում է, որ 3-րդ հոդվածի (հոդվ. 3) վերաբերյալ իր հետևություններն ինքնին հանգեցնում են 50-րդ հոդվածի (հոդվ. 50) հետ կապված պահանջի արդարացի բավարարմանը: Ըստ Կոնվենցիայի՝ դատարանն իրավասու չէ դիմողի կողմից պահանջվող այդ տեսակ լրացուցիչ ուղղություններ ցույց տալ (տե՛ս, mutatis mutandis, Dudgeon-ի գործով, 1983 թվականի փետրվարի 24-ի վճիռը, Սերիա Ա, թիվ 59, էջ 8, կետ 15) անդամ պետություններին: 54-րդ հոդվածի (հոդվ. 54) համաձայն` Դատարանի վճիռն ի կատար ածելու վերահսկողության պատասխանատվությունը փոխանցվում է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեին:

128. Միացյալ Թագավորության կառավարությունը սկզբունքորեն չի վիճարկել ծախսերն ու ծախքերը փոխհատուցելու պահանջը, բայց առաջարկել է, որ եթե Դատարանը գտնի դիմողի կողմից ներկայացված Կոնվենցիայի խախտման մեկ կամ ավել չհիմնավորված բողոք, ապա այդ դեպքում Դատարանը համարժեքորեն նվազեցնի դրամական փոխհատուցումը ինչպես պահանջվում է 50-րդ հոդվածը (հոդվ. 50) (տե՛ս the Le Compte, Van Leuven and De Meyere գործով 1982 թվականի հոկտեմբերի 18-ի վճիռը, Սերիա Ա, թիվ 54, էջ 8, կետ 21):

Դիմողի հիմնական մտահոգությունը և բոլոր կողմերից բերված փաստարկի զգալի մասը կենտրոնացված է 3-րդ հոդվածի (հոդվ. 3) գանգատի վրա և այդ մասով դիմողն իրավացի է: Դատարանը, այնուամենայնիվ, համարում է, որ դիմողի ծախսերն ու ծախքերն ամբողջությամբ պետք է վերականգնվեն:

 

ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

1. Վճռում է, որ դիմողին Ամերիկայի Միացյալ Նահանգներին հանձնելու մասին որոշման կատարման դեպքում տեղի կունենա 3-րդ հոդվածի խախտում (հոդվ. 3):

2. Վճռում է, որ այդ նույն դեպքում 6-րդ հոդվածի 3-րդ մասի (գ) կետի խախտում չի լինի (հոդվ. 6-3-գ):

3. Վճռում է, որ նա իրավասու չէ քննելու 6-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի (դ) կետի (հոդվ. 6-1, հոդվ. 6-3-դ) ներքո ներկայացված գանգատը:

4. Վճռում է, որ 13-րդ հոդվածի (հոդվ. 13) խախտում առկա չէ:

5. Վճռում է, որ Միացյալ Թագավորությունը դիմողին իրավական ծախսերի ու ծախքերի համար պետք է վճարի 26752,80 (քսանվեց հազար յոթ հարյուր հիսուն երկու ֆունտ-ստերլինգ ու ութսուն պեննի) և 5030,60 FF (հինգ հազար երեսուն ֆրանսիական ֆրանկ ու վաթսուն սենտավո), գումարած դրանց նկատմամբ հաշվարկված որևէ հարկի հետ միասին:

6. Մերժում է արդարացի փոխհատուցման մասին գանգատի մյուս մասը:

Կատարված է անգլերենով և ֆրանսերենով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքում, Ստասբուրգում 1989 թվականի հուլիսի 7-ի դռնբաց դատական նիստի ընթացքում:

Ռոլվ ՌԻՍՍԴԱԼ                                    Հերբերտ ՊԵՑՈԼԴ

 

Նախագահ                                            Քարտուղարի տեղակալ

                                                        Որպես քարտուղար

 

Կոնվենցիայի 51-րդ հոդվածի 2-րդ մասի (հոդվ. 51-2) և Դատարանի Կանոնակարգի համաձայն՝ դատավոր Դե Մեյերի հատուկ կարծիքը կցվում է սույն վճռին:

Ռ. Ռ.

Հ. Պ.

______________________

1 Soering v. the United Kingdom

* Ծանուցում քարտուղարության կողմից. գործը համարակալվել է 1/1989/161/217 թվով: Երկրորդ նիշը մատնանշում է այն տարեթիվը, երբ գործը ներկայացվել է Դատարանին, իսկ առաջին նիշը մատնանշում է այդ տարվա ընթացքում ներկայացված գործերի ցանկում նրա հերթական համարը. վերջին երկու նիշերը, համապատասխանաբար, մատնանշում են Դատարանի ստեղծման պահից գործերի և գանգատների (Հանձնաժողովին ուղղված) ցանկում նրա հերթական համարը:

* Քարտուղարության կողմից ծանուցում: Պրակտիկ պատճառներով այս հավելվածը կցվում է այս վճռի միայն տպված տարբերակին (Դատարանի հրատարակության Ա Սերիայի 161-րդ հատոր), սակայն Հանձնաժողովի զեկույցը կարելի է ձեռք բերել քարտուղարությունից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան