Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.03.13/17(1470) Հոդ.170
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.09.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/4208/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/4208/02/16
2018թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Թորոսյան  

Դատավորներ՝

 Ա. Խառատյան
   Կ. Չիլինգարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ն. Տավարացյանի

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Ս. Միքայելյանի

   

Տ. Պետրոսյանի

 

2018 թվականի սեպտեմբերի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության  վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2017 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Արտուշ Մնացականյանի, երրորդ անձ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն)` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին, 

Պ Ա Ր Զ Ե Ց
 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արտուշ Մնացականյանը պահանջել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ 02.08.1975 թվականից մինչև 22.07.1977 թվականն աշխատել է Հոկտեմբերյանի թիվ 2987 ավտոշարասյունում՝ որպես վարորդ, 12.05.1988 թվականից մինչև 15.08.2005 թվականն աշխատել է Բաղրամյանի գազի վարչության օժանդակ տնտեսությունում և «Բազում» ԲԲԸ-ում` որպես տնօրեն և այդ տարիները հաշվարկել որպես աշխատանքային ստաժ:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Սիմոնյան) (այսուհետ` Դատարան) 06.02.2017 թվականի վճռով Արտուշ Մնացականյանի դիմումը բավարարվել է՝ վճռվել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Արտուշ Մնացականյանը 02.08.1975 թվականից մինչև 22.07.1977 թվականն աշխատել է Հայկական ԽՍՀ Հոկտեմբերյանի թիվ 2987 ավտոշարասյունում՝ որպես վարորդ, իսկ 12.05.1988 թվականից մինչև 15.08.2005 թվականն աշխատել է Բաղրամյանի գազի վարչության օժանդակ տնտեսությունում և վերջինիս իրավահաջորդ «Բազում» ԲԲԸ-ում` որպես տնօրեն և վարձատրվել է, ուստի այդ տարիները համարել նրա աշխատանքային ստաժ։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.05.2017 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.02.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (դատավոր Կ. Չիլինգարյանը շարադրել է հատուկ կարծիք):

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արտուշ Մնացականյանի ներկայացուցիչ Մկրտիչ Դավթյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասը, չի կիրառել նույն օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը, խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետը և 221-րդ հոդվածի 1-ին կետի  5-րդ ենթակետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն քաղաքացիական գործը հարուցվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման մասին դիմումի հիման վրա և այդ դիմումի քննության արդյունքում Դատարանի կողմից կայացված վճիռը վերաքննության կարգով բողոքարկվել է Ծառայության՝ կենսաթոշակային ապահովության ոլորտում ՀՀ կառավարության լիազորված պետական մարմնի կողմից, որին վերաբերում է խնդրո առարկա փաստը, որպիսի պայմաններում տվյալ փաստը կարող է անդրադառնալ դիմումատուին հասանելիք կենսաթոշակի հաշվարկման և նշանակման առնչությամբ Ծառայությանը վերապահված լիազորություններին:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով դիմումի բավարարման իրավաչափությունը վերաքննության կարգով վիճարկվել է այն հիմքով, որ դիմումատուն գործի քննության ընթացքում չի ներկայացրել իր հավակնած աշխատանքային ստաժը հավաստող ապացույցներ: Մասնավորապես՝ դիմումատուն չի ներկայացրել և Դատարանն էլ դիմումը բավարարելիս չի պարզել արդյո՞ք համապատասխան կազմակերպության կողմից դիմումատուի համար կատարվել են սոցիալական ապահովության վճարումներ, թե՝ ոչ, եթե այո, ապա ո՞ր թվականից: Այսպես, Ծառայության ապահովադիրների հաշվառման տվյալների շտեմարանի տեղեկատվությամբ «Բազում» ԲԲԸ-ի անվանումով ապահովադրի կողմից սոցիալական վճարներ չեն կատարվել, բացակայում է նաև իրավանախորդության վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ ըստ անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների շտեմարանի՝ Արտուշ Մնացականյանի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ, բացառությամբ «Բազում» ԲԲԸ-ի կողմից ներկայացված տեղեկատվության, սակայն սոցիալական վճար չի կատարվել:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դիմումի բավարարման արդյունքում կայացված վճիռը Ծառայության կողմից բողոքարկված լինելու հանգամանքն ինքնին վկայում է այն մասին, որ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման մասին դիմումի քննությունն ավարտված համարվել չի կարող, և դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին, ինչն էլ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի և 221-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի հիմքով պետք է բացառեր վերաքննիչ բողոքի քննության այլ ելքը, քան Դատարանի վճիռը բեկանելը և դիմումն առանց քննության թողնելը:

 

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.05.2017 թվականի որոշումը։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտերը հիմնավոր են, կայացվել են օրենքի պահանջների պահպանմամբ, գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, ուստի Ծառայության կողմից Վերաքննիչ դատարանի 31.05.2017 թվականի որոշման դեմ  բերված վճռաբեկ բողոքն անհիմն է։

Ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը ողջ ծավալով անդրադարձել են ներկայացված փաստի բավարարմանը և հստակ շարադրել են դրանք հաստատող փաստաթղթերը: Բացի այդ, Ծառայության ներկայացուցիչը, ներկայացնելով գրավոր դիրքորոշում, գործի քննության ընթացքում չի առարկել ներկայացված փաստի հաստատման դեմ, հետևաբար Արտուշ Մնացականյանի աշխատած լինելու կամ չլինելու հանգամանքը, չի հանդիսացել վեճի առարկա Ծառայության և Արտուշ Մնացականյանի միջև:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1.     Ծառայության աշխատակազմի Արմավիրի սոցիալական ապահովության տարածքային բաժնի 02.11.2016 թվականի թիվ 2214 գրության համաձայն՝ Արտուշ Մնացականյանի ներկայացրած փաստաթղթերում բացակայում է 1975-1977 թվականներին աշխատած տարիների վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը, իսկ 12.05.1988 թվականից Բաղրամյանի օժանդակ տնտեսությունում աշխատելու վերաբերյալ ներկայացված փաստաթղթերում (աշխատանքային գրքույկ, տեղեկանք աշխատանքային ստաժի վերաբերյալ) բացակայում է աշխատանքից ազատման օրը, ամիսը, տարին և հրամանը (հատոր 1-ին, գ.թ. 8):

2.     Արտուշ Մնացականյանը 12.12.2016 թվականին դատարան ներկայացրած դիմումով պահանջել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ 02.08.1975 թվականից մինչև 22.07.1977 թվականն աշխատել է Հոկտեմբերյանի թիվ 2987 ավտոշարասյունում՝ որպես վարորդ, 12.05.1988 թվականից մինչև 15.08.2005 թվականն աշխատել է Բաղրամյանի գազի վարչության օժանդակ տնտեսությունում և «Բազում» ԲԲԸ-ում՝ որպես տնօրեն, և այդ տարիները հաշվարկել որպես աշխատանքային ստաժ (հատոր 1-ին, գ.թ. 4-6):

3.     Դատարանի 06.02.2017 թվականի վճռի դեմ Ծառայության կողմից վերաքննիչ բողոքը բերվել է այն հիմնավորմամբ, որ  «Դատարանը հաշվի չի առել ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշմամբ հաստատված «Կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները», ըստ որոնց՝ աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, իսկ 1992 թվականի հունվարից սկսած՝ աշխատանքային գրքույկը և պարտադիր սոցիալական ապահովության (...) վճարներ (…) կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը: Ընդ որում, կենսաթոշակ նշանակող մարմինը սոցիալական վճար կատարած լինելը ճշտում է պետական կենսաթոշակային համակարգի շտեմարանի տվյալներով: Տվյալ դեպքում Ծառայության ապահովադիրների հաշվառման տվյալների շտեմարանի տեղեկատվությամբ «Բազում» ԲԲԸ-ի անվանումով ապահովադիր հաշվառված չէ, ուստի տվյալ ապահովադրի կողմից սոցիալական վճարներ չեն կատարվել, բացակայում է նաև իրավանախորդության վերաբերյալ տեղեկատվությունը: Ըստ այդմ, 1988-2005թթ. ժամանակահատվածն Արտուշ Մնացականյանի աշխատանքային ստաժում հաշվառելու հիմքեր չկան: Մինչդեռ սույն գործով Դատարանի վճռով չի պարզվել, թե արդյոք կազմակերպության կողմից դիմումատու Արտուշ Մնացականյանի համար կատարվել են սոցիալական ապահովության վճարումներ, թե՝ ոչ, եթե այո, ապա ո՞ր թվականից»: Վերաքննիչ բողոքի խնդրամասում բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի վճիռը և դիմումը թողնել առանց քննության (հատոր 2-րդ, գ.թ. 4-13)։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքի ներկայացման և վարույթ ընդունման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման դիմում քննելիս իրավունքի վերաբերյալ վեճ ծագելու դատավարական հետևանքներին` վերահաստատելով նախկինում կայացրած դիրքորոշումը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընդհանուր իրավասության դատարանը, գործերի տարածքային ընդդատությանը համապատասխան, հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են`

1) անձանց ազգակցական հարաբերություններին.

2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելուն.

3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ապահարզանի և մահվան գրանցմանը.

4) անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահվանը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը.

5) ժառանգությունն ընդունելուն և ժառանգության բացման վայրին.

6) դժբախտ պատահարին.

7) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությանը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի.

8) սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը.

9) անհաղթահարելի ուժի առկայությանը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատարանը, օրենքով նախատեսված դեպքերում, քննում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի համաձայն՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի համաձայն՝ դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ  կետի համաձայն՝ դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է  հատուկ վարույթի կարգով քննող դիմումների առանձնահատկությանը:

Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացիական գործի հարուցման հիմքը հայցի կամ դիմումի առկայությունն է, հետևաբար շահագրգիռ անձը քաղաքացիական դատավարության կարգով իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանությունն իրականացնում է դատարան կամ հայց, կամ դիմում ներկայացնելով: Ընդ որում, կախված այն հանգամանքից, թե քաղաքացիական գործի հարուցման հիմքում ընկած է դիմումը, թե հայցադիմումը, օրենսդիրն առանձնացրել է հատուկ և հայցային վարույթները, որոնք միմյանցից էականորեն տարբերվում են և ունեն գործերի քննության իրենց բնորոշ առանձնահատկություններ: Ըստ այդմ էլ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին: Այսպես, հայցային վարույթը քաղաքացիական դատավարության հիմնական տեսակն է, քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, հողային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև այլ իրավահարաբերություններից ծագող սուբյեկտիվ իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին վերաբերող վեճերի քննությանն ու լուծմանն ուղղված դատավարական կարգը: Իրավունքի պաշտպանության հայցային վարույթում առկա են՝

1) կողմի՝ խախտված կամ վիճարկվող իրավունքից ծագող և օրենքով սահմանված որոշակի կարգով քննության ենթակա նյութաիրավական պահանջ, այսինքն՝ հայց,

2) սուբյեկտիվ իրավունքի մասին վեճ,

3) հակադիր շահերով օժտված երկու կողմեր, որոնք օժտված են նաև իրենց իրավունքները և օրինական շահերը դատարանում պաշտպանելու որոշակի լիազորություններով:

Մինչդեռ հատուկ վարույթի կարգով դատարանը հաստատում է քաղաքացիների կամ կազմակերպությունների գույքային կամ անձնական ոչ գույքային իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարման հիմք հանդիսացող իրավաբանական փաստերի առկայությունը կամ բացակայությունը, քաղաքացու որոշակի իրավական վիճակը կամ նրան պատկանող իրավունքը: Հատուկ վարույթը բնորոշվում է հետևյալ հատկանիշներով՝

1) այստեղ իրավունքի մասին վեճ չկա, քանի որ դիմողն այլ անձանց որևէ նյութաիրավական պահանջ չի ներկայացնում,

2) հատուկ վարույթին բնորոշ է ոչ թե վեճի բացակայությունն ընդհանրապես, այլ դատական մարմինների քննությանն օրենքով հանձնված իրավունքի մասին վեճի բացակայությունը,

3) հատուկ վարույթում դատարանի լուծմանը ենթակա իրավունքի մասին վեճ չկա, ուստի այստեղ չկան նաև հայցվոր ու պատասխանող, այստեղ կան միայն դիմողներ և շահագրգիռ այլ անձինք,

4) հատուկ վարույթում չկա նաև հայց:

Այսպիսով հատուկ վարույթի գործերով բացակայում է իրավունքի մասին վեճը, իսկ շահագրգիռ անձն էլ որևէ մեկի դեմ որևէ պահանջ չի ներկայացնում: Այսինքն՝ հատուկ վարույթի գործերով բացակայում է դատարանի քննությանը ենթակա (նրա լուծմանը հանձնված) իրավունքի մասին վեճը (տե՛ս, նաև ըստ դիմումի Ասատուր Հարությունյանի` թիվ ԵՄԴ/3384/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.08.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը կարգավորել է նաև այն դեպքերը, երբ հատուկ վարույթի կարգով քննվող` իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործերով ծագել է վեճ իրավունքի մասին: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի իրավակարգավորման` նման դեպքերում կիրառելի է դիմումն առանց քննության թողնելու իրավական հետևանքը: Ընդ որում, նախկինում կայացրած որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված իրավական հետևանքը կիրառման ենթակա է նաև այն դեպքում, երբ իրավունքի մասին վեճը ծագել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ավարտից հետո (տե՛ս, ըստ դիմումի Էդիկ Բալայանի թիվ     3-1805(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի որոշումը):      

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է պարզել, թե արդյոք գործի փաստերից ելնելով առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյոք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա: Նման կապի, ինչպես նաև այդ փաստի և այլ անձի իրավունքների ծավալի փոփոխության միջև պատճառահետևանքային կապի բացակայության դեպքում իրավունքի մասին վեճի վերաբերյալ հայտարարությունն ինքնին իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի իմաստով հայցն առանց քննության թողնելու հիմք չէ (տե՛ս, ըստ Աշոտ Սիմոնյանի դիմումի՝ թիվ ԵԷԴ/0543/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Զարգացնելով վերը նշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ հատուկ վարույթի գործերին բնորոշ է ոչ թե ընդհանրապես վեճի բացակայությունը, այլ նյութաիրավական վեճի բացակայությունը:  Վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հատուկ վարույթի կարգով քննվող գործերով, բացի դիմողներից, կարող են ներգրավվել նաև այն անձինք, որոնք ուղղակիորեն շահագրգիռ են տվյալ գործով համապատասխան դիմումի քննության (փաստի հաստատման) ելքով: Նշվածն ամրագրված է նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որն ուղղակիորեն սահմանում է, որ գործին մասնակցող անձինք են դիմողները և դիմումի ելքով շահագրգռված այլ անձինք՝ նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:

Այլ կերպ ասած` հատուկ վարույթի կարգով քննվող գործերով, այդ թվում նաև իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործերով շահագրգիռ են այն անձինք,

որոնք ունեն ուղղակի նյութաիրավական շահագրգռվածություն տվյալ գործով,

որոնց վրա օրենքով սահմանված կարգով դրված է համապատասխան իրավունքի իրականացումը, որը հաստատվել է տվյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստով (օրինակ՝ այդպիսիք կարող են լինել կենսաթոշակային ապահովության մարմինները, քաղաքացիական կացության գրանցման մարմինները, ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի գործակալությունը և այլն):

Ըստ այդմ էլ գործի քննության ընթացքում շահագրգիռ անձինք համապատասխան փաստի հաստատման վերաբերյալ իրավասու են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ներկայացնել այդ փաստի հաստատումը հերքող ապացույցներ և փաստարկներ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կարգով քննվող գործերով հնարավոր է ծագի համապատասխան փաստի հաստատման վերաբերյալ վեճ, նկատի ունենալով, որ յուրաքանչյուր փաստի հաստատումն իր հերթին պահանջում է համապատասխան ապացույցների կազմ, ինչն իր հերթին ենթակա է գնահատման դատարանի կողմից:  Հարկ է նկատել, որ փաստի վերաբերյալ վեճի առկայությունն իր նշանակությունն ունի միայն ապացուցման պարտականության տեսանկյունից, այսինքն՝ այն կողմը, որը պնդում է, որ նման փաստ առկա չէ, պետք է ապացուցի այդ փաստի բացակայությունը և հակառակը:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է պետական կենսաթոշակային ապահովության կառավարմանը և ֆինանսավորմանն առնչվող հարաբերությունները, սահմանում է պետական կենսաթոշակների տեսակները, կենսաթոշակ հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու և վճարելու պայմաններն ու կարգը:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են՝

1) Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու, այդ թվում` 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող համարվելու), միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (պաշտոնեական պարտականությունները կատարելու, այդ թվում` 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող համարվելու), 2013 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու և այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև ԽՍՀՄ տարածքում աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածները.

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվարի 1-ը` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:

Սոցիալական վճարներ կատարելը և աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթերի վավերապայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմինների ցանկը, կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի  48-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ լիազոր մարմինը գործատուներից, պետական այլ մարմիններից ու կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից պահանջում է կենսաթոշակ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքում` ստուգում դրանց հավաստիությունը։

ՀՀ կառավարության 27.12.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1531-Ն որոշման 2-րդ կետի համաձայն` hիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և «զ» ենթակետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը վերապահել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ, 9-15-րդ կետերով (...) նախատեսված` կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները:

Վերոնշյալ իրավանորմերի համալիր վերլուծությունից հետևում է, որ կենսաթոշակ նշանակելու և դրանից բխող այլ գործողություններ կատարելու համար էական նշանակություն ունի դիմողի աշխատանքային ստաժը, որը ենթակա է հաստատման օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված կարգով: Ըստ այդմ էլ՝ օրենսդրի կողմից ամրագրվել է այն ընդհանուր կանոնը, ըստ որի՝ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած անձի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն է՝

մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար՝ աշխատանքային գրքույկը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթուղթ,

1992 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվարի 1-ը` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:

Միաժամանակ օրենսդիրը Ծառայությանը՝ որպես կենսաթոշակային ապահովության ոլորտում ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի, օրենսդրորեն վերապահել է, ի թիվս այլնի, պահանջել կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, նշանակել կենսաթոշակներ, ապահովել կենսաթոշակների վճարումը կամ մերժել կենսաթոշակ նշանակելու դիմումները։ Ընդ որում, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթով նախատեսվել է աշխատանքային ստաժը՝ որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստ, դատական կարգով հաստատելու հնարավորություն, եթե բացակայում են`

աշխատանքային գրքույկը կամ,

  աշխատանքային գրքույկում համապատասխան գրառումները կամ,

ստաժը հաստատող համապատասխան փաստաթղթերը (օր.՝ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը) և

եթե միևնույն ժամանակ առկա չէ աշխատանքային ստաժը հաստատող արխիվային տեղեկանքը։

Այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ առկա չեն վերը թվարկված բոլոր պայմանները և դիմողը հնարավորություն չունի արտադատական կարգով ստանալու իր աշխատանքային ստաժը հավաստող օրենքով սահմանված համապատասխան փաստաթղթերը (օրինակ՝ աշխատանքային գրքույկ, համապատասխան արխիվային տեղեկանք, պարտադիր սոցիալական ապահովության վճարների վերաբերյալ կատարված վճարումները հավաստող փաստաթուղթ և այլն), ապա օրենսդիրն իրավունք է վերապահել տվյալ անձին իր աշխատած աշխատանքային տարիները հաստատելու փաստով դիմելու դատական պաշտպանության: Ընդ որում, տվյալ գործի քննության ընթացքում դիմումատուի և շահագրգիռ անձի միջև նյութաիրավական վեճ ծագելու դեպքում, դիմումը պետք է թողնվի առանց քննության:

Սույն գործով Դատարանը, դիմող Արտուշ Մնացականյանի դիմումը բավարարելով, պատճառաբանել է, որ տվյալ դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատումը կարող է իրավական հետևանքներ առաջացնել դիմող Արտուշ Մնացականյանի անձնական կամ գույքային իրավունքների բնագավառում և այդ փաստի հաստատումն էլ անհրաժեշտ է, որպեսզի հաշվարկվի վերջինիս կենսաթոշակի չափը։

Վերաքննիչ դատարանը, մերժելով Ծառայության վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ տվյալ դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ Դատարանի վճռի ուժով համապատասխան մարմիններն օրենքի ուժով պարտավոր են գրանցել հաստատված փաստը կամ ձևակերպել փաստի կապակցությամբ ծագած իրավունքները, սակայն վերջիններիս մոտ նման պարտականության ծագումը որևէ պարագայում չի կարող վկայել իրավունքի վերաբերյալ վեճի առկայության մասին:

 

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործով Ծառայությունը դատական ակտը բողոքարկել է` հիմքում դնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում Դատարանի վճռով չի պարզվել՝ արդյո՞ք կազմակերպության կողմից դիմումատու Արտուշ Մնացականյանի համար կատարվել են սոցիալական ապահովության վճարումներ, թե՝ ոչ, եթե այո, ապա ո՞ր թվականից: Վերաքննիչ բողոքի խնդրամասում բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի վճիռը և դիմումը թողնել առանց քննության:

Այսինքն՝ Ծառայությունը, հանդիսանալով կենսաթոշակային ապահովության ոլորտում վերահսկողություն իրականացնող պետական կառավարման մարմին, Դատարանի վճիռը բողոքարկելով, վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներում, ըստ էության վիճարկել է դիմումատուի աշխատանքային ստաժի հաստատման հիմքում ընկած փաստական տվյալները, որոնց հիման վրա Դատարանը հաստատված է համարել Արտուշ Մնացականյանի աշխատանքային ստաժը, ինչն էլ իր հերթին էական նշանակություն ունի Ծառայության կողմից դիմումատուի կենսաթոշակը հաշվարկելու և հետագայում այն վճարելու լիազորության պատշաճ իրականացման համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով իրավաբանական նշանակություն ունեցող փաստն անդրադառնում է դիմողին հասանելիք կենսաթոշակի հաշվարկման և նշանակման առնչությամբ Ծառայությանը՝ որպես կենսաթոշակային ապահովության ոլորտում վերապահված պետական կենսաթոշակային ապահովության օրենսդրության կիրառման օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությանը: Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայության կողմից վերաքննիչ բողոք բերվելու պայմաններում, ինչպես նաև վերոնշյալ փաստերի առկայությունը բավարար է իրավունքի մասին վեճ ծագելու հանգամանքը հաստատված համարելու համար։

Այսպիսով, Արտուշ Մնացականյանի կողմից ներկայացված փաստի հաստատումը կապված է դատարանի ենթակայությանը վերապահված իրավունքի մասին վեճի լուծման հետ, քանի որ հաստատման ենթակա փաստի և սույն գործով երրորդ անձ հանդիսացող Ծառայության լիազորությունների միջև առկա է փոխադարձ կապ:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով նյութաիրավական վեճի առկայության պարագայում Արտուշ Մնացականյանի դիմումը՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին, պետք է թողնվի առանց քննության։

Ինչ վերաբերվում է նյութական իրավունքի նորմերի խախտման մասին բողոքաբերի պատճառաբանություններին, ապա դիմումն առանց քննության թողնելու պարագայում Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում։

 

Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արտուշ Մնացականյանի դիմումը` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին, պետք է թողնել առանց քննության:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն բողոքի ներկայացման և վարույթ ընդունման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար և 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով հիմքով սույն գործով դիմումն առանց քննության թողնելու համար։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների համար իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման  մասին  դիմումների համար բազային տուրքի կրկնապատիկի չափով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար հատուկ վարույթի գործերով գանձվում է բազային տուրքի ութապատիկի չափով։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար հատուկ վարույթի գործերով գանձվում է բազային տուրքի տասնապատիկի չափով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`վճարված պետական տուրքի վերադարձման հիմքերը և կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ` եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Սույն գործով Արտուշ Մնացականյանը ներկայացրել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմում, որի համար վճարել է 2.000 ՀՀ դրամ՝ որպես առաջին ատյանի դատարանում հատուկ վարույթի կարգով քննվող դիմումների համար սահմանված պետական տուրքի գումար (հատոր 1-ին, գ.թ. 3):

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վերաքննիչ դատարանի որոշումը` բեկանման, իսկ Արտուշ Մնացականյանի դիմումը պետք է թողնվի առանց քննության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արտուշ Մնացականյանից հօգուտ Ծառայության ենթակա է բռնագանձման 8.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար և 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք բերելու համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայությունը վերաքննիչ բողոքի համար վճարել է 10.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 14), իսկ վճռաբեկ բողոքի համար՝ 20.000 ՀՀ դրամ, մինչդեռ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «գ» ենթակետի և 9-րդ հոդվածի 7-րդ կետի «գ» ենթակետի հիմքով վերաքննիչ բողոքի համար ենթակա էր վճարման 8.000 ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոքի համար՝ 10.000 ՀՀ դրամ, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Ծառայության կողմից ավել վճարված պետական տուրքի գումարը, մասնավորապես` վերաքննիչ բողոքի համար 2.000 ՀՀ դրամի չափով և վճռաբեկ բողոքի համար 10.000 ՀՀ դրամի չափով, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով ենթակա է վերադարձման այն վճարած անձին:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2017 թվականի որոշումը և Արտուշ Մնացականյանի դիմումը՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին, թողնել առանց քննության:

2. Արտուշ Մնացականյանից հօգուտ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության բռնագանձել 8.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք և 10.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:

Սահմանված չափը գերազանցող մասով վճարված պետական տուրքի հարցը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ն. Տավարացյան
  Ս. Անտոնյան
 

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

 

Ռ. Հակոբյան

  Ս. Միքայելյան
  Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան