Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.07.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
15.07.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

      

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

         

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

        

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/5086/05/14

2015թ.     

Վարչական գործ թիվ ՎԴ/5086/05/14

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան

              

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

                 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

Վ. Ավանեսյանի

Գ. Հակոբյանի

 

Ռ. Հակոբյանի

Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի հուլիսի 15-ին

քննարկելով ըստ հայցի «2ԷԴ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) տնօրեն Էդգար Հովհաննիսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` 18.06.2014 թվականի թիվ Վ-25/3 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.12.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը,

     

Պ Ա Ր Զ Ե Ց

     

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերության տնօրեն Էդգար Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի` «Վարչական տույժ նշանակելու մասին» 18.06.2014 թվականի թիվ Վ-25/3 որոշումը, ինչպես նաև ներկայացրել է միջնորդություն` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 12.11.2014 թվականի որոշմամբ Ընկերության տնօրեն Էդգար Հովհաննիսյանի հայցադիմումի ընդունումը և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել են:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.12.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշմամբ Ընկերության տնօրենի վերաքննիչ բողոքը բավարարվել է` վերացվել է «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» Դատարանի 12.11.2014 թվականի որոշումը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

        

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս առաջնահերթության կարգով պարտավոր է պարզել, թե արդյոք հարուցված հայցը ներկայացվել է դրա համար օրենքով սահմանված դատավարական ժամկետների պահպանմամբ, թե` ոչ:

Տվյալ պարագայում հայցվորի կողմից համապատասխան վիճարկման հայցը ներկայացվել է օրենքով սահմանված դատավարական ժամկետների խախտմամբ և ոչ հարգելի պատճառներով, քանի որ Քաղաքապետարանի` «Վարչական տույժ նշանակելու մասին» 18.06.2014 թվականի թիվ Վ-25/3 որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ընկերության տնօրեն Էդգար Հովհաննիսյանին Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 25ա/1 հասցեով, որն ըստ փոստային ծառայության թիվ AR152758068AM ստացման-հանձնման հետադարձ ծանուցագրի` վերջինս ստացել է 26.06.2014 թվականին: Այսինքն` 26.06.2014 թվականի դրությամբ Ընկերության տնօրենն արդեն իսկ տեղյակ է եղել իր նկատմամբ վարչական տույժ կիրառելու վերաբերյալ 18.06.2014 թվականի թիվ Վ-25/3 որոշման մասին: Հետևաբար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի և 60-րդ հոդվածի 1-ին մասի հիմքերով նշված որոշումն ուժի մեջ է մտել 27.06.2014 թվականին: Ուստի վերջինիս կողմից նշված վարչական ակտի դատական կարգով վիճարկման համար սահմանված դատավարական ժամկետի հոսքը պետք է հաշվարկվեր սկսած 27.06.2014 թվականից:

Ըստ այդմ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետն Էդգար Հովհաննիսյանի կողմից բաց է թողնվել ոչ թե հարգելի և իր կամքից անկախ պատճառներով, այլ նրա կողմից իր դատական պաշտպանության իրավունքից ոչ բարեխիղճ օգտվելու հետևանքով:

         

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել Վերաքննիչ դատարանի 29.12.2014 թվականի որոշումը, կայացնելով նոր` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին դատական ակտ կամ օրինական ուժի մեջ թողնել ՀՀ վարչական դատարանի 12.11.2014 թվականի որոշումը»:

    

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ և 72-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել` վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, նույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին։ Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև` օրենքով սահմանված այլ եղանակներով։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ։

Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրենց իրավունքը, որը կարող է վերականգնվել բացառապես դատարանի կողմից տվյալ ժամկետի բաց թողնման պատճառները հարգելի համարվելու դեպքում:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է:

Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ-ի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 51, 55):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված սկզբունքների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել ՀՀ վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միևնույն ժամանակ, սահմանել է բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորություն` համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում (պատճառների հարգելի լինելու կամ չլինելու հանգամանքը որոշում է դատարանը), իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել է, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

Միաժամանակ, վարչական դատարան համապատասխան հայց ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական հստակ ժամկետների սահմանումը ենթադրում է, որ անձը, որը համարում է, որ վարչական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել իր իրավունքները և ազատությունները, սահմանված դատավարական ժամկետում պետք է ձեռնամուխ լինի իր իրավունքների պաշտպանությանը, իսկ վերջինիս կողմից իր իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողություններ չկատարելու հետևանքով համապատասխան հայց ներկայացնելու համար դատավարական ժամկետի բացթողումը կարող է դատարանի կողմից հարգելի համարվել միայն ծանրակշիռ փաստարկների և հիմնավորումների առկայության պայմաններում, մասնավորապես, այն դեպքում, եթե անձի կողմից ժամկետները բաց թողնելու համար հիմք հանդիսացած հանգամանքների ուսումնասիրությամբ գտնում է, որ իրականում անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ գրավոր վարչական ակտի ընդունումը բավարար չէ, գրավոր վարչական ակտի իրավական համակարգում ի հայտ գալու և գործելու համար անհրաժեշտ է նաև, որ օրենքով սահմանված կարգով այդ վարչական ակտը մտնի ուժի մեջ: Հաշվի առնելով վերոգրյալը` օրենսդիրը վարչական ակտը վիճարկելու օրենքով սահմանված ժամկետի հոսքը պայմանավորել է ոչ թե վարչական ակտի ընդունմամբ, այլ այդ ակտի օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելու հետ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, առաջնորդվելով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը երաշխավորելու անհրաժեշտությամբ, գտել է, որ վարչական ակտի վիճարկման պարագայում անձի` դատարան դիմելու համար սահմանված ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ վարչական ակտի հասցեատերը տեղեկացել է իր նկատմամբ տվյալ վարչական ակտի ընդունման մասին, այլ խոսքով` օրենքով սահմանված կարգով վարչական ակտի ուժի մեջ մտնելուց հետո (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ օրենսդիրը նախատեսել է դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այդ հիմքով դատավարական իրավունքը վերականգնելու մասին կողմի միջնորդության ներկայացման հնարավորությունը, մեջբերելով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի թիվ ՎԴ/9439/05/12 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և ներկայացված մեկնաբանությունները, գտել է, որ Ընկերության տնօրեն Էդգար Հովհաննիսյանի` Դատարան ներկայացրած միջնորդությունը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին, հիմնավոր է և ենթակա է բավարարման:

Մինչդեռ վերոնշյալ մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանությունները հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի հիմքով վարչական դատարան հայց ներկայացնելու համար նախատեսված ժամկետներն իրենցից ներկայացնում են իրավունքի պաշտպանության ժամկետներ, իսկ դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու, այդ թվում նաև` հայց ներկայացնելու, իրավունքը դադարում է օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պահից և հետագայում կարող է վերականգնվել միայն շահագրգիռ անձի միջնորդությամբ` դատարանի կողմից:

Սակայն տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը չի մատնանշել որևէ հանգամանք, թե որ հիմքով է հայցվորի կողմից բաց թողնված դատավարական ժամկետը համարել հարգելի և վերականգման ենթակա:

Սույն գործով Ընկերության տնօրեն Էդգար Հովհաննիսյանը Քաղաքապետարանի` «Վարչական տույժ նշանակելու մասին» 18.06.2014 թվականի թիվ Վ-25/3 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Դատարան է դիմել 16.09.2014 թվականին (գ.թ. 23-24):

Հայցադիմումին կից ներկայացնելով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` վերջինս պատճառաբանել է, որ 12.06.2014 թվականին Ընկերությունը դիմել է Քաղաքապետարան` Երևանի Նորքի 7-րդ փողոցի թիվ 70 և թիվ 70/4 հասցեներում բազմաբնակարան շենքի կառուցապատման աշխատանքներն օրենքով սահմանված կարգով երկարաձգելու նպատակով (գ.թ. 5, 6): Միաժամանակ նշել է, որ 01.09.2014 թվականին Քաղաքապետարանն Ընկերությանը տրամադրել է թիվ 01/18-41157-940 շինարարության թույլտվությունը: Հետևաբար Ընկերությունը Քաղաքապետարանի` «Վարչական տույժ նշանակելու մասին» 18.06.2014 թվականի թիվ Վ-25/3 որոշումը կարող էր բողոքարկել միայն վերը նշված շինարարության թույլտվությունը տրամադրելուց հետո (գ.թ. 12):

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Քաղաքապետարանը վարչական վարույթ հարուցելու մասին Ընկերության տնօրեն Էդգար Հովհաննիսյանին ծանուցել է 30.05.2014 թվականին (գ.թ. 7), «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-25/3 որոշումը կայացվել է 18.06.2014 թվականին (գ.թ. 10-11), իսկ վճռաբեկ բողոքին կից ներկայացված փոստային ծառայության թիվ AR152758068AM ստացման-հանձնման հետադարձ ծանուցագրի համաձայն` վերջինս նշված որոշումը ստացել է 26.06.2014 թվականին: Իսկ Ընկերության տնօրեն Էդգար Հովհաննիսյանի միջնորդությունը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Նախ Ընկերության տնօրեն Էդգար Հովհաննիսյանը Քաղաքապետարանի` «Վարչական տույժ նշանակելու մասին» 18.06.2014 թվականի թիվ Վ-25/3 որոշումն անվավեր ճանաչելու պահանջով միայն 16.09.2014 թվականին (այսինքն` համապատասխան վարչական ակտի ուժի մեջ մտնելուց հետո` դրա վիճարկման համար օրենքով սահմանված երկամսյա ժամկետի ավարտից հետո) է դիմել Դատարան: Հետևաբար բողոք բերած անձի կողմից խախտվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Ընկերության տնօրեն Էդգար Հովհաննիսյանի կողմից վկայակոչված այն հիմքը, թե Քաղաքապետարանը 01.09.2014 թվականին է իրեն տրամադրել թիվ 01/18-41157-940 շինարարության թույլտվությունը, որի պատճառով էլ Ընկերությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1541 -րդ հոդվածի 1-ին մասով` Քաղաքապետարանի` «Վարչական տույժ նշանակելու մասին» 18.06.2014 թվականի թիվ Վ-25/3 որոշումը բողոքարկել է դատավարական ժամկետի խախտմամբ, չի կարող համարվել դատավարական ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ, քանի որ Ընկերությունն այդ շինարարության թույլտվության տրամադրման կամ չտրամադրման հանգամանքով կաշկանդված չէր և կարող էր մինչև օրենքով նախատեսված ժամկետի ավարտն իր իրավունքների պաշտպանության համար համապատասխան հայցով դիմել դատարան:

Ինչ վերաբերում է Քաղաքապետարանում շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման 12.06.2014 թվականի դիմումի քննարկմանը, ապա այն ևս չէր կարող որևէ կերպ խոչընդոտ հանդիսանալ վարչական մարմնի կողմից ընդունված վարչական ակտը սահմանված ժամկետում վիճարկելու իրավունքի իրացման համար:

Այս կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իր 28.11.2014 թվականի թիվ ՎԴ/1876/05/13 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1541 -րդ հոդվածի 1-ին մասում իրավախախտումը (զանցանքը) դրսևորվում է` կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելով: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1541-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը կատարված (սկսված և ավարտված) է համարվում կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետն ավարտվելու հաջորդ օրը: Նշված իրավախախտման տեսանկյունից որևէ արժեք չի տրվում իրավախախտումից հետո անձի դրսևորած վարքագծին: Հետևաբար, եթե իրավախախտում թույլ տված անձը դիմել է շինարարության թույլտվությունը երկարացնելու խնդրանքով, ապա այդ գործողությունը չի վերացնում իրավախախտում թույլ տալու փաստը»:

Այսպիսով, վերը նշված մեկնաբանություններից ակնհայտորեն հետևում է, որ Ընկերությունը Քաղաքապետարանի` «Վարչական տույժ նշանակելու մասին» 18.06.2014 թվականի թիվ Վ-25/3 որոշումը վիճարկելու համար հայցը ՀՀ վարչական դատարան պետք է ներկայացներ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված կարգով` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում: Մինչդեռ տվյալ դեպքում Ընկերությունը բաց է թողել հայց ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը: Միաժամանակ սույն գործով բացակայում են դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու` հայցվորի իրավունքը վերականգնելու հիմքերը, հետևաբար Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

     

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

         

Ո Ր Ո Շ Ե Ց

              

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.12.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. ՀՀ վարչական դատարանի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 12.11.2014 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

       

Նախագահ`

     

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

   

Մ. Դրմեյան

 

Վ. Ավանեսյան

 

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

  

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան