Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.07.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

  

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

      

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0049/02/09

2011թ.       

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0049/02/09

Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան

Դատավորներ՝

Տ. Նազարյան

Կ. Չիլինգարյան

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

            

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

             

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

 (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

            

   

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի
   

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

      

Վ. Աբելյանի

      Ս. Անտոնյանի
     

Ա. Բարսեղյանի

      Մ. Դրմեյանի
      Գ. Հակոբյանի
      Է. Հայրիյանի
     

Տ. Պետրոսյանի

                

2011 թվականի հուլիսի 27-ին,

քննարկելով գործին մասնակից չդարձված անձանց Նունիկ Միրզոյանի և Արաքսյա Սերոբյանի ներկայացուցիչ Սամվել Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.04.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Մանիկ Հովանեսյանի, Թինա Օգանեզովայի ընդդեմ Արաքսի Սերոբյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին,

          

ՊԱՐԶԵՑ

      

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Մանիկ Հովանեսյանը և Թինա Օգանեզովան պահանջել են Արարատի մարզի Արարատ գյուղի բնակելի տան և տնամերձ հողամասից առանձնացնել իրենց բաժինը:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 01.04.2009 թվականի վճռով հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունը, և գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.04.2011 թվականի որոշմամբ վերադարձվել է գործին մասնակից չդարձված անձինք Նունիկ Միրզոյանի և Արաքսյա Սերոբյանի վերաքննիչ բողոքը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նունիկ Միրզոյանի և Արաքսյա Սերոբյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

       

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետը, 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելիս պատճառաբանել է, որ բողոքը ներկայացվել է սահմանված ժամկետից հետո և չի պարունակում միջնորդություն բաց թողած ժամկետը վերականգնելու մասին: Մինչդեռ վերաքննիչ բողոքի «Խնդրում ենք» հատվածում պարունակվում է վերաքննիչ բողոք բերելու համար նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջնորդություն:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Նունիկ Միրզոյանը և Արաքսյա Սերոբյանը չեն ներկայացրել բավարար ապացույցներ վճռի մասին ոչ ուշ, քան երեք ամիս առաջ իմանալու վերաբերյալ, մինչդեռ վերջիններս միայն ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 25.01.2011 թվականի դատավճռի կայացումից հետո են տեղեկացել Դատարանի 01.04.2009 թվականի վճռի մասին:

Վերաքննիչ դատարանն առանց ապացույցների նշել է, որ առանց պատշաճ լիազորագրի Նունիկ Միրզոյանի և Արաքսյա Սերոբյանի անունից հաշտության համաձայնություն կնքած ներկայացուցիչը պարտավոր էր իրազեկել վերջիններիս:

           

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է «վերաքննիչ բողոք բերելու համար նախատեսված ժամկետի բացթողումը համարել հարգելի, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.04.2011թ. որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության»:

      

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է:

Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տես Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Ashingdane v. the United Kingdom, judgment of 28 May 1985, Series A no. 93, p. 24, para. 57):

Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տես Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 51,55, Stubbings and Others v. the United Kingdom, Judgment, 22.10.1996, par. 51,55) :

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ և 213-րդ հոդվածները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է uահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մաuին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 5-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և այն բավարարվել է դատարանի կողմից:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ գործին մասնակից չդարձված անձանց համար օրենսդիրը սահմանել է դատական ակտի բողոքարկման եռամսյա ժամկետ: Միաժամանակ օրենսգիրքը սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը` այն օրվանից սկսած, երբ անձն իմացել է կամ կարող էր իմանալ նման դատական ակտի կայացման մասին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժամկետների հաշվարկման նմանատիպ կարգը, որն ընդունված է Եվրոպայի Խորհրդի այլ անդամ պետությունների կողմից, ներառվում է պետության հայեցողական լիազորության մեջ, ինչը բխում է նաև Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներից (տես Ստաբբինգը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 54):

Միաժամանակ, բացի դատական ակտը նշված կարգով բողոքարկելու իրավական հնարավորությունից, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է դատական ակտի բողոքարկման հնարավորություն նաև օրենքով սահմանված ժամկետն անցնելուց հետո: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի արգելում անձին վերաքննիչ բողոք բերելու ժամկետը լրանալուց հետո ներկայացնել բողոք և միաժամանակ միջնորդություն` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, իսկ դատավարական ժամկետի խախտումն ինքնին բավարար չէ վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար, քանի որ պարտավոր է անդրադառնալ այդ միջնորդությանը, որի քննարկման արդյունքում որոշում կայացնելուց հետո միայն որոշել վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ վարույթ ընդունելու հարցը (տես Ալբերտ Սուքիասյանն ընդդեմ «Ջեներալ Տրանսուորլդ ՄՔ» ՓԲԸ-ի գումարի բռնագանձման պահանջի մասին, թիվ ԵՇԴ/0438/02/09 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.03.2010 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իրավունք ունի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն վերաքննիչ բողոքը վերադարձնել, եթե գործին մասնակից չդարձված անձինք վերաքննիչ բողոք են բերել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահից եռամսյա ժամկետը լրանալուց հետո, և բողոքը միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մաuին, կամ նման միջնորդությունը դատարանը չի բավարարել:

Վերաքննիչ դատարանը Նունիկ Միրզոյանի և Արաքսյա Սերոբյանի վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ վերջիններս բաց են թողել օրենքով նախատեսված ժամկետը, բավարար ապացույցներ չեն ներկայացրել, որ Դատարանի 01.04.2009 թվականի վճռի մասին իմացել են ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 25.01.2011 թվականի դատավճռի կայացումից հետո և չեն միջնորդել հարգելի համարել ու վերականգնել օրենքով նախատեսված ժամկետը:

Մինչդեռ Նունիկ Միրզոյանի և Արաքսյա Սերոբյանի վերաքննիչ բողոքի «Խնդրում ենք» հատվածում պարունակվում է վերաքննիչ բողոք բերելու համար նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջնորդություն: Մասնավորապես, վերաքննիչ բողոքում բողոք բերող անձինք, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ, 207-րդ, 214-րդ, 221-րդ հոդվածներով, խնդրել են Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2009 թվականի թիվ ԱՎԴ1/0049/02/08 գործով վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար նախատեսված ժամկետի բացթողումը համարել հարգելի և վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Վերաքննիչ դատարանը միջնորդության առկայության պայմաններում չի անդրադարձել դրան, որի արդյունքում բողոք բերած անձինք զրկվել են օրենքով նախատեսված ժամկետը լրանալուց հետո դատական ակտը բողոքարկելու իրավունքից, քանի որ օրենքով նախատեսված ժամկետը լրանալուց հետո դատական ակտը բողոքարկելու իրավունքը հնարավոր է իրականացնել միայն համապատասխան միջնորդություն ներկայացվելու դեպքում, իսկ ներկայացված միջնորդությունը դատարանի կողմից չքննվելու դեպքում խախտվում է այդ իրավունքի բուն էությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 18.04.2011 թվականի որոշմամբ Նունիկ Միրզոյանը և Արաքսյա Սերոբյանը զրկվել են իրենց իրավունքների պաշտպանության նպատակով դատարան դիմելու և դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունքներից:

       

Հետևաբար Նունիկ Միրզոյանի և Արաքսյա Սերոբյանի իրավունքների ապահովման նպատակով Վերաքննիչ դատարանի կողմից միջնորդությունը քննելու համար սույն գործը ենթակա է նոր քննության, որից հետո միայն Վերաքննիչ դատարանը կարող է որոշել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու կամ վերադարձնելու հարցը:

     

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։

      

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-ին հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

            

ՈՐՈՇԵՑ

       

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.04.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

       

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան