ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/3511/05/10 Վարչական գործ թիվ ՎԴ/3511/05/10
Նախագահող դատավոր՝ Հ. Բեդևյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2011 թվականի ապրիլի 27-ին,
քննարկելով ըստ հայցի ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Սպանդարյանի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` 13.157.100 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.02.2011 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչության բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 13.157.100 ՀՀ դրամ:
ՀՀ վարչական դատարանի 01.10.2010 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ վարչական դատարանի 01.10.2010 թվականի որոշմամբ Տեսչության` հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդությունը բավարարվել է և 13.157.100 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել Ընկերությանը պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա:
ՀՀ վարչական դատարանի 26.11.2010 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդությունը բավարարվել է և Ընկերությանը պատկանող դրամական միջոցների վրա հայցագնի չափով դրված արգելանքը փոխարինվել է մեկ այլ միջոցով, այն է` հայցագնի չափով արգելանք է դրվել Ընկերությանը պատկանող գույքի վրա` վերացնելով դրամական միջոցների վրա դրված արգելանքը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 30.11.2010 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 26.11.2010 թվականի «Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու մասին» որոշման դեմ Տեսչության բերած բողոքը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.02.2011 թվականի որոշմամբ Տեսչության բողոքը մերժվել է և Դատարանի 30.11.2010 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 88-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Հայցի ապահովման միջոցը կիրառվում է այն ժամանակ, երբ ենթադրվում է, որ հայցապահանջի բավարարման դեպքում դատական ակտը դժվար կամ անհնարին կլինի կատարել: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը որպես վիճարկվող որոշման հիմք չի նշել որևէ հիմնավոր պատճառ, որի առկայությամբ պայմանավորված հիմնավոր կլիներ հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինել մեկ այլ միջոցով:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում ՀՀ վարչական դատարանը հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելիս պետք է Ընկերությունից պահանջեր որոշակի հիմնավոր երաշխիքներ, թե որքան ժամանակից հետո Ընկերությունն ի վիճակի կլինի կատարել բյուջեի հանդեպ ունեցած իր պարտավորությունները, պետք է պարզեր, թե արդյոք Ընկերությունն ունի հայցագնի չափով գույքային միջոցներ, որի վրա հնարավոր կլիներ կիրառել հայցի ապահովման միջոց, ինչպես նաև պետք է Ընկերությունից պահանջեր գույքի համապատասխան անվանական ցուցակ` Ընկերության գույքի առկայության վերաբերյալ հավաստում, որում պետք է արտացոլված լինեին Ընկերության առկա գույքի և դրանց գնի վերաբերյալ տեղեկություններ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 02.02.2011 թվականի «Բողոքը մերժելու մասին» և Դատարանի 30.11.2010 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումները:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործերի քննության ընթացքում հայցի ապահովման միջոցների կիրառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` հայցի ապահովման միջոցներն են պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածից հետևում է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ էլ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը: Հայցի ապահովում կիրառելու համար անհրաժեշտ է ապացուցել հայցի ապահովում չկիրառելու դեպքում դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հանգամանքը (տե'ս` ըստ դիմումի «Բի լայն» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության` պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին թիվ ՎԴ/0677/05/08 վարչական գործով 21.04.2008 թվականի ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինել մեկ այլ միջոցով կամ ձևափոխելու:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովման միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու դատավարական նորմը կոչված է ապահովելու հայցվորի և պատասխանողի շահերի համադրված պաշտպանությունը: Մասնավորապես` հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով կարող է փոխարինվել, եթե այն անհամաչափ սահմանափակում է պատասխանողի իրավունքները` կապված արգելանքի տակ դրված գույքի տիրապետման, օգտագործման կամ տնօրինման հետ, կամ վերջինիս կարող է պատճառվել վնաս, որից կարելի է խուսափել հայցի ապահովման միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու դեպքում: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ հայցի ապահովման միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու դեպքում դատարանը պետք է հաշվի առնի հայցվորի շահերը և այն նպատակները, որը հետապնդում է հայցի ապահովման միջոցի կիրառման դատավարական ինստիտուտը:
Հետևաբար, դատարանն արդեն կիրառված հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու անհրաժեշտության փաստը հաստատված համարելու համար պարտավոր է հիմնվել միայն այդպիսի փաստը հաստատող ապացույցների վրա, առանց որոնց հնարավոր չէ եզրահանգման գալ այն մասին, որ արդեն կիրառված հայցի ապահովման միջոցի փոխարինումը նույնպես կարող է բացառել դատական ակտի կատարումն անհնարին դարձնող կամ դժվարացնող հանգամանքները, ինչպես նաև վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացումը:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ տվյալ դեպքում հայցի ապահովումը փոխարինվել է մեկ այլ միջոցով, այն է` հայցագնի չափով արգելանք է դրվել Ընկերության գույքի վրա` վերացնելով դրամական միջոցների վրա դրված արգելանքը, և փոխարինված հայցի ապահովումը ևս բավարար երաշխիքներ է ապահովում հարուցված հայցով ապագա վճռի կատարման համար:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ տվյալ դեպքում փոխարինված հայցի ապահովումը ևս բավարար երաշխիքներ է ապահովում հարուցված հայցով ապագա վճռի կատարման համար, անտեսել է, որ նշված եզրահանգումը հաստատող որևէ ապացույց գործում առկա չէ:
Այսպես, տվյալ դեպքում Ընկերությունը, ներկայացնելով հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն, հայցագնի չափին` 13.157.100 ՀՀ դրամին առնվազն համարժեք իր գույքի կազմի և արժեքի վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել:
Ինչ վերաբերում է Ընկերության կողմից որպես նշված միջնորդությունը հիմնավորող ապացույցներ ներկայացված փաստաթղթերին (29.05.2010 թվականի թիվ 11 և 11.09.2010 թվականի թիվ 15 հաշիվ-ապրանքագրեր, 15.07.2008 թվականի «Շինարարական կապալի մասին» թիվ 04 պայմանագիր, 09.08.2010 թվականի «Շինարարական աշխատանքների կատարման մասին» եռակողմ պայմանագիր, 15.11.2010 թվականի կատարողական ակտ, ամփոփ նախահաշիվ, թիվ 1-1, թիվ 1-2, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5, թիվ 6 և թիվ 7 հաշվարկներ (գ.թ. 52-69, 71)), ապա նշված փաստաթղթերը հաստատում են միայն Ընկերության կատարած շինարարական աշխատանքների և ակնկալվող դրամական միջոցների առկայության փաստը և չեն կարող դիտվել որպես սույն գործով հայցի ապահովման միջոցի փոխարինման համար անհրաժեշտ` Ընկերության գույքի կազմի և արժեքի վերաբերյալ ապացույցներ: Բացի այդ, վերոգրյալ փաստաթղթերից ամփոփ նախահաշիվը և հաշվարկները պատշաճ վավերացված փաստաթղթեր չեն:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.9-րդ, 118.15-118.17-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.02.2011 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 30.11.2010 թվականի «Բողոքը մերժելու մասին» և 26.11.2010 թվականի «Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու մասին» որոշումները և hայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու մասին «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի միջնորդությունը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Տ. Պետրոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|