Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.03.13/17(1470) Հոդ.160
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.07.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1639/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1639/02/13
2018թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան

Դատավորներ՝

Ա. Խառատյան

Ս. Թորոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ն. Տավարացյանի

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ս. Միքայելյանի

 

2018 թվականի հուլիսի 20-ին,

քննարկելով ըստ հայցի Արաքսի Մխիթարյանի ընդդեմ «Ֆաբերլիկ Զակավկազյե» ՍՊԸ-ի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 23.09.2017 թվականի որոշման դեմ «Ֆաբերլիկ Զակավկազյե» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանի բերած վճռաբեկ բողոքը,  

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արաքսի Մխիթարյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 514.426 ՀՀ դրամ, ինչպես նաև 09.05.2013 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումն այդ գումարի վրա հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Չիչոյան) (այսուհետ՝ Դատարան) 28.04.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.08.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, իսկ վերաքննիչ բողոքը՝ վերադարձվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.09.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արաքսի Մխիթարյանի ներկայացուցիչ Գնել Նազարյանը։

 

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 210-րդ և 213-րդ  հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում վերացվել են նախկինում թույլ տրված թերությունները, մասնավորապես` հայցվորին է ուղարկվել վերաքննիչ բողոքի պատճենը և վճարվել է օրենքով սահմանված պետական տուրքի գումարը:

Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ «Վերաքննիչ դատարանի 04.08.2017 թվականի որոշմամբ արձանագրված խախտումը՝ բողոքի օրինակը հայցվորին ուղարկված լինելու փաստը հաստատող ապացույցի բացակայությունը, չի վերացվել, քանի որ հայցվորի ստացած RR246602798AM կոդով և 15.00 գրամ քաշով թիվ 651 առաքանին պարունակել է միայն պատասխանողի՝ մեկ թերթից բաղկացած դիմումը»: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր իրավասությունների շրջանակից և փորձել է պարզել դատավարության մասնակցին ուղարկված ծրարի պարունակությունը, դրա քաշը և այլն, որի արդյունքում էլ հանգել է սխալ եզրահանգման, ինչն էլ բողոքը վերադարձնելու հիմք է հանդիսացել:

Ավելին, սույն գործում առկա է ապացույց այն մասին, որ թիվ RR246602798AM կոդով թիվ 651 առաքանին փոստային ծառայության միջոցով հանձնվել է Արաքսի Մխիթարյանին, այսինքն` բողոք բերած անձի կողմից պատշաճ ձևով Արաքսի Մխիթարյանին է ուղարկվել վերաքննիչ բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 23.09.2017 թվականի որոշումը:  

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

27.08.2017 թվականին Արաքսի Մխիթարյանը փոստով ստացել է բողոքաբերի կողմից ուղարկված նամակ, որում եղել է մեկ թերթից բաղկացած՝ Վերաքննիչ դատարանին հասցեագրված դիմում, այնինչ պետք է լիներ նաև վերաքննիչ բողոքը, որը, սակայն, առկա չի եղել: Այսինքն՝ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքով թերություններն իրականում վերացված չեն եղել:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է բողոքի ներկայացման և վարույթ ընդունման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի խախտման արդյունքում առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

         ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքում ձևավորված իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանզի դատարանի մատչելիության իրավունքն ինքնին պետության կողմից կարգավորում պահանջող երևույթ է: Այս առումով պետությունը որոշակի հայեցողություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին դատարանի մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե դա չի հետապնդում իրավաչափ նպատակ և առկա չէ ողջամիտ հարաբերակցություն` օգտագործվող միջոցների և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև (տե'ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սահմանադրական նշված նորմի  բովանդակությունը կազմում են հետևյալ հիմնարար պահանջները՝

1. պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները որոշվում են Սահմանադրությամբ և օրենքներով,

2.  այդ լիազորությունները (գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները) կամայական չեն և չեն կարող հակասել Սահմանադրությանը, օրենքներին և դրանց հիման վրա ընդունված օրենսդրության այլ ակտերին,

3. պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն Սահմանադրությամբ, օրենքներով և դրանց հիման վրա ընդունված օրենսդրական այլ ակտերով նախատեսված գործողություններ և ձեռնպահ մնալ այդ ակտերով չնախատեսված կամ դրանց պահանջներին հակասող որևէ գործողությունից,

4. պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց օրինական գործողություններից բխող պահանջները պարտադիր են կատարման այն սուբյեկտների համար, որոնց հասցեագրված են:

         Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան գործելու սահմանադրաիրավական պահանջը պայմանավորված է իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքով:

 Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը պատշաճ ձևով ուղարկվում է վերաքննիչ դատարան և գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն՝

1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.

2) բողոքը բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները).

3) դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.

4) նշում նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որը ազդել է գործի ելքի վրա.

5) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջ բերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը.

6) բողոք բերող անձի պահանջը.

7) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ բողոք բերող անձը պարտավոր է գործին մասնակցող այլ անձանց պատշաճ ձևով ուղարկել բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները:  

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վկայակոչված դրույթներին, արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում: Մասնավորապես` վերաքննիչ բողոքը պետք է պարունակի դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը, բողոքը բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, նշում նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որն ազդել է գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը, բողոք բերող անձի պահանջը, բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է (կամ բողոքում ներառվում է) դրա վերաբերյալ միջնորդությունը (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, համակարգային վերլուծության ենթարկելով վերը շարադրված իրավական կարգավորումները, փաստելով, որ ցանկացած դատավարական գործողություն կարող է կատարվել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում, գտնում է, որ վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունելության հարցի քննարկման փուլում առերևույթ գնահատում է բողոքին կից ներկայացվող փաստաթղթերին առաջադրված պահանջների պահպանվածությունը: Մասնավորապես` իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը պարտավորեցնում էր վերաքննիչ բողոք բերած անձին վերաքննիչ բողոքին կից ներկայացնել նաև բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցներ: Ընդ որում, օրենսդիրը կարևորել էր բողոքի պատճենն ուղարկելու, այլ ոչ թե գործին մասնակցող այլ անձի կողմից այն ստանալու փաստը՝ որպես բողոքը վարույթ ընդունելու նախապայման դիտելով բողոքի պատճենը գործին մասնակցող այլ անձին ուղարկելու վերաբերյալ ապացույցի ներկայացումը: Նման ապացույցի ներկայացման պայմաններում գործում է այն կանխավարկածը, որ կողմին ուղարկվել է հենց վերաքննիչ բողոքի պատճենը: Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ իրավահարաբերության ծագման պահին գործող դատավարական կարգավորումների պայմաններում վերաքննիչ դատարանն իրավասություն չուներ իրականացնելու քննություն՝ պարզելու համար այն հարցը, թե արդյոք պատշաճ ձևով ներկայացված անդորրագրով հավաստվում է, որ կողմին ուղարկվել է վերաքննիչ բողոքի օրինակը, թե` մեկ այլ փաստաթուղթ:  

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Դատարանի  28.04.2017 թվականի վճռով Արաքսի Մխիթարյանի գումարի բռնագանձման պահանջի մասին հայցն ընդդեմ Ընկերության, բավարարվել է (հատոր 2-րդ, գ.թ. 154-162): Ընկերությունը 30.06.2017 թվականին Դատարանի 28.04.2017 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել (հատոր 3-րդ, գ.թ. 5-9):

Վերաքննիչ դատարանը 04.08.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով՝ մասնավորապես նշելով, որ վերաքննիչ բողոքին չեն կցվել բողոքի օրինակը հայցվորին ուղարկելը հավաստող ապացույց, ինչպես նաև պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույցը, կամ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն (հատոր 3-րդ, գ.թ. 14-15):

Ընկերության ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանի կողմից փոստային առաքման եղանակով 24.08.2017 թվականին ներկայացվել է թիվ RR246602798AM պատվիրված առաքանու անդորրագիրը, որով հավաստվում է, որ Արաքսի Մխիթարյանին «Հայաստան, Երևան, Աթոյան 2-9» հասցեով 24.08.2017 թվականին ուղարկվել է 15.00 գրամ քաշով փոստային առաքանի (հատոր 3-րդ, գ.թ. 23):

Հայցվոր Արաքսի Մխիթարյանի կողմից  01.09.2017 թվականին Վերաքննիչ դատարան է ներկայացվել «Վերաքննիչ բողոքը վարույթ չընդունելու վերաբերյալ» դիմում, որով հայտնել է, որ Ընկերության ներկայացուցիչը բողոքի օրինակը հայցվորին չի ուղարկել, այլ ուղարկել է մեկ էջանոց դիմում, առանց վերաքննիչ բողոքի բուն տեքստի (հատոր 3-րդ, գ. թ.  34- 35):

Վերաքննիչ դատարանը 23.09.2017 թվականի որոշմամբ վերադարձրել է Ընկերության վերաքննիչ բողոքն այն պատճառաբանությամբ, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը դարձյալ ենթակա է վերադարձման, քանի որ Վերաքննիչ դատարանի 04.08.2017 թվականի որոշմամբ արձանագրված խախտումը՝ բողոքի օրինակը հայցվորին ուղարկված լինելու փաստը հաստատող ապացույցի բացակայությունը, չի վերացվել: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հայցվորի ներկայացրած ապացույցների և փաստարկների պայմաններում ակնհայտորեն վիճելի է վերաքննիչ բողոքի օրինակը պատասխանողի կողմից հայցվորին ուղարկված լինելու փաստը, ուստի անդորրագիրը չի կարող գնահատվել որպես տվյալ փաստը հաստատող ապացույց, իսկ այդ փաստը հաստատող այլ ապացույցներ Վերաքննիչ դատարան չեն ներկայացվել (հատոր 3-րդ, գ.թ. 41-42):

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը պետք է գնահատման առարկա դարձներ այն հարցը, թե արդյոք Ընկերության կողմից ներկայացված անդորրագրով հավաստվում է այն փաստը, որ Ընկերությունը կամ Ընկերության ներկայացուցիչն Արաքսի Մխիթարյանին պատշաճ կերպով ուղարկել է վերաքննիչ բողոքի օրինակը:

Սույն գործով Ընկերությունը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է հայցվորին վերաքննիչ բողոքն ուղարկելը հավաստող անդորրագիր (թիվ RR246602798AM պատվիրված առաքանու անդորրագիրը), որով հաստատվում է, որ Ընկերության ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանն Արաքսի Մխիթարյանին «Հայաստան, Երևան, Աթոյան 2-9» հասցեով 24.08.2017 թվականին ուղարկել է փոստային առաքանի: Այսինքն՝ կրկին բերված վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է ապացույց առ այն, որ բողոքի պատճենն ուղարկվել է գործին մասնակցող անձին: Հետևաբար հաշվի առնելով այն, որ նման ապացույցի ներկայացման պայմաններում արդեն իսկ գործում էր այն կանխավարկածը, որ բողոք բերած անձը կատարել է իր վրա դրված պարտականությունը, միաժամանակ նկատի ունենալով, որ բողոքի ընդունելության փուլում Վերաքննիչ դատարանն առաքանու պարունակությունը ստուգելու գործառույթ չուներ, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ Ընկերության կողմից Արաքսի Մխիթարյանին ուղարկված և վերջինիս կողմից Վերաքննիչ դատարան ուղարկված մեկ թերթից բաղկացած առաքանու քաշը նույնն է`երկուսն էլ կազմում են 15.00 գրամ, որի արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ վիճելի է մնացել վերաքննիչ բողոքի օրինակը պատասխանողի կողմից հայցվորին ուղարկված լինելու փաստը և վերադարձրել է Ընկերության վերաքննիչ բողոքը:

 Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, մասնավորապես` կողմին վերաքննիչ բողոքի պատճենն ուղարկելու պահանջը պահպանվել է (հիմք` թիվ RR246602798AM պատվիրված առաքանու անդորրագիրը), մինչդեռ Վերաքննիչ դատարանը նշված պահանջը պահպանված չլինելու հիմքով վերադարձնելով վերաքննիչ բողոքը՝ սահմանափակել է անձի դատական պաշտպանության իրավունքը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանի 04.08.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է երկու հիմքով. առաջին՝ բողոքին չի կցվել բողոքի օրինակը հայցվորին ուղարկելու փաստը հաստատող ապացույց, երկրորդ՝ վերաքննիչ բողոքին չի կցվել պետական տուրքի վճարման փաստը հաստատող որևէ ապացույց, իսկ բողոքը չի պարունակում պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն:

Վերաքննիչ դատարանը 23.09.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ անդրադարձ է կատարել միայն վերաքննիչ բողոքի վերադարձի առաջին հիմքին, իսկ երկրորդ հիմքի վերաբերյալ որևէ դատողություն չի ներկայացվել: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը որևէ որոշում չի կայացրել կրկին ներկայացված վերաքննիչ բողոքով երկրորդ թերությունը շտկված լինելու հարցի վերաբերյալ:

Նման պայմաններում անհրաժեշտ է գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության պարզելու համար՝ արդյոք շտկվել է պետական տուրքի մասով արձանագրված վերաքննիչ բողոքի թերությունը, և ըստ այդմ լուծել՝ վերաքննիչ բողոքի ընդունելության հարցը:

  Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

 Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` վճռաբեկ բողոքի ներկայացման և վարույթ ընդունման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը  

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 23.09.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ն. Տավարացյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան