Գլխավոր տեղեկություն
Համար
N 228-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2019-24.03.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 12.03.2019
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2019 թվականի N 228-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՏԱՆ ԹԻՎ 1 ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի պահպանության ու անցագրային ռեժիմի կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված վարչական տարածքի պահպանությունն իրականացնում է Պետական պահպանության ծառայությունը:

3. Պետական պահպանության ծառայության ղեկավարին՝ վերանայել և սույն որոշման պահանջներին համապատասխանեցնել տեղակայված պահակետերի պաշտոնական փաստաթղթերը:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշմանը ծանոթացնել բոլոր աշխատողներին:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2019 թ. մարտի 7

Երևան

  

      

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

մարտի 7-ի N 228-Լ

որոշման

  

Կ Ա Ր Գ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՏԱՆ ԹԻՎ 1 ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

        

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

      

1. Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի, տարածքի, մուտքերի ու դարպասների (այսուհետ՝ պահպանվող օբյեկտ) պահպանությունն իրականացնում է Պետական պահպանության ծառայությունը (այսուհետ՝ պահպանության ծառայություն)՝ համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն կարգի և այլ իրավական ակտերի։

2. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ պահպանության ծառայությունն ապահովում է սահմանված ներօբյեկտային անցագրային ռեժիմը, որը կոչված է ապահովելու պահպանվող օբյեկտի հուսալի պահպանությունը, բացառելու առանց համապատասխան թույլտվության մուտքն ու ելքը, նյութական արժեքներ ներս բերելու և դուրս տանելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցների մուտքի ու ելքի հնարավորությունը։

3. Պահպանվող օբյեկտի ներօբյեկտային անցագրային ռեժիմը տարածվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի շենք և տարածք մուտք գործող (դուրս եկող) բոլոր անձանց ու տրանսպորտային միջոցների վրա։

4. Պահպանվող օբյեկտի պահպանության և անվտանգության ապահովման նպատակով սահմանվում են վերահսկելի, հատուկ վերահսկելի և արտաքին վերահսկելի գոտիներ՝

1) վերահսկելի գոտի է համարվում պահպանվող օբյեկտի պարագծային սահմանից ներս գտնվող տարածքը, շենքը կամ շինությունը, որտեղ մուտքը (ելքը) վերահսկվում է անվտանգության ապահովման նպատակով.

2) հատուկ վերահսկելի գոտի է համարվում պահպանվող օբյեկտի համապատասխան տարածքը, շենքը կամ շինությունը, որտեղ մուտքը (ելքը) սահմանափակ է և վերահսկվում է անվտանգության ապահովման նպատակով.

3) արտաքին վերահսկելի գոտի է համարվում պահպանվող օբյեկտի պարագծային սահմանից դուրս գտնվող տարածքը:

5. Պահպանվող օբյեկտում վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում պահպանությունն իրականացնում է պահպանության ծառայությունը, իսկ արտաքին վերահսկելի գոտում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական լիազոր մարմինը:

6. Պահպանվող օբյեկտի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների սահմանները և սահմանազատման եղանակները, ինչպես նաև պահպանվող օբյեկտի պահակետերի տեղադիրները և պահակետայինի հատուկ պարտականությունները սահմանվում և որոշվում են պահպանության ծառայության պետի կարգադրությամբ՝ ելնելով վերահսկելի, հատուկ վերահսկելի գոտիների ու պահակետերի առանձնահատկություններից և ծառայության պայմաններից:

7. Պահպանության ծառայությունը՝

1) իրականացնում է պահպանվող օբյեկտի, ինչպես նաև պահպանվող օբյեկտում հասարակական կարգի պահպանումը.

2) ապահովում է անցագրային ռեժիմի իրականացումը։

8. Պահպանվող օբյեկտի պահպանության, անցագրային ռեժիմի պատշաճ իրականացման նպատակով պահպանվող օբյեկտում տեղակայված պահակետերի, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների, ինչպես նաև պահպանության ծառայությանը տրամադրված շինությունների սանիտարահիգիենիկ վիճակի, հակահրդեհային անվտանգության, կահավորվածության, լուսավորվածության, դիտարկման, տեխնիկական զննման, կապի (բացառությամբ ռադիոկապի), տեխնիկական և այլ միջոցների պատշաճ վիճակի և սպասարկման համար պատասխանատու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները:

     

II. ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՈՒՄ

      

9. Պահպանվող օբյեկտ մուտքը թույլատրվում է միայն անձը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում՝ համապատասխան մետաղորսիչ սարքերով պարտադիր զննում անցնելուց հետո։

10. Սույն կարգի իմաստով անձը հաստատող փաստաթղթերն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիրը, նույնականացման քարտը, զինվորական գրքույկը, ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը, վարորդական իրավունքի վկայականը, մինչև 16 տարեկան երեխաների համար` ծննդյան վկայականը.

2) փախստականների համար` փախստականի վկայականը, փախստականի ճամփորդական փաստաթուղթը.

3) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության անձնագիրը, անձը (ինքնությունը) հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրերը, կացության վկայականը.

4) Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության դատարանների և այլ պաշտոնատար անձանց համար սահմանված ձևի, ինչպես նաև լուսանկարներով ծառայողական վկայականները՝ վավերացված Հայաստանի Հանրապետության զինանշանը պատկերող կնիքով:

11. Մուտքը պահպանվող օբյեկտ իրականացվում է գլխավոր մուտքով (Հանրապետության հրապարակ) և տնտեսական մուտքով (Մելիք Ադամյան փողոց)՝ մետաղորսիչ սարքերով պարտադիր զննում անցնելուց հետո։

12. Պահպանվող օբյեկտ մուտքի իրավունք տվող փաստաթղթերն են՝

1) Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից տրված ծառայողական վկայականները.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից տրված ծառայողական վկայականները.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից տրված ծառայողական վկայականները և ժամանակավոր անցագրերը.

4) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի կողմից տրված ժամանակավոր անցագրերը՝ տնտեսական մուտքի համար:

13. Հայաստանի Հանրապետության վարչապետի, փոխվարչապետների, վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ մուտք գործող անձինք պահպանվող օբյեկտ մտնում են անարգել։

14. Միանգամյա մուտքի անցագրի հայտ տալու իրավունք ունեն Հատուկ հանձնարարություններով դեսպանը, Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականները, օգնականները, ռեֆերենտների խմբի ղեկավարը, ռեֆերենտը, արարողակարգի պատասխանատուն, մամուլի քարտուղարը, փոխվարչապետները, խորհրդականները, օգնականները, փոխվարչապետների գրասենյակների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը, նրա տեղակալները, օգնականները, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, նրանց տեղակալները, գլխավոր մասնագետները և գործավարները, ինչպես նաև «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը և նրա տեղակալները, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության պետական հատվածի արդիականացման ծրագրի ղեկավարը:

Միանգամյա մուտքի անցագրի հայտ տալու իրավունք ունեցող անձանց ցուցակը, ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության կողմից ստորագրության նմուշների հետ միասին ներկայացվում է պահպանության ծառայության հենակետ:

Առանձին դեպքերում միանգամյա մուտքի անցագրի հայտ տալու իրավունք կարող է վերապահվել նաև վարչապետի աշխատակազմի այլ աշխատակիցների՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի գրավոր ցուցումով:

15. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի աշխատողների՝ համապատասխան պաշտոնի նշանակման կամ պաշտոնից ազատման դեպքում անհրաժեշտ տեղեկատվությունը մեկից երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է պահպանության ծառայության հենակետ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության կողմից:

16. Միանգամյա մուտքի անցագիր ունեցող այցելուները պահպանվող օբյեկտ կարող են մուտք գործել ժամը 09:00-ից մինչև 21:00-ն գլխավոր մուտքով (Հանրապետության հրապարակ) և տնտեսական մուտքով (Մելիք Ադամյան փողոց)։

17. Այցելուների միանգամյա մուտքի անցագրերը տրվում են անցագրային հենակետի ծառայողի կողմից ժամը 09:00-18:00-ն (ներառյալ՝ ընդմիջման ժամը):

Հայտերը ներքին հեռախոսակապով ժամը 09:00-18:00-ն ընդունում է անցագրային հենակետի պատասխանատու ծառայողը, անհրաժեշտության դեպքում դրանք ստուգելու իրավունքով (հետադարձ զանգի միջոցով), իսկ ժամը 18:00-21:00-ն միանգամյա մուտքի հայտերն ընդունում է պահպանության ծառայության պահակետի պատասխանատու ծառայողը:

18. Միանգամյա մուտքի անցագրերով կամ ցուցակներով պահպանվող օբյեկտի տարածք մուտք գործող այցելուների՝ սույն կարգի իմաստով անձը հաստատող փաստաթղթերը, կապի միջոցները, ինչպես նաև տեսաձայնագրող սարքերը, բացառությամբ նոթբուքի, հանձնվում են պահպանության ծառայության պահակետում և վերադարձվում են շենքից դուրս գալիս՝ անցագիրը հանձնելուց հետո:

19. Աշխատանքային ժամերից դուրս և ոչ աշխատանքային օրերին, պահպանվող օբյեկտ, գլխավոր մուտքի պահակետով կարող են մուտք գործել սույն կարգի 14-րդ կետում նշված պաշտոնատար անձանց հայտերով հրավիրվածները՝ նախապես գրանցվելով համապատասխան մատյանում։

20. Որոշ դեպքերում ժամը 23:00–ից հետո վարչապետի աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ, իրենց աշխատանքային վայրերում կարող են գտնվել այն աշխատակիցները, որոնք այդ մասին տեղեկացրել են պահպանության ծառայության հերթափոխի պետին՝ նշելով նաև իրենց կողմից հրավիրված քաղաքացիների՝ վարչական տարածքում գտնվելու մասին։

21. Յուրաքանչյուր այցելուի համար պատասխանատու է մուտքի միանգամյա անցագրի հայտ տալու իրավունք ունեցող պաշտոնատար անձը։

22. Այցելուին ընդունող հայտատուն հանդիպման ավարտից հետո անցագրում նշում է կատարում այցելուի դուրս գալու ժամանակի մասին, դա վավերացնում է իր ստորագրությամբ և այցելուին նախազգուշացնում է տարածքից դուրս գալու ժամանակ անցագիրը պահպանության ծառայության հերթապահ ծառայողին հանձնելու անհրաժեշտության մասին: Եթե այցելուի անցագրի վրա բացակայում է սահմանված նշումը, ապա պահպանության ծառայության ծառայողը ճշտում է կատարում սահմանված նշումի բացակայության վերաբերյալ և ձեռնարկում է համապատասխան միջոցներ բաց թողնված նշումը կատարելու համար:

23. Հայտատուի բացակայության ժամանակ այցելուի անցագիրը ստորագրում են վարչապետի աշխատակազմի ղեկավարը, նրա տեղակալները կամ պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարը, իսկ կառուցվածքային ստորաբաժանումների միանգամյա մուտքի հայտ տալու իրավունք ունեցողների դեպքում՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը:

24. Այցելուի կողմից միանգամյա մուտքի անցագիրը կորցնելու դեպքում հայտատուն վարչապետի աշխատակազմի ղեկավարի միջոցով այդ մասին գրավոր իրազեկում է պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարին՝ կորցրած միանգամյա մուտքի անցագիրը համարելով անվավեր:

25. Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի օրերին, նիստը սկսվելուց 15 րոպե առաջ մինչև նիստի ավարտը, հայտերի պատվիրումը դադարեցվում է, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի, փոխվարչապետների, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, նրանց գործավարների և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալների կողմից ներկայացված հայտերի:

26. Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին, վարչապետի, փոխվարչապետների, վարչապետի աշխատակազմի ղեկավարի մոտ կազմակերպվող խորհրդակցություններին, ինչպես նաև վարչապետի աշխատակազմում կազմակերպվող այլ միջոցառումներին հրավիրված անձանց համար կազմվում է ընդհանուր ցուցակ՝ վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ստորագրությամբ, իսկ վարչապետի աշխատակազմի գրասենյակների դեպքում՝ գրասենյակի ղեկավարի ստորագրությամբ, որը նշագրվում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալների կողմից: Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով՝ ընդհանուր ցուցակ կարող են ներկայացնել վարչապետի, փոխվարչապետների մամուլի քարտուղարները և արարողակարգի պատասխանատուները: Ցուցակը հանձնվում է պահպանության ծառայության հենակետ՝ ոչ ուշ, քան նիստը կամ խորհրդակցությունը սկսվելուց երկու ժամ առաջ։

27. Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ հրավիրված անձանց դիմավորումը, ուղեկցումը և ճանապարհումը վարչապետի աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կազմակերպում է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետը:

28. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականները, օգնականները, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալները, վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները առանձին դեպքերում իրավասու են կազմակերպել իրենց այցելած քաղաքացիների այցելությունն աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց՝ նրանց հետ նախապես համաձայնեցնելով և ապահովելով քաղաքացու ուղեկցումը մինչև այդ պաշտոնատար անձի աշխատասենյակ՝ միանգամյա անցագրի վրա նշելով պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ժամը և ստորագրելով այն: Հանդիպման ավարտից հետո քաղաքացուն ընդունող վերջին պաշտոնատար անձը պարտավոր է միանգամյա անցագրի վրա կատարել համապատասխան նշում ելքի ժամի վերաբերյալ և ստորագրել այն:

29. Օտարերկրյա քաղաքացիներն ու պատվիրակությունները, ինչպես նաև նրանց ուղեկցող անձինք, պահպանվող օբյեկտ մուտք գործելու իրավունք ունեն վարչապետի աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալների, փոխվարչապետների գրասենյակների ղեկավարների գրավոր թույլտվությամբ՝ վարչապետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հայտերով (ցուցակներով) և աշխատողների ուղեկցությամբ։

Պահակետի պահպանության ծառայության ծառայողը հայտի (ցուցակի) հակառակ կողմում նշում է կատարում վարչապետի աշխատակազմ այցելած օտարերկրյա քաղաքացիների և պատվիրակության անդամների թվի, մուտքի և ելքի ժամանակի մասին։

30. Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի նիստերի դահլիճում (Մելիք Ադամյան 1) նախատեսվող նիստերի, համագումարների մասին վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ոչ ուշ, քան երեք օր առաջ, գրավոր իրազեկում է պահպանության ծառայության պետին:

31. Պահպանության ծառայության պետի կողմից ստանալով համապատասխան թույլտվություն (հրահանգ)՝ պահպանության ծառայության համապատասխան ստորաբաժանումը կազմակերպում է նիստի, համագումարի մասնակիցների մուտքը նիստերի դահլիճ՝ մետաղորսիչ սարքերի միջոցով պարտադիր զննում անցնելուց հետո:

32. Պահպանվող օբյեկտ անարգել մուտք գործելու իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության նախագահը.

2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը.

3) Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի անդամները՝ փոխվարչապետները, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը.

4) Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նրան ուղեկցող անձինք.

5) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը.

6) Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահը.

7) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը.

8) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը.

9) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը.

10) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը.

11) Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը.

12) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալները, մշտական հանձնաժողովների նախագահները.

13) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը.

14) օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները.

15) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանները, ժամանակավոր հավատարմատարները և նրանց ուղեկցող անձինք՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի, իսկ նրա բացակայության դեպքում՝ տեղակալների կողմից ներկայացված հայտերի առկայության դեպքում:

33. Ծառայողական վկայականներով մետաղորսիչ սարքերով նախնական զննում անցնելուց հետո պահպանվող օբյեկտ մուտք գործելու իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության վարչապետի արարողակարգի պատասխանատուն, մամուլի քարտուղարը, խորհրդականները, օգնականները, ռեֆերենտների խմբի ղեկավարը, ռեֆերենտը, գործավարը.

2) Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսուչը.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալները.

4) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները.

5) Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալները.

6) Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդականները և օգնականները.

7) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները.

8) Հայաստանի Հանրապետության նախարարները, նրանց տեղակալները.

9) Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները.

10) Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները.

11) Երևանի քաղաքապետը.

12) Հայաստանի Հանրապետության մարզպետները, նրանց տեղակալները.

13) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը.

14) Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետը և տեղակալները.

15) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը և տեղակալները.

16) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը.

17) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը.

18) Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահը.

19) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալները և անդամները.

20) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալները.

21) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալները.

22) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը.

23) Հայաստանի Հանրապետության արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը,

24) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սուրհանդակային կապի վարչության ծառայողները՝ պահպանության ծառայությանը նախապես ներկայացված ցուցակների առկայության դեպքում:

34. Ծառայողական վկայականները և ժամանակավոր անցագրերը պահպանվող օբյեկտ մտնելիս ու դուրս գալիս բաց վիճակում ներկայացվում են (պահանջի դեպքում՝ առձեռն) պահակետի պահպանության ծառայության ծառայողին, իսկ միանգամյա անցագրերը՝ անձը հաստատող փաստաթղթի հետ միասին։

35. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների պաշտոնատար անձանց ծառայողական վկայականները և ժամանակավոր անցագրերը տրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության կողմից՝ պաշտոնի նշանակելու մասին որոշումների ու հրամանների հիման վրա։

36. Պահպանվող օբյեկտի ներքին բակ մուտքն ազատ է միայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի աշխատողների (ծառայողների) համար:

37. Նորոգման աշխատանքներում ներգրավված տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցները բակ և պահպանվող օբյեկտ մուտք են գործում տնտեսական մուտքով կամ դարպասով՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալների կողմից հաստատված՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի կողմից ներկայացված ցուցակներով՝ նրանց ազգանունների, անունների, հայրանունների, աշխատանքի կոնկրետ տեղի, ժամանակի ու ժամկետի նշումով՝ ներկայացնելով անձնագիրը։

38. Ապրանքանյութական արժեքների ստացման կամ դրանց առաքման դեպքում ավտոմեքենաների մուտքը ներքին բակ թույլատրվում է ապրանքատրանսպորտային փաստաթղթերը, ապրանքագրերը ստուգելուց հետո՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի կողմից ներկայացված՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալների կողմից հաստատված ցուցակների և անցագրերի առկայության դեպքում։

Տրանսպորտային միջոցները, ինչպես նաև նրանց մեջ գտնվող անձինք ներքին բակ մուտք գործելիս և դուրս գալիս ենթակա են զննման։

39. Պահպանվող օբյեկտի ներքին բակ, բացի անվտանգության խորհրդի անդամների ծառայողական մեքենաներից, մուտք են գործում այն տրանսպորտային միջոցները, որոնց տվյալները (մակնիշ, պետհամարանիշ) վարչապետի համաձայնությամբ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրված ցուցակով տրվում են պահպանության ծառայության պետին:

40. Լրագրողները պահպանվող օբյեկտ մուտքի իրավունք ունեն վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից տրված հատուկ ժամանակավոր հավատարմագրերով, եթե նրանք նախապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրվել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում։

Հավատարմագրված լրագրողների մուտքը պահպանվող օբյեկտ և մամուլի կենտրոն իրականացվում է վարչապետի մամուլի քարտուղարի կամ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի կողմից ներկայացված՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալների կողմից հաստատված ցուցակների առկայության դեպքում:

41. Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի օրերին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի կողմից սահմանված ժամանակահատվածում մասնագիտական գործունեությամբ զբաղվելու նպատակով նիստերի դահլիճի նախասրահում գտնվելու և նիստերի դահլիճ մտնելու իրավունք ունեն միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունում հավատարմագրված օպերատորներն ու լուսանկարիչները:

42. Պահպանվող օբյեկտի հատուկ վերահսկելի գոտիներում արգելվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունում հավատարմագրված լրատվական միջոցների մասնագիտական գործունեությամբ զբաղվելը:

43. Պահպանվող օբյեկտ ապրանքանյութական արժեքներ ներս են բերվում և դուրս են տարվում «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից ներկայացված, վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի կամ նրա տեղակալների կողմից հաստատված՝ սահմանված նմուշի հայտերի և ցուցակների առկայության դեպքում։

Պահպանության ծառայության աշխատակիցը հատուկ մատյանում կատարում է նշում աշխատողի՝ իր հետ ապրանքանյութական արժեքներ ներս բերելու կամ դուրս տանելու և բեռնատար ավտոմեքենաների՝ ներքին բակ մուտքի և ելքի ժամանակի մասին։

44. Պահպանվող օբյեկտի տարածքում առանձնահատուկ դեպքերում պահպանության ծառայության պետի հրամանով իրականացվում է ուժեղացված ծառայություն, որն իրականացնում է պահպանության ծառայությունը` տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին:

Ուժեղացված ծառայության ժամանակ պահպանության ծառայության պետի կարգադրությամբ կարող է գործել խստացված անցագրային ռեժիմ, որի պայմաններում միանգամյա անցագրերի տրամադրումն իրականացվում է միայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալների մակագրությամբ հայտերի հիման վրա։

Պահպանվող օբյեկտի պահպանության և դրա տարածքում հասարակական կարգի պահպանման ուղղությամբ միջոցառումների կազմակերպման և անցկացման գործում ներգրավվում են համապատասխան ուժեր և միջոցներ։ Հասարակական կարգի և անվտանգության ապահովման միջոցառումներն իրականացվում են տեղակայված պահակետերում և օբյեկտի տարածքում։

45. Պահպանվող օբյեկտի տարածք մուտք գործող անձանց արգելվում է`

1) քիմիական, պայթուցիկ, հրավառ և դյուրավառ նյութեր, ինչպես նաև այնպիսի իրեր և միջոցներ ներս բերելը, որոնց առկայությունը կամ կիրառումը կարող է վտանգ ներկայացնել շրջապատում գտնվող անձանց համար.

2) ռազմամթերքի, զենքի ցանկացած տեսակի և դրանց փամփուշտների ներս բերումը, բացառությամբ պահպանության ծառայության պետի թույլտվությամբ այն անձանց, ովքեր, ելնելով ծառայողական պարտականությունների կատարումից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն պահելու, կրելու և օգտագործելու հաշվեցուցակային հրազեն.

3) պահպանվող օբյեկտի տարածք մուտք գործող անձանց, բացառությամբ վարչապետի աշխատակազմի ծառայողների (աշխատողների), ինչպես նաև կառավարությունում հավատարմագրված լրագրողների, արգելվում է ներս բերել ֆոտոապարատներ, տեսախցիկներ, ձայնագրող սարքեր, բջջային հեռախոսներ, կապի և տեղեկատվության այլ միջոցներ: Բացառիկ դեպքերում, աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով, կարող է թույլատրվել մուտքը բջջային հեռախոսով, որի համար պատասխանատվություն է կրելու հայտը պատվիրողը.

4) առանց ապրանքանյութական հայտերի և ստուգիչ սարքերով համապատասխան զննում անցկացնելու արգելվում է ներս բերել մեծածավալ առարկաներ, այդ թվում՝ տնտեսական պայուսակներ, պարկեր, ճամպրուկներ, ուսապարկեր և այլն, բացառությամբ նոթբուքի ու փաստաթղթերի համար նախատեսված պայուսակների և թղթապանակների, որոնք համապատասխան սարքերի միջոցով ենթակա են զննման պահպանության ծառայության ծառայողի կողմից.

5) արգելվում է պահպանվող օբյեկտ ներս բերել ոգելից խմիչք, բացառությամբ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալների կողմից պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարի հետ համաձայնեցնելու դեպքերի:

46. Արգելվում է ոգելից խմիչքների, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ազդեցության կամ ագրեսիվ վիճակում գտնվող, համընդհանուր նորմերին և սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող հագուստով անձանց մուտքը պահպանվող օբյեկտի տարածք:

47. Արգելվում է պահպանվող օբյեկտի պատուհաններից ստանալ կամ փոխանցել որևէ իր։

48. Պահպանվող օբյեկտի տարածք մուտք գործող (դուրս եկող) անձանց իրերը (ծանրոցները, պայուսակները, ձեռնածանրոցները, փաթեթները և այլ առարկաներ) պահպանության ծառայության ծառայողների պահանջով ենթակա են զննման՝ համապատասխան սարքերի միջոցով:

49. Պահպանվող օբյեկտում թողնված յուրաքանչյուր ապրանքանյութական միավոր ընդունվում է պահպանության, եթե դա տեղավորված է փակ շինությունում և օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնված է պահպանության։

50. Անցագրային հենակետը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին անհրաժեշտության դեպքում ներկայացնում է այցելուների թվի մասին տվյալներ՝ նշելով այցելության օրը, այցելուների և անցաթուղթ պատվիրած պաշտոնատար անձանց ազգանունը, անունը և հայրանունը։

51. Օգտագործված միանգամյա մուտքի անցագրերը պահվում են անցագրային հենակետում, որոնք օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ոչնչացվում են համապատասխան ակտով՝ պահպանության ծառայության աշխատակիցների և վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի աշխատողների կողմից։

52. Աշխատանքից ազատված և ծառայողական վկայականները չհանձնած աշխատակիցների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության կողմից գրավոր տեղեկացվում է պահպանվող օբյեկտի պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարին, շենք տվյալ անձի մուտքը բացառելու, չհանձնած վկայականը սահմանված կարգով վերցնելու, վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն հանձնելու և այդ աշխատակցի մուտքը հետագայում ընդհանուր հիմունքներով իրականացնելու համար։

Պահպանվող օբյեկտ ժամկետանց փաստաթղթերով մուտքն արգելվում է։

    

III. ՆԵՐՔԻՆ ՌԵԺԻՄԸ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՈՒՄ

     

53. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի բոլոր աշխատողներն աշխատանքային օրվա ավարտից հետո և աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավոր բացակայության դեպքում պարտավոր են զննել իրենց աշխատասենյակները, անջատել էլեկտրաջահերը և մյուս էլեկտրասարքերը, փակել պատուհանները և բանալիով կողպել աշխատասենյակների դռները։

Աշխատանքային օրվա վերջում ազդանշանային համակարգերով սարքավորված աշխատասենյակների ազդանշանային համակարգերը միացվում են՝ պահպանության ծառայության հենակետում գտնվող հատուկ մատյանում կատարելով համապատասխան գրառում:

54. Ծառայողական աշխատասենյակների բանալիները մինչև աշխատանքային օրվա սկիզբը պարետը հանձնում է «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողներին և մաքրման աշխատանքների ավարտից հետո ընդունում դրանք՝ գրանցում կատարելով մատյանում։

55. Արտակարգ իրավիճակների ժամանակ (հրդեհ, երկրաշարժ, էլեկտրացանցի, ջրատարի, կոյուղու վթար և այլն) ծառայողական աշխատասենյակները բացում են շենքի պահպանության ծառայության ծառայողները և «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողները՝ դրա մասին անհապաղ հայտնելով ըստ համապատասխան վերադասության, ինչպես նաև տեղեկացնելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին։

Միևնույն ժամանակ, պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարն անհապաղ տեղեկացնում է վթարային ծառայություններին, նրանց ուղեկցում պահպանվող օբյեկտում:

56. Պահպանվող օբյեկտի տարածքում գործող և չգործող դռների, դարպասների բանալիների մեկական կրկնօրինակները պահվում են պահպանվող օբյեկտի պարետային ծառայությունում և պահպանության ծառայություն իրականացնող ստորաբաժանման զորանոցում՝ կնքված ծրարների մեջ:

Ոչ աշխատանքային ժամերին, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում պահպանության ծառայության զորանոցում պահվող բանալիների կրկնօրինակները հատուկ մատյանում գրանցում կատարելուց հետո տրվում և ընդունվում են միայն վարչապետի աշխատակազմի ղեկավարի (տեղակալների) կամ գործերի կառավարչի պահանջի դեպքում:

Բանալիների կրկնօրինակների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը։

     

IV. ՊԱՀՊԱՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

      

57. Պահպանվող օբյեկտում գտնվող Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքները (այսուհետ` մշակութային արժեքներ) հանրությանը հասանելի դարձնելու նպատակով վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգադրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքում կազմակերպվում է շրջայց, բացառությամբ պահպանվող օբյեկտում գտնվող հատուկ վերահսկելի գոտիների:

58. Շրջայցը կազմակերպվում է մինչև 10 այցելուներից կազմված խմբերի համար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից նախօրոք հայտարարված օրերին և ժամերին:

59. Այցելուների մուտքը պահպանվող օբյեկտ պարտադիր զննում անցնելուց հետո թույլատրվում է գլխավոր մուտքով (Հանրապետության հրապարակ)՝ սույն կարգի իմաստով անձը հաստատող փաստաթղթերով: Անչափահաս այցելուների անձը ներկայացված ծննդյան վկայականների հետ նույնականացման հարցում պատասխանատվություն է կրում անձամբ այցելուների խմբի ղեկավարը:

60. Այցելուներն անձը հաստատող փաստաթղթերը հանձնում են գլխավոր մուտքի պահակետում:

61. Պահակետի պահպանության ծառայողը`

1) թույլատրում է այցելուի (այցելուների) մուտքը պահպանվող օբյեկտ.

2) գրանցում է այցելուի (այցելուների) անձը հաստատող փաստաթղթերի տվյալները (սերիան, համարը, ում կողմից և երբ է տրված) ձևաթղթում (N 1 ձևը կցվում է):

62. Արգելվում է այցելուին (այցելուներին) պահպանվող օբյեկտ ներս բերել բջջային հեռախոսներ, լուսանկարչական սարքեր, տեսախցիկներ և այլ տեխնիկական միջոցներ:

63. Մշակութային արժեքներին ծանոթանալ ցանկացող այցելուին (այցելուներին) պահպանվող օբյեկտում կազմակերպված շրջայցի ժամանակ ուղեկցում են վարչապետի աշխատակազմի կողմից առաջարկված համապատասխան աշխատողը և պահպանության ծառայության ծառայողը:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

Ձև N 1

    

Ց ՈՒ Ց Ա Կ N __________

Հայաստանի Հանրապետության կառավարության շենքում Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքները դիտելու նպատակով շենք մուտք գործող անձանց

         

NN

Ա. Հ. Ա.

ԱՆՁՆԱԳԻՐ

ՆԵՐՍ
ՄՏՆՈՂԻ
ՍՏՈՐԱԳ.

սերիա

համար

ում կողմից է
տրված

երբ է
տրված

1.

               

2.

               

3.

               

4.

               

5.

                

6.

               

7.

               

 8.

               

9.

               

10.

               

   

Ներս թողնող ծառայող՝

            

(օր)

(ամիս)

(տարի)

       
(մուտքի ժամը)

_________________

(ստորագրություն)

______________________

(պաշտոն, կոչում, Ա.Ա.)

         

Դուրս թողնող ծառայող՝

     

(օր)

(ամիս)

(տարի)

      
(մուտքի ժամը)
 

_________________

(ստորագրություն)

 

______________________

(պաշտոն, կոչում, Ա.Ա.)

               
 

Վաշտի հրամանատար՝

 

_________________

(ստորագրություն)

______________________

(կոչում, Ա.Ա.)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան