Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
06.05.2015
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

               

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/0015/04/14

2015թ.      

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/0015/04/14

Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան

Դատավորներ՝

Ն. Բարսեղյան

Ս. Միքայելյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

  

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի մայիսի 06-ին,

քննարկելով ըստ դիմումի «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Արտակ Բարսեղյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.11.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Արտակ Բարսեղյանի ներկայացուցիչ Հովհաննես Մաթևոսյանի բերած վճռաբեկ բողոքը,

            

ՊԱՐԶԵՑ

   

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Արտակ Բարսեղյանին սնանկ ճանաչել:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Թամրազյան) (այսուհետ` Դատարան) 25.08.2014 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.11.2014 թվականի որոշմամբ Արտակ Բարսեղյանի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու և այն վերականգնելու մասին, մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտակ Բարսեղյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը:

      

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 78-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Թե´ Դատարանը, և թե´ Վերաքննիչ դատարանը խախտել են Արտակ Բարսեղյանի արդար դատաքննության իրավունքը:

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ պատճառաբանել է, որ Արտակ Բարսեղյանը Դատարանի 25.08.2014 թվականի վճիռը ստացել է 29.09.2014 թվականին, իսկ ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ այլ հիմնավորում վերջինիս կողմից չի ներկայացվել: Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել սույն քաղաքացիական գործի թիվ 43 էջում առկա ստացման-հանձնման ծանուցագիրը, որում նշված է «Արտակ Բարսեղյանին, ք. Վարդենիս», առկա է նաև «29.09» նշում և ստորագրություն, մինչդեռ այդ ծանուցագրի վրա դրված ստորագրությունը, որի հիման վրա Վերաքննիչ դատարանն ապացուցված է համարել այն հանգամանքը, որ Արտակ Բարսեղյանը 29.09.2014 թվականին ստացել է Դատարանի 25.08.2014 թվականի վճիռը, իրականում Արտակ Բարսեղյանինը չէ, այլ բոլորովին անծանոթ ստորագրություն է: Ավելին, Արտակ Բարսեղյանը չի բնակվել և չի բնակվում Վարդենիս քաղաքում, այլ «Ավան 4» համատիրության կողմից 05.12.2014 թվականին տրված տեղեկանքի համաձայն` 2006 թվականից բնակվում է Երևանի Ավան վարչական շրջանի Քուչակի 22-րդ շենքի թիվ 22 բնակարանում: Հետևաբար Արտակ Բարսեղյանը պատշաճ ձևով չի տեղեկացվել դատական նիստերի ժամանակի և վայրի, ինչպես նաև սույն գործով կայացված վերջնական դատական ակտի մասին: Այսինքն` Դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել պարտապանի բացակայությամբ, իսկ վերջինս զրկվել է դատարանում իր դատավարական իրավունքներից օգտվելու և դատական պաշտպանության հնարավորությունից, որի արդյունքում խախտվել է Արտակ Բարսեղյանի արդար դատաքննության իրավունքը, որպիսի հանգամանքը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից Արտակ Բարսեղյանի` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելիս:

     

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 14.11.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

      

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոք բերած անձի այն պնդումը, թե պատշաճ չի ծանուցվել, քանի որ փաստացի բնակվում է այլ հասցեում, չի կարող վկայել, որ վերջինս զրկված է եղել իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, քանի որ բողոքաբերը պատշաճ ծանուցվել է սույն գործով նշանակված դատական նիստերի մասին վերջինիս հաշվառման վայրի հասցեով: Բողոքը բերած անձը չի ներկայացրել որևէ միջնորդություն կամ չի փորձել բանակցել Բանկի հետ սույն գործի ընդդատությունը փոխելու վերաբերյալ:

Սույն գործով Բանկը Դատարան հայցադիմում է ներկայացրել բարեխղճորեն` որպես պատասխանողի հասցե նշելով վերջինիս հաշվառման վայրի հասցեն, այսինքն` այն հասցեն, որը Բանկին տրամադրել է պատասխանողը: Վարկային պայմանագրի համաձայն` պատասխանողը պարտավոր էր Բանկին հայտնել իր հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության պարագայում Բանկը դիմումը ներկայացրել է պատասխանողի վերջին հայտնի հասցեով և, հետևաբար, տվյալ դեպքում պատասխանողն է կրում իր գործողությունների կամ անգործության պատճառով առաջացած հետևանքների ռիսկը:

Միաժամանակ բողոքարկվող որոշումն օրինական ուժի մեջ է մտել դեռևս 25.08.2014 թվականին, մինչդեռ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համաձայն` նշված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի: Տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու մասին Արտակ Բարսեղյանի միջնորդությունը մերժվել է:

      

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` դատական ակտը կողմին չուղարկելու պատճառաբանությամբ օրենքով սահմանված ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը Վերաքննիչ դատարանի կողմից անհիմն մերժելու հետևանքով խախտվել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որի արդյունքում առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ 28.05.1985 թվականի վճիռը, պարբ. 57):

Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե′ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 22083/93 22095/93 գանգատով ՄԻԵԴ 22.10.1996 թվականի վճիռը, պարբ. 51, 55):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ և 213-րդ հոդվածները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` այլ օրենքներում (բացառությամբ սնանկության վարույթը կարգավորող օրենքների) պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` վերը նշված դրույթների համադրված վերլուծությունից հետևում է, որ սնանկության գործի քննության ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը կիրառվում են միայն այն մասով, որով տվյալ դատավարական հարաբերությունը կարգավորված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով: Վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17.1-րդ հոդվածի համաձայն` դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը (որոշումները, վճիռները) օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճիռը հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե՛ս, օրինակ, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը վճիռը գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ որևէ կարգավորում չի նախատեսել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ մասով ենթակա է կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան իրավանորմը, ինչպես նաև այդ իրավանորմի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` հիշատակված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ըստ այդմ, վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի կողմից վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով գործին մասնակցող անձին ուղարկելը վերջինիս բողոքարկման իրավունքի իրացման ապահովմանն ուղղված երաշխիք է: Ընդ որում, նշված երաշխիքը ենթադրում է վճռի օրինակը գործին մասնակցող անձին նրա իսկ հասցեով ուղարկելու դատարանի պարտականությունը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, մերժելով 25.08.2014 թվականի թիվ ԳԴ/0015/04/14 վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին Արտակ Բարսեղյանի միջնորդությունը և վերադարձնելով վերջինիս վերաքննիչ բողոքը, նշել է, որ բողոքաբերը Դատարանի 25.08.2014 թվականի վճիռը ստացել է 29.09.2014 թվականին, իսկ ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ այլ հիմնավորում բողոքաբերի կողմից չի ներկայացվել: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ առկա չէ վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելու համարելու և այն վերականգնելու որևէ հիմք:

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը, վերլուծելով վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները, արձանագրում է, որ, ըստ էության, միջնորդության մերժման հիմքը հանդիսացել է այն, որ Արտակ Բարսեղյանը բաց է թողել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը և չի ներկայացրել ժամկետի բացթողման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ հիմնավորումներ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական են սույն քաղաքացիական գործով կայացված վճիռն Արտակ Բարսեղյանին հանձնված կամ ուղարկված լինելու և այն նրա կողմից ստացված լինելու փաստերը, քանի որ ինչպես վճռի ուղարկումը, այնպես էլ` անձի կողմից դրա ստացումը նպատակ են հետապնդում վերջինիս տեղեկացնելու կայացված դատական ակտի մասին: Միայն նշված փաստերը պարզելուց հետո է վերադաս դատարանը որոշում` հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը, թե` ոչ:

Սույն գործի փաստերի համաձայն` Արտակ Բարսեղյանը Դատարանի 25.08.2014 թվականի թիվ ԳԴ/0015/04/14 վճռով ճանաչվել է սնանկ (գ.թ. 39-40): Արտակ Բարսեղյանը Դատարանի 25.08.2014 թվականի վճռի դեմ 29.10.2014 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք` միջնորդելով հարգելի համարել բողոք բերելու ժամկետի բացթողումը` պատճառաբանելով, որ նշված վճռի և իրեն սնանկ ճանաչելու պահանջի մասին Բանկի դիմումի վերաբերյալ տեղյակ չի եղել, քանի որ Դատարանի կողմից կայացված դատական բոլոր ակտերը և դատական ծանուցումներն ուղարկվել են Վարդենիս քաղաքի Զորավար Անդրանիկի թիվ 38 հասցեով (գ.թ. 21, 31, 32, 41-43), մինչդեռ ինքը հաշվառված է և փաստացի բնակվել ու շարունակում է բնակվել Երևանի Ավան թաղամասի Քուչակի 22-րդ շենքի թիվ 22 բնակարանում (գ.թ. 52-53):

Միաժամանակ գործում առկա՝ 04.04.2013 թվականին Բանկի և «Շինարար համակարգիչ» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ VGU-1895/Ե2 «Երաշխավորության պայմանագրի» (այսուհետ` Պայմանագիր) համաձայն` ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Զորավար Անդրանիկի թիվ 38 հասցեն հանդիսանում է այդ պայմանագրով որպես երաշխավոր նշված «Շինարար համակարգիչ» ՍՊԸ-ի գտնվելու վայրի և փոստային հասցեն: Պայմանագրով որպես «Շինարար համակարգիչ» ՍՊԸ-ի տնօրեն Արտակ Բարսեղյանի բնակության (հաշվառման) և փոստային հասցե նշված է` «Հայաստանի Հանրապետություն, Երևան, Ավան, Քուչակ 22 շ., 22 բն.» (գ.թ. 11-13): Վերաքննիչ բողոքին կից ներկայացված Արտակ Բարսեղյանի անձնագրի պատճենի համաձայն՝ վերջինս 20.01.2011 թվականից հաշվառված է Երևանի Ավան թաղամասի Քուչակի 22-րդ շենքի թիվ 22 հասցեում (գ.թ. 52-53), իսկ վճռաբեկ բողոքին կից ներկայացված` «Ավան 4» համատիրության կողմից 05.12.2014 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Արտակ Բարսեղյանն այդ հասցեում բնակվում է 2006 թվականից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու վերաբերյալ Արտակ Բարսեղյանի միջնորդությունը և վերադարձնելով վերջինիս վերաքննիչ բողոքը, անտեսել է այն հանգամանքը, որ Արտակ Բարսեղյանին հասցեագրված դատական ծանուցումները և գործն ըստ էության լուծող դատական ակտն ուղարկվել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Զորավար Անդրանիկի թիվ 38 հասցեով (որն իրականում «Շինարար Համակարգիչ» ՍՊԸ-ի հասցեն է), մինչդեռ վերը նշված փաստերից հետևում է, որ Դատարանի կողմից հիշյալ ծանուցումներն ու դատական ակտը պետք է ուղարկվեին Արտակ Բարսեղյանի բնակության (հաշվառման) և փոստային հասցեով, այն է` Երևանի Ավան թաղամասի Քուչակի 22-րդ շենքի թիվ 22 բնակարան:

 Այսպիսով, վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արտակ Բարսեղյանը, պատշաճ կերպով ծանուցված չլինելով դատաքննության և Դատարանի 25.08.2014 թվականի թիվ ԳԴ/0015/04/14 վճռի մասին, օբյեկտիվորեն անհրաժեշտ և բավարար հնարավորություն չի ունեցել օրենքով սահմանված ժամկետում իրացնելու դատական ակտի բողոքարկման` իր սահմանադրական իրավունքը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետը և 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը, քանի որ առանց հիմնավոր պատճառաբանության` անտեսելով սույն գործի փաստերը, հաստատված է համարել բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետն առանց հարգելի պատճառների բաց թողնելու հանգամանքը, արդյունքում` սահմանափակելով բողոք բերած անձի` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով, 19-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը` վերջինիս զրկելով իր գործի վերաքննության հնարավորությունից:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

    

Ո Ր Ո Շ Ե Ց

        

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.11.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

           

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

 

Մ. Դրմեյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

 

Գ. Հակոբյան

 

Ռ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան

   

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան