ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/1178/05/13 |
Վարչական գործ թիվ ՎԴ/1178/05/13 |
Նախագահող դատավոր՝ Ա. Բաբայան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Ա. Բարսեղյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2013 թվականի օգոստոսի 07-ին,
քննարկելով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 21.05.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Մագդա Եղիազարյանի վճռաբեկ բողոքը,
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մագդա Եղիազարյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 1997 թվականի օգոստոսի 08-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 327 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգ»-ի (այսուհետ` Կանոնակարգ) 31-րդ կետի դրույթները:ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան, դատավորներ` Ա. Դարբինյան, Կ. Բաղդասարյան, Ռ. Խանդանյան, Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 28.02.2013 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.05.2013 թվականի որոշմամբ Մագդա Եղիազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.02.2013 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մագդա Եղիազարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 5-րդ, 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասը, 72-րդ հոդվածի 3-րդ մասը, 78-րդ հոդվածի 1-ին մասը, 136-րդ հոդվածի 4-րդ մասը, 24-րդ գլուխը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը վկայակոչել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 4-րդ մասը, ըստ որի` նորմատիվ իրավական ակտերը դատական կարգով վիճարկելու համար սահմանված է եռամսյա ժամկետ, ինչպես նաև նույն հոդվածի 1-ին մասը, որը սահմանում է մեկնարկային այն կետը, որից սկսած եռամսյա ժամկետում բերված հայցը պետք է ընդունվի դատարանի վարույթ: Օրենսդիրն այդ մեկնարկի համար բավարար հիմք է համարել անձի կողմից «համարելը», որ այդ նորմատիվ իրավական ակտերով խախտվել են իր իրավունքները:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխում նորմատիվ իրավական ակտերը վիճարկելու հայցադիմումներին ներկայացվող հատուկ վավերապայմաններ առանձնացված չեն, այդ թվում` դիմողների (հայցվորների) վրա պարտականություն դրված չէ դատարանին ուղղված դիմումում (հայցում) հիմնավորում շարադրել, որ վերջինս «համարում» է, որ նորմատիվ իրավական ակտով խախտվել են իր իրավունքները: Օրենսդիրը, «համարում» եզրույթը գործածելով հայցի ընդունելության համար, բավարար հիմք է սահմանել անձի սուբյեկտիվ ընկալումն իր իրավունքները խախտված լինելու համար` դրանով դիմումի ընդունելության համար սահմանելով ցածր շեմ:
Դատարանը և Վերաքննիչ դատարանը խնդրո առարկա դրույթից դուրս են թողել անձի սուբյեկտիվ ընկալումն արտահայտող «համարում է» եզրույթը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նորմատիվ իրավական ակտի նորմատիվ դրույթներն անձանց իրավունքներին միջամտում են միջնորդավորված` վարչական ակտերի միջոցով, և քանի դեռ չկա վարչական ակտ կամ այդպիսի վարչական ակտ ընդունվելու (տեղի ունենալու) նախադրյալ, ապա նորմատիվ դրույթներն անձանց իրավունքներին չեն միջամտում: Ուստի, այդ դրույթների իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու գործերով անձը չունի իրավական շահագրգռվածություն: Միևնույն ժամանակ, քանի դեռ չի վերացվել անվավեր (առ ոչինչ) ճանաչված նորմի հիման վրա ընդունված անհատական իրավական ակտը, այն շարունակում է միջամտել անձի իրավունքներին: Այս սկզբունքն ամրագրված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 7-րդ մասի իրավակարգավորմամբ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 4-րդ մասով նորմատիվ իրավական ակտերի դատական կարգով վիճարկելու համար սահմանված եռամսյա ժամկետի սկզբի հաշվարկը պետք է կատարվի հետևյալ կերպ` այն դեպքերում, երբ անձը հիմքեր ունի սպասելու, որ ընդունվելու է վարչական ակտ, և համարում է, որ նորմերը, ի կատարումն որոնց պետք է ընդունվի սպասվող վարչական ակտը, հակասում են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի, ապա այդպիսի հիմքեր ծագելու պահից նա ձեռք է բերում գործի առնչությամբ իրավական շահագրգռվածություն ունեցող անձի կարգավիճակ: Իսկ այն դեպքերում, երբ վարչական ակտի (որոշում, գործողություն, անգործություն) իրավաչափությունը դատական ստուգման առարկա է դարձել, և դատարանը վարչական ակտը գնահատել է ենթաօրենսդրական և/կամ գերատեսչական նորմատիվ իրավական ակտերին համապատասխանող, ապա անձը վերջիններիս իրավաչափությունը վիճարկելու` գործի առնչությամբ իրավական շահագրգռվածություն ունեցող անձի կարգավիճակ ձեռք է բերում վարչական ակտն իրավաչափ ճանաչած դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/2450/05/11 վարչական գործով 20.12.2011 թվականին կայացրած վճռով մերժվել է դրա հիմքում ընկած Մագդա Եղիազարյանի հայցը և իրավաչափ է ճանաչվել ԲՈՀ-ի կողմից այդ գործով իրականացված ողջ վարչարարությունը, այդ թվում` ԲՈՀ-ի կողմից Մագդա Եղիազարյանի ատենախոսությունն իր ընտրությամբ փորձաքննության հանձնելը: Նշված վճիռը և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նույն գործով կայացված 20.09.2012 թվականի որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներն օրինական ուժի մեջ են մտել Վճռաբեկ դատարանի 21.11.2012 թվականի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից` 11.12.2012 թվականից, և հայցը Դատարան է ներկայացվել նշված որոշումը փոստով` 11.12.2012 թվականին ստանալուց հետո եռամսյա ժամկետի պահպանմամբ` 20.02.2013 թվականին:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի` դատավարական նորմերին տված մեկնաբանությունից բխում է, որ Մագդա Եղիազարյանը 2010 թվականի հոկտեմբեր ամսից եռամսյա ժամկետում կարող էր հայց ներկայացնել ՀՀ վարչական դատարան` ԲՈՀ-ի լիազորություններն ամրագրող հնարավոր բոլոր նորմատիվ իրավական ակտերն անվավեր ճանաչելու պահանջով, և դրանցից մեկի անվավեր ճանաչվելու դեպքում հայց ներկայացնել Դատարան` այն վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջով, որն ընդունվել էր անվավեր ճանաչված նորմի կիրառմամբ` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջով հայցը վարույթ ընդունելու անհրաժեշտ վավերապայմանների հաղթահարմամբ: Նշվածը հակասում է արդար դատաքննության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքների էությանը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն փաստը, որ վարչական մարմին հանդիսացող ԲՈՀ-ը ոչ վարչական ակտում, ոչ էլ Մագդա Եղիազարյանի կամ մասնագիտական խորհրդի հետ վարած իր թղթակցության մեջ չի վկայակոչել որևէ նորմատիվ իրավական ակտ կամ հոդված:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 21.05.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» և Դատարանի 28.02.2013 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումները:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Սույն վճռաբեկ բողոքի քննությունը Վճռաբեկ դատարանը պայմանավորում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված նորմի միատեսակ կիրառությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես` այդ նպատակով Վճռաբեկ դատարանը կարևորում է դրանում նշված՝ վարչական դատարան դիմելու եռամսյա ժամկետը հաշվարկելու համար ելակետային պահը որոշելու խնդրի լուծումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ օրենսգրքի 135-րդ հոդվածում նշված նորմատիվ ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ հայցադիմում կարող է ներկայացվել ՀՀ վարչական դատարան այդ ակտերով դիմողի իրավունքի խախտումից հետո եռամսյա ժամկետում: Այսինքն՝ օրենսդիրը եռամսյա ժամկետի հոսքի համար ելակետային պահ է դիտում վիճարկվող նորմատիվ ակտով շահագրգիռ անձի իրավունքի խախտման պահը: Հետևաբար, վերոհիշյալ իրավական խնդրի լուծման նպատակով կարևորվում է վիճարկվող նորմատիվ ակտով իրավունքի խախտման պահի որոշումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարան դիմելու իրավունք ունի յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի համաձայն` նորմատիվ ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, եթե համարում է, որ այդ նորմատիվ իրավական ակտերով խախտվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ գլխում, մարդու և քաղաքացու իրավունքներին և ազատություններին վերաբերող միջազգային իրավունքի նորմերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներում ամրագրված իր իրավունքները:
Նշված նորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը չի նախատեսում նորմատիվ ակտի իրավաչափությունը «in abstracto» վիճարկելու հնարավորություն: Այսինքն` իրավունքը խախտող նորմատիվ ակտի գործողության փաստն ինքնին դեռևս բավարար չէ նորմատիվ ակտի իրավաչափությունը վիճարկելու համար: Անհրաժեշտ է, որ այդ նորմատիվ ակտը կիրառված լինի տվյալ անձի նկատմամբ` ի վնաս իրեն: Սրանից բխում է, որ անձի իրավական շահը տվյալ նորմատիվ ակտի իրավաչափությունը վիճարկելու հարցում ծագում է, տվյալ անձն օժտվում է նորմատիվ ակտի իրավաչափությունը վիճարկելու իրավասությամբ այդ ակտի` իր նկատմամբ կիրառվելու ուժով: Այլ կերպ`անձն իրավասու է վիճարկելու իր իրավունքը ենթադրաբար խախտող նորմատիվ ակտի իրավաչափությունն այն դեպքում, երբ այդ նորմատիվ ակտի հիման վրա վարչական մարմինն իր վերաբերյալ ընդունել է վարչական ակտ, իր նկատմամբ կատարել է գործողություն, դրսևորել անգործություն, և ինքը համարում է, որ իր իրավունքի խախտման փաստը պայմանավորված է դրա հիմքում ընկած նորմատիվ ակտի ոչ իրավաչափությամբ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածում նշված` իրավունքի խախտման պահը որոշվում է ըստ այդ նորմատիվ ակտի` անձի նկատմամբ կիրառման պահի, այն է` այդ նորմատիվ ակտի հիման վրա վարչական ակտի ընդունման, գործողության (անգործության) կատարման պահի:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե անձը որ պահից սկսած կարող է իրացնել իր նկատմամբ կիրառված նորմատիվ ակտի իրավաչափությունը վիճարկելու իր իրավունքը, ապա այս առնչությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել օրենսդրի այն տրամաբանությունը, որն ընկած է վարչական ակտի դատական կարգով բողոքարկման կարգի հիմքում:
Այսպես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Չնայած նրան, որ օրենսդիրը վարչական մարմնին պարտավորեցնում է նշված ժամկետում վարչական ակտը հանձնել վարույթի մասնակիցներին, այնուամենայնիվ, նկատի ունենալով գործնականում նշված պահանջը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հնարավորությունը` օրենսդիրը վարչական ակտը վիճարկելու օրենքով սահմանված ժամկետի հոսքը պայմանավորել է ոչ թե վարչական ակտի ընդունման, այլ այդ ակտը վարույթի մասնակիցներին հանձնելու, իրազեկելու հանգամանքով: Մասնավորապես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հայցը դատարան կարող է ներկայացվել՝ վիճարկման հայցի դեպքում երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից, իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:
Օրենսդրի նշված տրամաբանությունը բխում է անձի իրավունքների իրավական պաշտպանության (դատական և վարչական կարգով) արդյունավետությունը երաշխավորելու անհրաժեշտությունից: Մասնավորապես` անձի իրավունքների արդյունավետ իրավական պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է նրա համար փաստացիորեն երաշխավորել իրավական պաշտպանության դիմելու համար օրենքով սահմանված ողջ ժամկետից օգտվելու իրական հնարավորություն: Նշված իրավակարգավորումը լուծում է այդ խնդիրը:
Վճռաբեկ դատարանը, առաջնորդվելով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը երաշխավորելու անհրաժեշտությամբ և օրենսդրի վերոհիշյալ տրամաբանությամբ, գտնում է, որ նորմատիվ ակտերի վիճարկման պարագայում ևս անձի` դատարան դիմելու համար սահմանված ժամկետի հոսքը պետք է սկսվի այն պահից, երբ ինքը տեղեկացել է իր նկատմամբ տվյալ նորմատիվ ակտի կիրառման մասին:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եռամսյա ժամկետի հաշվարկման համար որպես ելակետ պետք է հիմք ընդունվի այն պահը, երբ շահագրգիռ անձը տեղեկացել է վիճարկվող նորմատիվ ակտի՝ իր նկատմամբ կիրառվելու մասին:
Դատարանն իր` հայցադիմումը վերադարձնելու մասին 28.02.2013 թվականի որոշմամբ եռամսյա ժամկետի հոսքն սկսված է համարել 2010 թվականի հոկտեմբեր ամսից: Այս առնչությամբ որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «Սույն հայցադիմումում վկայակոչված փաստարկների հիման վրա պետք է եզրահանգել, որ Մագդա Եղիազարյանը ողջամտորեն իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին տեղյակ է եղել առնվազն 2010 թվականի հոկտեմբեր ամսից, քանի որ «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 1997 թվականի օգոստոսի 08-ի թիվ 327 որոշմամբ հաստատված Կանոնակարգի 31-րդ կետով սահմանված հայեցակարգերի հաշվառմամբ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) մասնագիտական խորհրդին հասցեագրված 2010 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 413-02 գրությամբ հայտնել է, որ չի կարող հաստատել մասնագիտական խորհրդի որոշումը …»:
Վերաքննիչ դատարանը, իրավաչափ համարելով Դատարանի մոտեցումը, խնդրի առնչությամբ, մասնավորապես, իր 21.05.2013 թվականի որոշման մեջ նշել է հետևյալը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը դեռևս 14.10.2010թ. թիվ 413-02 գրությամբ՝ ուղղված թիվ 027 մասնագիտական խորհրդին, հայտնել է, որ ԲՈՀ-ը չի կարող հաստատել 027 մասնագիտական խորհրդի որոշումը …, այսինքն՝ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառման արդյունքում տվյալ դեպքում անձի իրավունքների համար հետևանքները վրա են հասել առնվազն 2010 թվականի հոկտեմբեր ամսին …»:
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները, գտնում է, որ և' Դատարանը, և' Վերաքննիչ դատարանը սխալ են գնահատել և որոշել այն ելակետային պահը, որից սկսվում է եռամսյա ժամկետի հոսքը: Վերջիններս գտել են, որ հայցվորն իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին տեղյակ է դարձել ԲՈՀ-ի 14.10.2010 թվականի թիվ 413-02 գրությունից` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դրանում մատնանշված չէ գրության համար հիմք հանդիսացած վիճարկվող որոշումը: Նշված գրությունից պարզ չէ, որ ԲՈՀ-ի կողմից խորհրդի որոշումը չհաստատելու համար հիմք հանդիսացած փորձագիտական եզրակացությունը տրվել է ի կատարումն ՀՀ Կառավարության վիճարկվող որոշման պահանջների: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ գրությամբ հայցվորը չէր կարող տեղեկացված լինել իր նկատմամբ ՀՀ Կառավարության 1997 թվականի օգոստոսի 08-ի թիվ 327 որոշման կիրառման մասին:
Այդուհանդերձ, գործի փաստական հանգամանքներից հետևում է, որ ՀՀ Կառավարության 1997 թվականի օգոստոսի 08-ի թիվ 327 որոշման` իր նկատմամբ կիրառման մասին հայցվորը տեղյակ է եղել դեռևս ՀՀ վարչական դատարանում թիվ ՎԴ/2450/05/11 վարչական գործի քննության ընթացքում: Այդ մասին են վկայում նշված գործով հայցադիմումի, ՀՀ վարչական դատարանի 20.12.2011 թվականի վճռի, հայցվորի վերաքննիչ բողոքի, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.09.2012 թվականի որոշման բովանդակությունը: ՀՀ վարչական դատարանն իր 20.12.2011 թվականի վճռով, ի թիվս այլնի, կիրառել է ՀՀ Կառավարության 1997 թվականի օգոստոսի 08-ի թիվ 327 որոշմամբ հաստատված կանոնակարգի 31-րդ կետը (գ. թ. 55): Ավելին, վերաքննիչ բողոքում հայցվորը փաստարկել է նաև, որ Դատարանը ՀՀ Կառավարության 1997 թվականի օգոստոսի 08-ի թիվ 327 որոշմամբ հաստատված կանոնակարգը կիրառելուց առաջ պարտավոր էր գնահատել դրա՝ օրենքին համապատասխանությունը: Նշված փաստարկումը ևս վկայում է, որ հայցվորը դեռևս վերաքննիչ բողոք ներկայացնելիս ոչ միայն իրազեկված է եղել իր նկատմամբ ՀՀ Կառավարության վիճարկվող որոշման, այդ թվում նաև՝ վիճարկվող 31-րդ կետի կիրառման մասին, այլ նաև նրա մոտ համոզմունք է ձևավորված եղել նշված ենթաօրենսդրական ակտի ենթադրյալ ոչ իրավաչափության վերաբերյալ:
Հիմք ընդունելով իր վերոհիշյալ իրավական դիրքորոշումները և հաշվի առնելով, որ դեռևս ՀՀ վարչական դատարանում թիվ ՎԴ/2450/05/11 վարչական գործի քննության ընթացքում հայցվորն իրազեկված էր իր նկատմամբ վիճարկվող որոշման կիրառման փաստի մասին, ՀՀ վարչական դատարանի 20.12.2011 թվականի վճռով իր նկատմամբ կիրառվել է այդ որոշման վիճարկվող դրույթը, ինչպես նաև նկատի ունենալով, որ նշված վճռի դեմ ուղղված իր վերաքննիչ բողոքում հայցվորը բարձրացրել է վիճարկվող որոշման իրավաչափության խնդիրը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որպես իր նկատմամբ այդ որոշման կիրառման մասին տեղեկացված լինելու և հետևաբար եռամսյա ժամկետի հաշվարկման համար ելակետային պահ պետք է դիտարկել ՀՀ վարչական դատարանի 20.12.2011 թվականի վճիռն հայցվորի կողմից ստանալու պահը: Այդ պահից սկսած հայցվորը կարող էր իրացնել իր իրավական պաշտպանության իրավունքն ընդդեմ վիճարկվող որոշման՝ դրա իրավաչափությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխի կանոններին համապատասխան վիճարկելու միջոցով: Մինչդեռ, հայցվորը, չօգտվելով իր իրավական պաշտպանության նշված միջոցից, բավարարվել է վերաքննիչ բողոքում փաստարկելով, որ Դատարանը պարտավոր էր վիճարկվող ենթաօրենսդրական ակտը կիրառելուց առաջ գնահատել դրա իրավաչափությունը: Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը պաշտպանության նման միջոցը պատշաճ պաշտպանության միջոց չի համարում, քանզի նախ՝ դատարանը կաշկանդված է հայցի հիմքով և առարկայով, երկրորդ՝ նորմատիվ ակտերի իրավաչափությունը կարող է վիճարկվել միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխի կանոններին համապատասխան ներկայացված հայցադիմումի հիման վրա և դրանց իրավաչափությունը կարող է գնահատվել միայն 5 դատավորի կազմով դատարանի կողմից: Այլապես, միանձնյա դատավորի կողմից ենթաօրենսդրական ակտի իրավաչափության վերաբերյալ գնահատականը կհամարվի «ոչ օրինական դատարանի» կողմից տրված գնահատական:
Փաստորեն, հայցվորը ՀՀ վարչական դատարանի վճիռն ստանալուց հետո արդեն իսկ փորձել է իրացնել իր իրավունքների պաշտպանությունն ընդդեմ ենթադրյալ ոչ իրավաչափ նորմատիվ ակտի` այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու շրջանակներում, ինչը նշանակում է, որ հայցվորն ինքն ի սկզբանե գտել է, որ իր իրավունքների` նորմատիվ ակտով ենթադրյալ խախտման, իր նկատմամբ այդ ակտի կիրառման մասին պատշաճ կերպով տեղեկացել է ՀՀ վարչական դատարանի վճիռն ստանալու պահից և այդ պահից էլ համարել է, որ ՀՀ Կառավարության որոշումը խախտում է իր իրավունքները:
Վճռաբեկ դատարանը, այսպիսով, արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի վճիռն ստանալուց հետո հայցվորն իր տրամադրության տակ ունեցել է երեք ամիս ժամանակ ՀՀ Կառավարության որոշման իրավաչափությունը վիճարկելու համար, սակայն չի իրացրել այդ պաշտպանության միջոցից օգտվելու իր հնարավորությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի 20.12.2011 թվականի վճիռն ստանալու պահը որպես եռամսյա ժամկետը հաշվարկելու հիմք դիտարկելու պարագայում էլ, այնուամենայնիվ, հայցվորը բաց է թողել նորմատիվ ակտի իրավաչափությունը վիճարկելու համար սահմանված եռամսյա ժամկետը, ինչը բաց թողնված ժամկետը վերականգնված համարելու վերաբերյալ միջնորդության բացակայության պարագայում հայցադիմումը վերադարձնելու հիմք է:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.9-րդ, 118.15-րդ և 118.17-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 21.05.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Ե. Սողոմոնյան Ա. Բարսեղյան Գ. Հակոբյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Տ. Պետրոսյան