«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2003 թվականի N 499-Ն
ՋՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 19-րդ հոդվածին և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 38-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. մայիսի 8 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2003 թվականիապրիլի 3-ի N 499-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՋՐԵՐԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ջրային ռեսուրսներից ջրառի ծավալների այլընտրանքային հաշվառումը (այսուհետ՝ հաշվառում) հաշվարկային եղանակով՝ ջրաչափերի և (կամ) ջրաչափական դիտակետերի բացակայության, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանք չեն համապատասխանում սահմանված տեխնիկական ու շահագործման պայմաններին կամ գտնվում են անսարք վիճակում:
2. Հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (այսուհետ` գործակալություն) և (կամ) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) ներկայացուցչի կողմից` ջրօգտագործողի անմիջական մասնակցությամբ, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:
(2-րդ կետը լրաց. 14.03.19 N 225-Ն)
3. Արձանագրության մեջ ներկայացված հաշվառման արդյունքները հանդիսանում են ջրօգտագործման փաստացի ծավալներ՝ ջրօգտագործման վճարի հաշվարկման համար:
(3-րդ կետը խմբ. 14.03.19 N 225-Ն)
4. Հաշվառման արդյունքներն ուժի մեջ են մինչև ջրօգտագործողի կողմից ջրաչափերի և (կամ) ջրաչափական դիտակետերի տեղադրումը, որի մասին կազմվում է երկկողմանի ակտ` գործակալության և (կամ) տեսչական մարմնի և ջրօգտագործողի միջև:
(4-րդ կետը լրաց. 14.03.19 N 225-Ն)
5. Սույն կարգի համաձայն՝ ջրային ռեսուրսից իրականացված ջրօգտագործման ծավալը հաշվարկվում է ստորև նշված ելակետային տվյալների արտադրյալի հիման վրա՝
ա) ջրահոսքի արագություն, որի մեծությունը հաշվարկների համար ընդունվում է`
ինքնահոս խողովակների համար՝ 1.5 մ/վրկ,
ճնշումային խողովակների համար՝ 2.0 մ/վրկ,
բաց հունով ջրանցքների համար՝ 1.2 մ/վրկ.
բ) ջրահոսքի գործող կտրվածք, որի մեծությունը հաշվարկների համար ընդունվում է՝ խողովակների համար՝ դրանց կտրվածքի մակերեսը, բաց հունով ջրանցքների համար՝ ջրահոսքի հունի միջինացված լայնակի կտրվածքի մակերեսը.
գ) ջրօգտագործման տևողություն (օր, ամիս, տարի):
(5-րդ կետը խմբ. 14.03.19 N 225-Ն)
5.1. Ջրառի կետում կամ ջրամատակարարման համակարգում պոմպի տեղադրված լինելու և այդ սարքավորումները շրջանցող ջրամատակարարման համակարգի բացակայության դեպքում` ստորև նշված ելակետային տվյալների արտադրյալով`
1) պոմպի հզորություն (մ3/վրկ, մ3/ժամ).
2) պոմպի շահագործման հաշվարկային ժամանակահատված (ժամ, օր, ամիս, տարի):
(5.1-ին կետը լրաց. 27.06.13 N 671-Ն, փոփ. 14.03.19 N 225-Ն)
5.2. Ջրամատակարարման համակարգում հիդրոտուրբինի առկայության դեպքում՝ հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի համար անհրաժեշտ ջրի հոսքի մեծությունը հաշվարկել հետևյալ բանաձևով՝
Q=E/9,81x∆Hxtxηտxηգ,
որտեղ Q-ն ջրի հոսքն է (խմ/վ), E-ն՝ փաստացի արտադրված էլեկտրաէներգիան (կՎտ/ժամ), ∆H-ը հաշվարկային ճնշումն է (մ), t-ն գեներատորի աշխատած ժամանակահատվածը (ժամ), ηտ՝ տուրբինի օգտակար գործողության գործակիցը, ηգ՝ գեներատորի օգտակար գործողության գործակիցը, իսկ 9.81-ը՝ ազատ անկման արագացումը (g=9,8մ/վրկ2):
(5.2-րդ կետը լրաց. 14.03.19 N 225-Ն)
6. Ջրօգտագործողի և գործակալության միջև ծագած տարաձայնությունները, կապված ջրերի այլընտրանքային հաշվառման կարգի կիրարկման հետ, քննարկվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(հավելվածը լրաց. 27.06.13 N 671-Ն, լրաց., խմբ., փոփ. 14.03.19 N 225-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.10.2019, N 1442-Ն | 31.10.2019, N 499-Ն | |
14.03.2019, N 225-Ն | 28.03.2019, N 499-Ն | |
27.06.2013, N 671-Ն | 20.07.2013, N 499-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|