Գլխավոր տեղեկություն
Համար
N 327
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.03.2019-04.11.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.09.06/20
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.08.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.08.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.1997

040.0327.08.08.97

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան 
8 օգոստոսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 1997 թվականի N 327
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
օգոստոսի 8-ի N 327 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կարգը:

2. Հայաստանի Հանրապետությունում շնորհվում են գիտության թեկնածուի և գիտության դոկտորի գիտական աստիճաններ` ըստ գիտության բնագավառների:

Գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում) և հանձնել են քննություն Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի համապատասխան մասնագիտությունից: Գիտությունների դոկտորի գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն գիտության որոշակի բնագավառում ներդրած գիտական ավանդ և թեկնածուի գիտական աստիճան:

(2-րդ կետը խմբ. 26.02.15 N 214-Ն) 

3. Գիտական աստիճան շնորհում է մասնագիտական խորհուրդը` հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը:

4. Գիտական աստիճանի վկայագիր հանձնում է ԲՈԿ-ը:

(4-րդ կետը փոփ. 21.02.19 N 119-Ն) 

5. Օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանի վկայագիրը Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցնում է ԲՈԿ-ը, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան չի սահմանված:

(5-րդ կետը փոփ. 21.02.19 N 119-Ն) 

 

II. ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

 

 6. Ատենախոսությունը հեղինակի գիտական հետազոտությունների հիման վրա կազմված աշխատություն է, որը ներկայացվում է գիտական աստիճանի հայցման համար:

7. Թեկնածուի գիտական աստիճանի (առաջին գիտական աստիճան) հայցման համար ներկայացված ատենախոսությունն աշխատություն է, որը կարող է գնահատվել իբրև գիտության տվյալ բնագավառում կարևոր նշանակություն ունեցող խնդրի լուծում կամ նոր խնդրի առաջադրում և կամ կիրառական կարևոր խնդրի լուծումն ապահովող գիտականորեն հիմնավորված տեխնիկական, տնտեսական կամ տեխնոլոգիական մշակում:

8. Դոկտորի գիտական աստիճանի (երկրորդ` բարձրագույն գիտական աստիճան) հայցման համար ներկայացված ատենախոսությունն աշխատություն է, որը կարող է գնահատվել իբրև էական նվաճում գիտության տվյալ բնագավառում կամ գիտականորեն հիմնավորված տեխնիկական, տնտեսական, տեխնոլոգիական այնպիսի լուծում, որը հիմնավորապես կնպաստի գիտատեխնիկական առաջընթացին:

9. Ատենախոսության թեման հաստատելու իրավունք ունեն այն բարձրագույն ուսումնական հաստատությունները կամ գիտական կազմակերպությունները, որոնք ունեն ԲՈԿ-ի թույլտվությունը: Թույլտվություն ստանալու համար բարձրագույն ուսումնական հաստատությունը կամ գիտական կազմակերպությունը պետք է դիմի ԲՈԿ` տվյալ մասնագիտությամբ գիտական աստիճան ունեցող առնվազն 3 (առնվազն մեկ գիտությունների դոկտոր) աշխատողի առկայության դեպքում, որոնց համար տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունը կամ գիտական կազմակերպությունը հիմնական աշխատավայր է:

Ատենախոսության թեմա հաստատելու համար հայցորդը դիմում է բարձրագույն ուսումնական հաստատության կամ գիտական կազմակերպության ղեկավարին: Թեման հաստատվում է բարձրագույն ուսումնական հաստատության կամ կազմակերպության գիտական խորհրդում` համապատասխան ստորաբաժանումներում քննարկվելուց հետո: Ատենախոսության թեման պետք է լինի արդիական: Ատենախոսության թեմայի հաստատման վերաբերյալ որոշման մեջ նշվում են թեմայի անվանումը, գիտության բնագավառը և մասնագիտությունը՝ ըստ աստիճանաշնորհման անվանացանկի:

Գիտական խորհուրդը հաստատում է նաև ատենախոսության գիտական ղեկավար` թեկնածուական ատենախոսության համար, անհրաժեշտության դեպքում՝ խորհրդատու` դոկտորական ատենախոսության համար: Գիտական ղեկավարի կամ խորհրդատուի համաձայնությունը պարտադիր է:

Գիտական ղեկավար կարող են նշանակվել տվյալ բնագավառի գիտության դոկտորները և այն թեկնածուները, ովքեր ստացել են ԲՈԿ-ի թույլտվությունը: Թույլտվություն ստանալու համար ԲՈԿ են ներկայացվում կազմակերպության ղեկավարի միջնորդությունը և թեկնածուի` համապատասխան գիտական բնագավառում առնվազն 30 տպագիր գիտական աշխատանքների ցուցակը, որոնցից առնվազն հինգը՝ վերջին հինգ տարում:

Ատենախոսության թեմայի և գիտական ղեկավարի հաստատման վերաբերյալ որոշման մասին տվյալ կազմակերպությունը տեղեկացնում է ԲՈԿ-ին:

 (9-րդ կետը լրաց. 21.10.10 N 1436-Ն, խմբ. 26.02.15 N 214-Ն, փոփ. 21.02.19 N 119-Ն)

10. Ատենախոսության հիմնական արդյունքները և դրույթները մինչև ատենախոսության պաշտպանությունը պետք է հրատարակվեն միջազգային նշանակություն ունեցող՝ գրախոսվող գիտական հրատարակություններում և ԲՈԿ-ի սահմանած ցուցակում ընդգրկված գիտական հրատարակություններում:

Թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն վեց գիտական հոդված, այդ թվում՝ առանց համահեղինակների` երկուսը, կամ առնվազն երեք գիտական հոդված, այդ թվում` առնվազն մեկ հոդված՝ Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որևէ մեկում, և մեկ հոդված՝ առանց համահեղինակների:

Դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն քսան գիտական հոդված, այդ թվում` առնվազն հինգը՝ Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որևէ մեկում: Հայագիտական բնույթի աշխատանքների դեպքում անհրաժեշտ է առնվազն քսան գիտական հոդված, այդ թվում` առնվազն մեկը՝ Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որևէ մեկում: Առանց համահեղինակների աշխատանքների թիվը պետք է լինի առնվազն հինգ (փորձարարական կամ կլինիկական բնույթ ունեցող ատենախոսությունների դեպքում` երկու): Մենագրության դեպքում (առնվազն 14 տպագրական մամուլ ծավալով) գիտական հոդվածների թիվը կրճատվում է մինչև տասնհինգ։

Գիտական զեկուցմամբ պաշտպանության դեպքում անհրաժեշտ է առնվազն հիսուն գիտական հոդված՝ տվյալ թեմայի շրջանակներում, որոնցից առնվազն հինգը՝ Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որևէ մեկում: 

(10-րդ կետը լրաց. 21.10.10 N 1436-Ն, խմբ. 26.02.15 N 214-Ն, փոփ. 21.02.19 N 119-Ն)

11. Ատենախոսության մեջ հայցողը պարտավոր է նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր:

12. Ատենախոսությանը հավասարազոր են սույն կանոնակարգի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերի պահանջներին համապատասխանող մենագրությունը, գիտության դոկտորի աստիճանի համար` նաև հրատարակված գիտական աշխատանքների հիման վրա կազմված ամփոփ գիտական զեկուցումը:

Գիտական զեկուցման ձևով ատենախոսությունը տվյալ բնագավառում գիտական և կիրառական մեծ նշանակություն ունեցող, լայն ճանաչում ստացած տպագիր աշխատանքների ամփոփ շարադրանքն է: Գիտական զեկուցման ձևով ատենախոսության պաշտպանության թույլտվությունը տալիս է ԲՈԿ-ը` համապատասխան մասնագիտական խորհրդի ներկայացմամբ:

(12-րդ կետը փոփ. 21.02.19 N 119-Ն) 

13. Ատենախոսությունը պետք է ունենա համառոտ շարադրանք` սեղմագիր: Սեղմագիրն արտացոլում է ատենախոսության հիմնական դրույթներն ու եզրահանգումները, արդյունքների նորությունը, կիրառական նշանակությունը: Սեղմագիրը տպագրվում է մասնագիտական խորհրդի թույլտվությամբ` թեկնածուի գիտական աստիճանի համար` մինչև մեկ, դոկտորի գիտական աստիճանի համար` երկու տպագրական մամուլ ծավալով: Հասարակական գիտությունների գծով ատենախոսության սեղմագրի ծավալը կարելի է ավելացնել 30 տոկոսով: Սեղմագիրը տպագրվում է խորհրդի սահմանած քանակով` առնվազն 50 օրինակ: Գիտական զեկուցման ձևով ատենախոսության համար սեղմագիր չի կազմվում, այն ընդունվում է որպես սեղմագիր: Սեղմագրերը պետք է հրապարակվեն համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կամ գիտական կազմակերպության կայքում, որտեղ գործում է մասնագիտական խորհուրդը:

(13-րդ կետը լրաց. 26.02.15 N 214-Ն) 

14. Ատենախոսությունը և սեղմագիրը ներկայացվում են հայերեն: Մասնագիտական խորհրդի համաձայնությամբ դրանք կարելի է ներկայացնել այլ լեզվով:

Սեղմագրի վերջում տրվում են ռուսերեն և անգլերեն ամփոփագրեր (հայերեն ամփոփագիր, եթե սեղմագիրն այլ լեզվով է): Անհրաժեշտության դեպքում, մասնագիտական խորհրդի որոշմամբ, սեղմագրի տպաքանակի մի մասը կարող է լինել նաև այլ լեզվով:

(14-րդ կետը փոփ. 26.02.15 N 214-Ն) 

 

III. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

15. Մասնագիտական խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) ստեղծվում և գործում է ըստ ԲՈԿ-ի հաստատած մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգի:

(15-րդ կետը փոփ. 21.02.19 N 119-Ն) 

16. Խորհուրդ ստեղծում է ԲՈԿ-ը` գիտական և բարձրագույն կրթական այն հաստատություններում, գիտաարտադրական, գիտատեխնիկական ձեռնարկություններում, որոնք համապատասխան բնագավառներում հայտնի են գիտական նվաճումներով: Խորհուրդ ստեղծվում է հիմնարկի հայտով և համապատասխան նախարարության, գերատեսչության կամ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջնորդությամբ` խորհրդի անհրաժեշտության, տվյալ հիմնարկում գործունեության նպատակահարմարության հիմնավորմամբ և աշխատանքային պայմանների երաշխավորմամբ:

Հիմնարկի հայտին և միջնորդությանը կցվում են խորհրդի անդամների մասին տվյալները:

Խորհրդում ընդգրկվում են խորհրդի մասնագիտություններով գիտությունների դոկտորներ, որոնք վերջին հինգ տարում ունեն առնվազն մեկ հրատարակված մենագրություն կամ առնվազն 5 գիտական հոդված կամ եղել են պաշտպանած ատենախոսության գիտական ղեկավար։ Եթե տվյալ մասնագիտությամբ գիտությունների դոկտորների թիվը չի բավարարում պաշտպանություն կազմակերպելու համար, ապա խորհրդում կարող են ընդգրկվել հարակից բնագավառների կամ մասնագիտությունների գիտությունների դոկտորներ, ովքեր խորհրդի մասնագիտություններով ունեն առնվազն 5 գիտական հոդված, ինչպես նաև տվյալ մասնագիտությամբ գիտության թեկնածուներ, ովքեր վերջին հինգ տարում ունեն առնվազն մեկ հրատարակված մենագրություն կամ առնվազն 10 գիտական հոդված։

Խորհուրդը հաստատվում է մինչև երեք տարի ժամկետով, որից հետո նրա գործունեության ժամկետը կարող է երկարացվել:

Խորհուրդն օգտագործում է տվյալ հաստատության (ձեռնարկության) կնիքը և բլանկը:

(16-րդ կետը լրաց. 21.10.10 N 1436-Ն, փոփ. 21.02.19 N 119-Ն)

17. Սույն կանոնակարգի 31-րդ և 37-րդ կետերով նախատեսված հիմքերով մեկ տարվա ընթացքում 3 անգամ մասնագիտական խորհրդի միջնորդությունը չհաստատելու դեպքում ԲՈԿ-ը կարող է վերակազմավորել խորհուրդը: Նման դեպքերում ԲՈԿ-ը դիմում է համապատասխան կազմակերպությանը՝ տվյալ աշխատանքների գիտական ղեկավարներին և ընդդիմախոսներին պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերում ընդգրկելու հետագա նպատակահարմարությունը քննարկելու հարցով:

(17-րդ կետը խմբ. 25.02.16 N 260-Ն, փոփ. 21.02.19 N 119-Ն) 

18. Խորհրդում ատենախոսության պաշտպանության, ինչպես նաև սեղմագրի տպագրության ծախսերը հատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից այդ նպատակով ԲՈԿ-ին հատկացված միջոցների հաշվին: Օտարերկրյա քաղաքացիների ատենախոսության պաշտպանության ծախսերը հատուցվում են վճարովի հիմունքներով:

(18-րդ կետը լրաց. 21.10.10 N 1436-Ն, փոփ. 21.02.19 N 119-Ն)

 

IV. ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

19. Թեկնածուի գիտական աստիճանի հայցորդը պետք է քննություն հանձնի մասնագիտությունից: Գիտական կազմակերպությունը ԲՈԿ է ներկայացնում մասնագիտական քննություն ընդունող հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովը հաստատվում է հետևյալ կազմով` նախագահ (գիտության դոկտոր) և 2-4 անդամներ (գիտության դոկտոր և թեկնածու): Մեկ անձը կարող է լինել միայն մեկ հանձնաժողովի անդամ:

Քննությունը հանձնվում է այն մասնագիտությունից, որով հաստատվել է ատենախոսության թեման` ԲՈԿ-ի հաստատած ծրագրով: Այն դեպքերում, երբ հայցորդի բարձրագույն կրթությունը չի համապատասխանում գիտության այն բնագավառին (ենթաբնագավառին), որով հաստատվել է ատենախոսության թեման, հայցորդը պետք է հանձնի լրացուցիչ քննություն ընդհանուր մասնագիտությունից:

Քննությունը կազմակերպվում է երկու քննաշրջանով՝ ապրիլ-հունիս և հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Քննության ընթացքում յուրաքանչյուր հայցորդի համար լրացվում է արձանագրություն, որտեղ գրանցվում են քննական հարցերը և քննության վերջնական արդյունքը: Մասնագիտական քննությունը գնահատվում է 4 բալային համակարգով` «գերազանց», «լավ», «բավարար» և «անբավարար»: Քննությունը համարվում է հանձնված` «գերազանց» կամ «լավ» գնահատականի դեպքում: Արձանագրությունն ստորագրում են քննական հանձնաժողովի նախագահը և անդամները: Արձանագրությունը պահպանվում է քննություն ընդունող կազմակերպությունում, որը և տալիս է տեղեկանք քննության հանձնման մասին: Քննությունը չհանձնելու դեպքում հայցորդը կարող է այն հանձնել հաջորդ քննաշրջաններում:

(19-րդ կետը խմբ. 26.02.15 N 214-Ն, փոփ., խմբ. 21.02.19 N 119-Ն) 

20. Այն հիմնարկը, որտեղ հաստատվել է ատենախոսության թեման, ատենախոսության նախնական փորձաքննությունից հետո տալիս է իր եզրակացությունը` նշելով հեղինակի կոնկրետ մասնաբաժինը ստացված արդյունքներում, հետազոտության արդյունքների հավաստիությունը, նորությունը, կիրառական նշանակությունը, ատենախոսությանը համապատասխանող մասնագիտությունն ըստ գիտական աստիճանաշնորհման անվանացանկի, հեղինակի հրատարակած աշխատություններում հետազոտման արդյունքների ընդգրկման լիարժեքությունը:

Եզրակացությունը հայցորդին պետք է տրվի ատենախոսությունը նախնական փորձաքննության հանձնելուց հետո` թեկնածուի գիտական աստիճանի համար` երկու, դոկտորի գիտական աստիճանի համար` երեք ամսվա ընթացքում:

21. Անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում ատենախոսությունն ընդունվում է խորհուրդ` նախնական քննարկման: Նախնական քննարկումը կազմակերպվում է թեկնածուի գիտական աստիճանի համար` երկու, դոկտորի գիտական աստիճանի համար` երեք ամսվա ընթացքում, համաձայն խորհրդի աշխատանքի կանոնակարգի:

22. Ատենախոսությունը պաշտպանության ընդունելու դեպքում խորհուրդը նշանակում է ատենախոսության պաշտոնական ընդդիմախոսներ` գիտական աստիճան ունեցող, գիտության տվյալ բնագավառի մասնագետ գիտնականների, թեկնածուի գիտական աստիճանի համար` երկու ընդդիմախոս (ընդ որում, նրանցից առնվազն մեկը` գիտության դոկտոր), դոկտորի գիտական աստիճանի համար` երեք ընդդիմախոս (գիտության դոկտորներ):

Տվյալ ատենախոսությունը պաշտպանության ընդունած խորհրդի անդամ, որպես կանոն, կարող է լինել ընդդիմախոսներից միայն մեկը:

Պաշտոնական ընդդիմախոսներ, որպես կանոն, չեն կարող լինել ԲՈԿ-ի աշխատողները, ատենախոսությունը պաշտպանության ընդունած խորհրդի նախագահը և գիտական քարտուղարը, հայցորդի գիտական ղեկավարը, ատենախոսության թեմայով հրատարակված աշխատանքների համահեղինակները, այն հիմնարկների ղեկավարները, որտեղ հաստատվել է ատենախոսության թեման և կամ որտեղ կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ, որոնց պատվիրատուն կամ կատարողը հայցորդն է:

Պաշտոնական ընդդիմախոսը, ուսումնասիրելով ատենախոսությունը և այդ թեմայով հրատարակված աշխատանքները, խորհրդին, վերջինիս սահմանած ժամկետում, ներկայացնում է կարծիք, որտեղ գնահատում է ատենախոսության թեմայի արդիականությունը, գիտական դրույթների և եզրահանգումների ճշտությունը, նորությունը և հիմնավորման աստիճանը, ատենախոսության համապատասխանությունը սույն կանոնակարգի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերին:

Խորհուրդը պաշտոնական ընդդիմախոսների կարծիքների պատճենները հայցորդին է հանձնում ատենախոսության պաշտպանությունից առնվազն տասն օր առաջ:

Խորհուրդն իրավասու է պաշտոնական ընդդիմախոսին վերադարձնելու կարծիքը` վերամշակման, եթե այն չի համապատասխանում նշված պահանջներին:

(22-րդ կետը փոփ. 21.02.19 N 119-Ն)

23. Ատենախոսության պաշտպանությունը կարող է կայանալ նաև ընդդիմախոսներից մեկի բացակայության դեպքում, եթե առկա է բացակա ընդդիմախոսի գրավոր կարծիքը, որը հրապարակվում է խորհրդի նիստում:

24. Խորհուրդն ատենախոսությունը կարծիքի է ուղարկում գիտության տվյալ բնագավառում հայտնի` առաջատար հիմնարկ, որը գնահատում է ատենախոսությունը, նշում արդյունքների նշանակությունը գիտության և արտադրության ոլորտներում, տալիս հանձնարարականներ` դրանք օգտագործելու համար: Կարծիքը հաստատում է առաջատար հիմնարկի ղեկավարը: Խորհուրդը կարծիքի պատճենը հայցորդին է հանձնում ատենախոսության պաշտպանությունից առնվազն տասն օր առաջ:

Խորհուրդն իրավասու է փոխելու առաջատար հիմնարկը կամ վերադարձնելու առաջատար հիմնարկի կարծիքը, եթե այն չի համապատասխանում նշված պահանջներին:

25. Ատենախոսության պաշտպանությունը, ինչպես խորհրդի բոլոր նիստերը, անցկացվում է հայերեն:

26. Խորհրդի նիստի ժամանակ ատենախոսության պաշտպանության ընթացակարգը սահմանվում է խորհրդի աշխատանքի կանոնակարգով:

27. Հայցորդն իրավունք ունի գրավոր դիմումով հանելու ատենախոսությունը պաշտպանությունից` մինչև գաղտնի քվեարկությունն սկսվելը:

Եթե առանց սկզբնաղբյուրները նշելու այլ հեղինակներից օգտագործվել են որոշակի դրույթներ և նյութեր, խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, ատենախոսությունը հանում է պաշտպանությունից` առանց տվյալ ատենախոսության նոր պաշտպանության իրավունքի և ԲՈԿ է ուղարկում իր որոշումը` սեղմագրի և նիստի սղագրության հետ միասին: Նման դեպքում ատենախոսությունը պաշտպանությունից հանելու մասին հայցորդի դիմումը չի ընդունվում:

(27-րդ կետը փոփ. 21.02.19 N 119-Ն) 

28. Ատենախոսության պաշտպանությունից հետո գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը խորհուրդն ընդունում է գաղտնի քվեարկությամբ: Գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը դրական է, եթե «կողմ» է քվեարկել նիստին ներկա անդամների երեք քառորդը:

(28-րդ կետը լրաց. 25.02.16 N 260-Ն) 

29. Գաղտնի քվեարկությունից հետո, դրական որոշման դեպքում, խորհուրդը բաց քվեարկությամբ ընդունում է ատենախոսության մասին եզրակացություն: Եզրակացության մեջ պետք է արտացոլվեն ատենախոսության էական գիտական արդյունքները, դրանց նորության, հավաստիության գնահատականը, տեսական և կիրառական նշանակությունը, պետք է տրվեն հանձնարարականներ` դրանք օգտագործելու համար, պետք է նշվի, թե սույն կանոնակարգի 7-րդ կամ 8-րդ կետի որ պայմանին (պայմաններին) են համապատասխանում ատենախոսությունը, ինչպես նաև գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը:

30. Դրական որոշման դեպքում խորհուրդը ԲՈԿ է ուղարկում որակավորման գործը, որն ընդգրկում է ատենախոսությունը, սեղմագիրը և խորհրդի աշխատանքի կանոնակարգով սահմանված փաստաթղթերը: Բացասական որոշման դեպքում խորհուրդն այդ մասին գրավոր հայտնում է ԲՈԿ-ին և հայցորդին է տալիս քաղվածք խորհրդի նիստի արձանագրությունից` գաղտնի քվեարկության արդյունքների մասին:

(նախադասությունը հանվել է 25.02.16 N 260-Ն) 

(30-րդ կետը փոփ. 25.02.16 N 260-Ն, 21.02.19 N 119-Ն) 

 

V. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԲՈԿ-ՈՒՄ

(վերնագիրը փոփ. 21.02.19 N 119-Ն) 

 

31. ԲՈԿ-ը ուսումնասիրում է որակավորման գործը և սույն կանոնակարգի 10-րդ, 11-րդ, ինչպես նաև 13-րդ կետերի պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում մերժում է գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի միջնորդությունը և մերժման մասին որոշումը ուղարկում է խորհուրդ:

(31-րդ կետը փոփ. 21.02.19 N 119-Ն) 

32. Այն անձը, ում գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը մերժվել է սույն կանոնակարգի 11-րդ կետի խախտման հիմքով, ատենախոսությունը կարող է ներկայացնել պաշտպանությունը մերժելու մասին որոշման ընդունումից մեկ տարի հետո: Սույն կանոնակարգի 10-րդ և 13-րդ կետերի հիմքով գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը մերժելու դեպքում պաշտպանություն կարող է կազմակերպվել խախտումները վերացնելուց հետո:

33. Սույն կանոնակարգի 31-րդ կետով սահմանված խախտումներ չհայտնաբերելու դեպքում ԲՈԿ-ը սույն կանոնակարգի 7-րդ կամ 8-րդ, ինչպես նաև 11-րդ կետերի պահանջներին համապատասխանությունը ստուգելու և եզրակացություն ստանալու նպատակով ատենախոսությունը տալիս է համապատասխան գիտության բնագավառից գիտական աստիճան ունեցող մասնագետի, ով վերջին հինգ տարում ունի հրապարակած առնվազն 5 գիտական աշխատանք` հրատարակված միջազգային նշանակություն ունեցող կամ ԲՈԿ-ի ցուցակում ընդգրկված գրախոսվող գիտական հրատարակություններում:

(33-րդ կետը փոփ. 21.02.19 N 119-Ն) 

 34. ԲՈԿ-ը մասնագետի հետ կնքում է պայմանագիր, որտեղ ամրագրվում են մասնագետի աշխատանքի կատարման պայմանները և ժամկետը: ԲՈԿ-ը կարող է մասնագետի մասին տեղեկություն հրապարակել միայն նրա գրավոր համաձայնության դեպքում:

(34-րդ կետը փոփ. 21.02.19 N 119-Ն) 

35. Որակավորման գործի վերաբերյալ մասնագետը տալիս է՝

1) դրական եզրակացություն, եթե ատենախոսությունը համապատասխանում է սույն կանոնակարգի 7-րդ կամ 8-րդ, ինչպես նաև 11-րդ կետերի պահանջներին.

2) բացասական եզրակացություն` ատենախոսության սույն կանոնակարգի 7-րդ կամ 8-րդ, ինչպես նաև 11-րդ կետերի պահանջներին անհամապատասխանության վերաբերյալ պատճառաբանված հիմնավորմամբ:

36. Սույն կանոնակարգի պահանջներին որակավորման գործի համապատասխանության և մասնագետի դրական եզրակացության դեպքում ԲՈԿ-ը հաստատում է խորհրդի որոշումը թեկնածուական ատենախոսության համար` այն ԲՈԿ մուտքագրվելու օրվանից երեք, իսկ դոկտորական ատենախոսության համար` հինգ ամսվա ընթացքում և հանձնում է գիտական աստիճանի վկայագիր:

(36-րդ կետը փոփ. 21.02.19 N 119-Ն) 

37. ԲՈԿ-ը սույն կանոնակարգի 35-րդ կետով նախատեսված բացասական եզրակացությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է խորհուրդ` բացասական եզրակացության հիման վրա քննարկում կազմակերպելու և որոշում կայացնելու համար:

(37-րդ կետը փոփ. 21.02.19 N 119-Ն)  

38. Խորհուրդը ատենախոսության հեղինակին առաջարկում է 6 ամիս ժամկետում ատենախոսությունը սույն կանոնակարգի պահանջներին համապատասխանեցնել և խորհուրդ ներկայացնել:

39. Ատենախոսության հեղինակը կարող է պատճառաբանված հիմնավորմամբ՝ առանց փոփոխությունների ատենախոսությունը վերադարձնել խորհուրդ սույն կանոնակարգի 38-րդ կետում սահմանված ժամկետում:

40. Սույն կանոնակարգի 38-րդ կետով նախատեսված ժամկետում խորհուրդ ներկայացված ատենախոսությունը խորհուրդը քննարկում և կայացնում է՝

1) գիտական աստիճան շնորհելու մասին դրական որոշում, եթե ատենախոսությունը համապատասխանում է սույն կանոնակարգի պահանջներին.

2) գիտական աստիճան շնորհելու մասին բացասական որոշում, եթե ատենախոսությունը չի համապատասխանում սույն կանոնակարգի պահանջներին:

41. Խորհուրդը սույն կանոնակարգի 40-րդ կետի 1-ին ենթակետում նշված որոշումը եռօրյա ժամկետում ուղարկում է ԲՈԿ, որի հիման վրա կայացվում է գիտական աստիճանի վկայագիր տալու մասին որոշում:

(41-րդ կետը փոփ. 21.02.19 N 119-Ն) 

 42. Գիտական աստիճանի վկայագիրը հանձնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ԲՈԿ-ը ատենախոսությունն ուղարկում է Հայաստանի ազգային գրադարան:

(42-րդ կետը փոփ. 21.02.19 N 119-Ն) 

43. Գիտական աստիճանի վկայագրի համապատասխանեցումը՝ համարժեքության ճանաչումը և հաստատումը, կատարվում է գիտնականի դիմումի հիման վրա՝ լիազոր մարմնի կողմից սահմանված փաստաթղթերի և հրատարակված գիտական աշխատանքների առկայությամբ: ԲՈԿ-ը համապատասխանեցման մասին ընդունում է՝

1) դրական որոշում, եթե համակարգչային ծրագրերով ստուգելուց հետո ատենախոսության մեջ չեն հայտնաբերվել այլ աղբյուրներից առանց հղումների փոխառված նյութեր.

2) բացասական որոշում, եթե համակարգչային ծրագրերով ստուգելուց հետո ատենախոսության մեջ հայտնաբերվել են այլ աղբյուրներից առանց հղումների փոխառված նյութեր:

(43-րդ կետը փոփ. 21.02.19 N 119-Ն) 

44. Խորհրդի և ԲՈԿ-ի որոշումները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

(44-րդ կետը փոփ. 21.02.19 N 119-Ն) 

(բաժինը խմբ. 25.02.16 N 260-Ն) 

 

Ձև N 1

 

Республика армения

диплом

Решением специализированного совета

  Высшего аттестационного комитета

_____________________________(ФИО)

Присуждена ученая степень кандидата ____________________________ наук


Republic of Armenia

Diploma

By the Resolution of
RA Supreme Certifying Committee
___________________________________
Specialalized Council

___________________________________

(name)

Has been awarded the Degree of Doctor of Philosophy (Ph. D) in___________________

 

Հայաստանի Հանրապետություն

Վկայագիր          
Ա N 000000


Բարձրագույն որակավորման կոմիտեի

_____________________________________
մասնագիտական խորհրդի որոշմամբ


_________________________________-ին(անունը, հայրանունը, ազգանունը)


շնորհվել է _______________գիտությունների
թեկնածուի գիտական աստիճան


ԲՈԿ-ի նախագահ___________________
Խորհրդի նախագահ____________________

 


____ ______________ 20_____թ.

(ձևը լրաց. 25.02.16 N 260-Ն, փոփ. 21.02.19 N 119-Ն)

 

 

Ձև N 2

 

Республика армения

диплом

Решением специализированного совета

  Высшего аттестационного комитета

_____________________________(ФИО)

Присуждена ученая степень доктора ____________________________ наук


Republic of Armenia

Diploma

By the Resolution of
RA Supreme Certifying Committee
___________________________________
Specialalized Council

___________________________________

(name)

Has been awarded the Degree of Doctor of Sciences___________________

Հայաստանի Հանրապետություն

Վկայագիր          Բ
N 000000


Բարձրագույն որակավորման կոմիտեի

_____________________________________
մասնագիտական խորհրդի որոշմամբ


_________________________________-ին(անունը, հայրանունը, ազգանունը)


շնորհվել է _______________գիտությունների
դոկտորի գիտական աստիճան


ԲՈԿ-ի նախագահ___________________
Խորհրդի նախագահ____________________



____ ______________ 20_____թ.

(ձևը լրաց. 25.02.16 N 260-Ն, փոփ. 21.02.19 N 119-Ն)

(կանոնակարգը լրաց., փոփ. 21.10.10 N 1436-Ն, խմբ., լրաց., փոփ. 26.02.15 N 214-Ն, 25.02.16 N 260-Ն, փոփ., խմբ. 21.02.19 N 119-Ն)