Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.04.25/26(1479).1 Հոդ.248
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.09.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

 

Գործ թիվ ԵԿԴ/0104/11/16

Նախագահող դատավոր՝ Ա. Մնացականյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

մասնակցությամբ`
դիմող

Ա. Հարությունյանի

դիմողի ներկայացուցիչ`

Վ. Թադևոսյանի

2018 թվականի սեպտեմբերի 20-ին                                                ք.Երևանում

 

դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 21-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի և գործին առնչվող անձ Սերգեյ Գալստյանի ներկայացուցիչ Ա.Թամրազյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Վ.Սիմոնյանի` 2016 թվականի մարտի 22-ի որոշմամբ Անժելա Մնացականի Հարությունյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է, և Խաչատուր Գալստյանի, Վեներա Չախալյանի, Արմինե Շահինյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով, 345-րդ հոդվածով, իսկ Սերգեյ Գալստյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ, 178-րդ, 345-րդ հոդվածներով քրեական հետապնդում չի իրականացվել` նրանց արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

1.1. 2016 թվականի մարտի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Է.Կարապետյանի որոշմամբ Ա.Հարությունյանի և Ս.Գալստյանի հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է թիվ 13134016 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։

1.2. 2016 թվականի մարտի 30-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Վ.Սիմոնյանի որոշմամբ Ա.Հարությունյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է` քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին չվերացված որոշման առկայության հիմքով։

1.3. 2016 թվականի մայիսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Է.Կարապետյանի կողմից որոշում է կայացվել Ա.Շահինյանի, Ս.Գալստյանի, Խ.Գալստյանի և Վ.Չախալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու մասին` նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու վերաբերյալ հետաքննության մարմնի չվերացված որոշման առկայության հիմքով։

2. Երևան քաղաքի դատախազի` 2016 թվականի մայիսի 20-ի որոշմամբ Ա.Շահինյանի, Ս.Գալստյանի, Խ.Գալստյանի և Վ.Չախալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու մասին նախաքննության մարմնի` 2016 թվականի մայիսի 2-ի որոշման դեմ Ա.Հարությունյանի, նրա ներկայացուցիչներ Ա.Շահբազյանի և Գ.Շահվերդյանի բողոքը մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

3. Վերոնշյալ որոշման դեմ դիմող Ա.Հարությունյանի ներկայացուցիչներ Ա.Շահբազյանը և Գ.Շահվերդյանը բողոք են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան), որը 2016 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ մերժվել է։

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2016 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ դիմող Ա.Հարությունյանի ներկայացուցիչ Ի.Ավագյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, դիմող Ա.Հարությունյանի ներկայացուցիչներ Ա.Շահբազյանի և Գ.Շահվերդյանի բողոքը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հուլիսի 19-ի որոշումը բեկանվել է, և որոշվել է գործը վերադարձնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությանը` պարտավորեցնելու վարույթն իրականացնող մարմնին վերացնել որոշման մեջ մատնանշված` Ա.Հարությունյանի իրավունքների և ազատությունների խախտումները։

5. Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը մասնակի բավարարվել է, և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումը բեկանվել է` գործն ուղարկելով նույն դատարան` նոր քննության։

6. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ դիմող Ա.Հարությունյանի ներկայացուցիչ Ի.Ավագյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հուլիսի 19-ի որոշումը բեկանվել է, և որոշվել է վերացնել նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննության մարմնի` 2016 թվականի մարտի 22-ի որոշումը, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնել որոշմամբ արձանագրված իրավունքների խախտումը։

7. Վերոգրյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը և գործին առնչվող անձ Սերգեյ Գալստյանի ներկայացուցիչ Ա.Թամրազյանը: Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հունիսի 1-ի որոշմամբ վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ:

Վճռաբեկ բողոքների կապակցությամբ պատասխան է ներկայացրել դիմող Ա.Հարությունյանը` նշելով, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր է և օրինական, իսկ վճռաբեկ բողոքները, անհիմն լինելու պատճառաբանությամբ, ենթակա են ամբողջությամբ մերժման:  

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

8. Առաջին ատյանի դատարանը դիմող Ա.Հարությունյանի ներկայացուցիչներ Ա.Շահբազյանի և Գ.Շահվերդյանի կողմից ներկայացված բողոքը մերժել է` արձանագրելով հետևյալը. «(…) 2016թ. մարտի 12-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում Անժելա Հարությունյանը հաղորդում, իսկ հետագայում նաև բացատրություն է տվել այն մասին, որ 2013-2014թթ. ընթացքում քաղաքացիներ Արմինե Շահինյանին, Սերգեյ Գալստյանին, Վեներա Չախալյանին և Խաչատուր Գալստյանին վերջիններիս խնդրանքով մինչև 2014թ. նոյեմբերի 15-ը վերադարձնելու պայմանով պարտքով տվել է ընդհանուր 463.000 ԱՄՆ դոլար գումար։ Սահմանված ժամկետում վերոհիշյալ անձինք չեն մարել իրենց պարտքը, որի կապակցությամբ 2015 թվականի մարտին դիմել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան։

Դատաքննության ընթացքում, որպես հայցի ապահովման միջոց, արգելանքի տակ են դրվել Ա.Գալստյանին, Ս.Գալստյանին, Վ.Չախալյանին և Խ.Գալստյանին պատկանող անշարժ գույքերը։ 2015թ. սեպտեմբերի 3-ի դատարանի որոշմամբ ձևափոխվել են հայցի ապահովման միջոցները` վերացվել է Երևան քաղաքի Բյուզանդի փողոցի թիվ 13 շենքի 2-րդ հասցեի նկատմամբ կիրառված արգելանքը։ 2015 թվականի սեպտեմբերի 18-ին դատարանի որոշմամբ վերացվել է Կոտայքի մարզի Կոտայք համայնքի 9-րդ հանդամասի թիվ 9-րդ հասցեի հողամասի, Կոտայք համայնքի թիվ 07-0380014-0040 ծածկագրով 0.045 հա վարելահողի, Կոտայքի համայնքի թիվ 07-038-0014-0039 ծածկագրով 0.045 հա վարելահողի, ինչպես նաև Վեներա Չախալյանի և Խաչատուր Գալստյանի կենսաթոշակային դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները։ Երևան քաղաքի Բյուզանդի փողոցի թիվ 13 շենքի 2-րդ հասցեի վաճառքի արդյունքում վերոհիշյալ անձինք վերադարձրել են ընդամենը 230.000 ԱՄՆ դոլար գումար, իսկ Կոտայքի մարզի Կոտայք համայնքում գտնվող համապատասխան հողամասերի վաճառքի արդյունքում նախապես իրեն խոստացված 200.000 ԱՄՆ դոլարը չեն վերադարձրել և խարդախությամբ այն հափշտակել են։

Նյութերի նախապատրաստման արդյունքում հետաքննության մարմինը նաև հանգել է համոզման, որ Սերգեյ Գալստյանի, ինչպես նաև Արմինե Շահինյանի, Վեներա Չախալյանի և Խաչատուր Գալստյանի արարքներում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները, ուստի որոշում է կայացրել Սերգեյ Գալստյանի, Վեներա Չախալյանի, Արմինե Շահինյանի և Խաչատուր Գալստյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու մասին` վերջիններիս արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

Նախաքննական մարմինն իր հերթին որոշում է կայացրել Ս.Գալստյանի, Ա.Շահինյանի, Վ.Չախալյանի և Խ.Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու վերաբերյալ հետաքննության մարմնի վերոնշյալ չվերացված որոշման առկայության փաստով։

(…)

(…) [Ք]աղ. Անժելա Հարությունյանը նախ՝ 2016թ. մարտի 4-ին դիմել է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ խնդրելով նախապատրաստել նյութեր Արմինե Շահինյանի, Սերգեյ, Վեներա և Խաչատուր Գալստյանների վերաբերյալ և «հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով»։

Դիմումում վարույթն իրականացնող մարմնի ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ ըստ դիմողի՝ «վերոնշյալ անձինք ընդունել և գիտակցել են, որ անշարժ գույքերն այլ անձի օտարելուց հետո դրանց վաճառքից ստացած գումարներից իր նկատմամբ ունեցած 463.000 ԱՄՆ դոլարից մնացած պարտավորության չմարումը կարող է որակվել որպես խարդախություն»։

Վերոնշյալի վերաբերյալ Ա.Հարությունյանը 2016թ. մարտի 12-ին ոստիկանության նույն բաժնում տվել է հաղորդում և բացատրություն, լրացուցիչ բացատրություն է տվել նաև մարտի 18-ին, սակայն որևէ անգամ չի հիշատակել, որ նույն անձանց կողմից իր իրավունքներն ենթադրաբար խախտելու հարցով դեռևս 2016թ. մարտի 14-ին դիմել է նաև այլ մարմին՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն, որտեղից նրա դիմումը և նյութերը ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաքննական այդ մարմնում 2016թ. մարտի 26-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 213-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին, այն դեպքում, երբ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում Ա.Հարությունյանի 2016թ. մարտի 12-ի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերի քննարկման արդյունքներով դեռևս նույն թվականի մարտի 22-ին, այսինքն՝ քրեական գործ հարուցելու որոշումը կայացնելուց 15 օր առաջ, որոշում էր կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ Խաչատուր Գալստյանի, Վեներա Չախալյանի, Արմինե Շահինյանի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ և 345-րդ, իսկ Սերգեյ Գալստյանի արարքում՝ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի բացակայության պատճառաբանությամբ (…)»։

Անդրադառնալով քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի` 2016 թվականի մարտի 22-ի որոշման հիմնավորվածության փաստական կողմին` Առաջին ատյանի դատարանն արձանագրել է հետևյալը. «(…) [Կ]ողմերի միջև գույքային վեճի վերաբերյալ վճռով հաստատված հաշտության համաձայնագրի, պարտավորագրերի և ստացականների առկայությունը, որպես պարտք տված գումարի մի մասը Գալստյանների կողմից չվերադարձնելու վերաբերյալ Ա.Հարությունյանի պնդումներն ինքնին ենթադրում են, որ վերոնշյալ վեճն ենթակա է քննության և լուծման բացառապես մասնավոր տիրույթում, գումարի մի մասը չվերադարձնելն այդ վեճը հանրային տիրույթում քննելու և լուծելու բավարար ու հիմնավոր փաստարկ չէ (…):

(…)

Տվյալ պարագայում Դատարանը, ստուգելով վիճարկվող որոշումները և դրանցով դիմող կողմի իրավունքների ենթադրյալ խախտման վերաբերյալ փաստարկները, արձանագրում է, որ հետաքննության մարմնի կայացրած որոշումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդում չիրականացնելու մասին նախաքննական մարմնի որոշմամբ դիմող կողմի ենթադրաբար խախտված իրավունքները վերականգնելուն պարտավորեցնելու հիմքերը բացակայում են. Դատարանի համոզմամբ հետաքննության մարմնի (հետաքննություն կատարող անձի) և քննիչի ձեռնարկած քայլերը, վերջիններիս և հսկող դատախազների հետևությունները, դիմողների և նրանց վստահորդի փաստարկների համատեքստում, լիովին բավարար էին սույն բողոքում բարձրացված հարցերը պարզելու և նյութերի վերջնական ընթացքը լուծելիս պատճառաբանված և հիմնավորված հետևության, իսկ հսկող դատախազների կողմից՝ այդ որոշման իրավացիության վերաբերյալ ճիշտ եզրահանգման հանգելու (որոշումներ կայացնելու) համար։ Դատարանը նաև փաստում է, որ քաղ. Անժելա Հարությունյանի ենթադրաբար խախտված գույքային իրավունքները ենթակա են վերականգնման քաղաքացիադատավարական ընթացակարգով։ Հակառակ պարագայում, այն է` ներգործության քրեաիրավական և քրեադատավարական միջոցներ գործադրելիս կխաթարվեն քաղաքացիադատա­վարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը, անորոշություն ու անկանխատեսելիություն կստեղծեն քաղաքացիաիրավական հարաբերություն­ներում (…)» 1 ։              

8.1. Նախաքննական մարմնի կողմից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնից ստացված նյութերում առկա են Ա.Հարությունյանի և Ա.Շահինյանի, Ս.Գալստյանի, Վ.Չախալյանի ու Խ.Գալստյանի միջև կնքված պայմանագրերը2 :

8.2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել է` արձանագրելով, որ գործը պետք է վերադարձնել դատախազություն` բացահայտելու դիմող Ա.Հարությունյանի իրավունքների և ազատությունների խախտումների առկայությունը կամ դրանց բացակայությունը և ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` լուծել գործի օրինական ընթացքը3 ։

8.3. Վճռաբեկ դատարանը, բեկանելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումը, գործն ուղարկել է նոր քննության` արձանագրելով, որ Վերաքննիչ դատարանը չի կայացրել պատշաճ կերպով պատճառաբանված դատական ակտ։ Բացի այդ, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության քրեադատավարական ընթացակարգը չի պահպանվել. արդյունքում կիրառվել է ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված հատուկ կառուցակարգը, այլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր կառուցակարգը։

Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի որոշմամբ արձանագրված խախտումները և քննարկի բողոքաբերի ներկայացված փաստարկները, քանի որ որոշմամբ արձանագրված խախտումների պայմաններում զրկված է դրա կապակցությամբ դիրքորոշում արտահայտելու հնարավորությունից4 :

9. Վերաքննիչ դատարանն իր՝ 2017 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ փաստել է, որ. «(…) [Ի]ր որոշման մեջ Հետաքննիչը արձանագրել է (…), [որ] «Դատական կարգով կողմերի միջև հաշտության համաձայնությունը կնքելուց և Երևան քաղաքի Բյուզանդի փողոցի 13-րդ շենքի 2-րդ բնակարանը վաճառելուց հետո Սերգեյ Գալստյանը և նրա ընտանիքի անդամներն Անժելա Հարությունյանին վերադարձրել են հաշտության համաձայնագրով նախատեսված 250.000 ԱՄՆ դոլար գումարից 230.000 ԱՄՆ դոլար գումարը»։ (…) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Հետաքննիչը Սերգեյ Գալստյանի և նրա ընտանիքի անդամների արարքում փաստել է հանցակազմի բացակայություն այն պայմաններում, երբ չի պարզվել, թե ինչու Երևան քաղաքի Բյուզանդի փողոցի 13-րդ շենքի 2-րդ բնակարանը Զաբել Հակոբյանին ավելի քան 460.000 ԱՄՆ դոլարին համարժեք 227.480.000 ՀՀ դրամով վաճառելու պայմաններում Անժելա Հարությունյանին ամբողջությամբ չի վճարվել հաշտության համաձայնագրով նախատեսված 250.000 ԱՄՆ դոլար գումարը:

(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին Հետաքննիչի որոշումն օրինական և հիմնավորված չէ (…)»:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ. «(…) Հետաքննիչի և Քննիչի որոշումներով խախտվել են Անժելա Հարությունյանի իրավունքները, մասնավորապես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով երաշխավորված` հանցագործությունից պաշտպանված լինելու, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված` օրենքով չարգելված բոլոր միջոցներով իր իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով երաշխավորված` գործի արդարացի քննության իրավունքները, քանի որ Անժելա Հարությունյանի շահերին առնչվող ենթադրյալ հանցագործության հանգամանքները չեն ենթարկվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման, ինչպես նաև նշված ենթադրյալ հանցագործության կապակցությամբ ոչ իրավաչափորեն գործի չեն դրվել քրեադատավարական կառուցակարգերը: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին Հետաքննիչի որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով ենթակա է վերացման, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է վերացնել սույն որոշմամբ արձանագրված իրավունքների խախտումը:

(…)

(…) Առաջին ատյանի դատարանն անտեսել է Հետաքննիչի և Քննիչի որոշումների` օրենսդրության (…) նշված պահանջների և Անժելա Հարությունյանի իրավունքների խախտմամբ կայացված լինելու մասին վկայող վերոգրյալ հանգամանքները, ինչի արդյունքում սխալ եզրահանգում է կատարել առ այն, որ նշված որոշումներն իրավաչափ են (…)»:

9.1 Անդրադառնալով դատախազի այն փաստարկին, որ Անժելա Հարությունյանը, հետաքննիչ Վ.Սիմոնյանի` 2016 թվականի մարտի 22-ի որոշումը ժամանակին ստանալով, բաց է թողել դրա բողոքարկման ժամկետը՝ Վերաքննիչ դատարանն այն հիմնավոր չի համարել այն պատճառաբանությամբ, որ. (…) Հետաքննիչի 2016 թվականի մարտի 22-ի որոշման դեմ Անժելա Հարությունյանի ներկայացուցիչ Լ.Ավագյանի կողմից ներկայացված բողոքը Երևան քաղաքի դատախազի 2016 թվականի մայիսի 5-ի որոշմամբ մերժվել է (այդ մասին նշված է Դատախազի 2016 թվականի մայիսի 20-ի որոշման մեջ), որից հետո` 2016 թվականի հունիսի 1-ին փոստային ծառայության միջոցով Անժելա Հարությունյանն ու նրա ներկայացուցիչները Հետաքննիչի 2016 թվականի մարտի 22-ի որոշման դեմ բողոք են ներկայացրել Առաջին ատյանի դատարան (…)» 5 :

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջները.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը գտել է, որ Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 21-ի որոշումն օրինական ու հիմնավոր չէ և ենթակա է բեկանման:    

Բողոքաբերը նշել է, որ առկա վեճը ենթակա է լուծման բացառապես մասնավոր՝ քաղաքացիաիրավական տիրույթում, և դրանք քրեաիրավական ոլորտում քննության առարկա դարձնելու դեպքում կխաթարվի քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը:

10.1. Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելով, կայացրել է չպատճառաբանված որոշում, որը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի, 358-րդ հոդվածի իմպերատիվ պահանջներին և Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանություններին:

Ըստ բողոքի հեղինակի՝ ստորադաս դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, այն է՝ Վերաքննիչ դատարանի վիճարկվող որոշմամբ ըստ էության պարտականություն է սահմանվել ՀՀ քրեական դատավարության կարգով քաղաքացիաիրավական բնույթի վեճը քննության առարկա դարձնելու, ավելին՝ գոյություն չունեցող հաշտության համաձայնության չկատարման պատճառները ճշտելու համար, որը գտնվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով սահմանված խնդիրներից դուրս: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի որոշումն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի` Ֆրունզիկ Գալստյանի, Գևորգ Խնուսյանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին՝ դատական ակտի պատճառաբանված լինելու մասով, և Լիա Ավետիսյանի, Ռուդիկ Բալասանյանի, Գագիկ Ղևոնդյանի, Դավիթ Վարոսյանի վերաբերյալ գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին՝ քրեաիրավական և քաղաքացիաիրավական հարաբերությունների ոչ ճիշտ սահմանազատման մասով:  

10.2. Բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը հետաքննիչի` 2016 թվականի մարտի 22-ի որոշումը վերացնելու հիմքում դրել է բացառապես Ս.Գալստյանի և նրա ընտանիքի անդամների կողմից Ա.Հարությունյանին բնակարանի վաճառքից հետո հաշտության համաձայնագրով նախատեսված 250.000 ԱՄՆ դոլարից 20.000 ԱՄՆ դոլարը պակաս վճարելու պատճառները չպարզելու հանգամանքը` փաստացի քննության առարկա դարձնելով մասնավոր տիրույթում լուծման ենթակա քաղաքացիական բնույթի իրավահարաբերությունները (վեճը): Միաժամանակ բողոքի հեղինակը նշել է, որ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներից որևէ մեկով չի հաստատվել, որ Վերաքննիչ դատարանի կողմից հիշատակված վճիռը մտել է օրինական ուժի մեջ և Ս.Գալստյանն ու նրա ընտանիքի անդամները պարտավորվածություն են ունեցել դրա պայմանները կատարելու, բացի այդ, դեռևս ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 2016 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ ԵՇԴ/0982/02/15 վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ հիշյալ քաղաքացիական գործն ուղարկվել է ըստ ընդդատության` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որտեղ գործի վարույթը 2017 թվականի հունիսի 27-ին կասեցվել է: Այդպիսով, ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը Ա.Հարությունյանի իրավունքների խախտումը հիմնավորել է բացառապես գոյություն չունեցող հաշտության համաձայնագրի պայմանների չկատարման պատճառները պարզված չլինելու հանգամանքով:

10.3. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հուլիսի 19-ի որոշմանը:

11. Գործին առնչվող անձ Սերգեյ Գալստյանի ներկայացուցիչ Ա.Թամրազյանը գտել է, որ Վերաքննիչ դատարանի վիճարկվող որոշումը պատճառաբանված չէ, այն հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին:

11.1. Բացի այդ, ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ խախտել է  Վճռաբեկ դատարանի` Ռուդիկ Բալասանյանի և Լիա Ավետիսյանի վերաբերյալ գործերով որոշումների պահանջները, քաղաքացիական դատավարության կարգով քննվող վեճի առարկան դիտարկել է իբրև քրեական դատավարության կարգով քննության ենթակա վեճի առարկա։ Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը նաև խախտել է Սերգեյ Գալստյանի իրավունքները և օրինական շահերը, պատշաճ միջոցներ չի ձեռնարկել նրա կամ նրա ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին ապահովելու համար։

11.2. Ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանը դրսևորել է կողմնակալ վերաբերմունք և անտեսելով այն հանգամանքը, որ 2016 թվականի մարտի 22-ի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման բողոքարկման ժամկետը դիմող ԱՀարությունյանի կողմից բաց է թողնվել, այդ հանգամանքին որևէ անդրադարձ չի կատարել։

11.3. Բողոք բերած անձը, անդրադառնալով Սերգեյ Գալստյանի և Անժելա Հարությունյանի միջև կնքված հաշտության համաձայնությանը, փաստել է, որ վերադաս դատարանի դատական ակտով բեկանվել է այն հաստատելու մասին առաջին ատյանի դատարանի դատական ակտը, և Վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելու պահին նման հաշտության համաձայնություն գոյություն չի ունեցել։ Ըստ բողոքաբերի` հիշյալ հանգամանքը վկայում է այն մասին, որ Վերաքննիչ դատարանը վերացրել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, որպեսզի պարզվեն գոյություն չունեցող դատական ակտով սահմանված գումարի մի մասը ետ չվերադարձնելու պատճառները։

12. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի` վերաքննիչ բողոքը բավարարելու մասին 2017 թվականի նոյեմբերի 21-ի որոշումն ու օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի  հուլիսի  19-ի որոշմանը։ 

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք դիմող Անժելա Հարությունյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը սահմանելու և քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։

14. Քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտման դեպքերում քրեադատավարական կառուցակարգերի գործադրմամբ իրավական պաշտպանություն հայցելու հնարավորության կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ քրեադատավարական ռեսուրսները չեն կարող օգտագործվել քաղաքացիական բնույթի իրավահարաբերությունները (վեճը) պարզելու և այդպիսի վեճի առարկան կազմող իրավաբանական փաստերը հաստատելու ուղղությամբ։ Վերջինս պայմանավորված է համապատասխան փաստերը հաստատելու քաղաքացիադատավարական կանոնների՝ քրեադատավարական կանոններից սկզբունքային տարբերությամբ և դրանք մեկը մյուսով փոխարինելու անթույլատրելիությամբ։ Այսպես, եթե քաղաքացիաիրավական հարաբերության հենքը վերաբերում է կարգավորիչ գործառույթ իրականացնող իրավունքի ճյուղին, ապա քրեական իրավունքը և դատավարությունը, մարմնավորելով իրավունքի պահպանիչ գործառույթը, իրենց բնույթով ածանցյալ են իրավունքի տվյալ ճյուղերից, մասնավորապես` քաղաքացիական իրավունքից և դատավարությունից։ Ուստի ներգործության քրեա­իրավական և քրեադատավարական միջոցները չպետք է այնպիսին լինեն, որ խաթարեն քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական հարաբերություն­ների ներքին տրամաբանությունը, անորոշություն ու անկանխատեսելիություն ստեղծեն քաղաքացիա­իրավական շրջանառության մեջ։ Հակառակ պարագայում կարող է առաջանալ իրավիճակ, երբ նույն փաստի վերաբերյալ առկա լինեն քաղաքացիական դատավարության կարգով և քրեական դատավարության կարգով կայացված օրինական ուժի մեջ մտած իրար հակասող դատական ակտեր, ինչն անթույլատրելի է, քանի որ իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից եթե դատարանները վերջնականապես որոշել են որևէ հարց, նրանց որոշումը չպետք է կասկածի տակ դրվի 6 ։

14.1. Վերահաստատելով նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները` Տատյանա Բելյավցևայի և Շահեն Գևորգյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քրեադատավարական իրավահարաբերություններում իրավական պաշտպանություն հայցելու մեխանիզմները չեն կարող օգտագործվել այն դեպքերում, երբ պաշտպանության առարկան կազմող իրավահարաբերություններն իրենց բնույթով ենթակա են կարգավորման քաղաքացիական իրավանորմերի գործադրման արդյունքում։ Այլ կերպ` քրեադատավարական կառուցակարգերը, այդ թվում` վերջնական որոշումների օրինականության նկատմամբ հետագա դատական վերահսկողությունը, չեն կարող կիրառվել քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու ուղղությամբ7 ։

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը դիմող Ա.Հարությունյանի ներկայացուցիչներ Ա.Շահբազյանի և Գ.Շահվերդյանի կողմից ներկայացված բողոքը մերժել է` արձանագրելով, որ Ա.Հարությունյանի ենթադրաբար խախտված գույքային իրավունքները ենթակա են վերականգնման քաղաքացիադատավարական ընթացակարգով8 ։

Մինչդեռ Վերաքննիչ դատարանն իր` 2017 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ արձանագրել է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն օրինական և հիմնավորված չէ, քանի որ հետաքննության մարմինը Ս.Գալստյանի և նրա ընտանիքի անդամների արարքում փաստել է հանցակազմի բացակայությունն այն պայմաններում, երբ չի պարզվել, թե ինչու Երևան քաղաքի Բյուզանդի փողոցի 13-րդ շենքի 2-րդ բնակարանը Զաբել Հակոբյանին ավելի քան 460.000 ԱՄՆ դոլարին համարժեք 227.480.000 ՀՀ դրամով վաճառելու պայմաններում Անժելա Հարությունյանին ամբողջությամբ չի վճարվել հաշտության համաձայնագրով նախատեսված 250.000 ԱՄՆ դոլար գումարը9 ։

16. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 14-րդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը բավարարել է դիմողի ներկայացուցչի բողոքը և վերացրել հետաքննության մարմնի որոշումը` առանց պատշաճ իրավական գնահատականի արժանացնելու այն, որ դիմողի կողմից ինչպես հետաքննության, այնպես էլ նախաքննության մարմնի որոշումների դեմ ներկայացված բողոքով հայցվող իրավական պաշտպանության առարկան կազմում են բացառապես քաղաքացիական իրավանորմերի գործադրմամբ լուծման ենթակա հարցեր։

Այսպես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ Ա.Հարությունյանի և Խ.Գալստյանի, Վ.Չախալյանի, Ա.Շահինյանի ու Ս.Գալստյանի միջև ծագած իրավահարաբերություններն իրենց բնույթով քաղաքացիական են, պայմանագրերը կնքվել են կողմերի փոխադարձ կամահայտնության հիման վրա, որի մասին հայտնել է նաև հենց Ա.Հարությունյանը։ Նշված քաղաքացիական իրավահարաբերության փաստը կողմերի միջև հաստատվել է փոխառության պայմանագրով, որով Խ.Գալստյանի, Վ.Չախալյանի, Ա.Շահինյանի ու Ս.Գալստյանի համար պարտավորություն է սահմանվել փոխառության կարգով տրված ողջ գումարը` 463.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը վերադարձնելու մասին 10 ։  

Այսինքն` վերոնշյալ հանգամանքների համակցությունը վկայում է, որ Ա.Հարությունյանի և Խ.Գալստյանի, Վ.Չախալյանի, Ա.Շահինյանի ու Ս.Գալստյանի միջև ձևավորված իրավահարաբերությունները կրում են բացառապես քաղաքացիական բնույթ, ինչը, սակայն, Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ գնահատման չի ենթարկվել։ Ավելին` Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև բողոքաբերների` 10.2-րդ և 11.3-րդ կետերում ներկայացված փաստարկներն այն մասին, որ Վերաքննիչ դատարանը Ա.Հարությունյանի իրավունքների խախտումը հիմնավորել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնության պայմանների չկատարման պատճառները պարզված չլինելու հանգամանքով` այն դեպքում, երբ հիշյալ համաձայնությունը հաստատելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի վճիռը վերադաս դատարանի կողմից բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` ողջ ծավալով նոր քննության, որի վարույթը դեռևս 2017 թվականի հունիսի 27-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ կասեցվել է: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հաշտության համաձայնության պայմանների չկատարման փաստը, դրա պատճառները կոնկրետ դեպքում ենթակա են պարզման քաղաքացիական դատավարության կարգով: Հետևաբար իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի կողմից քրեական հետապնդման մարմնի վրա քաղաքացիաիրավական վեճը քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ լուծելու պարտականություն դնելը:

Նման պայմաններում Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով վեճի առարկա իրավահարաբերության քաղաքացիաիրավական բնույթը, հանգել է իրավաչափ հետևության այն մասին, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ քննություն է կատարել ներկայացված հաղորդմամբ նկարագրված դեպքի առթիվ, և կայացված որոշմամբ չեն խախտվել դիմող Ա.Հարությունյանի իրավունքներն ու օրինական շահերը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող Անժելա Հարությունյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը սահմանելու և քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։

17. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ, 290-րդ և 358-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա,  ինչը,  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա, Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը բեկանելու հիմք է։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս, Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի պետք է օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հուլիսի 19-ի որոշմանը։

17.1 Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ս.Գալստյանի ներկայացուցիչ Ա.Թամրազյանի՝ սույն որոշման 11.1-րդ կետում նշված՝ Վերաքննիչ դատարանի կողմից իր կամ Ս.Գալստյանի մասնակցությունը դատական նիստին ապահովելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկած չլինելու վերաբերյալ փաստարկը քննարկման առարկա դարձնելն առարկայազուրկ է: Անդրադառնալով բողոքաբերի` Ա.Հարությունյանի կողմից հետաքննիչ Վ.Գալստյանի` 2016 թվականի մարտի 22-ի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը բողոքարկելու ժամկետը բաց թողած լինելու՝ սույն որոշման 11.2-րդ կետում բարձրացված փաստարկին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրա վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ սույն որոշման 9.1-րդ կետում նշված հետևությունները հիմնավոր են և բխում են սույն գործի փաստական տվյալներից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Դիմող Անժելա Հարությունյանի ներկայացուցիչ Ի.Ավագյանի վերաքննիչ բողոքը բավարարելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ դիմող Ա.Հարությունյանի ներկայացուցիչներ Ա.Շահբազյանի և Գ.Շահվերդյանի բողոքը մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հուլիսի 19-ի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

ա. պողոսՅԱՆ

Ս. Օհանյան

 

 


1Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 60-63:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 23-25:

3 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 65-66:

4 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 7-12:

5 Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 117-119:

6 Տե՛ս Լիա Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշման 30-րդ կետը, Վ.Մաթևոսյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵՇԴ/0037/01/11 որոշման 25-27-րդ կետերը, Ռուդիկ Բալասանյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԿԴ/0199/01/13 որոշման 17-րդ կետը:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Տատյանա Բելյավցևայի և Շահեն Գևորգյանի գործով 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԱՆԴ/0025/11/16 գործով որոշման 12.1-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

9 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 8.1.-րդ կետը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան