ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
4 փետրվարի 2019 թվականի |
թիվ 14-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի ԹԻՎ 178-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով սահմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերում պետական մարմինների նույնականացման նպատակով տրամադրվող համապատասխան կոդերի կառուցվածքը և հստակեցնել այդ կոդերի տրամադրման համար նախատեսված թվերի միջակայքերը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և 2-րդ մասի «ե» ենթակետերը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և 2-րդ մասով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի կամ տեղեկատվական համակարգերի մասնակիցների կոդավորման կառուցվածքը, ինչպես նաև հաճախորդների դրամական հաշվեհամարների կառուցվածքը սահմանելու մասին կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 394-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 178-Ն որոշմամբ հաստատված կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կարգի 3-րդ կետի 19-րդ ենթակետում «հիմնադրամ (ֆոնդ)» բառերը փոխարինել «ֆոնդ» բառով,
2) Կարգի 3-րդ կետի 26-րդ ենթակետում «հաշվետվություն ներկայացվող կազմակերպություններ» բառերից հետո լրացնել «կամ պետական մարմիններ,» բառերը,
3) Կարգի 3-րդ կետը 30-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ ենթակետով.
«31) Պետական մարմին՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մարմին»,
4) Կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետից, 22-րդ կետի 1-ին ենթակետից և 28-րդ կետից, ինչպես նաև Կարգի հավելված 2-ի 1-ին ենթակետից հանել «Համահայկական բանկ» բառերը իր հոլովաձևերով,
5) Կարգի 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1 կետ.
«5.1 Կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերին` պետական մարմինների անդամակցության դեպքում, Կենտրոնական բանկի կողմից վերջիններիս տրամադրվում է Տեղեկատվական համակարգում մասնակցության կոդ` այդ նպատակով սահմանված թվերի միջակայքից: Ընդ որում.
1) Սույն կոդը Կենտրոնական բանկը տրամադրում է, երբ պետք է ապահովվի տեղեկատվության փոխանցումը՝ տվյալ պետական մարմնի տեղեկատվական շտեմարանի և Կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի միջև և(կամ) պետք է կատարվի տվյալների փոխանցում ֆինանսական կազմակերպություններին՝ Կենտրոնական բանկի միջնորդությամբ:
2) Տեղեկատվական համակարգում մասնակցության կոդը կիրառվում է Կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգում համապատասխան մասնակցին նույնականացնելու համար:
3) Տեղեկատվական համակարգում սույն մասնակցության կոդը ունի հետևյալ կառուցվածքը
X1X2X3X4X5 | ||
Որտեղ | ||
X1X2 | Բնութագրում է մասնակցին որպես պետական մարմիններ (երկու նիշ երկարությամբ) | Նիշերի առկայությունը պարտադիր է |
X3X4X5 | Բնութագրում է տվյալ պետական մարմինը կամ վերջինիս համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը նույնականացնող հերթական համարը (երեք նիշ երկարությամբ) | Նիշերի առկայությունը պարտադիր է |
4) Տեղեկատվական համակարգում պետական մարմիններին տրամադրվող մասնակցության կոդը թվերի հաջորդականություն է, որի երկարությունը 5 (հինգ) նիշ է, այն բաղկացած է պարտադիր լրացվող՝ X1X2X3X4X5 նիշերից: Սույն կոդի կառուցվածքում համապատասխան պետական մարմինը (կամ վերջինիս համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը) բնութագրում են X3X4X5-նիշերը, որոնք առանց X1X2-նիշերի չեն կիրառվում:
5) Տեղեկատվական համակարգում մասնակցության կոդը (X1X2X3X4X5-նիշեր) տրամադրվում է համաձայն այդ կոդի տրամադրման մասին Կենտրոնական բանկի նախագահի որոշման:
6) Տրամադրվող կոդը եզակի է և այդ կոդը մասնակցի կողմից ենթակա չէ փոփոխման կամ օտարման:
7) Տրամադրվող կոդը չի կարող կիրառվել վճարային համակարգերում նույնականացման և անդամակցության համար:
8) Տեղեկատվական համակարգում նույնականացման նպատակով յուրաքանչյուր մասնակցի տրամադրվում է մեկ նույնականացման կոդ, կիրառման համար լրացուցիչ երկրորդ կոդը չի տրամադրվում:
9) Տեղեկատվական համակարգում մասնակցության համար տրամադրված կոդը ճանաչվում է անվավեր և դադարեցվում է վերջինիս կիրառումը՝ համաձայն Կենտրոնական բանկի նախագահի որոշման:
10) Տեղեկատվական համակարգին սույն կետով սահմանված անդամակցության գործընթաց նախաձեռնելու համար պետական մարմինը Կենտրոնական բանկ է ներկայացնում համապատասխան գրություն (տեղեկատվական համակարգում մասնակցության և կոդի տրամադրման մասին)՝ միաժամանակ կցելով համապատասխան հիմնավորումները:»,
6) Կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետում «գրանցվում է» բառից հետո լրացնել «(հաշվառվում է)» բառը, իսկ «գրանցման» բառից հետո լրացնել «(հաշվառման)» բառը,
7) Կարգի 22-րդ կետի 8-րդ ենթակետում «վրա» բառից հետո լրացնել «, բացառությամբ նշված միջակայքում 95-ով սկսվող թվերի (ներառյալ` 950)» բառերը,
8) Կարգի 22-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1 կետ.
«22.1 Կենտրոնական բանկի Տեղեկատվական համակարգերում պետական մարմինների նույնականացման նպատակով կոդերի տրամադրման համար սահմանվում են հետևյալ թվային միջակայքերը.
Մասնակիցներին համապատասխան կոդերը տրամադրվում են 95001-ից (ներառյալ) մինչև 95999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար՝ 95001-ից սկսած, որտեղ պետական մարմիններին նույնականացնող միասնական կոդը (X1X2-նիշերն են) 95 թիվն է, իսկ համապատասխան պետական մարմինը (կամ վերջինիս համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը) նույնականացնող համարը (X3X4X5-նիշերը) տրամադրվում է 001-ից (ներառյալ) մինչև 999 (ներառյալ) թվերի միջակայքում հաջորդաբար:»,
9) Կարգում բոլոր «Արժեթղթավորման հիմնադրամ» և «արժեթղթավորման հիմնադրամ» բառերը դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Արժեթղթավորման ֆոնդ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Ջավադյան |
2019 թ. փետրվարի 7 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|