ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԱՆԴ/0006/11/08 |
ԵԱՆԴ/0006/11/08 |
Նախագահող դատավոր՝ Հ. Տեր-Ադամյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ` դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
Ե. Դանիելյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ` |
Մ. Ավագյանի | |
մասնակցությամբ` դիմողներ` |
Ա. Մովսեսյանի | |
Գ. Խաչատրյանի |
2018 թվականի սեպտեմբերի 20-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2008 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքի և դիմողներ Ալբերտ Մովսեսյանի, Գայանե Խաչատրյանի ու նրանց ներկայացուցիչ Մելս Մանուկյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2008 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորքի քննչական բաժնում Կարինե Ալբերտի Մովսեսյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
2. Դիմողներ Ալբերտ Մովսեսյանը, Գայանե Խաչատրյանը և Սամվել Դանիելյանը քննիչի՝ 2008 թվականի ապրիլի 25-ի որոշման դեմ բողոք են ներկայացրել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։
Առաջին ատյանի դատարանը 2008 թվականի մայիսի 26-ի որոշմամբ ներկայացված բողոքը մերժել է։
3. Վերոհիշյալ դատական ակտի դեմ Ա.Մովսեսյանի և Գ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2008 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը՝ թողնվել օրինական ուժի մեջ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմողներ Ա.Մովսեսյանի և Գ.Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2008 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ բողոքը Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի միջոցով բերված չլինելու պատճառաբանությամբ:
5. Ա.Մովսեսյանը 2009 թվականի ապրիլի 22-ին ընդդեմ Հայաստանի Հանրապետության գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան կամ Դատարան): Ներկայացված գանգատի (գանգատ թիվ 27524/09) քննության արդյունքում Եվրոպական դատարանը 2017 թվականի նոյեմբերի 16-ին կայացրել է «Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում:
6. Նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու բողոքներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը, դիմողներ Ա.Մովսեսյանը, Գ.Խաչատրյանն ու նրանց ներկայացուցիչ Մ.Մանուկյանը:
2018 թվական հուլիսի 20-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2008 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման վերանայման վարույթ հարուցելու և ներկայացված բողոքները Վճռաբեկ դատարանի վարույթ ընդունելու մասին։
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
7. Քննիչի` 2008 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «2007թ. սեպտեմբերի 7-ին, ժամը 22-ի սահմաններում, 19.11.1985թ. ծնված Կարինե Ալբերտի Մովսեսյանը վատացել և տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ 2007թ. սեպտեմբերի 14-ին, ժամը 7.20-ին մահացել է:
(…)
Համաձայն 23.04.2008թ. ստացված թիվ 6 եզրակացության՝ Կ.Մովսեսյանի մահը վրա է հասել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայից՝ գլխուղեղի կենսականորեն կարևորագույն ֆունկցիաների խանգարման ֆոնի վրա, (…) նրա մոտ ի ծնե հիվանդության մասին վկայող տվյալներ չեն հայտնաբերվել, (…) առաջին բուժ. օգնություն ցուցաբերած անձնակազմի, հիվանդանոցում բժիշկների կողմից բուժ. օգնությունը, իրականացված բուժումը, ներարկումները կատարվել են պատշաճ, բավարար, առանց թերացումների և ճիշտ ու ժամանակին:
Այսպիսով, նյութերի նախապատրաստմամբ հիմնավորվել է, որ Կարինե Մովսեսյանի մահը վրա է հասել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայից (…), ուստի քրեական գործի հարուցումը ենթակա է մերժման՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով»1:
8. 2008 թվականի ապրիլի 25-ին Նոր Նորքի քննչական բաժնի պետը միջնորդագիր է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն Ա.Պետրոսյանին` հետևյալ բովանդակությամբ. «Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ բուժ. անձնակազմը [բժիշկ Անժելա Գևորգովա, բուժքույր՝ Արմինե Ազիզյան և վարորդ՝ Մերուժան Հովակիմյան] տեղ է հասել կանչից շուրջ 40 րոպե ուշացումով, տեղում բժշկուհի՝ Ա.Գևորգովան հանձնարարել է ներարկել բուժքրոջը Ռելանիում և Մագնեզիում տեսակի դեղամիջոցները, սակայն կանչի թերթիկի մեջ նշել է միայն Ռելանիում տեսակի դեղամիջոցը, բացի այդ, տեղում որոշելով տեղափոխել հիվանդին հիվանդանոց՝ պրոցեսը կատարվել է շատ դանդաղ, անկազմակերպ և վարորդն իր պարտականությունները /հիվանդին իջեցնելու, մեքենայում տեղավորելու կապակցությամբ/ չի կատարել պատշաճ ձևով, որից հետո բժիշկ Ա.Գևորգովան հիվանդի կողքին նստելու փոխարեն նստել է մեքենայի առջևի նստատեղին՝ անմիջական հսկողությունից դուրս թողնելով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին (…):
(…) [Հ]իմնավորված եմ համարում այն հանգամանքը, որ առաջին բուժօգնության մեկնած հիշյալ անձնակազմը ցուցաբերել է ոչ պատշաճ բուժ.օգնություն, թույլ է տվել թերացումներ և բժշկին ոչ վայել դրսևորումներ՝ արհամարհելով, վիրավորելով հիվանդի ծնողներին, հիվանդին թողնելով ոչ անմիջական հսկողության տակ և հասել են դեպքի վայր խիստ ուշացումով (…)»2:
Ի պատասխան Նոր Նորքի քննչական բաժնի պետ Հ.Բաղդասարյանի գրության` Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն Ա.Պետրոսյանը գրությամբ հայտնել է. «Ի պատասխան Ձեր (…) միջնորդագրի հայտնում ենք, որ (…) տեղի է ունեցել բուժ. խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է միջնորդագրում նշված կանչի մանրամասները, աշխատակիցների կողմից ներկայացվել են բացատրագրեր, որի արդյունքում (…) բժշկուհի Անժելա Գևորգովան պետական և աշխատանքային կանոնակարգի կոպիտ խախտման համար ստացել է գրավոր նկատողություն»3:
9. Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի մայիսի 26-ի որոշման համաձայն՝ «Ընդհանուր իրավասության դատարանը, հետազոտելով Կարինե Մովսեսյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերը, համադրելով դրանք իրենց համակցության մեջ, տալով դրանց քրեաիրավական գնահատականը, հանգեց հետևության, որ քննիչի կողմից ձեռնարկվել են նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, սակայն կատարված գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով չի հիմնավորվել հանցագործության դեպքի առկայությունը, ինչը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ քրեական գործի վարույթը բացառող հանգամանք է դիտվում»4:
10. Վերաքննիչ դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 4-ի որոշման համաձայն՝ «(…) [Ը]նդհանուր իրավասության դատարանը, պահպանելով ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջները, կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում, այն բեկանելու հիմքեր չկան, ուստի վերաքննիչ բողոքը պետք է մերժել»5:
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
11. Բողոքների հեղինակները փաստել են, որ Եվրոպական դատարանի՝ «Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճիռը նոր հանգամանք է դատական ակտը վերանայելու համար։ Մասնավորապես, դիմողներ Ա.Մովսեսյանը, Գ.Խաչատրյանն ու նրանց ներկայացուցիչ Մ.Մանուկյանը վճռաբեկ բողոքում խնդրել են վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը, բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 4-ի դատական ակտը:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը վճռաբեկ բողոքում նշել է, որ Եվրոպական դատարանը կյանքի հիմնարար իրավունքի խախտում է արձանագրել` նկատի ունենալով, որ Կ.Մովսեսյանի մահվան դեպքի առթիվ պաշտոնական քննությունը սահմանափակվել է նյութերի նախապատրաստմամբ, որի շրջանակներում տուժողի հայրը՝ Եվրոպական դատարանում դիմումատու՝ Ա.Մովսեսյանը, չի ունեցել համապատասխան դատավարական կարգավիճակ և իր փաստարկները, հիմնավորումներն ու նյութերը ներկայացնելու և դրանց պատշաճ քննարկումն ապահովելու հնարավորություն։ Արձանագրված խախտումը բնույթով այնպիսին է, որ այն հնարավոր է վերացնել Կ.Մովսեսյանի մահվան դեպքի հանգամանքների՝ պատշաճ իրավական ընթացակարգով՝ վարույթում համապատասխան շահեր իրացնող անձանց դատավարական կարգավիճակն ու դրանից բխող դատավարական հնարավորությունները երաշխավորող պաշտոնական վարույթի շրջանակներում հետազոտությամբ։
Արդյունքում բողոքաբերը խնդրել է վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը և բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի մայիսի 26-ի և Վերաքննիչ դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 4-ի որոշումներն ու գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում արձանագրելու փաստն արդյո՞ք ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ 2008 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը վերանայելու հիմք է։
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են`
(...)
2) նոր երևան եկած կամ նոր հանգամանքները»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն`
«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն6 օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։
2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի (մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը գործող խմբագրությամբ) համաձայն`
«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.
(…)
2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.
(…)։
2. Սույն հոդվածի առաջին մասի (…) 2-րդ կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (…) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դր[ա] ուժի մեջ մտնելու պահից։
(…)»։
Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտերի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում՝ Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը (տե՛ս, mutatis mutandis, Գրիշա Վիրաբյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Բագրատ, Արևիկ և Նարինե Նալբանդյանների գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15, Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15, Արայիկ Զալյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16, Դավիթ Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՍԴ3/0088/01/09 որոշումները)։
14. Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատու Ալբերտ Մովսեսյանի դստեր նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային պարտավորության խախտում։
Մասնավորապես՝ Եվրոպական դատարանը քննարկվող գործի շրջանակներում վերահաստատել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման դեպքում արդյունավետ քննություն իրականացնելու պետության պարտավորության մասին իր նախադեպային իրավունքի շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումները` փաստելով. «(…) 2-րդ հոդվածով սահմանված ընթացակարգային պարտավորությամբ պետությունից պահանջվում է ստեղծել այնպիսի արդյունավետ անկախ դատական համակարգ, որ բացահայտվի բուժաշխատողների խնամքի տակ եղած հիվանդների մահվան պատճառը՝ թե՛ պետական և թե՛ մասնավոր հատվածում, և դրա համար պատասխանատու անձինք ենթարկվեն պատասխանատվության (…): Նշված ընթացակարգային պարտավորությունը վերաբերում է ոչ թե արդյունքին, այլ միայն միջոցներին (…):
(…) Դատարանը մի շարք առիթներով նշել է, որ 2-րդ հոդվածով պահանջվող արդյունավետ դատական համակարգը կարող է ներառել, իսկ որոշ հանգամանքներում պետք է ներառի քրեական իրավունքի օգնությանը դիմելու հնարավորությունը: Այնուամենայնիվ, եթե կյանքի իրավունքի կամ անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումը չի կատարվել դիտավորությամբ, ապա 2-րդ հոդվածով սահմանված՝ արդյունավետ դատական համակարգ ստեղծելու պոզիտիվ պարտավորությունը պարտադիր ձևով չի ենթադրում յուրաքանչյուր գործի դեպքում քրեական իրավունքում առկա իրավական պաշտպանության միջոցի տրամադրում։ Բժշկական անփութության կոնկրետ դեպքերում այդ պարտականությունը կարող է կատարվել, օրինակ, եթե դատական համակարգով տուժողներին հնարավորություն է տրվում օգտվելու քաղաքացիական գործերով դատարաններում առկա իրավական պաշտպանության միջոցից՝ ինքնուրույն կամ քրեական գործերով դատարաններում առկա իրավական պաշտպանության միջոցի հետ համատեղ՝ տվյալ բժիշկների մասով պատասխանատվություն սահմանելու և քաղաքացիական գործով ցանկացած պատշաճ փոխհատուցում ստանալու հնարավորություն տալով, ինչպես օրինակ՝ վնասների վերաբերյալ հանձնարարությունը կամ որոշման հրապարակումը։ Կարող են կիրառվել նաև կարգապահական միջոցներ (…)»7:
Վերոգրյալ դրույթները կիրառելով քննարկվող գործի փաստական տվյալների նկատմամբ` Եվրոպական դատարանն ընդգծել է. «(…) 2007 թվականի սեպտեմբերի 7-ի երեկոյան դիմումատուի դուստրը՝ Կ.Մ.-ն, որը մոտավորապես հինգ շաբաթական հղի է եղել, իրեն վատ է զգացել և սկսել է ցնցվել: Կանչվել է շտապօգնություն. նրան ախտորոշել են ցնցումային համախտանիշ, կատարել են երկու ներարկում և տեղափոխել են հիվանդանոց, որտեղ 2007 թվականի սեպտեմբերի 14-ին նա մահացել է: Նա այլևս գիտակցության չի եկել: Դիմումատուն չի պնդել կամ ենթադրել, որ իր դուստրը հիվանդանոց տեղափոխվելուց հետո չի ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն։ Այնուամենայնիվ, նա պնդել է, որ շտապօգնության բժիշկը , բուժքույրը իր դստերն առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել և, ավելին, ներարկել են այնպիսի նյութեր, որոնք հակացուցված են եղել՝ հաշվի առնելով նրա հղիությունը, շնչառական խնդիրները և արյան ցածր ճնշումը:
(…)
(…) [Դ]իմումատուի դստեր մահվանը հանգեցնող իրադարձությունները և ներգրավված բուժանձնակազմի ենթադրյալ պատասխանատվությունը հարցեր են, որոնք պետք է ուսումնասիրվեն այդ իրադարձությունները պարզաբանելու համար նախատեսված մեխանիզմների համապատասխանության տեսանկյունից՝ հնարավորություն տալով, որպեսզի գործի փաստերը ենթարկվեն հանրային վերահսկողության, մասնավորապես, ի շահ դիմումատուի (…): Հետևաբար, Դատարանը պետք է ուսումնասիրի, թե արդյոք կարող է, համաձայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի, առաջանալ պետության պատասխանատվության հարցը՝ դատական համակարգի՝ դիմումատուի դստեր մահվանը հանգեցրած անփութության համար պատասխանատվություն սահմանելու ենթադրյալ անկարողության հետ կապված։ Այն պետք է ուսումնասիրի, թե արդյոք կարելի է ասել, որ իրավական պաշտպանության հասանելի միջոցները միասին վերցված ապահովել են մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և տուժողին համապատասխան փոխհատուցում տրամադրելու համար բավարար փաստերը հաստատող իրավական միջոցների առկայությունը»8:
14.1. Անդրադառնալով քննվող գործի հանգամանքներին՝ Եվրոպական դատարանն արձանագրել է. «(…) Դատարանն ի սկզբանե նշում է, որ դիմումատուի դստեր մահվան առնչությամբ, որպես այդպիսին, որևէ քրեական վարույթ չի հարուցվել, սակայն Կ.Մ.-ի մահվան օրը Վարչական շրջանի դատախազությունը նրա մահվան առնչությամբ հետաքննություն է սկսել, որի ընթացքում նշանակվել է դիահերձում, ինչպես նաև հարցաքննվել է Կ.Մ.-ի բուժման գործընթացին ներգրավված բուժանձնակազմը: Այս առնչությամբ Դատարանը նկատում է, որ պաշտոնապես հարուցված քրեական վարույթի բացակայության պայմաններում, հարցաքննված անձանց, այդ թվում՝ շտապօգնության բժշկին և բուժքրոջը պարզապես խնդրել են իրադարձությունների վերաբերյալ բացատրություն տալ։ Ավելին, չնայած շտապօգնության բժշկի և բուժքրոջ կողմից տրված՝ իրադարձությունների վերաբերյալ բացատրությունները՝ ներարկված դեղամիջոցների տեսակի և քանակի մասով, հակասել են միմյանց, քննիչը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկել նրանց սկզբնական ցուցմունքների միջև անհամապատասխանությունները պարզաբանելու համար (…): Դատարանն այնուհետև նկատում է, որ քննության ընթացքում հարցաքննված բուժաշխատողներից ոչ մեկը հետագայում չի կանչվել դատարանում երդմամբ ցուցմունք տալու համար՝ չնայած դիմումատուն այդպիսի հատուկ պահանջ էր ներկայացրել, ինչը կարող էր հնարավորություն տալ ստուգելու նրանց ցուցմունքների արժանահավատությունը: Հարկ է նշել, որ թե՛ քննություն իրականացնող մարմինները և թե՛ դատարաններն իրենց որոշումները կայացնելիս հիմնվել են բուժանձնակազմի անդամների վերոնշյալ ցուցմունքների վրա (…):
(…) Դատարանը նաև նշում է, որ քննություն իրականացնող մարմինը հետաքննության ժամանակ չի ապահովել դիմումատուի անմիջական մասնակցությունը։ Քանի որ չի հարուցվել քրեական վարույթ, դիմումատուն վարույթում չի ունեցել տուժողի պաշտոնական կարգավիճակ, որը նրան թույլ կտար օգտվելու այդ կարգավիճակին հատուկ իրավունքներից, ինչպես օրինակ՝ գործի նյութերում ներառելու համար փաստաթղթեր կամ այլ նյութեր ներկայացնելը կամ փորձագետներին հարցեր ուղղելը։ Փաստացի, դիմումատուն քննությունն իրականացնող մարմին մի քանի անգամ ներկայացրել է համապատասխան բժշկական ցուցումների պատճեններն ու բժշկական գրականությունից քաղվածքներ և հետագայում դատարանում հղում է կատարել դրանց, սակայն նրա փաստարկներն այդպես էլ չեն ուսումնասիրվել։ Ավելին, չնայած այն փաստին, որ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննությանը դիմումատուի մասնակցությունն ի վերջո թույլատրվել է Վարչական շրջանի դատախազի 2008 թվականի մարտի 3-ի որոշմամբ, պարզվում է, որ նրա մասնակցությունը զուտ ձևական բնույթ է կրել, քանի որ համապատասխան փաստաթղթային ապացույցներով հիմնավորված նրա փաստարկները չեն ուսումնասիրվել փորձագետների հանձնաժողովի կողմից՝ իր եզրահանգումներն անելու ժամանակ (…): Հետևաբար, չի կարելի համարել, որ դիմումատուն՝ հաշվի առնելով նրա անմիջական հետաքրքրվածությունը և անձնական մտահոգությունը հետաքննության առարկայի նկատմամբ, գործընթացին ներգրավված է եղել այնքանով, որքանով անհրաժեշտ է եղել նրա շահերը պաշտպանելու համար։
(…) [Ո]՛չ դիահերձմամբ և ո՛չ էլ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննությամբ վերջնականապես չի պարզվել դիմումատուի դստեր մահվան պատճառը: Այսպիսով, համաձայն դիահերձման արձանագրության, նա մահացել է օրգանիզմի ընդհանուր թունավորումից, որն առաջացել է նյարդային անոթների տարածուն և ցրված թրոմբոզի հետևանքով առաջացած գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարման հետևանքով: Նշանակվել է երկու լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն. մեկը նախաքննության ընթացքում, որի արդյունքում կայացվել է թիվ 89 դատաբժշկական եզրակացությունը, և մյուսը՝ դատախազի 2008 թվականի մարտի 3-ի որոշման համաձայն իրականացված լրացուցիչ քննության ընթացքում, որի արդյունքում կայացվել է թիվ 6 դատաբժշկական եզրակացությունը: Չնայած պատասխանող Կառավարությունը Դատարանին չի տրամադրել թիվ 89 դատաբժշկական եզրակացության ամբողջական և ճշգրիտ օրինակը, ըստ հասանելի նյութերի՝ այս եզրակացության մեջ նշվել է, որ Կ.Մ.-ին ցուցաբերված բժշկական օգնությունը եղել է ճիշտ և ախտանիշների վրա հիմնված: Այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյոք այս դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է օրգանիզմի ընդհանուր թունավորման պատճառը, որն առաջացել է նյարդային անոթների տարածուն և ցրված թրոմբոզի հետևանքով առաջացած գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարման հետևանքով, որը ենթադրաբար Կ.Մ.-ի մահվան պատճառն է եղել: Ավելին, թիվ 6 դատաբժշկական եզրակացությամբ նույնպես հստակ չի պարզվել, թե կոնկրետ ինչի հետևանքով է առաջացել Կ.Մ.-ի նյարդային անոթների թրոմբոզը, որը հանգեցրել է գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարման, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել օրգանիզմի ընդհանուր թունավորումը: Միևնույն ժամանակ, այս եզրակացության մեջ նշվել է, որ պարզ չէ, թե արդյոք Կ.Մ.-ն ծնված օրվանից տառապել է այնպիսի հիվանդությամբ, որը հավանաբար կարող էր կապ ունենալ նրա մահվան հետ, և որ համապատասխան բժշկական փաստաթղթերի բացակայության պայմաններում հնարավոր չի եղել պարզել, թե արդյոք նա ունեցել է որևէ ֆունկցիոնալ խանգարում, որը կարող էր առաջացնել ցնցումային համախտանիշը (…): Այս առնչությամբ Դատարանը նկատում է, որ քննություն իրականացնող մարմինը և դատարանները որևէ փորձ չեն արել հանգուցյալի՝ նրա մահվանը հանգեցրած կրիտիկական վիճակի պատճառները պարզելու համար և, առանց լրացուցիչ պարզաբանման, բավարար են համարել դատաբժշկական փորձագետների եզրահանգումներին հղում կատարելը, որոնցով, ինչպես արդեն նշվել է, պարզապես հաստատվել է մահվան՝ դիահերձմամբ որոշված հնարավոր պատճառը, սակայն չի տրվել որևէ բացատրություն, թե նախ և առաջ այդ վիճակն ինչի հետևանքով կարող էր առաջանալ: Այնուհետև Դատարանը նկատում է, որ դիմումատուն և հանգուցյալի մյուս բարեկամները ո՛չ հետաքննության և ո՛չ էլ դատական վարույթի ընթացքում չեն հարցաքննվել՝ պարզելու համար, թե արդյոք նախկինում նա ունեցել է որևէ այնպիսի խանգարում, որը կարող էր հանգեցնել նյարդային անոթների տարածուն և ցրված թրոմբոզի: Այդպիսի հանգամանքներում Դատարանը գտնում է, որ իշխանությունները չեն գործել բավարար ջանասիրությամբ և խնամքով, որպեսզի պարզեն դիմումատուի դստեր մահվան պատճառը:
(…) [Հ]ետաքննությամբ պարզվել է, որ շտապօգնության բրիգադը դիմումատուի դստերը պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերել: Հետևաբար, զարմանալի է այն փաստը, թե ինչու դրա մասին ընդհանրապես չի նշվել կամ այն հաշվի չի առնվել քրեական վարույթ հարուցելը մերժելու մասին քննիչի որոշման մեջ: Ավելին, այս որոշման մեջ, որը հետագայում հաստատվել է դատարանների կողմից, նշվել է, որ Կ.Մ.-ին առաջին բժշկական օգնությունը տրամադրվել է պատշաճ ձևով, մինչդեռ, միևնույն ժամանակ, բժիշկն իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար քննիչի պահանջով ստացել է նկատողություն: Այդպիսի հանգամանքներում պարզ է դառնում, որ քննություն իրականացնող մարմինը դիմումատուի դստերը ցուցաբերված բժշկական օգնության պատշաճ լինելու վերաբերյալ հանգել է ոչ ճիշտ եզրահանգումների, և որ դատարանները պարզապես հաստատել են այդ եզրահանգումները՝ առանց լրացուցիչ ուսումնասիրելու, թե արդյոք շտապօգնության բրիգադի՝ իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելը հանգուցյալի վիճակի վրա որևէ որոշիչ բացասական ազդեցություն է ունեցել (…):
(…):
Դատարանը նկատում է, որ տվյալ ժամանակահատվածում դիմումատուն հնարավորություն չի ունեցել պետության դեմ քաղաքացիական հայց ներկայացնելու՝ իր դստեր մահվան հետևանքով կրած ոչ նյութական վնասի հատուցման պահանջով, քանի որ նյութական վնասը չի համարվել վնասի այնպիսի տեսակ, որի դիմաց կարող էր հատուցում պահանջվել քաղաքացիական գործով վարույթի շրջանակներում՝ մինչև Քաղաքացիական օրենսգրքում 2014 թվականին կատարված փոփոխությունները: Ինչ վերաբերում է նյութական վնասի հատուցում պահանջելու հնարավորությանը, ապա Կառավարությունը պնդել է, որ այդ հնարավորությունը կախված է քրեական գործով վարույթի արդյունքից (…):
(…) Այս առնչությամբ Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի ամենահիմնարար դրույթները համարվող 2-րդ և 3-րդ հոդվածների խախտում պարունակող գործերում խախտման հետևանքով առաջացած ոչ նյութական վնասի հատուցումը պետք է, մասնավորապես, հասանելի լինի՝ որպես փոխհատուցման շրջանակի մի մաս (…):
(…) Այն հանգամանքներում, երբ դիմումատուն ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու որևէ հնարավորություն չի ունեցել, մինչդեռ նյութական վնասի դիմաց հատուցում ստանալու հնարավորությունը, ինչպես պնդել է Կառավարությունը, կախված է եղել քրեական վարույթի արդյունքներից (…), Դատարանը համարում է, որ պաշտպանության քաղաքացիաիրավական միջոցներով հնարավոր չէր լինի հասնել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված արդյունքին, այն է՝ պարզել դիմումատուի դստեր մահվան հետ կապված հանգամանքները և պատասխանատու անձանց ենթարկել պատասխանատվության:
(…) Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային պարտավորության խախտում»9:
15. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում արձանագրելու փաստը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ 2008 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը վերանայելու հիմք է։
16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացվածերկրորդիրավական հարցը հետևյալն է.Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցն արդյո՞ք վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է։
17. Վճռաբեկ դատարանը կրկնում է նախկինում իր կողմից արտահայտված հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Կոնվենցիայի խախտում արձանագրվելու դեպքում պետությունն արդարացի փոխհատուցում տրամադրելուց զատ պարտավորվում է հնարավորության դեպքում ձեռնարկել որոշակի անհատական միջոցառումներ, որոնք հնարավորինս կվերականգնեն մինչև խախտումը եղած իրավիճակը: Այլ կերպ` յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները, խախտման բնույթը, դրա` գործի ելքի վրա ունեցած ազդեցությունը, ինչպես նաև «restitutio in integrum»-ն ապահովելու հնարավորությունը: Եթե վերոնշյալ հանգամանքների գնահատումը վկայում է, որ գործի վերաբացման արդյունքում հնարավոր է վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը, ապա վարույթի նորոգում պետք է տեղի ունենա10: Ընդ որում, այդ առումով հատկանշական է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հունվարի 19-ի` «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումների հիման վրա ներպետական մակարդակով գործերի վերանայման և վարույթի նորոգման մասին» հանձնարարականը, որտեղ նշվում է, որ անհատական միջոցառումների ձեռնարկումն անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների պարտադիր առկայության պարագայում, այն է` նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ և դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա ներպետական որոշման բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ»11:
18. Հաշվի առնելով Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի շրջանակներում Եվրոպական դատարանի արտահայտած և սույն որոշման 13-14.1-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումները, գնահատելով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտման բնույթը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է։
Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման վերանայման արդյունքում Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2008 թվականի մայիսի 26-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 4-ի որոշումները պետք է բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել։ Դիմողներ Ալբերտ Մովսեսյանի և Գայանե Խաչատրյանի վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վճռաբեկ դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը վերանայել։
2. Դիմողներ Ալբերտ Մովսեսյանի, Գայանե Խաչատրյանի և Սամվել Դանիելյանի բողոքի վերաբերյալ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի մայիսի 26-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 4-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
_______________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 3-4:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 10-11:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 51:
4 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 65:
5 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 156:
6 Տե'ս ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-935 որոշումը:
7 Տե՛ս Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 61-62-րդ կետերը:
8 Տե՛ս Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 63-րդ և 65-րդ կետերը։
9 Տե՛ս Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 66-75-րդ կետերը։
10 Տե՛ս Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15 որոշման 19-րդ կետը:
11 Տե՛ս Հրաչյա Մուրադյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 30-ի որոշման 26-րդ կետը:
Նախագահող` |
Լ. Թադևոսյան | |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
ե. դԱՆԻԵԼՅԱՆ | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|