Գլխավոր տեղեկություն
Համար
N 139-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 01.03.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.02.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2019 թվականի N 139-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-001-16.01.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     

2019 թ. փետրվարի 26

Երևան

       

             

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-001-16.01.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

              

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածը լրացնել նոր՝ 31  մասով, համաձայն որի՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունիսի 9-ի ՀՕ 97-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև «Էրեբունի-Երևանի 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՕ-414-Ն օրենքի ուժի մեջ մտնելը՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկ ու կես օրվա դիմաց։

Այս առումով անհրաժեշտ է հիշատակել, որ 2018 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում շրջանառվում էր «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը1, որով առաջարկվում էր մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցել ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժի՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց: Ի տարբերություն ներկա նախագծի՝ նախորդ նախագծով առաջարկվող կարգավորումները ժամանակային սահմանափակում չէին նախատեսում։

Բարձրացված հարցի առնչությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, վերահաստատելով իր նախկին դիրքորոշումը, առաջարկվող կարգավորման կապակցությամբ հայտնում է հետևյալ նկատառումները։

1. Նախագծի անհրաժեշտությունն ընդգծելու համար՝ նախագծին կից հիմնավորման մեջ նշվում է, որ 2003 թվականին օրենսդիրը որդեգրել էր ավելի մարդասիրական մոտեցում ազատազրկման ձևով նշանակվող պատիժների հաշվակցման հարցում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական կալանքը ենթադրում է ավելի խիստ մեկուսացում և պահման այլ ավելի խիստ պայմաններ։ Ասվածի առնչությամբ նախ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժատեսակների և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված խափանման միջոցներից կալանքի հարաբերակցությունը՝ հիմք ընդունելով գործող օրենսդրությամբ առաջարկվող կարգավորումները։ Այսպես՝ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցը չի ընկալվում և չպետք է ընկալվի որպես պատիժ։ Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը հստակ ամրագրում է, որ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միգջոցները չեն կարող պարունակել պատժի տարրեր (Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մաս)։ Քրեական վարույթի ընթացքում կալանքը կիրառվում է որոշակի ռիսկեր գնահատելու արդյունքում և միտված է արդարադատության պատշաճ իրականացումն ապահովելուն։ Այնինչ, եթե կալանավորման 1 օրը հաշվակցում ենք ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրելու 1.5 օրվա, ապա դրանով կալանավորմանը տրվում է պատժի բովանդակություն: Այն դեպքերում, երբ կլինեն իրավունքների խախտումներ՝ կապված խափանման միջոցի ոչ բարվոք պայմանների կամ դրանից ողջամտորեն բխող սահմանափակումներից առավել խիստ սահմանափակումների հետ, ապա գործող իրավական կառուցակարգերը արդյունավետ միջոցի հնարավորություն են ընձեռում խախտված իրավունքերը վերականգնելու և վնասի հատուցում ստանալու համար: Բացի դրանից, հարց է առաջանում՝ արդյո՞ք նախնական կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները կարող են հիմնավորել նախագծով առաջարկվող իրավակարգավորումն այն պարագայում, երբ դատապարտված անձի հետ համեմատ այդ սահմանափակումներն, ըստ էության, առավել խստությամբ աչքի չեն ընկնում: Ավելին՝ վերաբերելի օրենսդրության ուսումնասիրությունը վկայում է, որ կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների ծավալը հիմնականում համընկնում է, իսկ որոշ դեպքերում կալանավորված անձինք գտնվում են առավել շահեկան վիճակում2:

Հիմնական էական տարբերություն է երկարատև տեսակցությունների հնարավորությունը, որից զրկված են կալանավորված անձինք։ Սակայն այս առումով հարկ է հիշատակել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ, մշակել է նախագիծ, որով երկարատև տեսակցությունների հնարավորություն կունենան նաև կալանավորված անձինք: Ընդ որում՝ հիշյալ նախագիծը հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի նիստում և ներկայացվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը:

2. Նախագծով առաջարկվող կարգավորման ժամանակային սահմանափակման առնչությամբ, այսինքն՝ մինչև «Էրեբունի-Երևանի 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՕ-414-Ն օրենքի ընդունումը, նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ որևէ անդրադարձ չկա այն հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում ժամանակային սահմանափակումը և թե որոնք են դրա արդունքում վրա հասնող ցանկալի հետևանքները։ Այլ կերպ ասած՝ անհասկանալի է՝ ինչու մինչ համաներման վերաբերյալ ակտն ուժի մեջ մտնելը կալանքի մեկ օրը պետք է հաշվակցվի ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժատեսակի մեկ ու կես օրվա, իսկ 2018 թվականի նոյեմբերի 6-ից հետո՝ մեկ օրը մեկ օրվա դիմաց։

3. Անդրադառնալով նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող իրավակարգավորմանը, ըստ որի՝ առաջարկվում է դրա կատարումը վերապահել դատարանին օրենքն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելու ժամանակագրությանը համապատասխան՝ հարկ է նկատել, որ այն նախ խնդրահարույց է դատարանների ծանրաբեռնվածության տեսանկյունից։ Բացի դրանից, դատական ակտերի ուժի մեջ մտնելու ժամանակագրությամբ ղեկավարվելու պարագայում նախագծի ընդունման նպատակահարմարությունը վիճահարույց կարող է լինել նաև այն պատճառաբանությամբ, որ վերջին տարիներին կալանքի տակ գտնված և ապա փոքր ժամկետով ազատազրկման դատապարտված կամ պատժի կրման ավարտական փուլում գտնվող անձանց գործերի՝ ըստ ժամանակագրության վերանայման դեպքում վերջիններիս համար նախագիծը որևէ դրական հետևանք չի ունենա՝ նկատի ունենալով, որ մինչև վերանայման համար նախատեսված իրենց հերթը հասնելն արդեն սահմանված կարգով կրած-վերջացրած կլինեն պատժի նախատեսված ժամանակահատվածը: Միաժամանակ, նախագծում առկա չեն նաև հաշվարկման ընթացակարգային առանձնահատկություններ նախատեսող նորմեր, որոնց առկայությունը երաշխիք կլիներ օրենքով նախատեսվող դրույթի լիարժեք իրացման համար: Մասնավորապես՝ ո՞վ, ի՞նչ ժամկետներում և ո՞ր մարմնին պետք է դիմում կամ միջնորդություն ներկայացնի, ո՞ր դատարաններին է ընդդատյա այդ դիմումները քննելը:

4. Նախագծով առաջարկվող իրավակարգավորման առնչությամբ հարկ ենք համարում անդրադառնալ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներին: Մասնավորապես՝ ուսումնասիրված երկրներում առկա իրավակարգավորումները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին և ճնշող մեծամասնություն կազմող երկրների խումբ են կազմում այն երկրները, որտեղ նշված հարցի կապակցությամբ տրված իրավակարգավորումները համապատասխանում են Հայաստանում գործող քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորմանը: Այսինքն՝ նշված երկրներում մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետի 1 օրը հավասար է ազատազրկման ձևով նշանակված պատժի 1 օրվան: Նշված երկրների շարքին կարելի է դասել Բուլղարիան (քրեական օրեսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մաս), Մակեդոնիան (քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մաս), Մոլդովան (քրեական օրենսգրքի 88-րդ հոդվածի 3-րդ մաս), Սերբիան (քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ մաս), Ռումինիան (քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մաս), Էստոնիան (քրեական օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մաս), Շվեյցարիան (քրեական օրենսգրքի 51-րդ հոդված), Հունգարիան (քրեական օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասեր), Վրաստանը (քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մաս), Ղազախստանը (քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մաս):

 Հաջորդ խմբի սակավաթիվ երկրներն են՝ Գերմանիան (քրեական օրենսգրքի 51-րդ հոդված), Նիդերլանդները (քրեական օրենսգրքի 27, 27-ա հոդվածներ) և Ռուսաստանի Դաշնությունը: Ընդ որում՝ այս երկրները մեջբերված էին նաև նախագծին կից հիմնավորման մեջ՝ իբրև առաջարկվող կարգավորման հիմնավորում: Սակայն Գերմանիայում և Նիդերլանդներում առկա է այն առանձնահատկությունը, որ չնայած կալանքի մեկ օրը համապատասխանում է ազատազրկման մեկ օրվան, այնուամենայնիվ, ի տարբերություն առաջին խմբի երկրների և Հայաստանի, նշված երկրներում, կախված գործի հանգամանքներից, կալանքի մեկ օրը կարող է հաշվակցվել ազատազրկման մեկից ավելի օրվա հետ, ընդ որում՝ առանց սահմանելու վերին շեմ: Բացի դրանից՝ հաշվակցման մանրամասները թողնված են դատարանի հայեցողությանը:

Նպատակահարմար է նաև առանձին անդրադառնալ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքով նախատեսված կարգավորումներին՝ դրանք համադրելով նախագծով առաջարկվողների հետ: Այսպես՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքում խափանման միջոցի և պատժի հաշվակցման առանձնահատկություններ սահմանող օրենքի (ընդունվել է 2018 թվականի հուլիսին) ուսումնասիրությունը վկայում է, որ Ռուսաստանի Դաշնությունում ներդրված է հաշվարկման առավել ընդգրկուն գործիքակազմ: Այսպես՝ կարելի է առանձնացնել հաշվարկման երեք միմյանցից տարբեր ռեժիմներ՝

1. մեկ օրը մեկ օրվա դիմաց այն դատապարտյալների դեպքում, որոնք դատապարտվել են՝

ա) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի համար,

բ) մահապատժի, որը վերափոխվել է ցմահ կամ 25 տարվա ազատազրկման,

գ) ՌԴ քրեական օրենսգրքի 205-205.13, 206-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի4, 209-րդ5, 211-րդ հոդվածի 4-րդ մասի6, 228-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի7, 228.1, 2298, 275-րդ, 276-րդ9, 277-279-րդ10 և 360-րդ11 հոդվածներով նախատեսված արարքների համար,

գ) պատիժը կրում են հատուկ կամ խիստ ռեժիմով քրեակատարողական հիմնարկում կամ ուղղիչ գաղութում.

2. մեկ օրը մեկ ու կես օրվա դիմաց, եթե անձը պատիժը կրում է դաստիարակչական կամ ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում.

3. մեկ օրը երկու օրվա դիմաց, եթե անձը պատիժը կրում է գաղութ-բնակավայրում:

Ստացվում է, որ ի տարբերություն նախագծով առաջարկվող կարգավորումների՝ ՌԴ-ում հարցի առնչությամբ ցուցաբերվել է տարբերակված մոտեցում՝ հիմքում դնելով ինչպես կատարված արարքի ծանրությունն ու հանրային վտանգավորությունը, այնպես էլ հանցավորի անձը բնութագրող հատկանիշները: Իսկ որոշ հանցագործությունների համար առհասարակ օրենսդիրը նպատակահարմար չի համարել հաշվարկման առավել մեղմ գործիքակազմ նախատեսել՝ հաշվի առնելով այդ հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը:

Ուստի, վերոգրյալի հաշվառմամբ, պետք է ընդգծել, որ նախագծով առաջարկվող փոփոխությունը դրվագային է, ոչ ամբողջական և գործնականում խնդրահարույց իրավիճակների է հանգեցնելու: Հետևաբար հարցին անհրաժեշտ է ցուցաբերել առավել համապարփակ մոտեցում և լուծումները նախատեսել Հայաստանի Հանրապետության քրեական և քրեակատարողական օրենսգրքերի նախագծերի համակարգային բարեփոխումների շրջանակներում:

Ամփոփելով վերոնշվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:

     

Աղյուսակ

  

Կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների տարբերության վերաբերյալ

      

N

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍԱԿԸ

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁ

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ

 

Կարճատև տեսակցություն

1. Մերձավոր ազգականների և այլ անձանց հետ առնվազն երկու տեսակցություն` մինչև երեք ժամ տևողությամբ, եթե չկա վարույթն իրականացնող մարմնի տեսակցության արգելքի մասին որոշում:
2. Պաշտպանի հետ՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման՝ անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից։

1. Մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ կարճատև տեսակցություն տրամադրվում է ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև չորս ժամ տևողությամբ:
2. Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվում է տարվա ընթացքում առնվազն վեց անգամ:

 

Երկարատև տեսակցություն

Չի տրամադրվում

1. Երկարատև տեսակցություն տրամադրվում է երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև երեք օր տևողությամբ:
2. Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվում է տարվա ընթացքում առնվազն երկու երկարատև տեսակցություն:
3. Դատապարտյալի խնդրանքով երկարատև տեսակցությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ:

Հանձնուք, ծանրոց և դրամական փոխանցումներ ստանալու և ուղարկելու իրավունք

Կարող է ստանալ ամսվա ընթացքում մինչև յոթանասուն կիլոգրամ:
Կալանավորված անձինք իրենց միջոցներից կարող են դրամական փոխանցումներ կատարել ազգականների և այլ անձանց դրամական հաշվին:

Ստանալ և իր հաշվին ուղարկել ծանրոցներ, հանձնուքներ կամ փաթեթներ, առանց սահմանափակման՝ կատարել և ստանալ դրամական փոխանցումներ:

 

Ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս աշխատանքում ներգրավվելը

Չի կարող ներգրավվել

1. Ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս աշխատանքներում կարող է ներգրավվել միայն առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալը:

 

Չվարձատրվող աշխատանքներում ներգրավվելը

Արգելվում է կալանավորված անձանց ներգրավել չվարձատրվող աշխատանքների՝ բացառությամբ սանիտարահիգիենիկ աշխատանքներից:

Դատապարտյալը չվարձատրվող աշխատանքներում ներգրավվում է ոչ հանգստյան ժամերին` օրական երկու ժամից ոչ ավելի ժամանակով:

 

Ինքնագործ միավորումների
կազմավորում և գործունեություն

Չի կարող կազմավորել

Ուղղիչ հիմնարկում դատապարտյալների մշակութային, լուսավորչական, կրոնական և մարզական միավորումներն ստեղծվում են՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված` դատապարտյալների ինքնագործ միավորումների հիմնական խնդիրների իրականացման նպատակով:

 

Ամուսնության գրանցումից հետո տրվող տեսակցություններ

Կարճատև տեսակցություն

Երկարատև տեսակցություն

 

Խրախուսանքի միջոցներ

1) շնորհակալության հայտնում.
2) զբոսանքի տևողության ավելացում մինչև երեք ժամ` մինչև քսան օր ժամկետով.
3) նախկինում նշանակված տույժի վաղաժամկետ հանում.
4) կիրառվող տույժի վաղաժամկետ դադարեցում.
5) լրացուցիչ կարճատև տեսակցության տրամադրում, եթե այն չի արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից.
6) լրացուցիչ հեռախոսազրույցի կամ հեռախոսազրույցների տրամադրում, եթե դրանք չեն արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից.
7) լրացուցիչ ծանրոց, հանձնուք կամ փաթեթ ստանալու թույլտվություն.

1) լրացուցիչ կարճատև կամ երկարատև տեսակցության տրամադրում, բայց տարվա ընթացքում երկու կարճատև կամ երկու երկարատև տեսակցությունից ոչ ավելի.
2) փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պահվող դատապարտյալի զբոսանքի տևողության ավելացում մինչև երկու ժամ՝ մեկ ամիս ժամկետով.
3) նախկինում նշանակված տույժի վաղաժամկետ հանում:
Դատապարտյալը, որպես խրախուսանքի միջոց, կարող է ներկայացվել տեղափոխման մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ՝ պատժի կրումը շարունակելու նպատակով:

 

Տույժի միջոցներ

1) նկատողության հայտարարում.
2) պատժախուց տեղափոխելը մինչև տասն օր, իսկ անչափահասներին` մինչև հինգ օր ժամկետով.

1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) պատժախուց տեղափոխելը մինչև տասնհինգ օր, իսկ անչափահաս դատապարտյալին՝ մինչև տասն օր ժամկետով.

 

Տույժերը կիրառելու ժամկետները

Խախտումը հայտնաբերելուց հետո՝ անհապաղ, բայց ոչ ուշ քան 10 օր:

Խախտումը հայտնաբերելուց հետո՝ անհապաղ, բայց ոչ ուշ քան 15 օր:

 

Հանդերձանքի տրամադրումը

Կալանավորված անձինք կրում են իրենց հագուստը: Անհրաժեշտության դեպքում նրանք ապահովվում են կլիմայական պայմաններին, սեռին համապատասխան միասնական նմուշի հագուստով:

Դատապարտյալն ապահովվում է իր սեռին, տարվա եղանակին, կլիմայական պայմաններին համապատասխանող միասնական նմուշի հանդերձանքով:

 

Լրացուցիչ վճարովի ծառայություններ

1) կենցաղային իրերի վարձույթ կամ տրամադրում.
2) լվացքատան, քիմմաքրման ծառայություններ.
3) լրացուցիչ լոգանք ընդունելու հնարավորություն.
4) կոշկակարի, դերձակի ծառայությունների տրամադրում:

Նշված լրացուցիչ ծառայություններից դատապարտյալը չի օգտվում:

 

Կարճաժամկետ մեկնում տրամադրելը

Կալանավորված անձանց, բացառությամբ առանձնապես ծանր հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձանց, մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդության, կալանավորված անձին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնաս պատճառած տարերային աղետի դեպքում՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կարող են տրամադրվել կարճաժամկետ մեկնումներ՝ մինչև 7 օր տևողությամբ:

Դատապարտյալին, բացառությամբ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքի, ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում անձնական բացառիկ հանգամանքների (մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, տարերային աղետ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին) դեպքում, ինչպես նաև սոցիալական վերականգնման նպատակով: Հաշմանդամ կամ ուղղիչ հիմնարկին կից մանկատանը երեխա ունեցող դատապարտյալին կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում՝ երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով:
Կարճաժամկետ մեկնում տրամադրվում է մինչև յոթ օր տևողությամբ` չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երեք օրը: Սոցիալական վերականգնման նպատակով՝ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում կարող է տրամադրվել մինչև մեկ ամիս տևողությամբ` չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երեք օրը:

 

Զբոսանքը

Օրական առնվազն մեկ ժամ

Օրական առնվազն մեկ ժամ, անչափահաս դատապարտյալ` օրական առնվազն երկու ժամ:

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)` պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ

     

Նախագծով առաջարկվում է կարգավորել մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետի հաշվակցման հետ կապված որոշ հարաբերություններ։

Ելնելով վերոգրյալից` հայտնում ենք, որ Նախագծի ընդունումը չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման կամ եկամուտների նվազեցման:

_________________________________     

1  Պ-366-11.09.2018-ՊԻՄԻ-011/0

2 Տե´ս կից աղյուսակը։

3 Статья 205. Террористический акт

Статья 205.1. Содействие террористической деятельности

Статья 205.2. Публичные призывы к осуществлению террористической деятельности, публичное оправдание терроризма или пропаганда терроризма

Статья 205.3. Прохождение обучения в целях осуществления террористической деятельности

Статья 205.4. Организация террористического сообщества и участие в нем

Статья 205.5. Организация деятельности террористической организации и участие в деятельности такой организации

4  Статья 206. Захват заложника

5 Статья 209. Бандитизм

6 Статья 211. Угон судна воздушного или водного транспорта либо железнодорожного подвижного состава

7 Статья 228. Незаконные приобретение, хранение, перевозка, изготовление, переработка наркотических средств, психотропных веществ или их аналогов, а также незаконные приобретение, хранение, перевозка растений, содержащих наркотические средства или психотропные вещества, либо их частей, содержащих наркотические средства или психотропные вещества

8 Статья 228.1. Незаконные производство, сбыт или пересылка наркотических средств, психотропных веществ или их аналогов, а также незаконные сбыт или пересылка растений, содержащих наркотические средства или психотропные вещества, либо их частей, содержащих наркотические средства или психотропные вещества

Статья 229. Хищение либо вымогательство наркотических средств или психотропных веществ, а также растений, содержащих наркотические средства или психотропные вещества, либо их частей, содержащих наркотические средства или психотропные вещества

9 Статья 275. Государственная измена

Статья 276. Шпионаж

10 Статья 277. Посягательство на жизнь государственного или общественного деятеля

Статья 278. Насильственный захват власти или насильственное удержание власти

Статья 279. Вооруженный мятеж

11 Статья 360. Нападение на лиц или учреждения, которые пользуются международной защитой