Գլխավոր տեղեկություն
Համար
N 249
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.03.2019-05.06.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.04.01/11(186) Հոդ.221
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.03.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.06.2022

040.0249.16.03.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 մարտի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մարտի 2002 թվականի N 249
քաղ. Երևան

ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը (կցվում է)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 16-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մարտի 16-ի N 249 որոշմամբ

Ա Զ Գ Ա Յ Ի Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման

 

I. Ծրագրի նպատակը

 

1. Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը (այսուհետ՝ Ազգային ծրագիր) միջոցառումների համալիր է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում օդանավերի թռիչքների, վայրէջքների, դրանց վերգետնյա սպասարկումների, ուղևորների, բեռների և փոստի սպասարկումների ընթացքում կիրառվող ընթացակարգերի սահմանմանը և նպատակ ունի նպաստելու Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետև` ԻԿԱՕ) անդամ պետությունների միջև օդանավերի երթևեկության ընթացակարգերի պարզեցմանը՝ խուսափելով օդանավերի, ուղևորների, բեռների ուշացումներից։

(1-ին կետը խմբ. 07.03.19 N 193-Ն)

2. Սույն Ծրագիրը մշակված է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

(2-րդ կետը խմբ. 07.03.19 N 193-Ն)

3. Ազգային ծրագրի դրույթները ենթակա են պարտադիր կատարման Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության պետական մարմինների, իրավաբանական անձանց և քաղաքացիների կողմից:

4. Սույն Ծրագիրը մշակված է ուղևորային և բեռնային օդային փոխադրումների ձևակերպումների պարզեցման նպատակով և սահմանում է կանոններ և գործելաձևեր, որոնք կոչված են ապահովելու թռիչքների արդյունավետությունը և կանոնավորությունը։

Օդային փոխադրումների ընթացակարգերի պարզեցման աշխատանքներում ավիացիոն անվտանգության միջոցառումներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի պահանջներին համապատասխան։

(4-րդ կետը խմբ. 07.03.19 N 193-Ն)

4.1. Տերմիններ և հասկացություններ

Չիկագոյի կոնվենցիա – Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիա, որը ստորագրվել է 1944 թվականին Չիկագո քաղաքում, Հայաստանի Հանրապետությունը միացել է Չիկագոյի կոնվենցիային 1993 թվականի մարտի 29-ին.

Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելված – Չիկագոյի կոնվենցիայի հավելված է և սահմանում է քաղաքացիական ավիացիայի ոլորտում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ձևակերպումների պարզեցման ստանդարտները.

Գրանցման երկիր - երկիր, որի ռեեստրում գրանցվել է օդանավը.

Թռիչքային անձնակազմի անդամ – անձնակազմի վկայական ունեցող անձ, որի վրա դրված են ծառայողական թռիչքային ժամանակի ընթացքում օդանավը կառավարելու հետ կապված պարտականություններ.

Անձնակազմի անդամի վկայական – փաստաթուղթ, որը լիազոր մարմնի կողմից տրվում է անձնակազմի անդամներին և հաստատում է նրանց անձն ու պաշտոնը.

Քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայական - փաստաթուղթ, որը լիազոր մարմնի կողմից տրվում է թռիչքների անվտանգության տեսուչներին և հաստատում է նրանց անձն ու ծառայողական պարտականությունների տեսակը.

Օդանավային պաշարներ - վաճառված կամ չվաճառված ապրանքներ, որոնք նախատեսված են օդանավում ուղևորների կամ անձնակազմի կողմից օգտագործման համար, ինչպես նաև ապրանքներ, որոնք անհրաժեշտ են օդանավի շահագործման ու տեխնիկական սպասարկման համար՝ ներառյալ վառելիքը ու քսայուղային նյութեր.

Վերգետնյա սարքավորումներ - հատուկ սարքեր, որոնք նախատեսված են գետնի վրա օդանավերի տեխնիկական սպասարկման և վերանորոգման համար, այդ թվում՝ փորձարարական սարքեր ու սարքավորումներ, որոնք նախատեսված են բեռների մշակման ու ուղևորների սպասարկման համար:

(4.1-ին կետը լրաց. 07.03.19 N 193-Ն)

 

II. Ընթացակարգերի պարզեցման Հայաստանի Հանրապետության մարմինները եվ դրանց միջեվ պարտականությունների բաշխումը

 

5. Հանրապետական մակարդակով ընթացակարգերի ուսումնասիրման և դրանց պարզեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տվյալ գործընթացին առնչվող նախարարություններ և գերատեսչություններ, իր կանոնադրությամբ սահմանված կարգով, առաջարկություններ ներկայացնող մարմին է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեն (այսուհետև՝ ազգային կոմիտե), իսկ օդանավակայանների մակարդակով՝ օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման օդանավակայանային կոմիտեն:

 

Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե

 

6. Ազգային կոմիտեի կազմը, կանոնադրությունը և փոխադրումների ծրագիրը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

7. Ազգային կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ՔԱՄԿ-ի փաստաթղթերի, ազգային կոմիտեի կանոնադրության և ազգային ծրագրի համաձայն:

8. Ազգային կոմիտեի խնդիրներն ու գործառույթները սահմանվում են ազգային կոմիտեի կանոնադրությամբ:

 

Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման օդանավակայանային կոմիտե

 

9. Ազգային կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում ստեղծվում են օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման օդանավակայանային կոմիտեներ (այսուհետև՝ օդանավակայանային կոմիտե):

10. Օդանավակայանային կոմիտեների կազմը և ծրագիրը հաստատվում են ազգային կոմիտեի կողմից:

11. Օդանավակայանային կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ՔԱՄԿ-ի փաստաթղթերի, ազգային ծրագրի, ազգային կոմիտեի կողմից հաստատված օդանավակայանային կոմիտեի գործունեության ծրագրի համաձայն:

 

III. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

(գլուխը խմբ. 07.03.19 N 193-Ն)

 

12. Ազգային ծրագիրը մշակված է՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.

2) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

3) «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

4) «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների հիման վրա:

13. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև՝

1) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» (ԻԿԱՕ) Չիկագոյի կոնվենցիան.

2) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» (ԻԿԱՕ) կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածը.

3) Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ)՝ DOC 9957 «Ընթացակարգերի պարզեցում ղեկավար կանոնակարգեր» փաստաթղթի դրույթները.

4) «Միջազգային օդային տրանսպորտի բնագավառում հարկման մասին» (ԻԿԱՕ)՝ DOC 8632 փաստաթղթի դրույթները.

5) «Մեքենայով ընթերցվող հաշվառման ճամփորդական փաստաթղթեր» (ԻԿԱՕ)՝ DOC 9303 փաստաթղթի դրույթները:

 

Օդանավակայան հասնելու հաղորդակցության ուղիների հստակությունը և մատչելիությունը

 

14. Օդանավակայանները և օդանավակայան հասնելու հաղորդակցության ուղիներն ապահովող բոլոր կազմակերպություններն ու շահագործողներն ապահովում են հաղորդակցության ուղիների մատչելիությունը և հարմարավետությունը՝ ուղևորներին տրամադրելով անհրաժեշտ տեղեկություններ: Ուղևորները պետք է տեղյակ լինեն մատուցվող ծառայությունների և դրանց գների մասին, ինչպես նաև պետք է պարզեցվեն երթուղային տրանսպորտին առնչվող և տոմսի ձեռքբերման ու վճարման ընթացակարգերը:

 

Հայաստանի Հանրապետության օդային տուրքի և ուղևորների սպասարկման հետ կապված գանձումները

 

15. Օդանավակայաններում օդային տուրքի և ուղևորների սպասարկման հետ կապված գանձումներ իրականացնելու դեպքում անհրաժեշտ է ապահովել դրանց նախօրոք մուծման հնարավորությունը: Ուղևորներից նշված գանձումները պետք է կատարել այնպես, որ դրանք չստեղծեն լրացուցիչ հերթեր:

 

Թռիչքից առաջ ընթացակարգերի ժամանակային նորմատիվները

 

16. Ազգային կոմիտեն ուղևորատոմսերի հաշվառման և ուղեբեռի ձևակերպման ժամանակի ծախսման կրճատումն ապահովելու նպատակով ներկայացնում է առաջարկություններ թռիչքից առաջ ընթացակարգերի անցման ժամանակի վերաբերյալ՝ համաձայնեցնելով տվյալ գործընթացում ներգրավված գերատեսչությունների հետ:

Վերգետնյա սպասարկման համապատասխան կառույցներն ընթացակարգերն իրականացնում են միջազգային չափանիշներին համապատասխան: Ընդ որում, թռիչքների անվտանգության ապահովման միջոցառումները պետք է իրականացվեն ամբողջ ծավալով: Այն դեպքերում, երբ ընթացակարգերի իրականացման փաստացի ժամանակը նշանակալիորեն գերազանցում է միջազգային ստանդարտները, ազգային կոմիտեն առաջարկություններ է ներկայացնում համապատասխան իրավասու մարմիններ, որոնց պահպանումը սահմանված կարգով ընդունումից հետո պարտադիր է տվյալ գործընթացում ներգրավված բոլոր գերատեսչությունների ծառայությունների համար:

 

Ընթացակարգերի պարզեցումն օդանավի ժամանումից հետո

 

17. Օդանավակայաններում, անկախ օդանավի տարողությունից, ժամանումից հետո ընթացակարգերի ժամանակի տևողությունը հասցվում է նվազագույնի՝ չհիմնավորված արգելքների և ուշացումների վերացման միջոցով:

 

Վերգետնյա սպասարկման գործողությունները

 

18. Ավիաընկերություններին իրավունք է վերապահվում, համաձայնեցնելով օդանավակայանների ղեկավարության հետ, ինքնուրույն իրականացնել վերգետնյա սպասարկումը:

19. Ազգային կոմիտեն նախաձեռնում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ընթացակարգերի պարզեցման նպատակով անցկացվեն խորհրդակցություններ, մի կողմից, օդանավակայանների ղեկավարության և, մյուս կողմից, շահագործողների, գործակարգավարական և օդանավակայանի ծառայություններից օգտվող այլ ընկերությունների հետ՝ նախքան նոր ուղևորային համալիրի նախագծումը կամ հնի վերափոխումը, և այն դեպքերում, երբ նոր ընթացակարգը պահանջում է առկա սարքավորումների նախագծային փոփոխություններ:

 

Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների համագործակցությունը վերգետնյա սպասարկման ընթացակարգերի պարզեցման գործում

 

20. Ազգային կոմիտեն իր կանոնադրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ օդանավակայանի վերգետնյա սպասարկման ընթացակարգերն իրականացնող լիազոր մարմինների և գերատեսչությունների (Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) համապատասխան ծառայությունների փոխհամաձայնեցված գործողությունների և ընթացակարգերի պարզեցման ու հստակեցման վերաբերյալ:

(20-րդ կետը խմբ. 07.03.19 N 193-Ն)

 

Մուտքի, ելքի վիզաներով ուղևորների սպասարկման ընթացակարգերը

 

21. Ազգային կոմիտեն իր կանոնադրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ մուտքի, ելքի վիզա պահանջող ուղղություններով մեկնող ուղևորների անձնագրերի ստուգման և այդ գործընթացի հետ կապված ընթացակարգերի պարզեցման, կանոնակարգերի մշակման և դրանց ներդրման վերաբերյալ։

 

Ուղեբեռի սպասարկման ավտոմատացված համակարգեր

 

22. Օդանավակայաններում պետք է կիրառվեն ուղեբեռի մշակման ժամանակակից ավտոմատացված համակարգեր, որոնց կիրառումը և շահագործումը ֆինանսական տեսանկյունից մատչելի է օդանավակայանի համար:

 

Տեղեկատվություն չվերթերի մասին

 

23. Ազգային կոմիտեի կողմից չվերթերի մասին ուղևորներին տեղեկատվության ապահովման համար առաջարկվում է հետևյալ պրակտիկան՝

ա) պետք է ապահովել, որ տեղեկատվական ցուցատախտակները համապատասխանեն ՔԱՄԿ-ի «Չվերթերի մասին տեղեկատվության ավտոմատ ցուցատախտակներ» (DOC 9249) փաստաթղթի պահանջներին.

բ) օդանավակայանները և շահագործողները պետք է փոխանակեն չվերթերի մասին տեղեկատվությունը, ներառյալ բոլոր փոփոխությունները, և դրանք ներկայացնեն նշված ցուցատախտակների գործառնությունն ապահովող օրգաններ, որոնք պատասխանատու են անհրաժեշտ տեղեկությունների համակարգման և կապի միջոցներով հանրայնացման համար։

 

Մոր և մանկան սենյակ

 

24. Օդանավակայաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխաները, ծերերի և հաշմանդամների հետ միասին, օգնության կարիք ունեցող ուղևորների հատուկ խումբ են, պահանջվում է ուղևորասրահում և տրանզիտ սրահում ստեղծել երեխայի խնամքի սենյակ: Օդանավակայանները և շահագործողները պետք է առանձնացնեն հատուկ գոտի փոքրահասակ երեխաների համար, որոնք ճանապարհորդում են ծնողների ու խնամակալների հետ: Անհրաժեշտ է, որ նման սենյակները նշվեն համապատասխան նշանային համակարգով (պիկտոգրամա)՝ ուղևորների համար հստակ և հասկանալի ձևով:

 

Հանրային առողջություն

 

25. Օդանավակայանների ու օդանավերի շահագործողները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ օդանավակայաններում և օդանավերում օգտագործման նպատակով նախատեսված սննդի ու ջրի գնումը, մշակումը, պահպանումը և վաճառքն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանոններին ու հրահանգներին համապատասխան իրականացումն ապահովելու համար։

 

Ընթացակարգերի պարզեցումն օդանավերի անձնակազմերի համար

 

26. Անհրաժեշտ է, որ այն շինությունները, որտեղ օդանավերի անձնակազմերն այցելում են ծառայողական պարտականությունների կատարման համար, լինեն մատչելի և իրար մոտ տեղադրված: Օդանավակայանները պետք է ունենան օդանավերի անձնակազմերի համար նախատեսված քարտեզ, որտեղ պետք է նշված լինեն օդանավակայանային տարբեր շահագործող ծառայությունների գտնվելու վայրերը:

26.1. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օդանավ շահագործողների օդանավերի անձնակազմերի անդամներին հատկացնում է Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի պահանջներին և սահմանված ձևին համապատասխան՝ անձնակազմի անդամի վկայական, որը հաստատում է նրանց անձը և պաշտոնը:

(26.1-ին կետը լրաց. 07.03.19 N 193-Ն)

26.2. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն քաղաքացիական ավիացիայի տեսուչներին տրամադրում է Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի պահանջներին և սահմանված ձևին համապատասխան՝ քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայական, որը հաստատում է նրանց անձը և ծառայողական պարտականությունների տեսակը:

(26.2-րդ կետը լրաց. 07.03.19 N 193-Ն)

 

Անմաքս առևտուր

 

27. Եթե օդանավակայանների տարածքում իրականացվում է անմաքս առևտուր, ապա պետք է նկատի ունենալ առևտրային սրահների հարմար տեղադրվածությունը, որպեսզի ապահովվեն դյուրին ելումուտը և մատչելիությունը, մեծաթիվ ուղևորների արդյունավետ սպասարկումը և գնորդների համար բավականաչափ տարածքի առկայությունը՝ մեկնող և ժամանող ուղևորների հիմնական հոսքերին չխանգարելու նպատակով:

28. Թռիչքների անվտանգության ապահովման նպատակով վաճառքում չպետք է ներառվեն օդային փոխադրումների համար վտանգ ներկայացնող ապրանքներ, կամ պետք է իրականացվի դրանց հատուկ փաթեթավորում: Տվյալ հարցը կանոնակարգվում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Վտանգավոր բեռների օդային փոխադրումների անվտանգությունը» հավելվածի 18-րդ դրույթին և նույն խնդրին վերաբերող DOC 9284-AN/905 տեխնիկական հրահանգին:

 

Ընթացակարգերի պարզեցումն ավիացիոն պատահարների հետաքննությունների դեպքում

 

29. Ավիացիոն պատահարների կապակցությամբ փորձագետների՝ օդանավակայանի տարածք ընդունումը, որոնք իրականացնում են փրկարարական և ավիացիոն պատահարների հետաքննական աշխատանքներ, ինչպես նաև՝ վնասված օդանավերի վերանորոգում և տարահանում, կատարվում է անհապաղ և առանց արգելքների:

30. Այլ դեպքերում, եթե նման փորձագետներից պահանջվում է մուտքի վիզայի առկայություն, ապա համապատասխան մարմինները պարտավոր են, որպես բացառություն, մուտքի վիզաներ տրամադրել ժամանման պահին կամ այլ կերպ նպաստել նրանց ժամանմանը, եթե նշված անձինք ունեն իրենց պետության լիազոր մարմնի կողմից տրված գործուղման համապատասխան ձևեր:

Համապատասխան լիազոր մարմինները տեղեկացվում են ավիացիոն վթարների ու պատահարների կապակցությամբ ընթացակարգերի պարզեցման նշված պրակտիկայի մասին:

 

Հատուկ օգնության կարիք ունեցող ուղևորները

 

31. Ավիաընկերությունները, օդանավակայանները, փոխադրումների վաճառքի գործակալությունները, վերգետնյա սպասարկման գործում ներգրավված Հայաստանի Հանրապետության գերատեսչությունները պարտավորվում են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ նպատակաուղղված ծերերի ու հաշմանդամների օդային փոխադրումներից օգտվելու դյուրացմանը: Օդանավակայանները պետք է ծերերի ու հաշմանդամների համար լինեն մատչելի: Նրանց համար պետք է իրականացվեն ընթացակարգերի անհրաժեշտ պարզեցում, նման անձանց տեղեկատվության ապահովում, օդանավերի համապատասխան կահավորում: Ընդ որում, պետք է ապահովվի ավիացիոն անվտանգությունն իր ամբողջ ծավալով:

32. Հաշմանդամ ուղևորներն իրավունք ունեն ստանալու մյուս ուղևորներին մատչելի բոլոր սպասարկումներն օդային փոխադրումների հետ կապված հաստատություններում՝ օդանավակայաններում և ճամփորդության ամբողջ ընթացքում: Օդանավակայանների կահավորումը և ծառայությունները պետք է համապատասխանեն հատուկ օգնության կարիք ունեցող ուղևորների սպասարկման պահանջներին: Լսողության և տեսողության խանգարումներ ունեցող ուղևորները պետք է ստանան չվերթերի մասին անհրաժեշտ տեղեկություններ:

 

Հատուկ օգնության կարիք ունեցող ուղևորների ուսուցման ծրագրերը

 

33. Ավիաընկերությունները, օդանավակայանները և վերգետնյա սպասարկման շահագործողները պետք է համագործակցեն հատուկ օգնության կարիք ունեցող ուղևորների սպասարկման համար անհրաժեշտ աշխատողների պատրաստման և նրանց ուսուցման ծրագրերի համակարգման գործում:

34. Անհրաժեշտ է, որ քաղաքացիական ավիացիայի ղեկավարությունը նպաստի ավիաընկերություններում, շահագործողների շրջանում և վերգետնյա սպասարկման աշխատողների միջոցով հատուկ օգնության կարիք ունեցող ուղևորների սպասարկմանն առնչվող տպագիր նյութերի տարածմանը, ներառյալ տեղեկությունները նման անձանց փոխադրման պայմանների ու ցուցաբերվող օգնության, ինչպես նաև այն ընթացակարգերի ու միջոցների մասին, որոնք կարող են անհրաժեշտ լինել սպասարկման համար:

35. Մաքսային համապատասխան ձևերը պետք է լինեն պարզ, դյուրըմբռնելի և խոշոր տպատառերով տպագրված, որպեսզի չառաջանան հարցեր՝ առանձնապես այն ուղևորների շրջանում, ովքեր ունեն տեսողության խանգարումներ։

36. Այն միջոցները, որոնք նախատեսված կամ նախագծված են հաշմանդամների համար, նշվում են համապատասխան նշանային համակարգով (պիկտոգրամա)՝ համաձայն ՔԱՄԿ-ի DOC 9430 փաստաթղթի պահանջների:

 

Ընթացակարգերի պարզեցման մասին տեղեկությունների մասսայականացումը

 

37. Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինները պարտավորվում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ընթացակարգերի պարզեցման մասին տեղեկությունների հրատարակման և տարածման համար՝ «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N 15 հավելվածին («Աերոնավիգացիոն ինֆորմացիայի ծառայության ուղեցույց» DOC 8126) համապատասխան:

(ծրագիրը խմբ., լրաց. 07.03.19 N 193-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.05.2022, N 740-Ն 05.06.2022, N 249
07.03.2019, N 193-Ն 30.03.2019, N 249
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան