ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
12 փետրվարի 2019 թ. |
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ա. Բաբայանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում ստորագրված՝ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2018 թվականի դեկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում։
Համաձայնագիրը կոչված է ստեղծելու բարենպաստ միջավայր և պայմաններ կողմերի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև փոխադարձ շահ ներկայացնող ոլորտներում՝ տնտեսական համագործակցության զարգացման համար։
Առավել բարենպաստ ռեժիմի ապահովման նպատակով Համաձայնագրով նախատեսվում են կողմերի պարտավորությունների, ազգային ռեժիմի, ապրանքների արտահանման ու ներմուծման գործընթացների շրջանակներում կիրառվող կանոնակարգերի թափանցիկություն և պաշտպանվածություն։
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից նվազեցնել և (կամ) չեղարկել Համաձայնագրի 1-ին հավելվածում նշված ապրանքների ներմուծման դեպքում կիրառվող մաքսատուրքերն ու վճարները կամ համարժեք ազդեցություն ունեցող այլ միջոցները (Հոդված 1.3, մաս 1),
- ստեղծել Համատեղ կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե), որը ներառում է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչներին (Հոդված 1.5, մաս 1),
- ստեղծել կապի ապահովման կենտրոն կամ կենտրոններ՝ Համաձայնագրի հետ կապված ցանկացած հարցի շուրջ կողմերի միջև փոխգործակցությունը պարզեցնելու համար (Հոդված 1.6 մաս 1),
- ապահովել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Համաձայնագրի շրջանակներում որպես գաղտնի տեղեկատվություն տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան (Հոդված 1.7, մաս 1),
- Համաձայնագրի 1.10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սահմանափակումներ կիրառելիս խուսափել ցանկացած այլ Կողմի առևտրային ու տնտեսական շահերին անհարկի վնաս հասցնելուց, չկիրառել այնպիսի սահմանափակումներ, որոնք ուղղված են որևէ ապրանքի՝ առևտրում ընդունված նվազագույն քանակությամբ ներմուծումը չարդարացված ձևով խոչընդոտելուն, ինչը բացասաբար կանդրադառնա մշտական առևտրային կապերի վրա, և չկիրառել այնպիսի սահմանափակումներ, որոնք կարող են խոչընդոտել առևտրային նմուշների ներմուծումը կամ արտոնագրերի, ապրանքային նշանների, հեղինակային իրավունքի կամ համանման ընթացակարգերի վերաբերյալ դրույթների պահպանումը (Հոդված 1.10, մաս 3, կետ գ),
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ ապահովել, որ Համաձայնագրի գործողության շրջանակներում գտնվող ցանկացած հարցին առնչվող՝ ընդհանուր կիրառության օրենքներն ու նորմատիվ այլ ակտերն անհապաղ հրապարակվեն կամ այլ կերպ հասանելի լինեն, որպեսզի շահագրգիռ անձանց ու Իրանի Իսլամական Հանրապետությանը հնարավորություն տրվի ծանոթանալու դրանց, հնարավորության դեպքում՝ նաև էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև փոխանակել համապատասխան պաշտոնական հրապարակումների և էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցների ցանկերը (Հոդված 1.11, մաս 1),
- ապահովել, որ Իրանի Իսլամական Հանրապետության պահանջով, օպերատիվ կերպով ներկայացվի տեղեկատվություն և պատասխան տրվի ցանկացած գործող կամ նախատեսվող օրենքին, նորմատիվ այլ ակտին, ընթացակարգին կամ ընդհանուր կիրառության վարչական ակտին առնչվող հարցերին՝ անկախ այն հանգամանքից, թե հարցում կատարող Կողմը նախապես ծանուցվել է այդ մասին, թե ոչ, ինչպես նաև նշված տեղեկատվությունը տրամադրել անգլերենով՝ հարցումն ստանալու օրվանից 45-օրյա ժամկետում (Հոդված 1.11, մաս 3),
- ապահովել Իրանի Իսլամական Հանրապետությունից կատարվող ներմուծման գործընթացին ներկայացվող պահանջների հստակությունն ու թափանցիկությունը և Իրանի Իսլամական Հանրապետության արտահանողների համար հրապարակել ներմուծման կարգավորման վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության կողմից կիրառվող մանրամասն ձեռնարկը՝ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում: Վերոնշյալ ձեռնարկը պետք է կազմվի անգլերենով և հրապարակվի համընդհանուր ծանոթացման համար, այդ թվում՝ բոլորի համար հասանելի անվճար պաշտոնական կայքում (Հոդված 1.11, մաս 4),
- Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից ձեռնարկել ընդհանուր և հատուկ բնույթի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Համաձայնագրին համապատասխան Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումն ապահովելու համար, և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան օրենսդրության մեջ կատարել ուղղումներ՝ Համաձայնագրի դրույթներին այն համապատասխանեցնելու նպատակով (Հոդված 1.12),
- ապահովել, որ ցանկացած տեսակի մաքսատուրքերի և վճարների մասով, որոնք կիրառվում են ներմուծման կամ արտահանման նկատմամբ կամ կապակցությամբ, կամ կիրառվում են ներմուծման կամ արտահանման դիմաց վճարումների միջազգային փոխանցման նկատմամբ, և այդպիսի տուրքերի ու վճարների գանձման միջոցի մասով, ինչպես նաև ներմուծման և արտահանման հետ կապված բոլոր կանոնների ու ձևականությունների մասով և Համաձայնագրի 2.2 հոդվածի 2-րդ ու 3-րդ մասերում նշված բոլոր հարցերի մասով, որևէ այլ երկրի տարածքում արտադրված կամ դրա համար նախատեսված որևէ ապրանքի համար Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող ցանկացած առավելություն, արտոնություն, առանձնաշնորհում կամ ազատում անհապաղ և անվերապահորեն տրամադրվի Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում արտադրված կամ դրա համար նախատեսված նմանատիպ ապրանքների համար (Հոդված 2.1, մաս 1),
- ապահովել, որ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքները ոչ ուղղակի և ոչ էլ անուղղակի կերպով չենթարկվեն ներքին հարկման կամ ցանկացած բնույթի այլ ներքին վճարների, որոնք գերազանցում են նմանատիպ ներքին ապրանքների նկատմամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կիրառվող ներքին հարկերն ու վճարները (Հոդված 2.2, մաս 2),
- իրանական կողմի տարածքից ներմուծվող ապրանքների համար ապահովել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան ազգային ծագում ունեցող նմանատիպ ապրանքների համար տրամադրվող ռեժիմը՝ դրանց ներքին վաճառքին, վաճառքի, գնման, փոխադրման, բաշխման կամ օգտագործման վերաբերյալ առաջարկներին առնչվող բոլոր օրենքների, նորմատիվ այլ ակտերի ու պահանջների առումով (Հոդված 2.2, մաս 3),
- ապահովել, որ չսահմանվի և չպահպանվի որևէ ներքին քանակական սահմանափակում ապրանքների համակցման, մշակման կամ որոշակի քանակությամբ ու մասնաբաժիններով օգտագործման համար, որով ուղղակիորեն կամ անուղղակի պահանջվում է, որ սահմանափակման ենթակա ապրանքի որոշակի քանակություն կամ մասնաբաժին մատակարարվի ներքին աղբյուրներից (Հոդված 2.2, մաս 4),
- իրանական ծագում ունեցող ապրանքների առնչությամբ տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որ սահմանվել է Համաձայնագրի 1-ին հավելվածում՝ դրա սակագնային պարտավորությունների ցանկին համապատասխան (Հոդված 2.3, մաս 1),
- ապահովել, որ բոլոր վճարումներն ու ցանկացած բնույթի վճար (բացի Համաձայնագրի 2.2 հոդվածին համապատասխան ներմուծման ու արտահանման տուրքերից և հարկերից), որոնք Հայաստանի Հանրապետության կողմից կիրառվում են ներմուծման կամ արտահանման նկատմամբ կամ կապակցությամբ, սահմանափակվեն մատուցված ծառայությունների մոտավոր արժեքի չափով և չհանդիսանան միջնորդավորված սատարում ներքին ապրանքներին կամ ներմուծման կամ արտահանման հարկում՝ հարկաբյուջետային նպատակով (Հոդված 2.5, մաս 1, ենթակետ ա),
- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններն իրենց պաշտոնական կայքերում ծանոթացման համար հրապարակեն տեղեկատվություն իրենց կողմից կիրառվող տուրքերի ու վճարների վերաբերյալ (Հոդված 2.5, մաս 5),
- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության կողմից գործողության մեջ դրվող ընդհանուր կիրառության օրենքները, նորմատիվ այլ ակտերը, դատական վճիռներն ու վարչական որոշումները, որոնք կապված են մաքսային նպատակներով ապրանքների դասակարգման կամ արժեքի որոշման կամ մաքսային դրույքաչափերի, հարկերի կամ այլ վճարների, ինչպես նաև ներմուծման կամ արտահանման, կամ դրանց դիմաց վճարումների փոխանցման նկատմամբ պահանջների, սահմանափակումների արգելքների հետ, կամ որոնք ազդեցություն ունեն վաճառքի, բաշխման, փոխադրման, ապահովագրության, պահեստում տեղաբաշխման, ստուգման, ցուցադրման, վերամշակման, համակցման կամ այլ օգտագործման վրա, անհետաձգելիորեն հրապարակվեն այնպես, որ իշխանություններն ու առևտրային ընկերությունները կարողանան ծանոթանալ դրանց: Հրապարակման ենթակա են նաև միջազգային առևտրի քաղաքականության վրա ազդեցություն ունեցող համաձայնագրերը, որոնք գործում են կառավարության և գերատեսչությունների միջև (Հոդված 2.6, մաս 1),
- առավելագույնս կարճ ժամկետում պահպանել կամ հիմնել դատական, արբիտրաժային կամ վարչական տրիբունալներ կամ ընթացակարգեր, մասնավորապես՝ մաքսային հարցերին առնչվող վարչական գործողության անհապաղ վերանայման և շտկման նպատակով (Հոդված 2.6, մաս 3, կետ բ),
- Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից որևէ ապրանքի ներմուծման կամ Իրանի Իսլամական Հանրապետության տարածք որևէ ապրանքի արտահանման համար արգելքներ կամ սահմանափակումներ չկիրառել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ բոլոր երրորդ երկրներից համանման ապրանքների ներմուծումը կամ բոլոր երրորդ երկրներ համանման ապրանքների արտահանումը համանման կերպով արգելված կամ սահմանափակված է (Հոդված 2.7, մաս 3),
- ապահովել, որ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության տարածք կամ տարածքից տարանցիկ փոխադրումների համար բոլոր վճարներն ու կանոնները ողջամիտ լինեն՝ հաշվի առնելով փոխադրման պայմանները (Հոդված 2.8, մաս 4),
- տարանցման հետ կապված բոլոր վճարների, կանոնների ու ընթացակարգերի մասով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից կամ տարածքով անցնող տարանցիկ փոխադրումների առնչությամբ տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմը, որը տրամադրվում է ցանկացած երրորդ երկիր կամ երկրից տարանցիկ փոխադրման առնչությամբ (Հոդված 2.8, մաս 5),
- ապահովել հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառումը՝ հակագնագցման ու փոխհատուցման միջոցների կիրառման կարգը կարգավորող օրենսդրությանը համապատասխան՝ բացառությամբ Համաձայնագրի 3-րդ գլխով նախատեսված դեպքերի (Հոդված 3.2, մաս 1),
- կիրառել հատուկ պաշտպանական միջոցներ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ Համաձայնագրի 3-րդ գլխով (Հոդված 3.3, մաս 1),
- ապահովել դրանց կիրառումը ներմուծվող ապրանքի նկատմամբ՝ անկախ արտահանող երկրից (Հոդված 3.3, մաս 4),
- ապահովել հատուկ պաշտպանական քննության արդար, թափանցիկ և արդյունավետ ընթացակարգեր (Հոդված 3.3, մաս 8),
- անհապաղ ծանուցել Իրանի Իսլամական Հանրապետությանը, եթե.
ա) սկսվում է հատուկ պաշտպանության քննություն,
բ) տրվում է նախնական և (կամ) վերջնական եզրակացություն՝ ներմուծման ավելացված ծավալի հետևանքով առաջացած լուրջ վնասի կամ դրա վտանգի վերաբերյալ,
գ) ընդունվում է որոշում՝ հատուկ պաշտպանական միջոց կիրառելու կամ դրա գործողությունը երկարաձգելու վերաբերյալ (Հոդված 3.3, մաս 9),
- պաշտպանական միջոց կիրառելու կամ դրա գործողության ժամկետը երկարաձգելու մտադրություն ունենալու դեպքում իրանական Կողմին տրամադրել քննությանն առնչվող ամբողջ տեղեկատվությունը (Հոդված 3.3, մաս 11),
- ապահովել, որ երկկողմ պաշտպանիչ միջոցները կիրառվեն միայն այնպիսի ապացույցների առկայության դեպքում, որոնք վկայում են, որ ներմուծման ծավալների ավելացումը հանգեցնում է լուրջ վնասի կամ ստեղծում է լուրջ վնաս հասցնելու վտանգ (Հոդված 3.4, մաս 2),
- երկկողմ պաշտպանական միջոց կիրառելու մտադրություն ունենալու դեպքում անհապաղ և, ցանկացած դեպքում, մինչև միջոցը ներդնելն այդ մասին ծանուցել Իրանի Իսլամական Հանրապետությանը (Հոդված 3.4, մաս 3),
- տեխնիկական կանոնակարգերի մասով ապահովել, որ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից ներմուծվող արտադրանքի նկատմամբ կիրառվի ռեժիմ, որը ոչ պակաս բարենպաստ է, քան ազգային ծագում ունեցող նմանատիպ արտադրանքի և ցանկացած այլ երկրի ծագում ունեցող նմանատիպ արտադրանքի նկատմամբ կիրառվող ռեժիմը (Հոդված 4.4, մաս 1),
- ապահովել, որ տեխնիկական կանոնակարգերը մշակվեն, ընդունվեն կամ կիրառվեն այնպես, որ չստեղծեն ավելորդ խոչընդոտներ փոխադարձ առևտրում կամ չհանգեցնեն դրանց ստեղծմանը (Հոդված 4.4, մաս 2),
- ապահովել, որ բոլոր ընդունված տեխնիկական կանոնակարգերը և (կամ) համապատասխանության գնահատման ընթացակարգերը անհապաղ հրապարակվեն կամ այլ կերպ հասանելի դառնան՝ Իրանի Իսլամական Հանրապետության շահագրգիռ անձանց դրանց ծանոթանալու հնարավորություն ընձեռելու համար (Հոդված 4.5bis, մաս 7),
- տեղեկացնել Իրանի Իսլամական Հանրապետությանը Համաձայնագրի 1-ին հավելվածում թվարկված՝ ներկրվող արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների մասին՝ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 90 օրվա ընթացքում (Հոդված 4.5bis, մաս 10),
- գործադրել բոլոր ջանքերն Իրանի Իսլամական Հանրապետության՝ Համաձայնագրի 4-րդ գլխի իրականացման հետ կապված հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ ցանկացած պահանջ արագ և կառուցողական կերպով ուսումնասիրելու համար (Հոդված 4.6, մաս 2),
- ըստ հարցման՝ պատշաճորեն դիտարկել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ներկայացվող՝ Համաձայնագրի 4-րդ գլխի շրջանակներում համագործակցելու առաջարկները (Հոդված 4.7, մաս 7),
- անհապաղ տեղեկացնել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների և կապի ապահովման կենտրոնների հետ կապված ցանկացած փոփոխության, ինչպես նաև համապատասխան պաշտոնատար անձանց վերաբերյալ տեղեկատվության փոփոխության մասին (Հոդված 4.8, մաս 2),
- ճանաչել Իրանի Իսլամական Հանրապետության սանիտարական կամ բուսասանիտարական միջոցները որպես համարժեք, նույնիսկ եթե այդ միջոցները տարբերվում են Հայաստանի Հանրապետության միջոցներից կամ այն միջոցներից, որոնք օգտագործում են նույն արտադրանքի առևտուրն իրականացնող երրորդ երկրները, եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը օբյեկտիվ կերպով ցույց է տալիս, որ իր միջոցները համադրելի են հայկական կողմի սանիտարական կամ բուսասանիտարական պաշտպանության համապատասխան մակարդակին (Հոդված 5.5, մաս 1),
- ապահովել, որ ընդունված սանիտարական և բուսասանիտարական կանոնները հրապարակված լինեն Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կայքէջերում այնպես, որ շահագրգիռ կողմերը հնարավորություն ունենան դրանց ծանոթանալու (Հոդված 5.6, մաս 2),
- ապահովել կապի ապահովման մեկական կենտրոնի առկայությունը ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետությունում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում և Իրանի Իսլամական Հանրապետությունում, որը պատասխանատու է շահագրգիռ կողմերի բոլոր ողջամիտ հարցերին պատասխաններ տրամադրելու, ինչպես նաև Համաձայնագրի 5.6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հարցերի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր տրամադրելու համար (Հոդված 5.6, մաս 3),
- Իրանի Իսլամական Հանրապետությանը տրամադրել տեղեկություններ գործող կամ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում ուժի մեջ մտնող սանիտարական և բուսասանիտարական միջոցների մասին (Հոդված 5.6, մաս 8),
- ընդունել տարածաշրջանային պայմաններին հարմարեցման հայեցակարգ՝ ներառյալ վնասատուներից կամ հիվանդություններից զերծ գոտիները, վնասատուների կամ հիվանդությունների աննշան տարածմամբ գոտիները՝ որպես առևտրի դյուրացման կարևոր միջոց (Հոդված 5.7, մաս 1),
- ապահովել, որ փաթեթավորման նյութերը և բեռնարկղերը, որոնք նախատեսված են բացառապես ապրանքների տրանսպորտային փոխադրման համար, ապրանքների ծագումը որոշելիս հաշվի չառնվեն (Հոդված 6.11),
- ջանքեր գործադրել Ծագման ստուգման էլեկտրոնային համակարգի ներդրման համար (Հոդված 6.27, մաս 1),
- ապահովել, որ Համաձայնագրի 6-րդ գլխին համապատասխան տրամադրված բոլոր տեղեկությունները դիտարկվեն որպես գաղտնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Այդ տեղեկությունները չպետք է բացահայտվեն՝ առանց դրանք տրամադրած կողմի անձի կամ մարմնի թույլտվության՝ բացառությամբ դատավարական նպատակներով անհրաժեշտ չափով բացահայտման (Հոդված 6.29),
- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից կիրառվող մաքսային վարչարարության միջոցները լինեն կանխատեսելի, անկողմնակալ, հետևողական և թափանցիկ (Հոդված 7.3, մաս 1),
- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինները ձգտեն վերանայել մաքսային վարչարարության միջոցները՝ առևտրային ընթացակարգերի պարզեցմանը նպաստելու նպատակով (Հոդված 7.3, մաս 3),
- սահմանել կամ շարունակել իրականացնել մաքսային ընթացակարգեր և գործառնություններ՝ ապրանքների արդյունավետ բացթողման համար՝ կողմերի միջև առևտրային ընթացակարգերը պարզեցնելու նպատակով (Հոդված 7.4, մաս 1),
- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները կիրառեն ռիսկերի կառավարման համակարգ՝ ռիսկերի կանոնավոր գնահատման միջոցով կենտրոնանալով բարձր ռիսկայնություն ունեցող ապրանքների ստուգման վրա, և պարզեցնեն մաքսային գործառնությունների կատարումը ցածր ռիսկայնություն ունեցող ապրանքների նկատմամբ (Հոդված 7.5),
- ապահովել, որ սահմանին հսկողության և ապրանքների ներմուծմանը, արտահանմանը և տարանցմանն առնչվող ընթացակարգերի համար պատասխանատու լիազորված մարմինները համագործակցեն միմյանց հետ և համակարգեն իրենց գործունեությունը՝ առևտրին նպաստելու և չհիմնավորված վարչական ընթացակարգերը կրճատելու նպատակով (Հոդված 7.8),
- ապահովել, որ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 8 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները ստեղծեն կամ պահպանեն կապի ապահովման մեկ կամ մի քանի կենտրոններ՝ մաքսային հարցերի վերաբերյալ շահագրգիռ անձանց հարցումներն ուսումնասիրելու համար, և համացանցում հրապարակեն տվյալներ` կապի ապահովման այդ կենտրոնների մասին (Հոդված 7.9, մաս 2),
- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները ներմուծող կողմում գրանցված ցանկացած դիմումատուի գրավոր տրամադրեն սակագնային դասակարգման, ապրանքների ծագման, ինչպես նաև գործին առնչվող համարվող ցանկացած լրացուցիչ հարցի վերաբերյալ նախնական որոշումներ (Հոդված 7.10, մաս 1),
- ստեղծել կամ պահպանել նախնական որոշումների ընդունման մեխանիզմներ՝ Համաձայնագրի 7.10 հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան (Հոդված 7.10, մաս 2),
- ապահովել մաքսային մարմինների կողմից էքսպրես-բեռների արագացված մաքսազերծում՝ միաժամանակ պահպանելով մաքսային հսկողության համապատասխան մակարդակ (Հոդված 7.14, մաս 1),
- ներդնել կամ պահպանել ընթացակարգեր, որոնք թույլ են տալիս իրականացնել արագացված բացթողում (Հոդված 7.14, մաս 2),
- շուտ փչացող ապրանքներն ավելորդ կորուստներից և դրանց փչացումից խուսափելու նպատակով, մաքսային օրենսդրության բոլոր պահանջների պահպանման պայմանով՝ ապահովել շուտ փչացող ապրանքների բացթողումն առաջնահերթ կարգով (Հոդված 7.15),
- մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հայտարարատուների՝ առանց մաքսային գործակալների ծառայություններին դիմելու անհրաժեշտության մաքսային հայտարարագրերն ինքնուրույն ներկայացնելու իրավունքը (Հոդված 7.18),
- հնարավորության սահմաններում ապահովել մաքսային գործառնությունների իրականացումը տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում՝ կապի էլեկտրոնային միջոցների վրա հիմնված համակարգերի ու տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ տեղեկատվական անվտանգության բոլոր միջոցներն ապահովելու պայմանով, ինչպես նաև ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինները հնարավորության սահմաններում հայտարարատուներին հնարավորություն ընձեռեն ապրանքները հայտարարագրել էլեկտրոնային եղանակով և ապահովեն օգտատերերի մուտքը էլեկտրոնային համակարգեր (Հոդված 7.19),
- ապահովել, որ Համաձայնագրի 7-րդ գլխին համապատասխան տրամադրված բոլոր տեղեկությունները, բացառությամբ վիճակագրական տվյալների, դիտարկվեն որպես գաղտնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և նորմատիվ ակտերին համապատասխան, չբացահայտվեն Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից՝ առանց դրանք տրամադրած կողմի անձի կամ մարմնի թույլտվության՝ բացառությամբ այն տեղեկությունների, որոնց բացահայտումը կարող է անհրաժեշտ լինել դատավարական նպատակներով (Հոդված 7.20),
- ապահովել մաքսային մարմինների կողմից ընդունվող և շահագրգիռ անձանց իրավունքներին առնչվող որոշումների վարչական վերանայման և այդպիսի որոշումների դատական կարգով բողոքարկման հնարավորություն՝ օրենսդրության նորմերին համապատասխան (Հոդված 7.21),
- ընդունել կամ պահպանել այնպիսի միջոցներ, որոնք թույլ են տալիս վարչական տուգանքներ կիրառել ապրանքների ներմուծման կամ արտահանման ժամանակ մաքսային օրենսդրությունը և նորմատիվ ակտերը, այդ թվում՝ Համաձայնագրի շրջանակներում սակագնային դասակարգման, մաքսային արժեքի որոշման, ծագման երկրի որոշման և սակագնային առանձնաշնորհումների ռեժիմ ստանալու մասին դրույթները խախտելու համար (Հոդված 7.22, մաս 1),
- ապահովել, որ մաքսային օրենսդրության, նորմատիվ ակտերի կամ ընթացակարգային պահանջների խախտման համար տուգանք նշանակելիս այն անձին (անձանց), որի (որոնց) նկատմամբ նշանակվում է տուգանքը, տրամադրվի գրավոր պարզաբանում՝ խախտման բնույթի և կիրառելի այն օրենքի, դրույթի կամ ընթացակարգի նշմամբ, որոնց հիման վրա որոշվել է տուգանքի գումարը կամ չափը (Հոդված 7.22, մաս 5)։
3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին, մասնավորապես՝ նպատակաուղղված են պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում ստորագրված՝ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող 12 փետրվարի 2019 թվականի ՍԴՈ-1445
Հ. Թովմասյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|