Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
21.06.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0073/04/16

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0073/04/16

2017թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան

Դատավորներ՝

Ն. Բարսեղյան

Մ. Հարթենյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ն. Տավարացյանի

 

2017 թվականի հունիսի 21-ին,

քննարկելով ըստ դիմումի Վարուժ Կյուրեղյանի ընդդեմ «Մասիսավան բրենչ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Վարուժ Կյուրեղյանի ներկայացուցիչ Գևորգ Չաքմիշյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վարուժ Կյուրեղյանը պահանջել է Ընկերությանը սնանկ ճանաչել:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Կ. Պետրոսյան) 23.06.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 17.10.2016 թվականի ««Մասիսավան բրենչ» ՍՊԸ-ի սնանկության գործով ներկայացված պահանջը քննության առնելու մասին» որոշմամբ Ընկերության նկատմամբ Վարուժ Կյուրեղյանի պահանջը հաստատելու վերաբերյալ Վարուժ Կյուրեղյանի ներկայացուցչի դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2016 թվականի որոշմամբ Վարուժ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է` սահմանելով ժամկետ` բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.12.2016 թվականի որոշմամբ Վարուժ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարուժ Կյուրեղյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  205-րդ և      213-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանի 17.10.2016 թվականի որոշումը դատական նիստի ընթացքում չի հրապարակվել, հետևաբար դատավարության մասնակիցները դատարանի որոշման բովանդակության մասին կարող էին տեղեկանալ միայն այդ որոշումը ստանալուց հետո, և այդ օրվանից սկսվում է հոսել վերաքննիչ բողոք ներկայացնելու տասնհինգօրյա ժամկետը:

Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ անհիմն կերպով սահմանափակվել է անձի դատական պաշտպանության իրավունքը:

Վերաքննիչ դատարանը բողոքը վարույթ ընդունելու հարցի համար նշանակություն ունեցող` վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բողոքաբերի կողմից պահպանելու համար ներկայացված ապացույցները չի ուսումնասիրել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ` պարզելու համար վերաքննիչ բողոքը 01.11.2016 թվականից շուտ ներկայացնելու անհնարինությունը, որն առաջացել է բողոքարկվող որոշումը դատարանի կողմից դատավարության մասնակցին ուշ ուղարկելու պատճառով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 23.12.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի խախտման արդյունքում առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

1) 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն`  սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետներում (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու կամ վերականգնելը մերժելու մասին դատարանը կայացնում է որոշում:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, վերաքննության կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1401-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի բողոքն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները, վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո`երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված (...):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքում ձևավորված իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանզի դատարանի մատչելիության իրավունքն ինքնին պետության կողմից կարգավորում պահանջող երևույթ է: Այս առումով պետությունը որոշակի հայեցողություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին դատարանի մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե դա չի հետապնդում իրավաչափ նպատակ և առկա չէ ողջամիտ հարաբերակցություն` օգտագործվող միջոցների և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև (տե'ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռ, կետ 57):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը կարող է վերականգնել միայն այն դեպքում, երբ այդ ժամկետը բաց թողած շահագրգիռ անձը գրավոր միջնորդության կամ դիմումի միջոցով հայցել է նման գործողության իրականացումը, այլ կերպ ասած` ներկայացրել է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ գրավոր պահանջ: Այսինքն` նման միջնորդության առկայությունը պարտադիր նախապայման է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու համար, և որևէ բացառություն այս ընդհանուր կանոնից չի կարող լինել` անկախ այն պատճառներից, որոնք պայմանավորել են համապատասխան դատավարական ժամկետի բացթողումը (տե՛ս, Լիլիթ Ռաշոյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության և ՀՀ գլխավոր դատախազության թիվ ԵԿԴ/1881/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):

Այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տե՛ս, Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը):

Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը 06.09.2016 թվականի թիվ ՍԴՈ-1296 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատարանը հանդես է գալիս որպես արդարադատություն իրականացնող մարմին և կաշկանդված է որոշակի դատավարական գործողություններ սեփական հայեցողությամբ իրականացնելու արգելքով, և դատարանի կողմից դատավարական ակնկալվող գործողության կատարման, այն է` բաց թողնված դատավարական ժամկետն իրավունքի ուժով (ex jure) վերականգնելու համար անհրաժեշտ է, որպեսզի բողոք բերած անձը գրավոր միջնորդի համապատասխան գործողության կատարումը: Հետևաբար, համապատասխան միջնորդության առկայությունն այն անհրաժեշտ նախապայմանն է, որը վկայում է բողոք բերած անձի կողմից ակնկալվող գործողությունը հայցելու մասին, ինչն էլ բավարար հիմքերի առկայության դեպքում դատարանի համար առաջացնում է բաց թողնված դատավարական ժամկետն իրավունքի ուժով (ex jure) վերականգնելու պարտականություն:

2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ակտը, որով ըստ էության չի լուծվում գործը, կայացվում է որոշման ձևով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու ամսաթիվը, վեճի առարկան.

2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը).

3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում.

4) շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքներ և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.

5) եզրահանգումը քննարկվող հարցով.

6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`վերաքննիչ դատարանը, նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները:

Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ բողոքի վերադարձման հիմք է նաև վերաքննիչ բողոքն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո ներկայացված լինելը և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն չներկայացնելը, կամ այդ միջնորդությունը Վերաքննիչ դատարանի կողմից մերժելը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ շահագրգիռ անձն իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս, դատավարական օրենսդրությամբ նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված կոնկրետ հարցի որոշակի և վերջնական լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի` միջնորդություն հարուցելու իրավունքին միանշանակորեն համապատասխանում է տվյալ միջնորդության մեջ շարադրված հարցի քննարկման արդյունքներով հստակ եզրահանգումներ պարունակող որոշում կայացնելու դատարանի պարտականությունը (տե´ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Յուրիկ Առաքելյանի և Մխիթար Վարդիկյանի թիվ ԱՐԱԴ/1440/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.01.2016 թվականի որոշումը):

Միաժամանակ մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը ընդգծել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքին կցված է կամ բողոքում ներառված է վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, ապա Վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ այդ միջնորդությանը և դրա քննարկման արդյունքում որոշում կայացնելուց հետո միայն որոշել վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ վարույթ ընդունելու հարցը(տե՛ս, Դոնարա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի թիվ ԵԿԴ/2791/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշումը):

 

Սույն գործի փաստերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

-       Դատարանը 17.10.2016 թվականի ««Մասիսավան բրենչ» ՍՊԸ-ի սնանկության գործով ներկայացված պահանջը քննության առնելու մասին» որոշմամբ Ընկերության նկատմամբ Վարուժ Կյուրեղյանի պահանջը հաստատելու վերաբերյալ Վարուժ Կյուրեղյանի ներկայացուցչի դիմումը մերժել է (հատոր 2-րդ, գ.թ. 50-54),

-       Վարուժ Կյուրեղյանը 08.11.2016 թվականին փոստային կապի ծառայության միջոցով վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 17.10.2016 թվականի ««Մասիսավան բրենչ» ՍՊԸ-ի սնանկության գործով ներկայացված պահանջը քննության առնելու մասին» որոշման դեմ. այդ վերաքննիչ բողոքը ստացվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում 09.11.2016 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 81-85),

-       Վերաքննիչ դատարանը 28.11.2016 թվականի որոշմամբ Վարուժ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը վերադարձրել է` հետևյալ հիմքով. Վարուժ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը ենթակա է վերադարձման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիմքով, քանի որ այն բերվել է դրա համար սահմանված ժամկետը (01.11.2016 թվական) լրանալուց հետո` 08.11.2016 թվականին և բացակայում է այդ ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդություն (հատոր 2-րդ, գ.թ. 87),

-       Վարուժ Կյուրեղյանը 15.12.2016 թվականին փոստային կապի ծառայության միջոցով կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք Դատարանի 17.10.2016 թվականի «Մասիսավան բրենչ» ՍՊԸ-ի սնանկության գործով ներկայացված պահանջը քննության առնելու մասին>> որոշման դեմ. այդ վերաքննիչ բողոքը ստացվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում 16.12.2016 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 110-120),

-       Վարուժ Կյուրեղյանի 15.12.2016 թվականի կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում նշված է. «Դատարանի որոշումը փոստային առաքմամբ ստացել է 01.11.2016 թվականին: (...) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին եմ ներկայացնում դատարանի 17.10.2016 թվականի բողոքարկվող որոշման փոստային ծրարի պատճենը, որով հաստատվում է այդ որոշումը 01.11.2016 թվականին ստանալու փաստը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին միջնորդում եմ վերաքննիչ բողոքը բերելու ժամկետը հաշվարկելիս հաշվի առնել այդ ապացույցը, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ»  (հատոր 2-րդ գ.թ. 110-111):

-       Վարուժ Կյուրեղյանը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցել է նաև Դատարանի 17.10.2016 թվականի որոշումը 01.11.2016 թվականին ստանալու փաստը հավաստող ապացույցը (հատոր 2-րդ, գ.թ. 117-118):

Վերաքննիչ դատարանը 23.12.2016 թվականի որոշմամբ վերադարձրել է Վարուժ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը՝ հետևյալ պատճառաբանությամբ. Վարուժ Կյուրեղյանի ներկայացուցիչը 15.12.2016 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոքը, սակայն Վերաքննիչ դատարանի 28.11.2016 թվականի որոշմամբ մատնանշված` բողոքում տեղ գտած թերությունը չի վերացրել: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով ներկայացված վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը, գտել է, որ կրկին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը պետք է վերադարձնել` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի, քանի որ այն բերվել է դրա համար սահմանված ժամկետը (01.11.2016 թվական) լրանալուց հետո` 08.11.2016 թվականին և բացակայում է այդ ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը (հատոր 2-րդ, գ.թ. 121):

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանը նախևառաջ փաստում է, որ սույն գործով Վարուժ Կյուրեղյանը, Դատարանի 17.10.2016 թվականի ««Մասիսավան բրենչ» ՍՊԸ-ի սնանկության գործով ներկայացված պահանջը քննության առնելու մասին» որոշման դեմ իր վերաքննիչ բողոքը փոստային կապի ծառայության միջոցով ներկայացնելով 08.11.2016 թվականին, բաց է թողել այդ դատական ակտը բողոքարկելու օրենքով սահմանված տասնհինգօրյա ժամկետը: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարուժ Կյուրեղյանը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում նշել է, որ Դատարանի որոշումը փոստային կապի ծառայության միջոցով ստացել է 01.11.2016 թվականին` վերաքննիչ բողոքին կցելով այդ փաստն հավաստող ապացույցը, և միջնորդել է վերաքննիչ բողոքը ներկայացնելու ժամկետը հաշվարկելիս հաշվի առնել այդ ապացույցը և կրկին ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ: Փաստորեն, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վարուժ Կյուրեղյանը վերաքննիչ բողոքում ներկայացրել է Դատարանի 17.10.2016 թվականի ««Մասիսավան բրենչ» ՍՊԸ-ի սնանկության գործով ներկայացված պահանջը քննության առնելու մասին» որոշման բողոքարկման բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն. Վարուժ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը պարունակում է ինչպես բաց թողնված դատավարական ժամկետով պայմանավորված գործողությունը՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը, կատարելու վերաբերյալ գրավոր խնդրանքը՝ ուղղված ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին, այնպես էլ Դատարանի 17.10.2016 թվականի ««Մասիսավան բրենչ» ՍՊԸ-ի սնանկության գործով ներկայացված պահանջը քննության առնելու մասին» որոշման բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը՝ բողոքարկվող դատական ակտի օրինակը վերաքննիչ բողոք բերած անձին ուշ (01.11.2016 թվականին) մատչելի դառնալու հանգամանքը:

Այսպիսով, սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքի բովանդակությունից հետևում է, որ Վարուժ Կյուրեղյանը, Դատարանի 17.10.2016 թվականի ««Մասիսավան բրենչ» ՍՊԸ-ի սնանկության գործով ներկայացված պահանջը քննության առնելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոքը բերելով օրենքով սահմանված տասնհինգօրյա ժամկետի լրանալուց հետո, ներկայացրել է համապատասխան միջնորդություն՝ բաց թողած ժամկետը վերականգնելու վերաբերյալ, որը չի քննարկվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիմքով անհիմն է վերադարձրել Վարուժ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը, քանի որ վերջինս իր վերաքննիչ բողոքում փաստացի ներկայացրել է Դատարանի 17.10.2016 թվականի ««Մասիսավան բրենչ» ՍՊԸ-ի սնանկության գործով ներկայացված պահանջը քննության առնելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու բաց թողած ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, որը պետք է քննարկման առարկա դառնար Վերաքննիչ դատարանում:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոք բերելու բաց թողած ժամկետը վերականգնելու վերաբերյալ Վարուժ Կյուրեղյանի միջնորդությունը Վերաքննիչ դատարանի կողմից քննության առնելու և դրա վերաբերյալ որոշում կայացնելու համար սույն գործը ենթակա է նոր քննության, որից հետո միայն Վերաքննիչ դատարանը կարող է լուծել վերաքննիչ բողոքը վերադարձնելու հարցը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 23.12.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն ամբողջությամբ ենթակա է վերացման:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան