Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2573/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2573/02/11
2018թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան  

Դատավորներ՝

 Ա. Խառատյան
   Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

   

Վ. Աբելյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի դեկտեմբերի 27-ին,

քննարկելով գործին մասնակից չդարձված անձ Մարինե Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.09.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Գառնիկ Կուրղինյանի, Մանյա Ալոյանի ընդդեմ Անահիտ և Միքայել Կուրղինյանների` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Գառնիկ Կուրղինյանը և Մանյա Ալոյանը պահանջել են իրենց ճանաչել Հարություն Կուրղինյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Կոմիտասի 34-րդ շենքի թիվ 53 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/5 մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ, ինչպես նաև այդ բաժնեմասի նկատմամբ ճանաչել իրենց սեփականության իրավունքը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 17.07.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.09.2013 թվականի որոշմամբ վերադարձվել է գործին մասնակից չդարձված անձ Մարինե Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Մարինե Բաղդասարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։ 

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ, 1216-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ նշված գործը Մարինե Բաղդասարյանի իրավունքներին և պարտականություններին չի վերաբերել, և տվյալ դատական ակտով չեն խախտվել վերջինիս իրավունքները` անտեսելով վերաքննիչ բողոքում Մարինե Բաղդասարյանի կողմից վկայակոչված փաստարկները` Հարություն Կուրղինյանի՝ առաջին հերթի ժառանգ հանդիսանալու և նրա ժառանգությունը փաստացի տիրապետման եղանակով ընդունելու վերաբերյալ։ Արդյունքում` Վերաքննիչ դատարանը խախտել է Մարինե Բաղդասարյանի`  ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ` Կոնվենցիա) երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է «բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.09.2013 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ»։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանն այն  գտնում է հիմնավոր հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, ով ստորադաս դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր դեպքում գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է պարզի` արդյոք բողոքին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ վիճարկվող դատական ակտն առերևույթ կարող է վերաբերել վերջինիս իրավունքներին և պարտականություններին: Ինչ վերաբերում է անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտ կայացված լինել կամ չլինելու հարցին, ապա այն պետք է գնահատման առարկա դարձվի և պարզվի ՀՀ վերաքննիչ դատարանում՝ գործի քննության փուլում:

Վերաքննիչ դատարանը Մարինե Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ վերջինս չի ներկայացրել ապացույցներ առ այն, որ սույն քաղաքացիական գործը վերաբերել է իր իրավունքներին և պարտականություններին: «Մասնավորապես, բողոք բերողը նշել է, որ դատարանն իրեն գործին մասնակից չի դարձրել այն պայմաններում, երբ ինքը հանդիսանում է վիճելի բնակարանի համասեփականատերերից Հարություն Կուրղինյանի իրավահաջորդը, մինչդեռ չի ներկայացրել Հարություն Կուրղինյանի ժառանգությունն ընդունած ժառանգ հանդիսանալու վերաբերյալ որևէ ապացույց»: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ հնարավոր չէ որոշել, թե որքանով է կայացված դատական ակտն առնչվում բողոք բերողի իրավունքներին և պարտականություններին, և արդյոք նրան գործի քննությանը մասնակից չդարձնելն ազդել է գործի ելքի վրա:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված հետևությունն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ. սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Երևանի Կոմիտասի 34-րդ շենքի թիվ 53 բնակարանի սեփականատերերն են Հարություն Կուրղինյանը (մահացել է 14.11.2007 թվականին), Գառնիկ Կուրղինյանը, Մանյա Ալոյանը, Անահիտ և Միքայել Հարությունի Կուրղինյանները։ 

Վերաքննիչ բողոքին կից ներկայացված թիվ 360639 ամուսնության վկայականի համաձայն` Մարինե Բաղդասարյանը և Հարություն Կուրղինյանն ամուսնացել են 1976 թվականին։

Սույն գործով հայցվորներ Գառնիկ Կուրղինյանը և Մանյա Ալոյանը ներկայացրել են Հարություն Կուրղինյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Կոմիտասի 34-րդ շենքի թիվ 53 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/5 մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջ և որպես պատասխանողներ ներգրավել են միայն Հարություն Կուրղինյանի զավակներին` Անահիտ և Միքայել Կուրղինյաններին: Գործը քննվել և այն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է գործին մասնակցող անձանց վերը նշված կազմով: Մարինե Բաղդասարյանը, ով հանդիսանում է ժառանգատու Հարություն Կուրղինյանի կինը, հետևաբար և վերջինիս առաջին հերթի ժառանգը, գործին մասնակից չի դարձվել։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ բողոքին կից ներկայացված ապացույցները, մասնավորապես` Մարինե Բաղդասարյանի` Հարություն Կուրղինյանի առաջին հերթի ժառանգ հանդիսանալու փաստն առերևույթ վկայում են, որ Դատարանի 17.07.2012 թվականի վճիռը կարող է վերաբերել վերջինիս իրավունքներին: Միաժամանակ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ Մարինե Բաղդասարյանը չի ներկայացրել Հարություն Կուրղինյանի ժառանգությունն ընդունելու վերաբերյալ որևէ ապացույց, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված փաստը ենթակա է պարզման ոչ թե բողոքը վարույթ ընդունելու, այլ ՀՀ վերաքննիչ դատարանում գործի քննության փուլում:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մարինե Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը պետք է վարույթ ընդունվեր և պարզվեր, թե արդյոք բողոքարկվող դատական ակտը վերաբերում է նրա իրավունքներին կամ պարտականություններին:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-ին հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.09.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան
  Վ. Աբելյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
 

Գ. Հակոբյան

  Է. Հայրիյան
  Տ. Պետրոսյան
 

Ե. Սողոմոնյան