Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.12.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0814/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0814/02/11

2012 թ.

Նախագահող դատավոր՝   Կ. Չիլինգարյան

Դատավորներ՝ Ա. Պետրոսյան  
  Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի դեկտեմբերի 24-ին,

քննարկելով ըստ հայցի Կարեն Ստեփանյանի ընդդեմ Անժելա Ստեփանյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Լորուտ և Մարգահովիտ համայնքների խնամակալության և հոգաբարձության մարմինների` երեխաների բնակության վայրն ըստ իր բնակության վայրի որոշելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Անժելա Ստեփանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կարեն Ստեփանյանը պահանջել է որպես իր երեխաների` Վիկտորիա և Էրիկ Ստեփանյանների բնակության վայր սահմանել իր բնակության վայրը`  Լոռու մարզի Լորուտ գյուղը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Վ. Հովնանյան) (այսուհետ՝ Դատարան) 11.05.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2012 թվականի որոշմամբ Անժելա Ստեփանյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.07.2012 թվականի որոշմամբ Անժելա Ստեփանյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անժելա Ստեփանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է փոստային ծառայության կողմից իրեն տրամադրված թիվ «9-R046215039» համարի անդորրագիրը, որից պարզ է դառնում, որ վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել  11.06.2012 թվականին` առանց ժամկետի խախտման,  իսկ այն հանգամանքը, որ ծրարի վրա 13.06.2012 թվականով  թվագրված կնիք է դրվել, կարող է լինել այն պատճառով, որ ծրարները հանձնման պահին չեն կնքվել, այլ կնքվել են Ալավերդու Հայփոստ ծառայության կենտրոնական մաս առաքելուց հետո:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 14.07.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ  միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:

Նշված նորմերից հետևում է, որ ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ:

 «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը: Սակայն, եթե այդ գործողությունը պետք է կատարվի հիմնարկում կամ կազմակերպությունում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ այդ կազմակերպությունում կամ հիմնարկում սահմանված կանոններով դադարեցվում են համապատասխան գործողությունները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը տրված փաստաթղթերը համարվում են ժամկետին տրված:

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ սահմանված փաստաթղթերը կապի կազմակերպությանը հանձնելու իրավական հետևանքները հավասարեցվում են դրանք համապատասխան հասցեատիրոջը տալուն (տես` «ԱրմենՏել» ՓԲԸ-ն ընդդեմ Տիգրան Հարությունյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, թիվ 3-1614(Ա) գործով Վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի որոշումը):

Բացի այդ, դատավարական ժամկետներից բխող դատավարական իրավահարաբերությունների կարգավորման կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով արտահայտել է իր դիրքորոշումը և արձանագրել է, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն` մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը տրված փաստաթղթերը համարվում են ժամկետին տրված, կիրառման ենթակա է նաև քաղաքացիական դատավարության իրավահարաբերությունների նկատմամբ: Նշվածից բխում է, որ մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը տրված վերաքննիչ բողոքը պետք է համարվի Վերաքննիչ դատարան հանձնված (տես` աշխատանքի պետական տեսչության Վայոց Ձորի մարզի տարածքային կենտրոնն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արամ Սարդարյանի` վարչական տուգանքի գումարը բռնագանձելու պահանջի մասին, թիվ 3-1888 (ՏԴ) գործով Վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի որոշումը):

Վերաքննիչ դատարանը 25.06.2012 թվականին Անժելա Ստեփանյանի վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքում դրել է հետևյալ հանգամանքները` «1. վերաքննիչ բողոքը բերվել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո, և չի պարունակում ժամկետի բացթողման պատճառը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն. 2. վերաքննիչ բողոքին չի կցվել պետական տուրքի վճարման փաստը հավաստող որևէ ապացույց։ Վերը նկարագրված խախտումները ՀՀ քաղաքացիական  դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված հիմքեր են վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար։ Ինչ վերաբերում է պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ բողոքում պարունակվող միջնորդությանը, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրան անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքը վերադարձվում է նաև ՀՀ քաղաքացիական  դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիմքով»:

 Վերաքննիչ դատարանը, 14.07.2012 թվականին կրկին անգամ վերադարձնելով Անժելա Ստեփանյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «1. վերաքննիչ բողոքը բերվել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո։ Այն պարունակում է ժամկետի բացթողման պատճառը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, որը, սակայն ենթակա չէ բավարարման, հետևյալ պատճառաբանությամբ։ Բողոք բերած անձը պատճառաբանել է, որ բողոքը փոստին է հանձնել նախքան բողոքարկված վճիռն օրինական ուժի մեջ մտնելը` 11.06.2012 թվականին, ինչը հերքվում է գործում առկա` Դատարանին և Վերաքննիչ դատարանին հասցեագրված վերաքննիչ բողոքը պարունակող ծրարների վրա փոստային բաժանմունքի կողմից դրոշմված կնիքների ամսաթվերով (երկու դեպքում էլ բողոքը փոստին է հանձնվել 13.06.2012 թվականին, որպիսի պայմաններում բողոք բերած անձի` վերը նշված պատճառաբանությունը հարգելի համարվել չի կարող)։ 2. վերաքննիչ բողոքը չի պարունակում նշում այն նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ, որոնք ազդել են գործի ելքի վրա. 3. վերաքննիչ բողոքը չի պարունակում նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության հիմնավորումները. 4. բողոք բերած անձի պահանջը թերի է նշվել, և անհասկանալի է, թե վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց և «դատաքննության նշանակելուց» հետո նա ինչ է ակնկալում.  5. վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը հայցվորին ուղարկելու փաստը հավաստող որևէ ապացույց։ Վերը նկարագրված խախտումները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված հիմքեր են վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար»։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման եզրակացության հանգելու համար Վերաքննիչ դատարանը չի ունեցել բավարար հիմքեր: Անժելա Ստեփանյանի կողմից ներկայացված 04.07.2012 թվականի «Դիմում-միջնորդությունը» պարունակում է հիմնավորումներ այն մասին, որ բողոքաբերն իրականում բաց չի թողել վերաքննիչ բողոքը բերելու համար օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` փոստային ծառայության կողմից Անժելա Ստեփանյանին տրված անդորրագրի համաձայն` վերաքննիչ բողոքը նրա կողմից փոստային ծառայությանն է հանձնվել 11.06.2012 թվականին (հատոր 2, գ.թ. 96),  վերաքննիչ բողոքը Կարեն Ստեփանյանին, Լորուտ և Մարգահովիտ համայնքների խնամակալության և հոգաբարձության մարմիններին ևս փոստային ծառայության միջոցով ուղարկվել է 11.06.2012 թվականին (հատոր 2, գ.թ. 65-68), այսինքն` մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

Վերոգրյալը հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե Վերաքննիչ դատարանը կատարեր գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, ապա կհանգեր այն եզրակացության, որ Անժելա Ստեփանյանը չի խախտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի պահանջները:

Վերաքննիչ դատարանը տվյալ դեպքում սահմանափակել է Անժելա Ստեփանյանի` դատարանի մատչելիության «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե'ս` Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի (Khalfaoui v. France), թիվ 34791/97, պարբ. 35, ECHR 1999-IX և Պապոնն ընդդեմ Ֆրանսիայի (Papon v. France), թիվ 54210/00, պարբ. 90, ECHR 2002-VII):  

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան