Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.04.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/7871/05/12

Վարչական գործ թիվ ՎԴ/7871/05/12
2013թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

   

Վ. Աբելյանի

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

 

2013 թվականի ապրիլի 30-ին,

քննարկելով ըստ հայցի «Շինմոնտաժպրոյեկտ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) նախկին տնօրեն Կարեն Մարտիրոսյանի ընդդեմ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` Կոմիտեի ՕՀՎ-ի կողմից 23.01.2012 թվականի տեղեկանքը կազմելուն ուղղված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.02.2013 թվականի «Բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ընկերության նախկին տնօրեն Կարեն Մարտիրոսյանի բերած վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերության նախկին տնօրեն Կարեն Մարտիրոսյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Կոմիտեի ՕՀՎ-ի կողմից 23.01.2012 թվականի տեղեկանքը կազմելուն ուղղված գործողությունները` հաշվարկի մասով:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Թովմասյան) (այսուհետ` Դատարան) 03.12.2012 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 21.01.2013 թվականի որոշմամբ Դատարանի 03.12.2012 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության նախկին տնօրեն Կարեն Մարտիրոսյանի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.02.2013 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Կարեն Մարտիրոսյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժվել է, իսկ Դատարանի 03.12.2012 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ բերած վերաքննիչ բողոքը` վերադարձվել` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության նախկին տնօրեն Կարեն Մարտիրոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը        

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 117.6-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու պայմաններում խախտվում է թե´ բողոք բերած անձի` դատարանի մատչելիության, իրավունքների ինքնապաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը և թե´ վարչական մարմնի գործողության վիճարկման իրական հնարավորությունը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքը ներկայացնելու ժամանակ վստահ էր, որ սույն գործում պետք է առկա լինի Դատարանի կողմից դատավարության կողմերին ուղարկված և ստացված նամակների ուղարկման և ստացման փոստային անդորրագրերը, որոնցով էլ կհաստատվեր բողոք բերած անձի վկայակոչած փաստարկը, սակայն հետագայում պարզվել է, որ Դատարանի կողմից սույն գործին չէր կցվել վիճարկվող որոշումն ուղարկելու կամ այն ստանալու վերաբերյալ որևէ ապացույց:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 14.02.2013 թվականի «Բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե արդյոք ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն իրավասու է միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու հիմքով վերադարձնել վերաքննիչ բողոքն այն պայմաններում, երբ գործում առկա չեն ՀՀ վարչական դատարանի կողմից միջանկյալ դատական ակտը բողոք բերած անձին ուղարկելու և վերջինիս կողմից այն ստանալու վերաբերյալ ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա վարչական դատարանի կայացրած հետևյալ միջանկյալ դատական ակտերը` հայցադիմումի ընդունումը մերժելու մասին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` միջանկյալ դատական ակտը ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վարչական դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում որոշումը նույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկելով հայցվորին և պատասխանողին, իսկ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը` հայցվորին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Դատավարության մասնակիցները կարող են համաձայնվել ծանուցման այլ եղանակի մասին, մասնավորապես ֆաքսով, էլեկտրոնային փոստով, հեռախոսով, հեռագրով:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վարչական դատարանի` միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված է 15-օրյա ժամկետ, որպիսի ժամկետի հաշվարկը սկսում է հոսել այդ ակտը ստանալուց հետո, իսկ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը գործին մասնակցող անձանց ուղարկելու գործընթացը կարգավորվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի պատշաճ ծանուցման կանոններով:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R (95) 5  հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վերը նշվածից հետևում է, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի ապահովվի ցանկացած որոշման վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի  և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե´ս` «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, պարբ. 44):

Վերահաստատելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման կարգավորումը ենթադրում է բավարար իրավական երաշխիքների առկայություն բողոք ներկայացնող անձի` վերադաս դատական ատյանում լսված լինելու իրավունքն ապահովելու առումով: Դատական պաշտպանության իրավունքի սահմանափակումները, այդ թվում և վերաքննիչ բողոքը վերադարձնելու միջոցով, խախտում են այդ իրավունքը, եթե ստորադաս դատարանի կողմից թույլ տրված ընթացակարգային խախտումներն ազդել են բողոք բերելու ժամկետների վրա:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ բողոք բերած անձը որպես բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդության հիմնավորում նշել է, որ վիճարկվող որոշումը փոստային եղանակով ստացել է 21.12.2012 թվականին, սակայն դրա վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել, իսկ գործում առկա նյութերով չի հիմնավորվում բողոք բերած անձի կողմից վիճարկվող որոշումն ուշացումով ստանալու վերաբերյալ միջնորդությամբ նշված փաստարկը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ պատճառաբանությունն անհիմն է, քանի որ սույն գործում առկա չէ Դատարանի 03.12.2012 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը բողոք բերած անձին ուղարկելու և այն վերջինիս կողմից ստանալու փաստը հավաստող պատշաճ ապացույց, որպիսի պայմաններում ընդհանրապես հնարավոր չէ պարզել բողոք բերած անձի կողմից վիճարկվող որոշումը ստանալու ճշգրիտ ժամանակը: Հետևաբար, առանց նշված ապացույցի առկայության Վերաքննիչ դատարանն իրավասու չէր վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը համարել բաց թողնված և այդ հիմքով վերադարձնել վերաքննիչ բողոքը:

Ինչ վերաբերում է գործում առկա Դատարանի 03.12.2012 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը բողոք բերած անձին ուղարկելու վերաբերյալ գրությանը (գ.թ. 29), ապա այն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի իմաստով չի կարող համարվել պատշաճ ծանուցման վերաբերյալ ապացույց, քանի որ, ինչպես նշվեց, սույն գործում առկա չէ Դատարանի 03.12.2012 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը բողոք բերած անձի կողմից ստանալու փաստը հավաստող որևէ ապացույց (հանձնման (ստացման) ծանուցագիր և այլն):

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող որոշումը բողոք բերած անձի կողմից ստանալու փաստի վերաբերյալ ապացույցի բացակայության պայմաններում վերջինիս կողմից ներկայացված բաց թողած դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդության փաստարկն ընդունվելու դեպքում բողոք բերած անձը բաց չի թողել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետը հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` տարիներով, ամիսներով, շաբաթներով կամ օրերով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, շաբաթվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` օրերով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը:

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Ամանոր և Ծննդյան տոներ` նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր:

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 1.1-րդ հոդվածի համաձայն` Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր:

Նշված դրույթների վերլուծությունից հետևում է, որ դատավարական ժամկետները հաշվարկվում են նաև օրերով, որոնցով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը: Միաժամանակ, օրերով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը, իսկ նշված ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը: Այսպես, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ ոչ աշխատանքային օրեր են (Ամանոր և Ծննդյան տոներ, Մեռելոց հիշատակի օր): Հետևաբար, ՀՀ վարչական դատարանի` միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված 15-օրյա ժամկետը սկսում է հոսել ակտն ստանալու հաջորդ օրվանից և այդ ժամանակահատվածում չեն ներառվում օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը:

Սույն գործի փաստերի համաձայն` բողոք բերած անձը, վերաքննիչ բողոքով պատճառաբանելով, որ վիճարկվող որոշումը փոստային եղանակով ստացել է 21.12.2012 թվականին, միջնորդել է վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը համարել հարգելի:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի 03.12.2012 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը բողոք բերած անձի կողմից ստանալու փաստը հավաստող ապացույցի բացակայության պայմաններում վերոգրյալ միջնորդության փաստարկն ընդունվելու դեպքում վերջինս բաց չի թողել վերաքննիչ բողոքը բերելու համար սահմանված դատավարական ժամկետը, քանի որ այդ փաստարկի համաձայն` բողոք բերած անձը վիճարկվող որոշումը ստացել է 21.12.2012 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը փոստային ծառայության միջոցով ներկայացվել է 08.01.2013 թվականին, որպիսի ժամկետի մեջ չեն հաշվարկվում այդ ժամանակահատվածում ընդգրկվող ոչ աշխատանքային օրերը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, քանի որ առանց որևէ ապացույցի առկայության հաստատված է համարել բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետի խախտման փաստը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը վերադարձնելով, սահմանափակել է բողոք բերած անձի` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.9-րդ, 118.15-րդ և 118.17-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.02.2013 թվականի «Բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

  Վ. Աբելյան
  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
 

Գ. Հակոբյան

  Է. Հայրիյան
  Տ. Պետրոսյան