Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1444
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.02.27/15(1468) Հոդ.127
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
12.02.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

12 փետրվարի 2019 թ.

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ա. Բաբայանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում ստորագրված՝ Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2018 թվականի դեկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում։

Համաձայնագիրը կոչված է պետական կարգավորման տարբեր ուղղություններով ապահովելու փոխգործակցության այնպիսի մեխանիզմներ, որոնք միտված են առավելագույնս հաշվի առնել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) ընդհանուր և յուրաքանչյուր անդամ պետության, ինչպես նաև՝ գործարարության շահերը, կարգավորման թափանցիկությունն ու կանխատեսելիությունը ազգային և վերազգային մակարդակներում։

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- վերահաստատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նկատմամբ Հայաստանի Հանրապետության իրավունքներն ու պարտավորությունները՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) համաձայնագրի, ինչպես նաև այն երկկողմ համաձայնագրերի համաձայն, որոնց կողմերն են Հայաստանի Հանրապետությունը և Չինաստանը (Հոդված 1.4, մաս 1),

- համապատասխան օրենքների և կարգավորումների համաձայն՝ ապահովել Համաձայնագրի և վերջինիս ուժի մեջ մտնելու օրվանից հետո ուժի մեջ մտնող միջազգային այն համաձայնագրերի վերաբերյալ տեղեկությունների ժամանակին հրապարակումը կամ ազատ մատչելիությունը, ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով, որոնց կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը (Հոդված 2.2, մաս 1),

- Համաձայնագրի գործողությանն առնչվող՝ ընդհանուր կիրառության բոլոր միջոցները կիրառել միասնական, անաչառ և ողջամիտ կերպով (Հոդված 2.3, մաս 1),

- ունենալ կամ հնարավորինս շուտ ձևավորել դատական, արբիտրաժային կամ վարչական տրիբունալներ կամ ընթացակարգեր, inter alia, մաքսային հարցերին առնչվող վարչական միջոցի արագ վերանայման և ուղղման նպատակով: Նման տրիբունալները կամ ընթացակարգերը պետք է անկախ լինեն այն գերատեսչություններից, որոնց վերապահված է վարչական իրավունքի նորմերի կիրառումը (Հոդված 2.3, մաս 2),

- ձգտել Չինաստանին ծանուցել ցանկացած այնպիսի միջոցի վերաբերյալ տեղեկության մասին, որը Չինաստանը համարում է, որ կարող է զգալիորեն ազդել Համաձայնագրի գործողության վրա (Հոդված 2.4, մաս 1),

- Չինաստանի պահանջով ընդունված կամ ընդունելու համար նախատեսված ընդհանուր կիրառության ցանկացած միջոցի վերաբերյալ տրամադրել անհրաժեշտ տեղեկություն և պատասխանել համապատասխան հարցերին։ Համաձայնագրի 2.4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պահանջված տեղեկությունը տրամադրել ոչ ուշ, քան պահանջն ստանալու օրվանից 45 օրվա ընթացքում (Հոդված 2.4, մաս 3),

- կիրառել հակագնագցման, փոխհատուցման և պաշտպանության միջոցներ (Հոդված 3.1),

- Չինաստանին տրամադրել իր տարածքում հակագնագցման, փոխհատուցման և պաշտպանական միջոցների ընդունումն ու կիրառումը կարգավորող՝ տվյալ պահին գործող օրենքներն ու կարգավորումները (Հոդված 3.2, մաս 1),

- ապահովել տեղեկատվության ժամանակին փոխանակումը հակագնագցման, փոխհատուցման և պաշտպանական միջոցների ընդունման ու կիրառման ոլորտում, ներառյալ մեթոդաբանությունն ու փորձը (Հոդված 3.4, մաս 1),

- կանոնավոր կերպով ապահովել հակագնագցման, փոխհատուցման ու պաշտպանական միջոցների ներդրման ու կիրառման միջազգային պրակտիկայի, ինչպես նաև դրա զարգացման վերաբերյալ տեղեկատվության և կարծիքների փոխանակում (Հոդված 3.4, մաս 2),

- ձեռնարկել այնպիսի ողջամիտ միջոցներ, որոնք կարող են հասանելի լինել այն տեղական կառավարման մարմինների և ոչ պետական մարմինների կողմից Համաձայնագրի 4-րդ գլխի դրույթների կատարումը Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովելու համար, որոնք պատասխանատու են ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի և (կամ) համապատասխանության գնահատման ընթացակարգերի պատրաստման, ընդունման և կիրառման համար (Հոդված 4.3, մաս 2),

- ապահովել ընդունված տեխնիկական կանոնակարգերի և համապատասխանության գնահատման ընթացակարգերի անհապաղ հրապարակումը կամ ապահովել դրանց հասանելիությունն այնպես, որ Չինաստանի շահագրգիռ անձինք հնարավորություն ունենան ծանոթանալու դրանց (Հոդված 4.5, մաս 6),

- ձգտել ստեղծել և պահպանել այնպիսի մեխանիզմներ, որոնց հիման վրա կարող է ապահովվել ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի և համապատասխանության գնահատման ընթացակարգերի աստիճանական համապատասխանեցումը, inter alia, Համաձայնագրի 4.6-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված միջոցներով (Հոդված 4.6, մաս 4),

- ընդունել սանիտարական և բուսասանիտարական միջոցների մշակման ու կիրառման թափանցիկության կարևորությունը, inter alia, Հայաստանի Հանրապետության սանիտարական և բուսասանիտարական համապատասխան միջոցների վերաբերյալ ժամանակին տեղեկություն փոխանակելու միջոցով (Հոդված 5.5, մաս 1),

- պետական սահմանի անցման կետում՝ Չինաստանի տարածքից արտահանված՝ սանիտարական կամ բուսասանիտարական պահանջներին չհամապատասխանող ապրանքները արգելապահելու դեպքում արգելապահման պատճառների մասին գրավոր տեղեկացնել ներմուծողին կամ ներմուծողի (փոխադրողի) ներկայացուցչին (Հոդված 5.5, մաս 5),

- կողմերի միջև ապրանքների առևտրի ժամանակ կատարվող ծախսերը և անհարկի ձգձգումները նվազեցնելու նպատակով կիրառել արդյունավետ, անհրաժեշտության դեպքում՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանող մաքսային ընթացակարգեր (Հոդված 6.3, մաս 2),

- սահմանել կողմերի միջև շրջանառվող ապրանքների մաքսային արժեքը՝ ԱՀԿ համաձայնագրի, այդ թվում՝ «Մաքսային արժեքը որոշելու մասին» համաձայնագրի համապատասխան դրույթներին համապատասխան (Հոդված 6.4),

- կողմերի միջև շրջանառվող ապրանքների նկատմամբ կիրառել ապրանքների անվանացանկերը (Հոդված 6.5),

- ընդունել կամ շարունակել պահպանել ռիսկերի կառավարման համակարգ՝ մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով (Հոդված 6.6, մաս 1),

- մշակել ու իրականացնել ռիսկերի կառավարման գործընթացն այնպես, որ հնարավոր լինի խուսափել կամայական կամ չարդարացված խտրականությունից կամ միջազգային առևտրի քողարկված սահմանափակումներից (Հոդված 6.6, մաս 2),

- կենտրոնացնել մաքսային հսկողությունը և հնարավորության սահմաններում՝ սահմանային վերահսկողության մյուս համապատասխան միջոցները, բարձր ռիսկայնության բեռների նկատմամբ, և արագացնել ցածր ռիսկայնության բեռների բացթողումը և ռիսկի կառավարումն իրականացնել համապատասխան ընտրողականության չափորոշիչների միջոցով կատարված ռիսկերի գնահատման հիման վրա (Հոդված 6.6, մասեր 3 և 4),

- սահմանել կամ շարունակել կիրառել ապրանքների արդյունավետ բացթողմանն ուղղված պարզեցված մաքսային ընթացակարգեր՝ կողմերի միջև առևտուրը դյուրացնելու նպատակով (Հոդված 6.9, մաս 1),

- ապահովել ապրանքներն էլեկտրոնային եղանակով հայտարարագրելու հայտարարատուների հնարավորությունը (Հոդված 6.14, մաս 2),

- միջազգային հանձնառություններին համապատասխան՝ ձգտել մշակել և իրականացնել «Մեկ պատուհանի» ազգային համակարգը՝ առևտրի դյուրացմանը և մաքսային տեխնիկական միջոցների և գործելակերպի արդիականացմանն առնչվող միջազգային չափորոշիչներին ու լավագույն գործելակերպի համաձայն (Հոդված 6.15, մաս 1),

- ապահովել, որ սահմանային վերահսկողության և ապրանքների ներմուծմանը, արտահանմանը և տարանցմանն առնչվող ընթացակարգերի իրականացման համար պատասխանատու մարմինները և գործակալությունները համագործակցեն միմյանց հետ և համակարգեն իրենց գործողությունները՝ առևտուրը դյուրացնելու նպատակով (Հոդված 6.16),

- նշանակել հարցումներով զբաղվող մեկ կամ մեկից ավելի կենտրոններ՝ շահագրգիռ անձանց կողմից մաքսային հարցերի վերաբերյալ հարցումներն ստանալու նպատակով, և նման հարցումների իրականացման ընթացակարգերի մասին տեղեկատվությունը հրապարակել համացանցում (Հոդված 6.21, մաս 1),

- օրենքների և այլ կարգավորումների համաձայն՝ ապահովել, որ ներմուծողը, արտահանողը կամ որևէ այլ անձ, որի վրա տարածվում են մաքսային հարցերին առնչվող վարչական որոշումները, ունենա դրանք վարչական և դատական կարգով վերանայելու մատչելիություն (Հոդված 6.22),

- Չինաստանի քաղաքացիների համար ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ապահովվող մոտեցումից ոչ պակաս բարենպաստ մոտեցում (Հոդված 7.4),

- տրամադրել համարժեք իրավական պաշտպանություն և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ այն տեխնոլոգիական միջոցների շրջանցման դեմ պայքարելու համար, որոնք օգտագործվում են հեղինակների, կատարողների կամ հնչյունագրեր արտադրողների կողմից իրենց իրավունքներն իրականացնելու համար (Հոդված 7.7, մաս 1),

- սահմանել այնպիսի տեխնոլոգիայի, տեխնիկական սարքավորման կամ դրա բաղադրիչների դիտավորյալ արտադրության, ներմուծման կամ հասարակությանը հասանելի դարձնելու իրավական արգելքներ, որոնք հիմնականում օգտագործվում են աշխատանքների, կատարումների կամ հնչյունագրերի նկատմամբ կիրառվող տեխնոլոգիական միջոցները շրջանցելու կամ վնասելու համար (Հոդված 7.7, մաս 2),

- ապահովել ապրանքների և ծառայությունների ապրանքային նշանների համարժեք և արդյունավետ պաշտպանություն՝ օրենքների, կանոնակարգերի և այն միջազգային համաձայնագրերի համաձայն, որոնց կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը (Հոդված 7.9, մաս 1),

- ապրանքային նշանների առնչությամբ ապահովել Չինաստանի շահագրգիռ անձանց համար իրավական միջոցներ՝ առանց իրավատիրոջ թույլտվության վերջինիս ապրանքային նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման նշանների օգտագործումը կանխելու նպատակով (Հոդված 7.9, մաս 3),

- ապահովել ապրանքների ծագման տեղանունների համարժեք և արդյունավետ իրավական պաշտպանություն՝ ներպետական օրենքներին, կանոնակարգերին համապատասխան (Հոդված 7.12, մաս 1),

- ապահովել գյուտերի համարժեք ու արդյունավետ իրավական պաշտպանություն՝ համապատասխան օրենքների, կանոնակարգերի և այն միջազգային համաձայնագրերի համաձայն, որոնց կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը (Հոդված 7.15, մաս 1),

- ապահովել արդյունաբերական նմուշների պատշաճ և արդյունավետ իրավական պաշտպանություն՝ համապատասխան օրենքների, կանոնակարգերի և այն միջազգային համաձայնագրերի համաձայն, որոնց կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը (Հոդված 7.16),

- ապահովել ինտեգրալ միկրոսխեմաների դիզայնի նախագծերի (տոպոլոգիաների) պատշաճ և արդյունավետ իրավական պաշտպանություն՝ համապատասխան օրենքների, կարգավորումների և այն միջազգային համաձայնագրերի համաձայն, որոնց կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը (Հոդված 7.19),

- ճանաչել գենետիկական ռեսուրսների, ավանդական գիտելիքների և բանահյուսության ներդրումը գիտական, մշակութային և տնտեսական զարգացման հարցում (Հոդված 7.20, մաս 1),

- ապահովել պատշաճ և արդյունավետ պաշտպանություն բույսերի նոր սորտերի սելեկցիոներների համար (Հոդված 7.21),

- ապահովել պաշտպանություն անբարեխիղճ մրցակցությունից (Հոդված 7.22),

- ապահովել մտավոր սեփականության օբյեկտների գրանցման համար պահանջվող փաստաթղթերի և տվյալների հասանելիությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենքներին և կանոնակարգերին համապատասխան (Հոդված 7.23),

- ստեղծել կապի ապահովման կենտրոններ՝ կեղծված ապրանքների առևտրի վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու համար և, մասնավորապես, խթանել տեղեկատվության փոխանակումը և համագործակցությունը կողմերի մաքսային մարմինների միջև (Հոդված 7.25, մաս 7),

- ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Չինաստանի հետ առևտրի և ներդրումների վրա ազդող հակամրցակցային գործելակերպը կանխելու և արգելելու նպատակով (Հոդված 8.1, մաս 2),

- ապահովել, որ մրցակցային իրավունքի կիրառմանն ուղղված՝ Չինաստանի գործունեության նկատմամբ չդրսևորվի խտրական վերաբերմունք՝ ազգային պատկանելության հիմքով (Հոդված 8.2, մաս 1),

- ապահովել, որ անձը, որին ուղղված է մրցակցային իրավունքի կիրառմանն ուղղված գործունեությունը, հնարավորություն ունենա ներկայացնելու կարծիք կամ ապացույց՝ ի պաշտպանություն իրեն (Հոդված 8.2, մաս 2),

- ապահովել, որ անձը, ում նկատմամբ տվյալ մրցակցային օրենքների և կանոնակարգերի խախտման առնչությամբ որոշում է կայացվում, ունենա համապատասխան ընթացակարգերի միջոցով այդ որոշումը վերանայելու հնարավորություն (Հոդված 8.2, մաս 3),

- պետական գնումների մասին Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների և կանոնակարգերի համաձայն՝ համացանցում հրապարակել Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքներն ու կանոնակարգերը, ընդհանուր կիրառության վարչական ակտերը և պետական գնումների մրցույթների մասին այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են՝ գնման հայտի վերաբերյալ հայտարարությունները, գնումների վերաբերյալ փաստաթղթերը և մրցույթների արդյունքները՝ բացառությամբ գաղտնի տեղեկությունների (Հոդված 9.2),

- զարգացնել ոլորտային համագործակցությունը՝ հաշվի առնելով տնտեսության տարբեր հատվածներին առնչվող ռազմավարությունը և զարգացման ծրագրերը՝ չսահմանափակելով այս ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների և Չինաստանի՝ գոյություն ունեցող կամ ծրագրվող երկկողմ համագործակցության նախաձեռնությունները (Հոդված 10.1, մաս 3),

- ընդունել էլեկտրոնային առևտրի (այսուհետ՝ էլ. առևտուր) դինամիկ ու նորարարական բնույթը, ինչը դրական ազդեցություն ունի կողմերի միջև փոխադարձ առևտրի աճի վրա և շահավետ է առևտրի բոլոր մասնակիցների համար (Հոդված 11.1, մաս 1),

- աշխատել էլեկտրոնային հաստատման մեթոդների փոխադարձ ճանաչման ուղղությամբ և էլեկտրոնային հաստատման մեթոդների փոխադարձ ճանաչման գործընթացն արագացնելու նպատակով համագործակցել և իրականացնել լավագույն փորձի փոխանակում, ինչի արդյունքում ապահովվում է տվյալների լիարժեք պաշտպանությունն ու հավաստիությունը (Հոդված 11.3),

- Հայաստանի Հանրապետության համապատասխան քաղաքականության, օրենքների ու կանոնակարգերի շրջանակում ընդունել կամ պահպանել այնպիսի միջոցներ, որոնք թույլ են տալիս կանխել սպառողներին վնասող կամ սպառողներին վնաս հասցնելու վտանգ ստեղծող կեղծ առևտրային գործողությունները (Հոդված 11.5, մաս 2),

- ընդունելով էլ. առևտրի ոլորտում անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը՝ ձեռնարկել միջոցներ՝ ուղղված անձնական տվյալների լիարժեք պաշտպանության ապահովմանը (Հոդված 11.6, մաս 1),

- ձգտել ապահովել անձնական տվյալների միջսահմանային փոխանցման համար անհատի՝ ուղղակիորեն արտահայտած համաձայնության ձեռքբերումը (Հոդված 11.6, մաս 2),

- Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայքերում հրապարակել Համաձայնագրի 11-րդ գլխի գործողությանը վերաբերող կամ դրա գործողության վրա ազդող քաղաքականության մասին տեղեկատվություն, բոլոր համապատասխան օրենքները և կանոնակարգերը՝ մինչև դրանց ուժի մեջ մտնելը (Հոդված 11.8)։

3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին, մասնավորապես՝ նպատակաուղղված են պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում ստորագրված՝ Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

12 փետրվարի 2019 թվականի

ՍԴՈ-1444

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան