ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ |
Վարչական գործ թիվ ՎԴ/4841/05/12 2012 թ. |
Վարչական գործ թիվ ՎԴ/4841/05/12 |
|
Նախագահող դատավոր՝ Հ. Բեդևյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
Վ. Աբելյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2012 թվականի դեկտեմբերի 14-ին,
քննարկելով ըստ հայցի «Միլլար» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) և Նապոլեոն Ազիզյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե), երրորդ անձ «Լան» ՍՊԸ-ի` 2012 թվականի հուլիսի 2-ին և 3-ին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում գտնվող թիվ 79 և թիվ 80 շինությունների նկատմամբ կատարված սեփականության իրավունքների պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.09.2012 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշման դեմ «Լան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը և Նապոլեոն Ազիզյանը պահանջել են անվավեր ճանաչել 2012 թվականի հուլիսի 2-ին և 3-ին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում գտնվող թիվ 79 և թիվ 80 շինությունների նկատմամբ կատարված սեփականության իրավունքների պետական գրանցումները, միաժամանակ միջնորդել են ձեռնարկել հայցի ապահովման միջոց, այն է` արգելել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում գտնվող թիվ 79 և 80 շինությունների նկատմամբ բոլոր տեսակի գործողությունների կատարումը, այդ թվում` գնահատումը և օտարումը:
ՀՀ վարչական դատարանի 01.08.2012 թվականի որոշմամբ` որպես հայցի ապահովման միջոց արգելվել է պատասխանող Կոմիտեին և այլ անձանց` ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում գտնվող թիվ 79 և 80 շինությունների նկատմամբ բոլոր տեսակի գործողությունների կատարումը, այդ թվում` գնահատումը և օտարումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 18.08.2012 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշմամբ` «Լան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի միջնորդությունը` կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.09.2012 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշմամբ «Լան» ՍՊԸ-ի բողոքը մերժվել է, և Դատարանի 18.08.2012 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել «Լան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է վերաքննության սահմանները: Այսպես` Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել սույն գործով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի կիրառելիության հետ կապված, որը որևէ առնչություն չուներ միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքի և այդ բողոքով ներկայացված պահանջի հետ: Ընդ որում` վերաքննիչ բողոքում ընդհանրապես հիշատակված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը և վերը նշված հոդվածը: Փաստորեն Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքում չբարձրացված հարցի քննարկմանը, դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից` չձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն վարչական գործով հայցվորները դատարանին են ներկայացրել վիճարկման հայց, ինչի ուժով վիճարկում են 2012 թվականի հուլիսի 2-ին և 3-ին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում գտնվող թիվ 79 և թիվ 80 շինությունների նկատմամբ կատարված սեփականության իրավունքների պետական գրանցումները: Այսինքն` սույն վարչական գործով վեճի առարկա է հանդիսանում Կոմիտեի կողմից 02.07.2012 թվականին և 03.07.2012 թվականին ընդունած վարչական ակտերը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ հայցի ապահովում չկիրառելու դեպքում արդարադատությունը կկրի ձևական բնույթ: Դատարանը ցուցաբերելով կամայական մոտեցում Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում գտնվող թիվ 79 և թիվ 80 շինությունները ներկայացրել է որպես վեճի առարկա, որպեսզի կարողանա դրանց նկատմամբ իրականացնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված սահմանափակումները, իսկ Վերաքննիչ դատարանը դրան ուշադրություն չի դարձրել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վճռաբեկ բողոքը ընդունել վարույթ և կայացնել նոր դատական ակտ»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործերի քննության ընթացքում հայցի ապահովման միջոցների կիրառումն իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`
Հայցի ապահովման միջոցներն են`
1) պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը.
2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը.
3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը.
4) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց հարուցելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը:
5) պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը` անհապաղ կամ 5 օրը չգերազանցող ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` գործը քննող դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ, կարող է վերացնել հայցի ապահովումը։ Հայցի ապահովման վերացման հարցը լուծվում է միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դատական նիստում։ Հայցի ապահովման վերացման հարցի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում։
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է հայցի ապահովման դատավարական ինստիտուտի սահմանման օրենսդրական նպատակին: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածից հետևում է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը (տե'ս` ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչությունն ընդդեմ «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի` 13.157.100 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ/3511/05/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2011 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը (տե'ս` «Բի լայն» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության` պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին թիվ ՎԴ/0677/05/08 վարչական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 21.04.2008 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատարաններում քաղաքացիական գործերով դատավարության կարգը սահմանվում է ՀՀ Սահմանադրությամբ, նույն օրենսգրքով, ՀՀ դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով: Այլ օրենքներում (բացառությամբ սնանկության վարույթը կարգավորող օրենքների) պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն նույն օրենսգրքին:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ՀՀ դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը սահմանում է, որ սնանկության վարույթի դատավարական հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, սակայն հատուկ շեշտադրվում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով այլ բան նախատեսված լինելու դեպքում կիրառվում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված դատավարական նորմերը: Օրենքի նման կարգավորումից ակնհայտ է դառնում, որ այն դատավարական հարաբերությունները, որոնք կարգավորված չեն «Սնանկության մասին» ՀՀ օրենքում, ներառվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորման ոլորտի շրջանակներում:
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 01.08.2012 թվականի «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին» որոշմամբ կիրառվել է հայցի ապահովում, և որոշվել է «արգելել պատասխանող Կոմիտեին և այլ անձանց` ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում գտնվող թիվ 79 և 80 շինությունների նկատմամբ բոլոր տեսակի գործողությունների կատարումը, այդ թվում` գնահատումը և օտարումը»:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի մեկնաբանությունը պետք է տրվի ՀՀ Սահմանադրության, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայում ամրագրված դրույթների լույսի ներքո:
ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը։
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը։ Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը։
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է սեփականության սուբյեկտիվ իրավունքի բովանդակությանը, ըստ որի` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը։ Այս նորմն ամրագրում է սեփականությունից անարգել օգտվելու հնարավորությունը` սեփականատիրոջ հայեցողությամբ։
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը գալիս է հաստատելու, որ սեփականության իրավունքն «անսահմանափակ» իրավունք չէ, որ սեփականատերը չի կարող սեփականության իրավունքն իրականացնել կամայականորեն։ Այդ իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը։
Սեփականության անարգել օգտագործմանն անդրադառնում է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, որի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը բաղկացած է 3 առանձին կանոններից, որի առաջին կանոնը ձևակերպում է գույքից անարգել օգտվելու իրավունքը, երկրորդը վերաբերում է գույքի առգրավման հարցերին և այդ առնչությամբ հստակ պայմաններ է սահմանում, իսկ երրորդ կանոնն ընդունում է, որ պետությունները, ի թիվս այլ իրավասությունների, իրավունք ունեն ընդհանուր շահից ելնելով` վերահսկել գույքի օգտագործումը` այդ օրենքների կիրառման անհրաժեշտության պարագայում (Տես Սպորրոնգը և Լոնրոդն ընդդեմ Շվեդիայի գործով Եվրոպական դատարանի 22.09.1982 թվականի վճիռը, կետ 61)։
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել Եվրոպական դատարանի վճռով սահմանված երրորդ կանոնը, որի պայմաններում պետության գլխավոր նպատակը գույքի օգտագործումը վերահսկելն է` լինի դա հանրային շահից ելնելով, թե հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար, կամ սնանկության դաշտում պարտատերերի պահանջների բավարարման համար:
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով` սեփականության իրավունքը բացարձակ չէ, ուստի ՀՀ Սահմանադրությամբ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով և արձանագրությամբ նախատեսվում է այն սահմանափակելու իրավական հնարավորություն։ Միաժամանակ, Եվրոպական դատարանը նախատեսում է մի շարք չափանիշներ, որոնց պետք է բավարարի այդ սահմանափակումը, և որոնց առկայության դեպքում այն կարող է համարվել թույլատրելի սահմանափակում։
Գույքից անարգել օգտվելու միջամտությունը կարող է թույլատրելի համարվել, եթե`
1.նախատեսված է օրենքով
2.բխում է հանրային շահից
3.անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում
Առաջին պայմանը ենթադրում է համապատասխան օրենքի առկայություն, որը նախատեսում է սեփականության օգտագործման սահմանափակումները։ Այն միաժամանակ պետք է բավարարի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրությամբ և Եվրոպական դատարանի վճիռներով սահմանված պահանջները (Տես Ջեյմսը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 1986 թվականի փետրվարի 21-ի վճիռը, կետ 67)։
Երկրորդ պայմանը սահմանում է, որ սեփականության իրավունքի իրականացման միջամտությունը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ` ելնելով ընդհանուր, հանրային շահից (Տես Former king of Greece and others v Greece գործով Եվրոպական դատարանի 2000 թվականի նոյեմբերի 23-ի վճիռը, կետ 83)։
Երրորդ պայմանը նախատեսում է, որ գույքից անարգել օգտվելու միջամտությունը պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում և ուղղված լինի իրավաչափ նպատակի հասնելուն։ Անհրաժեշտ է բարենպաստ հավասարակշռություն ստեղծել հանրության շահից բխող պահանջմունքների և անհատի իրավունքների միջև։ Նման բարենպաստ հավասարակշռությանը հնարավոր չէ հասնել այն դեպքերում, երբ գույքի սեփականատերը ստիպված է «անհատական և չափազանց մեծ անհարմարություններ» կրել։ Կոնվենցիայի խախտում սկզբունքորեն տեղի չի ունենա, եթե առկա է կոնվենցիոն իրավունքին ավելի քիչ սահմանափակող միջոց քան այն, որն ընտրվել է որոշակի նպատակի հասնելու համար, սակայն երկու միջոցներն էլ դուրս չեն պետության հայեցողության թույլատրելի շրջանակից։ Մյուս կողմից, հետապնդվող նպատակի և միջամտության համարժեքության հարցը լուծելիս Եվրոպական դատարանն անպայմանորեն պետք է հաշվի առնի այլընտրանքային լուծումների առկայությունը։ Պետության հայեցողության թույլատրելի շրջանակները կախված են գործի հանգամանքներից, Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի տեսակից, միջամտության արդյունքում հետապնդվող իրավաչափ նպատակի բնույթից, ինչպես նաև միջամտության ծավալներից (Տես Former king of Greece and others v Greece գործով Եվրոպական դատարանի 2000 թվականի նոյեմբերի 23-ի վճիռը, կետ 89, Սկոլլոն ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանի 28.09.1985 թվականի վճիռը, կետ 32)։
Ելնելով ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերոնշյալ իրավական կարգավորումներից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը թույլ է տալիս այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վերոնշյալ նորմի կիրառման և մեկնաբանության հարցը պետք է պարզել` հաշվի առնելով կառավարչի, պարտատիրոջ և պարտապանի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների հավասարակշռված պաշտպանությունը, իսկ պարտապանի կամ պարտատիրոջ սեփականության իրավունքի միջամտության հարցը պետք է գնահատել համաչափության սկզբունքի լույսի ներքո:
Նախատեսված է օրենքով.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` հայցի ապահովման միջոցներն են` այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը:
Վերոնշյալը ցույց է տալիս, որ օրենքով նախատեսված է, որ կարող է կիրառվել հայցի ապահովման միջոցներ, այսինքն` արգելվել այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումը: Հետևաբար պարտապանի սեփականության իրավունքի սահմանափակման իրավական հնարավորությունը նախատեսված է օրենքով:
Բխում է հանրային շահից.
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ հայցի ապահովման նման ձևը բխում է հանրային շահերից և կոչված է ապահովելու այլ անձանց` այդ թվում պարտատերերի իրավունքների պաշտպանությունը:
Անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում.
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համաչափության մեջ անհրաժեշտության հանգամանքը քննարկելիս պետք է հաշվի առնել, որ դրա նպատակն է բարենպաստ հավասարակշռություն ստեղծել պարտապանի և պարտատիրոջ իրավունքների միջև և պետք է հաշվի առնել, որ նշված նորմի մեկնաբանության հետևանքով գույքի սեփականատերը չպետք է ստիպված լինի կրել «անհատական և չափազանց մեծ անհարմարություններ»:
Նշված նորմի և սեփականության իրավունքի համաչափ միջամտության հարցը քննարկելիս Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը պետք է դիտարկել հայցի ապահովման կատարման իմաստի և սնանկության գործով քննության ընթացքում սնանկության գործով կառավարչի գործունեությունը սահմանափակելու ողջ իրավակարգավորման համատեքստում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` հայցի ապահովման միջոցներն են` պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը, իսկ 3-րդ ենթակետի համաձայն` այլ անձանց կողմից վեճի առարկայի վերաբերյալ որոշակի գործողությունների կատարումն արգելելը:
Նախ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցին.
Եթե վեճի առարկան սեփականության իրավունքի պետական գրանցումն է, արդյոք նման պայմաններում կիրառելի է նշված հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը` արգելել այլ անձանց «ք. Երևան Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում գտնվող թիվ 79 և 80 շինությունների նկատմամբ բոլոր տեսակի գործողությունների կատարումը, այդ թվում` գնահատումը և օտարումը»:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը հստակ սահմանելով հայցի ապահովման 5 միջոցներ, ըստ էության միաժամանակ սահմանել է դրանց կիրառելիության ոլորտը: Այսինքն, նշված կետի ապահովման միջոցը կարող է կիրառվել միայն վեճի առարկայի նկատմամբ:
Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.
Որն է տվյալ դեպքում վեճի առարկան` վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտը (սեփականության իրավունքի պետական գրանցումը), թե Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում գտնվող թիվ 79 և 80 շինությունները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` Վճռաբեկ բողոքում նշվում են` դատական ակտ կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վեճի առարկան:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը տվյալ դեպքում վեճի առարկա ասելով նկատի ունի վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտը, այսինքն՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Սույն գործով վեճի առարկան վարչական մարմնի կողմից սեփականության իրավունքի գրանցումն է և ոչ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում գտնվող թիվ 79 և 80 շինությունները:
Ուստի դատարանը, որպես հայցի ապահովման միջոց իրավունք չուներ սնանկության գործով կառավարչին արգելել տվյալ շինությունների նկատմամբ որևէ գործողությունների կատարումը, այդ թվում` գույքագրումը և օտարումը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ հայց է հարուցվում այլ դատարանում, ապա դատարանի հայցի ապահովման միջոցների կիրառումը պետք է համաչափ լինի և հնարավորինս չխոչընդոտի այլ անձանց օրենքով վերապահված իրավունքների և պարտականությունների կատարմանը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված` այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը վերը նշված պատճառաբանությունների լույսի ներքո սույն գործով չի կարող կիրառվել սնանկության գործով կառավարչի գործողությունների նկատմամբ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.9-րդ, 118.15-րդ և 118.17-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.09.2012 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշման՝ այլ անձանց ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում գտնվող թիվ 79 և 80 շինությունների նկատմամբ բոլոր տեսակի գործողությունների կատարումը, այդ թվում` գնահատումը և օտարումը արգելելու մասով օրինական ուժի մեջ թողնելու մասը, և այդ մասով կայացնել նոր դատական ակտ.
«Լան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի միջնորդությունը այդ մասով բավարարել, վերացնել ՀՀ վարչական դատարանի 01.08.2012 թվականի «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին» որոշմամբ կիրառված՝ այլ անձանց կողմից ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում գտնվող թիվ 79 և 80 շինությունների նկատմամբ բոլոր տեսակի գործողությունների կատարման, այդ թվում` գնահատման և օտարման արգելանքը:
Որոշումը մնացած՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում գտնվող թիվ 79 և 80 շինությունների նկատմամբ բոլոր տեսակի գործողությունների կատարումը արգելելու, մասով թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ ` |
Մ. Դրմեյան | |
Վ. Աբելյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |