Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2014
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2791/02/11

2014 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2791/02/11

Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան

Դատավորներ՝

Ն. Տավարացյան

Դ. Խաչատրյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի դեկտեմբերի 19-ին

քննարկելով ըստ հայցի «Էկթրաք Սերվիս» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)՝ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի շրջանակներում ձեռք բերված 584.129.998,3 ՀՀ դրամի ապրանքներն ընդունելուն պարտավորեցնելու, ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի շրջանակներում կատարված պահատվության ծախսերի` 105.023.534,13 ՀՀ դրամի, ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի չկատարման արդյունքում պատճառված վնասի (բաց թողնված օգուտի)` 58.412.999,83 ՀՀ դրամի, բռնագանձման պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական  դատարանի 20.12.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ընկերության ներկայացուցիչ Դավիթ Հայրապետյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 584.129.998,3 ՀՀ դրամ՝ որպես ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների արժեք և պարտավորեցնել Ընկերությանն ընդունելու ապրանքները, Ընկերությունից բռնագանձել 105.023.534,13 ՀՀ դրամ՝ որպես ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի շրջանակներում կատարված պահատվության ծախսեր, 58.412.999,83 ՀՀ դրամ՝ որպես ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի չկատարման արդյունքում պատճառված վնաս (բաց թողնված օգուտ):

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանիատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ՝ Դատարան) 01.11.2013  թվականի վճռով սույն քաղաքացիական գործի վարույթը կարճվել է` գործի քննության նախապատրաստական փուլում հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով: Կազմակերպությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է 14.951.330,65 ՀՀ դրամ՝ որպես սույն գործով վճարումը հետաձգված, նախապես չվճարված, օրենքով սահմանված չափով վճարման ենթակա պետական տուրքի գումար, Կազմակերպությունից հօգուտ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի բռնագանձվել է 88.200 ՀՀ դրամ՝ որպես փորձաքննության կատարման համար սահմանված դատական ծախս:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20.12.2013  թվականի որոշմամբ  Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.03.2014 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.05.2014 թվականի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է մինչև ՀՀ սահմանադրական դատարանի ընդունած որոշման ուժի մեջ մտնելը:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.05.2014 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածներին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետի համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

ՀՀ սահմանադրական դատարանի 28.10.2014 թվականի թիվ ՍԴԱՈ-52 աշխատակարգային որոշմամբ «ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.11.2014 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը     

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածները, ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը:  

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքում ներկայացվել է ոչ գույքային բնույթի պահանջ և, ըստ այդմ էլ, բողոքին կից ներկայացվել է բազային տուրքի տասնապատիկի չափով վճարված պետական տուրքի անդորրագիր:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ գույքային պահանջի գործերով դատական ակտը միայն դատավարական իրավունքի նորմերի (դատավարական ընթացակարգի) խախտման հիմքով բողոքարկելու դեպքում, երբ այդ խախտման վերացումը չի կանխորոշում կամ փոփոխում դատական ակտի ելքը նյութական (գույքային) մասով, բողոք բերող անձի համար չի կարող առաջացնել պետական տուրքի գծով այնպիսի պարտավորություն, որը սահմանված է գույքային պահանջի գործերով բողոքարկման ընդհանուր կարգի համար: Ստացվում է, որ եթե քաղաքացիական գործը հարուցված է գույքային պահանջ պարունակող հայցի հիման վրա, ապա դրա արդյունքում կայացված դատական ակտի բողոքարկումը բողոք բերող անձի համար առաջացնում է հայցագնի երեք տոկոսի չափով պետական տուրքի վճարման գծով լրացուցիչ պարտավորություն, թեև բողոքում նշված հիմքերով դատական ակտի բեկանումը որևէ կերպ չի կանխորոշում քաղաքացիական գործի ելքը, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ բողոք բերողի վրա նշված չափով պետական տուրքի գծով պարտավորություն դնելն անհիմն կերպով սահմանափակում է անձի արդար դատաքննության իրավունքը և վտանգ է պարունակում դրա պաշտպանության տեսանկյունից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը  պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.12.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3.Վճռաբեկ  դատարանի  պատճառաբանությունները  և  եզրահանգումները 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ դատարանի դատական ակտերի դեմ գույքային պահանջի գործերով վերաքննիչ բողոքների համար սահմանված է պետական տուրքի գանձում հետևյալ դրույքաչափերով՝ վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով: Նույն հոդվածի նույն կետի «բ» ենթակետի համաձայն՝ ոչ գույքային բնույթի պահանջի գործերով վերաքննիչ բողոքների համար նախատեսված է բազային տուրքի տասնապատիկի չափով պետական տուրքի գանձում:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 01.11.2013 թվականի վճռով գործի վարույթը կարճվել է` գործի քննության նախապատրաստական փուլում հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով:

Դատարանի 01.11.2013 թվականի վճռի դեմ Ընկերության կողմից 04.12.2013 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որին կից առկա է 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիր:

Վերաքննիչ դատարանի 20.12.2013 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ բողոք բերած անձը ներկայացրել է 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարում կատարելու փաստը հավաստող փաստաթուղթ,
մինչդեռ պարտավոր էր վճարել նաև հայցագնի` 584.129.998,3 ՀՀ դրամի երեք տոկոսին, 105.023.534,13 ՀՀ դրամի երեք տոկոսին և 58.412.999,83 ՀՀ դրամի երեք տոկոսին համարժեք ՀՀ դրամ կամ սահմանված կարգով ներկայացնել պետական տուրքի վճարման արտոնությունների կիրառման վերաբերյալ միջնորդություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի  8-րդ կետի «ա» ենթակետի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: ՀՀ սահմանադրական դատարանը 28.10.2014 թվականի թիվ ՍԴԱՈ-52  աշխատակարգային որոշմամբ «ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել է՝ պատճառաբանելով, որ գործը քննության նախապատրաստելու շրջանակներում պարզվել է, որ ՀՀ սահմանադրական դատարանը 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշմամբ արդեն իսկ լուծել է  «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետի (28.11.2007 թվականի խմբագրությամբ) սահմանադրականության հարցը, այսինքն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ներկայացված դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի որոշում, ինչը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն հիմք է գործի քննությունը մերժելու, հետևաբար նաև՝ նույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով գործի վարույթը կարճելու համար:

ՀՀ սահմանադրական դատարանը 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշմամբ (տե՛ս, քաղաքացիներ Արարատ Ծովյանի և Սվետլանա Հակոբյանի դիմումի հիման վրա՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» և  «բ» ենթակետերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանի  25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշումը) գտել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 25.05.2010 թվականի թիվ     ՍԴՈ-890 որոշման և 28.10.2014 թվականի թիվ ՍԴԱՈ-52 աշխատակարգային որոշման իրավական դիրքորոշումները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում գույքային պահանջի գործերով դատարանի վճիռը միայն դատավարական իրավունքի խախտումների հիմքով բողոքարկելիս վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով պետական տուրք վճարելու պարտականության առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները հիմնավոր են, ուստի վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված վճռաբեկ դատարանի լիազորությունը, այն է` միջանկյալ դատական ակտերի վերանայումից հետո վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.12.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան