ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԱՆԴ/0081/01/14 |
Քրեական գործ թիվ ԵԱՆԴ/0081/01/14 |
|
Նախագահող դատավոր՝ Վ. Ռշտունի |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Ավետիսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Հ. Պետրոսյանի | |
դատախազ |
Ա. Հարությունյանի |
2016 թվականի մարտի 30-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Նարեկ Տիգրանի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի մարտի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2014 թվականի ապրիլի 21-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 17119414 քրեական գործը:
2014 թվականի ապրիլի 30-ին Ն.Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2014 թվականի հուլիսի 1-ին Ն.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, վերջինիս նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով:
Նույն օրը քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է:
2. Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
2014 թվականի դեկտեմբերի 27-ի դատական նիստի ընթացքում պաշտպանը միջնորդություն է ներկայացրել ամբաստանյալ Ն.Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ:
Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ ամբաստանյալ Ն.Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ, այն գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը բավարարվել է, և գրավի չափ է սահմանվել 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով:
3. Դատախազ Ա.Աբրահամյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի մարտի 25-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու և Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 29-ի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի մարտի 25-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ն.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի ապրիլի 20-ին` ժամը 21:30-ի սահմաններում, «Վենեցիա» ռեստորանային համալիրում խուլիգանական դրդումներով սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ հարվածել է Նարեկ Արթուրի Քուշկյանի որովայնին` վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք (տե'ս նյութեր, հատոր 1, թերթ 15):
6. Առաջին ատյանի դատարանն իր 2014 թվականի դեկտեմբերի 29-ի որոշման մեջ արձանագրել է. «[Ե]նթադրյալ արարքը կատարած անձի մասին վարույթն իրականացնող մարմինը որևէ տեղեկություն չի ունեցել, մինչդեռ Նարեկ Հարությունյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն՝ հայտնելով դեպքին իր առնչության մասին, 2 ամսից ավել մնալով ազատության մեջ, չի խուսափել, չի խոչընդոտել գործի քննությանը, հարթել է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը, հաշտվել է տուժողի հետ, որը նշանակում է, որ դատական քննության տվյալ փուլում, երբ նախաքննությամբ արդեն իսկ հարցաքննված են վկաները, կատարվել են ապացույցների ձեռք բերմանը, հավաքմանն ուղղված քննչական գործողությունները, էապես նվազել է քրեական գործի քննությանը որևէ կերպ խոչընդոտելու ռեալ հավանականությունը կամ վտանգը, ուստի նման պայմաններում անձին շարունակական կալանքի տակ պահելը` գրավի կիրառումն անթույլատրելի համարելով, չի կարող որևէ կերպ հիմնավորված կամ պատճառաբանված համարվել հետապնդվող հանրային շահի պաշտպանության անհրաժեշտությամբ: Այսինքն՝ թեև տվյալ դեպքում նկարագրված պայմաններում առկա է բացառապես քննությունից թաքնվելու իրական վտանգը, սակայն գրավով ամբաստանյալին ազատ արձակելը կարող է համարվել թույլատրելի:
(…)
Դատարանը, գրավով ազատ արձակելը թույլատրելի ճանաչելու հարցը քննարկելիս, ի թիվս այլոց հաշվի է առնում նաև այն հանգամանքները, որ, մասնավորապես` ամբաստանյալն ունի մշտական բնակության վայր, դատապարտված չի եղել, խնամքին ունի մանկահասակ` 10 ամսական մեկ երեխա, բնութագրվում է բացառապես դրական, հոգացել է տուժողի բուժման ծախսերը, հաշտվել է նրա հետ (…)» (տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 36-37):
7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «[Կ]ալանավորում ընտրելու, մերժելու կամ երկարացնելու վերաբերյալ դատարանը մինչդատական վարույթի ընթացքում կայացնում է որոշումներ, որոնք նույն փուլում կարող են բողոքարկվել դատախազի կողմից: Հակառակ դրան` առկա չէ օրենսդրական որևէ կարգավորում, որը կարող է վկայել մեղադրողի կողմից դատական քննության ընթացքում խափանման միջոցի բողոքարկման հնարավորության մասին: Հետևապես, կալանավորման վերաբերյալ դատարանի կայացրած որոշումների բողոքարկումը դատախազի կողմից հնարավոր և թույլատրելի է միմիայն մինչդատական վարույթի շրջանակներում: Այսինքն՝ օրենսդիրը, ելնելով դատավարական խնդիրներից, դատախազի գործառույթներից և կոնկրետ դատավարական փուլում դրա իրականացման նպատակներից, խափանման միջոցների ընտրության, վերացման, փոփոխման կամ բողոքարկման հնարավորություն դատախազին ընձեռել է բացառապես մինչդատական վարույթի շրջանակներում: (...)
Օրենսդրի նման տրամաբանական տարանջատումը պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր փուլում խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը կարող է օբյեկտիվորեն գնահատել միմիայն դատավարական խնդիրներ իրականացնող առաջնային մարմինը, այսինքն՝ վարույթն իրականացնողը: Ավելին՝ խափանման միջոց ընտրելու սուբյեկտային հավասար իրավազորության պայմաններում՝ դատավարական փուլերի տարանջատումը կխաթարվի:
Վերաքննիչ բողոքարկմանը վերաբերող իրավակարգավորումներ նախատեսված են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասում, համաձայն որի՝ առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն ամբաստանյալը, նրա պաշտպանը և օրինական ներկայացուցիչը, մեղադրողը կամ վերադաս դատախազը, տուժողը, նրա ներկայացուցիչը, օրինական ներկայացուցիչը և իրավահաջորդը (…): Կասկածյալը, մեղադրյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչներն իրավունք ունեն վերաքննության կարգով բողոքարկելու սույն օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 3-6-րդ կետերով նախատեսված դատական ակտերը: Իսկ նույն օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ կետը վերաբերում է կալանավորումն ընտրելուն, փոփոխելուն կամ վերացնելուն: Ինչպես երևում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից` առաջին դեպքում խոսքը վերաբերում է գործն ըստ էության լուծող դատական ակտերին, և օրենսդիրն օգտագործում է «մեղադրող» և «ամբաստանյալ» հասկացությունները, իսկ երկրորդ դեպքում` «կասկածյալ» և «մեղադրյալ» հասկացությունները, ինչից նույնպես պարզ է դառնում, որ մեղադրողին կալանավորման որոշումը բողոքարկելու իրավասություն ընձեռված չէ:
(...)
Թեև վերոնշյալն ամբողջությամբ բավարար է բողոքը մերժելու համար, այնուամենայնիվ, հաշվի առնելով դատական պրակտիկան, մասնավորապես այն, որ ՀՀ վերաքննիչ դատարանում նշված հարցի շուրջ առկա է նաև հակառակ մոտեցումը, ինչպես նաև այն, որ բողոքի դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը կարող է ձևավորել այլ դիրքորոշում, ինչի արդյունքում հնարավոր է բողոքը վերստին քննության առնվի նույն դատարանի կողմից, որպիսի պայմաններում տեղի կունենա դատավարական ժամկետների և ռեսուրսների անհարկի վատնում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ներկայացված վերաքննիչ բողոքին պետք է տրվի պատասխան նաև գրավի թույլատրելիության մասով:
(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ հարցում (...) առաջին ատյանի դատարանը կողմնորոշվել է ճիշտ, քանի որ վերը նշված [առաջին ատյանի դատարանի կողմից հիմք ընդունված] տվյալները միջնորդության քննարկման ժամանակ եղել են բավարար գալու հետևության, որ գրավի կիրառումը կարող է ապահովել, երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագիծը:
(...)» (տե'ս նյութեր, հատոր 2, թերթեր 76-77, 80-81):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
8. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոք բերած անձի կարծիքով դատական քննության փուլում ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ մեղադրողի կողմից վերաքննիչ բողոք բերելու հնարավորության բացակայության կապակցությամբ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ:
Բողոքաբերը, վկայակոչելով Ա.Ղավալյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵՔՐԴ/0299/01/08 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով նախատեսված է խափանման միջոցի վերաբերյալ դատական որոշման բողոքարկման հնարավորություն` անկախ նրանից, թե դատավարության որ փուլում է այն կայացվել: Այսպիսով, դատական քննության փուլում կայացված խափանման միջոցի վերաբերյալ որոշման բողոքարկման հնարավորությունը համապատասխան իրավական կարգավորումների վերլուծությամբ սահմանված է վճռաբեկ դատարանի որոշմամբ` առանց այդ հնարավորությունն իրացնող սուբյեկտների տարբերակման:
Անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածում առկա իրավակարգավորմանը` բողոքի հեղինակը փաստարկել է, որ տվյալ հոդվածի առաջին նախադասությունն արդեն իսկ մեղադրողին վերապահել է առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտերը բողոքարկելու ընդհանուր հնարավորություն, որն իր մեջ ներառում է նաև կալանավորման մասին դատական ակտերի բողոքարկման իրավունքը:
9. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ դատական քննության փուլում մեղադրողին խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտի բողոքարկման հնարավորության վերապահումը խաթարում է դատավարական գործառույթների տարանջատումը, բողոքաբերն ընդգծել է, որ խոսքը ոչ թե մեղադրողի կողմից խափանման միջոց ընտրելու, այլ դրա կապակցությամբ իր դիրքորոշումն արտահայտելու և այն վիճարկելու հնարավորության մասին է: Խափանման միջոց կալանքն ընտրելը, վերացնելը կամ փոփոխելը վերապահված է վարույթն իրականացնող մարմնի, տվյալ դեպքում` դատարանի իրավասությանը, և դատախազը չի կարող դատական քննության փուլում ընտրել, փոփոխել կամ վերացնել ընտրված խափանման միջոցը:
Միևնույն ժամանակ տարբեր փուլերում խափանման միջոց ընտրող վարույթն իրականացնող մարմնի, այդ թվում` դատարանի իրավասությունը չի կարող բացարձակ ու կամայական լինել, այլ միշտ պետք է հիմնվի դատավարության մասնակիցների դիրքորոշումների վրա` նրանց շահերի հավասարակշռված պաշտպանությունն ապահովող որոշում կայացնելու համար: Հետևաբար դատական քննության փուլում խափանման միջոցի վերաբերյալ կայացված որոշումը բողոքարկելու մեղադրողի հնարավորությունը որևէ կերպ չի կարող համարվել կալանավորում ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու դատարանի իրավասության յուրացում, չի կարող ենթադրել մեղադրողի կողմից դատական քննության փուլում խափանման միջոցի հարցի տնօրինում և խաթարել դատավարական գործառույթների տարանջատումը:
10. Բացի այդ, ըստ բողոքաբերի` քրեական վարույթի շրջանակներում, այդ թվում` դատական քննության փուլում խափանման միջոց ընտրելը, փոփոխելը կամ վերացնելը շոշափում են ոչ միայն անձնական, այլև հանրային շահեր: Խափանման միջոցի ապահովող դատավարական նշանակությունն արտահայտվում է նրանում, որ այն պայմաններ է ստեղծում դատավարության մասնակիցների կողմից իրենց դատավարական գործառույթների պատշաճ իրականացման համար` մասնավոր շահի սահմանափակմամբ: Հետևաբար խափանման միջոցի ընտրությունն ու դրա վերացումը պայմանավորված են երկու տարբեր շահերի հարաբերակցությամբ և հավասարակշռմամբ, իսկ դրա վիճարկումը չի կարող լինել միակողմանի: Հակառակ մոտեցման դեպքում անտեսվում է, որ խափանման միջոցի գոյությունն առաջին հերթին հանրային շահի մասով շոշափում է մեղադրողի գործառույթը և պայմաններ ստեղծում դրա պատշաճ իրականացման համար:
11. Բողոք բերած անձը Ն.Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման այլընտրանքային միջոց գրավի թույլատրելիության հարցի բարձրացման նպատակահարմարության վերաբերյալ նշել է, որ. «Նկատի ունենալով վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու և այն քննելու` օրենքով նախատեսված դատավարական ժամկետները և սույն գործի դատական քննության ընթացքը, սույն բողոքով Նարեկ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց գրավի թույլատրելիության հարցի բարձրացումը համարվում է ոչ նպատակահարմար: Այդ կապակցությամբ դատարանի ակնկալվող որոշումը հավանական չէ, որ կունենա իրավական նշանակություն համապատասխան դատավարական հարաբերությունների կարգավորման համար` այդ հարաբերությունները դատական ակտը կայացնելու ժամանակ սպառված լինելու պատճառով»:
Արդյունքում բողոքաբերը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, բեկանել Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի մարտի 25-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
12. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական քննության փուլում ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ մեղադրողի կողմից վերաքննիչ բողոք բերելու իրավունքի, ինչպես նաև այդ որոշումների վերանայման սահմանների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
13. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` հիմնավորված են արդյոք Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ մեղադրողն իրավասու չէ բողոքարկել դատական քննության փուլում ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը:
14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` «Քրեական գործը դատարանի կողմից քննելիս մեղադրողը լիազորված է`
(...) բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` դատարանի այլ որոշումներ.»:
Մեջբերված նորմի բովանդակությունից հետևում է, որ մեղադրողը քրեական գործի դատական քննության փուլում լիազորված է բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ դատարանի այլ որոշումները` այն դեպքում, երբ դրանց բողոքարկման հնարավորությունը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:
14.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն ամբաստանյալը, նրա պաշտպանը և օրինական ներկայացուցիչը, մեղադրողը կամ վերադաս դատախազը, տուժողը, նրա ներկայացուցիչը, օրինական ներկայացուցիչը և իրավահաջորդը, իսկ սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 2-րդ և 2.1-րդ կետերով նախատեսված ակտերի դեմ՝ նաև արդարացվածը, դատապարտյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները: Քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները դատական ակտն իրավունք ունեն բողոքարկելու քաղաքացիական հայցի մասով։ Քաղաքացիական հայցի մասով վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն նաև տվյալ գործով կողմեր չհանդիսացող անձինք, եթե դատական ակտն առնչվում է նրանց շահերին։ Կասկածյալը, մեղադրյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև դիմողն իրավունք ունեն վերաքննության կարգով բողոքարկելու սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 3-6-րդ կետերով նախատեսված դատական ակտերը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածը սահմանում է. «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝
(...)
3) առաջին ատյանի դատարանների՝ գործով վարույթը կասեցնելու որոշումները.
4) առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին որոշումները.
5) առաջին ատյանի դատարանի՝ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքների կապակցությամբ կայացված որոշումները.
6) հանձնման մասին դատարանի որոշումները.
(...)»:
Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով սահմանված` Առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտներին օրենսդիրն ըստ բողոքարկման իրավունքի ծավալի տարանջատել է խմբերի: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին նախադասության բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը սահմանել է բողոքարկման իրավունք ունեցող սուբյեկտների ընդհանուր շրջանակը, ովքեր օժտված են բողոքարկման անսահմանափակ իրավունքով: Այդ սուբյեկտների շարքում ընդգրկված են ամբաստանյալը, նրա պաշտպանը և օրինական ներկայացուցիչը, մեղադրողը կամ վերադաս դատախազը, տուժողը, նրա ներկայացուցիչը, օրինական ներկայացուցիչը և իրավահաջորդը: Քննարկվող հոդվածի հաջորդող շարադրանքում օրենսդիրը նախատեսել է քրեական դատավարության այն մասնակիցներին, ովքեր օժտված են սահմանափակ բողոքարկման իրավունքով` իրավասու են բողոքարկել որոշումները որոշակի մասով կամ որոշումների որոշակի շրջանակ: Մասնավորապես, քննարկվող հոդվածի վերջին նախադասությամբ նախատեսված են վերաքննիչ բողոքարկման այն սուբյեկտները ովքեր կարող են բողոքարկել միայն գործն ըստ էության չլուծող և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 3-6-րդ կետերով նախատեսված դատական ակտերը: Այդպիսիք են կասկածյալը, մեղադրյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև դիմողը:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասն այլ կերպ մեկնաբանելու դեպքում կարող է առաջանալ, օրինակ, այնպիսի իրավիճակ, երբ առաջին ատյանի դատարանի` գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 3-րդ մաս) անբողոքարկելի դառնա, ինչպես նաև ամբաստանյալի կողմից առաջին ատյանի դատարանի՝կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ որոշումները բողոքարկելու իրավունքի կապակցությամբ արհեստական հակասություն առաջանա ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 27-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի միջև այն առումով, որ դրա վերջին նախադասությամբ նախատեսված սուբյեկտների շարքում ներառված չէ նաև ամբաստանյալը: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի նման մեկնաբանումը կփոփոխի դրա իմաստը, ինչն անթույլատրելի է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի ուժով:
15. Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրողը` որպես վերաքննիչ բողոքարկման անսահմանափակ իրավունքով օժտված սուբյեկտ, ներառված է գործն ըստ էության չլուծող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 3-6-րդ կետերով նախատեսված որոշումները բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակում: Այլ խոսքով` մեղադրողն իրավասու է վերաքննիչ դատարան բողոքարկել նաև առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ որոշումները, քանի որ այդ հնարավորությունը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ և 376.1-րդ հոդվածներով:
Վճռաբեկ դատարանի վերոնշյալ մեկնաբանությունը բխում է նաև դատախազի` մեղադրանքի պաշտպանության սահմանադրական իրավունքի բովանդակությունից, ինչպես նաև համահունչ է դատախազի կարգավիճակի վերաբերյալ միջազգային փաստաթղթերով ամրագրված չափանիշներին: Այսպես` Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հոկտեմբերի 6-ի «Քրեական արդարադատության համակարգում դատախազության դերի վերաբերյալ» թիվ Rec(2000)19 հանձնարարականի 1-ին հոդվածի համաձայն` դատախազները պետական իշխանությամբ օժտված մարմինների ներկայացուցիչներ են, ովքեր հասարակության անունից և հանուն հանրային շահի ապահովում են օրենքի կիրառումը բոլոր այն դեպքերում, երբ օրենքի խախտումը հանգեցնում է քրեական սանկցիաների` հաշվի առնելով ինչպես անձի իրավունքները, այնպես էլ քրեական արդարադատության համակարգի պատշաճ արդյունավետությունը: Հանձնարարականի 2-րդ հոդվածի 3-րդ կետը նախատեսում է, որ քրեական արդարադատության բոլոր համակարգերում դատախազները կարող են բողոքարկել բոլոր կամ որոշ դատական որոշումներ: Նշված հանձնարարականի բացատրական նամակում տրված 2-րդ հոդվածի մեկնաբանության համաձայն` դատական որոշումները բողոքարկելու դատախազի իրավունքը սերտորեն փոխկապված է դատախազության ընդհանուր գործառույթի հետ, քանի որ այն օրենքի կիրառումն ապահովելու և միևնույն ժամանակ արդարադատության համակարգն ավելի արդյունավետ դարձնելուն օժանդակող միջոցներից մեկն է:
16. Սույն գործի փաստերից երևում է, որ գործի դատական քննության ընթացքում` 2014 թվականի դեկտեմբերի 29-ին, Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշմամբ ամբաստանյալ Ն.Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ, այն գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը բավարարվել է, և գրավի չափ է սահմանվել 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով (տե'ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):
Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել մեղադրողի կողմից, որը Վերաքննիչ դատարանի որոշմամբ մերժվել է, ի թիվս այլնի, այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կալանավորման որոշումը բողոքարկելու իրավասություն մեղադրողին ընձեռված չէ (տե'ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):
17. Նախորդ կետում շարադրված փաստերը գնահատելով սույն որոշման 14-15-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ մեղադրողն իրավասու չէ բողոքարկել դատական քննության փուլում ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը, հիմնավորված չեն:
Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, թե «առկա չէ օրենսդրական որևէ կարգավորում, որը կարող է վկայել մեղադրողի կողմից դատական քննության ընթացքում խափանման միջոցի բողոքարկման հնարավորության մասին» (տե'ս սույն որոշման 7-րդ կետը), քանի որ այդպիսի իրավակարգավորում նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ և 376.1-րդ հոդվածներով:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին նախադասության այն մեկնաբանությանը, թե այն «վերաբերում է գործն ըստ էության լուծող դատական ակտերին» (տե'ս սույն որոշման 7-րդ կետը), Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ քննարկվող նորմում օրենսդիրն օգտագործել է «առաջին ատյանի դատարանների դատական ակտեր» ընդհանրական եզրույթը` առանց տարբերակելու գործն ըստ էության լուծող կամ չլուծող դատական ակտերի: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի քննարկվող մեկնաբանությունը չի բխում օրենքի տառացի մեկնաբանման օրենսդրական պահանջից:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն հիմնավորմանը, որ «խափանման միջոց ընտրելու սուբյեկտային հավասար իրավազորության պայմաններում՝ դատավարական փուլերի տարանջատումը կխաթարվի» (տե'ս սույն որոշման 7-րդ կետը)` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ այն վերաբերելի չէ դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու որոշումները բողոքարկելու մեղադրողի իրավունքի իրացման դեպքերին, քանի որ դրանց բողոքարկման իրավունքի իրացումը չի ենթադրում մեղադրողի կողմից դատական քննության փուլում խափանման միջոց կիրառելու լիազորության առկայություն:
Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում Վերաքննիչ դատարանի մնացած պատճառաբանություններին անդրադառնալը և արձանագրում է, որ ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու մեղադրողի իրավունքի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը և դրա հիմնավորումները չեն բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից, ավելին` փոփոխում են վերջինիս իմաստը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի խախտում:
Միաժամանակ, հաշվի առնելով, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս անդրադարձել է նաև գրավի թույլատրելիության մասով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությանը (տե'ս սույն որոշման 7-րդ կետը), մինչդեռ բողոքաբերն այդ մասով չի բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը (տե'ս սույն որոշման 11-րդ կետը)` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավասու չէ այդ մասով վերանայել Վերաքննիչ դատարանի որոշումը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալը չի կարող հանգեցնել բողոքարկվող որոշումը բեկանելուն, ուստի այն պետք է թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
18. Միևնույն ժամանակ, օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով, դատական քննության փուլում ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու հարցերի իրավական առանձնահատկությամբ պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև իրավական դիրքորոշումներ ձևավորել նշված հարցերի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումները վերադաս ատյանի կողմից վերանայելու սահմանների կապակցությամբ:
Այսպես` քրեական դատավարության մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և ողջամիտ ժամկետում գործի պատշաճ քննության ապահովման նպատակով դատարանը, այդ թվում` իր նախաձեռնությամբ, պարտավոր է ստուգել ապահովող միջոցների, ներառյալ` որպես խափանման միջոց կալանքի կիրառման հիմնավորվածությունը` կայացնելով դրանք ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ որոշումներ: Վերջիններս ուղղված են քրեական գործի քննության հետագա ընթացքի անհրաժեշտ պայմանների ապահովմանը: Այլ խոսքով` գործի ըստ էության քննության ընթացքում դատարանի կողմից ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու հարցերի լուծումը գտնվում են նրա` արդարադատության իրականացման պատշաճ կազմակերպման լիազորության ոլորտում: Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ կալանքի` որպես խափանման միջոցի հետ կապված հարցերը սերտորեն առնչվում են անձի ազատության իրավունքի էական սահմանափակման հետ, իսկ մյուս կողմից` ենթադրում առավել արժեքավոր հանրային շահի հնարավոր առկայություն` օրենսդիրը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումները ընդգրկել է վերաքննիչ բողոքարկման առարկայի շրջանակում:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ առաջին ատյանի դատարանի կողմից անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումների կայացումը և վերջիններիս` վերաքննության կարգով վերանայումը իրականացվում են տարբեր դատավարական գործառույթների շրջանակներում: Անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կայացվում է գործի ըստ էության քննության շրջանակներում, իսկ վերաքննիչ դատարանի կողմից նշված ակտերի վերանայումը` ստորադաս դատարանի որոշումների ստուգման և վերանայման վերադաս դատական ատյանի գործառույթի շրջանակներում:
Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մրցակցող արժեքների` մի կողմից արդարադատության իրականացման դատարանի լիազորության, իսկ մյուս կողմից անձի ազատության իրավունքի և դրան հակակշռող հանրային շահի համարժեք ապահովման անհրաժեշտությունից ելնելով` քննարկվող որոշումների վերաքննիչ վերանայման սահմանները ողջամտորեն պետք է նեղ լինեն մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կալանքի կապակցությամբ կայացվող որոշումների վերանայման սահմաններից: Մասնավորապես` քննարկվող որոշումների վերանայման շրջանակներում չեն կարող քննարկվել այնպիսի հարցեր, որոնք այս կամ այն չափով առնչվում են գործի ըստ էության լուծմանը: Այդպիսիք են, օրինակ, հիմնավոր կասկածի առկայության, արարքի որակման, որոշման հիմքում դրված ապացույցների թույլատրելիության հետ կապված հարցերը և այլն:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ քննարկվող որոշումների վերաքննիչ վերանայման սահմանների լայն մեկնաբանումը կհանգեցնի կոնկրետ գործով արդարադատություն իրականացնող առաջին ատյանի դատարանի գործունեությանն անհարկի միջամտության և կվտանգի դատավորի ներքին անկախությունը:
19. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով (2005 թվականի փոփոխություններով), Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Նարեկ Տիգրանի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի մարտի 25-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան |
Հ. Ասատրյան | |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |