Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
09.09.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

     

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

             

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/4767/05/14

2015թ.     

Վարչական գործ թիվ ՎԴ/4767/05/14

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան

                  

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

          

2015 թվականի սեպտեմբերի 09-ին,

քննարկելով ըստ հայցի Համլետ Պապոյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)` 14.08.2014 թվականի թիվ 1401985324, թիվ 1401985328, թիվ 1401985332 և թիվ 1401985329 որոշումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 30.10.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Համլետ Պապոյանի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

   

Պ Ա Ր Զ Ե Ց

     

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համլետ Պապոյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 14.08.2014 թվականի թիվ 1401985324, թիվ 1401985328, թիվ 1401985332 և թիվ 1401985329 որոշումները։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 09.09.2014 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.10.2014 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.09.2014 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համլետ Պապոյանի ներկայացուցիչը:

      

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը, 78-րդ հոդվածի 2-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածը, 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 150-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 151-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել, Դատարանի դիրքորոշումը, որ Համլետ Պապոյանի կողմից ներկայացվել են իրար հետ չկապված պահանջներ: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չի առնվել այն, որ հայցադիմումում որպես անվավերության հիմք նշվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածը, որի պայմաններում նշյալ բոլոր իրավախախտումները դառնում են իրար փոխկապակցված պահանջներ:

Տվյալ դեպքում, վարչական իրավախախտումները կատարել է նույն անձը՝ Համլետ Պապոյանը, ինչպես նաև կատարվել է միատեսակ խախտում՝ արագության գերազանցում և խախտումները կատարվել են նույն օրը (նույն ժամին, մի քանի րոպեների տարբերությամբ` 500, 507, 511, 512 ), վարչական գործը քննվել է նույն մարմնի կողմից, 14.08.2014 թվականին կայացվել է որոշում՝ նույն օրը կատարված վարչական իրավախախտման վերաբերյալ:

      

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 30.10.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:

          

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ միևնույն պատասխանողի դեմ մի քանի պահանջներ ներկայացնելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում պահանջների փոխկապակցվածությունը գնահատելու մասին Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշմամբ նշել է, որ հայցը կամ դիմումը դատարան` իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ (ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մաս):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` հայցվորը կարող է մեկից ավելի պահանջներ միավորել մեկ հայցում, եթե դրանք ուղղված են միևնույն պատասխանողի դեմ և փոխկապակցված են։

Վերը նշված իրավական նորմերի լույսի ներքո անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության 70-րդ հոդվածի կարգավորմանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովել անձանց դատական պաշտպանության իրավունքի գործնականում արդյունավետ երաշխավորումը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում հայցվորի համար նախատեսել է մեկից ավելի պահանջներ մեկ հայցում միավորելու իրավական հնարավորությունը՝ սահմանելով, որ մեկից ավելի պահանջները կարող են միավորվել մեկ հայցում` հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում. առաջին` դրանք ուղղված են միևնույն պատասխանողի դեմ, երկրորդ՝ եթե այդ պահանջները փոխկապակցված են:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգավորումը մյուս կողմից բխում է նաև դատական խնայողության սկզբունքից՝ հնարավորություն տալով դատարանին՝ իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմած անձի՝ մեկից ավելի փոխկապակցված պահանջներից բաղկացած գործը քննել ավելի սեղմ ժամկետներում՝ վատնելով ավելի քիչ ռեսուրսներ, քան անհրաժեշտ կլիներ, եթե պահանջները ներկայացված լինեին առանձին-առանձին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե մեկ հայցադիմումում միացված են մեկ կամ մի քանի պատասխանողին ուղղված` միմյանց հետ չկապված պահանջներ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե′ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ 28.05.1985 թվականի վճիռը, պարբ. 57):

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի և 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կարգավորումներին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, որպես դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ մաս, վարչական դատավարությունում սահմանելով մեկից ավելի պահանջները մեկ հայցում միավորելու հնարավորությունը` միաժամանակ սահմանափակել է այդպիսի հնարավորությունը՝ որպես դրա գլխավոր պայման սահմանելով պահանջների փոխկապակցվածությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր դեպքերում, երբ անձը, օգտվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված հնարավորությունից, մեկ պատասխանողի դեմ մեկ հայցով ներկայացնում է մի քանի պահանջ, դատարանն առաջին հերթին պետք է պարզի, արդյո՞ք նշված պահանջները փոխկապակցված են, թե` ոչ: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ յուրաքանչյուր դեպքում պահանջների փոխկապակցվածության հարցը լուծելը պետք է հիմնվի դատարանի ներքին համոզման վրա, որը, սակայն, չպետք է լինի կամայական, այլ պետք է ուղղված լինի վարչական դատավարության նպատակների իրականացմանը, որոնցից ամենահիմնականը իրավունքի սուբյեկտների խախտված կամ վիճարկվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցադիմումում մի քանի պահանջների փոխկապակցվածության հարցի գնահատումը չի կարող իրականացվել` անտեսելով հայցի իրավական ու փաստական հիմքերի միատեսակության և/կամ փոխկապվակցվածության հանգամանքները, հետևաբար դատարանը պահանջների փոխկապակցվածության հարցը քննարկելիս պետք է նախ և առաջ ուսումնասիրի ներկայացված հայցադիմումը:

Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր դեպքում պահանջների փոխկապակցվածությունը դատարանը կարող է գնահատել բացառապես հայցվորի ներկայացրած հայցադիմումի բովանդակությանը և հայցադիմումով ներկայացված հանգամանքներին ծանոթանալով:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Համլետ Պապոյանը Դատարան է ներկայացրել վիճարկման հայց` խնդրելով անվավեր ճանաչել Ոստիկանության թվով 4 վարչական ակտեր (գ.թ.2-3): Դատարանը 09.09.2014 թվականի որոշմամբ վերադարձրել է հայցադիմումը` գտնելով, որ հայցվորի ներկայացրած պահանջները միատեսակ չեն, քանի որ ընդունվել են տարբեր վարույթների շրջանակներում, ունեն տարբեր հիմքեր և առարկաներ (գ.թ. 13):

Դատարանի վերը նշված պատճառաբանությունները Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել՝ նշելով, որ հայցվորը մեկ հայցադիմումով դատարան է ներկայացրել թվով 4 վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշումների անվավերության պահանջ, որոնք վերաբերել են տարբեր դեպքերի և տեղի են ունեցել տարբեր ժամանակահատվածներում, տարբեր վայրերում։ Այսինքն՝ խոսքն ակնհայտորեն գնում է միմյանց հետ չկապված տարբեր պահանջների մասին, միաժամանակ գտնելով, որ Դատարանն իր որոշմամբ չի սահմանափակել անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքը, քանի որ Դատարանը վերադարձրել է հայցադիմումը` հնարավորություն ընձեռելով վերացնել թերությունները և կրկին ներկայացնել հայցադիմումներ (գ.թ. 33-35):

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը դրանք անհիմն է համարում` հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պահանջների փոխկապակցվածությունը և վարչական ակտերի փոխկապակցվածությունը նույնական հասկացություններ չեն և գտնում է, որ թեև տվյալ դեպքում, ներկայացվել են 4 տարբեր վարչական ակտերի անվավերության պահանջներ, սակայն տվյալ դեպքում գնահատման ենթակա է ոչ թե վարչական ակտերի փոխկապակցվածությունը, այլ հայցվորի պահանջների և դրանց հիմքերի փոխկապակցվածությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համլետ Պապոյանի ներկայացրած պահանջները՝ Ծառայության 14.08.2014 թվականի թիվ 1401985324, թիվ 1401985328, թիվ 1401985332 և թիվ 1401985329 «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումներն անվավեր ճանաչելու պահանջները փոխկապակցված են՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ 14.08.2014 թվականին վարչական գործերը քննվել են նույն վարչական մարմնի, այսինքն՝ Ծառայության կողմից, ավելին՝ միևնույն պաշտոնատար անձի կողմից, և վերջինս էլ նույն օրը՝ 14.08.2014 թվականին, կայացրել է վարչական իրավախախտման վերաբերյալ վիճարկվող որոշումները։

Հայցվորը, որպես հայցի իրավական հիմք վկայակոչել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածը, համաձայն որի, եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում: Նշված իրավանորմի հիման վրա հայցվորը գտել է, որ տվյալ դեպքում վարչական մարմինը չպետք է կայացներ չորս առանձին որոշում, այլ պետք է կայացներ մեկ որոշում՝ չորս իրավախախտումներից առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով հայցվորի կողմից մեկ հայցադիմումով ներկայացված չորս պահանջներով վիճարկվում են չորս վարչական ակտեր, որոնք թեև կայացվել են տարբեր իրավախախտումների համար, սակայն նշված վարչական ակտերը վիճարկվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի խախտման հիմքով, ինչը հնարավորություն չի տալիս առանձին-առանձին լուծել վիճարկվող ակտերի անվավերության հարցը, քանի որ յուրաքանչյուր վարչական ակտն առանձին-առանձին վիճարկելու դեպքում ի վերջո հնարավոր չի լինի պարզել՝ մի քանի իրավախախտումների համար ըստ էության պատասխանատվություն սահմանող մեկ վարչական ակտ նախատեսող՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի կարգավորումների կիրառման հարցը:

Նշված հանգամանքները հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ, իր պահանջների հիմքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի կարգավորումները դնելով, հայցվորն իրավացիորեն օգտվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածով իրեն վերապահված՝ միևնույն պատասխանողի դեմ մեկից ավելի փոխկապակցված պահանջները մեկ հայցում միավորելու հնարավորությունից:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի, 19-րդ հոդվածի 1-ին մասի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի և 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջները՝ զրկելով հայցվորին դատարանի մատչելիության իրավունքից:

       

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

      

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

      

Ո Ր Ո Շ Ե Ց

      

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 30.10.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը, և կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 09.09.2014 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

       

Նախագահ`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

 

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան