ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/65320/03/13 |
Վարչական գործ թիվ ՎԴ/65320/03/13 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2014 թվականի հունիսի 18-ին,
քննարկելով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.11.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հանձնաժողովը պահանջել է «Կրիստալ» ՍՊԸ-ից (այսուհետ` Ընկերություն) 19.460 ՀՀ դրամ բռնագանձելու նպատակով արձակել վճարման կարգադրություն:
ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Ռ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 13.08.2013 թվականի որոշմամբ մերժել է վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումը:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.11.2013 թվականի որոշմամբ Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 13.08.2013 թվականի «Վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հանձնաժողովը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 38-րդ հոդվածի 1-ին մասը, 42-րդ հոդվածի 1-ին մասը, 56-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 62-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ վարչական վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտի կարևորագույն հատկանիշներից մեկը տուգանքի չափի սահմանումն է, որը կախման մեջ է դրվել Ընկերության` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի չափից: Ուրեմն հասույթի այդ չափը դասվել է վարույթի ընթացքում պարզման ենթակա փաստական հանգամանքների շարքին և պետք է պարզվեր մինչև վարչական ակտ ընդունելը, իսկ ընդունվելիք վարչական ակտի հասցեատերը պետք է հնարավորություն ստանար արտահայտվելու նաև դրա կապակցությամբ: Այսինքն` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից տեղեկատվության ստացումը պետք է նախորդեր վարչական ակտի ընդունմանը: 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշումն ընդունելուց հետո վարչական վարույթի ընթացիկ փուլը շարունակվել է, ուստի այն միջանկյալ որոշում է, իսկ վարույթը եզրափակող վարչական ակտ տվյալ դեպքում չի ընդունվել: Վերոգրյալի արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշումը, որպես վարչական ակտ, զուրկ է հստակությունից, և պարզ չէ, թե դրանով ինչ հարց է կարգավորվում, քանի որ դրա հասցեատիրոջ համար ակնառու չէ, թե իր վրա ինչ պարտականություն է դրվում:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասը հնարավորություն է տալիս Հանձնաժողովին այդ նորմի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ իր հայեցողությամբ, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, նշանակելու տուգանք մինչև հինգ միլիոն ՀՀ դրամի չափով:
Հանձնաժողովը 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշմամբ Ընկերության նկատմամբ տուգանք կիրառելիս հաշվի է առել այն հանգամանքը, որ տվյալ ժամանակահատվածում Հանձնաժողովն ուսումնասիրություն էր իրականացնում հնարավոր անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ հայտնաբերելու ուղղությամբ, որպիսի նպատակով էլ Ընկերությունից Հանձնաժողովի նախագահի 11.04.2012 թվականի թիվ ԱՇ-1451 գրությամբ պահանջվել էր ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասն անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար նախատեսում է տնտեսվարող սուբյեկտի` տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև մեկ տոկոսի չափով տուգանքի նշանակման հնարավորություն: Ուստի, եթե Ընկերությունը ներկայացներ համապատասխան տեղեկատվությունը և դրա ուսումնասիրության արդյունքում բացահայտվեր անբարեխիղճ մրցակցություն, ապա Ընկերության նկատմամբ նշանակվող տուգանքի չափը կկազմեր վերջինիս` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մեկ տոկոսը, ինչպես կիրառվել է տվյալ ոլորտում անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության ենթարկված այլ սուբյեկտների նկատմամբ: Ելնելով այն տրամաբանությունից, որ տվյալ դեպքում անարդար կլիներ Ընկերության նկատմամբ տեղեկատվության չներկայացման համար կիրառել ավելի խիստ պատասխանատվության միջոց, քան սահմանված է անբարեխիղճ մրցակցության գործողության համար` Հանձնաժողովն Ընկերության նկատմամբ նշանակել է տուգանք` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մեկ տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան հինգ միլիոն ՀՀ դրամ:
Վերաքննիչ դատարանի այն դիտարկումը, որ 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշումից պարզ չէ, թե այն ինչ հարց է կարգավորում, անհիմն է, քանի որ 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշման բովանդակությունից հստակ երևում է, որ այն ուղղված է տեղեկատվության չներկայացմամբ դրսևորված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտման համար պատասխանատվության միջոցի կիրառմանը, որի չափն ընտրված է նշված պահանջներին համապատասխան` Հանձնաժողովին վերապահված հայեցողական լիազորության սահմաններում: Ընկերության համար ևս իր վրա դրվող պարտականությունը հստակ է, քանի որ Ընկերությունն ինքն է ներկայացնում տեղեկատվություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ամբողջությամբ բավարարել վճռաբեկ բողոքը` բեկանելով թիվ ՎԴ/65320/03/13 գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.11.2013 թվականին կայացրած որոշումը և փոփոխելով այն»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար.
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի` վարչական ակտի նկատմամբ կիրառելիությանը, մասնավորապես` վարչական ակտի որոշակիության պահանջի խախտման արդյունքում վարչական ակտի առ ոչինչ լինելու վերաբերյալ իրավական խնդրին:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով վարչական մարմինները բնորոշվում են որպես Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններ` Հայաստանի Հանրապետության նախարարություններ և Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ, իսկ վարչարարությունը` որպես վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործունեություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
Նույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:
Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների շրջանակներում վարչական վարույթը վարչական մարմնի, մասնավորապես` ՀՀ նախարարությունների և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմինների` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է, իսկ վարչական ակտն իրենից ներկայացնում է արտաքին ներգործություն ունեցող որոշում, կարգադրություն, հրաման կամ այլ անհատական իրավական ակտ, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Նշված դրույթի շրջանակներում, որպես վարչական ակտի տարատեսակ, ներառված է միջամտող վարչական ակտը, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալները.
ա) ակտից հստակ չի երևում կամ միանշանակ պարզ չէ, թե որ վարչական մարմինն է դա ընդունել.
բ) ակտն ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը.
գ) ակտից պարզ չէ, թե դա որոշակիորեն ում է հասցեագրված, կամ հայտնի չէ, թե ինչ հարց է կարգավորում.
դ) ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներով արդեն իսկ անդրադարձել է վարչական ակտի առ ոչինչ կամ անվավեր լինելու իրավական հարցին:
Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշված նորմերի վերլուծությամբ արձանագրել է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելու համար էական և անհրաժեշտ պայման է անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը, կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը: Այսինքն` անձի վրա դրվող պարտականությունը, կամ անձին տրամադրվող իրավունքը պարտադիր կերպով պետք է լինի ակնհայտ ոչ իրավաչափ: Հետևաբար, վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը, որը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, դեռևս բավարար չէ վարչական ակտն առ ոչինչ դիտելու համար:
Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունն առերևույթ ոչ իրավաչափ լինի, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առ ոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր (տե'ս` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչությունն ընդդեմ «Նովռոսինվեստ» ՍՊԸ-ի, թիվ ՎԴ/0562/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը):
Տվյալ դեպքում, Հանձնաժողովը, դիմելով Դատարան և վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ հայցադիմումի հիմքում դնելով այն հանգամանքը, որ Ընկերության նկատմամբ Հանձնաժողովի 24.09.2012 թվականի թիվ 432-Ա ««Կրիստալ» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» որոշմամբ (թիվ 432-Ա որոշման 1-ին կետով սահմանվել է պատասխանատվություն` Հանձնաժողովի նախագահի թիվ ԱՇ-1451 գրությամբ նախատեսված տեղեկատվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու համար (գ.թ. 8)) նշանակվել է տուգանք` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մեկ տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան հինգ միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև պատճառաբանելով, որ Ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելիս հաշվի է առնվել, որ պահանջվող տեղեկատվությունը չտրամադրելու համար պատասխանատվությունը չի կարող ավելի խիստ լինել անբարեխղճության համար սահմանված պատասխանատվությունից` խնդրել է Ընկերությունից 19.460 ՀՀ դրամ բռնագանձելու նպատակով արձակել վճարման կարգադրություն:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, ըստ էության հաստատելով Դատարանի «Վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումը մերժելու մասին» որոշման հիմնավորումները և նշված որոշումը թողնելով անփոփոխ (օրինական ուժի մեջ), գտել է, որ Հանձնաժողովի 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշումն առ ոչինչ վարչական ակտ է, և վկայակոչելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերը` արձանագրել է, որ ակտից ... հայտնի չէ, թե ինչ հարց է այն կարգավորում, և այդ ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվել է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն:
Որպես նշվածի հիմնավորում` Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ «տվյալ վարչական վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտի կարևորագույն հատկանիշներից մեկը տուգանքի չափի սահմանումն է, որը կախման մեջ է դրվել Ընկերության` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի չափից. ուրեմն, հասույթի այդ չափը դասվել է վարույթի ընթացքում պարզման ենթակա փաuտական հանգամանքների շարքին ու պետք է պարզվեր մինչև վարչական ակտ ընդունելը, իսկ ընդունվելիք վարչական ակտի հասցեատերը պետք է հնարավորություն ստանար արտահայտվելու նաև դրա կապակցությամբ։ Այսինքն` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից տեղեկության ստացումը պետք է նախորդեր վարչական ակտի ընդունմանը։ Վարչական ակտի ընդունումով եզրափակվում է վարչական վարույթը, և դրանից հետո չեն կարող ձեռնարկվել գործողություններ, որոնք պետք է իրականացվեին վարույթի ընթացիկ փուլում։ Իսկ եթե 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշումն ընդունվելուց հետո շարունակվել է իրականացվել վարույթի ընթացիկ փուլը, ապա ստացվում է, որ դա միջանկյալ որոշում է, և դրանից հետո պետք է ընդունվեր վարույթը եզրափակող վարչական ակտը, որպիսին տվյալ դեպքում չի ընդունվել։ Այս ամենից հետևում է, որ վարչարարությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգի խախտումով։ Դրա արդյունքում ըստ Հանձնաժողովի պնդման` որպես վարչական ակտ, ընդունվել է 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշումը, որում, սակայն, որպես տուգանքի չափ, նշվել է Ընկերության` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մեկ տոկոսը, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն ՀՀ դրամը, իսկ տուգանքի կոնկրետ չափ չի նշվել։ Նման պարագայում 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշումը, որպես վարչական ակտ, զուրկ է հստակությունից, և պարզ չէ, թե դրանով ինչ հարց է կարգավորվում, քանի որ դրա հասցեատիրոջ համար ակնառու չէ, թե իր վրա ինչ պարտականություն է դրվում։ Ուստի 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշումը, որպես վարչական ակտ, առոչինչ է։ Հետևաբար, բողոքարկված որոշման ամփոփիչ եզրահանգումը 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշման, որպես վարչական ակտի, առոչինչ լինելու և դրա հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառմամբ հայցադիմումի մերժելու մասին հիմնավորված է...»:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանություններն անհիմն են հետևյալ հիմնավորումներով.
ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «զ» և «թ» կետերի համաձայն` Հանձնաժողովն իրավունքի ունի` ընդունելու որոշումներ..., տալու նախազգուշացում` խախտումները շտկելու և (կամ) հետագայում բացառելու հանձնարարությամբ, նշանակելու տուգանք` խախտումները շտկելու և (կամ) հետագայում բացառելու և տուգանքը վճարելու հանձնարարությամբ` սահմանելով հանձնարարության կատարման ժամկետ, կատարելու օրենսդրությամբ նախատեսված այլ իրավասություններ:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել օրենքով նախատեսված` Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքի խախտման դեպքում Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցության գործողության համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ նշանակվող տուգանքի չափը կազմում է տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև մեկ տոկոս: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում նույն մասով նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև մեկ տոկոս, իսկ նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:
Նշված իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել օրենքով նախատեսված` Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն, իսկ նշված պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար սահմանված է Հանձնաժողովի իրավունքը` իր որոշմամբ տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք, մինչև հինգ միլիոն դրամ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտը պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական ակտի բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում:
Վճռաբեկ դատարանը նախ անհրաժեշտ է համարում նշել, որ Հանձնաժողովի 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշումը վարչական ակտ է, քանի որ համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածում նախատեսված վարչական ակտի հասկացության սահմանմանը: Ըստ այդ սահմանման` վարչական ակտին բնորոշ հատկանիշներն են` վարչական մարմնի անհատական ակտ լինելը, արտաքին ներգործությունը, հանրային իրավունքի ոլորտում ընդունված լինելը, կոնկրետ գործի կարգավորումը, իրավունքների և պարտականությունների սահմանումը, փոփոխումը, վերացումը կամ ճանաչումը:
Այսպես`
- Հանձնաժողովի 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշումն անհատական ակտ է, քանի որ վերաբերում է որոշակի իրավաբանական անձի, այսինքն` ունի հստակորեն որոշված հասցեատեր, այն ուղղված է Ընկերությանը.
- Հանձնաժողովի 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշումն ունի արտաքին ներգործություն, քանի որ առնչվում է իրավաբանական անձի, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ, այլ խոսքով` կարգավորում է վարչական մարմնի` Հանձնաժողովի և իրավաբանական անձի` Ընկերության միջև ծագած իրավահարաբերությունները.
- Հանձնաժողովի 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշումն ընդունվել է հանրային իրավունքի բնագավառում, քանի որ այն պետական մարմնի, այն է` Հանձնաժողովի կողմից իրավական նորմի հիման վրա (որն ի սկզբանե ընդունվել է պետական մարմնի կողմից իրագործվելու նպատակով) կատարված միակողմանի կարգադրություն է` ուղղված իրավաբանական անձին` Ընկերությանը.
- Հանձնաժողովի 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշումն ընդունվել է կոնկրետ գործի կարգավորման նպատակով, այն ուղղված է պետական մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձի` Ընկերությանն առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը, այն է` Ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելուն.
- Հանձնաժողովի 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշումն ուղղակի բացասական իրավական հետևանքներ է առաջացնում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող իրավաբանական անձի համար, քանի որ դրանով պետական մարմինը` Հանձնաժողովը, արձանագրել է Ընկերության կողմից ՀՀ օրենսդրության պահանջների խախտում` առաջադրելով Ընկերության համար լրացուցիչ պարտականություններ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ 24.09.2012 թվականին ընդունված թիվ 432-Ա որոշմամբ տուգանքը նշանակելուց հետո Հանձնաժողովը 11.10.2012 թվականի թիվ ԱՇ/3.2-28/402-12 գրությամբ հարցում է կատարել և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացել է տեղեկություն Ընկերության` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի չափի մասին, դրա հիման վրա Հանձնաժողովը որոշակիացրել է տուգանքի չափը` 19.460 ՀՀ դրամ, և հայցադիմումով դիմել է դատարան` այդ գումարը բռնագանձելու մասին վճարման կարգադրություն արձակելու պահանջով, և որ նշված փաստական հանգամանքներից հետևում է, որ 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշմամբ հստակ չի եղել տուգանքի չափը, և որ այդ որոշման ընդունմամբ վարչական վարույթը չի ավարտվել, այլ շարունակվել է մինչև տուգանքի չափի հստակեցումը, իսկ տուգանքի չափը հստակեցնելուց հետո չի ընդունվել այդ մասին վարչական ակտ` տվյալ գումարի չափով տուգանք նշանակելու մասին, անհիմն է, քանի որ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ Հանձնաժողովի 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշումը վարչական ակտ է:
Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև Վերաքննիչ դատարանի իր որոշմամբ կատարած այն եզրահանգումը, որ 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշումից պարզ չէ, թե դրանով ինչ հարց է կարգավորվում: Հանձնաժողովի 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշումն ընդունվել է կոնկրետ գործի կարգավորման նպատակով, այն է` Ընկերությանն օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոց կիրառելու նպատակով, հետևաբար այս հիմքով Հանձնաժողովի 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշումը չի կարող համարվել առ ոչինչ:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի` իր որոշմամբ տված այն եզրահանգմանը, որ 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշումից հասցեատիրոջ համար ակնառու չէ, թե իր վրա ինչ պարտականություն է դրվում, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր 12.03.2010 թվականի թիվ ՎԴ/0562/05/09 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը, որ վարչական ակտի առ ոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունն առերևույթ ոչ իրավաչափ լինի:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովի 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշմամբ Ընկերության վրա դրված պարտականությունն առերևույթ ոչ իրավաչափ չէ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրությամբ հռչակված է, որ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է: Իրավական պետությունում գործող կարևորագույն սկզբունքներից մեկն իրավական որոշակիության սկզբունքն է: Իրավական որոշակիության սկզբունքը տարածվում է բոլոր իրավական ակտերի վրա: Օրենսդիրը վարչական ակտերի համար իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքը կոնկրետացրել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածում: Օրենսդիրը սահմանել է, որ վարչական ակտը պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի, միաժամանակ, վարչական ակտի բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում:
Այսպիսով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածում ամրագրված վարչական ակտի որոշակիության պահանջն իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի մասնավոր դրսևորում է: Հաշվի առնելով վարչական ակտի որոշակիության սկզբունքի կարևորությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որևէ վարչական ակտ չի կարող համարվել իրավաչափ, եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նախատեսել է, որ ոչ իրավաչափ վարչական ակտերը հանդես են գալիս երկու ձևով` որպես անվավեր և որպես առ ոչինչ վարչական ակտեր: Օրենսդիրը, հաշվի առնելով վարչական ակտի որոշակիությանը ներկայացվող պահանջի կարևորությունը, նախատեսել է, որ առանձին դեպքերում վարչական ակտի որոշակիության պահանջի չպահպանումը հանգեցնում է վարչական ակտի առ ոչինչ լինելուն: Այսպես, եթե վարչական ակտից հստակ չի երևում կամ միանշանակ պարզ չէ, թե որ վարչական մարմինն է դա ընդունել կամ ակտից պարզ չէ, թե դա որոշակիորեն ում է հասցեագրված կամ հայտնի չէ, թե ինչ հարց է կարգավորում, ապա այդ վարչական ակտը, ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «գ» կետերի, առ ոչինչ վարչական ակտ է: Սակայն, եթե վարչական ակտը չի համապատասխանում իրավական որոշակիության պահանջին, և միաժամանակ, առկա չեն օրենսդրի կողմից սահմանված վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու հիմքերը, իրավական որոշակիության պահանջին չհամապատասխանող վարչական ակտը չի կարող դիտվել առ ոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովը 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշումն ընդունելիս պարտավոր էր առաջնորդվելով վարչական ակտի որոշակիությանը ներկայացվող պահանջներով` իր որոշման մեջ հստակ նշել Ընկերության համար նշանակվող տուգանքի չափը: Միաժամանակ, չնայած նրան, որ Հանձնաժողովի 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշումը չի համապատասխանում վարչական ակտի որոշակիությանը ներկայացվող պահանջներին` իր մեջ հստակ չպարունակելով Ընկերության նկատմամբ կիրառված տուգանքի չափը, սա դեռևս չի նշանակում, որ վերոնշված վարչական ակտով դրված պարտականությունն առերևույթ ոչ իրավաչափ է: Հանձնաժողովն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտման համար, այն է` օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելու, այլ խոսքով, տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտում կատարելու համար Ընկերությանը ենթարկել է պատասխանատվության` նշանակելով տուգանք: Այսինքն` Հանձնաժողովը, օրենքով սահմանված պատասխանատվության միջոցը կիրառելով Ընկերության նկատմամբ, նրա վրա չի դրել առերևույթ ոչ իրավաչափ պարտականություն: Հետևաբար, հաշվի առնելով վերոշարադրյալ պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովի 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշումը` որպես վարչական ակտ, չի պարունակում Վերաքննիչ դատարանի կողմից իր որոշմամբ նշված առ ոչինչ լինելու հիմքեր:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը.
Վճարման կարգադրություն արձակելու գործերով վարույթը կարգավորվում էր 07.01.2014 թվականին ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ գլխի իրավադրույթներով:
Մասնավորապես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն` ֆիզիկական և իրավաբանական անձից վարչական ակտի հիման վրա որոշակի դրամական գումարներ բռնագանձելու նպատակով վարչական մարմինը հայցով դիմում է դատարան` ստանալու վճարման կարգադրություն:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` դատարան ներկայացվող հայցադիմումը, ի լրումն նույն օրենսգրքի 72-րդ հոդվածի ներկայացվող պահանջների, պետք է նաև ներառի պահանջ վճարման կարգադրություն արձակելու մասին, հայցադիմումին պետք է կցվի բռնագանձումը հիմնավորող վարչական ակտը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումը մերժվում է այն մասով, որով այն չի համապատասխանում նույն օրենսգրքի դրույթներին, վարչական ակտն առերևույթ առ ոչինչ է կամ ուժի մեջ չէ:
Նշված նորմերից հետևում է, որ վարչական ակտի հիման վրա որոշակի դրամական գումարներ բռնագանձելու նպատակով վճարման կարգադրություն ստանալու համար վարչական մարմինը հայցով պետք է դիմի դատարան, և դատարան ներկայացվող հայցադիմումը, ի լրումն հայցադիմումին ներկայացվող պահանջների, պետք է նաև ներառի պահանջ վճարման կարգադրություն արձակելու մասին, ինչպես նաև հայցադիմումին պետք է կցված լինի բռնագանձումը հիմնավորող վարչական ակտը:
Տվյալ դեպքում Հանձնաժողովը դիմել է Դատարան և ներկայացրել է հայցադիմում` վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ, որն ուղղակիորեն պարունակում է նշում նաև վճարման կարգադրություն արձակելու պահանջ (գ.թ. 3), բացի այդ, հայցադիմումին կցված են նաև բռնագանձումը հիմնավորող վարչական ակտը, այն է` Հանձնաժողովի 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշումը, Ընկերության վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայում առկա տվյալներից քաղվածք, ըստ որի` 01.01.2011 թվականից մինչև 31.12.2011 թվականն ընկած ժամանակահատվածի համար Ընկերության հասույթի մեկ տոկոսը կազմում է 19.460,4 ՀՀ դրամ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումը մերժվում է այն մասով, որով այն չի համապատասխանում նույն օրենսգրքի դրույթներին, և եթե վարչական ակտն առերևույթ առ ոչինչ է կամ ուժի մեջ չէ:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքների վկայակոչված իրավադրույթների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգեց այն եզրակացության, որ Հանձնաժողովի 24.09.2012 թվականի թիվ 432-Ա որոշումը` որպես վարչական ակտ, չի պարունակում այն առ ոչինչ դիտելու հիմքեր` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, որ նշված որոշմամբ չի սահմանվել բռնագանձման ենթակա գումարի չափը, չէր կարող վերաքննիչ բողոքը մերժելու հիմք հանդիսանալ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.11.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 13.08.2013 թվականի «Վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Ե. Սողոմոնյան Վ. Աբելյան Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Է. Հայրիյան Տ. Պետրոսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|