Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.11.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԷԴ/0110/01/12

Քրեական գործ թիվ ԵԷԴ/0110/01/12

 

Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ`

Ս. Ավետիսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Ե. Դանիելյանի

   

Հ. Ասատրյանի

   

Լ. Թադևոսյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

   

Ս. Օհանյանի

     
  քարտուղարությամբ`

Մ. Պետրոսյանի

2016 թվականի նոյեմբերի 1-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2016 թվականի փետրվարի 15-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանի ներկայացուցիչ Մ.Շուշանյանի վճռաբեկ բողոքը,
 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Զինծառայող Հայկ Մովսեսի Խաչատրյանի մահվան փաստի առթիվ 2012 թվականի հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90250112 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2012 թվականի հունվարի 21-ի որոշմամբ Մինաս Մկրտչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն թվականի հունվարի 22-ին Մովսես Խաչատրյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Մ.Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, լրացվել, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով և 376-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2012 թվականի հուլիսի 12-ի որոշումներով Մ.Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը վերացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` նույն օրվա մեկ այլ որոշմամբ Միքայել Միքայելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով:

2012 թվականի օգոստոսի 3-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. 2014 թվականի դեկտեմբերի 8-ին ամբաստանյալներ Մ.Մկրտչյանը և Մ.Միքայելյանը միջնորդություններ են ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով իրենց նկատմամբ կիրառել ՀՀ Ազգային ժողովի` 2013 թվականի հոկտեմբերի 3-ի՝ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը (այսուհետ` նաև Համաներման ակտ):

Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ ամբաստանյալների վերոնշյալ միջնորդությունները բավարարվել են: Համաներման ակտի 5-րդ կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ քրեական գործի վարույթը կարճվել է, և ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

3. Տուժողի իրավահաջորդ Մ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2015 թվականի մայիսի 21-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի փետրվարի 5-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` այլ կազմով նոր քննության ուղարկելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի մայիսի 21-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մ.Շուշանյանը վճռաբեկ բողոքներ են բերել, որոնց վարույթ ընդունելը մերժվել է Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ:

5. 2015 թվականի նոյեմբերի 17-ին ամբաստանյալ Մ.Միքայելյանի պաշտպան Վ.Էլբակյանը, իսկ նույն թվականի նոյեմբերի 19-ին ամբաստանյալ Մ.Մկրտչյանի պաշտպան Լ.Պողոսյանը միջնորդություններ են ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով դադարեցնել տուժող Հայկ Խաչատրյանի և տուժողի իրավահաջորդ Մ.Խաչատրյանի դատավարական կարգավիճակը:

Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ ամբաստանյալների պաշտպանների վերոնշյալ միջնորդությունները բավարարվել են: Տուժողի իրավահաջորդ Մ.Խաչատրյանի և նրա ներկայացուցիչ Մ.Շուշանյանի դատավարական կարգավիճակը դադարեցվել է, և նրանք հեռացվել են գործի վարույթից:

6. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ տուժողի իրավահաջորդ Մ.Խաչատրյանի ներկայացուցիչ Մ.Շուշանյանի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության:

7. 2016 թվականի փետրվարի 26-ին ամբաստանյալներ Մ.Մկրտչյանը և Մ.Միքայելյանը միջնորդություններ են ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով իրենց նկատմամբ կիրառել Համաներման ակտը:

Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի փետրվարի 29-ի որոշմամբ ամբաստանյալների վերոնշյալ միջնորդությունները բավարարվել են: Համաներման ակտի 5-րդ կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ Մ.Մկրտչյանի և Մ.Միքայելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ նրանց վերաբերյալ գործի վարույթը` կարճվել:

8. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի փետրվարի 15-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Մ.Խաչատրյանի ներկայացուցիչ Մ.Շուշանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 2-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

9. Մ.Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «հանդիսանալով պաշտոնատար անձ՝ ՀՀ ՊՆ թիվ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, միաժամանակ և հիշյալ բաժանմունքում «դիմային ներվի բորբոքում մոնոնեյրապատիա» ախտորոշմամբ ստացիոնար բուժման մեջ գտնվող` ՀՀ ՊՆ թիվ 68617 զորամասի ժամկետային զինծառայող Հայկ Մովսեսի Խաչատրյանի բուժող բժիշկ, վերջինիս մոտ 28.12.2011 թվականին «ջրծաղիկ» վարակը հայտնաբերելուց հետո, վիրաբույժի կողմից անցկացվող հետազոտությունների ընթացքում հիվանդի նկատմամբ հակավիրուսային թերապիա, նեղ մասնագիտական դինամիկ հսկողություն, դեզինտոքսիկացիոն թերապիա և անհրաժեշտ համապատասխան բժշկական միջոցառումներ ապահովելու համար վարակաբանի մասնակցություն չի ապահովել, այդ ուղղությամբ հիվանդը լիարժեք բուժօգնություն չի ստացել և նույնիսկ վիրաբուժական սուր պաթոլոգիա չհայտնաբերվելուց հետո վերջինիս ինֆեկցիոն հիվանդանոց չի տեղափոխել, այլ «ջրծաղիկ» ախտորոշումից հետո 23 ժամ մնացել է վարակաբանության միջոցառումների տեսանկյունից անօգնական վիճակում, նրա մոտ արագ կերպով զարգացել են ջրծաղիկի ծանր հետևանքները, առաջացել գլխուղեղի ախտահարման երևույթներ, ցնցումներ, լյարդի ծանր ախտահարում, հեմոռագիկ սինդրոմ և ներքին արյունահոսություն, որի հետևանքով հիվանդը հետագայում ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Նորք ինֆեկցիոն հիվանդանոց, ինչի հետևանքով խախտվել է ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածով սահմանված անձի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը՝ առաջացնելով էական վնաս» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 119-126):

9.1. Մ.Միքայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «հանդիսանալով պաշտոնատար անձ՝ ՀՀ ՊՆ թիվ 14203 զորամասի հրամանատար՝ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, 2011 թվականի դեկտեմբերի 11–ին նյարդաբանական բաժանմունքում բուժվող ժամկետային զինծառայող Յուրա Բադալյանի մոտ ջրծաղիկ հիվանդություն հայտնաբերելուց հետո, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ և խախտելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի 341-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաև անտեսելով ՀՀ ՊՆ ՌԲՎ պետի կողմից հաստատված` սուր շնչառական հիվանդությունների դեմ կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումների անցկացման ծրագրի և ՀՀ ԶՈւ ԳՇ պետի` 01.12.2009 թվականի թիվ 330/ԳՇ հրամանի համաձայն` ՀՀ ՊՆ ՌԲՎ պետի կողմից հաստատված կանխարգելիչ միջոցառումների անցկացման վերաբերյալ մեթոդական նամակի պահանջները, հիշյալ դեպքի մասին ՀՀ ԶՈւ հիգիենիկ հակահամաճարակային անվտանգության ծառայությանը չի հայտնել և բաժանմունքում օբսերվացիոն ռեժիմ չի հայտարարել: Բացի այդ, Մ.Միքայելյանը վարակի հետագա տարածումը կանխարգելելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ չի կազմակերպել, մասնավորապես այդ գործընթացը ղեկավարելու համար համաճարակաբանի և վարակաբանի մասնակցություն չի ապահովել, նշված բաժանմունք քաղաքացիների մուտքը չի արգելել: Միքայել Միքայելյանի կողմից ժամանակին և լիարժեք միջոցառումներ չկազմակերպելու հետևանքով հիշյալ բաժանմունքում վարակի դեմ պայքարը լիարժեք չի կատարվել, վարակի հետագա տարածումը լիարժեք չի կանխվել, «ջրծաղիկ» հիվանդության դեպքերը կրկնվել են, ինչով էական վնաս է պատճառել զինծառայողների առողջությանը և զինծառայության կրման սահմանված կարգին» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 119-126):

10. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(…) Ինչպես ամբաստանյալ Մ.Մկրտչյանի, այնպես էլ ամբաստանյալ Մ.Միքայելյանի մեղադրանքի որոշումներում, քրեական հետապնդումն իրականացնող մարմինը նրանց գործողությունների կամ անգործության և ժամկետային զինծառայող Հ.Խաչատրյանի մահվան միջև անմիջական պատճառահետևանքային կապ չի արձանագրել, հակառակ դեպքում ամբաստանյալների արարքները ենթակա էին որակման ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ):

Ամբաստանյալներ Մ.Մկրտչյանի և Մ.Միքայելյանի գործողությունների (անգործության) և ժամկետային զինծառայող Հ.Խաչատրյանի մահվան միջև պատճառահետևանքային կապի բացակայության հիմնավորումներ են հանդիսացել նաև ինչպես նախաքննության, այնպես էլ գործի դատաքննության ընթացքում իրականացված հանձնաժողովային դատաբժշկական երեք փորձաքննությունների եզրակացությունները, սակայն այս ապացույցների առկայության պայմաններում մահացած ժամկետային զինծառայող Հ.Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանը, գործով շարունակել է մնալ տուժողի իրավահաջորդի դատավարական կարգավիճակում (...)» (տե՛ս քրեական գործի հավելված, թերթեր 28-33):

11. Վերաքննիչ դատարանն իր որոշման շրջանակներում փաստել է. «(…) [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ] հոդվածի բովանդակությունից ակնհայտ է, որ «դատավարական կարգավիճակը դադարեցնելու և նրանց գործի վարույթից հեռացնելու մասին» դատարանի կողմից կայացված որոշման բողոքարկում տվյալ հոդվածով նախատեսված չէ:

Հետևաբար հիմք ընդունելով վերոգրյալը Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ [Ա]ռաջին ատյանի դատարանի (...) որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1–րդ հոդվածի ուժով չի կարող բողոքարկվել Վերաքննիչ դատարան:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ [Ա]ռաջին ատյանի դատարանի (...) որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանի կողմից բերված բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման, հետևաբար նշված [բողոքը] պետք է թողնել առանց քննության» (տե՛ս քրեական գործի հավելված, թերթեր 51-55):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

12. Բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանները կայացրել են անհիմն, ՀՀ Սահմանադրության ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթներին հակասող դատական ակտեր:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատավարական կարգավիճակը դադարեցնելու հիմքեր և կարգ չի նախատեսել, ինչից հետևում է, որ դատարանը նման որոշում կայացնելու լիազորությամբ օժտված չէ: Բողոքաբերի համոզմամբ` Առաջին ատյանի դատարանը, դադարեցնելով տուժողի իրավահաջորդ Մ.Խաչատրյանի դատավարական կարգավիճակը և հեռացնելով նրան գործի վարույթից, զրկել է վերջինիս իր որդու մահվան փաստով հարուցված քրեական գործով դատաքննությանը մասնակցելու, դիրքորոշում ներկայացնելու, դատավարության այլ մասնակիցների փաստարկները վիճարկելու, ինչպես նաև դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Առաջին ատյանի դատարանի` տուժողի իրավահաջորդի ու նրա ներկայացուցչի կարգավիճակը դադարեցնելու և վարույթից հեռացնելու մասին որոշումը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման` բողոք բերած անձը գտել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նման դատական ակտ կայացնելու հնարավորություն չի նախատեսում, հետևաբար այդ որոշումը չէր կարող ընդգրկված լինել նույն օրենսգրքի 376.1-րդ հոդվածի` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերի ցանկում:

13. Հիմք ընդունելով վերոգրյալը` ներկայացուցիչ Մ.Շուշանյանը խնդրել է բեկանել Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների որոշումները:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության, մասնավորապես` իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այդ առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատավարական կարգավիճակը դադարեցնելու հիմքերի, ինչպես նաև այդ կարգավիճակը դադարեցնելու մասին որոշման բողոքարկման հնարավորության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

I. Տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատավարական կարգավիճակի դադարեցման հիմքերը.

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք տուժողի իրավահաջորդ Մ.Խաչատրյանի և նրա ներկայացուցիչ Մ.Շուշանյանի դատավարական կարգավիճակը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն`

«1. Տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: Տուժող է ճանաչվում նաև այն անձը, ում կարող էր անմիջականորեն պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, եթե ավարտվեր քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելը:

2. Տուժող ճանաչելու մասին որոշումն ընդունում է հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը»:

Նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն`

«1. Տուժողի իրավահաջորդ է ճանաչվում նրա մերձավոր ազգականներից մեկը, որը ցանկություն է հայտնել քրեական գործով վարույթում իրականացնել մահացած կամ իր կամքն արտահայտելու ունակությունը կորցրած տուժողի իրավունքները և պարտականությունները:

2. Տուժողի մերձավոր ազգականին նրա իրավահաջորդ ճանաչելու մասին որոշումն ընդունում է հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը` նրա խնդրանքով (...):

3. Տուժողի իրավահաջորդ ճանաչված անձն իրավունք ունի քրեական գործով վարույթի ցանկացած պահին դադարեցնել իր լիազորությունները:

4. Տուժողի իրավահաջորդը քրեական գործով վարույթին մասնակցում է տուժողի փոխարեն և ունի վերջինիս իրավունքները և պարտականությունները, բացի ցուցմունքներ տալու և տուժողի անձից անբաժանելի այլ իրավունքներից և պարտականություններից (...):

6. Տուժողի իրավահաջորդն ունի նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ»:

Մեջբերված քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը հիմնարար վերլուծության է ենթարկել Ս.Անտոնյանի վերաբերյալ որոշմամբ և իրավական դիրքորոշումներ է հայտնել այն մասին, որ «(...) քրեական դատավարությունն իրականացվում է ոչ միայն հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու, այլև հանցագործության արդյունքում տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով: Այլ խոսքով՝ տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովումը հանդիսանում է քրեական դատավարության կարևորագույն խնդիրներից մեկը:

«Տուժող» հասկացությունը` որպես իրավաբանական կատեգորիա, բնութագրվում է ինչպես իրավական, այնպես էլ դատավարական հատկանիշներով: Որպես իրավական հասկացություն` այն արտացոլում է ֆիզիկական կամ իրավաբանական անձին անմիջականորեն հանցագործությամբ վնաս պատճառելու օբյեկտիվ փաստը: Դատավարական իմաստով այն սահմանում է, թե ինչպիսի պայմաններում և կարգով է հանցագործությունից վնաս կրած անձը դառնում քրեական դատավարության մասնակից` ձեռք բերելով որոշակի դատավարական իրավունքներ և պարտականություններ: Քրեադատավարական օրենքը նախատեսում է նաև տուժողի իրավահաջորդի ինստիտուտը, որը մահացած կամ իր կամքն արտահայտելու ունակությունը կորցրած տուժողի իրավունքների և շահերի ներկայացման ինքնուրույն ձև է: Իրավահաջորդության առաջացման համար անհրաժեշտ է, որ տուժողի մերձավոր ազգականներից մեկը ցանկություն հայտնի ներկայացնելու նրա իրավունքները և պարտականությունները:

(...) [Տ]ուժողի իրավաչափ շահերի շրջանակում է նրան հասցված վնասի վերականգնումը, վնաս պատճառած արարքի հանգամանքների ամբողջական բացահայտումը ու դրա ճիշտ քրեաիրավական որակումը, հանցանք կատարած անձի դատապարտումը և նրա նկատմամբ արդարացի պատժի նշանակումը: Հետևաբար քրեական դատավարության ընթացքին տուժողի (տուժողի իրավահաջորդի) մասնակցությունը մի կողմից անհրաժեշտ նախապայման է վերջինիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու համար, մյուս կողմից նպաստում է քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը: Քրեական վարույթում անհնար է իրականացնել դատավարական իրավունքներ և պարտականություններ՝ առանց դատավարության մասնակից լինելու, իսկ հանցագործության հետևանքով վնաս կրած անձի դեպքում արդյունավետ մասնակցությունը հնարավոր է միայն վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջինիս տուժող ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո:

Տուժող ճանաչելու քրեադատավարական կարգին վերաբերող դրույթների համադրված վերլուծության արդյունքում կարելի է եզրահանգել, որ օրենսդիրը նշված դատավարական ակտի կայացման համար անհրաժեշտ նախապայման է համարում հանցագործության արդյունքում անձին բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս պատճառված լինելու կամ այդպիսի վնաս պատճառելու հավանականության հաստատումը, ինչը, սակայն, չի կարող մեկնաբանվել այնպես, որ անձին տուժող ճանաչելու համար անհրաժեշտ լինի հանցակազմի բոլոր տարրերի հաստատում կամ վնաս պատճառելու վերաբերյալ սպառիչ տվյալների հավաքագրում» (տե՛ս Սուսաննա Անտոնյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԿԴ/0077/11/12 որոշման 25-26-րդ կետերը):

16.1. Վերահաստատելով Ս.Անտոնյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժողին դատավարական կարգավիճակ է տրվում վարույթն իրականացնող մարմնի կողմից` հիմք ընդունելով այդ անձին ենթադրյալ հանցագործությամբ անմիջականորեն բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս պատճառված լինելու (կամ այդպիսի վնաս պատճառելու հավանականության) հանգամանքը: Նշված կարգավիճակը հնարավորություն է ընձեռում տուժողին (տուժողի իրավահաջորդին) հանդես գալու որպես դատավարության մասնակից և իրականացնելու քրեադատավարական օրենքով սահմանված իր իրավունքներն ու պարտականությունները:

Վերոգրյալի հետ մեկտեղ հարկ է նշել, որ քրեական դատավարության ընթացքում կարող են ի հայտ գալ այնպիսի հանգամանքներ, որոնց հաշվառմամբ վարույթն իրականացնող մարմինը կարող է ունենալ բավարար հիմքեր տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատավարական կարգավիճակը դադարեցնելու համար: Օրինակ՝ վարույթի ընթացքում կարող է պարզ դառնալ, որ անձը սխալմամբ է տուժող ճանաչվել: Այսինքն` վարույթն իրականացնող մարմինը քննարկվող կարգավիճակը տվել է, օրինակ, ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի հետ առնչություն չունեցող անձի (այլ կերպ՝ վնասն օբյեկտիվորեն գոյություն ունի, սակայն այն պատճառվել է ոչ թե տուժող ճանաչված անձին, այլ մեկ ուրիշի) կամ հանրային-իրավական այնպիսի միավորի, որն իրավաբանական անձ չէ:

Ուստի Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերը նկարագրված կամ այլ իրավիճակներում, երբ ի հայտ են գալիս տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատավարական կարգավիճակը դադարեցնելու բավարար հիմքեր, հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի կողմից այդպիսի որոշում կայացնելը հիմնավորված և պատճառաբանված լինելու պայմաններում կարող է իրավաչափ դիտարկվել:

17. Միևնույն ժամանակ անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ և 80-րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված իրավանորմերի բովանդակությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե անձին քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս (կամ կարող էր պատճառվել այդպիսի վնաս, եթե ավարտվեր քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելը), սակայն նրա մահվան փաստի կամ իր կամքն արտահայտելու ունակությունը կորցնելու ուժով վերջինս չի կարող քրեական գործի շրջանակներում մասնակցություն ունենալ, ապա նրա մերձավոր ազգականը կարող է ճանաչվել տուժողի իրավահաջորդ՝ անկախ նրանից՝ մահը կամ կամքն արտահայտելու ունակությունը կորցնելը հանցագործության անմիջական հետևանք են, թե ոչ: Այլ կերպ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին բավարարող անձի մահվան (իր կամքն արտահայտելու ունակությունը կորցնելու) բոլոր դեպքերում վերջինիս մերձավոր ազգականը կարող է ճանաչվել տուժողի իրավահաջորդ: Ընդ որում, մահացած (իր կամքն արտահայտելու ունակությունը կորցրած) անձի մերձավոր ազգականի պահանջն այդ անձին տուժող, իսկ իրեն՝ տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ, պետք է անհապաղ քննության առնվի քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ այն ստանալու պահից 3 օրվա ընթացքում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդված):

Այսպիսով, անձը կարող է տուժողի իրավահաջորդ ճանաչվել ինչպես այն դեպքում, երբ տուժողի մահը (իր կամքն արտահայտելու ունակությունը կորցնելը) եղել է կատարված հանցագործության անմիջական հետևանք, այնպես էլ այն պարագայում, երբ կատարված հանցագործության և տուժողի մահվան (իր կամքն արտահայտելու ունակությունը կորցնելու) միջև չի եղել անմիջական պատճառահետևանքային կապ, սակայն մահացած (իր կամքն արտահայտելու ունակությունը կորցրած) տուժողին այդպիսի հանցավոր արարքով անմիջականորեն պատճառվել է այլ ֆիզիկական, ինչպես նաև բարոյական կամ գույքային վնաս (կամ կարող էր պատճառվել այդպիսի վնաս, եթե ավարտվեր քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելը): Ընդ որում, նյութական հանցակազմերի պարագայում որոշակի հետևանքների վրա հասնելու հանգամանքը, հավասարապես նաև արարքի և այդ հետևանքների միջև առկա պատճառական կապի բացահայտումը` որպես հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշ, պարտադիր է, իսկ այդպիսի կապի բացակայությունը կարող է բերել քրեական պատասխանատվության հիմքի չեզոքացման: Հետևաբար անձին մեղսագրված արարքի և առաջացած վնասի միջև պատճառական կապի առկայությունը կամ բացակայությունը հնարավոր է հավաստել միայն գործով ձեռք բերված և պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված ապացույցները գնահատելու արդյունքում:

18. Սույն գործով դատաքննության փուլում` 2015 թվականի նոյեմբերի 17-ին, ամբաստանյալ Մ.Միքայելյանի պաշտպան Վ.Էլբակյանը, իսկ նույն թվականի նոյեմբերի 19-ին ամբաստանյալ Մ.Մկրտչյանի պաշտպան Լ.Պողոսյանը միջնորդություններ են ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով դադարեցնել տուժող Հ.Խաչատրյանի և տուժողի իրավահաջորդ Մ.Խաչատրյանի դատավարական կարգավիճակը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ ամբաստանյալներ Մ.Մկրտչյանի և Մ.Միքայելյանի մեղադրանքի որոշումներում քրեական հետապնդում իրականացնող մարմինը նրանց գործողությունների (անգործության) և ժամկետային զինծառայող Հ.Խաչատրյանի մահվան միջև անմիջական պատճառահետևանքային կապ չի արձանագրել, հակառակ դեպքում, ըստ ստորադաս ատյանի, ամբաստանյալների արարքները ենթակա էին որակման ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով:

Առաջին ատյանի դատարանը նշել է նաև, որ ամբաստանյալներ Մ.Մկրտչյանի և Մ.Միքայելյանի գործողությունների (անգործության) և ժամկետային զինծառայող Հ.Խաչատրյանի մահվան միջև պատճառահետևանքային կապի բացակայության հիմնավորումներ են հանդիսացել նախաքննության և դատաքննության ընթացքում իրականացված հանձնաժողովային դատաբժշկական երեք փորձաքննությունների եզրակացությունները, որպիսի ապացույցների առկայության պայմաններում մահացած ժամկետային զինծառայող Հ.Խաչատրյանի հայրը՝ Մ.Խաչատրյանը, գործով շարունակել է մնալ տուժողի իրավահաջորդի դատավարական կարգավիճակում:

Արդյունքում Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ տուժողի իրավահաջորդ Մ.Խաչատրյանի և նրա ներկայացուցիչ Մ.Շուշանյանի դատավարական կարգավիճակը պետք է դադարեցնել, և նրանց հեռացնել գործի վարույթից (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

19. Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները վերլուծելով սույն որոշման 16-17-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Մ.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով զինծառայող Հայկ Խաչատրյանի բուժող բժիշկը, վերջինիս մոտ 2011 թվականի դեկտեմբերի 28-ին «ջրծաղիկ» վարակը հայտնաբերելուց հետո համապատասխան բժշկական միջոցառումներ ապահովելու համար վարակաբանի մասնակցություն չի ապահովել, այդ ուղղությամբ հիվանդը լիարժեք բուժօգնություն չի ստացել և նույնիսկ վիրաբուժական սուր պաթոլոգիա չհայտնաբերվելուց հետո վերջինիս ինֆեկցիոն հիվանդանոց չի տեղափոխել, այլ «ջրծաղիկ» ախտորոշումից հետո 23 ժամ Հ.Խաչատրյանը մնացել է վարակաբանության միջոցառումների տեսանկյունից անօգնական վիճակում, նրա մոտ արագ կերպով զարգացել են ջրծաղիկի ծանր հետևանքները, առաջացել գլխուղեղի ախտահարման երևույթներ, ցնցումներ, լյարդի ծանր ախտահարում, հեմոռագիկ սինդրոմ և ներքին արյունահոսություն, որի հետևանքով հիվանդը հետագայում ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Նորք ինֆեկցիոն հիվանդանոց, ինչի հետևանքով խախտվել է ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 38-րդ հոդվածով սահմանված` անձի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը՝ առաջացնելով էական վնաս: Իսկ Մ.Միքայելյանին նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, 2011 թվականի դեկտեմբերի 11–ին նյարդաբանական բաժանմունքում բուժվող ժամկետային զինծառայող Յ.Բադալյանի մոտ ջրծաղիկ հիվանդություն հայտնաբերելուց հետո, հիշյալ դեպքի մասին ՀՀ ԶՈւ հիգիենիկ հակահամաճարակային անվտանգության ծառայությանը չի հայտնել և բաժանմունքում օբսերվացիոն ռեժիմ չի հայտարարել, վարակի հետագա տարածումը կանխարգելելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ չի կազմակերպել, մասնավորապես այդ գործընթացը ղեկավարելու համար համաճարակաբանի և վարակաբանի մասնակցություն չի ապահովել, նշված բաժանմունք քաղաքացիների մուտքը չի արգելել: Միքայել Միքայելյանի կողմից ժամանակին և լիարժեք միջոցառումներ չկազմակերպելու հետևանքով հիշյալ բաժանմունքում վարակի դեմ պայքարը լիարժեք չի կատարվել, վարակի հետագա տարածումը լիարժեք չի կանխվել, «ջրծաղիկ» հիվանդության դեպքերը կրկնվել են, ինչով էական վնաս է պատճառել զինծառայողների առողջությանը և զինծառայության կրման սահմանված կարգին (տե՛ս սույն որոշման 9-9.1-րդ կետերը):

Վերոգրյալից հետևում է, որ ծառայության նկատմամբ ամբաստանյալների անփույթ վերաբերմունքը դրսևորվել է Մ.Մկրտչյանի դեպքում` զինծառայող Հ.Խաչատրյանի մոտ «ջրծաղիկ» վարակը հայտնաբերելուց հետո նրան լիարժեք բուժօգնություն չտրամադրելով և ինֆեկցիոն հիվանդանոց չտեղափոխելով, որի արդյունքում Հ.Խաչատրյանի մոտ արագ կերպով զարգացել են նշված հիվանդության ծանր ախտանիշները, իսկ Մ.Միքայելյանի դեպքում` «ջրծաղիկ» վարակը հայտնաբերելուց հետո դրա հետագա տարածումը կանխարգելելու ուղղությամբ ժամանակին և լիարժեք համապատասխան միջոցառումներ չկազմակերպելով, որի արդյունքում քննարկվող հիվանդության դեպքերը կրկնվել են: Այսինքն` ամբաստանյալներին մեղսագրված հանցավոր արարքների հետևանքները Հ.Խաչատրյանի` բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի խախտումն ու նրա առողջությանն էական վնասի պատճառումն են, և ոչ թե վերջինիս մահը: Այլ խոսքով` ամբաստանյալներին ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքների էությունն այն է, որ զինվորական ծառայության նկատմամբ ամբաստանյալների անփույթ վերաբերմունքի հետևանքով պատճառվել է էական վնաս, որն արտահայտվել է ինչպես Հ.Խաչատրյանի` բժշկական օգնություն և սպասարկում ստանալու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքի խախտման, այնպես էլ Հ.Խաչատրյանի առողջությանը և զինվորական ծառայության սահմանված կարգին էական վնասի պատճառման տեսքով:

20. Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեպետ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքներից հետևում է, որ նրանց մեղսագրված արարքների և տուժողի մահվան միջև անմիջական պատճառահետևանքային կապը բացակայում է, սակայն մահացած Հ.Խաչատրյանին ամբաստանյալներին մեղսագրված արարքներով անմիջականորեն պատճառվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վնաս: Հետևաբար հիմք ընդունելով սույն որոշման 17-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները, մասնավորապես այն, որ անձը կարող է տուժողի իրավահաջորդ ճանաչվել նաև այն դեպքում, երբ կատարված հանցագործության և տուժողի մահվան միջև չի եղել անմիջական պատճառահետևանքային կապ, սակայն մահացած տուժողին այդպիսի հանցավոր արարքով անմիջականորեն պատճառվել է այլ ֆիզիկական, ինչպես նաև բարոյական կամ գույքային վնաս՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունն այն մասին, որ մահացած ժամկետային զինծառայող Հ.Խաչատրյանի հայրը` Մ.Խաչատրյանը, գործով անհիմն շարունակել է մնալ տուժողի իրավահաջորդի դատավարական կարգավիճակում, հիմնավոր չէ:

21. Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ տուժողի իրավահաջորդ Մ.Խաչատրյանի և նրա ներկայացուցիչ Մ.Շուշանյանի դատավարական կարգավիճակը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ չէ: Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի խախտում, իսկ արդյունքում անհամաչափորեն սահմանափակել է Մ.Խաչատրյանի իրավունքներն ու օրինական շահերը` զրկելով նրան քրեադատավարական օրենքով իրեն վերապահված իրավունքներից օգտվելու փաստացի հնարավորությունից:

 

II. Տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատավարական կարգավիճակը դադարեցնելու մասին որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորությունը.

22. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք տուժողի իրավահաջորդ Մ.Խաչատրյանի ներկայացուցիչ Մ.Շուշանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:

23. ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` «(…) Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: (...) Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝» Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում՝ սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները»:

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է.

ա) ցանկացած այն անձի համար, որի սույն դաշնագրում ճանաչվող իրավունքներն ու ազատությունները խախտված են, ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, եթե նույնիuկ այդ խախտումը կատարվել է պաշտոնապես գործող անձի կողմից.

բ) ապահովել, որպեuզի իրավական պաշտպանություն պահանջող ցանկացած անձի համար այդպիսի պաշտպանության իրավունք սահմանվի դատական, վարչական կամ օրենսդրական իրավասու իշխանությունների կամ պետության իրավական համակարգով նախատեսված այլ իրավաuու մարմնի կողմից, և զարգացնել դատական պաշտպանության հնարավորությունները.

գ) ապահովել իրավասու իշխանությունների կողմից իրավական պաշտպանության միջոցների կիրառումը դրանք տրամադրելու դեպքում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Քրեական դատավարությունն իրականացվում է՝ ապահովելու համար անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցագործությունից»:

Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»:

ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքների վերաբերյալ հիմնահարցերին, ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումները՝

- անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,

- դատական բողոքարկումը, որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները՝ պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները,

- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար և հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը,

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ ՍԴՈ-936, 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1257 որոշումների համապատասխանաբար 6-րդ և 7-րդ կետերը):

23.1. Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումների վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է արտահայտել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան): Մասնավորապես` Հիրշհորն ընդդեմ Ռումինիայի գործով վճռում Եվրոպական դատարանը նշել է, որ դատարան դիմելու իրավունքը բացարձակ չէ և կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել. դրանք թույլատրված են այն կանխադրույթի հիման վրա, որ դատարան դիմելու իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից սահմանված կարգավորման առկայություն: Այս առումով պետություններն ունեն հայեցողության որոշակի սահման, թեև Կոնվենցիայի պահանջների պահպանման կապակցությամբ վերջնական որոշումը կայացնում է Եվրոպական դատարանը: Անհրաժեշտ է հիմնավորել, որ կիրառված սահմանափակումները դատարան դիմելու՝ անձի իրավունքն այն աստիճան չեն սահմանափակում կամ նվազեցնում, որ դրա արդյունքում խաթարվի իրավունքի բուն էությունը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին, եթե այն օրինական նպատակ չհետապնդի, և առկա չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն գործադրված միջոցի և հետապնդված նպատակի միջև (տե՛ս Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, կետ 50):

Խնդրո առարկա հիմնարար իրավունքների էությանն անդրադարձել է նաև Վճռաբեկ դատարանը՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «Դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները» (տե՛ս Արթուր Այվազյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշման 16-րդ կետը):

24. Սույն որոշման նախորդ կետում վերլուծության առարկա դարձած հիմնարար իրավունքների ապահովման անհրաժեշտությունը Վճռաբեկ դատարանը հարկ է համարում քննարկել հանցագործությունից տուժած անձի իրավունքների պաշտպանության համատեքստում:

Այդ առումով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հանցագործության արդյունքում տուժած անձը ոչ միայն արդար դատաքննության և դատարանի մատչելիության հիմնարար իրավունքները կրող սուբյեկտ է, այլև միջազգային-իրավական մի շարք փաստաթղթերով որպես պետության պարտավորություն է սահմանվում հենց վերջինիս իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովումը:

Այսպես` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի (այսուհետ՝ նաև Կոմիտե)՝ 1985 թվականի հունիսի 28-ի` «Քրեական իրավունքի և դատավարության շրջանակներում տուժածի կարգավիճակի մասին» R(85)11, 2006 թվականի հունիսի 14-ի՝ «Հանցագործության զոհերի աջակցության վերաբերյալ» R(2006)8 հանձնարարականներում առաջարկվում է ազգային մակարդակներով միջոցներ ձեռնարկել տուժողների իրավունքների պաշտպանության համար: Մասնավորապես, Կոմիտեի՝ 1985 թվականի հանձնարարականի նախաբանում հատուկ ընդգծվել է, որ այն ընդունվել է` ելնելով այն հանգամանքից, որ քրեական արդարադատության նպատակները ավանդաբար ձևակերպվել են պետության և իրավախախտի միջև հարաբերությունների տիրույթում, ինչի արդյունքում այդ համակարգի գործադրումը հաճախ բարդացնում է տուժողի մոտ ծագած խնդիրները, այլ ոչ թե նպաստում դրանց լուծմանը: Մինչդեռ քրեական արդարադատության հիմնական գործառույթը պետք է լինի տուժողի պահանջները բավարարելը և շահերը պաշտպանելը:

Ելնելով վերոշարադրյալից և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ անհրաժեշտ է ամրացնել տուժողի վստահությունը քրեական արդարադատության համակարգի նկատմամբ` Կոմիտեն անդամ պետություններին հանձնարարել է վերանայել իրենց օրենսդրությունը և դատական պրակտիկան քրեական արդարադատության համակարգում տուժողի դերը բարձրացնելու մի շարք ուղղություններով:

Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1985 թվականի նոյեմբերի 29-ի՝ «Հանցագործության և իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքները» A/RES/40/34 հռչակագրի 4-րդ և 5-րդ կետերը վկայում են, որ հանցագործությունից տուժողները պետք է արդարադատության մեխանիզմներից օգտվելու հնարավորություն ունենան: Դատական և վարչական կառուցակարգերը պետք է հաստատվեն և ամրապնդվեն այնպես, որ հնարավորություն ընձեռեն տուժողին ստանալու փոխհատուցում արագ, արդար, սակավարժեք և մատչելի ընթացակարգերի միջոցով:

25. Հիմք ընդունելով սույն որոշման 23-24-րդ կետերում շարադրված համակարգային վերլուծությունը և հաշվի առնելով տուժողի (տուժողի իրավահաջորդի) իրավունքների պաշտպանության՝ պետության պոզիտիվ պարտավորության, ինչպես նաև վերջինիս` դատարանի մատչելիության իրավունքի իրացվելիության ապահովման անհրաժեշտությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատավարական կարգավիճակը դադարեցնելու մասին դատարանի որոշումը ենթակա է վերաքննության կարգով բողոքարկման: Վճռաբեկ դատարանի սույն դիրքորոշումը հիմնավորվում է նաև նրանով, որ այդպիսի որոշման բողոքարկման հնարավորություն չընձեռելու միջոցով տուժողի (տուժողի իրավահաջորդի)՝ դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակելը խաթարում է այդ հիմնարար իրավունքի բուն էությունը՝ վերջինիս վերածելով պատրանքային հիմնադրույթի: Այդպիսի սահմանափակումը խախտում է նաև գործադրված միջոցի և հետապնդվող նպատակի միջև հավասարակշռության ողջամիտ հարաբերակցությունը:

26. Սույն գործով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «դատավարական կարգավիճակը դադարեցնելու և նրանց գործի վարույթից հեռացնելու մասին» դատարանի կողմից կայացված որոշման բողոքարկում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով նախատեսված չէ, և եզրահանգել, որ բողոք է բերվել այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման: Արդյունքում ստորադաս դատարանն առանց քննության է թողել տուժողի իրավահաջորդ Մ.Խաչատրյանի ներկայացուցիչ Մ.Շուշանյանի վերաքննիչ բողոքը (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

27. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 23-25-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ներկայացուցիչ Մ.Շուշանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը՝ տուժողի իրավահաջորդի դատավարական կարգավիճակը դադարեցնելու մասին որոշումը բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ, հանգեցրել է տուժողի իրավահաջորդ Մ.Խաչատրյանի` դատարանի մատչելիության իրավունքի այնպիսի սահմանափակման, որի արդյունքում խաթարվել է նրա՝ հիշյալ իրավունքի բուն էությունը՝ վերածվելով պատրանքային հիմնադրույթի: Այդպիսի սահմանափակումը խախտել է նաև գործադրված միջոցի և հետապնդվող նպատակի միջև հավասարակշռության ողջամիտ հարաբերակցությունը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, տուժողի իրավահաջորդ Մ.Խաչատրյանին զրկելով դատարանի մատչելիության իրավունքից, խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածների պահանջները:

28. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժողի իրավահաջորդ Մ.Խաչատրյանի ներկայացուցիչ Մ.Շուշանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ:

29. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված քրեադատավարական օրենքի խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Միևնույն ժամանակ ելնելով արդարադատության արդյունավետության շահերից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է փոփոխել և տուժողի իրավահաջորդ Մ.Խաչատրյանի և նրա ներկայացուցիչ Մ.Շուշանյանի դատավարական կարգավիճակը վերականգնել: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ տուժողի իրավահաջորդը կաշկանդված չէ օգտվելու՝ քրեադատավարական օրենքով սահմանված իր իրավունքներից, այդ թվում` Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը օրենքով սահմանված ընդհանուր կարգով բողոքարկելու հնարավորությունից, որպիսի պարագայում վերաքննիչ բողոք բերելու` բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով (ex jure) պետք է համարվի հարգելի:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանի և նրա ներկայացուցիչ Մ.Շուշանյանի դատավարական կարգավիճակը դադարեցնելու մասին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 29-ի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի փետրվարի 15-ի որոշումները բեկանել և փոփոխել:

2. Տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանի և նրա ներկայացուցիչ Մ.Շուշանյանի դատավարական կարգավիճակը վերականգնել` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  ե. դԱՆԻԵԼՅԱՆ
    Հ. Ասատրյան
    Լ. Թադևոսյան
    Ա. Պողոսյան
    Ս. Օհանյան