Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.12.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/2499/05/14

2014 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2499/05/14

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի դեկտեմբերի 10-ին,

քննարկելով ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի` 200.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 04.08.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է Արմենուհի Դալիբալթյանից 200.000 ՀՀ դրամ` որպես վարչական տուգանքի գումար բռնագանձելու պահանջի մասին արձակել վճարման կարգադրություն:

ՀՀ վարչական դատարանը 19.12.2013 թվականին արձակել է վճարման կարգադրություն:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արմենուհի Դալիբալթյանը պահանջել է  վերացնել  Երևանի քաղաքապետի 11.09.2013 թվականի թիվ Վ-31/36 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի 27.05.2014 թվականի որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվել հայցային վարույթի, իսկ հակընդդեմ հայցը վերադարձվել է:

Արմենուհի Դալիբալթյանը կրկին ներկայացրել է հակընդդեմ հայց և միաժամանակ միջնորդել է վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 16.06.2014 թվականի որոշմամբ Արմենուհի Դալիբալթյանի բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին  միջնորդությունը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է վարույթ:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.08.2014 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու և հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը        

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ, 72-րդ հոդվածները, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Արմենուհի Դալիբալթյանի կողմից դատավարական ժամկետը բաց է թողնվել ոչ հարգելի պատճառներով:

Քաղաքապետարանը 11.09.2013 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-31/36 որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկել է Արմենուհի Դալիբալթյանին իր անձնագրային գրանցման հասցե հանդիսացող Երևանի Անդրֆեդերացիայի փողոցի թիվ 135 հասցեով, ինչը հավաստվում է փոստային ծառայության թիվ AR131104706AM հետադարձ ծանուցագրով և դրա վրա 23.09.2013 թվականին կատարված՝ նշված որոշումը ստանալու փաստը հավաստող մակագրությամբ (ստորագրությամբ), ուստի 23.09.2013 թվականի դրությամբ Արմենուհի Դալիբալթյանն արդեն իսկ տեղյակ է եղել իր նկատմամբ վարչական տույժ կիրառելու վերաբերյալ 11.09.2013 թվականի թիվ Վ-31/36 որոշման մասին և նշված վարչական ակտի վիճարկման համար սահմանված դատավարական ժամկետի հոսքը պետք է հաշվարկել 24.09.2013 թվականից։

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ փոստային ծառայության թիվ AR131104706AM հետադարձ ծանուցագիրն առավել քան բավարար է եղել արձանագրելու քննարկվող որոշումն Արմենուհի Դալիբալթյանին պատշաճ կերպով առաքելու և 23.09.2013 թվականի դրությամբ Արմենուհի Դալիբալթյանի կողմից այն ստանալու կամ դրա մասին տեղեկանալու փաստը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 04.08.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ, 72-րդ հոդվածները խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

   ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ  միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանն ըստ էության քննում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո վճարման կարգադրություններ արձակելու պահանջով հայցադիմումներ վարչական դատարան չեն կարող ներկայացվել։ Մինչև նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը վարչական դատարանի գրասենյակ ստացված, ինչպես նաև նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց առաջ փոստով առաքված, սակայն նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո վարչական դատարանում ստացված կամ ներկայացված վճարման կարգադրություններ արձակելու վերաբերյալ հայցադիմումները քննում է վարչական դատարանը` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ գլխով սահմանված կարգով։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում՝ երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին։ Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև` օրենքով սահմանված այլ եղանակներով։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ)  նախադեպային իրավունքում ձևավորված իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե'ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Ashingdane v. the United Kingdom, judgment of 28 May 1985, Series A no. 93, p. 24, para. 57): Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե'ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 51,55, Stubbings and Others v. the United Kingdom, Judgment, 22.10.1996, par. 51,55) :

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված անձանց՝ վերը նշված հիմնարար իրավունքների լույսի ներքո:

Օրենսդիրը ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 10-րդ հոդվածներում սահմանել է վարչական դատարանի իրավասության շրջանակը: Ինչպես ցանկացած դատարան, վարչական դատարանն իրավասու է գործադրել օրենքով նախատեսված իր լիազորությունները միայն համապատասխան սուբյեկտների կողմից ներկայացված հայցադիմումի դեպքում, այսինքն` օժտված է հատուկ տեսակի իրավասությամբ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ, հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե°ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը

Վերը նշված իրավական նորմերի, ինչպես նաև ՄԻԵԴ-ի և  ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրել օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ վարչական դատարանն իրավասու չէ գործադրել օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ գրավոր վարչական ակտի ընդունումը բավարար չէ, գրավոր վարչական ակտի իրավական համակարգում ի հայտ գալու և գործելու համար անհրաժեշտ է նաև, որ օրենքով սահմանված կարգով այդ վարչական ակտը մտնի ուժի մեջ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ օրենսդիրը վարչական ակտը վիճարկելու օրենքով սահմանված ժամկետի հոսքը պայմանավորել է ոչ թե վարչական ակտի ընդունմամբ, այլ այդ ակտի օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելու հետ:

Վճռաբեկ դատարանը, առաջնորդվելով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը երաշխավորելու անհրաժեշտությամբ, գտնում է, որ վարչական ակտի վիճարկման պարագայում անձի` դատարան դիմելու համար սահմանված ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ վարչական ակտի հասցեատերը տեղեկացել է իր նկատմամբ տվյալ վարչական ակտի ընդունման մասին, այլ խոսքով, օրենքով սահմանված կարգով վարչական ակտի ուժի մեջ մտնելուց հետո:

Վերոնշյալ մեկնաբանությունների հիման վրա անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Արմենուհի Դալիբալթյանը հակընդդեմ հայց է ներկայացրել Դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 11.09.2013 թվականի թիվ Վ-31/36 որոշումը: Միաժամանակ, միջնորդություն է ներկայացրել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ վիճարկվող վարչական ակտը չի ստացել: Դատարանի 16.06.2014 թվականի որոշմամբ Արմենուհի Դալիբալթյանի բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին  միջնորդությունը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Դատարանը, 16.06.2014 թվականի որոշմամբ միջնորդությունը բավարարելով, նշել է, որ Արմենուհի Դալիբալթյանի վկայակոչմամբ վերջինս չի ստացել Երևանի քաղաքապետի 11.09.2013 թվականի թիվ Վ-31/36 որոշումը և այն ստանալու մասին թիվ AR131104706AM ծանուցագրի վրա առկա ստորագրությունը նրանը չէ, հետևաբար գտել է, որ Արմենուհի Դալիբալթյանը հակընդդեմ հայցը դատարան ներկայացնելու օրենքով սահմանված երկամսյա ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը` վերահաստատելով Դատարանի պատճառաբանությունները:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս ատյանների վկայակոչած փաստարկներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի նյութերից ակնհայտ է, որ Արմենուհի Դալիբալթյանն իրազեկված է եղել իր նկատմամբ իրականացվող վարչական վարույթի վերաբերյալ, քանի որ գործում առկա 08.08.2013 թվականի թիվ 007406, 11.09.2013 թվականի թիվ Վ-31/36 գործի վերաբերյալ արձանագրություններից պարզ է դառնում, որ վերջինս տեղյակ է եղել կատարված վարչական իրավախախտման վերաբերյալ, վարչական վարույթի ընթացքում տվել է բացատրություններ և առանց որևէ պատճառաբանության հրաժարվել է ստորագրել և ստանալ վերոնշյալ արձանագրությունների օրինակները (գ.թ. 6, 7, 8, 11): Քաղաքապետարանը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով իր վրա դրված պարտականությամբ, վարչական ակտը պատվիրված նամակով ուղարկել է վարչական իրավախախտում կատարած անձին` նրա գրանցման հասցեով (գ.թ. 9-10) և ստացել է վարչական ակտը` «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-31/36 որոշումը ստանալու վերաբերյալ հետադարձ թիվ AR131104706AM ծանուցագիրը ( գ.թ. 14): Այսինքն` վարչական մարմինը, կատարելով օրենսդրությամբ իր վրա դրված պարտականությունը, ձեռնարկել է բոլոր ողջամիտ միջոցները վարչական ակտը հասցեատիրոջը հանձնելու համար:  

Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ մեկնաբանությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ Քաղաքապետարանը չի ապացուցել, որ 11.09.2013 թվականի թիվ Վ-31/36 որոշումն առաքվել է Արմենուհի Դալիբալթյանին` Երևանի Անդրֆեդերացիայի փողոցի թիվ 135 հասցեով, և այն ստացվել է վերջինիս կողմից, գտնում է անհիմն:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 04.08.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 16.06.2014 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու և հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան