Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.06.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/5440/05/13

2014 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5440/05/13

Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան

Դատավորներ՝

Ք. Մկոյան

Գ. Ղարիբյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

2014 թվականի հունիսի 18-ին

քննարկելով ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ընդդեմ «Պետրոս-94» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) տնօրեն Պետրոս Ոսկանյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի` 13.03.2013 թվականի թիվ Վ-8/14 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.04.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է Ընկերության տնօրեն Պետրոս Ոսկանյանից 100.000 ՀՀ դրամ բռնագանձելու նպատակով արձակել վճարման կարգադրություն:

ՀՀ վարչական դատարանը 15.05.2013 թվականին արձակել է վճարման կարգադրություն:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերության տնօրեն Պետրոս Ոսկանյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 13.03.2013 թվականի թիվ Վ-8/14 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի 26.06.2013 թվականի որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվել հայցային վարույթի:

ՀՀ վարչական դատարանի (Դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 20.02.2014 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.04.2014 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը        

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Պետական տուրքի մասին»  ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետը, որը պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, հղում կատարելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետին, նշել է, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է ընդամենը 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիր, այն դեպքում, երբ սույն գործով առկա է նաև գույքային պահանջ` հօգուտ Երևան համայնքի 100.000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ, ուստի Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքի համար, բացի վերը նշված 10.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարից, պետք է վճարվեր նաև 3.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, որը չի կատարվել։

Մինչդեռ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետի ուժով վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով դիմողներն ազատվում են պետական տուրք վճարելու պարտականությունից, իսկ անցումը հայցային վարույթի կատարվում է վճարման կարգադրության վարույթում հակընդդեմ հայց ներկայացնելու հիմքով, այսինքն` հայցային վարույթը վճարման կարգադրության վարույթի շարունակությունն է, հետևաբար այդ դեպքում նույնպես արդեն իսկ հայցվորի կարգավիճակ ստացած անձը (տվյալ դեպքում` Երևան համայնքը) չի կարող կրել պետական տուրքի վճարման պարտականություն և գումարի բռնագանձման պահանջի մասով վերջինս ազատված է պետական տուրքի վճարումից։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 01.04.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները       

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետը չկիրառելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են դիմողները` վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Մինչև 07.01.2014 թվականը գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն` ֆիզիկական և իրավաբանական անձից վարչական ակտի հիման վրա որոշակի դրամական գումարներ բռնագանձելու նպատակով վարչական մարմինը հայցով դիմում է դատարան` ստանալու վճարման կարգադրություն:

Նույն օրենսգրքի 159-րդ հոդվածի համաձայն` դատարանը վճարման կարգադրության վարույթից անցում է կատարում հայցային վարույթի, եթե պատասխանողը հակընդդեմ հայց է ներկայացրել: Այս դեպքում վճարման կարգադրությունը վերանում է:

Վերը նշված հոդվածներից հետևում է, որ վճարման կարգադրություն արձակելու դիմում ներկայացրած անձինք օրենքի ուժով ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից, իսկ հակընդդեմ հայց ներկայացնելու փաստով վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվում հայցային վարույթի:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով դիմողների` պետական տուրք վճարելու պարտականությունից ազատվելու խնդրին: Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով դիմողներն ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից, իսկ անցումը հայցային վարույթի կատարվում է վճարման կարգադրության վարույթում հակընդդեմ հայց ներկայացնելու հիմքով, գտել է, որ հայցային վարույթը վճարման կարգադրության վարույթի շարունակությունն է, հետևաբար, այդ դեպքում նույնպես արդեն իսկ հայցվորի կարգավիճակ ստացած անձը չի կարող կրել պետական տուրքի վճարման պարտականություն (տե′ս` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունն ընդդեմ Գարեգին Գալոյանի, թիվ ՎԴ6/0035/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Քաղաքապետարանը, դիմելով Դատարան, պահանջել է Պետրոս Ոսկանյանից 100.000 ՀՀ դրամ բռնագանձելու նպատակով արձակել վճարման կարգադրություն: Դատարանը 15.05.2013 թվականին արձակել է վճարման կարգադրություն։ Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Պետրոս Ոսկանյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 13.03.2013 թվականի թիվ Վ-8/14 որոշումը:  Դատարանի 26.06.2013 թվականի որոշմամբ հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է վարույթ, և վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվել հայցային վարույթի, որով վերացվել է 15.05.2013 թվականին արձակված թիվ ՎԴ/36126/03/13 վճարման կարգադրությունը: Դատարանի 20.02.2014 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

Վերաքննիչ դատարանը 01.04.2014 թվականի որոշմամբ վերադարձրել է Դատարանի 20.02.2014 թվականի վճռի դեմ Քաղաքապետարանի բերած վերաքննիչ բողոքը, և որոշմամբ պատճառաբանվել է, որ բողոքին կից ներկայացվել է ընդամենը 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիր, այնինչ պետք է վճարվեր նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «բ» ենթակետով սահմանված` գույքային պահանջի գործերով վճարման ենթակա վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով պետական տուրքի գումարը, այն է` 3.000 ՀՀ դրամ, իսկ բողոքին կից չի ներկայացվել կամ դրանում չի ներառվել պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն։

Վերոնշյալ դիրքորոշման լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Քաղաքապետարանը սույն գործով հայցվորի կարգավիճակ է ստացել վճարման կարգադրության վարույթից հայցային վարույթի անցնելու արդյունքում, ուստի վերջինս որպես գումարի բռնագանձման պահանջի մասով վճարման կարգադրության վարույթից հայցային վարույթի անցնելու արդյունքում հայցվորի կարգավիճակ ստացած անձ, ազատված է պետական տուրքի վճարումից և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով գումարի բռնագանձման պահանջի մասով չի կարող կրել վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի վճարման պարտականություն:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.04.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան