Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.01.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.01.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.01.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

վարչական պալատի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/7520/05/13

Վարչական գործ թիվ ՎԴ/7520/05/13
2016թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի հունվարի 27-ին,

քննարկելով ըստ հայցի Գոհար, Քրիստինա, Սամվել Աբրահամյանների և Վալերի Դիլոյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր)` Կադաստրի 12.02.2013 թվականի թիվ 5/5.1/812-13 վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.02.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ նոր հանգամանքի հիմքով Գոհար, Քրիստինե, Սամվել Աբրահամյանների և Վալերի Դիլոյանի վճռաբեկ բողոքը,  

Պ Ա Ր Զ Ե Ց 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գոհար, Քրիստինա, Սամվել Աբրահամյանները և Վալերի Դիլոյանը պահանջել են առ ոչինչ ճանաչել Կադաստրի 12.02.2013 թվականի թիվ 5/5.1/812-13 վարչական ակտը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Թովմասյան) (այսուհետ` Դատարան) 05.05.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր` Ա. Առաքելյան, դատավորներ` Ք. Մկոյան, Գ. Ղարիբյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.11.2014 թվականի որոշմամբ Գոհար, Քրիստինա, Սամվել Աբրահամյանների և Վալերի Դիլոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.05.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.02.2015 թվականի որոշմամբ Գոհար, Քրիստինա, Սամվել Աբրահամյանների և Վալերի Դիլոյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է ժամկետ` վճռաբեկ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար, սակայն նոր վճռաբեկ բողոք չի ներկայացվել:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք են ներկայացրել Գոհար, Քրիստինա, Սամվել Աբրահամյանները և Վալերի Դիլոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.02.2015 թվականի որոշմամբ Գոհար, Քրիստինա, Սամվել Աբրահամյանների և Վալերի Դիլոյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է` հիմք ընդունելով նաև այն հանգամանքը, որ վերջիններս, խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի    4-րդ մասի պահանջները, վճռաբեկ բողոքը չեն բերել փաստաբանի միջոցով: Մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը ՀՀ սահմանադրական դատարանի 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ ճանաչվել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:

Փաստորեն, սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից կիրառված օրենքի դրույթը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ սահմանադրական դատարանի 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, ինչը, որպես նոր հանգամանք, հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.02.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և վերացնելու համար:

Բացի այդ, վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը ներկայացնելու վերաբերյալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված դրույթն անձին զրկում է դատարանի մատչելիության իրավունքից և էական խոչընդոտ է դատական պաշտպանության արդյունավետ միջոցի սահմանադրական իրավունքի երաշխավորված ապահովման համար: Գոհար, Քրիստինա, Սամվել Աբրահամյանները և Վալերի Դիլոյանը գտնվում են ֆինանսական ծանր վիճակում, և վճռաբեկ բողոքին կից էլեկտրոնային կրիչ ներկայացնելու օրենսդրական պահանջը, լրացուցիչ ծախսեր կատարելու պարտականություն դնելով վերջիններիս վրա, անհնարին է դարձնում նրանց դատական պաշտպանության իրավունքի իրացումը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.02.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և «այն փոփոխել հետևյալ կերպ. բեկանել Վերաքննիչ դատարանի 20.11.2014 թվականի որոշումը և հայցը բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության»:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` (...) նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, որոնք օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ունեցել են այդ իրավունքն իրացնելու հնարավորություն (...):

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով դիմումները կարող են սահմանադրական դատարան ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից իր հանդեպ կիրառված դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելու պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ֆիզիկական և իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով:

ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով քաղաքացիներ Արա Սարգսյանի, Դվին Իսանյանսի, Ռուդոլֆ Հովակիմյանի, Մագդա Եղիազարյանի, Արամ Սարգսյանի, Խաչատուր Մարոզյանի դիմումների հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի և 158-րդ հոդվածի 5-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործը, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից` չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.02.2015 թվականի որոշմամբ Գոհար, Քրիստինա, Սամվել Աբրահամյանների և Վալերի Դիլոյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է ժամկետ` այդ որոշմամբ նշված սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար: Իր այդ որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) տվյալ դեպքում բողոք բերած անձինք, խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի և 158-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, վճռաբեկ բողոքը չեն բերել փաստաբանի միջոցով, ինչպես նաև վճռաբեկ բողոքին կից չեն ներկայացրել իրենց ներկայացուցչի` սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը (փաստաբանական գործունեության արտոնագիրը): Վճռաբեկ բողոքին կցված չէ նաև բողոքի պատճենը սույն գործով դատավարության մասնակից (ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին) ուղարկելու մասին ապացույցը, ինչպես նաև վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը) (...)»:

Օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ամրագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, ովքեր իրենց նկատմամբ կիրառված օրենքի դրույթի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ իրավունք ունեին այդ օրենքի դրույթի սահմանադրականության հարցով դիմելու ՀՀ սահմանադրական դատարան: Իսկ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ անձն իր հանդեպ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու իրավունք ունի այն դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելուց հետո վեց ամսվա ընթացքում, որով իր նկատմամբ կիրառվել է նշված օրենքի դրույթը:

Այսպիսով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- տվյալ դատական ակտով այդ անձանց հանդեպ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է ընդունել,

- սպառվել են տվյալ դատական ակտի վիճարկման հնարավորությունները,

- ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ չի լրացել տվյալ դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառվելու պահից հաշվարկվող վեցամսյա ժամկետը:

Վերոգրյալ իրավական վերլուծությունների և սույն գործի փաստերի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

- ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 11.02.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Գոհար, Քրիստինա, Սամվել Աբրահամյանների և Վալերի Դիլոյանի հանդեպ կիրառված օրենքի դրույթների` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի և 158-րդ հոդվածի 5-րդ մասի, սահմանադրականության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանը 03.03.2015 թվականին ընդունել է թիվ ՍԴՈ-1192 որոշումը,

- ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 11.02.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վիճարկման հնարավորությունները սպառվել են. նշված որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ,

- ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ` 03.03.2015 թվականին, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 11.02.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վիճարկման հնարավորությունները սպառվելու պահից` 11.02.2015 թվականից, հաշվարկվող վեցամսյա ժամկետը չի լրացել:

Հետևաբար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով սույն գործով բողոք բերած անձինք ունեն նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.02.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վերանայման դիմում ներկայացնելու իրավունք:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 11.02.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ կիրառված օրենքի դրույթներից մեկը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր: Հետևաբար ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու փաստը նոր հանգամանք է սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.02.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու համար: 

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ 11.02.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձնելով Գոհար, Քրիստինա, Սամվել Աբրահամյանների և Վալերի Դիլոյանի վճռաբեկ բողոքը` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն արձանագրել է վերջիններիս կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում թույլ տրված նաև հետևյալ թերությունները.

1. վճռաբեկ բողոքին կցված չէ բողոքի պատճենը դատավարության մասնակիցներից մեկին ուղարկելու մասին ապացույցը, այսինքն` խախտվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասը,

2. վճռաբեկ բողոքին կցված չէ վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը), այսինքն` խախտվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասը:

Փաստորեն, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.02.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը կայացվել է ոչ միայն Գոհար, Քրիստինա, Սամվել Աբրահամյանների և Վալերի Դիլոյանի կողմից հակասահմանադրական ճանաչված նորմի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի, այլև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասի խախտման հիմքով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանը, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված` վճռաբեկ բողոքին կից բողոքի էլեկտրոնային տարբերակը ներկայացնելու պահանջի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճռաբեկ բողոքին կից բողոքի էլեկտրոնային տարբերակը ներկայացնելու պահանջն ինքնին չի արգելափակում անձի` դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման պահանջով անձի վրա չի դրվում օբյեկտիվ իրականության մեջ առկա հնարավորությունների հաշվառմամբ անիրագործելի և 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության արժեբանությանը հակասող վարքագիծ դրսևորելու պարտականություն, հետևաբար այն չի հանգեցնում նաև իրավունքի  էության խախտման: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ գործող իրավակարգավորումների պայմաններում վճռաբեկ բողոք բերող անձն իրավունք ունի ներկայացնելու բողոքի էլեկտրոնային տարբերակը ցանկացած ձևաչափով և փաստաթղթի ցանկացած ձևավորմամբ` ցանկացած տեսակի էլեկտրոնային կրիչով կամ էլեկտրոնային փոստով: ՀՀ սահմանադրական դատարանը վկայակոչված իրավական դիրքորոշումների շրջանակներում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նշված իրավադրույթը ճանաչել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող:

Հետևաբար, Գոհար, Քրիստինա, Սամվել Աբրահամյանների և Վալերի Դիլոյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների վերոնշյալ խախտումների առկայության պայմաններում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված լինելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.02.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն ամբողջությամբ վերացնելու համար, քանի որ վերը նշված մյուս թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվել:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր հանգամանքի հիմքով ՀՀ սահմանադրական դատարանի 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշման հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նշված որոշման վերանայումը պետք է փաստի ուժով (ipso facto) հանգեցնի այդ դատական ակտի վերացմանը` միայն հակասահմանադրական ճանաչված նորմի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի 4-րդ մասի և դրա հետ փոխկապակցված` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառման մասով: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.02.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասի խախտման, այն է` վճռաբեկ բողոքը փաստաբանի միջոցով չբերելու հիմքով Գոհար, Քրիստինա, Սամվել Աբրահամյանների և Վալերի Դիլոյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասով, պետք է վերացնել, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասի խախտման, այն է` վճռաբեկ բողոքի պատճենը դատավարության մասնակիցներից մեկին ուղարկելու մասին ապացույցը, ինչպես նաև վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը) վճռաբեկ բողոքին կից չներկայացնելու հիմքով Գոհար, Քրիստինա, Սամվել Աբրահամյանների և Վալերի Դիլոյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասով` թողնել անփոփոխ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.02.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և այն մասնակիորեն վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը 

Ո Ր Ո Շ Ե Ց 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.02.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.02.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը մասնակիորեն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասի խախտման, այն է` վճռաբեկ բողոքը փաստաբանի միջոցով չբերելու հիմքով Գոհար, Քրիստինա, Սամվել Աբրահամյանների և Վալերի Դիլոյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասով, վերացնել:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.02.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասի խախտման հիմքով Գոհար, Քրիստինա, Սամվել Աբրահամյանների և Վալերի Դիլոյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասով, թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան
  Ս. Անտոնյան
 

Վ. Ավանեսյան

  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
  Գ. Հակոբյան
  Ռ. Հակոբյան
  Տ. Պետրոսյան
  Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան