Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.12.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՀՔԴ2/0408/02/08

2014 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՀՔԴ2/0408/02/08

Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան

Դատավորներ՝

Ա. Խառատյան
Կ. Չիլինգարյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի դեկտեմբերի 26-ին

քննարկելով Արուսյակ Գրիգորյանի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի «ԱՐՍԵՆ» ԼՏԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) ընդդեմ Արուսյակ Գրիգորյանի` Կազմակերպությունից հեռացնելու և որոշակի գործողություն կատարելուն պարտադրելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Կազմակերպության անդամ Արուսյակ Գրիգորյանին հեռացնել Կազմակերպությունից և վերջինիս պարտադրել Կազմակերպությանը վերադարձնելու իր տրամադրության տակ գտնվող ապրանքանյութական արժեքները:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Ենոքյան) (այսուհետ` Դատարան) 14.05.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.07.2014 թվականի որոշմամբ Արուսյակ Գրիգորյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արուսյակ Գրիգորյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 79-րդ հոդվածները, նույն օրենսգրքի մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 78-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դատական ծանուցագրերն ուղարկվել են ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Մարզպետունու թիվ 6 հասցեով և հետ են վերադարձվել դատարան` «մերժված է» կամ «հասցեատերը հրաժարվում է ստանալ» նշումներով:

Վեդու քաղաքապետարանի կողմից 17.06.2014 թվականին տրված թիվ 1190 տեղեկանքի համաձայն՝ Արուսյակ Գրիգորյանը 1987 թվականից մինչև օրս բնակվում է ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Մարզպետունու թիվ 4 հասցեում, իսկ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արարատի տարածքային ստորաբաժանման կողմից տրված բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին թիվ 265146 տեղեկանքի համաձայն՝ վերջինս 28.03.1994 թվականից մինչև օրս հաշվառված է Վեդի քաղաքի Մարզպետունու թիվ 4 հասցեում: Այսինքն` Դատարանն Արուսյակ Գրիգորյանին պատշաճ չի ծանուցել դատական նիստերի ժամանակի և վայրի մասին:

Դատարանի 14.05.2008 թվականի վճիռն Արուսյակ Գրիգորյանին  չի հանձնվել և չի ուղարկվել, իսկ հանձնման թերթիկի վրա 06.05.2008 թվականին կատարված գրառումն այն մասին, որ Արուսյակ Գրիգորյանը հրաժարվում է այն ստանալ` անօրինականություն է, քանի որ վերջինս չէր կարող 06.05.2008 թվականին հրաժարվել 16.05.2008 թվականին ուղարկված նամակն ստանալուց:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 07.07.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նոր քննության։ 

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Արուսյակ Գրիգորյանի բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ  վերջինս խեղաթյուրում է փաստերը: Մասնավորապես, նրա իրավունքները որևէ կերպ չեն խախտվել, քանի որ առկա են փոստային աշխատակիցների կողմից կատարված գրառումներն այն մասին, որ վերջինս մի դեպքում մերժել, իսկ մյուս դեպքում հրաժարվել է դատական ծանուցագրերն ստանալուց: Այսինքն` Արուսյակ Գրիգորյանը համարվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված:

«Հայփոստ» ՓԲԸ-ի Արարատի փոստային մասնաճյուղի 02.04.2008 թվականի թիվ 455 գրությամբ հաստատվում է, որ «Ետ վերադարձ» CN15 ձևի «Մերժված» սյունակում կատարված նշումը նշանակում է, որ հասցեատերն անձամբ հրաժարվել է առաքանին ստանալուց:  

Ավելին, 23.02.2012 թվականին Արուսյակ Գրիգորյանը դիմել է ՀՀ ոստիկանություն:ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի պետի կողմից 04.04.2012 թվականին որոշում է կայացվել «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին», որի «Պարզեցի» մասում 1-ին էջի վերջնամասում նշված է«2008 թվականին Ա. Գրիգորյանը դատարանի վճռով հեռացվել է ընկերությունից...»: Այսինքն սա ևս վկայում է Արուսյակ Գրիգորյանի կողմից դատական ակտի դրա կայացման մասին դեռևս 2012 թվականի ապրիլ ամսի քաջատեղյակ, իրազեկված լինելու փաստերի մասին

Բացի այդ, սույն գործով բերվել է երկու վերաքննիչ բողոք, որոնցից առաջինը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերադարձրել է 02.06.2014 թվականի որոշմամբ. նշված որոշումը չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ:

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R (95) 5  հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե′ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ 28.05.1985 թվականի վճիռը, պարբ. 57):

Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե′ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 22083/93 22095/93 գանգատով ՄԻԵԴ 22.10.1996 թվականի վճիռը, պարբ. 51,55):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ և 213-րդ հոդվածները:      

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 5-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և այն բավարարվել է դատարանի կողմից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետներում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է uահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մաuին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճիռը հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ, այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե´ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և այլոց թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):

 

Սույն վեճի նկատմամբ վերոնշյալ մեկնաբանությունների կիրառումը.

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը վճիռը կայացրել է 14.05.2008 թվականին: Նշված վճռի դեմ Արուսյակ Գրիգորյանը փոստային առաքման եղանակով վերաքննիչ բողոք է բերել 20.05.2014 թվականին, այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն է հարուցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, պատճառաբանելով, որ բողոք բերողը բաց է թողել բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը, ինչպես նաև այն, որ չի ներկայացրել ժամկետի բացթողման պատճառները հարգելի համարելու միջնորդությունը հիմնավորող պատշաճ ապացույց, 02.06.2014 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Նշված որոշումը վճռաբեկության կարգով չի բողոքարկվել:

26.06.2014 թվականին Արուսյակ Գրիգորյանը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 14.05.2008 թվականի վճռի դեմ և միջնորդել է վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարել` պատճառաբանելով, որ Դատարանի 14.05.2008 թվականի վճռի գոյության մասին ինքը տեղեկացել է մեկ այլ քաղաքացիական գործի քննության ընթացքում, իսկ նշված վճիռը ստացել է 10.04.2014 թվականին ՀՀ դատական դեպարտամենտից: Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «գործի նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ բողոք բերող անձը գիտեր սույն քաղաքացիական գործի վարույթի մասին, Դատարանի կողմից ծանուցվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն հրաժարվել է ծանուցումները ստանալուց: Մասնավորապես` ծանուցումները վերադարձվել են դատարան փոստային ծառայողի կողմից կատարված հետևյալ գրառումներով` «մերժված» և «հրաժարվում է ստանալուց», ինչը վկայում է այն մասին, որ բողոք բերողն իմացել է սույն քաղաքացիական գործի վարույթի մասին, սակայն հրաժարվել է դատական ծանուցումները ստանալուց», և որ «բողոք բերողը բաց է թողել բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը, ինչպես նաև այն, որ չի ներկայացրել ժամկետի բացթողման պատճառները հարգելի համարելու միջնորդությունը հիմնավորող պատշաճ ապացույց», 07.07.2014 թվականին որոշում է կայացրել Արուսյակ Գրիգորյանի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին:

Վերոնշյալ վերլուծությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել դատական սխալ հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը, վերլուծելով վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները, արձանագրում է, որ, ըստ էության, միջնորդության մերժման հիմքը հանդիսացել է այն, որ Արուսյակ Գրիգորյանը բաց է թողել բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը և չի ներկայացրել ժամկետի բացթողման պատճառները հարգելի համարելու միջնորդությունը հիմնավորող պատշաճ ապացույց:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական են ինչպես սույն քաղաքացիական գործով կայացված վճիռն Արուսյակ Գրիգորյանին հանձնված կամ ուղարկված լինելու և այն նրա կողմից ստացված լինելու փաստերը, այնպես էլ՝ այդ վճռի մասին Արուսյակ Գրիգորյանի տեղեկացված լինելու փաստը, քանի որ և´ վճռի հանձնումը, և´ դրա ուղարկումը կողմին նպատակ է հետապնդում վերջինիս տեղեկացնելու կայացված դատական ակտի մասին: Միայն նշված փաստերը պարզելուց հետո է դատարանը որոշում` հարգելի է վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը, թե ոչ:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը վճիռը կայացրել է 14.05.2008 թվականին, նշված վճիռը հրապարակվելուց անմիջապես հետո Արուսյակ Գրիգորյանին չի հանձնվել, քանի որ վերջինս վճռի հրապարակմանը չի մասնակցել: Դատարանը 16.05.2008 թվականի թիվ ԴԴ-12/Ե2-432 գրությամբ վճռի օրինակն ուղարկել է Արուսյակ Գրիգորյանին ք. Վեդի, Մարզպետունու թիվ 6 հասցեով (հատոր 1-ին, գ.թ. 89): Նշված նամակը փոստային ծառայություն է մուտքագրվել 20.05.2008 թվականին, և 22.05.2008 թվականին փոստային ծառայության կողմից կատարված գրառմամբ այն մասին, որ «մերժված» է` հետ է վերադարձվել (հատոր 1-ին, գ.թ. 75):

Անդրադառնալով վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ «հանձնման թերթիկի վրա 06.05.2008 թվականին կատարված գրառումն այն մասին, որ Արուսյակ Գրիգորյանը հրաժարվում է այն ստանալ` անօրինականություն է, քանի որ վերջինս չէր կարող 06.05.2008 թվականին հրաժարվել 16.05.2008 թվականին ուղարկված նամակն ստանալուց», ապա այն չի կարող հիմք հանդիսանալ վճռաբեկ բողոքը բավարարելու համար, քանի որ վճռաբեկ բողոք բերած անձի վկայակոչած 06.05.2008 թվականի ամսաթվով «հանձնման թերթիկը» և դրան կից նամակը (հատոր 1-ին, գ.թ. 92) ոչ թե Դատարանի 14.05.2008 թվականի վճռի օրինակն Արուսյակ Գրիգորյանին  ուղարկելու վերաբերյալ են, այլ «Ետ վերադարձ» CN15 ձևը ՀՀ հարավային քաղաքացիական դատարանում 14.05.2008 թվականին ժամը 11:00-ին նշանակված դատական նիստի ծանուցագիրն Արուսյակ Գրիգորյանի կողմից ստանալուց հրաժարվելու վերաբերյալ է, որպիսի հանգամանքը պարզվել է այդ ձևին կից նամակում առկա ծանուցագրի ուսումնասիրությամբ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված փաստաթղթերը ժամանակագրական առումով սույն քաղաքացիական գործում կարվել են սխալմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված միջնորդության քննության համար էական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Արուսյակ Գրիգորյանը տեղեկացված է եղել այդ վճռի մասին, իսկ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի չէ` հիմնավորվում է հետևյալով.

Վճռաբեկ բողոքի պատասխանի և դրան կից փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ Արուսյակ Գրիգորյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերի քննարկման արդյունքում ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ավագ հետաքննիչ Գ. Մուրադյանը դեռևս 04.04.2012 թվականին որոշում է կայացրել այդ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որի «Պարզեցի» մասում նշել է, որ «2008 թվականի փետրվար ամսին Ա. Գրիգորյանը դատարանի վճռով հեռացվել է նշված ընկերությունից…»: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով, որ այդ նյութերը նախապատրաստվել են հենց Արուսյակ Գրիգորյանի դիմումի հիման վրա, գտնում է, որ Արուսյակ Գրիգորյանն իմացել է կամ պետք է իմացած լիներ Դատարանի 14.05.2008 թվականի վճռի մասին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է վերադարձրել վերաքննիչ բողոքը` մերժելով վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու միջնորդությունը:

Վերոգրյալով հանդերձ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը թերի է պատճառաբանված, ուստի տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված` Վճռաբեկ դատարանի` դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը` սույն որոշման պատճառաբանություններով:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-ին հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան