Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.10.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/12996/05/13

2014 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/12996/05/13

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

2014 թվականի հոկտեմբերի 08-ին,

քննարկելով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 23.04.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` «Երեքնուկ» ՍՊԸ-ն (այսուհետ` Ընկերություն) պահանջել է մասնակիորեն` Ընկերության գործունեությունը որպես հակամրցակցային համաձայնություն որակելու (որոշման 2-րդ կետ) և Ընկերության նկատմամբ տուգանք նշանակելու (որոշման 3-րդ կետ) մասերով, անվավեր ճանաչել Հանձնաժողովի 15.11.2013 թվականի թիվ 307-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 13.02.2014 թվականի որոշմամբ մերժել է Ընկերության գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ Հանձնաժողովի միջնորդությունը:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.04.2014 թվականի որոշմամբ Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 13.02.2014 թվականի «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հանձնաժողովը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 5-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է այն սխալ եզրահանգումը, որ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իրավունքն օրենքով վերապահված է միայն գործով հայցվորին: Մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հանրային իրավական դրամական պահանջներով վիճարկման հայցի դեպքում գործով պատասխանող հանդիսացող վարչական մարմնին պարտապանի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իրավունք է վերապահում, եթե վարչական մարմնի կարծիքով առկա է այդ դրամական պարտավորությունը չկատարելու անմիջական վտանգ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում Հանձնաժողովի 15.11.2013 թվականի թիվ 307-Ա որոշման 3-րդ կետով Ընկերության նկատմամբ նշանակվել է տուգանք` 15.000.000 ՀՀ դրամի չափով, որն իրենից ներկայացնում է հանրային իրավական դրամական պահանջ: Բացի այդ, առկա է նաև Ընկերության կողմից այդ դրամական պարտավորությունը չկատարելու անմիջական վտանգ: Հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով պետք է 15.000.000 ՀՀ դրամի չափով արգելանք դրվի վերջինիս գույքի վրա:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ամբողջությամբ բավարարել վճռաբեկ բողոքը` ամբողջությամբ բեկանելով թիվ ՎԴ/12996/05/13 վարչական գործով Վերաքննիչ դատարանի 23.04.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան դատարան նոր քննության կամ ամբողջությամբ փոփոխել դատական ակտը և բավարարել Հանձնաժողովի միջնորդությունը»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հանրային իրավական դրամական պահանջ պարունակող վարչական ակտի վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործերով պարտապանի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վարչադատավարական ինստիտուտի և դրա կիրառման առանձնահատկություններին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա։

Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն`

1. Պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը։

2. Հայցի ապահովման միջոցներն են`

1) հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարումը.

2) դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելելը.

3) պատասխանողին պատկանող գույքի (ներառյալ՝ դրամական միջոցների) վրա հայցագնի չափով արգելանք դնելը.

4) որևէ իրավիճակի ժամանակավոր պահպանումը կամ փոփոխումը:

3. Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության յուրաքանչյուր փուլում։

4. Հայցի ապահովման մասին միջնորդությունը քննարկվում է այն uտացվելուց հետո՝ ոչ ուշ, քան երկoրյա ժամկետում, և դրա վերաբերյալ կայացվում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով:

5. Հանրային իրավական դրամական պահանջներով վիճարկման հայցի դեպքում վարչական մարմինը կարող է ներկայացնել պարտապանի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն, եթե առկա է դրամական պարտավորությունը չկատարելու անմիջական վտանգ: Դրամական պարտավորությունը չկատարելու անմիջական վտանգի առկայության դեպքում վարչական դատարանն իրավասու է արգելանք դնելու հայցվորի գույքի վրա` դրամական պարտավորության չափով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի համաձայն` հանրային իրավական դրամական պահանջները, օրենքով սահմանված կարգով, վարչական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե պարտադիր կարգով դրամական գումարներ վճարելու պահանջներն են:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի համաձայն` դրամական պահանջներով նախատեսվող գումարների վճարման համար պարտականությունը կրում է այն անձը, ով պարտավոր է այդ գումարը վճարել` ա) իր համար կամ իր կողմից թույլ տրված խախտումների համար. բ) մեկ այլ անձի փոխարեն:

Վերոգրյալ իրավական նորմերի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը սահմանել է, որ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա: Վարչական դատարանն իրավասու է գործադրել օրենքով նախատեսված իր լիազորությունները միայն համապատասխան սուբյեկտների կողմից ներկայացված հայցադիմումի դեպքում, այսինքն` օժտված է հատուկ տեսակի իրավասությամբ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածում օրենսդիրը սահմանել է վարչական ակտերից հայցվորի իրավունքների և ազատությունների պաշտպանության համար հայցի առանձին տեսակ` վիճարկման հայցը: Վիճարկման հայցի դեպքում դատական վերահսկողության օբյեկտը վարչական ակտն է, հայցվորն իրավունք ունի պահանջելու ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, իսկ վարչական գործովպատասխանողն էլ վարչական մարմինն է: Վիճարկման հայցի տարատեսակ է հանրային իրավական դրամական պահանջներով վիճարկման հայցը: Սույն հայցի դեպքում հայցվորը` վարչական ակտի հասցեատերը, համաձայն չլինելով իր համար ՀՀ պետական կամ համայնքային բյուջե դրամական գումարներ վճարելու պարտականություն նախատեսող վարչական ակտի հետ, վիճարկում է այն, իսկ վարչական մարմինն էլ հանդես է գալիս որպես պատասխանող:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է հայցի ապահովման դատավարական ինստիտուտին: Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն` հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը, կամ էլ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը: Հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը: Հայցի ապահովում կիրառելու համար անհրաժեշտ է ապացուցել հայցի ապահովում չկիրառելու դեպքում դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հանգամանքը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչությունն ընդդեմ «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի` 13.157.100 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, թիվ ՎԴ/3511/05/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի ապահովման դատավարական ինստիտուտի օրենսդրական կարգավորման հիմքում ընկած է գործնականում հայցվորի իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 5-րդ մասի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտապանի գույքի վրա արգելանք դնելու դատավարական ինստիտուտը կիրառելի է միայն այն վարչական գործերի դեպքում, որոնք հարուցվել են հանրային իրավական դրամական պահանջ պարունակող վարչական ակտի վիճարկման հայցի հիման վրա: Ընդ որում, տվյալ վարչական գործերի շրջանակում պահանջատեր վարչական մարմինը հանդես է գալիս պատասխանողի, իսկ վարչական ակտի հասցեատերը` պարտապանը, հայցվորի դերում, որը համաձայն չլինելով իր համար ՀՀ պետական կամ համայնքային բյուջե դրամական գումարներ վճարելու պարտականություն նախատեսող վարչական ակտի հետ, դրա վիճարկման հայցով դիմել է դատարան: Նման վարչական գործերի քննության ընթացքում, եթե գործով պատասխանող վարչական մարմինը գտնում է, որ առկա է վերը նշված դրամական պարտավորությունը պարտապան հայցվորի կողմից չկատարելու անմիջական վտանգ, ապա կարող է վերջինիս գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան: Իսկ դատարանն իրավասու է դրամական պարտավորության չափով արգելանք դնելու հայցվորի գույքի վրա այն դեպքում, երբ իր գնահատմամբ այդ դրամական պարտավորությունը չկատարելու անմիջական վտանգի առկայությունը հիմնավորված է:

Այսպիսով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 5-րդ մասով օրենսդիրը սահմանել է հանրային իրավական դրամական պահանջներով վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործերով պարտապանի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու առանձնահատուկ վարչադատավարական ինստիտուտ, որն էապես տարբերվում է հայցի ապահովման ինստիտուտից, առաջին հերթին իր հետապնդած նպատակով: Մասնավորապես` ի տարբերություն հայցի ապահովման, սույն ինստիտուտը նպատակ է հետապնդում վարչական դատարանի կողմից ապագայում վիճարկման հայցը մերժելու վերաբերյալ վճռի կայացման դեպքում բացառել հանրային իրավական դրամական պահանջի կատարման անհնարինությունը: Այն չունի դատական ակտի կատարումն ապահովելու նպատակ, ինչպես հայցի ապահովումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտապանի (հայցվորի) գույքի նկատմամբ արգելանքի կիրառումն իրենից ներկայացնում է ինքնուրույն վարչադատավարական ինստիտուտ, որը կարող է կենսագործվել միայն օրենքով սահմանված որոշակի պայմանների առկայության դեպքում:

Մասնավորապես` դատարանը պետք է կիրառի գործով հայցվորի գույքի վրա արգելանք դնելու իր լիազորությունը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1. վարչական գործը հարուցվել է վիճարկման հայցի հիման վրա,

2. վարչական գործով հայցվորը վիճարկում է այնպիսի վարչական ակտ, որի հիման վրա իր վրա դրված է իր համար կամ իր կողմից թույլ տրված խախտումների համար կամ մեկ այլ անձի փոխարեն ՀՀ պետական կամ համայնքային բյուջե պարտադիր կարգով դրամական գումարներ վճարելու պարտականություն,

3. պատասխանող վարչական մարմինը հայցվորի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան,

4. դատարանի գնահատմամբ առկա է հայցվորի կողմից իր դրամական պարտավորությունը չկատարելու անմիջական վտանգ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական սույն գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով Ընկերությունը պահանջել է մասնակիորեն` 2-րդ և 3-րդ կետերի մասով, անվավեր ճանաչել Հանձնաժողովի 15.11.2013 թվականի թիվ 307-Ա որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 2-7): Իսկ նշված որոշման 3-րդ կետով հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար Ընկերության նկատմամբ նշանակվել է տուգանք` 15.000.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 17-20):

Փաստորեն, Հանձնաժողովի 15.11.2013 թվականի թիվ 307-Ա որոշման հիման վրա Ընկերության վրա դրվել է իր կողմից թույլ տրված խախտումների համար ՀՀ պետական բյուջե պարտադիր կարգով դրամական գումարներ վճարելու պարտականություն, որը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի իմաստով իրենից ներկայացնում է հանրային իրավական դրամական պահանջ:

Սույն գործի փաստերից հետևում է, որ Հանձնաժողովը նշված հանրային իրավական դրամական պահանջին համապատասխանող դրամական պարտավորության` 15.000.000 ՀՀ դրամի չափով Ընկերության գույքի վրա արգելանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Դատարան: Իր այդ միջնորդության հիմքում գործով պատասխանող Հանձնաժողովը դրել է այն հանգամանքը, որ առկա է գործով հայցվոր Ընկերության կողմից նշված դրամական պարտավորությունը չկատարելու անմիջական վտանգ, քանի որ վերջինս բազմիցս խուսափել է ստանալ իր կողմից նշված հասցեներով Հանձնաժողովի կողմից ուղարկված ծանուցումները: Հանձնաժողովի աշխատակիցները փորձել են ծանուցումներն Ընկերությանը հանձնել նաև առձեռն եղանակով, սակայն վերջինս անհիմն պատճառաբանություններով հրաժարվել է ստանալ նաև այդ ծանուցումները: Բացի այդ, Ընկերությունը ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, մեկ տարի չի կարող մասնակցել որևէ մրցույթի, ուստի հնարավոր է, որ տուգանքի վճարումից խուսափելու համար Ընկերությունը դադարեցնի իր գործունեությունը (հատոր 1-ին, գ.թ. 43-50):

Դատարանը 13.02.2014 թվականի որոշմամբ մերժել է Ընկերության գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ Հանձնաժողովի միջնորդությունը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի մեկնաբանության արդյունքում Դատարանը եկել է այն եզրահանգման, որ «(...) պատասխանող վարչական մարմնի միջնորդությամբ հայցվոր ընկերության գույքի վրա արգելանք չի կարող կիրառվել, քանի որ նախ` դատարանում չի քննվում պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայց, որպիսի պայմաններում դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ հայցի ապահովման միջոցներ ձեռնարկի, բացի այդ առկա չէ հանրային իրավական դրամական պահանջներով վիճարկման հայց, որպիսի պայմաններում վարչական մարմինն իրավունք ունենա պարտապանի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու դատարան (...)» (հատոր 1-ին, գ.թ. 52-53):

Վերաքննիչ դատարանի 23.04.2013 թվականի որոշմամբ Դատարանի 13.02.2014 թվականի «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ Հանձնաժողովի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի նշված որոշումը թողնվել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանի 13.02.2014 թվականի որոշման պատճառաբանությունները հիմնավոր են, քանի որ ըստ Վերաքննիչ դատարանի` «(...) Հանձնաժողովը, հանդիսանալով պատասխանող, Դատարան է ներկայացրել հայցվորի գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելու վերաբերյալ միջնորդություն, սակայն վարչական դատավարության օրենսդրությամբ նման միջնորդություն հարուցելու իրավունքը վերապահված է միայն հայցվորին, որի նպատակն է հարուցված հայցի բավարարման դեպքում վճռի կատարման համար երաշխիքներ ապահովելը: Մինչդեռ տվյալ դեպքում հայցվորը հանդիսանում է Ընկերությունը, իսկ հայցով ներկայացված պահանջը վերաբերում է Հանձնաժողովի 15.11.2013 թվականի թիվ 307-Ա որոշումը մասնակի անվավեր ճանաչելուն, հետևաբար բացակայում է վարչական մարմնի կողմից պարտապանի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ միջնորդությամբ դատարան դիմելու նախապայման հանդիսացող հանրային իրավական դրամական պահանջով ներկայացված հայցը (...)» (հատոր 1-ին, գ.թ. 89-92):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների վերոնշյալ եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Ինչպես նշվեց, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 5-րդ մասով օրենսդիրը սահմանել է հանրային իրավական դրամական պահանջներով վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործերով պարտապանի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու առանձնահատուկ վարչադատավարական ինստիտուտ: Ստորադաս դատարանների կողմից քննարկվող վարչադատավարական ինստիտուտի պատշաճ կիրառման համար կարևոր է այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հանրային իրավական դրամական պահանջներով վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործերում վարչական մարմինը հանդես է գալիս պատասխանողի դերում: Այլ կերպ ասած՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումների շրջանակներում պարտապանի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իրավունքն օրենսդիրը վերապահել է հենց գործով պատասխանողին, իսկ պարտապանը տվյալ դեպքում հանդես է գալիս գործով հայցվորի դերում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով առկա են Ընկերության գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ Հանձնաժողովի կողմից միջնորդություն ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևյալ պայմանները.

1. սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության հայցի հիման վրա,

2. Ընկերությունը վիճարկում է Հանձնաժողովի 15.11.2013 թվականի թիվ 307-Ա որոշմամբ իրեն ուղղված հանրային իրավական դրամական պահանջը` 15.000.000 ՀՀ դրամ տուգանքի չափով,

3. Հանձնաժողովը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով Դատարան է ներկայացրել Ընկերության գույքի վրա արգելանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն` գտնելով, որ գոյություն ունի Ընկերության կողմից իր դրամական պարտավորությունը չկատարելու անմիջական վտանգ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, տվյալ դեպքում Դատարանը պարտավոր էր լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննության ենթարկել Ընկերության գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ Հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը: Նշված միջնորդության քննության արդյունքում Դատարանը պետք է պարզեր Ընկերության կողմից իր դրամական պարտավորությունը չկատարելու անմիջական վտանգի առկայության կամ բացակայության հանգամանքը և դրա հիման վրա լուծեր Հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդության բավարարման կամ մերժման հարցը:

Մինչդեռ Դատարանը Հանձնաժողովի միջնորդությունը մերժելիս իր որոշմամբ անհիմն կերպով գտել է, որ տվյալ դեպքում առկա չէ հանրային իրավական դրամական պահանջներով վիճարկման հայց, այն դեպքում, երբ, ինչպես նշվեց, սույն վարչական գործը հարուցվել է հենց այդպիսի հայցի հիման վրա:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը, իր որոշմամբ ոչ միայն վերահաստատել է Դատարանի այն դիրքորոշումը, որ սույն գործով բացակայում է հանրային իրավական դրամական պահանջով ներկայացված վիճարկման հայցը, այլև հանգել է այն հետևության, որ նման միջնորդություն հարուցելու իրավունքը վերապահված է միայն հայցվորին:

Վերոնշյալ վերլուծությունների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը՝ նույնացնելով հայցի ապահովումը և հանրային իրավական դրամական պահանջներով վիճարկման հայցի դեպքում հայցվորի գույքի նկատմամբ արգելանքի կիրառումը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հանձնաժողովի միջնորդությունն ըստ էության քննելու, Ընկերության կողմից իր դրամական պարտավորությունը չկատարելու անմիջական վտանգի առկայության կամ բացակայության հարցը պարզելու նպատակով անհրաժեշտ է վերացնել սույն գործով ստորադաս դատական ատյանների կողմից կայացված դատական ակտերը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով նոր դատական ակտ կայացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 23.04.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 13.02.2014 թվականի «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան