ՄԻՇԱԼԱԿՆ ԸՆԴԴԵՄ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ
2011թ. փետրվարի 8-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմողը ծնվել է 1977 թվականին և ապրում է Պոպրադում:
A. Քրեական վարույթ
6. 2002թ. օգոստոսի 14-ին Պրեսովի տարածաշրջանային (ռեգիոնալ) քննչական գրասենյակը (the Prešov Regional Investigation Office) քրեական վարույթ է սկսել բանկային երկու հաշիվների միջև կասկածելի դրամական փոխանցումների կապակցությամբ:
7. 2002թ. հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազը որոշում է կայացրել այն մասին, որ քննության նկատմամբ հսկողություն պետք է իրականացվի Տրենսինի տարածաշրջանային դատախազի կողմից (the Trenčin Regional Prosecutor): Պարզվել է, որ կասկածելի հանցագործությունը կատարվել է Պրեսովի տարածաշրջանում և որ դրա նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավասությունը պատկանում է Պրեսովի տարածաշրջանային դատախազին: Սակայն ենթադրվել է, որ հանցագործությունը դրամական փոխանցումների հետ կապված ավելի մեծ հանցավոր գործունեության մաս է, որի մեջ ընդգրկված են տարբեր վայրերում ապրող մի քանի անձ, և անհրաժեշտ է լայնածավալ քննություն կատարել: Ուստի վարույթի արդյունավետությունը և անհապաղությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ էր հսկողություն իրականացնելու իրավասությունը փոխանցել Տրենսինի տարածաշրջանային դատախազին:
8. 2002թ. նոյեմբերի 29-ին Գլխավոր դատախազը նման միջոց է ձեռնարկել Ա. բանկի սնանկության հետ կապված խնդիրների վերաբերյալ հարուցված քննության կապակցությամբ:
9. 2002թ. դեկտեմբերի 9-ին դիմողին և յոթ այլ անձի մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ կատարված հափշտակության համար, այն կասկածանքի հիման վրա, որ նրանք խաբեությամբ և կազմակերպված կերպով դրամական միջոցներ են կորզել Ա.-ի սնանկացումից հետո մնացած գույքից: Դիմողն իր հերթին կասկածվել է քննության առարկա դրամական միջոցների բանկային փոխանցումները կազմակերպելու մեջ: Որոշումը հիմնված է եղել «նախկինում ձեռք բերված ցուցմունքների և փաստաթղթային ապացույցների վրա»:
10. 2002թ. դեկտեմբերի 14-ին դիմողը նախնական կալանքի տակ է վերցվել: Նա կալանքի տակ է մնացել մինչև 2004թ. հունվարի 22-ը: Նրա կալանքի հետ կապված հանգամանքները և որոշումները նկարագրված են ստորև՝ կետեր 19-80-ում:
11. 2003թ. ապրիլի 24-ին տվյալ գործով վարույթը միացվել է Ա. բանկի սնանկության վարույթի հետ կապված երկու սպանությունների վերաբերյալ գործերի հետ:
12. Քննության ավարտից հետո դիմողը հրավիրվել է գործի նյութերին ծանոթանալու: Նա գործի նյութերին ծանոթացել է 2004թ. հունիսի 21-ին և հուլիսի 30-ին: Նա, inter alia, հայտնաբերել է, որ գործի նյութերում առկա են տվյալներ, որոնք ձեռք են բերվել իր հեռախոսային խոսակցությունների վերահսկողության արդյունքում: Այս տեղեկությունն առկա է եղել դիմողի բջջային հեռախոսից կատարված առանձին զանգերի վերծանման, ինչպես նաև որոշակի ժամանակահատվածի ընթացքում դրա ելից և մտից զանգերի ցանկի մեջ:
13. Դիմողը Սահմանադրական դատարան և դատախազական ծառայություն բողոք է ներկայացրել առ այն, որ իր հեռախոսային խոսակցությունները լսելը անօրինական և անհիմն է եղել, սակայն նրա բողոքը հաջողության չի հասել: Նրա սահմանադրական բողոքի մանրամասները ներկայացված են ստորև` 81 և 82-րդ կետերում:
14. 2004թ. սեպտեմբերի 10-ին Տրենսինի տարածաշրջանային դատախազը դիմողին նախնական համաձայնությամբ հափշտակություն կատարելու վերաբերյալ մեղադրանք է առաջադրել և գործն ուղարկել Պրեսովի տարածաշրջանային դատարան (Krajský sՕd): Մեղադրանք է առաջադրվել նաև 13 այլ անձի, այդ թվում՝ երկու իրավաբանի, և այն ներառել է մեղադրանքներ փողերի լվացման, սպանության և ապօրինի հրազեն կրելու վերաբերյալ:
15. 2004թ. հոկտեմբերի 14-ին Պրեսովի տարածաշրջանային դատարանը որոշել է որ գործը ենթակա է Հատուկ դատարանի (Špeciálny súd) ) իրավազորությանը, որը կարճ ժամանակ էր, որ ստեղծվել էր և քննում էր կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության և այլ ծանր հանցագործությունների վերաբերյալ գործեր: Երկուստեք՝ դիմողը և դատախազական ծառայությունը վիճարկել են այդ որոշումը: 16. 2005թ. հունվարի 19-ին Գերագույն դատարանը (Najvyšší súd) ) ընդունել է Հատուկ դատարանի իրավազորությունը: Դրանից հետո դիմողն այդ որոշումը բողոքարկել է Սահմանադրական դատարան, ինչպես նաև Գլխավոր դատախազին, սակայն` ապարդյուն: Սահմանադրական դատարանը 2005թ. մայիսի 5-ին մերժել է նրա սահմանադրական բողոքը:
17. 2005թ. հուլիսի 1-ին գործն ուղարկվել է Հատուկ դատարան, որը 2005թ. դեկտեմբերի 12-ին որոշում է կայացրել դիմողի գործն առանձին վարույթում քննելու մասին:
18. Սահմանադրական դատարանի 2009թ. մայիսի 20-ի որոշումից հետո, որով Հատուկ դատարան ստեղծելու մասին օրենսդրությունը հակասահմանադրական է ճանաչվել և այն փոխարինվել է նոր ստեղծված՝ Մասնագիտացված քրեական դատարանով ((Špecializovaný trestný súd)) (այս մասին մանրամասն տե՛ս Fruni v. Slovakia, գանգատ թիվ 8014/07), դիմողի գործը փոխանցվել է վերջինիս և դեռևս քննվում է այդ դատարանում:
B. Կալանքի որոշումը և դրա հետ կապված սահմանադրական բողոքը
19. 2002թ. դեկտեմբերի 12-ին, առավոտյան ժամը 6-ին դիմողը՝ 2002թ. դեկտեմբերի 9-ին նրան առաջադրված մեղադրանքի հիմքով ձերբակալվել է:
20. 2002թ. դեկտեմբերի 13-ին, առավոտյան ժամը 7-ին տարածաշրջանային դատախազը դիմողին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Տրենսինի շրջանային դատարան (Okresný súd):
21. 2002թ. դեկտեմբերի 13-ի երեկոյան դիմողի եղբայրը նրա համար փաստաբան է վարձել: Առավոտյան ժամը 10-ին Տրենսինի շրջանային քննչական գրասենյակը, որտեղ տվյալ ժամանակահատվածում պահվել է դիմողը, չի թույլատրել դիմողի հետ փաստաբանի տեսակցությունը:
22. 2002թ. դեկտեմբերի 14-ի առավոտյան փաստաբանը և դիմողը տասը րոպե տևողությամբ տեսակցություն են ունեցել:
23. 2002թ. դեկտեմբերի 14-ին, առավոտյան ժամը 10-ին շրջանային դատարանն սկսել է դատախազի միջնորդության քննությունը: Կասկածյալները մեկ առ մեկ հարցաքննվել են: Դիմողը հարցաքննվել է իր փաստաբանի ներկայությամբ: Կասկածյալներից ոչ մեկը չի ծանոթացել գործի նյութերին: Երեկոյան ժամը 7-ին շրջանային դատարանը դիմողի և մյուս կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը:
24. Շրջանային դատարանը գտել է, որ դիմողին ներկայացված կասկածը հիմնավոր է: Քննությունը գտնվում էր սկզբնական փուլում և դեռ շատ ապացույցներ պետք է հավաքվեին: Այս հանգամանքը` «հանցագործության բնույթի և դրա կատարման հանգամանքների» հետ մեկտեղ, հիմք են տվել ենթադրելու, որ կասկածյալները Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 67-րդ հոդվածի 1-ին մասի (b) կետի իմաստով գաղտնի համաձայնության կգան: Բացի դրանից, առկա տեղեկության համաձայն՝ մյուս հանցագործությունները կապված էին Ա. բանկի սնանկության հետ: Առկա էին կասկածներ, որ մեղադրյալը ներգրավված է եղել այդ հանցագործություններում: Այս հանգամանքը հիմք է տվել ենթադրելու, որ մեղադրյալը ՔԴՕ 67-րդ հոդվածի 1-ին մասի (c) կետի իմաստով՝ կշարունակի հանցավոր վարքագիծը:
25. 2002թ. դեկտեմբերի 19-ին դիմողն իր կալանավորման վերաբերյալ միջանկյալ բողոք (sťažnosť) է ներկայացրել, իսկ 2002թ. դեկտեմբերի 30-ին նա բողոքի լրացուցիչ հիմքեր է ներկայացրել:
Նա առաջին հերթին վիճարկել է, որ իր կալանքի հարցի քննարկումը Տրենսինի շրջանային դատարանի տարածքային ընդդատությանը չէր պատկանում: Իր կալանքի հարցն իրավասու էր քննել այն դատարանը, որին ընդդատյա տարածքում ենթադրաբար կատարվել է հանցագործությունը:
Ապա դիմողը վիճարկել է, որ իր փաստաբանի հետ քննարկելու և իր պաշտպանությունը նախապատրաստելու պատշաճ ժամանակ և հնարավորություն չի ունեցել: Ինչպես դատախազի միջնորդությունը, այնպես էլ կալանքի որոշումն այնքան անորոշ են եղել, որ անհնարին էր լուրջ պաշտպանություն իրականացնել:
Դիմողը փաստարկել է նաև, որ իրեն վերագրված կասկածն անհիմն է, և որ այն հիմնավորող որևէ թույլատրելի ապացույց չկա: Իրեն կալանավորելու պատճառներ չեն եղել և կալանքի որոշումը պատշաճ հիմնավորում չունի:
26. 2003թ. հունվարի 16-ին Տրենսինի շրջանային դատարանը դռնփակ դատական նիստում (neverejné zasadnutie) մերժել է դիմողի բողոքը: Իր եզրափակիչ պատճառաբանություններում այն պարզապես վկայակոչել է կալանավորման վերաբերյալ շրջանային դատարանի պատճառաբանությունները և լիովին համաձայնել դրանց: Որոշումը դիմողին տրամադրվել է 2003թ. փետրվարի 3-ին:
27. Տվյալ ժամանակահատվածում դիմողի փաստաբանը մի քանի անգամ խնդրել է թույլ տալ ծանոթանալու գործի նյութերին, սակայն հաջողության չի հասել:
28. 2003թ. մարտի 7-ին դիմողը Սահմանադրության 127-րդ հոդվածի հիման վրա բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան (Ústavný súd):
Նա վիճարկել է իր կալանավորման վերաբերյալ վերոնշյալ որոշումները և փաստարկել, որ խախտվել են իր մի շարք դատավարական իրավունքներ: Դիմողը վիճարկել է, որ. (i) կալանք կիրառած դատարանը նման որոշում կայացնելու տարածքային ընդդատություն չուներ, (ii) ինքն իր փաստաբանի հետ քննարկելու և իր պաշտպանությունը նախապատրաստելու պատշաճ ժամանակ և հնարավորություն չի ունեցել, (iii) իրեն ու իր փաստաբանին հնարավորություն չի տրվել ծանոթանալու գործի նյութերին, (iv) իր կողմից հանցանք կատարելու վերաբերյալ հիմնավոր կասկած առկա չէր և իրեն կալանավորելու հիմք չի եղել, (v) որոշումները պատշաճ կերպով հիմնավորված չեն, (vi) վարույթները չափազանց երկար են տևել:
Դիմողը խնդրել է բեկանել վիճարկվող որոշումները, ազատ արձակել իրեն և փոխհատուցել իր վնասները:
29. 2003թ. մարտի 26-ին Սահմանադրական դատարանը գործի նյութերին ծանոթանալ չթույլատրելու մասով բողոքը ճանաչել է ընդունելի, իսկ մնացյալ մասով՝ անընդունելի:
30. Անընդունելի ճանաչված բողոքի կապակցությամբ Սահմանադրական դատարանը գտել է, որ Տրենսինի շրջանային դատարանի տարածքային ընդդատությունը որոշվել է ՔԴՕ 26-րդ հոդվածին համապատասխան, որի համաձայն՝ վարույթի նախապատրաստական փուլին վերաբերող հարցերը քննելու իրավասությամբ օժտված է այն տարածքի դատարանը, որտեղ դատախազը գործում է: Հանցագործությունները, որոնց կատարման մեջ դիմողը կասկածվում է, ինչպես նաև նրա կալանավորման պատճառներն արձանագրվել և պատշաճ կերպով պարզաբանվել են:
Դիմողը դեռևս 2002թ. դեկտեմբերին գիտեր, թե որքան ժամանակ ունի իր փաստաբանի հետ խորհրդակցելու համար: Ժամանակը բավարար չլինելու վերաբերյալ նրա սահմանադրական բողոքը ներկայացվել է 2003թ. մարտին, այսինքն՝ օրենքով նախատեսված երկամսյա ժամկետից հետո:
Դիմողի կալանավորման վերաբերյալ վարույթի տևողությունը թույլատրելի է եղել՝ հաշվի առնելով այն, որ դիմողը մինչև 2002թ. դեկտեմբերի 30-նն ամբողջությամբ չէր հստակեցրել իր բողոքը:
31. 2004թ. մարտի 11-ին Սահմանադրական դատարանը բողոքի՝ վարույթ ընդունված մասի վերաբերյալ որոշում (nոlez) է կայացրել: Այն գտել է, որ գործի նյութերին ծանոթանալու բացարձակ արգելքը չի համապատասխանում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասին: Սակայն դա ըստ էության որևէ ազդեցություն չի ունեցել կալանավորման օրինականության և սահմանադրականության վրա: Այս փաստի արձանագրումը, հետևաբար, ոչ նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ դիմողի յուրաքանչյուր պահանջի բավարար փոխհատուցում է:
C. Ազատ արձակելու վերաբերյալ առաջին խնդրանքը և դրա հետ կապված սահմանադրական բողոքը
32. 2003թ. մայիսի 19-ին դիմողն իրեն ազատ արձակելու կամ ՔԴՕ 73-րդ հոդվածի հիման վրա իր նկատմամբ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դիմում է ներկայացրել՝ նշելով, որ իր արարքները կհամապատասխանեն օրենքին:
33. Օրենքի համաձայն՝ խնդրանքները նախ քննարկվել են տարածաշրջանային դատախազի կողմից, ով մերժել է դրանք և 2003թ. մայիսի 21-ին ex officio ուղարկել տարածաշրջանային դատարան` դատական կարգով որոշում կայացնելու:
34. 2003թ. մայիսի 22-ին շրջանային դատարանը դռնփակ դատական նիստում մերժել է ազատ արձակելու վերաբերյալ խնդրանքը: «Քննելով դիմողի խնդրանքը և գործի նյութերը»՝ տարածաշրջանային դատարանը «գտել է, որ դիմողի կալանավորման հիմքերը շարունակում են առկա լինել»: Քննվող հանցագործությունը խիստ ծանր էր: Քննությունն իրականացվել է մեծ ծավալներով ու պատշաճ ջանասիրությամբ և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն գտնվում էր վաղ փուլերում, առկա էր հիմնավոր կասկած առ այն, որ դիմողը գաղտնի համաձայնության կգա այլ կասկածյալների հետ և կշարունակի հանցավոր գործունեությունը:
Շրջանային դատարանը որևէ պաշտոնական որոշում չի կայացրել կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու առաջարկության կապակցությամբ: Այն իր պատճառաբանություններում պարզապես գտել է, որ նման փոխարինումը հնարավոր չէ այն դեպքում, երբ անձը մեղադրվում է այնպիսի հանցագործությունների կատարման մեջ, ինչպիսի հանցագործություններում մեղադրվում է դիմողը: Դիմողը ներկայացրել է միջանկյալ բողոք:
35. 2003թ. օգոստոսի 7-ին Տրենսինի տարածաշրջանային դատարանը դռնփակ դատական նիստում մերժել է դիմողի բողոքը: Եզրափակիչ պատճառաբանություններում այն պարզապես վկայակոչել է կալանավորման վերաբերյալ շրջանային դատարանի պատճառաբանությունները և լիովին համաձայնել դրանց:
36. 2003թ. հոկտեմբերի 7-ին դիմողը սահմանադրական բողոք է ներկայացրել 2003թ. մայիսի 22-ի և օգոստոսի 7-ի որոշումների, ինչպես նաև դրանց կայացման դատավարական ընթացակարգերի դեմ: Նա վիճարկել է իր մի շարք դատավարական իրավունքների խախտման փաստը:
37. Ինչպես իր նախկին բողոքում, դիմողը վիճարկել է, որ. (i) իր կալանքի վերաբերյալ որոշում կայացրած դատարանն այդ կապակցությամբ որոշում կայացնելու տարածքային ընդդատություն չուներ, (ii) իրավաչափ չէր իր բողոքը տարածաշրջանային դատարանի կոնկրետ պալատի քննությանը հանձնելը, (iii) որոշում կայացնելու գործընթացն իրականացվել է դռնփակ կարգով և դիմողը հնարավորություն չի ունեցել իր գործի խնդրահարույց կողմերը ներկայացնել, (iv) ո՛չ իրեն, ո՛չ իր փաստաբանին հնարավորություն չի տրվել ծանոթանալու գործի նյութերին, (v) որոշումները կայացվել են կամայական կերպով, (vi) դրանք պատճառաբանված չեն և (vii) կայացվել են այնպիսի վարույթների արդյունքում, որոնք արագ չեն եղել, (viii) վերջապես, դիմողի կալանավորման ընդհանուր տևողությունը չափազանց երկար է եղել և (ix) դատարանները պաշտոնապես որոշում չեն կայացրել կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ իր խնդրանքի կապակցությամբ:
Դիմողը խնդրել է որոշում կայացնել վիճարկվող որոշումները բեկանելու մասին և պահանջել է 210000 սլովակյան կրոն (SKK)՝ որպես վնասների փոխհատուցում:
38. Ի հիմնավորումն իր սահմանադրական բողոքի՝ 2004թ. մայիսի 26-ին դիմողը փաստարկել է, որ իր կալանավորումը եղել է անօրինական այն հիմքով, որ այն պահին, երբ կալանքն սկսվել է, ինքը 24 ժամվա ընթացքում դատավորի մոտ չի տարվել, ինչպես դա նախատեսված է Հիմնարար իրավունքների և ազատությունների խարտիայի 8-րդ հոդվածի 3-րդ մասով (Սահմանադրական օրենք թիվ 23/1991 Coll.) (Listina základných práv a slobôd – «Խարտիա»):
Իրավամբ, ձերբակալված անձին դատավորի մոտ տանելու ժամկետը Սահմանադրության 17-րդ հոդվածի 3-րդ մասի (Սահմանադրական օրենք թիվ 460/1992 Coll.) և դրա՝ 2001թ. հուլիսի 1-ի փոփոխությունների (Սահմանադրական օրենք թիվ 90/2001 Coll.) համաձայն եղել է քառասունութ ժամ: Սակայն ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ որևէ այլ օրենք ուղղակիորեն չեն վերացրել Խարտիան, իսկ դրա անուղղակի վերացումն անթույլատրելի է: Խարտիան նրան իրավական պաշտպանության ավելի լայն ծավալ է երաշխավորում, և այն պետք է նրա գործով կիրառվի:
39. 2004թ. դեկտեմբերի 16-ին Սահմանադրական դատարանն ընդունելի է ճանաչել վերը՝ (ii), (iv) և (vi) - (ix) կետերում նշված բողոքները: Մնացած բողոքներն անընդունելի են ճանաչվել հետևյալ պատճառներով:
40. Տրենսինի շրջանային դատարանի տարածքային ընդդատության խնդիրն արդեն քննարկվել է և այդ կապակցությամբ կայացվել է Սահմանադրական դատարանի 2003թ. մարտի 26-ի որոշումը (տե՛ս վերը՝ կետեր 29 և 30):
Դիմողը բավարար հնարավորություն է ունեցել իր գործը գրավոր կերպով և փաստաբանի օգնությամբ ներկայացնելու և, փաստորեն, դա հանգամանորեն արել է: Բանավոր քննության բացակայությունը, հետևաբար, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով խնդիր չի առաջացնում:
Դիմողի կալանքի ժամկետի երկարացումը, որպես այդպիսին, հիմնավորված և օրինական է եղել: Ինչ վերաբերում է ձերբակալված անձին դատավորի մոտ տանելու` Խարտիայով նախատեսված ժամկետի (քսանչորս ժամ) և Սահմանադրությամբ նախատեսված ժամկետի (քառասունութ ժամ) միջև առկա անհամապատասխանությանը, ապա Սահմանադրական դատարանը գտել է, որ Սահմանադրության 152-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով՝ սահմանադրական դրույթները գերակայում են:
41. 2006թ. հոկտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանն ընդունելի բողոքների կապակցությամբ որոշում է կայացրել:
Սահմանադրական դատարանը գտել է, որ ողջամիտ ժամկետում գործի քննության կամ մինչև դատական քննությունն ազատ արձակվելու առումով տեղի է ունեցել դիմողի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքների խախտում, քանի որ դատարանները պաշտոնապես որոշում չեն կայացրել նրա նկատմամբ կիրառված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ դիմողի խնդրանքին:
Սահմանադրական դատարանը նաև գտել է, որ տեղի է ունեցել դիմողի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավունքի խախտում այն առումով, որ դիմողի բողոքի կապակցությամբ որոշում է կայացվել տարածաշրջանային դատարանի ոչ համապատասխան պալատի կողմից, դիմողին թույլ չի տրվել ծանոթանալ գործի նյութերին և քննությունն արագ չի ընթացել:
Դիմողին տրամադրվել է 80000 SKK՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև փոխհատուցվել են նրա իրավական ծախսերը:
42. Վիճարկվող որոշումների՝ պատշաճ պատճառաբանված չլինելու վերաբերյալ բողոքը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
D. Կալանքի տակ պահելու ժամկետի առաջին երկարացումը և դրա հետ կապված սահմանադրական բողոքը
43. 2003թ. մայիսի 26-ին տարածաշրջանային դատախազը միջնորդություն է ներկայացրել Տրենսինի շրջանային դատարան` դիմողի և նրա հետ մեկտեղ մեղադրվող բոլոր անձանց նկատմամբ ընտրված կալանքի ժամկետը մինչև 2003թ. նոյեմբերի 30-ը երկարացնելու վերաբերյալ: Ո՛չ դիմողը, ո՛չ նրա փաստաբանը չեն տեղեկացվել այդ միջնորդության մասին:
44. 2003թ. հունիսի 2-ի դռնփակ դատական նիստում շրջանային դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը: Ո՛չ դիմողը, ո՛չ նրա փաստաբանը չեն տեղեկացվել դատական նիստի մասին:
45. «Քննելով դիմողի խնդրանքը և գործի նյութերը»` շրջանային դատարանը «գտել է, որ խնդրանքը հիմնավոր է»: Թեև քննությունը կատարվել է պատշաճ ջանասիրությամբ, սակայն հնարավոր չի եղել այն ավարտել վեցամսյա ժամկետում` սկսած դիմողի կալանավորումից: Մեղադրյալներին կալանքի տակ պահելու հիմքերը, որոնք առկա էին կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս, դեռևս շարունակում են առկա լինել: Նրանց ազատ արձակումը կարող է քննության և ամբողջ վարույթի իրականացումը բարդ և անգամ անհնարին դարձնել: Սույն որոշման դեմ որևէ բողոք չի ներկայացվել:
46. 2003թ. հունիսի 5-ին դիմողի փաստաբանը զանգահարել է Տարածաշրջանային դատախազի գրասենյակ և տեղեկություն ստացել այն մասին, որ 2003թ. մայիսի 26-ին տարածաշրջանային դատախազը խնդրել է երկարացնել դիմողի կալանքի ժամկետը: Նույն օրը փաստաբանը գրավոր դիմում է ներկայացրել շրջանային դատարան` խնդրելով իրեն տրամադրել դատախազի միջնորդության պատճենը:
47. 2003թ. հունիսի 2-ի որոշման և դատախազի միջնորդության պատճենները դիմողի փաստաբանին են տրամադրվել 2003թ. հունիսի 27-ին:
48. 2003թ. օգոստոսի 4-ին դիմողը սահմանադրական բողոք է ներկայացրել 2003թ. հունիսի 2-ի որոշման դեմ:
Նա հիմնականում վիճարկել է. (i) որ իրեն կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշում կայացրած դատարանն այդ հարցի կապակցությամբ որոշում կայացնելու տարածքային ընդդատություն չուներ, (ii) որ դատախազի միջնորդությունն իրեն ժամանակին չի տրամադրվել, (iii) որ ինքը դրա արդյունքում հնարավորություն չի ունեցել դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնել և բանավոր ներկայացնել իր գործի խնդրահարույց կողմերը (որոշումը կայացվել է դռնփակ դատական նիստում), և (iv) որ որոշումը կամայական ու անհիմն է եղել:
49. Ի հիմնավորումն իր բողոքի` դիմողը 2003թ. հոկտեմբերի 4-ին ներկայացրել է այն նույն փաստարկները, որոնք ներկայացրել է 2004թ. մայիսի 26-ի իր փաստարկներում (տե՛ս վերը` կետ 38):
50. 2004թ. հունիսի 30-ին Սահմանադրական դատարանն ընդունելի է ճանաչել բողոքն այն մասով, որ դիմողին կալանքի տակ պահելու ժամկետի երկարացումը կամայական և անհիմն է եղել, իսկ բողոքի մնացյալ մասը դատարանն անընդունելի է ճանաչել: Որոշումը դիմողին է տրամադրվել 2004թ. օգոստոսի 2-ին:
51. Ինչ վերաբերում է բողոքի` անընդունելի ճանաչված մասերին, ապա սահմանադրական դատարանը գտել է, որ Տրենսինի շրջանային դատարանի տարածքային ընդդատության հարցն արդեն քննարկվել և լուծվել է Սահմանադրական դատարանի 2003թ. մարտի 26-ի որոշմամբ (տե՛ս վերը կետեր 29 և 30):
Կիրառելի օրենսդրության համաձայն՝ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատախազի միջնորդության պատճենը կալանքի տակ պահվող անձին հանձնելու օրենսդրական պահանջ չկա: Դիմողի փաստաբանը պետք է գիտենար, որ ՔԴՕ 71-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անձին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը ոչ ուշ, քան այդ անձին կալանքի տակ պահելու ժամկետն ավարտվելուց տասն օր առաջ պետք է ներկայացվի իրավասու դատարան: Սույն գործով վերջնաժամկետը 2003թ. հունիսի 2-ն էր:
Սակայն դիմողի փաստաբանը մինչև 2003թ. հունիսի 5-ը չի կապվել դատախազական ծառայության հետ, և նրա կողմից ավելի վաղ ժամկետում վերոնշյալ ծառայության հետ չկապվելը չի կարող մեղսագրվել իշխանություններին:
Այն հանգամանքի հիշատակումը, որ որոշումը կայացվել է դռնփակ դատական նիստում, տեղին չէ, քանի որ դատախազական ծառայությունը ևս չի կարողացել մասնակցել այդ նիստին: Ինչ վերաբերում է ձերբակալված անձին դատավորի մոտ տանելու ժամկետների վերաբերյալ Խարտիայում և Սահմանադրության մեջ առկա անհամապատասխանությանը, ապա դատարանը գտել է, որ այն վերաբերելի չէ քննարկվող որոշմանը և, բացի դրանից, որպես հարցադրում բարձրացվել է օրենքով նախատեսված երկամսյա ժամկետի ավարտից հետո:
52. 2005թ. հունվարի 11-ին Սահմանադրական դատարանը գտել է, որ տեղի է ունեցել դիմողի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավունքների խախտում այն առումով, որ 2003թ. հունիսի 2-ի որոշումը պատշաճ կերպով հիմնավորված չէ: Քննարկվող որոշման մեջ առկա էր մեղադրանքների մանրամասն նկարագրություն, այդ մեղադրանքների բնույթն ինքնին հանդիսացել է դիմողի կալանավորման պատճառներից մեկը: Սակայն մեղադրանքները վերաբերել են մի խումբ անձանց և այդ մեղադրանքներից պարզ չի եղել, թե կալանավորման որ պատճառը որ անձին է վերաբերում: Չնայած որ նման պատճառաբանությունը բավարար է եղել դիմողին վարույթի սկզբնական փուլերում կալանավորելու համար, սակայն այն բավական մանրամասն չի ներկայացվել վարույթի սկսվելուց վեց ամիս հետո:
Սահմանադրական դատարանը նշել է, որ այս եզրակացությունը չի կարող ազդել 2003թ. հունիսի 2-ից հետո դիմողի կալանքի՝ ըստ էության հիմնավորված կամ անհիմն լինելու հարցի վրա:
Այն բեկանել է 2003թ. հունիսի 2-ի որոշումը և դիմողին տրամադրել է 20.000 SKK՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Այն նաև տրամադրել է նրա իրավական ծախսերի փոխհատուցում:
Քանի որ դիմողը տվյալ ժամանակահատվածում ազատ էր արձակվել, կարիք չկար շրջանային դատարանին կարգադրել հարցը կրկին քննության առնել:
E. Ազատ արձակելու վերաբերյալ երկրորդ խնդրանքը և դրա հետ կապված սահմանադրական բողոքը
53. 2003թ. օգոստոսի 27-ին դիմողն իրեն ազատ արձակելու կամ իր նկատմամբ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դիմում է ներկայացրել: Նա փաստարկել է, որ վերաբերելի ապացույցների մեծ մասն արդեն հավաքվել և հետազոտվել է, որ դրանցով հիմնավորվել է իր անմեղությունը և որ իրեն կալանավորելու պատճառներ չկան:
54. Տարածաշրջանային դատախազը մերժել է դիմողի խնդրանքները և 2003թ. սեպտեմբերի 12-ին դրանք ուղարկել շրջանային դատարան՝ դատական կարգով որոշում կայացնելու:
55. Դիմողը սահմանադրական բողոքով վիճարկել է տարածաշրջանային դատախազի կողմից վարույթի իրականացման կարգը, մասնավորապես՝ դրա տևողությունը (արդյունքները տե՛ս ստորև՝ կետեր 60 և 62):
56. 2003թ. հոկտեմբերի 9-ին դռնփակ դատական նիստում շրջանային դատարանը մերժել է դիմողի` իրեն ազատ արձակելու վերաբերյալ խնդրանքը: «Քննելով դիմողի խնդրանքը և գործի նյութերը»՝ տարածաշրջանային դատարանը «գտել է, որ դիմողի կալանավորման հիմքերը շարունակում են առկա լինել»: Այն մասնավորապես գտել է, որ առկա են բազմաթիվ ապացույցներ, որոնք ներկայացվել են վարույթի սկզբնական փուլում, և որոնք պետք է հետազոտվեն դատարանում: Ենթադրյալ հանցագործության կատարման եղանակը հիմք է տալիս կարծելու, որ դիմողը կոչնչացնի այդ ապացույցները:
57. Շրջանային դատարանը կրկին որևէ որոշում չի կայացրել կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու առաջարկության կապակցությամբ՝ արձանագրելով, որ նման փոխարինումը կարող է քննարկվել միայն անձի փախուստը կանխելու նպատակով կիրառված կալանքի կապակցությամբ (ՔԴՕ 67-րդ հոդվածի 1-ին մասի (c) կետ), նշված հոդվածը, սակայն, դիմողի գործով կիրառելի չէր: Դիմողը բողոքարկել է այս որոշումը:
58. 2003թ. հոկտեմբերի 29-ին դռնփակ դատական նիստում Տրենսինի տարածաշրջանային դատարանն ուժի մեջ է թողել դիմողի` իրեն ազատ արձակելու վերաբերյալ վերոնշյալ բողոքի մերժումը:
Միաժամանակ, այն որոշել է, որ նրա կալանավորումը հիմնավորված է ոչ թե այն հանգամանքով, որ նա կշարունակի իր հանցավոր վարքագիծը, այլ այն հանգամանքով, որ նա գաղտնի համաձայնության կգա այլ մեղադրյալների հետ: Այս մոտեցումը բխում էր «հանցանքի կատարման եղանակից և մեղադրյալի կարգավիճակից»: Որոշումը դիմողին տրամադրվել է 2003թ. նոյեմբերի 11-ին:
59. 2004թ. հունվարի 11-ին դիմողը մեկ այլ սահմանադրական բողոք է ներկայացրել, որը հիմնականում ուղղված էր շրջանային և տարածաշրջանային դատարանների գործողությունների և որոշումների դեմ:
Նա կրկին փաստարկել է, որ իրեն կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրած դատարանները նման որոշում կայացնելու տարածքային ընդդատություն չունեին:
Բացի դրանից, նա վիճարկել է, որ իրեն ազատ արձակելու վերաբերյալ իր խնդրանքը շրջանային դատարանի դատավորին մակագրելը չի կատարվել օրենքով սահմանված ընթացակարգով: Մասնավորապես, խնդրանքի նկատմամբ անկախ մոտեցում չի ցուցաբերվել, այն էլեկտրոնային համակարգի միջոցով, պատահականության սկզբունքով չի մակագրվել դատավորներից մեկին, այլ մակագրվել է կոնկրետ դատավորի, ով շրջանային դատարանի նախագահի կողմից նշանակվել էր դիմողին առնչվող բոլոր հարցերը քննելու նպատակով:
Բացի դրանից, դատարանները լսումներ չեն իրականացրել և այդպիսով զրկել դիմողին իր գործը ներկայացնելու հնարավորությունից:
Որոշումները կայացվել են կամայական կերպով և պատշաճ հիմնավորված չեն եղել: Իր կալանքի ժամկետը չափազանց երկար է եղել:
60. 2004թ. նոյեմբերի 25-ին երկու առանձին որոշումներով Սահմանադրական դատարանն ընդունելի է ճանաչել Տրենսինի շրջանային դատախազի դեմ բերված բողոքը և անընդունելի է ճանաչել շրջանային և տարածաշրջանային դատարանների դեմ բերված բողոքը: Վերջին որոշումը դիմողին է հանձնվել 2005թ. հունվարի 24-ին:
61. Անընդունելի ճանաչված բողոքի կապակցությամբ Սահմանադրական դատարանը գտել է, որ կիրառելի դատավարական կանոնների համաձայն՝ տարածաշրջանային դատարանի 2003թ. հոկտեմբերի 29-ի որոշումը նույն օրը վերջնական և պարտադիր է դարձել: Չնայած նրան, որ որոշումը դիմողին չի հանձնվել մինչև 2003թ. նոյեմբերի 11-ը՝ սահմանադրական բողոք ներկայացնելու՝ օրենքով նախատեսված երկամսյա ժամկետն սկսել է ընթանալ 2003թ. հոկտեմբերի 29-ից: Շրջանային և տարածաշրջանային դատարանների դեմ բողոքը ներկայացվել է 2004թ. հունվարի 11-ին և, հետևաբար, ժամկետանց է:
62. 2005թ. մայիսի 25-ին Սահմանադրական դատարանը գտել է, որ Տրենսինի տարածաշրջանային դատախազը խախտել է դիմողի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ իր կալանավորման վերաբերյալ անհապաղ որոշում կայացնելու իրավունքն այն առումով, որ դիմողի 2003թ. օգոստոսի 27-ի խնդրանքների կապակցությամբ դատախազը որոշում է կայացրել տասնվեց օր հետո և դրանք ուղարկել շրջանային դատարան:
Սահմանադրական դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ այդ խնդրանքների կապակցությամբ վարույթն ընդհանուր առմամբ յոթանասունվեց օր է տևել և վերջնական որոշում կայացվել է այդ ժամկետի ավարտից հետո: Սահմանադրական դատարանը դիմողին փոխհատուցել է նրա կրած իրավական ծախսերը, սակայն ոչ նյութական վնասի փոխհատուցում չի տրամադրել: Այն գտել է, որ ճիշտ չէ դատախազական ծառայությանը կարգադրել փոխհատուցելու դիմողին պատճառված ոչ նյութական վնասը, քանի որ վարույթների ամբողջ տևողության համար դատախազության մեղքը՝ ընդհանուր իրավասության դատարանների համեմատ, փոքր է:
F. Կալանքի տակ պահելու ժամկետի երկրորդ երկարացումը և դրա հետ կապված սահմանադրական բողոքը
63. 2003թ. նոյեմբերի 11-ին տարածաշրջանային դատախազը միջնորդություն է ներկայացրել Տրենսինի շրջանային դատարան դիմողի և նրա հետ մեկտեղ մեղադրվող բոլոր անձանց նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը մինչև 2004թ. մայիսի 30-ը երկարացնելու վերաբերյալ: Դիմողին և նրա փաստաբանին միջնորդության պատճենները չեն ուղարկվել:
64. Դիմողի փաստաբանը դատախազի միջնորդության պատճենն ստացել է սեփական նախաձեռնությամբ, և դրան ի պատասխան՝ 2003թ. նոյեմբերի 20-ին դիմողն իր նկատառումներն է ներկայացրել: Նույն օրը առանձին փաստաթղթերով դիմողը կողմնակալ լինելու հիմքով բողոք է ներկայացրել շրջանային դատարանի դեմ:
Դիմողը, inter alia, փաստարկել է, որ դատախազի միջնորդությունը դատավորին մակագրելն օրինական չի եղել և այն էլեկտրոնային համակարգի միջոցով, պատահականության սկզբունքով չի մակագրվել դատավորներից մեկին, այլ շրջանային դատարանի նախագահի կողմից մակագրվել է մեկ այլ դատավորի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն դատավորը, ում գործն էլեկտրոնային կարգով մակագրվել էր, հեռացել էր այդ դատարանից:
65. 2003թ. նոյեմբերի 21-ին դռնփակ դատական նիստում շրջանային դատարանը մերժել է կողմնակալ լինելու հիմքով ներկայացված բողոքը և բոլոր մեղադրյալների կալանքի ժամկետը երկարացրել է մինչև 2004թ. փետրվարի 29-ը: Այն գտել է, որ դեռևս առկա են բազմաթիվ ապացույցներ, որոնք պետք է հետազոտվեն դատարանի կողմից, և որ առկա է վտանգ, որ ազատ արձակվելու դեպքում դիմողը ներգործություն կունենա այդ ապացույցների վրա: Սակայն դատախազության կողմից պահանջված ժամանակային սահմանները չափազանց լայն են և կալանքի ժամկետը մինչև 2004թ. փետրվարի 29-ը երկարացնելը պետք է բավարար լինի:
66. 2003թ. նոյեմբերի 21-ի որոշման մեջ նշված է, որ այն ենթակա չէ բողոքարկման: Դիմողը, այնուամենայնիվ, բողոք է ներկայացրել, և նրա բողոքը 2004թ. հունվարի 9-ին տարածաշրջանային դատարանի կողմից մերժվել է: Վերջինիս որոշումը դիմողին է տրամադրվել 2004թ. հունվարի 29-ին:
Տարածաշրջանային դատարանը, inter alia, ընդունել է, որ շրջանային դատարաններում դատավորներին գործերի մակագրումն սկզբունքորեն կատարվում է էլեկտրոնային համակարգի միջոցով և պատահականության սկզբունքով: Դատավորը, ում էլեկտրոնային համակարգի միջոցով մակագրվել է դիմողի գործը, նշանակվել է տարածաշրջանային դատարանում: Հետևաբար, դիմողի գործն այլ դատավորին վերամակագրելու իրավասությունը պատկանել է շրջանային դատարանի նախագահին, ով օրենքով սահմանված կարգով է այդ արել:
67. 2004թ. մարտի 22-ին դիմողը սահմանադրական բողոք է ներկայացրել, իսկ 2004թ. ապրիլի 20-ին և մայիսի 28-ին դրանում լրացուցիչ հիմքեր է ավելացրել: Նա փաստարկել է. (i) որ իրեն դատավորի մոտ տանելու՝ Խարտիայով նախատեսված քսանչորսժամյա ժամկետը չի պահպանվել, (ii) որ իրեն կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշում կայացրած դատարանը նման որոշում կայացնելու տարածքային ընդդատությամբ օժտված չէր, (iii) որ այն անկողմնակալ չի եղել, (iv) որ դատախազի՝ 2003թ. նոյեմբերի 11-ի միջնորդությունն իրեն չի տրամադրվել և որ ինքն ստիպված է եղել ինքնուրույն ձեռք բերել դրա պատճենը, (v) որ իր գործով որևէ հրապարակային լսում չի իրականացվել և որ ինքը չի կարողացել ներկայացնել իր գործը, (vi) որ իրեն կալանքի տակ պահելու ժամկետի երկարացումը կամայական է եղել և (vii) պատշաճ կերպով պատճառաբանված չի եղել, (viii) որ իր կալանքի վերաբերյալ վարույթն արագ չի ընթացել, և (ix) որ իրեն կալանքի տակ պահելու ժամկետի ընդհանուր տևողությունը չափազանց երկար է եղել:
Դիմողը պահանջել է 410000 SKK՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
68. 2004թ. օգոստոսի 25-ին Սահմանադրական դատարանն ընդունելի է ճանաչել վերոնշյալ (iv), (v), (vii), (viii) և (ix) կետերում շարադրված բողոքները: Բողոքը մնացյալ մասով անընդունելի է ճանաչվել:
69. Անընդունելի ճանաչված բողոքներով սահմանադրական դատարանը գտել է, որ 2003թ. նոյեմբերին դիմողն իմացել է, որ իրեն կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման վերաբերյալ որոշում կայացնելու է շրջանային դատարանը: 2004թ. մարտին, այսինքն՝ օրենքով նախատեսված երկամսյա ժամկետը լրանալուց հետո նա այդ կապակցությամբ բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան:
Շրջանային դատարանում դատախազի միջնորդության քննության հետ կապված ձգձգումների վերաբերյալ բողոքը ևս ժամկետանց է դիտվել:
Շրջանային դատարանում վարույթն ավարտվել էր 2003թ. նոյեմբերի 21-ի որոշման կայացմամբ, որին դիմողը ծանոթացել է 2003թ. դեկտեմբերի 1-ից ոչ ուշ, այսինքն՝ իր բողոքի ներկայացումից ավելի քան երկու ամիս առաջ:
Ընդհանուր իրավասության դատարանների փաստական և իրավական եզրահանգումների՝ Սահմանադրական դատարանի վերանայման շրջանակները սահմանափակված են եղել սահմանադրականության հետ կապված սխալներով, և շրջանային դատարանի դատավորների անկողմնակալությանը, ինչպես նաև դիմողին կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման հետ կապված որոշումներն այդ վերանայման սահմաններից դուրս են:
70. 2005թ. հունվարի 26-ին Սահմանադրական դատարանը գտել է, որ ի խախտումն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավունքի՝ դիմողին չի տրամադրվել դատախազի 2003թ. նոյեմբերի 11-ի միջնորդությունը:
Սահմանադրական դատարանը բավարարել է դիմողի կրած իրավական ծախսերի փոքր մասի փոխհատուցման պահանջը և մերժել է ոչ նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ վերջինիս պահանջը: Սահմանադրական դատարանը գտել է, որ նման փոխհատուցումը պատշաճ չէ, քանի որ ընդհանուր իրավասության դատարանները վարույթն իրականացրել են գոյություն ունեցող օրենսդրական կանոններին համապատասխան:
71. Ընդունելի ճանաչված բողոքները ևս մերժվել են: Սահմանադրական դատարանը գտել է, որ դիմողին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատարանների հիմնավորումները պատշաճ են եղել և որ կալանքի երկարացումը հիմնավորված է եղել: Դիմողին կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման վերաբերյալ վարույթի տևողությունը թույլատրելի է եղել՝ հաշվի առնելով, մասնավորապես, գործի փաստական և իրավական կողմերի բարդության հանգամանքը:
G. Ազատ արձակելու վերաբերյալ երրորդ խնդրանքը և դրա հետ կապված սահմանադրական բողոքը
72. 2003թ. նոյեմբերի 21-ին դիմողն իրեն ազատ արձակելու կամ իր նկատմամբ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դիմում է ներկայացրել:
73. 2003թ. նոյեմբերի 24-ին տարածաշրջանային դատախազը մերժել է դիմողի խնդրանքները և համապատասխան մեկնաբանությամբ ուղարկել դրանք Տրենսինի շրջանային դատարան՝ դատական կարգով որոշում կայացնելու:
Հետագայում պարզվել է, որ իր մեկնաբանության մեջ դատախազն առարկել է դիմողի խնդրանքը՝ «վկայակոչելով դիմողին կալանքի տակ պահելու վերաբերյալ [իր երկրորդ] միջնորդության մեջ առկա փաստարկները»: Մեկնաբանության մասին դիմողը չի տեղեկացվել:
74. 2003թ. դեկտեմբերի 4-ին դիմողը բողոքարկել է շրջանային դատարանի որոշումը՝ նշելով, որ վերջինս այդ հարցի վերաբերյալ որոշում կայացնելու տարածքային ընդդատություն չուներ, և իր գործով վարույթին ներգրավված դատավորներն կողմնակալ են եղել:
75. 2003թ. դեկտեմբերի 9-ին և 2004թ. հունվարի 9-ին` շրջանային դատարանը և բողոքարկման արդյունքում՝ տարածաշրջանային դատարանը մերժել են դիմողի` իրեն ազատ արձակելու վերաբերյալ խնդրանքը: Երկու դատարանների որոշումները կայացվել են դռնփակ դատական նիստերում, վերջինը դիմողին է հանձնվել 2004թ. հունվարի 29-ին: Դիմողի այլընտրանքային առաջարկի կապակցությամբ դատարաններն առանձին որոշումներ չեն կայացրել` իրենց պատճառաբանություններում նշելով միայն, որ տվյալ հանգամանքներում այդ խնդրանքն օրենքով թույլատրված չէ:
Դատարանները եզրակացրել են, որ գործը քննած շրջանային դատարանի տարածքային ընդդատությունը հիմնված է ՔԴՕ 26-րդ հոդվածի 1-ին մասի վրա և գտել են, որ կողմնակալության հիմքով դիմողի ներկայացրած բողոքը` նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկրորդ անգամ երկարացնելու կապակցությամբ, արդեն քննության է առնվել և մերժվել (տե՛ս վերը` կետ 65):
Դատարանները գտել են, որ դիմողին ներկայացված կասկածը հիմնավորվում է թույլատրելի ապացույցներով: Հանցագործությունը կատարելու և թաքցնելու եղանակը` զուգակցված այն հանգամանքի հետ, որ որոշ լրացուցիչ ապացույցներ դեռևս պետք է հետազոտվեն գործը քննող դատարանի կողմից, հիմք են տվել ենթադրելու, որ դիմողը գաղտնի համաձայնության կգա մյուս մեղադրյալների հետ: Հետևաբար, նրա կալանքի երկարացումը հիմնավորված է եղել:
76. 2004թ. մարտի 22-ին դիմողը սահմանադրական բողոք է ներկայացրել, որը նա ամբողջությամբ հստակեցրել է 2004թ. մայիսի 26-ին: Նա պնդել է. (i) որ իր կալանքն ab initio անօրինական է եղել, քանի որ իրեն դատավորի մոտ տանելու` Խարտիայով նախատեսված քսանչորսժամյա ժամկետը չի պահպանվել, (ii) որ իր կալանավորման կապակցությամբ որոշում կայացրած դատարաններն այդ հարցի վերաբերյալ որոշում կայացնելու տարածքային ընդդատություն չեն ունեցել և կողմնակալ են եղել, (iii) որ իրեն ազատ արձակելու վերաբերյալ իր խնդրանքին ի պատասխան ներկայացված` դատախազական ծառայության դիտարկումներն իրեն չեն տրամադրվել, (iv) որ դատարաններն իր դիմումի կապակցությամբ լսումներ չեն իրականացրել և որ իրեն անձամբ չեն լսել, (v) որ դատարաններն իր այլընտրանքային առաջարկի վերաբերյալ որոշում չեն կայացրել և որ իրեն կալանքի տակ պահելու ժամկետի երկարացումը հիմնավորված չի եղել, (vi) որ դատարանների որոշումները պատշաճ կերպով պատճառաբանված չեն եղել, և (vii) որ վարույթն արագ կերպով չի իրականացվել:
77. 2004թ. հունիսի 9-ին Սահմանադրական դատարանն ընդունելի է ճանաչել (iii)-(vii)-րդ կետերում շարադրված բողոքները: Դիմումի մնացյալ մասն անընդունելի է ճանաչվել:
78. Անընդունելի ճանաչված բողոքների կապակցությամբ Սահմանադրական դատարանը գտել է, որ դիմողը 2003թ. դեկտեմբերին տեղեկացվել է այն մասին, որ շրջանային դատարանը որոշում է կայացնելու իրեն կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման կապակցությամբ: Նա Սահմանադրական դատարան բողոք է ներկայացրել 2004թ. մարտին, այսինքն` օրենքով նախատեսված երկամսյա ժամկետի ավարտից հետո:
Շրջանային դատարան ներկայացված` դատախազի բողոքի քննության ժամանակ թույլ տրված ձգձգումների վերաբերյալ բողոքը ևս ժամկետանց է եղել: Շրջանային դատարանում վարույթն ավարտվել է 2003թ. դեկտեմբերի 9-ի որոշման կայացմամբ, որի վերաբերյալ դիմողը տեղեկացվել է 2003թ. դեկտեմբերի 16-ից ոչ ուշ, այսինքն` նրա կողմից սահմանադրական բողոք ներկայացվելուց ավելի քան երկու ամիս առաջ: Համենայնդեպս, դատարանների տարածքային ընդդատությանը և անկողմնակալությանը վերաբերող բողոքները եղել են ավելի վաղ ներկայացված բողոքների կրկնություն և դրանց կապակցությամբ նոր քննություն չի կատարվել:
Վերջապես, ինչ վերաբերում է Խարտիայով նախատեսված քսանչորսժամյա ժամկետին, Սահմանադրական դատարանը գտել է, որ Սահմանադրությունը գերակայում է մյուս բոլոր օրենսդրական ակտերի նկատմամբ, և որ Սահմանադրությամբ նախատեսված քառասունութժամյա ժամկետը պահպանվել է:
79. 2004թ. հոկտեմբերի 8-ին Սահմանադրական դատարանը գտել է, որ դատարանների կողմից դիմողի` իր նկատմամբ կալանքը գրավով փոխարինելու այլընտրանքային առաջարկության կապակցությամբ որոշում չկայացնելու արդյունքում խախտվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` դիմողի իրավունքները: Ավելին, Սահմանադրական դատարանը գտել է, որ դիմողի` 2003թ. նոյեմբերի 21-ի խնդրանքին ի պատասխան դատախազի ներկայացրած մեկնաբանության պատճենը դատարանների կողմից դիմողին չհանձնելու արդյունքում խախտվել են նրա` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավունքները: Իր պահանջի փոքր մասի կապակցությամբ փոխհատուցվել են դիմողի կրած իրավական ծախսերը, սակայն ոչ նյութական վնասի կապակցությամբ նրան փոխհատուցում չի տրամադրվել: Սահմանադրական դատարանը գտել է, որ նման փոխհատուցումը պատշաճ չէ, քանի որ ընդհանուր իրավասության դատարանները, inter alia, վարույթն իրականացրել են գոյություն ունեցող օրենսդրական կանոններին համապատասխան:
80. Ընդունելի ճանաչված բողոքները մերժվել են: Դիմողը փաստորեն ամբողջ ծավալով օգտագործել է իր գործը գրավոր կերպով և իրավական օգնությամբ ներկայացնելու հնարավորությունից: Այս հանգամանքի լույսի ներքո, դատական լսումների բացակայությունը չի հանգեցրել նրա իրավունքների էական մասնատման: Դիմողին ներկայացված կասկածը և գաղտնի համաձայնության գալու վտանգը հաստատվել են. քննությունը եղել է անընդհատ և անհապաղ, դիմողին կալանքի տակ պահելու ժամկետի երկարացումը հիմնավորված է եղել: Ինչ վերաբերում է դիմողի` իրեն ազատ արձակելու վերաբերյալ խնդրանքի քննության տևողությանը` սույն բողոքի ընդունելիության կապակցությամբ կայացված որոշմանը համապատասխան, Սահմանադրական դատարանը վերանայել է միայն վարույթի այն մասը, որը տեղի է ունեցել նախքան տարածաշրջանային դատարանի կողմից որոշում կայացնելը: Այն գտել է, որ դրանց կապակցությամբ որոշում կայացնելու անհապաղությունը չի խախտվել:
H. Դիմողի հեռախոսային խոսակցությունների վերահսկողության կապակցությամբ ներկայացված սահմանադրական բողոքը
81. 2004թ. օգոստոսի 21-ին դիմողը սահմանադրական բողոք է ներկայացրել` փաստարկելով, որ իր հեռախոսային խոսակցությունների վերահսկողությունն անօրինական, կամայական և անհիմն է եղել: Նա, inter alia, հիմնվել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վրա:
82. 2005թ. մարտի 16-ին Սահմանադրական դատարանը բողոքն անընդունելի է ճանաչել՝ ընդհանուր ընթացակարգերն սպառված չլինելու պատճառով:
Այն եզրակացրել է, որ դիմողն իրավասու է առարկություն ներկայացնել իր նկատմամբ հարուցված վարույթի ընթացքում իրականացված վերահսկողության արդյունքում ձեռք բերված ապացույցների դեմ:
Եթե դիմողն այդ քայլին դիմի` դատարաններն ստիպված կլինեն քննության առնել այդ ապացույցների ձեռքբերման օրինականության հարցը: Ընդհանուր իրավասության դատարանների վերանայման իրավասությունը բացառում է Սահմանադրական դատարանի կողմից վերանայման իրականացումը:
Ապա Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ դիմողը կարող է փոխհատուցում ստանալ քաղաքացիական դատավարության կարգով:
I. Վնասների փոխհատուցման վերաբերյալ պետությանը ներկայացված հայցը
83. 2006թ. հունվարի 12-ին դիմողը Պետության պատասխանատվության վերաբերյալ 1969թ. օրենքի 9-րդ բաժնի հիման վրա Արդարադատության նախարարությունից պահանջել է իրեն ապօրինի կալանավորելու համար 1,358,907.80 SKK-ի չափով փոխհատուցում տրամադրել: Նա հիմնվել է Սահմանադրական դատարանի 2005թ. հունվարի 11-ի որոշման վրա (տե՛ս վերը՝ կետ 52):
84. Նախարարությունից պատասխան չստանալով՝ դիմողը 2006թ. հուլիսի 11-ին հայց է ներկայացրել Տրենսինի շրջանային դատարան:
85. 2007թ. մայիսի 18-ի դիտարկումներում նախարարությունը նշել է, որ Օրենքի 5(1)-րդ բաժնի իմաստով՝ ապօրինի կալանավորման համար փոխհատուցում տրամադրելու հարց կարող է բարձրանալ միայն այն դեպքում, երբ մեղադրանքից հրաժարում է տեղի ունեցել կամ անձն արդարացվել է, մինչդեռ դիմողի գործով նման բան տեղի չի ունեցել: Քանի որ դիմողին առաջադրված մեղադրանքներից հրաժարում տեղի չի ունեցել, ուստի նրան չի կարող ապօրինի մեղադրանքի համար Օրենքի 4(1)-րդ բաժնի իմաստով փոխհատուցում տրամադրվել:
86. 2007թ. նոյեմբերի 9-ին վարույթը կասեցվել է մինչև դիմողի վերաբերյալ քրեական գործի ավարտը:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱ
A. Խարտիան (Listina základných práv s slobôd) և դրա վերաբերյալ Սահմանադրական դատարանի և ընդհանուր իրավասության դատարանների պրակտիկան
87. Համապատասխան դրույթները և դատական պրակտիկան ամփոփված են Դատարանի հետևյալ վճիռներում՝ Štetiar and Šutek v. Slovakia (գանգատներ թիվ 20271/06 և 17517/07, կետեր 31-33, 40 և 47, 2010թ. նոյեմբերի 23), Gոl v. Slovakia (գանգատ թիվ 45426/06, կետեր 19-22 և 27, 2010թ. նոյեմբերի 30), Michalko v. Slovakia (գանգատ թիվ 35377/05, կետեր 39-41, 65 և 77, 2010թ. դեկտեմբերի 21):
B. Սահմանադրություն (Ústava))
88. Համապատասխան դրույթներն ամփոփված են Դատարանի հետևյալ վճիռներում՝ Štetiar and Šutek v. Slovakia (տե՛ս վերը՝ կետեր 34-37), Gոl v. Slovakia (տե՛ս վերը՝ կետեր 23-26), Michalko v. Slovakia (տե՛ս վերը՝ կետեր 42-45):
C. Քրեական դատավարության օրենսգիրք
89. Համապատասխան դրույթներն ամփոփված են Դատարանի հետևյալ վճիռներում՝ Štetiar and Šutek v. Slovakia (տե՛ս վերը՝ կետեր 44-46), Gոl v. Slovakia (տե՛ս վերը՝ կետեր 28-30), Michalko v. Slovakia (տե՛ս վերը՝ կետեր 70-75):
D. Օրենքի ընդունման վերաբերյալ կանոններ
90. Համապատասխան կանոններն ամփոփված են Դատարանի հետևյալ վճիռներում՝ Štetiar and Šutek v. Slovakia (տե՛ս վերը՝ կետեր 48-51), Gոl v. Slovakia (տե՛ս վերը՝ կետեր 31-34), Michalko v. Slovakia (տե՛ս վերը՝ կետեր 78-81):
E. Սահմանադրական դատարանի մասին օրենքը և դրա 53(3)-րդ բաժնի վերաբերյալ Սահմանադրական դատարանի պրակտիկան
91. Համապատասխան դրույթները և դատական պրակտիկան ամփոփված են Դատարանի հետևյալ վճիռներում՝ Štetiar and Šutek v. Slovakia (տե՛ս վերը՝ կետեր 38, 39 և 41-43), Michalko v. Slovakia (տե՛ս վերը՝ կետեր 46, 47 և 66-69):
F. Պետության պատասխանատվության վերաբերյալ 1969 և 2003 թվականների օրենքները և դրանց կապակցությամբ ընդհանուր իրավասության դատարանների պրակտիկան
92. Իր` 2007թ. մայիսի 31-ի որոշմամբ` կապված Պետության պատասխանատվության վերաբերյալ 1969թ. օրենքի հիման վրա փոխհատուցում ստանալուն ուղղված գործողությունների` օրենքով (թիվ 4 Cdo 177/2005) սահմանված կարգով բողոքարկման հետ, Սահմանադրական դատարանը հաստատել է այն մոտեցումը, որ ո՛չ օրենքը, ո՛չ անձնական արժանապատվության պաշտպանությանն ուղղված գործողությունն իրավական հիմք չեն ստեղծում ապօրինի կալանավորման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման համար:
Պետության պատասխանատվության վերաբերյալ 1969թ. օրենքը, սակայն, պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան, որը ենթադրում է ոչ նյութական վնասի փոխհատուցում, և որը Սահմանադրության 154(c)-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գերակայում է օրենսդրական տեքստի նկատմամբ:
93. Համապատասխան օրենսդրական դրույթները և դատական պրակտիկան ամփոփված են հետևյալ վճիռներում՝ Michalko v. Slovakia (տե՛ս վերը՝ կետեր 48-64), Osvոthovո v. Slovakia (գանգատ թիվ 15684/05, կետեր 37-46, 2010թ. դեկտեմբերի 21), Pavletić v. Slovakia (գանգատ թիվ 39359/98, կետեր 50-52, 2004թ. հունիսի 22) և Havala v. Slovakia ((dec.), գանգատ թիվ 47804/99, 2001թ. սեպտեմբերի 13):
G. Քաղաքացիական օրենսգիրքը և դրա 11-րդ հոդվածի et seq. (անձնական արժանապատվության պաշտպանություն) կապակցությամբ ընդհանուր իրավասության դատարանների պրակտիկան
94. Համապատասխան օրենսդրական դրույթները և դատական պրակտիկան ամփոփված են հետևյալ վճիռներում՝ Furdík v. Slovakia ((dec գանգատ թիվ 42994/05, 2008թ. դեկտեմբերի 2), Kontrovո v. Slovakia (գանգատ թիվ 7510/04, կետեր 33-35, ECHR 2007-VI (քաղվածքներ)), Nešťոk v. Slovakia (գանգատ թիվ 65559/01, կետեր 48-52, 2007թ. փետրվարի 27), Pavlik v. Slovakia (գանգատ թիվ 74827/01, կետեր 62-66, 2007թ. հունվարի 30), Kvasnica v. Slovakia ((dec.) գանգատ թիվ 72094/01, 2006թ. սեպտեմբերի 26), Babylonová v. Slovakia (գանգատ թիվ 69146/01, կետ 21, ECHR 2006-VIII), Kontrova v. Slovakia (տե՛ս վերը՝ (dec.), 2006թ. հունիսի 13) և Varga v. Slovakia ((dec.), գանգատ թիվ 47811/99, 2004թ. հունիսի 22):
H. Հեռախոսային խոսակցությունների վերահսկողության կապակցությամբ Սահմանադրական դատարանի պրակտիկան
95. Հեռախոսային խոսակցությունների վերահսկողության հարցին Սահմանադրական դատարանն անդրադարձել է հետևյալ գործերով` IV. US 76/05, I. US 274/05, I. US 117/07, III. US 80/08, IV. US 121/09, II. US 280/09 և III. US 180/2010:
96. Սահմանադրական դատարանն անընդունելի է ճանաչել թիվ IV. US 76/05 (2005թ. մարտի 16), IV. US 121/09 (2009թ. ապրիլի 9), II. US 280/09 (2009թ. սեպտեմբերի 10) և III. US 180/2010 (2010թ. մայիսի 4) գործերը, քանի որ պետք է օգտվեին, սակայն չեն օգտվել հեռախոսային խոսակցությունների վերահսկման արդյունքում ձեռք բերված ապացույցներն իրենց վերաբերյալ քրեական վարույթի ընթացքում վիճարկելու հնարավորությունից, և/կամ բողոքներն ակնհայտորեն անհիմն են եղել:
Այս գործերից ոչ մեկով Սահմանադրական դատարանը չի պահանջել, որպեսզի Սահմանադրական դատարանի մասին օրենքի 53(3)-րդ բաժնի իմաստով` ընդհանուր ընթացակարգերն սպառելու նպատակով դիմողներն իրենց իրավունքները և օրինական շահերը պաշտպանեն անձնական արժանապատվության պաշտպանությանն ուղղված գործողությունների միջոցով:
97. I. US 274/05 (2006թ. հուլիսի 14), I. US 117/07 (2009թ. փետրվարի 4) և III. US 80/08 (2008թ. մայիսի 27) գործերով Սահմանադրական դատարանը գտել է, որ դիմողների հեռախոսային խոսակցությունների վերահսկողության արդյունքում տեղի է ունեցել նրանց` Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված իրավունքների և ազատությունների խախտում և նրանց պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում է տրամադրել:
Այս գործերից ոչ մեկում որևէ նշում չկա ո՛չ այն մասին, որ դիմողներն իրենց իրավունքները և շահերը պաշտպանել են անձնական արժանապատվության պաշտպանությանն ուղղված գործողությունների միջոցով, ո՛չ այն մասին, որ Սահմանադրական դատարանը պահանջել է նրանցից անել դա` Սահմանադրական դատարանի մասին օրենքի 53(3)-րդ բաժնի իմաստով` ընդհանուր ընթացակարգերն սպառելու նպատակով:
98. Նախորդ կետում նշված վճիռներով Սահմանադրական դատարանը գտել է, որ հեռախոսային խոսակցությունների վերահսկողության վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ: Այն ենթակա չէ վերանայման ընդհանուր իրավասության դատարանի կողմից, որը որոշումը կայացրել է:
Շահագրգիռ անձինք, այնուամենայնիվ, պետք է որոշման դեմ իրավական ընթացակարգ կիրառել ինչպես վերահսկողության միջոցով ձեռք բերված ապացույցների, այնպես էլ ինքնին վերահսկողության կապակցությամբ: Սակայն շահագրգիռ անձինք չեն կարող անձնական արժանապատվության պաշտպանության ենթատեքստում, ինքնին վերահսկողության փաստի կապակցությամբ ընդհանուր իրավասության դատարաններից, լինեն դրանք քրեական, թե` քաղաքացիական, դատական որոշում պահանջել:
ՕՐԵՆՔ
99. Կառավարությունն առարկել է, որ դիմողը չի պահպանել ներպետական ընթացակարգերի սպառման` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջն այն առումով, որ չի պաշտպանել իր իրավունքները Պետության պատասխանատվության մասին 1969թ. օրենքի իմաստով: Այդ կապակցությամբ այն հիմնվել է ընդհանուր իրավասության դատարանների պրակտիկայի վերջին զարգացումների վրա (տե՛ս վերը` կետ 92) և, մասնավորապես, վիճարկել, որ այդ օրենքի 18-րդ et seq. բաժինների իմաստով՝ դիմողի կողմից բարձրացված՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջը կարող է ներկայացվել ոչ ճիշտ պաշտոնական գործողության պարագայում: Հակասության կամ անհամապատասխանության դեպքում ամբողջ օրենքը պետք է մեկնաբանվեր և կիրառվեր մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան:
100. Իր պատասխանում դիմողն անհամաձայնություն է հայտնել և մասնավորապես նշել, որ Կառավարության փաստարկը զուր ենթադրություն է և որ Պետության պատասխանատվության մասին 1969թ. օրենքն իր գործով կիրառելի չէ: Դա ապացուցելու համար և նման փաստարկի առաջքաշումը ենթադրելով՝ նա, այնուամենայնիվ, այդ օրենքի հիման վրա փոխհատուցման պահանջ է ներկայացրել:
101. Դատարանը կրկնում է իր նախորդ եզրակացությունն այն մասին, որ, սկզբունքորեն, Պետության պատասխանատվության մասին 1969թ. օրենքը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում չի նախատեսում (տե՛ս, օրինակ, վերը՝ Pavletić v. Slovakia, կետ 55, տե՛ս նաև վերը՝ Havala v. Slovakia):
102. Քանի որ Կառավարությունը հիմք է ընդունել ներպետական դատարանների համապատասխան պրակտիկայի վերջին զարգացումները, Դատարանը գտնում է, որ այդ զարգացումներն սկսվել են 2007 թվականից, այսինքն՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի հիման վրա սույն դիմումում վիճարկված հանգամանքներից հետո:
103. Բացի դրանից, ամեն դեպքում Դատարանը կրկնում է, որ եթե առկա է ընտրություն իրավական ընթացակարգերի միջև, սպառման կանոնը պետք է կիրառվի այնպես, որ արտացոլի դիմողի կարգավիճակի պրակտիկ իրողությունը՝ ապահովելու համար Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանությունը: Բացի դրանից, դիմողին, ով կիրառել է ակնհայտորեն արդյունավետ և բավարար ընթացակարգ, չի կարող պարտադրվել կիրառելու այլ ընթացակարգեր, որոնք ևս հասանելի են եղել, սակայն, հավանաբար, չէին կարող հաջողությամբ ավարտվել (տե՛ս Adamski v. Poland (dec.), գանգատ թիվ 6973/04, 2009թ. հունվարի 27, հետագա հղումներով):
104. Սույն գործով դիմողը 5-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքների պաշտպանության համար Սահմանադրության 127-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել է Սահմանադրական դատարան:
105. Սահմանադրական դատարանը` որպես Սլովակիայում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համար պատասխանատու բարձրագույն իշխանական մարմին, իրավասու էր քննել դիմողի բողոքը և համապատասխան դեպքում նրան փոխհատուցում տրամադրել (տե՛ս, mutatis mutandis, Lawyer Partners A.S. v. Slovakia, գանգատներ թիվ 54252/07, 3274/08, 3377/08, 3505/08, 3526/08, 3741/08, 3786/08, 3807/08, 3824/08, 15055/08, 29548/08, 29551/08, 29552/08, 29555/08 և 29557/08, կետ 45, ECHR 2009-..., հետագա հղումներով):
106. Դատարանը նաև նշում է, որ դիմողի կողմից ընտրված գործողությունների ուղղությունը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ներպետական ընթացակարգերի կանոնի իմաստով արդյունավետ է համարվում, և որ Սահմանադրական դատարանը քննության է առել դիմողի բողոքները` առանց նրանից պահանջելու սպառել այն ընթացակարգերը, որոնք հիմա վկայակոչվում են Կառավարության կողմից:
Այս հանգամանքներում Դատարանը գտնում է, որ կիրառված ընթացակարգերի առումով դիմողի գործողությունների ուղղությունը ողջամիտ և պատշաճ է եղել:
107. Բացի դրանից, հաշվի առնելով այն, որ Սահմանադրական դատարանում դիմողի բողոքներն ըստ էության հաջողության չեն հասել, Դատարանը որևէ պատճառ չի գտնում եզրակացնելու, որ առկա է եղել որևէ իրական հեռանկար առ այն, որ ընդհանուր իրավասության դատարանը` հակառակ Սահմանադրական դատարանի որոշման, Պետության պատասխանատվության վերաբերյալ 1969թ. օրենքին համապատասխան եզրակացության կհանգեր:
108. Հետևաբար, Պետության պատասխանատվության վերաբերյալ 1969թ. օրենքի իմաստով ներպետական ընթացակարգերն սպառված չլինելու վերաբերյալ Կառավարության առարկությունը պետք է մերժվի:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
109. Դիմողը փաստարկել է.
(i) որ իր ձերբակալումը և նախնական կալանքը հիմնված չի եղել իր կողմից հանցանք կատարելու վերաբերյալ հիմնավոր կասկածի վրա և անհրաժեշտ չի եղել.
(ii) որ նա ձերբակալվելուց հետո քսանչորս ժամվա ընթացքում չի տարվել դատավորի մոտ, ինչպես դա նախատեսված է Խարտիայով.
(iii) որ իրեն կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրած դատարաններն այդ կապակցությամբ որոշում կայացնելու տարածքային ընդդատությամբ օժտված չեն եղել, և
(iv) որ գործերն էլեկտրոնային համակարգով դատավորներին մակագրելու՝ օրենքով նախատեսված մեթոդը չի պահպանվել:
110. Դատարանը գտնում է, որ նախորդ կետում շարադրված բողոքները, բնականաբար, պետք է քննվեն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (c) կետի հիման վրա, որի համաձայն՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և oրենքով uահմանված կարգով.
...
(c) անձի oրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու oրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար.
...»:
A. Ողջամիտ կասկած և անհրաժեշտություն
111. Դատարանի նախադեպային իրավունքն ամփոփված է ընդդեմ Սլովակիայի վերջերս կայացված հետևյալ վճիռներով. Štetiar and Šutek (տե՛ս վերը՝ կետեր 93-95) և Michalko v. Slovakia (տե՛ս վերը՝ կետեր 112 և 113):
112. Դատարանն արձանագրում է, որ սույն գործով դիմողը ձերբակալվել է 2002թ. դեկտեմբերի 12-ին՝ 2002թ. դեկտեմբերի 9-ին նրան և յոթ այլ անձի առաջադրված մեղադրանքների հիման վրա, որոնք կապված են եղել բարդ սխեմայով իրականացված և տարբեր վայրերում գտնվող մի քանի անձանց ներգրավմամբ, նախնական համաձայնությամբ կատարված հափշտակության հետ, և որոնք լայնածավալ քննության առարկա են հանդիսացել:
113. Այս հանգամանքներում Դատարանը գտնում է, որ դիմողի ձերբակալումը և նախնական կալանքն ամբողջությամբ տեղավորվում են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (c) կետի շրջանակում, ուստի դրանք իրականացվել են նրան իրավասու դատական մարմին բերելու նպատակով: Միաժամանակ, անհրաժեշտ ուշադրություն դարձնելով նրա դեմ հարուցված վարույթի սկզբնական փուլում (տե՛ս, օրինակ, McKay v. the United Kingdom [GC], գանգատ թիվ 543/03, կետ 45, ECHR 2006-X) նրա ազատության սահմանափակմանը (տարբերությունը նկատելու համար տե՛ս ստորև՝ կետեր 127-132), Դատարանը գտնում է, որ դիմողին ներկայացված կասկածը, որի վրա հիմնվել են ներպետական իշխանությունները, վերը վկայակոչված նախադեպի իմաստով՝ ողջամիտ է եղել:
114. Հետևաբար, դիմումի համապատասխան մասն ակնհայտորեն անհիմն է և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3 (a) և 4-րդ մասերին համապատասխան պետք է մերժվի:
B. Խարտիայով նախատեսված քսանչորսժամյա ժամկետը
115. Վերջերս Դատարանը քննության է առել Խարտիայով նախատեսված քսանչորսժամյա ժամկետի տևողության վերաբերյալ փաստարկը և գտել, որ այն ակնհայտորեն անհիմն է (տե՛ս վերը՝ Štetiar and Šutek v. Slovakia (կետեր 79-91), տե՛ս վերը՝ Gոl v. Slovakia (կետեր 39-53), և տե՛ս վերը՝ Michalko v. Slovakia (կետեր 98-110): Այն որևէ պատճառ չի գտել սույն գործով այլ եզրակացություն անելու համար:
116. Հետևաբար, դիմումի համապատասխան մասն ակնհայտորեն անհիմն է և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3 (a) և 4-րդ մասերին համապատասխան պետք է մերժվի:
C. Տարածքային ընդդատությունը և գործերի մակագրման մեթոդը
117. Դատարանը գտնում է, որ դիմողի կալանավորման գործի քննության կապակցությամբ ընդհանուր իրավասության դատարանների տարածքային ընդդատության հարցը քննարկվել է Սահմանադրական դատարանի 2003թ. մարտի 26-ի որոշման մեջ (տե՛ս վերը՝ կետեր 29 և 30):
Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ այս հարցը կարգավորվում է ՔԴՕ 26-րդ հոդվածով, որի համաձայն՝ վարույթի նախապատրաստական փուլին վերաբերող հարցերը քննելու իրավասությամբ օժտված է այն տարածքի դատարանը, որտեղ դատախազը գործում է:
118. Դատարանը նաև գտնում է, որ Գլխավոր դատախազի 2002թ. հոկտեմբերի 9-ի որոշման (տե՛ս վերը՝ կետ 7) հիման վրա՝ դիմողի կալանավորման վերաբերյալ գործը քննվել է Տրենսինի տարածաշրջանային դատախազի կողմից: Այդ որոշումն անուղղակի կերպով սահմանել է դիմողի կալանավորման գործի կապակցությամբ Տրենսինի դատարանների տարածքային ընդդատությունը:
119. Սահմանադրական դատարանի եզրահանգումները և ներպետական օրենսդրության հետ համապատասխանության հարցերի քննության կապակցությամբ նրա սահմանափակ լիազորությունը հաշվի առնելով (տե՛ս, օրինակ, Toshev v. Bulgaria, գանգատ թիվ 56308/00, կետ 58, 2006թ. օգոստոսի 10, և Öcalan v. Turkey [GC գանգատ թիվ 46221/99, կետ 84, ECHR 2005-IV)՝ Դատարանը եզրակացնում է, որ դիմողի կալանքի վերաբերյալ գործը քննելու՝ Տրենսինի ընդհանուր իրավասության դատարանի տարածքային ընդդատությունը ներպետական օրենսդրության մեջ իրավական հիմքեր ունի և սահմանվել է կիրառելի դրույթներին համապատասխան:
120. Ապա Դատարանը գտնում է, որ Գլխավոր դատախազի 2002թ. հոկտեմբերի 9-ի որոշումը, որով դիմողի կալանավորման գործի նկատմամբ հսկողությունը և վարույթի իրականացումը Տրենսինի տարածաշրջանային դատախազությանն է հանձնվել, հիմնված է եղել այն կարծիքի վրա, որ ենթադրյալ հանցագործությունն ավելի մեծ հանցավոր համագործակցության մաս է, որում ընդգրկված են մի քանի անձինք` տարբեր վայրերից, որով անհրաժեշտ է լայնածավալ քննություն կատարել, և որ այդ որոշումը կայացվել է վարույթի արդյունավետությունը և արագությունն ապահովելու նպատակով:
121. Դիմողի փաստարկի հիմնավորվածության կապակցությամբ Դատարանը չի գտնում որևէ նշում այն մասին, որ նրա գործը Տրենսինի տարածաշրջանային դատախազին հանձնելը և դրա արդյունքում Տրենսինի դատարանների տարածքային ընդդատությունը սահմանելը կամայական է եղել և հանգեցրել է այն բանին, որ նրա կալանավորումը չի համապատասխանում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (c) կետին:
122. Ինչ վերաբերում է շրջանային դատարանում դիմողի կալանավորման գործի մակագրության ժամանակ թույլ տրված խախտումների վերաբերյալ բողոքին, ապա, եթե անգամ ընդունվի, որ նման բան տեղի է ունեցել, Դատարանը գտնում է, որ, ի լրումն դիմողի միջանկյալ բողոքների, նրան կալանավորելու հիմքերի պատշաճ և բավարար լինելը, ինչպես նաև նրա կալանավորման դատավարական կարգի օրինականությունը քննության է առնվել և հաստատվել ընդհանուր կարգով քննություն կատարելու իրավասությամբ օժտված վերաքննիչ դատարանի կողմից:
123. Հետևաբար, դիմումի համապատասխան մասն ակնհայտորեն անհիմն է և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3 (a) և 4-րդ մասերին համապատասխան պետք է մերժվի:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
124. Դիմողը վիճարկել է, որ իրեն կալանքի տակ պահելու ժամկետի երկարացումն իր կողմից հանցանքի կատարման մասին վկայող հիմնավոր կասկածի վրա հիմնված չի եղել, ինչպես նաև անհրաժեշտ չի եղել և չափազանց երկար է տևել:
Դատարանը գտնում է, որ դիմումի այս հատվածը, բնականաբար, պետք է քննարկվի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի լույսի ներքո, որի համաձայն`
«3. Uույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատաuխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն oրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»:
125. Կառավարությունը վկայակոչել է Սահմանադրական դատարանի 2004թ. հոկտեմբերի 8-ի, 2005թ. հունվարի 11-ի և հոկտեմբերի 26-ի որոշումները: Այն գտել է, որ այս որոշումներում Սահմանադրական դատարանն արձանագրել է դիմողի` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքների խախտում և փոխհատուցել է նրա կրած իրավական ծախսերը: Բացի դրանից, 2005թ. հունվարի 11-ի և հոկտեմբերի 26-ի որոշումներով Սահմանադրական դատարանը կրած ոչ նյութական վնասի փոխհատուցում է տրամադրել դիմողին:
Կառավարությունը, վկայակոչելով Դատարանի` Pavletić v. Slovakia (տե՛ս վերը) գործով 2004թ. հունիսի 22-ի վճիռը, նշել է նաև, որ եթե դիմողն իր գործով նախնական քննության ընթացքում գտնվել է կալանքի տակ, ապա այդ ժամկետը հանվում է նրա նկատմամբ նշանակված պատժի ժամկետից:
Կառավարությունը եզրահանգել է, որ այս հանգամանքներում դիմողն այլևս չի կարող պնդել, որ 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իր իրավունքների խախտման պատճառով Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով տուժող է հանդիսանում:
126. Դիմողն իր անհամաձայնությունն է արտահայտել: Նա նշել է, որ ներպետական իշխանություններն ամբողջությամբ անտեսել են կոնվենցիոն նախադեպային իրավունքը և իր կոնվենցիոն իրավունքների պաշտպանության իր փորձերը: Ապա նա նշել է, որ դա արտացոլված է այն հանգամանքում, որ Սահմանադրական դատարանի կողմից ընդունվել է իր կրած իրավական ծախսերի փոխհատուցման վերաբերյալ պահանջի մի մասը միայն: Բացի դրանից, իր նկատմամբ վերաբերմունքը պետք է անմեղության կանխավարկածով պայմանավորված լիներ, և, քանի որ իր նկատմամբ ազատազրկում չի կիրառվել, Pavletić v. Slovakia (տե՛ս վերևում) վճռի վկայակոչումը ճիշտ չէ:
127. Դատարանը կրկնում է, որ դիմողի` Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով «տուժողի» կարգավիճակը հիմնված է այն հանգամանքի վրա, թե արդյոք ներպետական իշխանություններն ուղղակիորեն կամ ըստ էության ընդունել են Կոնվենցիայի ենթադրյալ խախտումը և, անհրաժեշտության դեպքում` պատշաճ փոխհատուցում տրամադրել: Միայն այն դեպքում, երբ այս պայմանները բավարարված են, Կոնվենցիայի պաշտպանական մեխանիզմի օժանդակ (սուբսիդիար) բնույթը խոչընդոտում է դիմումի քննությանը (տե՛ս Cocchiarella v. Italy [GC], գանգատ թիվ 64886/01, կետ 71, ECHR 2006-V):
128. Դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանը երեք դեպքերում արձանագրել է դիմողի` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքների խախտում:
Մասնավորապես, այն դա արձանագրել է 2004թ. հոկտեմբերի 8-ին` դիմողի` իր նկատմամբ կալանքը գրավով փոխարինելու կապակցությամբ այլընտրանքային առաջարկի վերաբերյալ որոշում կայացնելու առումով, 2005թ. հունվարի 11-ին` նրան կալանքի տակ պահելը հիմնավորող պատճառները չկոնկրետացնելու առումով, և 2005թ. հոկտեմբերի 26-ին` դիմողի` իր նկատմամբ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ խնդրանքի կապակցությամբ պաշտոնապես որոշում կայացնելուց կրկին հրաժարվելու առումով:
129. Դատարանը գտնում է, որ թեև այս դատողությունները հստակորեն չեն համապատասխանում դիմողի կոնկրետ փաստարկներին, որոնք ձևակերպված են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի լույսի ներքո, ըստ էության դրանք վերաբերում են այդ դրույթի իմաստով դիմողին վերապահված իրավական պաշտպանության բացերին:
130. Դատարանը նաև գտնում է, որ վերոնշյալ վճիռներում Սահմանադրական դատարանը դիմողին իր կրած իրավական ծախսերի փոխհատուցում և ընդհանուր առմամբ` 100.000 SKK է տրամադրել` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
131. Համապատասխան բոլոր հանգամանքները հաշվի առնելով, այդ թվում` քննության բարդությունը, ենթադրյալ հանցագործությունների ծանրությունը և դիմողի նախնական կալանքի ընդհանուր տևողությունը (1 տարի, 1 ամիս և 10 օր, 2002թ. դեկտեմբերի 12-ից 2004թ. հունվարի 22-ը)` Դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի դատողությունները և նրա որոշումների հիման վրա դիմողին տրամադրված փոխհատուցումը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով դիմողին վերապահված իրավունքների արձանագրված խախտման կապակցությամբ` բավարար է և պատշաճ:
132. Դատարանը, հետևաբար, եզրահանգում է, որ դիմողը չի կարող պնդել, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իր իրավունքների ենթադրյալ խախտման կապակցությամբ` 34-րդ հոդվածի իմաստով «տուժող» է հանդիսանում:
Հետևաբար, դիմումի համապատասխան մասն ակնհայտորեն անհիմն է և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3 (a) և 4-րդ մասերին համապատասխան պետք է մերժվի:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
133. Ապա դիմողը փաստարկել է.
(i) որ իրեն ազատ արձակելու վերաբերյալ իր խնդրանքների և իրեն կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման կապակցությամբ որոշում կայացրած դատավորներն անկողմնակալ չեն եղել,
(ii) որ իրեն կալանավորելու վերաբերյալ վարույթը մրցակցային, անմիջական, բանավոր, արագ և միջոցների հավասարության սկզբունքին համապատասխան չի եղել, և
(iii) որ որոշումները պատշաճ կերպով պատճառաբանված չեն եղել:
Դատարանը գտնում է, որ այս փաստարկները, բնականաբար, պետք է քննության առնվեն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի լույսի ներքո, որի համաձայն`
«Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:
A. Ընդունելիություն
1. Կալանքի դեմ ներկայացված միջանկյալ բողոքը
134. Կառավարությունը վկայակոչել է Սահմանադրական դատարանի 2004թ. մարտի 11-ի որոշումը (տե՛ս վերը` կետ 31) և նշել, որ վերը` 125-րդ կետում ամփոփված պատճառներով դիմողն այլևս Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով և այդ նույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավունքների խախտման հիմքով այլևս տուժող չի կարող դիտվել:
135. Բացի դրանից, վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2003թ. մարտի 26-ի որոշումը (տե՛ս վերը` կետեր 29 և 30), Կառավարությունը գտել է, որ Սահմանադրական դատարան ներկայացված իր այն բողոքի կապակցությամբ, որը վերաբերում էր իր պաշտպանությունը նախապատրաստելու համար բավարար ժամանակ և հնարավորություն ունենալուն, դիմողը չի սպառել ներպետական ընթացակարգերը:
136. Վերջապես, Կառավարությունը գտել է, որ վարույթի «արագ» չլինելու վերաբերյալ բողոքն ակնհայտ անհիմն է:
137. Դիմողն այդ կապակցությամբ իր անհամաձայնությունն է հայտնել և բարձրացրել է վերը` 126-րդ կետում վկայակոչված փաստարկներին նման փաստարկներ:
138. Դատարանը գտնում է, որ 2003թ. մարտի 26-ին Սահմանադրական դատարանն անընդունելի է ճանաչել դիմողի բողոքն այն մասին, որ նա չի ունեցել բավարար ժամանակ և հնարավորություն իր փաստաբանի հետ խորհրդակցելու և իր պաշտպանությունը նախապատրաստելու համար: Սահմանադրական դատարանը գտել է, որ դիմողը տեղյակ էր իր կողմից վիճարկվող փաստերի մասին դրանց տեղի ունենալու օրը, այն է` կալանքի վերաբերյալ դատական լսման օրը` 2002թ. դեկտեմբերի 14-ին: Այն եզրահանգել է, որ դիմողն այդ օրվանից սկսած` օրենքով նախատեսված երկամսյա ժամկետում իր բողոքը չի ներկայացրել Սահմանադրական դատարան:
139. Դատարանն այդ եզրահանգման կապակցությամբ, իր ընդհանուր պրակտիկային հակառակ (տե՛ս, օրինակ, վերը` Štetiar and Šutek v. Slovakia, կետ 21 և տե՛ս վերը` Michalko v. Slovakia, կետ 22), նաև գտնում է, որ Սահմանադրական դատարանը կարծես չի նկատել, որ նախքան սահմանադրական բողոք ներկայացնելը դիմողն իր իրավունքների պաշտպանության համար միջանկյալ բողոք է ներկայացրել, ինչը նա Սահմանադրական դատարանի մասին օրենքի 53(1) բաժնի հիման վրա փաստորեն պարտավոր էր անել:
140. Արդյոք Սահմանադրական դատարանը հաշվի է առել դիմողի միջանկյալ բողոքը, որի կապակցությամբ վերաքննիչ դատարանը լիովին իրավասու էր շտկել դիմողի իրավիճակը, պարզ է, որ այդ կապակցությամբ վերաքննիչ դատարանի որոշումը դիմողին տրամադրվել է նախատեսված երկամսյա ժամկետում (2003թ. փետրվարի 3), նախքան նրա կողմից սահմանադրական բողոք ներկայացնելը (2003թ. մարտի 7):
141. Դատարանը, հետևաբար, եզրահանգում է, որ ներպետական ընթացակարգերի չսպառման վերաբերյալ Կառավարության առարկությունը չի կարող ընդունվել:
142. Ապա Դատարանը գտնում է, որ թեև Սահմանադրական դատարանն իր` 2004թ. մարտի 11-ի որոշմամբ արձանագրել է դիմողի` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավունքների խախտում, այն դա արել է դիմողի բողոքի մեկ բաղադրիչի կապակցությամբ (գործի նյութերին չծանոթանալը):
Այլ կերպ ասած, Սահմանադրական դատարանի դատողությունները չեն առնչվում դիմողի բողոքի մնացյալ բաղադրիչներին, որոնցից է իր պաշտպանությունը նախապատրաստելու համար ենթադրաբար բավարար ժամանակ և հնարավորություն չունենալը, ընդհանուր իրավասության դատարանների պատճառաբանություններում առկա ենթադրյալ բացերը և վարույթի ենթադրյալ «արագ» չլինելը:
Դատարանը նաև գտնում է, որ դիմողին պատճառված ոչ նյութական վնասի որևէ փոխհատուցում չի տրամադրվել:
143. Դատարանը եզրահանգում է, որ այս հանգամանքներում դիմողը Կոնվենցիայի 34-րդ հոդվածի և քննարկվող նախադեպային իրավունքի (տե՛ս վերը` կետ 127) իմաստով տուժողի իր կարգավիճակը չի կորցրել:
144. Դատարանը նշում է, որ դիմումի համապատասխան մասը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի (a) կետի իմաստով ակնհայտորեն անհիմն չէ: Այն անհիմն ճանաչելու որևէ այլ հիմք չի արձանագրվել: Հետևաբար, այն պետք է ընդունելի ճանաչվի:
2. Իրեն ազատ արձակելու վերաբերյալ առաջին խնդրանքը
145. Կողմերը վերոնշյալ փաստարկներին նման փաստարկներ են ներկայացրել (տե՛ս վերը` կետեր 125 և 126):
146. Դատարանը գտնում է, որ դիմողի սահմանադրական բողոքի հիման վրա Սահմանադրական դատարանը քննության է առել իրեն ազատ արձակելու մասին` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով, դիմողի խնդրանքի քննության արագությանը և վարույթների այլ բաղադրիչների վերաբերող հարցերը:
2005թ. հոկտեմբերի 26-ի իր որոշմամբ այն գտել է, որ վարույթները չեն համապատասխանել վերոնշյալ դրույթին, քանի որ չեն եղել արագ, դիմողը չի ծանոթացել գործի նյութերին և նրա միջանկյալ բողոքը վերաքննիչ դատարանի ոչ համապատասխան պալատի կողմից է քննության առնվել:
Դիմողին, հետևաբար, տրամադրվել է 80.000 SKK` որպես ոչ նյութական վնասի, ինչպես նաև նրա կրած իրավական ծախսերի փոխհատուցում:
147. Բոլոր համապատասխան հանգամանքները, այդ թվում` արձանագրված խախտումների սահմանները և Սահմանադրական դատարանի կողմից դիմողին տրամադրված փոխհատուցման չափը հաշվի առնելով` Դատարանը գտնում է, որ դիմողն իրեն ազատ արձակելու վերաբերյալ վարույթի ընթացքում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի հաստատված խախտման կապակցությամբ Դատարանի նախադեպային իրավունքի իմաստով (տե՛ս վերը` կետ 127) բավարար և պատշաճ փոխհատուցում է ստացել:
148. Հետևաբար, դիմողն այլևս Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով և քննարկվող վարույթի ընթացքում նույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավունքների խախտման հիմքով այլևս տուժող չի կարող դիտվել:
Հետևաբար, դիմումի համապատասխան մասն ակնհայտորեն անհիմն է և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3 (a) և 4-րդ մասերին համապատասխան՝ պետք է մերժվի:
3. Կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման առաջին միջնորդությունը
149. Վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2005թ. հունվարի 11-ի որոշումը (տե՛ս վերը` կետ 52)` կողմերը վերը` 125-րդ և 126-րդ կետերում ամփոփված փաստարկների նման փաստարկներ են ներկայացրել:
150. Դատարանը գտնում է, որ այն կոչված չէ առանձին որոշում կայացնելու այն հարցի կապակցությամբ, թե արդյոք Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված երաշխիքները ratione materiae կիրառվել են դիմողին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատախազի միջնորդության մեջ, քանի որ, եթե անգամ ընդունենք, որ դրանք պահպանվել են, միևնույն է, դիմումի այս մասն անընդունելի է հետևյալ պատճառներով:
151. Չնայած կարելի է հասկանալ, որ դիմողը ցանկացել է վիճարկել իրեն կալանքի տակ պահելու ժամկետի առաջին երկարացման վերաբերյալ վարույթի «արագ» չլինելը, սակայն նա այդ կապակցությամբ բողոք չի ներկայացրել Սահմանադրական դատարան: Այդ պատճառով, հետևաբար, չի կարելի համարել, որ նա կատարել է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` ներպետական ընթացակարգերի սպառման պահանջը:
152. Դիմողն իր մնացյալ առարկությունները ներկայացրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա, և դրանք վերաբերել են իրեն կալանքի տակ պահելու ժամկետի առաջին երկարացման վերաբերյալ Սահմանադրական դատարանում իրականացված վարույթին:
Իր` 2005թ. հունվարի 11-ի որոշմամբ Սահմանադրական դատարանը գտել է, որ վարույթները չեն համապատասխանել այդ հոդվածով նախատեսված երաշխիքներին:
153. Դատարանը գտնում է, որ թեև Սահմանադրական դատարանի դատողությունները հստակորեն չեն համապատասխանում այն բողոքներին, որոնք ներկայումս դիմողը ձևակերպել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի կապակցությամբ, ըստ էության դրանք վերաբերում են այդ դրույթի իմաստով դիմողին վերապահված իրավական պաշտպանության բացերին:
154. Դատարանը նաև գտնում է, որ վերոնշյալ վճռով Սահմանադրական դատարանը դիմողին տրամադրել է նրա կրած իրավական ծախսերի և 520 EUR-ին համապատասխան` ոչ նյութական վնասի փոխհատուցում:
155. Համապատասխան հանգամանքները, այդ թվում` այն փաստը հաշվի առնելով, որ քննարկվող վարույթի ընթացքում ցանկացած պահի դիմողն ազատ է եղել իր կալանքի օրինականությունը դատարանի կողմից քննարկելու վարույթ հարուցել, Դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի դատողությունները և նրա որոշման հիման վրա դիմողին տրամադրված փոխհատուցումը դիմողին կալանքի տակ պահելու ժամկետի առաջին երկարացման վերաբերյալ վարույթի ընթացքում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի հաստատված խախտման կապակցությամբ` բավարար և պատշաճ է եղել:
156. Հետևաբար, Դատարանը եզրահանգում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով ներկայացված իր բողոքի մնացյալ մասի կապակցությամբ դիմողն այլևս չի կարող Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով «տուժող» ճանաչվել:
157. Հետևաբար, չնայած ներպետական ընթացակարգերն սպառվել են, սակայն դիմումի համապատասխան մասն ակնհայտորեն, անհիմն է և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3 (a) և 4-րդ մասերին համապատասխան պետք է մերժվի:
4. Իրեն ազատ արձակելու վերաբերյալ երկրորդ խնդրանքը
158. Դատարանը գտնում է, որ իրեն ազատ արձակելու վերաբերյալ երկրորդ խնդրանքի կապակցությամբ դիմողը Սահմանադրական դատարանում իր իրավունքները պաշտպանել է երկու առանձին բողոքների միջոցով: Սակայն դրանցից ոչ մեկով կարծես դիմողը կոնկրետ չի վիճարկել ընդհանուր իրավասության դատարաններում վարույթի «արագ» լինելը: Հակառակ դրան, նա կարծես վիճարկել է միայն վարույթների տևողությունը, քանի որ դրանք կապված են եղել դատախազական ծառայության կողմից հարցի քննության հետ (տե՛ս վերը` կետ 55):
159. Այդ նպատակով Դատարանը գտնում է, որ Սահմանադրության 127-րդ հոդվածի հիման վրա ներկայացված բողոքներով անհրաժեշտ է առանձին-առանձին նշել այն պաշտոնատար անձանց, ովքեր կարող են պատասխանատու լինել բողոքաբերի` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման համար, և որոնք, կախված հանգամանքներից, պետք է բողոքաբերին պատշաճ փոխհատուցում տրամադրեն (տե՛ս Bako v. Slovakia (dec.), գանգատ թիվ 60227/00, 2005թ. մարտի 15):
160. Ընդհանուր իրավասության դատարաններում իրականացված վարույթների կապակցությամբ տեղի ունեցած հնարավոր ձգձգումների կապակցությամբ դիմողի կողմից բողոք չներկայացնելը խոչընդոտել է Սահմանադրական դատարանի կողմից նման հնարավոր ձգձգումների կապակցությամբ քննություն իրականացնելուն: Դրանց կապակցությամբ, հետևաբար, չի կարելի ասել, որ դիմողը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով սպառել է ներպետական ընթացակարգերը:
161. Ինչ վերաբերում է հարցը դատախազական ծառայության կողմից քննելուն, ապա Դատարանը նշում է, որ համապատասխան ժամանակահատվածն սկսվել է 2003թ. օգոստոսի 27-ին, երբ դիմողն իրեն կալանքից ազատ արձակելու վերաբերյալ խնդրանք է ներկայացրել, և ավարտվել է 2003թ. սեպտեմբերի 12-ին, երբ դատախազական ծառայությունը դիմողի խնդրանքն ուղարկել է շրջանային դատարան` դատական կարգով որոշում կայացնելու:
Այսպիսով` այն տևել է տասնվեց օր, և Սահմանադրական դատարանը գտել է, որ դա հակասում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասին:
162. Թեև վարույթների ընդհանուր տևողությունը եղել է յոթանասունվեց օր, սակայն դրանց մեծ մասը տեղի է ունեցել ընդհանուր իրավասության դատարաններում:
Դիմողի բողոքը, սակայն, ուղղված չի եղել ընդհանուր իրավասության դատարաններին, և Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ ճիշտ չէ դատախազական ծառայությանը պարտավորեցնել դիմողին փոխհատուցում տրամադրել ընդհանուր իրավասության դատարաններին մեղսագրվող` վարույթի բոլոր հնարավոր ձգձգումների համար (տե՛ս վերը` կետ 62):
163. Բոլոր հանգամանքները, այդ թվում` հարցը դատախազական ծառայության կողմից քննելու և ընդհանուր իրավասության դատարաններում վարույթների տևողությունները, հաշվի առնելով` Դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի դատողությունն այն մասին, որ դատախազական ծառայության կողմից իր խնդրանքի վերաբերյալ «արագ» որոշում կայացնելու կապակցությամբ տեղի է ունեցել դիմողի իրավունքի խախտում, ճիշտ է, և որ Սահմանադրական դատարանը դիմողին դատարանի նախադեպային իրավունքի իմաստով բավարար փոխհատուցում է տրամադրել (տե՛ս վերը` կետ 127):
164. Դատախազական ծառայության կողմից հարցի քննության կապակցությամբ դիմողը, հետևաբար, այլևս չի կարող պնդել, որ իր կալանքի օրինականության հարցի վերաբերյալ որոշում կայացնելու «արագության» կապակցությամբ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իր իրավունքի խախտման զոհ է հանդիսանում:
165. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա ներկայացված դիմողի բողոքի մնացյալ մասին վերաբերելի` Դատարանի նախադեպային իրավունքը վերջերս ամփոփվել է ընդդեմ Սլովակիայի կայացված Դատարանի հետևյալ վճիռներով. Štetiar and Šutek (տե՛ս վերը` կետ 110) և Michalko (տե՛ս վերը` կետ 156):
166. Ինչպես նախկինում Սահմանադրական դատարանը, այնպես էլ Դատարանը գտնում է, որ դիմողը վիճարկել է, որ իրեն ազատ արձակելու վերաբերյալ իր խնդրանքը շրջանային դատարանի դատավորին մակագրելու կապակցությամբ սխալ է թույլ տրվել, որ բանավոր վարույթ չի իրականացվել և որ ընդհանուր իրավասության դատարանի որոշումները կամայական են եղել և դրանցում բացակայել է պատշաճ հիմնավորումը:
167. Դատարանը նշում է, որ դիմողի` իրեն ազատ արձակելու վերաբերյալ խնդրանքը քննության է առնվել շրջանային դատարանի, իսկ նրա միջանկյալ բողոքից հետո` տարածաշրջանային դատարանի կողմից. երկու դատարաններն էլ ընդհանուր կարգով գործը քննելու իրավասություն են ունեցել: Այն եզրահանգում է, քանի որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա ներկայացված դիմողի բողոքի համապատասխան մասը հիմնավորված է եղել, առաջին ատյանի դատարանի կազմի հետ կապված ցանկացած սխալ շտկվել է դիմողի միջանկյալ բողոքի քննության արդյունքում իրականացված գործի վերաքննության միջոցով (տե՛ս, mutatis mutandis, De Cubber v. Belgium, 1984թ. հոկտեմբերի 26, կետ 33, Series A no. 86, էջ 19):
168. Ապա Դատարանը նշում է, որ իրեն ազատ արձակելու վերաբերյալ դիմումի կապակցությամբ լսում իրականացնելը, որպես այդպիսին, ներպետական օրենքով նախատեսված չէ, և որ դիմողը հարցաքննվել է դատավորի կողմից նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս (տե՛ս վերը` կետ 23): Որևէ նշում չկա այն մասին, որ դրանից հետո դիմողն իր կալանքի կապակցությամբ նոր լսում է խնդրել կամ որ նա նման քայլ պահանջող որևէ փաստ կամ օրենք է ներկայացրել:
169. Դատարանը նաև նշում է, որ ընդհանուր իրավասության դատարանները գտել են, որ հանցանք կատարելու վերաբերյալ հիմնավոր կասկածը, որը մեղսագրվել է դիմողին, շարունակում է առկա լինել, և որ դեռևս անհրաժեշտ է նրան կալանքի տակ պահել, քանի որ առկա է վտանգ, որ նա գաղտնի համաձայնության կգա այլ մեղադրյալների հետ: Վերջին եզրակացությունը դատարաններն արել են` վկայակոչելով ապացույցների այն ծավալը, որը դեռևս պետք է հետազոտվի Դատարանի կողմից, ինչպես նաև ենթադրյալ հանցագործության բնույթը, որը հիմք է տալիս ենթադրելու, որ ազատության մեջ լինելու դեպքում դիմողը ներգործություն կունենա այդ ապացույցների վրա:
170. Հիշելով նման վարույթներում կիրառելի դատավարական երաշխիքների մակարդակը, որոնք տարբերվում են դատական քննության ժամանակ կիրառվող երաշխիքներից, Դատարանը որևէ կերպ չի կարող հիմնավորել, որ նման երաշխիքներ չեն տրամադրվել:
Հետևաբար, դիմումի համապատասխան մասն ակնհայտորեն անհիմն է և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3 (a) և 4-րդ մասերին համապատասխան պետք է մերժվի:
5. Դիմողին կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման վերաբերյալ երկրորդ միջնորդության և իրեն ազատ արձակելու մասին երրորդ խնդրանքի վերաբերյալ վարույթների «արագությունը»
171. Դատարանը գտնում է, որ դիմողին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատախազական ծառայության կողմից 2003թ. նոյեմբերի 11-ին ներկայացված միջնորդության (տե՛ս վերը` կետ 63) և դիմողի` իրեն ազատ արձակելու վերաբերյալ 2003թ. նոյեմբերի 21-ի խնդրանքի հիման վրա (տե՛ս վերը` կետ 72), դիմողի կալանավորման օրինականությունը զուգահեռաբար ստուգվել է վարույթի երկու առանձին փուլերի շրջանակներում: Դիմողը այս վարույթների ակտիվ մասնակից է եղել, դրանք իրականացվել են նույն դատարաններում և վարույթի երկու փուլերի վերաբերյալ վերջնական որոշումները կայացվել ու դիմողին են հանձնվել նույն օրը:
Այս հանգամանքներում Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասին վերաբերող` վարույթի երկու փուլերը միասին քննել (տե՛ս, mutatis mutandis, Włoch v. Poland, գանգատ թիվ 27785/95, ECHR 2000-XI):
172. Ինչ վերաբերում է քննության անհապաղության վերաբերյալ պահանջին, ապա Կառավարությունը հիմնվել է Սահմանադրական դատարանի 2004թ. հունիսի 9-ի (տե՛ս վերը` կետեր 77 և 78) և 2004թ. օգոստոսի 25-ի (տե՛ս վերը` կետեր 68 և 69) որոշումների վրա և փաստարկել, որ դիմողը, ժամանակին ներկայացնելով սահմանադրական բողոք, չի պահպանել ներպետական ընթացակարգերն սպառելու վերաբերյալ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը:
173. Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնել Կառավարության փաստարկի կապակցությամբ:
174. Դատարանը գտնում է, որ երկու առանձին` 2004թ. հունիսի 9-ի և օգոստոսի 25 որոշումներով Սահմանադրական դատարանն անընդունելի է ճանաչել իրեն ազատ արձակելու վերաբերյալ իր խնդրանքի և իրեն կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատախազի միջնորդության քննությունն «արագ» չլինելու վերաբերյալ դիմողի բողոքները:
Թեև երկու սահմանադրական բողոքներում դիմողը վիճարկել է ինչպես շրջանային, այնպես էլ տարածաշրջանային դատարաններում գործի քննության տևողությունը, Սահմանադրական դատարանը եզրահանգել է, քանի որ դիմողի բողոքները վերաբերում են շրջանային դատարանին, դրանք ուշացած են, որովհետև բերվել են շրջանային դատարանի որոշումները դիմողին հանձնելուց ավելի քան երկու ամիս հետո:
175. Համանման կերպով, Սահմանադրական դատարանն առանձին քննության է առել տարածաշրջանային դատարանում տեղի ունեցած վարույթի մի մասը և եզրահանգել, որ դրա տևողության վերաբերյալ բողոքն ակնհայտորեն անհիմն է:
176. Այս ենթատեքստում Դատարանը գտնում է, որ առաջին հերթին ազգային իշխանությունները պետք է մշակեն անհատական բողոքների քննության այնպիսի միջոցներ և մեթոդներ, որ ապահովեն դիմողների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը:
177. Դատարանը կրկնում է, որ այսուհետ իր խնդիրն է յուրաքանչյուր գործով պարզել, թե արդյոք ազգային իշխանությունների կողմից իրականացված` դիմողի իրավունքների պաշտպանությունը համեմատելի է այն պաշտպանության հետ, որը Դատարանը կարող է տրամադրել Կոնվենցիայի հիման վրա: Վարույթի տևողության խնդրին վերաբերող դեպքերում նման պահանջը կարող է պահպանված համարվել, եթե ներպետական դատարանների որոշումները, նույն կերպ, ինչպես Դատարանի կողմից կայացված որոշումները, ներառեն վիճարկվող վարույթի բոլոր փուլերը` հաշվի առնելով դրանց ընդհանուր տևողությունը (տե՛ս վերը` Bako v. Slovakia):
Սույն գործով դիմողին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատախազության երկրորդ միջնորդության և իրեն ազատ արձակելու վերաբերյալ դիմողի երրորդ խնդրանքի կապակցությամբ, սակայն, այդպես չի եղել:
178. Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանի եզրահանգումները կարծես հակասում են այլ գործերով, այդ թվում` իրեն ազատ արձակելու վերաբերյալ դիմողի առաջին խնդրանքի վերաբերյալ գործով, նրա պրակտիկային (տե՛ս վերը` կետեր 39 և 41):
Դատարանը եզրահանգում է, որ նման հանգամանքներում դիմումը չի կարող մերժվել` ներպետական ընթացակարգերն սպառված չլինելու պատճառաբանությամբ (տե՛ս նաև վերը` Gոl, կետեր 37, 38 և 66):
179. Դատարանը նշում է, որ դիմումի համապատասխան մասը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի (a) կետի իմաստով ակնհայտորեն անհիմն չէ: Այն անհիմն ճանաչելու որևէ այլ հիմք չի արձանագրվել: Հետևաբար, այն պետք է ընդունելի ճանաչվի:
6. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, որոնք կապված չեն դիմողին կալանքի տակ պահելու ժամկետի երկրորդ երկարացման և իրեն ազատ արձակելու վերաբերյալ երրորդ խնդրանքի «արագ» լինելու հետ
180. Դատարանը գտնում է, որ ինչպես Սահմանադրական դատարանում, դիմողը մասնավորապես պնդել է, որ. շրջանային դատարանն անկողմնակալ չի եղել, իրեն ազատ արձակելու վերաբերյալ դիմողի խնդրանքին ի պատասխան ներկայացված դատախազի դատողությունները և դատախազի 2003թ. նոյեմբերի 11-ի միջնորդությունը իրեն չեն տրամադրվել և ինքն ստիպված է եղել վերջիններիս պատճեններն ինքնուրույն ձեռք բերել, բանավոր վարույթ չի իրականացվել և ինքը չի կարողացել ներկայացնել իր գործը, և որ որոշումները եղել են կամայական և պատշաճ հիմնավորված չեն եղել:
181. Դատարանը նշում է, որ դիմողին կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման վերաբերյալ դատախազի միջնորդությունը և իրեն ազատ արձակելու վերաբերյալ դիմողի խնդրանքը քննվել են շրջանային դատարանի կողմից, իսկ դիմողի միջանկյալ բողոքների հիման վրա` տարածաշրջանային դատարանում. երկու դատարաններն էլ ընդհանուր կարգով գործը քննելու իրավասություն են ունեցել:
Դատարանը գտնում է, որ շրջանային դատարանի` անկողմնակալ չլինելու վերաբերյալ դիմողի բողոքներն իրենց բնույթով նման են Դատարանի կողմից վերը քննության առնված բողոքներին: Հաշվի առնելով այն, որ դրանք հիմնավոր են, Դատարանը որևէ պատճառ չի տեսնում վերը` 167-րդ կետում առկա եզրահանգումից տարբերվող եզրակացություն անելու համար, այսինքն` շրջանային դատարանի անկողմնակալության հետ կապված յուրաքանչյուր թերություն շտկվել է դիմողի միջանկյալ բողոքների հիման վրա գործի վերաքննության արդյունքում (տե՛ս, mutatis mutandis, վերը` De Cubber v. Belgium, կետ 33):
182. Ապա Դատարանը նշում է, որ դատախազի 2003թ. նոյեմբերի 11-ի միջնորդության և իրեն ազատ արձակելու վերաբերյալ դիմողի խնդրանքին նրա պատասխանի պատճեններն ստանալու հետ կապված դժվարությունների վերաբերյալ դիմողի բողոքները քննության են առնվել և, փաստորեն, հաստատվել են Սահմանադրական դատարանի կողմից, որը դրանց կապակցությամբ գտել է, որ խախտվել են դիմողի` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավունքները: Հետևաբար, մնում է պարզել, թե Սահմանադրական դատարանի կողմից դիմողին տրամադրված փոխհատուցումն արդյոք պատշաճ է եղել:
183. Այդ նպատակով Դատարանը գտնում է, որ, ի լրումն դիմողի իրավունքների խախտումը հստակորեն ընդունելուն` Սահմանադրական դատարանը նաև փոխհատուցել է նրա կրած իրավական ծախսերը: Այն գտնում է, որ ոչ նյութական վնասի փոխհատուցումն անհրաժեշտ չէր, քանի որ, inter alia, ընդհանուր իրավասության դատարանները գործել են գոյություն ունեցող օրենքին համապատասխան (տե՛ս վերը` կետեր 70 և 79):
184. Հաշվի առնելով բոլոր համապատասխան փաստերը, այդ թվում այն, որ դիմողն ինքնուրույն է ձեռք բերել դատախազի 2003թ. նոյեմբերի 11-ի միջնորդության պատճենը և որ դատախազի դատողությունները նշված են եղել միայն այդ միջնորդության մեջ, Դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի 2004թ. հոկտեմբերի 8-ի և 2005թ. հունվարի 26-ի որոշումներով դիմողի ստացած փոխհատուցումը Դատարանի նախադեպային իրավունքի իմաստով պատշաճ է եղել (տե՛ս վերը` կետ 127)` հաշվի առնելով դատախազի 2003թ. նոյեմբերի 11-ի միջնորդության և իրեն ազատ արձակելու վերաբերյալ դիմողի խնդրանքին նրա պատասխանի պատճեններն ստանալու համար դիմողի կրած դժվարությունները:
185. Դատարանը գտնում է, որ բանավոր վարույթի բացակայության և իր գործը ներկայացնելու հնարավորության հետագա սահմանափակումների վերաբերյալ դիմողի բողոքներն այն նույն փաստական և իրավական նախապատմությունն են ունեցել, որոնք քննվել են վերը` կետ 168-ում: Դատարանը որևէ պատճառ չի գտնում հակառակ եզրակացության հանգելու համար:
186. Ինչ վերաբերում է ենթադրյալ կամայականությանը և վիճարկվող որոշումների ոչ պատշաճ պատճառաբանվածությանը, ապա Դատարանը գտնում է, որ դրանք հիմնված են այն ենթադրության վրա, որ դեռևս առկա են մի շարք ապացույցներ, որոնք պետք է քննության առնվեն դատարանի կողմից, և որ առկա է վտանգ, որ ազատ արձակվելու դեպքում դիմողն այդ ապացույցների վրա ներգործություն կունենա: Վերջին վտանգը բխում է առավելապես ենթադրյալ հանցագործություններ կատարելու և թաքցնելու եղանակից: Միաժամանակ, Դատարանը գտնում է, որ մինչև 2004թ. փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածը պատշաճ ժամկետ է եղել բոլոր նման կարևոր ապացույցները հետազոտելու համար:
187. Հիշելով նման վարույթներում կիրառելի դատավարական երաշխիքների մակարդակը, որոնք տարբերվում են դատական քննության ժամանակ կիրառվող երաշխիքներից, և այն, որ դիմողը դեռևս կարող է պնդել, որ այդ երաշխիքների խախտման զոհ է հանդիսանում, Դատարանը որևէ կերպ չի կարող հիմնավորել այն եզրահանգումը, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված երաշխիքները, որոնք տարբերվում են վարույթի վերաբերյալ արագ որոշում կայացնելու երաշխիքներից, քննարկվող վարույթների ընթացքում չեն պահպանվել:
Հետևաբար, դիմումի համապատասխան մասն ակնհայտորեն անհիմն է և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3 (a) և 4-րդ մասերին համապատասխան պետք է մերժվի:
B. Հանգամանքները
1. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված երաշխիքները, որոնք կապված չեն կալանավորման դեմ դիմողի միջանկյալ բողոքի քննության արագության հետ
188. Դատարանը գտնում է, որ նախքան դիմողին կալանավորելու հետ կապված լսումը, նա մեկ անգամ ամբողջությամբ զրկված է եղել իր փաստաբանի հետ կապվելու հնարավորությունից (տե՛ս վերը, կետ 21) և մեկ այլ դեպքում նրան թույլատրվել է խորհրդակցել իր փաստաբանի հետ մոտ տասը րոպե (տե՛ս վերը` կետ 22): Սակայն ո՛չ դիմողը, ո՛չ նրա փաստաբանը մինչ այդ պահը չեն ծանոթացել գործի նյութերին, անգամ կալանքի վերաբերյալ լսումից հետո փաստաբանին, ով հանդես է եկել դիմողի անունից, անընդհատ մերժել են տրամադրել գործի նյութերը (տե՛ս վերը` կետ 27): Սահմանադրական դատարանը գտել է, որ վերջին մերժումը հակասել է դիմողի` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավունքներին:
189. Վերոնշյալ հանգամանքները Դատարանի համար բավարար են եզրահանգելու, որ դիմողին չեն տրամադրվել այնպիսի ընթացակարգեր, որոնց միջոցով նրա կալանավորման օրինականության ստուգումը կկատարվեր Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան: Հետևաբար, տեղի է ունեցել այդ դրույթի խախտում:
Այս եզրակացության լույսի ներքո Դատարանն անհրաժեշտ չի համարում առանձին քննության առնել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա դիմողի ներկայացրած մնացյալ առարկությունները, որոնք չեն վերաբերում քննարկվող վարույթների «արագության» ենթադրյալ բացակայությանը (տե՛ս ստորև` կետեր 190-200):
2. Կալանավորման դեմ դիմողի ներկայացրած միջանկյալ բողոքի, դիմողին կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման երկրորդ միջնորդության և իրեն ազատ արձակելու վերաբերյալ դիմողի երրորդ խնդրանքի վերաբերյալ վարույթների արագությունը
190. Սլովակիայի դեմ կայացրած իր նախադեպային իրավունքը Դատարանը վերջերս ամփոփել է Štetiar and Šutek (տե՛ս վերը` կետ 128), Gոl (տե՛ս վերը` կետ 62), Michalko (տե՛ս վերը` կետ 167) և Osváthová (տե՛ս վերը` կետ 69):
191. Սույն գործով դիմողը կալանավորման դեմ միջանկյալ բողոք է ներկայացրել և բողոքը լրացրել համապատասխանաբար` 2002թ. դեկտեմբերի 19-ին և 30-ին: Բողոքի կապակցությամբ որոշումը կայացվել է 2003թ. հունվարի 16-ին: Որոշումը, սակայն, հրապարակայնորեն չի կայացվել, և դիմողը դրա մասին իմացել է այն ժամանակ, երբ այդ որոշման գրավոր տարբերակը 2004թ. փետրվարի 3-ին տրամադրվել է իրեն (տե՛ս, օրինակ, Cabala v. Slovakia, գանգատ թիվ 8607/02, կետ 68, 2007թ. սեպտեմբերի 6 և Singh v. the Czech Republic, գանգատ թիվ 60538/00, կետ 74, 2005թ. հունվարի 25):
Այսպիսով, քննարկվող վարույթները տևել են քառասունհինգ օր:
192. Դատարանը գտնում է, որ կալանավորման դեմ ներկայացված դիմողի միջանկյալ բողոքը դատական կարգով ստուգման է ենթարկվել միայն մեկ` տարածաշրջանային դատարանի կողմից:
193. Ինչ վերաբերում է դիմողին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ երկրորդ միջնորդությանը և իրեն ազատ արձակելու վերաբերյալ երրորդ խնդրանքին, ապա դրանց համատեղ քննությունն սկսվել է 2003թ. նոյեմբերի 11-ին և ավարտվել` 2004թ. հունվարի 29-ին: Այսպիսով, այն տևել է յոթանասունութ օր:
194. Դատարանն արձանագրում է, որ դիմողին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ երկրորդ միջնորդության և իրեն ազատ արձակելու վերաբերյալ դիմողի երրորդ խնդրանքի համատեքստում դիմողի կալանավորման օրինականությունը քննության է առնվել դատախազական ծառայության, շրջանային և տարածաշրջանային դատարանների կողմից:
195. Ապա Դատարանը, մասնավորապես, հաշվի առնելով քննության ընդհանուր սահմանները և բնույթը, կալանավորված անձանց թիվը, ինչպես նաև ապացույցների բնույթն ու քանակը, գտնում է, որ, ընդհանուր առմամբ, դիմողի կալանավորման վերաբերյալ գործը որոշակի բարդություն է ունեցել: Սակայն վերանայված որոշումների բովանդակության ընդհանրության մակարդակի հիման վրա դատողություն անելով` Դատարանը որևէ ապացույց չի գտնում, որը կհիմնավորեր այն եզրահանգումը, որ այս բարդությունը որևէ առանձնահատուկ ազդեցություն է ունեցել դիմողի կալանքի վերաբերյալ գործի կապակցությամբ դատական կարգով որոշում կայացնելու վրա:
196. Ինչ վերաբերում է դիմողի վարքագծին, ապա, իրոք, նա բողոքը ներկայացնելուց տասն օր հետո ընդլայնել է կալանավորման դեմ իր միջանկյալ բողոքի սահմանները (տե՛ս վերը` կետ 25), ինչի արդյունքում վարույթի ձգձգումը որոշակի առումով մեղսագրվում է դիմողին:
197. Դիմողին վերագրվող որևէ ձգձգում չի հայտնաբերվել դիմողին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու երկրորդ երկարացման և իրեն ազատ արձակելու վերաբերյալ դիմողի երրորդ խնդրանքի կապակցությամբ իրականացված վարույթների ընթացքում: Ճիշտ հակառակը, դիմողի վարքագիծը ակտիվամետ է եղել. նա խնդրել է իրեն տրամադրել իրեն կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատախազական ծառայության միջնորդությունը և իրեն ազատ արձակելու վերաբերյալ իր խնդրանքի կապակցությամբ նրանց մեկնաբանությունները:
198. Ինչ վերաբերում է իշխանությունների վարքագծին, ապա Դատարանը մասնավորապես նշում է, որ անհրաժեշտ է եղել տասնյոթ օր` 2002թ. դեկտեմբերի 30-ից մինչ 2003թ. հունվարի 16-ը` կալանավորման դեմ դիմողի ներկայացրած միջանկյալ բողոքի վերաբերյալ գրավոր պատճառաբանությամբ որոշում կայացնելու և ևս տասնութ օր` մինչ 2003թ. փետրվարի 3-ը, այդ որոշումը դիմողին տրամադրելու համար:
199. Ապա Դատարանը նշում է, որ դիմողին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ 2003թ. նոյեմբերի 21-ի որոշման դեմ դիմողի ներկայացրած միջանկյալ բողոքի կապակցությամբ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է եղել ավելի քան մեկ ամիս, մոտ մեկ ամիս` իրեն ազատ արձակելու վերաբերյալ դիմողի խնդրանքը մերժելու վերաբերյալ 2003թ. դեկտեմբերի 9-ի որոշման դեմ ներկայացված միջանկյալ բողոքի կապակցությամբ որոշում կայացնելու համար, ինչպես նաև քսան օր` 2004թ. հունվարի 9-29-ը, իր բողոքների վերաբերյալ որոշումները դիմողին տրամադրելու համար:
200. Անհրաժեշտ է հաշվի առնել այս հարցի վերաբերյալ Դատարանի նախադեպային իրավունքը (դրա ամփոփումը տե՛ս Štetiar and Šutek v. Slovakia (տե՛ս վերը` կետ 131), Gոl v. Slovakia (տե՛ս վերը` կետ 69), Michalko v. Slovakia (տե՛ս վերը` կետ 171) և Osváthová v. Slovakia (տե՛ս վերը` կետ 77)), վերոնշյալ դատողությունները Դատարանի համար բավարար են եզրահանգելու, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում` դիմողին կալանավորելու, նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ երկրորդ միջնորդության, ինչպես նաև իրեն ազատ արձակելու վերաբերյալ նրա երրորդ խնդրանքի օրինականության կապակցությամբ իրականացված քննության` արագ չլինելու առումով:
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
201. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով դիմողը վիճարկել է, որ իր կալանքի կապակցությամբ իրեն չի տրամադրվել պատշաճ և բավարար փոխհատուցում, ինչը հակասում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի վերջին դրույթին: Հոդվածի 5-րդ մասի համաձայն`
«Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն սույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման»:
A. Ընդունելիություն
1. Կալանքի դեմ դիմողի միջանկյալ բողոքի կապակցությամբ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված երաշխիքների, ինչպես նաև դիմողին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ երկրորդ միջնորդության և իրեն ազատ արձակելու վերաբերյալ երրորդ խնդրանքի կապակցությամբ վարույթների «արագության» բացակայության համար փոխհատուցումը
202. Դատարանը նշում է, որ դիմումի այս մասը վերաբերում է դիմողի բողոքին այն մասին, որ կալանքի դեմ իր միջանկյալ բողոքի կապակցությամբ իրականացված վարույթները չեն համապատասխանել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասին inter alia այն պատճառով, որ դիմողին թույլ չի տրվել ծանոթանալ գործի նյութերին, որ նա չի ունեցել բավարար ժամանակ և հնարավորություն իր պաշտպանությունը նախապատրաստելու համար, և որ վարույթները «արագ» չեն ընթացել (տե՛ս վերը` կետ 28):
Դիմումի այս հատվածը ևս վերաբերում է իրեն կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ երկրորդ միջնորդության և իրեն ազատ արձակելու վերաբերյալ երրորդ խնդրանքի կապակցությամբ իրականացված վարույթների «արագ» չլինելուն (տե՛ս վերը` կետեր 67 և 76):
Չնայած որ դիմողին գործի նյութերին ծանոթանալ չթույլատրելու մասով Սահմանադրական դատարանը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում է արձանագրել (տե՛ս վերը` կետ 31), այն, ըստ էության, անընդունելի է ճանաչել կամ մերժել է դիմողի սահմանադրական բողոքների մնացյալ բոլոր բաղադրիչները (տե՛ս վերը` կետեր 29, 30, 68, 69, 71, 77, 78 և 80), այդ կապակցությամբ Սահմանադրական դատարանի պատճառաբանությունը համընկնում է Դատարանի կողմից նշված անընդունելիության հիմքերին (տե՛ս վերը` կետեր 138-143 և 174-178):
Միաժամանակ, Դատարանը գտնում է, որ այս բողոքների հիմքում ընկած փաստերը հակասում են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` դիմողի իրավունքներին (տե՛ս վերը` կետեր 189 և 200):
Հետևաբար, դիմումի այս մասը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի (a) կետի իմաստով ակնհայտորեն անհիմն չէ: Ապա Դատարանը նշում է, որ այն որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար, այն պետք է ընդունելի ճանաչվի:\
2. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի ենթադրյալ խախտման փոխհատուցումը
203. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերով դիմողի մնացյալ բողոքներն անընդունելի են: Հետևաբար, 5-րդ հոդվածի 5-րդ մասով բերված բողոքի մնացյալ մասն ակնհայտորեն անհիմն է և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3 (a) և 4-րդ մասերին համապատասխան պետք է մերժվի:
B. Հանգամանքները
204. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ մասը կիրառվում է այն դեպքում, երբ հնարավոր է 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ մասերին հակասող պայմաններում տեղի ունեցած ազատության սահմանափակման կապակցությամբ փոխհատուցում ստանալ: Փոխհատուցման իրավունքը, որը սահմանված է 5-րդ մասում, հետևաբար ենթադրում է, որ հոդվածի մյուս մասերի խախտումները պետք է պարզված լինեն կամ ներպետական իշխանությունների, կամ կոնվենցիոն ինստիտուտների կողմից (տե՛ս N.C. v. Italy [GC], գանգատ թիվ 24952/94, կետ 49, ECHR 2002-X, և տե՛ս վերը` Pavletić v. Slovakia, կետ 95):
205. Սույն գործով Դատարանը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում է արձանագրել (տե՛ս վերը` կետեր 189 և 200):
Հետևաբար, պետք է պարզել, թե Կոնվենցիայի 5-րդ հոդվածի այդ խախտումների համար դիմողն արդյոք փոխհատուցում ստանալու կիրառելի իրավունք ունեցել է:
206. Դա անելիս Դատարանն առաջին հերթին գտել է, որ Սահմանադրության 127-րդ հոդվածի հիման վրա դիմողի ներկայացրած բողոքները մերժվել կամ չեն ընդունվել (տե՛ս վերը` կետեր 29, 30, 68, 69, 71, 77, 78 և 80) այն պատճառներով, որոնցով Դատարանը դրանք անընդունելի է ճանաչել (տե՛ս վերը` կետեր 138-143 և 174-178): Հետևաբար, դիմողը փոխհատուցում չի ստացել:
Այս համատեքստում պետք է նշել, որ դիմողը չի կարող մեղադրվել կիրառելի պահանջները չկատարելու մեջ (տե՛ս, մասնավորապես, վերը` կետեր 139-141) (տե՛ս Boris Popov v. Russia, գանգատ թիվ 23284/04, կետ 84, 2010թ. հոկտեմբերի 28): Դատարանը նաև գտնում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով դիմողից չէր պահանջվում կիրառել Կառավարության կողմից նշված այլ ընթացակարգ, քանի որ տվյալ ժամանակահատվածում նման ընթացակարգի արդյունքում դիմողը ոչ նյութական վնասի փոխհատուցում չէր ստանա և իրական հաջողության չէր հասնի (տե՛ս վերը` կետեր 101-107) (տե՛ս Sakık and Others v. Turkey, 1997թ. նոյեմբերի 26, կետ 59, Reports 1997-VII): Միաժամանակ, կիրառելի օրենքի տեքստում առկա որևէ հիմնավորում և ներպետական դատական պրակտիկայի որևէ նյութ չի ներկայացվել ցույց տալու համար, որ ներպետական դատարանում փոխհատուցման վերաբերյալ պահաջը կարող է ներկայացվել` հիմնվելով Եվրոպական դատարանի դատողությունների վրա (տե՛ս վերը` Michalko v. Slovakia, կետ 176 և տե՛ս վերը` Osváthová v. Slovakia, կետ 83):
207. Վերոնշյալ դատողությունները Դատարանի համար բավարար են եզրահանգելու, որ ո՛չ Եվրոպական դատարանի կողմից արված դատողություններից առաջ, ո՛չ դրանցից հետո դիմողը չի ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իր իրավունքների խախտման համար փոխհատուցում ստանալու կիրառելի իրավունք, ինչպես դա նշված է վերը (տե՛ս վերը` կետեր 189 և 200) (տե՛ս Brogan and Others v. the United Kingdom, 1988թ. նոյեմբերի 29, կետ 67, Series A no. 145-B):
Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում:
VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
208. Դիմողը վիճարկել է, որ իր հեռախոսային խոսակցությունների վերահսկումն անօրինական և կամայական է եղել, որ դրա արդյունքում խախտվել է անձնական կյանքի և նամակագրության գաղտնիության իր իրավունքը և որ այդ կապակցությամբ իրեն որևէ արդյունավետ ընթացակարգ չի տրամադրվել: Նա հենվել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վրա, որի համաձայն`
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
և Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վրա, որի համաձայն`
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
A. Ընդունելիություն
209. Կառավարությունը փաստարկել է, որ դիմողն իր վերաբերյալ քրեական վարույթի ընթացքում վիճարկելով հեռախոսային խոսակցությունների վերահսկման միջոցով ձեռք բերված ապացույցները, քաղաքացիական դատարաններում իր անձնական արժանապատվության պաշտպանություն պահանջելով, ինչպես նաև այդ ընթացակարգերը և այդ ընթացակարգերի պատշաճ սպառման արդյունքում Սահմանադրության 127-րդ հոդվածի իմաստով կրկին ի վերջո Սահմանադրական դատարան դիմելով` չի սպառել ներպետական ընթացակարգերը:
210. Դիմողն իր անհամաձայնությունն է արտահայտել և վկայակոչել է, մասնավորապես, ընդունելի մի որոշում և գործի հետ չկապված մի վճիռ (տե՛ս վերը` կետ 97), որտեղ Սահմանադրական դատարանը քննել է հեռախոսային խոսակցությունների վերահսկման վերաբերյալ բողոք` առանց պահանջելու Կառավարության կողմից նշված ընթացակարգերի սպառում:
211. Ի պատասխան դրան, Կառավարությունը նշել է, որ դիմողի կողմից վկայակոչված գործը պետք է տարբերակվի նրա վերաբերյալ գործից այն առումով, որ դիմողը մեղադրվել է և ընդհանուր իրավասության դատարանում նրա վերաբերյալ գործ է քննվել և, հետևաբար, նա այդ դատարանում բարձրացրել է իր հեռախոսային խոսակցությունների վերահսկման կապակցությամբ իր առարկությունները: Այն վկայակոչել է Սահմանադրական դատարանի 2005թ. մարտի 16-ի թիվ IV. ՅS 76/05 գործով որոշումը (տե՛ս վերը` կետ 96) և նշել, որ դա հիմնավորում է նրա տեսակետը:
212. Դատարանն արձանագրում է, որ չի հերքվում, որ դիմողի հեռախոսային խոսակցությունները վերահսկվել են (տե՛ս վերը` կետ 12), որ այդ վերահսկողությունը ratione materiae գտնվել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի սահմաններում և որ այն հանգեցրել է անձնական կյանքի և նամակագրության հարգման` Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքին միջամտության (տե՛ս, օրինակ, վերը` Kvasnica v. Slovakia, 2009թ. հունիսի 9-ի վճիռը, կետ 81):
Դատարանը նաև գտնում է, որ ինչպես Սահմանադրական դատարանը, այնպես էլ կողմերը կարծես տարանջատել են քրեական վարույթում հեռախոսային խոսակցությունների վերահսկման դատավարական կողմերը, եթե այդպիսիք առկա են, և այդ վերահսկման` անձի անձնական արժանապատվության վրա ունեցած ազդեցությունը:
213. Այդ կապակցությամբ Դատարանը գտնում է, որ դիմողի հեռախոսային խոսակցությունների վերահսկման դատավարական կողմը, որը ենթադրաբար կարող է վերաբերելի լինել նրա քրեական վարույթին, պետք է տարբերակվի Կոնվենցիայի 8-րդ և 13-րդ հոդվածներով նրան վերապահված` անձնական կյանքի և նամակագրության գաղտնիության պաշտպանությունից: Թեև դիմողը, հավանաբար, կարող է արդար դատական քննության իր իրավունքի հնարավոր խախտման կապակցությամբ քրեական դատարանում փոխհատուցում ստանալ, սա որևէ ուղղակի կապ չունի Կոնվենցիայի 8-րդ և 13-րդ հոդվածներով անկախ կերպով պաշտպանվող` դիմողի իրավունքների հետ:
Չսպառման վերաբերյալ Կառավարության առարկության առաջին մասը, հետևաբար, չի կարող ընդունվել:
214. Ինչ վերաբերում է իր անձնական արժանապատվությունը պաշտպանելուն ուղղված գործողությունների միջոցով դիմողի կողմից իր իրավունքները պաշտպանելու հնարավորությանը, ապա Դատարանը կրկնում է, որ այն արդեն համանման հանգամանքներում քննության է առել այս հարցը Kvasnica v. Slovakia (տե՛ս վերը, 2006թ. սեպտեմբերի 26) գործով վճռում: Այդ վճռում Դատարանը եզրահանգել է, որ անձնական արժանապատվության պաշտպանությանն ուղղված գործողությունը տվյալ ժամանակահատվածում դիմողի համար չէր կարող հաջողության հասնելու ողջամիտ հեռանկարներ բացել և, հետևաբար, չի հանդիսացել այն ընթացակարգը, որը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով պետք է սպառվեր:
215. Դատարանը նշում է, որ Սահմանադրական դատարանը կարծես անուղղակի (տե՛ս վերը` կետ 96) կամ ուղղակի (տե՛ս վերը` կետեր 97 և 98) կերպով ընդունել է, որ հեռախոսային խոսակցությունների վերահսկման կապակցությամբ ընդհանուր իրավասության դատարաններում որևէ իրավական ընթացակարգ չի իրականացվել:
216. Վերոնշյալ բոլոր տարրերը հիմք են տալիս եզրակացնելու, որ Կառավարության կողմից նշված երկրորդ ընթացակարգը չի հանդիսանում այն ընթացակարգը, որը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով դիմողը պետք է սպառի:
Դիմումի համապատասխան մասը, հետևաբար, չի կարող մերժվել` ներպետական ընթացակարգերն սպառված չլինելու հիմքով:
217. Դատարանը գտնում է, որ սույն գործի առանձնահատուկ հանգամանքներից ելնելով` դիմողի բողոքները, բնականաբար, պետք է քննության առնվեն 8-րդ հոդվածի հետ փոխկապակցված` 13-րդ հոդվածի հիման վրա: Այդ կապակցությամբ այն գտնում է, որ իրավական ռեժիմը, որի պայմաններում իրականացվել է դիմողի հեռախոսային խոսակցությունների վերահսկումը, սույն գործով փոխարինվել է նոր իրավական ռեժիմով, և որ նախկին ռեժիմի բազմաթիվ հայեցակարգային տեսակետներ նախկինում Կոնվենցիայի հիման վրա վիճարկվել են (տե՛ս վերը` Kvasnica v. Slovakia, ինչպես նաև Polka v. Slovakia (dec.), գանգատ թիվ 20066/03, 2009թ. սեպտեմբերի 22): Դիմողի բողոքի հիմքը, հետևաբար, 8-րդ հոդվածի հետ փոխկապակցված` 13-րդ հոդվածի իմաստով պետք է «վիճելի» դիտվի (տե՛ս Boyle and Rice v. the United Kingdom, 1988թ. ապրիլի 27-ի վճիռը, Series A no.131, էջ 23, կետ 52):
218. Դատարանը նշում է, որ դիմումի այս մասը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի (a) կետի իմաստով ակնհայտորեն անհիմն չէ: Ապա Դատարանը նշում է, որ այն որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար, այն պետք է ընդունելի ճանաչվի:
B. Հանգամանքները
219. Վերը (տե՛ս կետեր 213 և 216) Դատարանը գտել է, որ Կառավարության կողմից վկայակոչված ընթացակարգերը 8-րդ հոդվածի կապակցությամբ դիմողի բողոքի իմաստով արդյունավետ չեն եղել: Միաժամանակ, նրա կողմից կիրառված ընթացակարգն անօգուտ է եղել: Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի իմաստով դիմողի` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի և դրա հետ փոխկապակցված` Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքների խախտում:
VII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
220. Ի վերջո, դիմողը վիճարկել է, որ իր գործը չի լսվել օրենքի հիման վրա ստեղծված անկողմնակալ դատարանի կողմից, որ ինքը Կոնվենցիայով նախատեսված իր վերոնշյալ իրավունքների ենթադրյալ խախտման կապակցությամբ խտրական վերաբերմունքի է արժանացել և որ իրեն տրամադրված չի եղել այդ խախտումներից պաշտպանվելու արդյունավետ ընթացակարգ (վերը` 208-219 կետերում նշված ընթացակարգերից տարբերվող ընթացակարգեր):
221. Սակայն իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ դիմումի մնացյալ մասն իր իրավասության սահմաններում է գտնվում և ներպետական ընթացակարգերն սպառվել են, Դատարանը գտնում է, որ առկա չէ Կոնվենցիայով կամ դրա Արձանագրություններով նախատեսված իրավունքների և ազատությունների խախտում:
Հետևաբար, դիմումի մնացյալ մասն ակնհայտորեն անհիմն է և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3 (a) և 4-րդ մասերին համապատասխան պետք է մերժվի:
VIII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
222. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը նախատեսում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնասը
223. Դիմողը պահանջել է 326.913.50 SKK` որպես կորցրած օգուտի և 50000 EUR` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
224. Կառավարությունն առաջին պահանջը վիճարկել է բովանդակային առումով, իսկ երկրորդը` չափի առումով:
225. Դատարանը հայտնաբերված խախտումների և ենթադրյալ նյութական վնասի միջև որևէ պատճառային կապ չի գտնում, հետևաբար` այն մերժում է պահանջը:
Մյուս կողմից, այն դիմողին տրամադրում է 8000 EUR` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
B. Ծախսեր և ծախքեր
226. Դիմողը նաև պահանջել է միասին վերցրած` ներպետական դատարաններում և Դատարանում կրած իրավական ծախսերի համար` 391.700.30 SKK, վարչարարական ծախսերի համար` 10.000 SKK և փոստային ծախսերի համար` 4.000 SKK: Իրավական ծախսերի վերաբերյալ իր պահանջը նա հիմնավորել է մանրամասն վճարման փաստաթղթերի միջոցով:
227. Կառավարությունը նշել է, որ ընդհանուր իրավասության դատարաններում և Դատարանում կրած իրավական ծախսերի կապակցությամբ դիմողի պահանջները չափազանց մեծ են, և որ Սահմանադրական դատարանում իր կրած իրավական ծախսերի վերաբերյալ նրա պահանջն անհիմն է: Այն նաև վիճարկել է, որ վարչարարական և փոստային ծախսերի վերաբերյալ պահանջները որևէ ապացույցով հիմնավորված չեն:
228. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դիմողն իրավունք ունի ծախսերի և ծախքերի փոխհատուցում ստանալ, եթե նա ցույց կտա, որ դրանք իրական և անհրաժեշտ են եղել, ինչպես նաև ողջամիտ են իրենց չափի առումով: Սույն գործով հաշվի առնելով հայտնաբերված խախտումները (տե՛ս վերը` կետեր 189, 200, 207 և 219), իր տիրապետած փաստաթղթերը և վերոնշյալ չափանիշը` Դատարանը գտնում է, որ ողջամիտ է տրամադրել փոխհատուցում 2.000 EUR-ի չափով` որպես ներպետական մակարդակում և Դատարանում կրած իրավական ծախսերի փոխհատուցում:
229. Վարչարարական և փոստային ծախսերի կապակցությամբ ներկայացված պահանջը համապատասխան փաստաթղթերով չի հիմնավորվել (Դատարանի կանոնների 60-րդ կանոնի 2-րդ մաս): Հետևաբար` այն չի կարող ընդունվել:
C. Տուգանային տոկոսներ
230. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա՝ հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Ընդունելի է ճանաչում
(a) Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով ներկայացված բողոքը, որը վերաբերում է այնպիսի արդյունավետ ընթացակարգի ենթադրյալ բացակայությանը, որի միջոցով դիմողը կարող էր վիճարկել իրեն կալանավորելու օրինականությունը.
(b) Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով ներկայացված բողոքը, որը վերաբերում է դիմողին կալանավորելու օրինականության և նրան կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման վերաբերյալ երկրորդ միջնորդության, ինչպես նաև իրեն ազատ արձակելու վերաբերյալ երրորդ խնդրանքի վերաբերյալ արագ քննության ենթադրյալ բացակայությանը.
(c) Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ մասով ներկայացված բողոքը, որը վերաբերում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտման կապակցությամբ փոխհատուցում ստանալու կիրառելի իրավունքի ենթադրյալ բացակայությանը, քանի որ վերջին դրույթի իմաստով դիմողի բողոքներն ընդունելի են.
(d) Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ փոխկապակցված` 13-րդ հոդվածով ներկայացված բողոքը, որը վերաբերում է դիմողի հեռախոսային խոսակցությունները վերահսկելու կապակցությամբ արդյունավետ ընթացակարգի ենթադրյալ բացակայությանը.
2. Անընդունելի է ճանաչում դիմումի մնացյալ մասը.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում` այն առումով, որ առկա չի եղել դիմողին կալանավորելու օրինականության վերաբերյալ որոշում կայացնելու արդյունավետ ընթացակարգ.
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում` այն առումով, որ դիմողին կալանավորելու օրինականության, նրան կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման վերաբերյալ երկրորդ միջնորդության և իրեն ազատ արձակելու մասին դիմողի երրորդ խնդրանքի վերաբերյալ որոշումն արագ չի կայացվել.
5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում` այն առումով, որ առկա չի եղել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտման համար փոխհատուցում ստանալու կիրառելի իրավունք.
6. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ փոխկապակցված` 13-րդ հոդվածի խախտում` այն առումով, որ դիմողի հեռախոսային խոսակցությունները վերահսկելու կապակցությամբ արդյունավետ ընթացակարգ առկա չի եղել.
7. Վճռում է,
(a) որ վճիռը վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, պետք է դիմողին վճարի 8000 (ութ հազար) եվրո՝ գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել ոչ նյութական վնասի կապակցությամբ, և 2000 (երկու հազար) եվրո՝ գումարած ցանկացած հարկ, որը դիմողից կարող է գանձվել ծախսերի և ծախքերի կապակցությամբ.
(b) որ վճարումը վերոնշյալ եռամսյա ժամկետը լրանալուց հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս` պարտավորության չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:
8. Մերժում է արդարացի փոխհատուցման վերաբերյալ դիմողի բողոքի մնացյալ մասը:
Կատարվել է անգլերենով և գրավոր հրապարակվել 2011թ. փետրվարի 8-ին Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|