Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.02.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 2-6215/04

2014 թ.

Քաղաքացիական գործ թիվ 2-6215/04

Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան

Դատավորներ`

Ա. Մկրտչյան

Ի. Վարդանյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի փետրվարի 05-ին

քննարկելով ըստ հայցի  Հրաչյա Հունանյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) Էրեբունու տարածքային ստորաբաժանման` գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.10.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ռոզա Հունանյանի իրավահաջորդ Արմեն Հունանյանի և Արմենուհի Զախարյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.    Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հրաչյա Հունանյանը պահանջել է ինքնակամ օգտագործվող 45քմ մակերեսով հողամասի և 20քմ մակերեսով շինության կադաստրային արժեքը վճարելու պարագայում պարտավորեցնել Կադաստրին կատարելու Երևանի Մուսայելյան փողոցի թիվ 53 հասցեում առկա իր կողմից որպես ժառանգություն տիրապետվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում:

Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ի. Բարսեղյան) (այսուհետ` Դատարան) 16.11.2004 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.10.2013 թվականի որոշմամբ Ռոզա Հունանյանի իրավահաջորդ Արմեն Հունանյանի և Արմենուհի Զախարյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է: 

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ռոզա Հունանյանի իրավահաջորդ Արմեն Հունանյանը և Արմենուհի Զախարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հրաչյա Հունանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ և 213-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի 16.11.2004 թվականի վճռի հիման վրա Երևանի Մուսայելյան փողոցի թիվ 53 հասցեի անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է միայն Հրաչյա Հունանյանի սեփականության իրավունքը, մինչդեռ այն հանդիսանում է Արմենուհի Զախարյանի և Ռոզա Հունանյանի բաժնային սեփականությունը` 2/3 և 1/6 բաժնեմասերով:

Ավելին, Վերաքննիչ դատարանը չի պարզել, թե Հրաչյա Հունանյանն ու՞մ բաժնի նկատմամբ և ի՞նչ չափերով կարող էր ժառանգություն ընդունել, որի արդյունքում անտեսել է այն, որ Հրաչյա Հունանյանը հանդիսանում է Նիկոլայ Հունանյանի ժառանգը, իսկ Նիկոլայ Հունանյանն իրավունքներ ուներ միայն նշված հասցեի անշարժ գույքի 1/6 մասի նկատմամբ, հետևաբար Հրաչյա Հունանյանի սեփականության իրավունքը կարող էր գրանցվել միայն վիճելի հասցեի բնակելի տան (63,4քմ ) և հողամասի  (301,6քմ) 1/6 մասի նկատմամբ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանի 16.11.2004 թվականին կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտը վերաբերում է Ռոզա Հունանյանի իրավահաջորդ Արմեն Հունանյանի և Արմենուհի Զախարյանի իրավունքներին և շահերին:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ռոզա Հունանյանի իրավահաջորդ Արմեն Հունանյանը և Արմենուհի Զախարյանը Դատարանի 16.11.2004 թվականի վճռի մասին իրազեկվել են միայն 2013 թվականին` կատարված հարցումների արդյունքում: Ռոզա Հունանյանի իրավահաջորդ Արմեն Հունանյանը և Արմենուհի Զախարյանը թիվ 2-6215/04 գործին մասնակից չեն դարձվել, չեն ծանուցվել դատական նիստերի վայրի և ժամանակի մասին, հետևաբար և չէին կարող իմանալ իրենց իրավունքներին առնչվող գործն ըստ էության լուծող դատական ակտի մասին:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձինք պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 24.10.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Հրաչյա Հունանյանի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականում ներառված է միայն Հրաչյա Հունանյանի հորը` Նիկոլայ Հունանյանին պատկանող անշարժ գույքը, որը կառուցման օրվանից առանձնացված և ցանկապատված է: Հետևաբար Դատարանի 16.11.2004 թվականի դատական ակտը որևէ կերպ չի վերաբերում Ռոզա Հունանյանի իրավահաջորդ Արմեն Հունանյանի և Արմենուհի Զախարյանի իրավունքներին և շահերին:

Ավելին, Ռոզա Հունանյանի իրավահաջորդ Արմեն Հունանյանը և Արմենուհի Զախարյանը Դատարանի 16.11.2004 թվականի վճռի մասին տեղեկացվել են դեռևս 2009 թվականին, որը հիմնավորվում է Արմենուհի Զախարյանի կողմից 2009 թվականին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումի ուսումնասիրությունից:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանն այն գտնում է հիմնավոր հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն`վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, ով ստորադաս դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:

Վկայակոչված իրավադրույթների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր դեպքում գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է պարզի` արդյոք բողոքին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ վիճարկվող դատական ակտն առերևույթ կարող է վերաբերել վերջինիս իրավունքներին և պարտականություններին: Ինչ վերաբերում է անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտ կայացված լինել կամ չլինելու հարցին, ապա այն պետք է գնահատման առարկա դարձվի և պարզվի ՀՀ վերաքննիչ դատարանում՝ գործի քննության փուլում (տե՛ս Վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/2573/02/11 քաղաքացիական գործով 27.12.2013 թվականի որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ռոզա Հունանյանի իրավահաջորդ Արմեն Հունանյանը և Արմենուհի Զախարյանը որևէ կերպ չեն հիմնավորել, թե ինչով է կայացված դատական ակտը վերաբերում իրենց իրավունքներին ու պարտականություններին և շոշափում իրենց շահերը: 

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ Ռոզա Հունանյանի իրավահաջորդ Արմեն Հունանյանը և Արմենուհի Զախարյանը չեն ներկայացրել բավարար ապացույցներ, որոնցով հիմնավորվում է Երևանի Մուսայելյան փողոցի թիվ 53 հասցեի բնակելի տան նկատմամբ բաժնային սեփականության իրավունք ունենալու հանգամանքը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված հետևությունները անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն քաղաքացիական գործով հայցվոր Հրաչյա Նիկոլայի Հունանյանը դատարան ներկայացված հայցադիմումով պահանջել է պարտավորեցնել Կադաստրին կատարել Երևանի Մուսայելյան փողոցի թիվ 53 հասցեի բնակելի տան  1-16 մակերեսների և 250քմ մակերեսով հողի նկատմամբ իրավունքների պետական գրանցում: Դատարանի 16.11.2004 թվականի վճռով հայցը բավարարվել է և Կադաստրը պարտավորեցվել է կատարել Երևանի Մուսայելյան փողոցի թիվ 53 հասցեում առկա 269քմ մակերեսով հողատարածքի և դրա վրա գտնվող 265,24քմ մակերեսով ներքին կամ 315քմ արտաքին մակերեսով կառույցի նկատմամբ Հրաչյա Հունանյանի իրավունքների պետական գրանցում` Հրաչյա Նիկոլայի Հունանյանի կողմից ինքնակամ օգտագործվող 45քմ մակերեսով հողամասի և 20քմ արտաքին մակերեսով շինության կադաստրային արժեքը վճարելու պայմանով:

Վերաքննիչ բողոքին կից ներկայացված Կադաստրի կողմից 13.09.2013 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Երևանի Մուսայելյան փողոցի թիվ 53 հասցեի անշարժ գույքը գույքագրված է եղել Արմենուհի Անդրեի Զախարյանի (2/3 մասը), Ռոզա  Գևորգի Հունանյանի  (1/6 մասը), Կոլյա Գևորգի Հունանյանի (1/6 մասը) անուններով (ըստ 10.04.1979 թվականի թիվ 6217-6217 a հատակագծի): Գույքը բաղկացած է եղել 63,4քմ մակերեսով բնակելի տնից և 301,6քմ մակերեսով հողամասից:

20.04.1979 թվականին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Աշխեն Կիրակոսյանի ժառանգ է հանդիսանում Արմենուհի Զախարյանը, և ժառանգական գույքը բաղկացած է Երևանի Մուսայելյան փողոցի թիվ 53 հասցեում գտնվող անշարժ գույքի 2/3 բաժնից:

28.08.2013 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Ռոզա Հունանյանի ժառանգ է հանդիսանում Արմեն Հունանյանը, և ժառանգական գույքը բաղկացած է Երևանի Մուսայելյան փողոցի թիվ 53 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/6 բաժնից:

Վերը նշված իրավական վերլուծությունների և սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Մուսայելյան փողոցի թիվ 53 հասցեի անշարժ գույքի 1/6 մասը Ռոզա Հունանյանի անվամբ գույքագրված լինելու և Ռոզա Հունանյանի ժառանգությունն Արմեն Հունանյանի կողմից ընդունելու, Երևանի Մուսայելյան փողոցի թիվ 53 հասցեի անշարժ գույքի 2/3 մասն Արմենուհի Զախարյանի անվամբ գույքագրված լինելու հանգամանքները, Կադաստրի 13.09.2013 թվականի տեղեկանքը, 20.04.1979 թվականին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը և 28.08.2013 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը վկայում են, որ Դատարանի 16.11.2004 թվականի վճիռն առերևույթ կարող է վերաբերել Ռոզա Հունանյանի իրավահաջորդ Արմեն Հունանյանի և Արմենուհի Զախարյանի իրավունքներին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռոզա Հունանյանի իրավահաջորդ Արմեն Հունանյանը և Արմենուհի Զախարյանը սույն գործի քննությանը մասնակից չդարձվելու հետևանքով զրկվել են գործին մաuնակցող անձանց վերապահված իրավունքներից օգտվելու և նրանց համար uահմանված պարտականությունները կատարելու հնարավորությունից, որի արդյունքում խախտվել է նրանց՝ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ հավաuարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իրենց գործի հրապարակային քննության իրավունքը։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ բողոք բերած անձինք բավարար ապացույցներ չեն ներկայացրել, որ Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 16.11.2004 թվականի վճռի մասին տեղեկացվել են միայն 2013 թվականին, այն է`10.09.2013 թվականի կատարված հարցման միջոցով, ապա Վճռաբեկ դատարանը այն գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ`

ՀՀ քաղաքացիական դատավարության 210-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:

Վերաքննիչ բողոքին կից ներկայացվել են Կադաստրի կողմից 06.09.2013 թվականի թիվ ԱՏ-05/09/2013-4-0005 տեղեկանքը և 19.07.2005 թվականին անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը, որոնց համաձայն` Երևանի Մուսայելյան փողոցի թիվ 53 հասցեում գտնվող անշարժ գույքը Դատարանի 16.11.2004 թվականի վճռի հիման վրա գրանցված է Հրաչյա Հունանյանի անվամբ: Վերաքննիչ բողոքը բերվել է 08.10.2013 թվականին:

Վերը նշվածը հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերով առերևույթ հիմնավորվում է այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոք բերած անձանց կողմից պահպանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում բերված այն փաստարկին, որ Ռոզա Հունանյանի իրավահաջորդ Արմեն Հունանյանը և Արմենուհի Զախարյանը Դատարանի 16.11.2004 թվականի վճռի մասին տեղեկացվել են դեռևս 2009 թվականին, որը հիմնավորվում է Արմենուհի Զախարյանի կողմից 2009 թվականին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումի ուսումնասիրությունից, ապա Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառնում, քանի որ այն Վերաքննիչ դատարանում բողոքը վարույթ ընդունելու փուլում չի ներկայացվել և չի քննարկվել:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 241.1-ին հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի  24.10.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան