Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.10.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0398/02/13

2014 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0398/02/13 

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան

Դատավորներ՝

Ա. Պետրոսյան

Ա. Խառատյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

2014 թվականի հոկտեմբերի 22-ին,

քննարկելով ըստ հայցի Արսեն Խառատյանի ընդդեմ «Շտայան» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), Քրիստինե Կարսլյանի և Արսեն Խաչատրյանի` վնասի հատուցման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Արսեն Խառատյանի ներկայացուցիչ Կարապետ Բադալյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արսեն Խառատյանը պահանջել է Քրիստինե Կարսլյանից, Ընկերությունից և Արսեն Խաչատրյանից համապարտության կարգով բռնագանձել 100.000 ՀՀ դրամ: 24.05.2013 թվականին Արսեն Խառատյանը դիմում է ներկայացրել դատարան հայցագինը փոխելու մասին՝ խնդրելով բռնագանձումը կատարել 1.130.000 ՀՀ դրամի չափով:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 28.03.2014 թվականի վճռով հայցը մերժվել է, և Արսեն Խառատյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձվել է 20.600 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան)  23.05.2014 թվականի որոշմամբ Արսեն Խառատյանի վերաքննիչ բողոքը վերադարձրել է` սահմանելով երկշաբաթյա ժամկետ` բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:

Վերաքննիչ դատարանը 16.06.2014 թվականի որոշմամբ Արսեն Խառատյանի վերաքննիչ բողոքը վերադարձրել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արսեն Խառատյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը     

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ  կետի  «ա» ենթակետի, ՀՀ  քաղաքացիական դատավարության  օրենսգրքի 210-րդ, 213-րդ, 214-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, իր 16.06.2014 թվականի որոշմամբ կրկին վերադարձնելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «բողոքին կցվել է սահմանվածից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հավաստող ապացույց, իսկ բողոքը չի պարունակում պետական տուրքի չվճարված մասով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն (վերաքննիչ բողոքին կցված` 09.06.2014 թվականի վճարային թիվ 1534 հանձնարարականի համաձայն` վերաքննիչ բողոքի համար վճարվել է 34.000 ՀՀ դրամ պետական տուրք, մինչդեռ պետք է վճարվեր 39.000 ՀՀ դրամ` համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետի։

Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար հիմք է հանդիսացել Դատարանի կողմից վճռի տեքստում թույլ տրված վրիպակը, որտեղ նշված է եղել 1.300.000 ՀՀ դրամ, թեև հայցագնի չափն իրականում կազմում է 1.130.000 ՀՀ դրամ։

Արդյունքում, Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջները, վերադարձրել է Արսեն Խառատյանի վերաքննիչ բողոքը։

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 16.06.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին»  որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետը սխալ մեկնաբանելու և կիրառելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Քննարկելով վճռաբեկ բողոքը դրանում նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրահանգման.

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական  պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: 

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար` պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` պետական տուրքը վճարվում է դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար։

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի 23.05.2014 թվականի որոշման մեջ նշված խախտումներն ամբողջությամբ չեն վերացվել, մասնավորապես` կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցվել է սահմանվածից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հավաստող ապացույց, իսկ բողոքը չի պարունակում պետական տուրքի չվճարված մասով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն: Վերաքննիչ բողոքին կցված` 09.06.2014 թվականի վճարային թիվ 1534 հանձնարարականի համաձայն` վերաքննիչ բողոքի համար վճարվել է 34.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, մինչդեռ Վերաքննիչ դատարանը գտել է, որ պետք է վճարվեր 39.000 ՀՀ դրամ, համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետի, եզրակացնելով, որ նշվածը հիմք է վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ  սույն գործով հայցագինը կազմել է 1.130.000 ՀՀ դրամ, հետևաբար պետական տուրքի չափը պետք է հաշվարկվեր հենց 1.130.000 ՀՀ դրամի նկատմամբ, այնինչ Վերաքննիչ դատարանը պետական տուրքի հաշվարկը կատարել է` որպես հայցագին հիմք ընդունելով 1.300.000 ՀՀ դրամը։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելով՝ Վերաքննիչ դատարանը խախտել է Արսեն Խառատյանի ՀՀ Սահմանադրությամբ ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված դատական պաշտպանության իրավունքը, քանի որ վերջինիս համար արհեստականորեն սահմանափակվել է ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի, 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերագրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ,  240-րդ, 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի  16.06.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան