ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/1327/05/10 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան | |
Դատավորներ՝ Հ. Բեդևյան | |
Ա. Միրզոյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի հուլիսի 30-ին
քննարկելով «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) նախկին տնօրեն Արմեն Վալյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 12.05.2010 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործով կայացված դատական ակտի էությունը
ՀՀ վարչական դատարանի 23.04.2010 թվականի որոշմամբ Ընկերության նախկին տնօրեն Արմեն Վալյանի միջնորդությունը՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին, մերժվել է, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան (այսուհետ՝ Մաքսատուն) պետի 03.03.2009 թվականի թիվ 13 որոշումը վերացնելու պահանջի մասին հայցադիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 12.05.2010 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 23.04.2010 թվականի որոշման դեմ Ընկերության նախկին տնօրեն Արմեն Վալյանի բողոքը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության նախկին տնօրեն Արմեն Վալյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 53-րդ և 71-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է, որ Ընկերության կողմից վարչական տույժ նշանակելու մասին Կոմիտեի Մաքսատան պետի 03.03.2009 թվականի թիվ 13 որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում չի վիճարկվել, քանի որ Ընկերությունը դեռևս 08.12.2008 թվականին դիմել էր ՀՀ կառավարություն` մաքսային ռեժիմի ժամկետը մեկ տարուց ավելի ժամկետով երկարաձգելու խնդրանքով, սակայն ՀՀ կառավարությունը համապատասխան թիվ 447-Ա որոշումն ընդունել է միայն 23.04.2009 թվականին, այնուհետև` ՀՀ կառավարության 14.01.2010 թվականի թիվ 20 որոշմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարվել ՀՀ կառավարության 23.04.2009 թվականի թիվ 447-Ա որոշման մեջ, որով սահմանվել է, որ թիվ 447-Ա որոշման գործողությունը տարածվում է 15.01.2009 թվականից հետո ծագած հարաբերությունների վրա:
Դատարանն անտեսել է նաև, որ վերը նշված պայմաններում Կոմիտեն հայց է ներկայացրել՝ Մաքսատան պետի 03.03.2009 թվականի թիվ 13 որոշման հիման վրա տուգանքի գումարը բռնագանձելու պահանջի մասին: ՀՀ վարչական դատարանի 07.12.2009 թվականի վճռով նշված հայցը բավարարվել էր, նշված վճռի դեմ Ընկերության ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ վերադարձվել է, իսկ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին 17.02.2010 թվականի որոշումն Արմեն Վալյանն ստացել է 2010 թվականի մարտին, որից հետո միայն ներկայացրել է Մաքսատան պետի վերոնշյալ որոշումն անվավեր ճանաչելու հայցադիմում:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Դատարանի 12.05.2010 թվականի որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վիճարկման հայց դատարան կարող է ներկայացվել երկամսյա ժամկետում` վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը դատարանը կարող է բավարարել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության տնօրեն Արմեն Վալյանը 08.12.2008 թվականին դիմել է ՀՀ վարչապետին` 01.04.2008 թվականի թիվ C2197 ԲՄՀ-ով և 08.05.2008 թվականի թիվ 509358, 509359, 509360 փոխադրման ամփոփագրերով առաջացող պարտավորությունների կատարումը մինչև 2012 թվականի ավարտը երկարաձգելու խնդրանքով: Մաքսատան պետի 03.03.2009 թվականի թիվ 13 որոշման հիման վրա Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքի: ՀՀ կառավարության 23.04.2009 թվականի թիվ 447-Ա որոշմամբ թույլատրվել է Ընկերության կողմից 01.04.2008 թվականի թիվ C2197 հայտարարագրով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 01.04.2012 թվականը: Ընկերության նախկին տնօրեն Արմեն Վալյանը 20.04.2010 թվականին ՀՀ վարչական դատարան է ներկայացրել Կոմիտեի պետի 03.03.2009 թվականի թիվ 13 որոշումը վերացնելու պահանջի մասին հայցադիմում՝ միջնորդելով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնել, պատճառաբանելով, որ նշված ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով` 08.12.2008 թվականին ՀՀ կառավարությանը դիմելու, սակայն պատասխանը 14.01.2010 թվականին ՀՀ կառավարության թիվ 20-Ա որոշման տեսքով ստանալու պատճառով: Մինչդեռ ՀՀ վարչական դատարանի 23.04.2010 թվականի որոշմամբ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժվել են:
Դատարանը, կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 53-րդ և 71-րդ հոդվածները, բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ վիճարկման հայցը դատարան է ներկայացվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետը լրանալուց հետո, իսկ ներկայացված միջնորդությունը հիմնավոր չէ, քանի որ վիճարկվող որոշման ընդունումից հետո հայցվորը հնարավորություն է ունեցել օրենքով սահմանված ժամկետներում ներկայացնելու վիճարկման հայց, բացի այդ, ՀՀ կառավարության 14.01.2010 թվականի թիվ 20-Ա որոշումից հետո անգամ հայցվորը վիճարկման հայցը ներկայացրել է 20.04.2010 թվականին, ինչը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին:
Սույն գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելիս պետք է առաջնորդվեր անձի իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ իրավունքների դատական պաշտպանության իրավունքի գերակայության ապահովմամբ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են իրավունքի գերակայությունը և օրենքի իշխանությունը:
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան, 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու…համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ անձի դատարան դիմելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, և դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու հարցը քննարկելիս պետք է հաշվի առնի, որ հայցադիմումի ընդունումը մերժելու լիազորությունը սերտորեն կապված է անձի դատական պաշտպանության, ինչպես նաև խախտված սուբյեկտիվ իրավունքները վերականգնելու իրավունքների հետ:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ իրավունքի գերակայության սկզբունքը պահանջում է, որ իրավունքները գործնականում իրականանալի լինեն և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը միշտ կիրառվի այնպես, որ ապահովվի այդ խնդրի կատարումը (Տես Հորնսբին ընդդեմ Հունաստանի, թիվ 00018357/91, 1997 թվականի մարտի 19): Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (Տես Կրեուզն ընդդեմ Լեհաստանի, թիվ 28249/95, 2001 թվականի հունիսի 19, կետ 52, Զ-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 29392/95, 91-93-րդ կետեր):
Միաժամանակ Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարան դիմելու արդյունավետ իրավունքի երաշխավորումը չի նշանակում ընդամենը միջամտության բացակայություն, այլ կարող է պահանջել, որ պետությունը ձեռնարկի որոշակի դրական քայլեր այդ ուղղությամբ…(Տես Էյրին ընդդեմ Իռլանդիայի, Եվրոպական դատարանի 09.10.1979 թվականի վճիռը, կետեր 25-26):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է նաև այն դիրքորոշումը, որ պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը (Տես ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Երևան-5» ԼՏԸ-ի, երրորդ անձինք Արմեն Համբարձումյանի, Գրիգոր Հովակիմյանի, Ռաֆիկ Վիրաբյանի թիվ ԵՇԴ/0507/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 04.11.2009 թվականի որոշումը):
Եվրոպական դատարանը նշել է նաև, որ գանգատների համար ժամկետային սահմանափակումներ նախատեսող դատավարական նորմերն անկասկած համապատասխան են իրավական հստակության սկզբունքի հետ: Այնուամենայնիվ, դատավարական նման նորմերը կամ դրանց կիրառումը չպետք է լինեն այնպես, որ կանխարգելեն դատավարության մասնակիցներին օգտագործել իրենց ընձեռնված այդ հնարավորությունները (Տես Պերեզ դե Ռադա Կավանիլլեսն ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 45, ):
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցադիմումի ընդունումն անհրաժեշտ է Ընկերության նախկին տնօրեն Արմեն Վալյանի իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև սույն գործով այդ իրավունքների դատական պաշտպանության իրական արդյունավետ միջոցներն ապահովելու համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության 23.04.2009 թվականի թիվ 447-Ա որոշմամբ թույլատրվել է Ընկերության կողմից 01.04.2008 թվականի թիվ C2197 հայտարարագրով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 01.04.2012 թվականը, իսկ 14.01.2010 թվականի թիվ 20-Ա որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ կառավարության 23.04.2009 թվականի թիվ 447-Ա որոշման գործողությունները տարածվում են 15.01.2009 թվականի հունվարից հետո ծագած հարաբերությունների վրա: Մաքսատան պետի 03.03.2009 թվականի թիվ 13 որոշմամբ նշանակված տուգանքի գումարը բռնագանձելու պահանջի մասին Կոմիտեի հայցը բավարարվել է ՀՀ վարչական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի վճռով, իսկ նշված անբարենպաստ դատական ակտի մասին Ընկերության նախկին տնօրեն Արմեն Վալյանին հայտնի է դարձել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2010 թվականի որոշումից, որից հետո միայն նշված վարչական ակտը վիճարկելու պահանջով Արմեն Վալյանը դիմել է դատական պաշտպանության, այսինքն՝ Արմեն Վալյանի հայցադիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի է և ենթակա է վերականգման (Նմանատիպ դիրքորոշումը Տես Էլմիրա Զոհրաբյանն ընդդեմ Ռադիկ Վիրաբյանի և Հասմիկ Ավետիսյանի՝ առոչինչ և անվավեր գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2008 թվականի թիվ 3-719/ՎԴ/ որոշումը):
Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերոհիշյալ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական դատարանի 12.05.2010 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 23.04.2010 թվականի «բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու միջնորդությունը մերժելու, հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Վ. Ավանեսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|