Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.10.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի որոշում 

Վարչական գործ թիվ ՎԴ/2383/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ/2383/05/10

2010թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան

Դատավոր՝ Ա. Աբովյան

               Կ. Մաթևոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2010 թվականի հոկտեմբերի 20-ին,

քննարկելով Սիրանուշ Սաքունցի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 09.08.2010 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործով կայացված դատական ակտի էությունը

Սիրանուշ Սաքունցը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Հայկ Ղուկասյանի` վերջինիս 02.06.2010 թվականի կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումն անվավեր ճանաչելու և նրան ՀՀ վարչական դատարանի կողմից 23.03.2010 թվականին տրված կատարողական թերթերի պահանջները կատարել պարտավորեցնելու պահանջների մասին:

ՀՀ վարչական դատարանի 19.07.2010 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 09.08.2010 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 19.07.2010 թվականի որոշման դեմ Սիրանուշ Սաքունցի բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 19.07.2010 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Չհամաձայնելով Դատարանի 09.08.2010 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշման հետ` դատավոր Ա. Աբովյանը 09.08.2010 թվականին գրել է «Հատուկ կարծիք», որով գտել է, որ Սիրանուշ Սաքունցի բողոքը ենթակա է բավարարման, իսկ ՀՀ վարչական դատարանի 19.07.2010 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը` վերացման:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սիրանուշ Սաքունցը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը որոշմամբ պատճառաբանել է, որ ֆիզիկական անձինք ազատված են պետական տուրքի վճարումից հարկադիր կատարողի գործողությունները գանգատարկելու վերաբերյալ դիմումներով, այլ ոչ թե հարկադիր կատարողի գործողությունները (որոշումները) վիճարկելու հայցերով, որոնց տարբերությունները կայանում է նրանում, որ առաջին դեպքում դիմումը ներկայացվում է վերադաս մարմնին, իսկ մյուս դեպքում հայցադիմում է ներկայացվում դատարան: Դատարանը նշել է նաև, որ Սիրանուշ Սաքունցը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, որպիսի պարագայում վերջինս «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի հիմքով ազատված չէ պետական տուրքի վճարումից: Մինչդեռ Դատարանի նման եզրահանգումը չի բխում որևէ իրավական նորմից, քանի որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը հարկադիր կատարողի գործողությունները վերադասության կարգով բողոքարկելու հետ որևէ առնչություն չունի, այլ վերաբերում է դատարաններում պետական տուրքի գծով արտոնություններին, հետևաբար նշված հոդվածում «գանգատարկել» հասկացությունն ըստ էության նույնական է «վիճարկել» հասկացությանը:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Դատարանի 09.08.2010 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 19.07.2010 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` դատարանների վճիռների կատարումը շրջադարձելու դիմումներով, բաց թողնված ժամկետները վերականգնելու, ինչպես նաև հարկադիր կատարողների գործողությունները գանգատարկելու վերաբերյալ դիմումներով:

Սույն գործով ՀՀ վարչական դատարանը 19.07.2010 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ ներկայացված հայցադիմումին կցված չեն սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթերը և բացակայում է օրենքով նախատեսված պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն:

Դատարանը 09.08.2010 թվականի որոշմամբ Սիրանուշ Սաքունցի բողոքը մերժել է այն պատճառաբանությամբ, որ ֆիզիկական անձինք ազատված են պետական տուրքի վճարումից հարկադիր կատարողի գործողությունները գանգատարկելու վերաբերյալ դիմումներով, այլ ոչ թե հարկադիր կատարողի գործողությունները (որոշումները) վիճարկելու հայցերով, որոնց տարբերությունը կայանում է նրանում, որ առաջին դեպքում դիմումը ներկայացվում է վերադաս մարմնին, իսկ մյուս դեպքում հայցադիմում է ներկայացվում դատարան: Այնուհետև Դատարանը նշել է նաև, որ Սիրանուշ Սաքունցը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, որպիսի պարագայում վերջինս «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի հիմքով ազատված չէ պետական տուրքի վճարումից:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը սխալ է մեկնաբանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետը, որը մասնավորապես հարկադիր կատարողների գործողությունները դատարաններում գանգատարկելու վերաբերյալ դիմումներով ոչ առևտրային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար նախատեսում է արտոնություն` պետական տուրքի վճարումից ազատելու տեսքով: Նշված հոդվածը թվարկում է այն դեպքերը, երբ գործում է դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու արտոնությունը: Մասնավորապես, այդ հոդվածից բխում է, որ հարկադիր կատարողի գործողությունները, որոնք կարող են դրսևորվել և ակտիվ, այդ թվում նաև ուղղված վարչական ակտի ընդունմանը, և պասիվ եղանակով, ինչպես օրինակ անգործության դեպքում, կարող են գանգատարկվել, որը հենց նույնն է, թե վիճարկվել դատական կարգով` առանց պետական տուրք վճարելու պարտավորության:

 «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի վերոնշյալ մեկնաբանությունը բխում է նաև նույն օրենքի այլ հոդվածների համալիր վերլուծությունից: Մասնավորապես, նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն վերադասության, ինչպես նաև դատական կարգով գանգատարկել պետական տուրք գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները, 41-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքը գանձելիս համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել այն մարմին, որին անմիջականորեն ենթարկվում են այդ անձինք, կամ դատարան:

Վերոնշյալից հետևում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի իմաստով գանգատարկումը վերաբերում է ինչպես վերադասությանը, այնպես էլ դատական կարգին, իսկ 22-րդ հոդվածի «թ» կետը կարգավորում է դատական կարգով հարկադիր կատարողի գործողությունները գանգատարկելու դեպքում պետական տուրքի արտոնության հետ կապված հարաբերությունները:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Դատարանի այն պատճառաբանությունը, որ ֆիզիկական անձինք ազատված են պետական տուրքի վճարումից հարկադիր կատարողի գործողությունները գանգատարկելու վերաբերյալ դիմումներով, այլ ոչ թե հարկադիր կատարողի գործողությունները (որոշումները) վիճարկելու հայցերով, որոնց տարբերությունը կայանում է նրանում, որ առաջին դեպքում դիմումը ներկայացվում է վերադաս մարմնին, իսկ մյուս դեպքում հայցադիմում է ներկայացվում դատարան:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ՀՀ վարչական դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը պետք է լուծեր Կոնվենցիայով երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի լույսի ներքո:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին մասը յուրաքանչյուր անձի համար սահմանում է արդար դատաքննության իրավունք, որի բաղկացուցիչ մասն է հանդիսանում անձի դատական պաշտպանության իրավունքը, իսկ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել Դատարանի 09.08.2010 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 19.07.2010 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

 

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան