ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2019 թվականի N 123-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 861 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10 դեկտեմբերի 2001 թվականի N 861
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պետականաշինության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, առողջապահության, սպորտի և այլ բնագավառներում Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ծառայությունների գնահատման նպատակով՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևերը` շնորհակալագիր (N 1 ձև), հուշամեդալ (NN 2 և 3 ձևեր)՝ համաձայն N 1 հավելվածի, արժեքավոր նվեր, զենք և դրամական պարգև:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից պարգևատրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2001 թ. դեկտեմբերի 10-ի N 861 որոշման |
Ձև N 1
Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ Ա Գ Ի Ր
Ձև N 2
Հ ՈՒ Շ Ա Մ Ե Դ Ա Լ Ի Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
Ձև N 3
Հ ՈՒ Շ Ա Մ Ե Դ Ա Լ
Հուշամեդալը պատրաստվում է արույրի համաձուլվածքից, որակը՝ պրուֆ, տրամագիծը 38 մմ է, քաշը՝ 20 գրամ, ոսկեզօծ` 999.9 հարգի: Հուշամեդալը շրջանաձև է, կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի ռելիեֆային պատկերը, որի վերին մասում կիսաշրջանաձև տառերով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ», իսկ ներքևում՝ «ՎԱՐՉԱՊԵՏ» բառերը: Հուշամեդալը եզրագծված է ցորենի հասկ հիշեցնող նախշերով:
Հուշամեդալն ունի եռագույն ժապավեն, դարձերեսի կողմից համարակալվում է և ունի ամրացնելու հարմարանք:
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2001 թ. դեկտեմբերի 10-ի N 861 որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետը շնորհակալագրով, հուշամեդալով, արժեքավոր նվերով, ինչպես նաև դրամական պարգևով պարգևատրում է մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, գիտության, տնտեսության, առողջապահության, պետական և հասարակական-քաղաքական գործունեության, սպորտի և այլ բնագավառներում Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ծառայությունների, բարեգործական գործունեության, ինչպես նաև երկարամյա օրինակելի ու անբասիր աշխատանքի համար:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետը պարգևատրում է նաև զենքով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետին պարգևատրման միջնորդություն կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինները (նախարարություններին ենթակա մարմինները՝ համապատասխան նախարարության միջոցով) և Երևանի քաղաքապետը:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող է պարգևատրել անձնական նախաձեռնությամբ:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի պարգևատրմանը կարող են ներկայացվել, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ՝ օտարերկրյա քաղաքացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք, կազմակերպություններ ու կոլեկտիվներ:
6. Միջնորդության հետ միասին Հայաստանի Հանրապետության վարչապետին են ներկայացվում պարգևատրման ներկայացվող անձի կենսագրական տվյալները, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և բնութագիրը` դրանում ներառելով առանձին բնագավառներում մատուցած ծառայությունները և ունեցած վաստակը:
7. Հայաստանի Հանրապետության վարչապետի պարգևատրմանը ներկայացված անձանց վերաբերյալ միջնորդությունները քննարկելիս՝ համապատասխան մարմիններից կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ:
8. Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող է վերանայել պարգևատրման տեսակը կամ մերժել միջնորդությունը:
9. Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագիրը, հուշամեդալը, արժեքավոր նվերը, զենքը, դրամական պարգևը հանձնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ, նրա հանձնարարությամբ (կամ համաձայնությամբ), համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարը կամ այլ պաշտոնատար անձ:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|